«Հաշվե, դե, 12 թիվն եմ…»

Հարցազրույց  104 տարեկան Արշալույս տատիկի հետ

Ես որոշեցի հարցազրույց վերցնել Արշալույս տատիկից, որովհետև հազվադեպ դեպքերում կարող են մեզ հանդիպել մեկ դար և ավել կյանքի պատմություն ունեցող մարդիկ, որոնք ավելին են տեսել, քան մենք, որոնք հրաշքով են փրկվել թուրքի ճիրաններից, որոնք Եղեռն են տեսել:

-Արշալույս տատիկ, դուք արմատներով որտեղի՞ց եք:

-Ես ծնվել իմ Գոպալ գյուղում: Մանկությունս ընդեղ ի անցած: Իմ ախպրդանքս սաղ Հայաստան ին ծնված, մինակ ես իմ Տաճկաստան ծնված:

-Ընտանիքում քանի՞ հոգի եք եղել:

-Ընտանիքում 12 նաֆար ենք եղե: Ունեցել իմ 3 եղբայր: Իմ 4 հորքուրներս, հերս, մերս էլ Տաճկաստանի Գոպալ գյուղն ին ծնվել:

-Դպրոցից բացի այլ կրթություն ստացե՞լ եք:

-Չէ, ես դպրոց իմ միննակ գնացել. 5-րդ դասարանն իմ ավարտե: Լիկայանն իմ ավարտե: Ընթացքում կարդալով, բանով տենց գիտելիք ունեցած եմ: Երկու տարեկան էի, որ կռիվն սկսվավ: Թուրքերի հոսանքի տակ էինք, թուրքը կղեկավարեր մըզի: Մենք կլսեինք թուրքին ու ձեն չէինք հանի: Թուրքն չի սիրե խաղաղություն: Առաջին կոտորումին, որ կոտորեց մըզի, մի կերպ պրծանք: Ուժեղ կոտորում եղավ, հայերի վերջն տվեցին, բալես:

-Կպատմե՞ք այդ կռիվների դրվագներից:

-Մերերը երեխեքին կառնեին, մարագներում կլցվեին, որ սայլի վրեն դնեն ու իրանց երեխեքին տեղափոխեին Հայաստան: Մի կողմից մեր հայը կռվել ա, մի կողմից` կուզեր ինքն էլ տեղափոխվեր Հայաստան, բայց դե տենց եղած չէր… Երեխեքին, մերերին կտեղափոխեին, իրանք էլ կկռվեին: Հա, դե էդ վիճակում ապրել ինք: Էս վերջի 17 թվի ուժեղ կոտորումին 40 հայ մեր երիտասարդների լցեցին մարագում, վառեցին: Մեր հայեր բոլորը կանգնել էին, ռիսկ չկար: Էտենց հարվածներ տվին: Դու կարդացած ես, կիմանաս 18 թվին, թե թուրք էր եկավ, թե ռուս… էտ կոտորումին եկանք մենք Հայաստան: Շատ հարվածներ ինք կերի թուրքից, բալա: Պապիս՝ Մխոն, անընդհատ կռվի մեջ էր: Էնի չէր կարա չկռվեր, բայց որ տղեն մեկուճար էր, իմ հերն, էլի, 2 ախպերով կերթան կկռվին, էդ տղուն չտանին կռվի մեջ: Իմ հերն մեկուճար տղա է եղել, չղմշին տանեն կռվի մեջ:

-Ինչպե՞ս  եք  կարողացել  փախնել և հասնել Հայաստան:

-Էն ժամանակ ավտո չկար, սել էր: Երեխեքին կդնեին վրեն, մենք սաղս կհելնեինք էդ սելի վրեն, իսկ մեր հայեր կկռվեին, որ գոնե մեզի էդ սելերով տեղափոխեն մեր հող: Կա որ կբռնեին, չէին թողում մեզի տանեին էդ սելերով: Վերջում էլի տանջանքով հասանք մեր երկիր: Թուրքն Աշտարակ էլ է եկե: Էն ժամանակ օրենք չկար հայի ձեռ, զենք չկար: Զենք իրանց էր, թուր իրանց էր. պդի մեր հայեր գողնային, որ կռնային կռվեին:

-Ի՞նչ վիճակ էր տիրում Հայաստանում, երբ եկաք:

-Ես 12 թվի ծնված իմ, բալես, էնտեղից որ եկել ինք, փոքր իմ եղի: Թուրքն մինչև Երևան կռիվ է էրե, դու կարդացած աղջիկ ես, կիմանաս: Թուրքն ամեն տեղ հարձակվել է, թուրքն չթողեր խաղաղ մընենք մենք: Հաղթեցին, նոր թողին գնացին, մեզ է բաժանեցին գյուղերի վրա, ով որ եկել էր: Կար տուն, որ թուրքն էտ մի նյաֆարից 10 հոգի վերցրած էր պլեն. հեր, մեր, երեխա… Սաղին վերցրած:

-Ինչպե՞ս եք ամուսնացել:

-Դե եկա, եսիմ, առաջ չկար էտենց բան: 33 թվին նոր ամուսնացել իմ: Էն վախտ, ես շատ գինամ, մկա կսիրին իրար, խոսք կուտան: Եկան ուզին, առան, գնացին: Ահա, ըդման իմ պսակվե: Ունեցել իմ 9 զավակ. յոթն, փառք Աստծուն, կողքս ին, երկուսին էլ տվել իմ Աստծուն:

-Ձեր ընտանիքից կա՞ մարդ, որ չի կարողացել փախնել:

-Բա չմնացել ի՞: Իմ հորոխպոր կնիկ իր ընտանիքով մնացեր է Թուրքիա: Գնա` մի 10 հոգի իմ ազգից, կնիկ իր ճժով չի կարեցե գա Հայաստան:

-Հիմա դուք քանի՞ տարեկան եք:

-Ես… Հաշվե դե, 12 թիվն եմ… 104 տարեկան իմ: Էս մեր մոտերի գյուղերի միջից միննակ ես իմ 104 տարեկան, չկա ոչ մի հատ: Պտի հաշվի առնին, բայց ոչ մեկ հաշվի չի առնի էտ: Էսենց գիկան, կգրին, նկարին` կերթան: Անցյալ տարի մի անգամ օգնություն տված են: Ցանկանամ դուք էլ եղնիք էսքան, բայց ավելի լավ, թուրքի ձեռ չեղնիք, ավելի հաջող եղնիք:

-Շնորհակալություն, Արշալույս տատիկ, հետաքրքիր հարցազրույցի համար:

-Խնդրեմ, բալես: