Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջը

Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի հետ հարցազրույցի միջոցով մենք ծանոթանում ենք քոլեջի գործունեությանը, առօրյային, քոլեջի խնդիրներին:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Քանի՞ տարվա կենսագրություն ունի քոլեջը:

-Քոլեջը գործում է 1971 թվականից, բայց գործել է ոչ որպես քոլեջ, այլ տարբեր կառույցների մասնաճյուղ: Այն ժամանակ տեխնիկումներ կային: Տեխնիկումի մասնաճյուղ էր՝ էլեկտրատեխնիկում, ֆինանսատնտեսագիտական տեխնիկում, հետո՝ քոլեջ: 2000-ականներին նոր դարձավ առանձին կառույց, անջատվեց մայր տեխնիկումից, բոլոր մասնաճյուղերը փակվեցին Հայաստանում, միակ մասնաճյուղը մնաց Եղեգնաձորի տեխնիկումի մասնաճյուղը, որը դարձավ առանձին քոլեջ:

-Իսկ դուք քանի՞ տարի եք աշխատում Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջում:

-Ես երկար եմ աշխատել այս քոլեջում, բայց որպես տնօրեն երրորդ տարին եմ աշխատում:

-Ի՞նչ մասնագիտություններ են դասավանդվում:

-Քոլեջն ունի տասներկուսից ավելի լիցենզիաներ: Կոնկրետ ներկա պահին դասավանդվում են միջին մասնագիտացումով՝ հաշվապահություն, ֆինանսներ, իրավագիտություն, ծրագրավորում, ավտոտեխսպասարկում-շահագործում, նախնական արհեստագործականով՝ խոհարարություն, փայտամշակում:

-Իսկ նոր մասնագիտություններ ավելանալո՞ւ են դասավանդվող մասնագիտությունների շարքում, թե՞ ոչ:

-Այո, այս տարի նոր մասնագիտություն է ավելացել: Մենք ստացել ենք տուրիզմ մասնագիտության լիցենզիա: Համագործակցելով որոշ միջազգային կառույցների հետ, փորձում ենք գերմանական մոդելը կիրառել քոլեջում:

-Քանի՞ ուսանող ունի քոլեջում, և մեծ մասը, որ բաժնում են սովորում:

-Քոլեջն ունի 320 ուսանող: Մեծ մասը սովորում է հաշվապահություն և ֆինանսներ մասնագիտությունները:

-Իսկ քոլեջում սովորելը ի՞նչ առավելություններ ունի:

-Քոլեջում, ի տարբերություն բուհի, շատ ավելի մատչելի է սովորելը: Մեծ ներդրում չի պահանջում մասնագետ դառնալու համար: Դա հանգեցնում է նրան, որ քոլեջում թողարկված մասնագետները ավելի մատչելի են գործատուների համար: Եվ այն մասնագիտությունները, որոնք դասավանդվում են, որոնք կան միջին մասնագիտական կրթական հաստատություններում, շատ կարևոր են և անհրաժեշտ: Օրինակ՝ եռակցող, խոհարար, գինեգործ, պատշար արհեստագործական մասնագիտությունները: Կամ ասենք, մարդը գնա չորս տարի սովորի բուհում, այդքան բարձր վճարով, խորացված ուսուցմամբ, և գա աշխատի որպես պատշա՞ր: Դա այնքան էլ ճիշտ չէ: Քոլեջը տալիս է հենց այն մասնագետները, որոնց պահանջարկը միշտ կա: Ցավոք, մեր հասարակությունը այդքան լավ չի պատկերացնում քոլեջի դերը, և շատերը նայում են քոլեջին որպես բուհ տանող ճանապարհ: Մեր քոլեջի շրջանավարտը կարող է բուհ գնալ և երկրորդ կուրսից շարունակել ուսումը իր ընտրած մասնագիտությամբ: Իհարկե, լավագույն ուսանողները:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

-Որո՞նք են քոլեջի զարգացման հեռանկարները:

-Քոլեջը իր գոյության տարիների ընթացքում նոր ուղիներ է գտել, ինչ-որ պահի զուտ գոյատևելու՝ չփակվելու, զարգանալու, հետո տեխնիկապես զարգանալու համար: Հիմա ամենակարևոր հանգամանքը համագործակցությունն է միջազգային կառույցների հետ, որոնք բացի ֆինանսական ներդրումները, մեզ տալիս են նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ:

-Ուսուցման արդիական մեթոդները, բնականաբար ենթադրում են ուսումնանյութական անհրաժեշտ բազա, մեթոդական գրականություն: Որքանո՞վ եք ապահովված դրանցով:

-Մենք ստանում ենք անհրաժեշտ գրականություն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Կա մի շատ լավ կառույց՝ Կրթության ազգային ինստիտուտում է գործում, կոչվում է՝ ՄԿՈՒԶԱԿ: Այն համակարգում է քոլեջների բովանդակային և ուսումնամեթոդական մասի ճիշտ ընթացքը: Եվ հենց ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից էլ կազմակերպվում է ձեռնարկների տպագրությունը:
Ամեն տարի ստանում ենք նոր ձեռնարկներ դասախոսների համար, ստանում ենք դասագրքեր:

-Ի՞նչ խնդիրներ կան քոլեջում, և ըստ Ձեզ, որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:

-Խնդիրները բազմաթիվ են: Միշտ էլ կարելի է առաջինը նշել մասնագետի խնդիրը, քանի որ մենք գտնվում ենք մայրաքաղաքից որոշ հեռավորության վրա, ունենք մասնագիտություններ, որոնց դասախոսները իրենց մասնագիտությամբ շատ բարձր են վարձատրվում: Օրինակ, ծրագրավորման դասախոսը կարող է ստանալ 400-500.000 դրամ աշխատավարձ: Իսկ քոլեջում մենք այդ մասնագետին չենք կարողանում պահել: Եվ մասնագետները, որոնք կարողանում են բարձր վարձատրվող աշխատանք գտնել այլ տեղերում, քոլեջում չեն մնում: Հետևաբար մեզ մոտ անընդհատ լավ մասնագետի պակաս է առաջանում որոշակի մասնագիտությունների առումով, ո՛չ բոլոր: