Չմոռանաք կարդալ. սեպտեմբեր 2017

Սեպտեմբեր ամսին, ինչպես և նախորդ բոլոր ամիսներին, 17-ը լի էր բազմատեսակ, տարբեր հարցեր ու խնդիրներ բարձրացնող, տարբեր հետաքրքիր պատմություններ ներկայացնող նյութերով: Քանի որ նյութերը շատ են, և այդ հոսքի մեջ կարող եք չնկատել շատ կարևոր ու հետաքրքիր հոդվածներ, մենք՝ 17.am-ի խմբագրակազմով որոշել ենք այսուհետ ձեզ ներկայացնել ամեն ամսվա կարևոր ու լավ նյութերը, որոնք չարժե բաց թողնել:

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Մենք, ինչպես երևի գիտեք, խրախուսում ենք նոր գաղափարները և ուզում ենք, որ մեր թղթակիցները շարունակեն մտածել նոր խորագրեր, զարգացնել ու շարունակել դրանք: Մեր նոր խորագրերից է Եվա Խեչոյանի «Պատմություններ օվկիանոսի այն կողմից» հոդվածաշարը, որն ունի ճանաչողական նշանակություն: Շարքը սկսելու գաղափարը հենց Եվայինն է, կարդացեք նրա հետաքրքիր պատմություններն այստեղ:

Մեր հաջորդ նոր հոդվածաշարը, որն ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, Մարիամ Բարսեղյանինն է՝ «Սիրային գործեր»: Գտնելով հետաքրքիր սիրային պատմություններ արդեն նախորդ դարից՝ Մարիամն ամեն անգամ մեզ է ներկայացնում դրանցից մեկը՝ հետաքրքիր ու անկեղծ գրված: Այս շարքը մեզ է ներկայացնում մեր ծնողների, տատիկ-պապիկների երիտասարդության ժամանակաշրջանի վարքնուբարքը, կենցաղը: Ընթերցեք Մարիամի պատմություններն այստեղ:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Տոներին և հատուկ նշանակության օրերին 17.am-ի փոստը լցված է լինում տասնյակ նյութերով, որոնք, քանի որ վերաբերում են նույն օրվան, հաճախ լինում են միանման: Եթե հետևում եք մեզ, երևի կարդացել եք սեպտեմբերի մեկի, սեպտեմբերի քսանմեկի մասին գրված նյութեր, որոնցից կուզենայինք առանձնացնել ամենաինքնատիպ գրվածները:

Սեպտեմբերի, դպրոցի մասին թեթև ու ինքնատիպ պատմում է Աստղիկ Հունանյանը՝ իրեն բնորոշ անկեղծությամբ և հումորի զգացումով: Անկեղծ ու ինքնատիպ է գրում նաև Սերյոժա Առաքելյանը, որն էլ մեզ պատմում է արդեն ուսանողական կյանքի մասին: Բաց մի թողեք նաև Սերյոժայի հետաքրքիր ու անմիջական հոդվածը:

Ուզում ենք հատուկ ընդգծել նաև Շուշան Ստեփանյանի՝ «Սեպտեմբերի մեկ» հոդվածը, որ իրար է կապում իր կյանքի երկու կարևոր իրադարձություն. սեպտեմբերի մեկը՝ և ուսումնական տարվա, և 17-ի հետ համագործակցության սկիզբ:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Սեպտեմբերի քսանմեկի՝ Անկախության օրվան նվիրված հրապարակված նյութերից առանձնանում է Լիլիթ Վարդանյանի՝ «Պապիկի թղթապանակը» նյութը: Լիլիթը շատ հետաքրքիր ձև է ընտրել տոնի մասին գրելու՝ ներկայացնելով պատառիկներ իր պապիկի թղթապանակից:

Առհասարակ, շատ կարևոր է ուշադիր լինել մեր շրջապատի մարդկանց հանդեպ, ներկայացնել նրանց հանրությանը, լսել նրանց կյանքի պատմությունը, հայացքներն այս կամ այն իրադարձության կամ երևույթի շուրջ: Այսպիսի մարդիկ են մեր կյանքը դարձնում հետաքրքիր, ոգեշնչում, ստիպում վերանայել մեզ, մեր կյանքը: Սեպտեմբերին մի այդպիսի հետաքրքիր մարդու հետ է մեզ ծանոթացրել մեր թղթակից Զարա Ղազարեանը: Զարայի՝ «Ընթացքն ինձ համար է, արդյունքը՝ ձեր» հարցազրույցը կարդացեք այստեղ:

Հետաքրքիր մարդիկ այն մարդիկ են, որ ի հեճուկս խոչընդոտների, իրենց առջև անընդհատ ծառացող դժվարությունների չեն դավաճանում իրենք իրենց, հաղթահարում են և առաջ շարժվում: Եթե հետաքրքրեց, ապա բաց մի թող նաև Ամալյա Հարությունյանի հոդվածը:

Թեմայից թեմա, ամսից ամիս մենք զգում ենք մեր թղթակիցների առաջընթացը, տեսնում ենք, թե ինչպես են նրանք սկսում գրել ավելի հասուն, ավելի տպավորիչ ու խորը: Բաց մի թողեք Անուշ Դավթյանի «Հօգուտ աշխատավորի» նյութը, որտեղ նա թեթև գրչով բարձրացնում է շատ լուրջ ու ծանր մի հարց: Նույն առաջընթացը նկատելի է մեր մյուս թղթակիցների մոտ: Ընթերցեք նաև Էլիզաբեթ Հարությունյանի և Մարինե Երեմյանի նյութերը՝ նույնպես թեթև գրչով, բայց շատ կարևոր հարցերի մասին գրված:

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Կարևոր հարց է բարձրացնում նաև Անի Ավետիսյանի «Ճանապարհային հեռանկարներ» նյութը, որը գրված է հասուն հրապարակախոսի գրչով:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Սեպտեմբերի ամենաընթերցված նյութում էլ Մարի Բաղդասարյանը զրուցել է Եղեգնաձորի հիվանդանոցի մանկաբույժ Թամարա Մկրտչյանի հետ, ում ընտանիքում չորս բժիշկ կա։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Արաքս եւ Ախուրյան գետերի խառնարանում, հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարան գյուղը եւ դրա բնակիչներին սեպտեմբերյան ֆոտոշարքում ներկայացրել է Անուշ Հովհաննիսյանը։ Դիտեք գունեղ ու ջերմությամբ լի այս ֆոտոշարքն ու մեզ նման լցվեք Բագարան այցելելու ցանկությամբ։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Եվ իհարկե, սեպտեմբերին բաց մի թողեք Մարիամ Նալբանդյանի «Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ» էսսեն: Հավատացեք, սա արդեն գրականություն է, այն էլ՝ բարձրարժեք:

Դե ինչ, եթե չեք կարդացել սեպտեմբերի մեր ընտրանին, այսօր արդեն հնարավորություն ունեք, եթե կարդացել եք, ապա կարող եք պատկերացնել, թե ինչպիսի նյութեր և ինչ է կարևորում 17-ը:

Մինչ հանդիպում: