Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Լևոն Քալանթար

 Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Մենք ունենք վարպետության դաս կինոռեժիսոր Լևոն Քալանթարի հետ:

Ներս է մտնում Լևոն Քալանթարը, ողջունում բոլորիս և սկսում անմիջական կերպով վարել դասընթացը, որը իրականում, կարելի է համարել, բանիմաց և փորձառու մարդուց ստացած խորհուրդներ:

-Նախ և առաջ, ուզում եմ խոսել վիզուալիզացիա կոչվածի մասին: Այսինքն, երբ դու ունես պատմություն, ունես հերոս, կա գաղափար, բայց չգիտես, թե ինչպես պատկերել այդ պատմությունն ու հերոսին:

Այդ մասին ավելի պատկերավոր հասկանալու համար մենք  դիտեցինք  «Ամուր ընկույզ» վավերագրական  ֆիլմը: Այնուհետև պարոն Քալանթարը մեզ պատմեց ևս մի կարևոր բաղկացուցիչի՝ ֆիլմի երաժշտություն ընտրելու մասին:

-Էրեխեք ջան, կարևոր է ֆիլմի համար ճիշտ երաժշտություն ընտրելը: Ցանկացած ֆիլմի երաժշտություն  պետք է պատճառաբանված լինի: Եթե դու ընտրում ես երաժշտություն, որը պարզապես դուր է գալիս քեզ, այդ ժամանակ երաժշտությունը գնում է իր ճանապարհով, ֆիլմը՝ իր: Եվ հիշեք, որ լավագույն  ֆիլմերը  դրանք այն ֆիլմերն են, որոնք չունեն երաժշտություն: Այսինքն, երաժշտության կարիք չկա, որովհետև ֆիլմում դատարկ տեղ  չկա, որպեսզի երաժշտությունը լրացնի այն:  Մեկ կարևոր  փաստ ևս, որը ուզում եմ հիշեք: Եթե ձեր ֆիլմը ունի բովանդակություն, եթե կա հերոս, ուրեմն կապ չունի, թե ֆիլմն  ինչ  տեխնիկայով է նկարահանված:

Այնուհետև պարոն Քալանթարը մի քանի տարբեր հետաքրքիր օրինակով բացատրեց իր ասածի ճշտությունը: Սկսեցինք խոսել մոնտաժից:

-Ես  ընդունում եմ, որ մոնտաժը մոգություն է, կախարդանք, քանի որ մենք մոնտաժի միջոցով կարող ենք խեղաթյուրել իրականությունը: Լավ մոնտաժ անելու համար կարևոր է նախքան մոնտաժը, պատկերացնել  այն ամենը, ինչ ուզում եք նկարել: Այս առումով կարևոր է օպերատորին ճիշտ առաջադրանք տալը:

Իսկ հետո սկսեցինք խոսել այն մասին, թե ինչ պատրաստվածություն է պետք վավերագրական  ֆիլմով զբաղվելու համար:

-Ուզում եմ, որ դուք հիշեք, եթե ցանկանում եք դոկումենտալ  ֆիլմով զբաղվել, դուք պարտավոր եք դիտել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Նրա ցանկացած  դոկումենտալ ֆիլմը պոեզիա է:

Մենք դիտեցինք նաև մի քանի տարբեր ֆիլմեր, որոնց վրա աշխատել է պարոն Քալանթարը, իսկ հանդիպումից հետո կազմակերպեցինք Փելեշյանի ֆիլմերի դիտումը:

Ես իբրև  ավարտ ուզում եմ գրել այս ողջ զրույցի ընթացքում ինձ համար կարևոր դարձած մի խոսք.  «Եթե դուք ուզում եք որևէ բան  նկարել, բայց երկու նախադասությամբ  չեք կարողանում ներկայացնել ձեր ուզածը, դուք պատրաստ չեք դրան»: