nina arsutamyan portret

Գորայքի «Զանգեր» պարային համույթը

Հաղթանակը մարդու կյանքի ամենալուսավոր էջերից մեկն է: Ես այս տարի ապրիլին ունեցա լուսավոր էջ, այսինքն` հաղթանակ: 

Արդեն մի տարի է, ինչ գյուղում պարի խումբ կա: Ես նույնպես մասնակցում եմ: Երբ լրացավ մեր պարի մեկ ամյակը, մենք մեր պարի ուսուցչին մի փոքր անակնկալ պատրաստեցինք:

-Երեխաներ ջան, նախ ասեմ, որ շատ ուրախացա, որ  ինձ այսպիսի  մեծ անակնկալ արեցիք: Ես նույնպես անակնկալ ունեմ ձեզ համար: Այս ապրիլին Երևանում մրցույթ- փառատոն է լինելու: Գիտեմ, որ առաջին անգամ եք բարձրանալու բեմ, սակայն պետք է հաղթանակած  հետ գանք գյուղ: Այդ օրը կհաղթենք, եթե դուք հիշեք իմ ամեն մի ասածը և պարեք:  Պարելու ենք երկու պար. ժողովրդական պար և ազգագրական պար: Լավ, հիմա շարվեք, որ սկսենք փորձը,- ասաց պարի ուսուցիչ՝ ընկեր Հակոբյանը:

Երբ իմացանք, որ մեր առջև այդպիսի մեծ պատասխանատվություն է դրված, սկեցինք էլ ավելի լուրջ մոտենալ պարերին: Պարում էինք այնպես, ինչպես կպարեինք մեծ բեմում: Երբ երեխաներից մեկն ասում էր, որ վախենում է, մենք սկսում էինք իրենց քաջալերել, որ պետք չէ վախենալ, պետք է հավատալ, որ կհաղթենք:

Մենք, լինելով մեկ տարվա խումբ, վախ ունեինք մեր սրտերում, որ կբարձրանանք բեմ ու լարվածությունից կմոռանանք ամեն ինչ:

Մի քանի օր հետո իմացանք օրը. պետք է ելույթ ունենանք ապրիլի 1-ին Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում: Ամեն օր գալիս էինք, երկու ժամ պարում, ուղղում մեր սխալները և հաջորդ օրը արդեն անսխալ պարում էինք: Մարտի 31-ին մեր վերջին փորձն էր: Դպրոցի տնօրենը ծնողներին, աշակերտներին հրավիրել էր, որպեսզի դիտեն մեր պարը: Եկան, դիտեցին, ստացան մեծ բավականություն: Սակայն մինչ պարելը մեր դպրոցի տնօրենը սկսեց մեզ քաջալերել.

-Երեխաներ, դուք արդեն հաղթել եք: Դուք հաստատ սկզբից վախենում էիք, որ պետք է գնաք և մասնակցեք մրցույթին, սակայն դուք կարողացաք հաղթել ձեր միջի  վախը:

Այս խոսքերից հետո մեր ուժերին վստահ սկսեցինք պարել:

Երբ գյուղից շարժվեցինք, երեխաներով ասացինք, որ պետք է, անպայման պետք է գ ոնե մի խրախուսական մրցանակով վերադառնանք տուն:

Երբ հասանք Երևան, սկսեցինք լարվել: Ընկեր Հակոբյանը բոլորիս ասաց, որ պետք չէ լարվել, ուղղակի եղեք հպարտ, պարեք հպարտ: Երբ շարվեցինք  ետնաբեմում, որ մտնենք բեմ, իմ դիմաց կանգնեց մի բարետես արտաքինով պարուսույց.

-Ինչո՞ւ չես ժպտում,- հարցրեց նա ինձ:

-Չգիտեմ,- պատասխանեցի ես:

-Դե հենց հիմա ժպտում ես ու մտնում բեմ: Լավ կպարես: Ես այստեղ եմ,- ժպտալով ասաց նա:

Այդ կնոջ խոսքերից հպարտ կանգնեցի:

1.2.3… Հնչեց երաժշտությունը:  Առաջինը  պարեցինք ժողովրդական պարը, մի փոքր լարված պարեցինք: Դե, երեխաներ կային,  ովքեր շփոթեցին շարժումները: Ըկեր Հակոբյանը, ով կանգնած էր ետնաբեմում, մեզ հուշում էր: Ավարտեցինք առաջին պարը, և իհարկե եղան գնահատականներ: Դահլիճի վերևում նստած էին  ժյուրիի երեք անդամներ: Կատարողականության համար ստացանք 7, 6, 7, բեմադրություն համար նույնպես 7, 6, 7:  Երբ բեմից դուրս եկանք, Արտյոմը մեզ ասաց, որ երազի մեջ նույն գնահատակներն էինք ստացել, ու 3-րդ տեղում էինք:

Երբ կանգնած էինք միջանքում, տեսա, որ երեխաները անտրամադիր են:

-Երեխեք, մի նեղվեք, մի պար էլ կա: Կմտնենք, կպարենք ու լավ կպարենք:

-Երեխեք, եկեք. երկրորդ պարն ենք պարում,- կանչեց ընկեր Հակոբյանը:

Այս անգամ պարեցինք ազգագրական պարը, պարեցինք լավ: Երբ ավարտեցինք պարը, գլուխս  մի փոքր թեքեցի և տեսա, որ ետնաբեմում կանգնած ընկեր Հակոբյանը ժպտում է: Այս պարից կատարողականության համար ստացանք՝ 8, 7, 8, իսկ բեմադրության համար նույնպես 8,7,8: Ուրախացանք: Ուրախացավ նաև ընկեր Հակոբյանը:

Վերջ, մենք համարվում ենք հանդիսատես:

Նստեցինք դահլիճում և դիտեցինք մի քանի խմբերի ելույթներ, և եկավ ժամանակը, որ պետք է հաղթողներին հայտարարեին:

-Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի միջնակարգ դպրոցի  «Զանգեր» պարային համույթը՝ ազգագրական պարից: Գեղարվեստական ղեկավար Արարատ Հակոբյան, դպրոցի տնօրեն Մարտուն Թադևոսյան:

-Ու՜ռա,  ջան, առաջին տեղ, ապրենք մենք:

Երբ ավարտվեց մրցանակաբաշխությունը, արագ դուրս եկանք դահլիճից:

-Ընկեր Հակոբյան, բա էն մի պարը չհայտարարեցին,- տխուր ձայնով հարցրեցինք:

-Մյուս պարի համար մնացած խմբերն էլ դեռ պետք է ելույթ ունենան: Մենք հիմա հետ ենք գնում գյուղ: Ասացին, որ սարը ձյուն ա գալիս: Գնանք, որ հանկարծ ճանապարհին չմնանք,- ասաց ընկեր Հակոբյանը:

Մենք այնքան էինք  ուրախացել, որ պարելով դուրս եկանք շենքից:

Շարժվեցինք: Անընդհատ հարցնում էինք, թե չե՞ն զանգել, մրցույթը դեռ չի՞ ամփոփվել: Եչբ հասել էինք Վայք, ես և Արմինեն կրկին հարցրեցինք.

-Ընկեր Հակոբյան, չզանգեցի՞ն:

-Այ անհամբերներ, չէ, էլի…

-Վայ, կարողա տեղ չենք բերել:

-Բերել եք, այդ պարից էլ երրորդ տեղ եք բերել:

Մենք շատ ուրախացանք: Սակայն մեզ դեռ անակնկալ էր սպասվում գյուղ: Մեր շատ սիրելի ծնողները տորթ էին պատվիրել և մեզ անակնկալ մատուցեցին:

Մեր հաղթանակը մեծ ուրախություն էր  մեր գյուղի, մեր դպրոցի համար: Իսկ մեր հաղթանակով շատ մարդկանց կարողացանք ապացուցել, որ հեռավոր ու փոքրիկ գյուղում էլ, ինչպիսին Գորայքն է, կարող է նման լավ պարի խումբ գործել: