Ավարտվեց «Արևորդի» փառատոնը

12 տարեկան էի, երբ մեր դպրոցը սկսեց մասնակցել «Կանաչ դպրոց» բնապահպանական ծրագրին:

Շատ ոգևորված էի, մասնակցում էի դպրոցում անցկացվող բոլոր այն միջոցառումներին, որոնք կապ ունեին ծրագրի հետ:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Մենք մաքրում էինք մեր քաղաքի փողոցները, հավաքում թուղթ, պլաստիկ տարաներ ու նման իրեր:

Յուրաքանչյուր դասարան ուներ պարկ, որտեղ օր օրի ավելանում էր հավաքածը:

Ըստ ծրագրի, որ դասարանն ավելի շատ ունենար հավաքած թափոն, նրանք էլ կհաղթեին, ու որպես նվեր կստանային մշակված թղթից ալբոմներ ու տետրեր:

Մենք ամբողջ դասարանով ակտիվ մասնակցում էինք ու վերջում հաղթեցինք` 100 գ ավել թափոն ունենալու շնորհիվ:

Այս ծրագրին հաջորդեց ցուցահանդես-շքերթը, որի ժամանակ յուրաքանչյուր դպրոց պետք է ներկայանար թափոններից պատրաստված կենդանու կերպարով:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Մենք սկզբում որոշել էինք արագիլի տեսքով ներկայանալ, սակայն վերջում որոշվեց ձկան կերպարով հանդես գալ:

Հիշում եմ, ամբողջ աշնանային արձակուրդս անցկացրի դպրոցում, ինքս նույնպես ունեի իմ դերը հագուստի պատրաստման գործում:

Մի քանի օր մենք պլաստիկ շշեր էինք հավաքում, կտրում, ամրացնում:

Ցուցահանդեսի օրը մենք քայլում էինք շքախմբի վերջից: Բոլորին հետաքրքրում էր մեր հագուստը, իսկ մենք՝ 13 տարեկաններս, հպարտանում էինք մեր աշխատանքով:

Մի որոշ ժամանակ անց մեզ նորից կանչեցին Երևան. ցուցահանդեսի ամփոփումն էր. մենք 3 հորիզոններից զբաղեցրել էինք 2-րդ տեղը՝ որպես լավագույն ստեղծագործական աշխատանք:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Մի քանի ամիս անց մեր դպրոցը նորից սկսեց համագործակցել «Կանաչ դպրոց» նախագծի հետ:

Այս անգամ մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդում անցկացվող ծաղկահավաքի ակցիային:

Մենք այնտեղ ծաղիկներն անմար կրակի մոտից տեղափոխում էինք հուշահամալիրի այլ, ավելի ազատ տարածք և տեսակավորում:

Այնուհետև ծաղկաթերթերն զգուշորեն առանձնացնում ցողուններից ու տերևներից:

Այս ամենից հետո դպրոցում ավելի շատ էին անցկացվում «Կանաչ դպրոց» բնապահպանական ծրագրի հետ համատեղ աշխատանքներ (թափոնների հավաքում, ծառատունկ և այլն), որոնք նպաստում էին հաղթահարել անտարբերությունը մայր բնության հանդեպ:

Երբ ավարտեցի միջնակարգ դպրոցը, մտածում էի, որ էլ երբեք չեմ կարող մասնակցել «Արևորդի» փառատոններին:

2015թ. նոյեմբերին տեսա, որ անցկացվում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 5-րդ փառատոնը:

Փառատոնին անհրաժեշտ էին կամավորներ:

Միանգամից զանգեցի ու իմացա, որ ես կարող եմ գնալ, ուղղակի ավարտին մնացել էր միայն մեկ օր:

Ես գնացի, ու դրանից հետո անհամբեր սպասում էի հաջորդ փառատոնին, որպեսզի սկզբից լինեի աշխատակազմի կողքին:

Այս տարի որպես կամավոր գրանցվեցի «Արևորդում» ավելի շուտ, ու մինչև փառատոնի սկսվելը գրեթե շաբաթը մի քանի օր հիմնադրամում էի, օգնում էի այն ամենով, ինչով կարողանում էի:

Այս տարի «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնն անցկացվեց նոյեմբերի 11-14-ը:

Փառատոնի այս տարվա ծրագրի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր, կազմակերպվեցին աշխատարաններ ու ցուցահանդեսներ:

Փառատոնի օրերին եղել եմ տարբեր վայրերում, որտեղ կատարվում էին ֆիլմդիտումներ («Մասս մեդիա» կենտրոն, ԷՕՆ, «Մոսկվա» կինոթատրոն), նայել եմ մոտավորապես 10 ֆիլմ, բայց ամենաշատը հավանեցի «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմը, որը նոտաներով ներշնչված երազանքի մասին էր, իրոք հուզիչ մի պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում այն երեխաներին, ովքեր ապրում էին Պարագվայի հետնախորշում՝ գորշ իրականության մեջ:

Եվ հենց այս ֆիլմով էլ ավարտվեց «Արևորդի» 2016-ը:

Ավարտվեց ևս մի մեծ աշխատանք:

Երբ հետ եմ նայում 2012թ., ինձ թվում է` երեկ էր, սակայն արդեն 4 երկար տարիներ են անցել:

Հուսով եմ, էլի կշարունակեմ մնալ «Արևորդում», ու 2016-ն էլ մի քանի տարի հետո կհիշեմ նույն այս ժպիտով, որով 12-ը: