Դու գնում ես, հոգի՜ս…

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում։

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ`

Ուրիշ մեկի տեսության համար։

Դու գնում ես, հոգի՜ս,

Ու ես` շարքային բառասպանս, սովորականի պես «մենք»-ը բաժանում եմ երկուսի,

Որովհետև արդար չէ,

Որովհետև հրաժեշտից առաջ ու հրաժեշտից հետո բառը կիսատվում է,

Իսկ մարդն ավելի շատ…

Դու գնում ես, հոգի՛ս, ու այս անտանելի դատարկությունը մոմի պես հալվում է մտքերիս,

Ու ծավալուն վերջաբանները նախաբաններից շուտ են գրվում։

Շուտ է անցնում հրաժեշտն ու կիրակի է դառնում։

Ես քայլում եմ խցկված քաղաքում

Անթաղելի Չհրաժեշտի համար գերեզման փնտրելով։

Հրմշտոց է։

Ինչ-որ մեկն ամբոխից դուրս է գալիս առանց հրաժեշտի։

Ու ես` շարքային բառասպանս, գրում եմ.

«Դու գնում ես, հոգի՜ս,

Ու հրաժեշտդ բնավ անհրաժեշտություն չի դառնում,

Բառերդ մինչ նոր տեսություն մաղթող կուլ են գնում կոկորդումդ

Ուրիշ մեկի տեսության համար»

#բառսափիդմեջ

Satenik Artenyan

Աստված ասաց

Աստված ասաց.

-Հորինեք նրանց, ում պիտի սիրեք…

 

Հորինեցի քեզ,

Աչքերիդ հայացքը սևեռուն,

Մտքերիս խավար խորանում

Անփորձ, անմյուռոն մատներով

Մկրտեցի քեզ։

 

Ես անփորձ նկարիչ էի, այս չափազանց փորձված աշխարհում,

Որտեղ օդում կախված հայացքներ են լողում,

Կեռակախ ափերով բարեհամբույրները որսում են դրանք։

Աստված ասաց. քո բաժինը ջուրը գցիր, մի օր ետ կգա։

Ես եսասեր չէի բնավ,

Դու լողալ չգիտեիր։

 

Ու հորինեցի քեզ,

Դիմագծերիդ կարմիրը կարոտե,

Ձեռքերիս անբույր թանաքից,

Կերտեցի մունջ հոգիդ լուսե։

 

Ես հորինեցի քեզ իմ նմանությամբ, բայց ինձանից այնքան տարբեր,

Ու ասացի քեզ «հոգեմոտս», չիմանալով, որ հոգիդ հեռու է գուցե։

Ես հորինեցի քեզ ու սպասեցի, որ կչորանաս թաց մտքերիցս։

 

Եվ Աստված ասաց.

-Եղիցի լույս կավե ժամանակներին։

Մարդահորինման ավետարանում անփորձ մատներս կեսկավ, կեսթանաք գրեցին.

Հորինեք նրանց, ում կորցնելուց հետո կկորցնեք նաև ձեզ,

 

Եղիցի լույս, այն ամենը, որ կհորինեք կկործանի նաև ձեզ։

Mariam Harutyunyan new

ՉՍԵՐ

Երբ շոշափելի իրականությունը մխրճվում է բանականության պատերից ներս, սկսում ես ինչ-որ անիմաստ տառերի կույտով հանդերձավորել զգացածդ։ Դու կանգնած ես քո՝ երբևէ չբարձրաձայնած խոսքերի առջև այնպես, ինչպես մեղադրյալը կկանգներ սեփական դատավճիռը լսելու։

«Չհանդուրժե՛ս, չպայքարե՛ս, չխոսե՛ս….»

Ու դատարկվեց, հետո նորից լցվեց ու ծանրությունից պայթեց. ցավոտ էր, բայց ոչ անտանելի, անտանելին հավատալն ու գիտակցելն էր։

Գորշագույնը դարձավ երանգոտ այն ժամանակ, երբ սերը հորինվեց։ Դա մեկն էր այն հորինված արժեքներից, որ ծնվում ու մեռնում են միաժամանակ։

Լռությունը աղմկում էր, նա լսելի չէր, նրան միայն ես էի լսում։ Խամաճիկները դուրս եկան պայքարի, նրանք տեր ունեին, բայց անտեր էին, խոսում էին, բայց լեզու չունեին, հեկեկում էին, բայց հոգի չունեին, սիրում էին, բայց…. Չկար։

Երանգոտը նորից դարձավ գորշագույն, երբ չսերը խոսեց։ Քեզ հարազատ այն խաչմերուկը հիմա ուրվատեսիլներով է լցված, նրանք սնվում են քո վախերով ու հիասթափություններով. նրանք շատ են… Շա՜տ-շատ։ Հոգի չունեն, սիրտ չունեն, դատարկ են, բայց խամաճիկների պես դժբախտ չեն։ Խամաճիկները փորձեցին սիրել, բայց չսերը խոսեց։ Ու կյանքի ներկապնակից հեռացավ կապույտը, հետո՝ դեղինը, հետո՝ կարմիրը… Մնաց միայն գորշագույնը, որ չսերը երգի։ Քո սիրելի մեղեդու նոտաները հիմա գորշ ակորդներ են, որ դու կլսես, երբ պոկվեն մաշված կիթառիդ վերջին լարերը։

Գնացքի վերջին ուղևորը միշտ ամենատխուրն է լինում։ Նա անհանգիստ է, մռայլ է, որովհետև ուշանում է։ Գնացքը մեծ թափով առաջ է սլանում՝ հետևում թողնելով հսկա տարածության մառախլապատ տեսարանը։ Մառախուղի միջից երկու ձեռքեր գրկում են գնացքը՝ փորձելով պատուհանից ներս սողոսկել։ Դու նրանց չնայե՛ս. քո հետևից են եկել։ Կիսախավար, կիսակեղտոտ միջանցքում լսում ես քո շնչառության ձայնը, որը խառնվելով հեռվում լսվող  ոտնաձայներին, ստիպում է քեզ ափերովդ պինդ փակել բերանդ և… Եվ լսել։ Լռիր, որովհետև լռելը գեղեցիկ է, արժանապատիվ է ու արդար է։

Երբ անձրևի, պատուհանից չնայես. դու սենտիմենտալ չես։ Կլռես։

Գորշագույնը դարձավ անգույն, երբ դավաճանված ազնվությունը բախվեց ուղիղ դիմացդ ու չարախինդ հեգնանքով հիշեցրեց քո անհասկանալի հավատարմությունը։

Չհիասթափվե՛ս, որովհետև չսերը կա։

Գտիր նրան, բայց արագ կորցրու….

հատված գոյություն չունեցող գրքի 25-րդ էջից

Satenik Artenyan

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք,

Թե ցավդ մենք ենք,

Թե քո վայ-ը հայն է,

Քարե վերքերդ ո՞նց բուժեմ,

Քարերի երկիր հայրենիք։

Ես քեզ ո՞նց լքեմ,

Ո՞նց թողնեմ, որ դառնաս ուրիշինը,

Դառնաս ուրիշինը ու հայրենիք չդառնաս…

Հիմա տունը այլևս չորս պատը չէ,

Քարե խարխուլ փլատակներից հենարան է, որ ճաք է տվել անկատար երազանքների շատությունից,

Երբ տունս արկերից լուսավորված մութ երկինքդ է,

Ու հենման կետ չունեցող վաղվա հույսն է,

Ես շնչահեղձ լինողիդ ո՞նց ասեմ, որ լքում եմ ու օտարացել եմ երևի։

Ո՞նց չսրբեմ կարոտիս սուրբ նշույլները, երբ չհեռացած կարոտում եմ…

Հոգուս ծանրությունը ափերիդ առ, հայրենի’ք, ես հեռանում եմ անառակ որդու պես,

Ու պատմությունն ասում է, որ մի օր բոլորը վերադառնում են,

Անդավաճան կմնա՞ս ինձ, երբ ես քեզ դավաճան լինեմ, մեղավոր լինեմ քո առաջ,

Օտար քաղաքներում` անլույս փողոցներդ հիշեմ,

Ասում են, մայրերը զավակներից չեն նեղանում,

Ինձ մոր պես կսպասե՞ս…

Թե՞ ցավդ մենք ենք,

Ես քո ցավը, ախր, ո՞նց տանեմ, հայրենի’ք…

 

Ամենաթող ու թանաք,

Ամենահող ու հավատք,

Կորցնողի հոգին անճար մատուռ է,

Անտուն հայացքը քարե ապտակն է մեռած աշխարհին…

Ամենաթող ու թանաք…

26 սեպտեմբեր, 2023

Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել: Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել:

Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ` ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ:

Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս… ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս: Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք:

Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել:

Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ:

hripsime vardanyan

Բարձր ու հստակ

Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ:

Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:

Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:

Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:

Նոյեմբեր, 2016 

valentina

Լուսնի լույսով

Լուսինը երկնքում արդեն երևում էր, երբ դուրս եկա դասից ու նստեցի առաջին պատահած տաքսին:

-Ազա՞տ եք:

-Իհարկե, ո՞ւր ենք գնում:

-«Սասունցի Դավիթ» կայարան:

Ողջ ճանապարհին նայում էի երկրի ամենամերձավոր արբանյակին՝ լուսնին, որն այդ օրն արտասովոր գեղեցիկ էր: Տեսնես՝ այսօր ի՞նչ է թաքցնում լուսինն իր հակառակ կողմում: Մտորումներս կշարունակվեին, եթե վարորդը չսկսեր բողոքել:

-Մեկը լիներ էդ Սուրենյանի ձեռքից պուլտը վերցներ: Այ մարդ, խաշեց: Չի կարելի, չէ: Իրեն ի՞նչ կա, հիմա օդափոխիչը միացրել, նստել՝ եղանակն ա փոխում:

-Պապի ջան, դե Սուրենյանը ի՞նչ մեղք ունի: Եղանակն ինչպես փոփոխվում է, այդպես մեկնաբանում է,- ծիծաղելով պատասխանեցի ես:

-Յա, լավ ա ասիր: Թե չէ՝ չգիտեինք: Էդ դուք «շուստրի» քանի՞ քույր եք:

-Մի քանի:

-Լավ, էս շոգը հերիք չէր, հիմա էլ «Հոլին»: Էն «Հելոինն» ու «Սուրբ Վալենտինը» «դորդուբեշ արեցինք», հիմա էլ «Հոլի»: Սենց, որ գնա, հայկական տոները կվերանան:

-Չեն վերանա, պապի՛կ ջան: Ես էլ եմ դեմ «Հելոուինին», բայց եկեք «Սուրբ Վալենտինին» մի՛ քննադատեք: Սիրում եմ այդ տոնը:

-Յա, էդ ինչի՞ որ: Մեր Սուրբ Սարգիսը թողած, «խալխի» տոնն ես սիրո՞ւմ:

-Ես «խալխի» տոները չեմ սիրում ու դեմ եմ, որ նշվում են մեր երկրում: Բայց ես ծնվել եմ «Սուրբ Վալենտինի» մոտակա օրը: Ճիշտ է, անունս Վալենտին չէ, բայց Վալենտինա են դրել միայն այդ պատճառով:

-Հիմա որ «Սուրբ Սարգսին» ծնվեիր, անունդ Սաքո էին դնելո՞ւ,- կատակեց պապիկը:

-Պապի ջան, որ վերածնվեմ «Սուրբ Սարգսին» տղայի կերպարով, կորոշենք: Հնարավոր է, ինչի՞ չէ:

-Ասում էիր, դուք տենց «շուստրի» քանի՞ քույր եք:

-Ասացի, պապի ջան: Մի քանի: Մի քանի:

-Է՜հ, «խակ» ես, քո տարիքին էի, երբ «Սուրբ Վալենտինի» օրը եղնիկիս գտա:

-Ու չամուսնացաք, չէ՞, որովհետև դեմ էիք «Սուրբ Վալենտինին»:

-Ամուսնացանք: Որ սերը գալիս ա, չի հարցնում, թե որ օրն եք ծանոթացել: Սրտին չես հրամայի: Գիտե՞ս ինչ լավ բան ա սերը:

-Չէ հա, էս կյանքում ավելի կարևոր բաներ կան: Ի՞նչ սեր: Դրա տեղը, որ համալսարան ընդունվեիք, տարիներով սովորեիք, հիմա տաքսու վարորդ չէիք լինի, չէ՞,- փորձեցի սրամտել ես:

-Տո, գիտե՞ս, ես ռուսաստաններն ինչ բիզնեսներ եմ ունեցել: Էնքան համալսարաններ եմ ավարտել, որ էսօր, եթե հաշվես, չես վերջացնի: Հո ես ողջ կյանքս պապի չե՞մ եղել: Սերը լավ բան ա, եթե փոխադարձ ա: Հանկարծ միակողմանի չսիրես, թե չէ շատ կտանջվես: Մարալիս միակողմանի էի սիրում, բայց հետո եղնիկիս գտա: Փառք Աստծո, 4 երեխա, 7 թոռ ունեմ:

-Աստված պահի:

-Ապրես, բալի՛կ ջան: Քեզ էլ թող Աստված ժպիտ նվիրի: Թե չէ, հո դա էլ փողով չի:

-Է՜հ, պապի ջան: Ես ժպիտ ունեմ, ուղղակի, որ սկզբից սկսեցիք բողոքել երկրից, ժպիտս մոռացա լուսնի վրա:

-Հասանք,- վերջապես ժպտաց պապիկը:

-Շնորհակալ եմ, շա՜տ: Վերցրեք:

-Չէ, էդ պահի մոտդ, մի քիչ էլ վրան կավելացնես, կգնաս լուսին՝ ժպիտդ բերելու:

Ժպտացի: Գումարը դրեցի նստատեղին ու լուռ դուրս եկա:

Ա՜խ, ինչ լավն են մեր պապիկները, անգամ եթե բողոքում են:

Հուլիս, 2017 

Satenik Artenyan

Աղոթք

Լեռներից, այրերից, հայրերից ծնունդ առած հայրենիքս։

ՀԱՅՐ ՄԵՐ։

Մեր կապույտ երկինքներում չվաստակած կարմիր խաղաղությամբ փնտրում եմ քեզ։

Ո՞Ր ՅԵՐԿԻՆՍ ԵՍ։

Ավետարանաց սրբերի մատուռում եռագույնիդ կողքին թշնամին հանգչող կրակ է որոնում։

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ։

Դարեդար իր իսկ ոստանում ոտնակոխ, ոտնատակ։

Էլ եղեռն, էլ գաղթ ու մահ։

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՈ։

Ու քո կամքով պատերազմի դաշտից գոյաքարշ դեպի մանկան օրորոց

ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ։

ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՎ ՅԵՐԿՐԻՍ։

Ու նորից բախտից, ի դարեր քարից քամեցինք ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ,

Ու նշխարդ ապաշխարանք ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ։

Հանց մեր խաչը պայքարի ու սուրը Վանաօծ

Եվ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ

Հայրերի, հայրերի, որդյաց սուրբ արյունը խղճներիս։

Ինչպե՞ս ԵՎ ՄԵՆՔ ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ։

Սուր յաթաղանի դեմ՝ սուրբ Ավետարան,

Կույր հրանոթի դեմ՝ հավատի գմբեթ։

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ։

Աղոթքս առ քեզ,

Առ մեզ,

Առ մեզ։

ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ ։

Պապերից, հայրերից, մայրերից ժառանգեցինք հայրատունը մեր։

Քար ու դավերից, վար ու վերքերից սրտերում մեր նրան պահեցինք անեղծ ու անշեջ։

ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՓԱՌՔ։

Խավարից զատվելով, զարկվածդ վերքերով և սուրբ ղողանջով։

Ծնվի’ր,

Վերածնվի՛ր,

Հավիտյանս հավիտենից, Հայաստա՛նս,

Հանուն հավերժացած ամեն քաջի,

Հանուն օրորոցի մեջ անմեղ քեզ կանչի,

Լեռներիդ մեջ դրոշմված ինքնությունդ պատմողի,

Հաղթանակներիդ մասին երգեր հյուսողների,

Ու քեզ հավատացողների,

Հանուն ընդ մեզ և ընդ քեզ

Սուրբ թող լինի ծնունդը քո…

Erik Petrosyan

Իմ սուրբ հայրենիք

Եկել է այսօր

Մի մեծ ժամանակ,

Կանգնել է աշխարհն

Անդունդի եզրին:

Այդ ժամանակում

Մի շատ հին ազգ կա,

Որ սերել է Հայկյան նետից։

Ազգը չի տեսել

Խաղաղություն երբեք,

Փորձել են ջնջել

Նրան մայր հողից,

Կիսվել է հողը,

Մի բուռ է դարձել,

Բայց այդ ազգը կա

Հայրենի հողին։

Փորձել են նրան

Կրոնափոխ անել,

Նրանք զոհվել են

Հանուն հավատի։

Տանջամահ եղել,

Հավերժացել են

Ու սրբադասվել։

Իմ սուրբ հայրենիք,

Իմ մեծ հայրենիք․․․

Erik Petrosyan

Ինձ համար բարդ է

Ինձ համար բարդ է

Իմ եսը դարձել:

Հոգիս ալեկոծ

Վտանգ է առել:

Միտքս ամեն տեղ`

Քեզ հետ, առանց քեզ,

Նա միշտ կլինի

Այստեղ ու այնտեղ,

Ես միշտ կխորհեմ

Ու կմտածեմ:

Ես ինձ իմաստուն

Երբեք չեմ կարգել

Ու չեմ դարձրել

Ինձ ամենագետ…

Հասարակ մարդ եմ,

Ով կամ կսիրի,

Ով կամ կսիրվի,

Ով մթի մեջ անգամ

Դեռ լույս կտեսնի,

Ով չի հանձնվի

Ու կմաքառի,

Հոգին կազատի

Զազր ու աղարտից:

Ժպիտիս մեջ կա

Թախծոտ տխրություն,

Արցունքներիս մեջ`

Մեծ ուրախություն:

***

Գարունը բացվեց

Ու մարդկանց

Ավետիս բերեց.

-Հեյ մարդիկ, ելեք,

Վարուցանք արեք,

Ելեք, աշխարհը

Պիտի ծաղկեցնեք…

Ելեք ու այսօր

Բարին տարածեք,

Սեր սերմանեցեք:

Միշտ ուրախ եղեք,

Լցրեք հոգիներդ

Ջերմեռանդությամբ:

Աշխարհին հայտնե’ք`

Գարուն է եկել: