Մեկ մարդու մեջ մի քանի կյանք

Զրուցակիցս իր կյանքի վաղ տարիներն անցկացրել է քրեական աշխարհում, միջին տարիքը՝ կռվի դաշտում, հետո տարագրության մեջ, և 75-րդը՝ Սպիտակ-Երևան, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի վրա, որպես երթուղայինի վարորդ: Խոսքս ծնունդով Լոռու մարզի Ջրաշեն գյուղից, այժմ Վանաձորում բնակվող՝ Ռոբերտ Հովհաննիսյանի մասին է:

Ռոբերտ Հովհաննիսյանը ծնվել ու հասակ է առել մշեցիների Ջրաշեն գյուղում: Իսկ ինչպես գիտենք, լեռնցիները շատ շուտ են հասունանում և իրենց լեռների պես հզոր են լինում: Մեր հերոսն էլ է այդպիսին:

Ակտիվ ու չարաճճի տղան, ով դեռ հազիվ էր 14-ը բոլորել, մի օր վեր է կենում ու, տնից փախչելով, հասնում է Երևան:

-Լսել էի՝ Երևանում կարող ես ուզածիդ պես լավ ապրել:

Երևանում աշխատանք է գտնում և, քանի որ ունենում է իր տարիքին ոչ համապատասխան, ավելի մեծի տեսք և ֆիզիկական ուժ, կարողանում է համոզել, որ չափահաս է և ընդունվում է աշխատանքի:
Որոշ ժամանակ անց նրան նկատում են այն ժամանակ քրեական աշխարհում հայտնի «Գվարդիա» անվամբ խմբի անդամները և առաջարկում են համալրել իրենց շարքերը: Դե, պատանուն էլ ի՞նչ կար որ, արյունը եռում էր երակներում: Միանում է նրանց…

-Չէի կարողանում կտրվել այդ կյանքից այնքան ժամանակ, մինչև խոսեցի մորս հետ…

Նրա մայրը, իմանալով այդ ամենի մասին, եկել էր և խնդրել տղային, որ թողնի այդ «զենքի կյանքը» և վերադառնա տուն:

-Շատ վտանգավոր կյանք էր. իմ ընկերների մի ոտքը բանտում էր, մյուսը՝ գերեզմանում:

Եվ քանի որ ինքն ամենից շատ մորն էր սիրում, ճանապարհում է մորն ու ասում, որ մի շաբաթից տանը կլինի: Այդպես էլ անում է մինչև Արցախյան ազատամարտի սկսվելը: Սկսվելուն պես՝ դառնում է դրան մասնակից մինչև ավարտը: Հրամանատար էր: Կռվում էր անձնուրաց, բայց ավելի շատ խոսում է մարտընկերների մասին, պատմում կռվող տղերքի մասին, որոնք անգամ երկու գնդացրով էին կռվում, սրտնեղվում, որ շատերը դժվարանում էին՝ ծխելու պատճառով և այլն…

-Զինվորի ոգին հրամանատարից է կախված: Նա է թև տվողը կամ թևաթափ անողը… Կռվի դաշտում զինվորին ճառեր պետք չեն, պետք չէ զինվորին շարք կանգնեցնել և սկսել դասախոսություն: Նրան ընդամենը մեկ-երկու բառ է պետք՝ ոգևորելու և կռվելու ուժ տալու համար… Մի կարևոր բան էլ կա՝ ազգի ֆիդային իրավունք չունի որևէ կուսակցության անդամ կամ հետևորդ լինելու, նրա միակ գաղափարը պետք է լինի հայրենի հողն ու հանուն ազգի միավորվելու կոչը: Իսկ պետությունը պարտավոր է կռված մարդուն ապահովել գոնե հասարակ ապրելու պայմաններով: Բայց, մեղմ ասած, դա չի լինում. քանի ինձ հետ կռված տղերք կան, որոնք երկու գնդացրով ու կանգնած դիրքից էին կռվում, տնակներում ու անբարեկեցիկ պայմաններում են ապրում…

Պատերազմից հետո նրանք, ովքեր նախկինում այդքան նվիրված էին հայրենի հող ու ջրին, բռնում են օտար երկրների ճամփան՝ հանապազօրյա հացը վաստակելու համար: Երկրե երկիր անցնելով ու ամեն աշխատանք կատարելով՝ հասկանում է, որ լավագույն տեղը հայրենիքն է ու վերադառնում է Հայաստան…

Վաղ տարիքից վարորդական փորձ ուներ. անգամ գվարդիականների ուշադրությանն արժանացել էր «Маз» մակնիշի մեքենա «առևանգելու» շնորհիվ, ինչը ծիծաղով է հիշում.

-Ազնվորեն`գողանալու միտք չունեի. մի քանի շրջան եմ կատարել ու բերել, կանգնեցրել իր նույն տեղում…

Նաև այլ երկրներում էլ էր բեռնատար մեքենա վարել: Պատմում է այդ ժամանակներից ևս մի դեպք, այս անգամ ծիծաղի փոխարեն արցունքներով.

-Մայրս մահացած ժամանակ էլ ինձ օգնության հասավ… Գիշեր էր, ես բեռնատարովս ճանապարհ էի ընկել, մի տեղ կայանել էի հանգստանալու համար ու քնով էի ընկել: Երազումս տեսնում ու լսում էի, որ մայրս ձայն է տալիս, թե այրվում ես, վե՛ր կաց, այրվում ես… Վախեցած վեր թռա ու տեսա, որ մեքենայի հետ խնդիրներ էին առաջացել, և եթե այդպես մնար, կայրվեր կամ կպայթեր…

Այնուհետև աշխատանքի է անցնում «Սպիտակ-Երևան» երթուղային գծում՝ որպես վարորդ: Որոշ ժամանակ անց՝ «Սպիտակ-Երևան»  երթուղին փոխարինում է «Վանաձոր-Սպիտակ»-ով, և արդեն 15 տարի է այդ ճանապարհն անցնել-դառնալն է իր աշխատանքը, ինչն իր համար զուտ աշխատանք չէ, այլ մարդկանց հետ շփման ու ինչ-որ կերպ նրանց օգնելու միջոց:

Այդ տարիների ընթացքում համ ու հոտով, հումորով բազմամյա փորձով այդ մարդը կարողացել է արժանանալ մարդկանց սիրուն ու հարգանքին: Իր երիտասարդ ուղևորների հետ էլ կիսվում է իր բազմամյա փորձով ու խրատներով:

Եթե մի օր Սպիտակում կամ Վանաձորում լինեք, ապա անպայման հանդիպեք նրան և կհամոզվեք այս ամենում: Կամ հետևեք 17.am-ին և շուտով կտեսնեք նրա մասին պատմող, մեր նկարահանած վավերագրական ֆիլմը: