garik eghiazaryan

Իսկ ի՞նչ է հարկավոր նպատակին հասնելու համար

Հարցազրույց մայրիկիս` Հասմիկ Շահինյանի հետ:

-Մամ, ինձ կպատմե՞ս քո դպրոցական տարիների մասին:

-Ի՞նչ ես ուզում իմանալ, Գարիկ ջան, շատ սովորական դպրոցական տարիներ էին, ոչ մի առանձնահատուկ բան չի եղել իմ դպրոցական կյանքում: Բացի այդ, զբաղված եմ, չե՞ս տեսնում, դասերդ սովորի:

-Մամ, գիտեմ, որ դպրոցում լավ ես սովորել, ասա, ինչո՞ւ որոշեցիր դառնալ ուսուցչուհի: 

-Որովհետև ծնվել եմ ուսուցչի ընտանիքում, և փոքր ժամանակ շատ էինք ուսուցիչ-աշակերտ խաղում: Երբ բանասեր պապիկս տուն էր բերում իր աշակերտների տետրերն ու ստուգում, այդ աշխատանքը ինձ շատ էր գրավում: Պապիկիցս գաղտնի ստուգում էի, հետո կապույտ թանաքով ուղղումներ էի անում` ինչքան որ կարողանում էի: Երևի քիչ-քիչ ինձ նախապատրաստում էի այդ կոչմանը, երբ դեռ դրա լրջությունը չէի էլ պատկերացնում:

-Իսկ հիմա սիրո՞ւմ ես քո աշխատանքը, չե՞ս փոշմանել, որ ընտրել ես այդ մասնագիտությունը: 

-Շատ եմ սիրում թե իմ աշխատանքը, թե իմ սաներին: Չեմ պատկերացնում, թե ուրիշ ինչով կարող էի զբաղվել:

-Բա ինչո՞ւ ես երբեմն շատ հոգնած ու ջղային, նույնիսկ հետդ խոսել չի լինում:

-Որովհետև չեմ կարող անտարբեր լինել: Կարևորը, երբ դասարան եմ մտնում, արդեն հանգիստ ու հավասարակշռված եմ, աշխատում եմ չջղայնանալ:

-Բայց ի՞նչն է քեզ հունից հանում:

-Շատ բան: Օրինակ այն, որ չեմ կարողանում այդ չնչին աշխատավարձով արժանապատիվ կերպով պահել ձեզ` քեզ ու զինվոր որդուս:

-Բայց դու ու պապան ինձ ու իմ եղբորը շատ արժանապատիվ եք պահում: Համ էլ, մի անհանգստացիր, ես ու եղբայրս լավ աշխատանք կունենանք ու լավ կապրենք, արդեն մեծացել ենք, չէ՞:

-Իմ ուզածն էլ դա է, որ դու ու այս սերնդի երեխաները ապրեք գոհ ու երջանիկ, իսկապես ազատ ու հզոր երկրում, ծառայեք հայրենիքին ու երբեք չմտածեք օտար երկրում մի կտոր հաց վաստակելու մասին:

-Լավ, մամ ջան, ոնց ասես: Իսկ ուրիշ ի՞նչ ցանկություն ես ունեցել:

-Երբ փոքր էի, ամեն օր երազում էի պարաշյուտով թռնելու մասին: Այնքան շատ էի ուզում, որ ինձ պատկերացնում էի օդում սավառնելիս:

-Շատ հետաքրքիր ցանկություն ես ունեցել, ափսոս չես փորձել: 

-Հենց սեփական ինքնաթիռ ունեցար, անպայման կփորձեմ:

-Կունենամ, մի անհանգստացիր: Իսկ ինչ-որ բանի հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

-Դասերը կարգին սովորել: Գարիկ, դասերդ սովորե՞լ ես:

-Բարի գիշեր, մամ:

-Բարի գիշեր, ծույլիկս:

hasmik

Երբ ասում են` Ստալինի ժամանակ

Հարցազրույց տատիկիս հետ նրա հոր` քաղբանտարկյալ Սերգեյ Իսպիրյանի մասին

(Տատիկիս հայրը` Սերգեյ Իսպիրյանը, եղել է քաղբանտարկյալ: Այդ մասին տատիկս մի անգամ պատմեց, և ինձ շատ հետաքրքրեց, ուստի ես ցանկացա մանրամասն տեղեկանալ այդ մասին)

-Տա’տ, մի քիչ կպատմե՞ս հայրիկիդ մասին:

-Հայրս իր ընտանիքին նվիրված, պարզ, անկեղծ, շիտակ, մարդ էր: Աշխատասեր էր, ամեն ինչ անում էր, որ լավ պահի իր ընտանիքը, բանվոր էր:

-Իսկ ի՞նչը եղավ նրա բանտարկության պատճառը: 

-Դե նա այդ ժամանակ շատ երիտասարդ էր, ընդամենը 18 տարեկան, նոր էր ամուսնացել, միամիտ էր և շատ անկեղծ: Մի անգամ ընկերների հետ գնացել էր հանդ` աշխատելու: Նա պատմեց, որ հանգստանալու ժամանակ զրույցի են բռնվել, խոսել կառավարությունից, ստալինյան կարգերից: Հայրս էլ հարցրել է, թե դա ճի՞շտ է, որ ասում են, թե` Ստալինը կաղ է: Եվ այդ ընկերներից եկուսը հաջորդ օրը, դավաճանելով նրան, բողոք են ներկայացնում կառավարություն, թե հայրս ձեռ է առել Ստալինին: Դե, այդ ժամանակ ստալինյան կարգերը շատ խիստ էին: Եվ այդպես, նրան դատապարտում են 10 տարի ազատազրկման:

-Իսկ ովքե՞ր էին այդ ընկեր-դավաճանները:

-Այդ երկուսը մեր համագյուղացիներն էին: Նրանցից մեկն անգամ դատի օրը կանգնեց և հաստատեց այդ փաստը` կործանելով հորս կյանքը:

-Իսկ ի՞նչ էր պատմում բանտարկության տարիներից:

-Նա 5 տարի եղել է խիստ ռեժիմի տակ, իսկ 5 տարին, որպես ազատ կալանավոր: Պատմում էր նաև, որ իր հետ մեկտեղ կալանավորված են եղել բանաստեղծներ, գրողներ` Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը: Նա ականատես է եղել նաև Չարենցի տանջանքներին: Նրան այնքան են տանջել, ծեծել, որ չդիմանալով այդ ամենին, ինքնասպան է եղել:

-Տա’տ, սկզբում ասացիր, որ բանտարկվելուց առաջ էր ամուսնացել: Կինը սպասե՞լ է իրեն:

-Հորս բանտարկվելուց հետո մայրս 5 տարի ոչ մի լուր չի ստացել նրա մասին: Բայց այդ ամենը նրան չի խանգարել, որ նա համբերատար սպասի իր ամուսնուն: 5 տարի հետո, երբ հորս խիստ ռեժիմից ազատել են, նա կարողացել է նամակի միջոցով իր եղբորը լուր ուղարկել: Այդ նամակով ցանկացել էր իմանալ, թե ինչպես են իր ծնողները, կինը սպասե՞լ է իրեն, թե՞ ոչ: Նամակի պատասխանը հա՛մ դաժան է լինում, հա՛մ ուրախալի: Դաժանն այն է լինում, որ իմանում է ծնողների մահվան մասին, իսկ ուրախալին այն էր, որ կինն այդքան տարի սպասել է իրեն և կշարունակի սպասել այնքան, մինչև նա վերադառնա: Թեև ծնողների մահվան լուրը շատ է ընկճում նրան, բայց կնոջ այդ քայլը նրա մեջ նոր ուժ է ծնում, որ դիմանա այդ ամենին և վերադառնա ընտանիքի մոտ: Եվ այդպես, նրան 1946 թվականին ազատ են արձակում, և նա վերադառնում է տուն:

-Տա’տ, ասացիր, որ 1946 թվականին ազատ են արձակել, այսինքն, Հայրենական պատերազմի տարիներին բանտարկված է եղել, բա նրան չե՞ն տարել պատերազմ:

-Ո՛չ, քաղբանտարկյալներ էին, ընդհակառակը, նրանց համարում էին ազգի դավաճաններ և խիստ ռեժիմի տակ էին պահում:

-Իսկ ազատվելուց հետո նա ցանկացե՞լ է իր դավաճան ընկերների հանդեպ վրեժխնդիր լինել:

-Դե, երբ նա վերադարձավ, այդ մարդիկ արդեն մահացել էին, իսկ նրանց ընտանիքների հանդեպ չչարացավ:

Ես, այս պատմության մասին իմանալով, հասկացա, թե ինչ դաժան է իրականում ստալինյան ժամանակաշրջանը եղել: Հենց անձամբ իմ ընտանիքը դրա զոհերից մեկն է: Բայց նաև մի կարևոր դաս նույնպես քաղեցի. ընտանիքը կարող է որոշիչ դեր ունենալ մարդու կյանքում, ինչպես այս դեպքում: Իմ տատիկի հորը ապրելու և պայքարելու ուժ է հաղորդել իր ընտանիքը, հավատարիմ կինը: 

«Տալաշ»-ի եղանակն սկսեց

lilit harutyunyan lchshenԱյսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշեցրեց…

Առաջին ձյո՞ւնը, աշնան կեսի՞ն… Արտերկրի ընկերներս լսելով սա, զարմանում էին, իսկ ես զարմանում էի, թե ինչու են նրանք զարմանում: Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում և վաղ ձյունը ինձ այդքան էլ չի զարմացնում:

Արդեն շատ տների ծխնելույզներից դուրս եկող ծուխ է նշմարվում գյուղի վրա: Հեռվից նայողին թվում է, թե գյուղի վրա մշուշ է իջել, բայց դա վառարանների ծուխն է: Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հուսով եմ  ամբողջ ձմեռը նույնպես այս օրվա պես ձյունառատ ու սպիտակ կլինի:

Եթե դու ձմռան սիրահար ես ապա մեր գյուղը հաստատ քո տեղն է արի կսպասեմ… Շուտով պետք է այցելեմ գյուղի ամենագեղեցիկ վայրերը, ուր բնությունը շա՜տ գեղեցիկ է: Խոստանում եմ, որ կլուսանկարեմ և ցույց կտամ, թե ինչ հրաշալի եղանակ է ձմեռը:

Հ.Գ. Հա՜ ու ամենակարևորը մոռացա: Վառարանի վրայի կարտոֆիլը ո՞նց կարելի էր մոռանալ ու չխաբեք, որ վառարանի վրա ծորոված կարտոֆիլ չեք սիրում: Ձմռանը սպասում եմ նաև նրա համար, որ վերջապես կկարողանաք համտեսել վառարանի վրայի կարտոֆիլը:

Լիլիթ Հարությունյան

***

rita minasyanԱշունն ու ձմեռը մեր` Գեղարքունիքի մարզում, տարվա այն եղանակներից են, երբ բոլոր տներում վառարանի շուրջ հավաքվում են երեխաներն ու մեծահասակները,սկսում հիշել հին ու հետաքրքիր պատմություններ և պատմում: Կար ժամանակ, երբ տներում վառարանների վրա կարողանում էին կարտոֆիլ  տապակել (մենք դրան «տալաշ» ենք ասում): Հիմա արդեն ժամանակները փոխվել են, էլ էն վառարանները չեն, որոնք հնարավորություն են տալիս կարտոֆիլ տապակելու: Չնայած կան տներ, որոնք ունեն էդպիսի վառարաններ, ու կարողանում են ընտանիքով գոնե մեկ-մեկ հավաքվել իրար գլուխ:

Հիշում եմ. ցուրտ, անձրևոտ աշնանային օրերին տատիկս հաճախ էր տալաշ անում, անելուց հետո յուղով սարքում էր ու մեծ հաճույքով էինք ուտում:
Մեզ մոտ արդեն ձմեռ է, ու տալաշի սիրահարները թող գան մեր գյուղ` Ծաղկունք:

Ռիտա Մինասյան

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Հայաստանի գյուղերը. Սեմյոնովկա, Գեղարքունիքի մարզ

 

nare hageyan

Կինոսիրողը

Ես Նարե Հագեյանն եմ: Ապրում եմ Մարտունի քաղաքում: Սիրում եմ ֆիլմեր դիտել: Ընկերական շրջապատում ֆիլմեր դիտելու համար շատ հաճախ ինձ ծաղրում են, սակայն ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Շատ ֆիլմեր չեմ տեսել, բայց անգիր գիտեմ այն ֆիլմերի բովանդակությունները, որոնք դիտել եմ: Տանել չեմ կարողանում մարտաֆիլմեր: Սիրում եմ անիմացիոն և փաստավավերագրական ֆիլմեր: Փաստավավերագրական ֆիլմերի շարքը լրացնում է իմ սիրելի «Անցյալի գաղտնիքներ» ֆիլմը: Այն պատմում է մարդկանց անցյալի մասին: Ինձ համար հետաքրքիրն այն է, որ այդ ֆիլմում ներկայացված է ցածր բանականություն ունեցող մարդկանց կյանքը: 

Մայրիկս չի ուզում, որ ես նման ֆիլմեր դիտեմ, որովհետև նա սիրում է անիմացիոն ֆիլմեր: Իմ սիրելի անիմացիոն ֆիլմերը թվարկելն անհնար է, դրանք շատ-շատ են: Տարվա մեջ մի քանի անգամ մեր տանը ֆիլմի փառատոն ենք անցկացնում, որտեղ հաղթող է ճանաչվում ամենահետաքրքիր ֆիլմի սցենար պատմող մասնակցիը:

Ես ինքս միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարահանել: Այդ ֆիլմը պետք է լինի ընկերության մասին, որովհետև դա ինձ համար ամենակարևոր բանն է: Ես միշտ ցանկացել եմ լինել ֆիլմի սցենարիստ: Ճիշտն ասած, ես աշխատասեր չեմ: Ծնողներս ինձ միշտ նախատում են անհետաքրքրասեր և պասիվ լինելու համար, որովհետև չեմ սիրում խմբակներ հաճախել. ո՛չ պարի, ո՛չ երգի, ո՛չ նկարչության: Կենտրոնացած եմ միայն դասերիս և դպրոցի վրա:

Վարպետ Վահագնը

Հարցազրույց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի կահույքագործ` Վահագն Բիկանցյանի հետ:

-Ի՞նչպես դարձաք կահույքագործ:

-Մեր հարևանը նույնպես կահույքագործ էր: Ես մի անգամ տեսա, թե նա ինչպես էր աշխատում և սիրեցի այդ արհեստը: Եկա տուն, տան անդամներին ասացի, որ ցանկանում եմ դառնալ կահույքագործ, բայց նրանք ասացին, որ դա վտանգավոր է, և ինձ չթողեցին սովորել այդ արհեստը: Բայց ես չընկճվեցի և դասերից փախչելով գնում և սովորում էի կահույքագործություն: Վեց ամիս անց, երբ վնասեցի բութ մատս, այդ ժամանակ տանեցիներն իմացան, որ ես նրանց կամքին հակառակ, սովորում եմ կահույքագործություն:Paytagorc2

-Շա՞տ բարկացան, երբ իմացան, որ թաքուն սովորել եք այդքան ժամանակ:

-Մայրս նորից դեմ էր, իսկ հայրս ասաց, որ եթե մի բան շատ ես սիրում, ուրեմն պետք է զբաղվես այդ գործով: Նամանավանդ, երբ այսքան նվիրված ես կահույքագործությանը:

-Իսկ քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք այս գործով:

-Արդեն 22 տարի է` զբաղվում եմ այս արհեստով:

-Եղե՞լ է մի պահ, որ հոգնեք ձեր գործից:

-Ես միշտ հաճույքով և սիրով եմ աշխատել: Սիրում եմ բոլոր գործերս, որոնք պատրաստել եմ: Բայց մի գաղտնիք ասեմ. մի փոքր ալարում եմ երեխայի օրորոց պատրաստել, որովհետև շատ մանրակրկիտ ու խնամքով աշխատանք է պահանջում:

-Հիմնականում ի՞նչ իրեր եք պատրաստում:

-Պատրաստում եմ սեղաններ, խոհանոցի կահույք, պահարաններ, մահճակալներ, բազմոցներ, բազկաթոռներ, դռներ, լուսամուտներ… Կարճ ասած, բացի աթոռներից պատրաստում եմ փայտի հետ կապված համարյա ամեն ինչ:paytagorc3

-Իսկ ինչո՞ւ աթոռներ չեք պատրաստում:

-Չգիտեմ առանց պատճառի, ուղղակի չեմ սիրում պատրաստել աթոռներ:

-Ներեցեք, որ հարցնում ենք, բայց դուք անվասայլակով եք: Շատերը այդ վիճակում նույնիսկ չեն փորձում տեղաշարժվել, իսկ դուք նույնիսկ կահույք եք պատրաստում: Դժվար չէ՞ ձեզ համար զբաղվել այսքան բարդ արհեստով:

-Արդեն սովորել եմ և, անկեղծ ասած, ուզեմ թե չուզեմ, պետք է համակերպվեմ: Դրա համար էլ ինքս հարմարանքներ եմ պատրաստել, որ կարողանամ աշխատել: Դե արդեն ասացի, որ շատ էի սիրում այս աշխատանքը, և երբ մի բան սիրում ես, դժվարությունները վերանում են: Միշտ չէ, որ այսպես է եղել: Ես քայլելու ունակությունը կորցրել եմ բանակում:

Երկաթյա ձողով հարվածել են իմ ողնաշարին, և ոտքերիս մկանային համակարգը թուլացել է, ու ես դրանից հետո չեմ կարողացել քայլել:

-Իսկ ե՞րբ և որտե՞ղ եք ծառայել: 

-Ծառայել եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում` Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս… 1993-1995 թվականներն էին: Այդ ժամանակ պատերազմային իրավիճակ էր Հայաստանում: Մարտական գործողություններին եմ մասնակցել, ազատամարտիկ եմ:Paytagorc1

-Ինչպիսի՞ն էր կյանքը կռվի դաշտում:

-Կյանքը դժվար էր, բայց մենք երիտասարդ էինք, ազատ ժամանակ ընկերներով երգում էինք, շատ զրուցում համարյա ամեն ինչից: Բայց կռիվ էր… Դաժան էր: Առավոտյան նստած նախաճաշում ես մեկի հետ, իսկ երեկոյան այդ մարդը չկա: Թշնամու կրակոցից զոհվել է… Չեմ ցանկանա, որ դուք նման դաժան բան տեսնեք:

Այս հարցերից վարպետ Վահագնը շատ հուզվեց: Մենք էլ մեզ վատ զգացինք, որ մեր հարցերով վատ հիշողություններ արթնացրեցինք, ուստի թեման նորից փոխեցինք: Փայտագործություն. Ահա Վարպետ Վահագնի սիրած թեման: Նա ցույց էր տալիս մեր իր պատրաստած իրերը, սարքավորումները, գործիքները… Շատ ոգևորված էր, որ մեզ հետաքրքրում է իր աշխատանքները: Մենք նաև շատ լուսանկարեցինք: Իսկ զրույցի վերջում ասացինք.

-Դուք լավ կահույքագործ եք:

-Դա պետք է իմ հաճախորդները և այլ մարդիկ ասեն, ես այնքան էլ պարծենկոտ չեմ: Բայց արհեստավորը արդեն լավն է համարվում, երբ ուրիշները ուզում են իրենից սովորեն: Իրեն վարպետ են ասում: Ես հիմա երկու աշակերտ ունեմ, երկու հրաշալի տղաներ, որոնց ցանկանում եմ փոխանցել իմ հմտությունները:

-Իսկ բացի աշխատանքը, մասնակցո՞ւմ եք գյուղի կյանքին:

-Հարսանիքներին չեմ սիրում մասնակցել, ընտրություններին պարտադիր մասնակցում եմ, իսկ գյուղում, երբ մարդ է մահանում, անպայման գնում եմ և իմ ցավակցությունն եմ հայտնում:

-Իսկ վերջում, ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում:

-Ամեն ինչ կանեի, որպեսզի նորից քայլեի:

Լուսանկարները` Հակոբ Մելքոնյանի և Ռաֆայել Նաջարյանի

Bella Araqelyan

Մեր ժողովրդի ոգին

Հարցազրույց հորս` Արցախյան հերոսամարտի մասնակից Անդրանիկ Առաքելյանի հետ

-Գիտեմ, որ ծառայել ես բանակում, ո՞ր թվականին ես ծառայել և որտե՞ղ:

-1982-1984 թվերին ծառայել եմ Սովետական բանակում`Սվերդլովսկում: Հայաստանը այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էր: Խաղաղ իրավիճակ էր: Շինարարական գումարտակում էի: Չնայած պատերազմական իրավիճակ չէր երկրում, սակայն մենք զգոն էինք և ամրապնդում էինք դիրքերը:

-Ի՞նչ ռազմական գործողությունների ես մասնակցել:

-1990 թվին ընդունվել եմ ՆԳ բաժին: 1991թվականին սկսվեց Արցախյան հերոսամարտը: ՆԳ բաժնի աշխատակիցներից կազմված ջոկատով մասնակցել ենք մի քանի պաշտպանողական մարտերի:

-Այդ ժամանակաշրջանից ի՞նչն է ավելի շատ տպավորվել:

-Նախ, հայ ժողովրդի հայրենասիրական ոգին: Այդ ժամանակ չկար կանոնավոր բանակ, բայց առանձին կազմավորված ջոկատներով այնպիսի սխրանքներ էին գործում, որ կանոնավոր կազմակերպված բանակը չէր կարող, եթե չունենար հայրենասիրական ոգի: Պատերազմի ժամանակ ընկերներիցս շատերը վիրավորվեցին, ուղեղի ցնցում ստացավ շատ մոտ ընկերս`Հովիկը, ինչը տարիներ հետո պատճառ դարձավ նրա վաղաժամ մահվան:

-Դու ասում ես, որ այն ժամանակ չկար կանոնավոր բանակ, իսկ ի՞նչ կամավորական ջոկատներ կային:

-Շատ կամավորական ջոկատներ կային: Դրանցից մեկը մեր տարածաշրջանից էր` Գեղարքունիքի մարզից, Լյովա Գևորգյանի ջոկատն էր, որը պատերազմական գործողությունների ժամանակ շատ զոհեր ու վիրավորներ ունեցավ:

-Ունե՞ս շքանշան: Ի՞նչ նշանակություն ունի շքանշանը քեզ համար:

-Ստացել եմ «Արցախյան մայրերի երախտագիտություն» շքանշան: Դա մեծ պատիվ է ինձ համար, որ ես իմ գործով արժանացել եմ Արցախյան մայրերի երախտագիտությանը:

-Ինչպիսի՞ իրավիճակ ես ակնկալում, երկրի իրավիճակը կգնա՞ դեպի լավը, թե՞ վատը:

-Արցախի խնդիրը միշտ վիճելի է եղել ու կմնա այդպիսին: Բայց հայ ժողովրդի անձնվեր զավակները իրենց արյան գնով են ազատագրել Արցախ աշխարհը: Ինչ էլ որ լինի, Արցախը պետք է մնա ազատ և անկախ:

suren ghazaryan

Հայրիկիս անցած ուղին

Որոշեցի  հարցազրույց վերցնել իմ հայրիկից, քանի որ նա իր կյանքում շատ դժվարություններ է տեսել  և անցել է բազում փորձությունների միջով:

Հայրս՝ Արտյոմ Ղազարյանը,  անկախ Հայաստանի նոր կազմավորված բանակի առաջին զինվորներից մեկն  է եղել և մասնակցել է Արցախյան պատերազմին:

-Պա՛պ, դու ե՞րբ ես  անցել ծառայության:

-1993-1994 թվականներին էին, երբ ես գնացի բանակ: 18 տարեկան ջահել տղա էի, դեռ շատ բան չէի հասկանում և,  երբ առաջին  անգամ ձեռքս զենք վերցրի` զգացի, որ հայրենիքիս ազատ ու անկախ լինելը ինձ ու ինձպեսների ձեռքերում է:

-Իսկ դու որտե՞ղ էիր ծառայում  և ի՞նչ  մարտերի ես մասնակցել:

-Մեր դիրքերը Քարվաճառում էին, մենք  անառիկ էինք պահում Քարվաճառի օդային դիրքերը: Թեժ մարտեր էին. այդ ժամանակ էր, որ մեր ընկերներից  40  հոգի բարձրացան Օմար լեռն ու չվերադարձան: Դաժան ու ահավոր օրեր էին, այնքան սպանված դիեր էինք տեսել, որ ահագին ժամանակ ուշքի չէինք գալիս: Դժվար էր մարդ  էակի վրա կրակելը, բայց երբ տեսնում ես` ինչպես են սպանում հարազատ դարձած ընկերոջդ, ինչպես են վայրենիները կոխորտում քո համար սուրբ հողը, և ինչ անհագուրդ ու վայրի ցանկությամբ են ուզում գրավել հողդ ու հայրենիքդ,  անկախ քեզանից  ԶԻՆՎՈՐ ես դառնում:

-Իսկ դու կարո՞ղ ես ինչ -որ  դեպք պատմել,  որը  ամենից  շատ է տպավորվել հիշողությանդ մեջ :

-1994 թվականի փետրվարի 24-ն  էր: Ցուրտ ճքճքան ձմեռվա օրերից մեկն էր, էնքան ցուրտ էր, որ շնչելիս քթերիս մեջ սառում էր:  Ու հանկարծ  շատ մոտիկից կրակոցի ձայներ լսեցինք  (չնայած այնքան էինք լսել, որ մեզ համար արդեն անսպասելի չէր): Ինչպես միշտ, վազեցինք դուրս, ու պարզվեց, որ մեզ  հետ ծառայող սևանցի մեր ընկերներից մեկը Սու-25 ինքնաթիռ էր խփել: Այդ օրը մեզ համար իսկական  տոն էր:

-Իսկ, ինչպե՞ս  վերջացավ  ծառայությունդ:

-1994 թվականի մայիսին, զինադադարից հետո: Մենք անցանք  «ծառայության հաջորդ փուլին»: Մենք սկսեցինք նորոգել զորանոցներն ու զորամասերը, ամրացնել դիրքերը: 1994 թվականի հոկտեմբերին մեզ փոխարինելու եկան Սեյրան Սարոյանի զորքերը:

Զորացրվել եմ 1994 թ. Նոյեմբերին`ծառայելով 1 տարի 6 ամիս:

Պարգևատրվել եմ «Մարտական գործողությունների մասնակից» շքանշանով:

-Այնուհետև  ինչո՞վ  ես զբաղվել:

-1997 թվականից անցել եմ ծառայության Մարտունու ՀՕՊ զորամասում, այնտեղ աշխատել եմ մինչև 2005 թվականը՝  ստանալով բազում պատվոգրեր: Դրանից հետո մինչ այժմ զբաղվում եմ մեղվաբուծությամբ:

Diana Karapetyan

Պապի, բո~…

-Պա~պ, պապի~…

-էն ում աղջիկնա~… Էս քեզ էլի Քյավառի ձկներն ու ռակնե՞րն են բերել…

-Չէ, պապ մաման ա բերել:

-Խի՞, պապադ էլի էդ ռակներին ու ձկներին բռնե՞լ ա…

-Չէ, էդ ձկները սատկել են, էն ռակներն էլ խեղդվել են:

…Այսօրվա պես հիշում եմ այս խոսակցությունը, կարծես թե երեկ լիներ, թեկուզ արդեն 15 տարի է անցել: Հիշում եմ, ոնց էր պապիկս ծիծաղում ու ինձ գիրկը առած համոզում էր, որ ձկները ու խեցգետինները չեն կարող խեղդվել:  Բայց ես, մեկ է, իմն էի պնդում, որ խեղդվել են, ու վերջ: Սիրում էի պապիկին օգնել ու իր հետ խաղալ: Սիրում էի պապիկին վախեցնելով արթնացնել,  իսկ պապիկս միշտ ժպիտով էր արթնանում, ամուր գրկում ու համբուրում էր ինձ: Երբեմն էլ ձևացնում էր, թե քնած է, ինչ է` ես իրեն արթնացնեմ, բայց դե ես արդեն գիտեի, թե պապիկը ինչի համար է ձևացնում:

-Պապի, բո…

-Ի~, պապի, արթնացի…

-Պապի, էլի եկել եմ …

-Պապիկ, էլի ձև ես անո՞ւմ:

-Գիտեմ, որ ձևացնում ես, արդնացի…

-Պապ, էլ չե՞ս խաղում ինձ հետ:

-Աշո պապիկ, արթնացի, դե~…

-Մամ, էս պապին ինձ հետ չի ուզում խաղալ, չլինի՞ էլ չի վախենում:

…Բայց այդ օրը ես այդպես էլ չկարողացա պապիկին արթնացնել: Երևի նա նեղացել էր ինձանից, կամ էլ երևի էլ չէր վախենում:

Հ.Գ   Կարոտել եմ…

Taron Aramyan

Եվ բարդ, և պարզ

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, մեծ ընտանիքում ՝ հորս, մորս, տատիկիս, պապիկիս և քույրերիս հետ: Քանի որ երեխաներից ամենամեծը ես եմ, քույրերիս` հատկապես փոքր քրոջս չարաճճիությունների համար պատասխան տալ միշտ ես եմ ստիպված լինում: Դա այդքան էլ հեշտ չէ:

Չնայած նրան, որ ես 16 տարեկան եմ, օրվա գրաֆիկս շատ խիտ է: Առավոտյան դպրոց, դասեր, կյանքի պատանեկան, ուրախ, բայց, միաժամանակ, ծանր և հետաքրքիր շրջան: Դասերից հետո լինում եմ մասնավոր ուսումնական հաստատությունում, որը չունի անուն, այնտեղ խորացված կերպով ուսումնասիրում եմ ֆիզիկա: Այսպես գրեթե ամեն օր: Տանը լինում եմ հիմնականում երեկոյան և հանգստյան օրերին: Հաճախակի փոքր խմբերով կազմակերպում ենք արշավներ, որտեղ մեզ հետ կատարվում են կյանքի ամենահետաքրքիր դեպքերը:

Ազատ ժամանակ, որը երբեմն կարողանում եմ ստեղծել ինձ համար, զբաղվում եմ հետաքրքիր մի զբաղմունքով, որը երևի չունի որևէ անուն: Լուցկու հատիկներով, առանց որևէ նյութերի, սոսնձի կամ հավելյալ առարկաների օգնության պատրաստում եմ տնակներ, ամրոցներ և եկեղեցիներ: Այդ զբաղմունքը հանգստացնում է իմ նյարդերը: TaronAramyantnak01Շրջապատից շատ եմ լսել, որ իմ բնավորությունը բարդ է: Տնակներ պատրաստելն էլ իմ բնավորության պես բարդ է: Եղել են դեպքեր, որ իմ այդ բնավորության պատճառով կամ շնորհիվ, ստացել եմ տարօրինակ կամ զավեշտալի մականուններ, որոնցից ես չեմ նեղվում և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ես այդ մարդկանց հետ մտածում եմ, թե ինչ նոր անուն կարելի է գտնել:

Մի խոսքով ես, միաժամանակ, և՛ բարդ եմ, և՛ պարզ, մի քիչ միամիտ և կարծում եմ, որ ինձ ճանաչելը այդքան էլ դժվար չէ: