
Իմ զենքն իմ դեղն էր
Արտյոմը` եղբայրս, 19-ը տարեկան երազող էր, ով երազում էր նվաճել աշխարհը։ Տեսակով անկոտրուն, չհանձնվող, էությամբ` արժանապատիվ ու պայքարող։ Ավարտելով բժշկական քոլեջը` 2019 թվականին զորակոչվեց բանակ, վերապատրաստվեց ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում` դառնալով բուժակ, կրտսեր սերժանտ։ Անմնացորդ նվիրվեց իր կոչմանը։
Երկրորդ տունը դարձավ Կուբաթլուն: Միշտ ուրախ էր, որ գնում էր զորավարժությունների` Ջաբրաիլ։ Վերջին զորավարժության ժամանակ սկսվեց պատերազմը…
Օր 1. զանգ Արտյոմից
-Մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ ա, նորմալ ա չմտածեք, որ անհասանելի լինեմ: Իմացեք` կապ չկա։
Օր 2
-Մամ, էստեղ շատ վիրավորներ կան: Իրենցով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես, մամ, էս սովորական կռիվ չի, մամ: Սովորական հիվանդներ չեն. մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը։(Ձայնի մեջ կար տագնապ, անհանգստություն: Լսվում էր ցավից գոռացող զինվորների ձայներ)։
Օր 3
-Մամ, ես ինձ չեմ կորցնում: Լավ ա, սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում: Խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունը չկորցնեն: Հարցնում եմ` ծխո՞ւմ ես, ու սիգարետը կպցնում դնում եմ բերանը, որ ցավը մեղմեմ: Հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։
Էստեղ բոլորն ասում են` բժիշկ, ապրես, բժիշկ, դու կարաս…
Օր 4
Արտյոմը զանգեց: Չհասկացա` լացո՞ւմ էր, թե՞ ծիծաղում…
-Մամ, ես վիրավոր չեմ։ Մամ, պատկերացնո՞ւմ ես` ընկերներս չկան` Մաթևոսյանը (գումարտակի հրամանատարը) չկա, մամ…
Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից։ Արդեն իր սիրելի զորամասում էր: Լավ էր, պատմեց, որ զանգը պահի թուլություն էր. տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել է, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ տասնյակ վիրավորների թեժ կռվի ընթացքում երկուսով առանց վախի «Ուրալ» մեքենայով Ջաբրաիլից սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց։ Այնուհետև կրկին վերադարձել զորամաս։
Այդ օրերին, երբ Արտյոմը Կուբաթլուում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր, նույնիսկ այդ պահին նա ասում էր.
-Պետք է բուժկետը կարգի բերեմ։ Արդեն ամեն ինչ կարգավորվում է։
Անդադար խնդրում էի, որ էլ ոչ մի տեղ չգնա: Հրաշքով փրկվել է: Ինքն էլ ի պատասխան հանգստացնում էր` ասելով, որ ոչ մի տեղ չի գնալու, հանգիստ լինենք, որ պատերազմը մոտ 10 օրից կավարտվի, ու հարցնում էր.
-Գալու եք, չէ՞:
Բայց իր պատերազմն ավելի շուտ ավարտվեց։ Հոկտեմբերի 15-ին, համոզված լինելով, որ ետ է վերադառնալու, գնում է իր 7 ընկերների հետ և անմահանում։
Այդպիսին էր կրտսեր սերժանտ Արտյոմ Բաբայանը` եղբայրս, ոչինչ երբեք անավարտ չթողնող։

Ամանորն առանց ՆՐԱ
Հազարավոր հայ ընտանիքներ Ամանորն անցկացնում են առանց իրենց լույսի։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանը 19 տարեկան էր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը: Ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ։ Թեև ազգությամբ եզդի էր՝ անսահման հետաքրքրված էր Հայոց պատմությունով։ Մամիկոնը նաև հիանալի նկարիչ էր, կարող էր ոգեշնչվել, նույնիսկ, ամենակենցաղային երևույթներից։ Մամիկոն Կասոյանի քույրը՝ Նազիկ Կասոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Մամիկոնն իրենց ընտանիքի միակ տղան էր։ Հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանի քույրը մեզ հետ զրույցում պատմեց.
-Մենք երեք քույր ենք եղել, Մամիկոնիս ծնունդին շատ երկար ենք սպասել։ Երբ ծնվեց, կարծես հրեշտակ լիներ, իր բարուրի կողքից չէինք հեռանում։ Մամիկոնը խելոք էր, համեստ, տարբերվող՝ թե արտաքինով, թե խելացի դատողությամբ։ Շատ հումորով էր, կարողանում էր ցանկացած իրավիճակում վատ տրամադրությունը ցրել, բոլորին ուրախացնել։
-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կպատմեք Մամիկոնի մանկությունից։
-Մի անգամ Մամիկոնի հետ գնացել էինք այգի՝ բալ հավաքելու, խոսում էինք, երգում էինք, կատակում էինք, և հանկարծ նկատեցի, որ խոտերի մեջ մի բան շարժվում է, բղավեցի՝ Մամիկո՜ն, զգույշ, օձը… Իսկ նա ժպտալով ասաց… (հուզվում է):
Ասաց՝ ինչ վախկոտ ես, հետո՞ ինչ, որ ինձնից մեծ ես…
-Իսկ սիրո՞ւմ էր Ամանորը:
-Այո՜, իհարկե, շատ էր սիրում։ Դեկտեմբերն իր ամենասիրելի ամիսն էր, շատ էր սիրում ամանորյա նախատոնական գովազդները։ Ամեն տարի ինքն էր տոնածառը և ամբողջ տունը զարդարում, իսկ այս տարի զարդարող չկա…
-Ինչե՞ր եք պատմելու ձեր երեխային իրենց հերոս մորեղբոր՝ Մամիկոնի մասին։
-Ես միշտ էլ հպարտացել եմ Մամիկոնով, միշտ էլ նրան հերոս եմ համարել՝ նույնիսկ բանակ չգնացած ժամանակ։ Ընդհանրապես ասում են՝ տղաները իրենց մորեղբորն են նմանվում, ես շատ-շատ եմ ցանկանում, որ իմ տղան էլ Մամիկոնին նմանվի ՝ թեկուզ մասամբ։ Տղայիս միշտ ասում եմ, որ Մամիկոնի նման բարի, ազնիվ, խելացի պիտի լինի…
Մամիկոն Կասոյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին: Վերջին անգամ զրուցել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն բան նորմալ է, իրեն վտանգ չի սպառնում։ Չէր ուզում, որ հարազատներն անհանգստանան…
Մեր հերոսներն անմահ են, հավերժ փառք ու խոնարհում ՆՐԱՆՑ:

Առանց մեր Սաքոների…
Սաքոն ա, Մոսոյի տղա Սաքոն, հոպարի Սաքոն
2018թ․
Արցախյանում զոհված հորեղբորս մանկության ընկերը՝ Մոսոն, արդեն 26 տարի հունվարի մեկը մեր տանն էր սկսում, ընկերոջ հորն ու եղբորը մենակ չթողեց, ինքն էլ անհիշելի ժամանակներից ամսվա կեսը դիրքերում ա լինում, մինչև էսօր։ Իրեն էստեղ բոլորն են ճանաչում. հաղթանդամ, ուժեղ մարդ ա կամանդիրը, բայց ամեն անգամ հյուրասենյակում կախված հորեղբորս նկարին նայելիս, աչքերը թրջվում են դեռ։
-Հը՞ն, կամանդիր, ի°նչ կա սահմաններին, էս օրերին հո շատ չե՞ն կրակում:
-Մի օր` լավ, մի օր` կեշ, Վարդան ջան:
-Մամիկո°ն, լսել եմ` Գերմանիա ես քյացել, վե՞նց զատերին էտ նեմեցնին:
-Լավն էին, հոպար:
-Հա, ասում են` լավ երկիր ա: Քյացեք, քյացեք, մենք էլ տենանք` ինչ ենք անում: Քյանք, երկու ժամից պիտի պոստ դյերեմ, ռավետը սմենափոխ ա:
Զանգ.
- Հա, իմ հընգեր Մամիկոնին հիշում իր, չէ՞, իրա հոր տանն եմ: Բա վե°նց դենք դյերի պոստ, վեր ճամփեքը փակ ա:
Հեռուստացույցը․
-Սիմբա, խնդրում եմ կրկնիր, «Ակունա մատատա»:
-Բայց դա ի՞նչ է նշանակում, Տիմոն:
-Անհոգ եղիր:
-էհ՜, գնացի…
2021թ․
Էս հունվարի մեկին ու երևի արդեն մյուս բոլոր, հոպարը մեր տուն չի գա: Ինքն էլ իր Սաքոյի ընկերներին կսպասի, որ չպիտի իրեն մենակ թողնեն։
Իսկ ներքևինը գիտե՞ք` որ Սաքոն ա:
Իմ լավ ընկեր, Վանի լավ ընկեր, իրա մամայի ու տատիկի լավ ընկեր Սաքոն: Սաքոն ընկեր էր ծնվել, էս աշխարհում իրա դերը ընկեր լինելն էր։ Աշխարհը էս տեսակի վերջին ու միակ Սաքոյին կորցրեց, սև հումորով, աշխարհին անծանոթ ուրիշ բարությամբ։
Էս նկարում Իմ կամերային նայող Սաքոն, նոր առած նոր շորերով գործի էր եկել, ասաց. -Նկարի` էջիս նկարը փոխեմ,- տվեցի ապարատը, նայեց ասաց․
- Էն ա, լավ էլ սիրուն եմ, իմանայի շուտ-շուտ նոր շորեր կառնեի…
«Նոր շորերով սիրուն նկարդ» բոլորիս էջերում հիմա կա…

Երնեկ թե այս Նոր տարին…

Մենք ուղղակի «մենք» չենք
Մենք ուղղակի «մենք» չենք: Մեր «մենքը» մնացած բոլոր ազգերի «մենքերից» ամենահզորն ու ամենաուժեղն է: Բայց մեր խնդիրն այն է, որ մեր «մենքը» գնալով դառնում է «ես»՝ ամեն մեկը իր անհատական «ես»-ի մասին մտածելով։
Այս տարին իր ամեն ինչով դաս էր, որ պետք է ամեն մեկս վերցնեինք պետքականը ու օգտակարը։ Ոմանք վերցրին, ոմանք չվերցրին, ոմանք էլ ընդհանրապես չմասնակցեցին դասին։
Այս տարին ինձ համար գնահատման, սիրելու, ներելու, օգնելու, հաղթահարելու ու պայքարի տարի էր։ Հաջորդ տարուն սպասում եմ շատ ակնկալիքներով, բայց միայն չեմ սպասելու, այլ գործելու եմ, պայքարելու եմ։
Պայքար բառը շատ եմ սիրում. շատ մեծ ուժ ունի ցանկացած պարագայում։ Վարժություններ անելիս, երբ կանգ եմ առնում, լսում եմ. «Հանձնվեցի՞ր», ու մեջս հենց պայքարն է արթնանում, ու սկսում եմ ավելի լավ անել։
Ես ու ընկերս պայքարում ենք ու պայքարելու ենք մնացած տղերքի հետ միասին։ Այս տարում շատ բաներ տեսանք, հասկացանք, ապրեցինք, կորցրեցինք, բայց ուզում եմ, որ շարունակենք ապրել՝ իրար մասին հոգ տանելով, մեկի ցավը ճիշտ պահին կիսելով, սիրելով, նվիրվելով, որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։
Մենք ուղղակի «մենք» չենք:

Հույսով դեպի առաջ
Ամեն նոր տարի երազանք ենք պահում, որ այդ տարին լինի անկրկնելի, լավ իրադարձություններով լի: Եվ 2020-ը իսկապես դարձավ այն տարին, որը բոլորս էլ ցանկանում էինք, որ մնա անկրկնելի. թող այլևս երբեք իր նմանը չլինի:
Ոչ մի անգամ այսչափ ցավոտ չի եղել տարին ամփոփելը, քանի որ այս տարի, իսկապես, կորուստները ստվերում թողեցին մեր բոլոր ուրախ հիշողությունները, ձեռքբերումները: Որքա՜ն երազանքներ ունեինք այս տարվա հետ կապված: Իհա՛րկե, գուցե դրանցից որոշները կատարվեցին, բայց պատերազմը մեզ այնպիսի դաս տվեց, որ երբեք չենք կարողանալու մոռանալ: Մենք հասկացանք, որ միշտ խաղաղությունը պետք է վեր դասենք ամեն տեսակի ցանկությունից, հասկացանք, որ անձնական բոլոր երազանքները իմաստազրկվում են, երբ զավակն ես մի երկրի, որի որդիներից շատերը ուղղակի անմահանում են: Պատերազմը անջնջելի ձեռագրով բոլորիս սրտերում երեք տառ թողեց ՝ ՑԱՎ: Ի վերջո, հասկացանք, որ եթե ուրիշ երկրներում հնարավոր է ապրել պատերազմին զուգընթաց և գոնե մի փոքր երջանիկ լինել, ապա մեր պարագայում դա բացառվում է: Ազգայինը վեր է դարձել անձնականից, եթե ոչ բոլորի, ապա գոնե շատերի համար:
2020-ը չափից դուրս սառեցրեց մեզ ու մեր հոգիները և իր իրավահաջորդի՝ 2021-ի ուսերին մեզ բոլորիս ջերմացնելու պարտականությունը թողել: Համավարակն ու պատերազմը ձեռք ձեռքի տված մեզ մեկս մյուսից բաժանեցին, ստիպեցին վերանայել ու գնահատել կյանքը, մեր սիրելիներին: Երևի այնքան էինք արժեզրկել ամեն ինչ, որ մեզ թափ տվող ձեռքեր էին անհրաժեշտ:
Ուղղակի ցանկանում եմ լռեցնել ներսումս եղած այն տագնապը, որ գուցե այս գալիք տարին ևս մեզ ուրախացնելու առիթներ առանձնապես չտա, վախենամ, թե 2020-ը ընդամենը գովազդը լինի:
Ակնթարթորեն անցավ այս տարին, և հետ նայելով հասկանում եմ, որ մենք չհասցրեցինք ապրել: Այս տարին բոլորիս ուղղակի պարտադրեց սրտատրոփ սպասել նրա ավարտին, հուսալ, որ այլևս չենք տեսնելու այս վատ ու դժնդակ օրերը, որոնք տեսանք այս տարի և ամբողջովին զգացինք նրա դառը համը:
Ամեն տարվա նման այս տարի չենք կարողանա երջանիկ ժպիտներով շնորհավորել իրար, այս տարի ամեն ինչն էր ուրիշ…
Տարին ավարտելու եմ մեր բոլոր հերոսներին շնորհակալություն հայտնելով ու հույսով դեպի ապագան նայելով:
2021, քեզնից շատ բան չեմ խնդրում, միայն մեր անմահացած հերոսների հոգիներին հանգստություն ու երկրիս էլ խաղաղություն բեր…

Ուսանողի օրագրից. Մենք ետ ենք գալու
Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, որոնք պիտի գրվեին, պիտի դառնային պատմություն: Որպես հասարակ ուսանող պիտի պատմեի ձեզ մի առեղծված, մի օր, մի ժամ, որն իր հետքն էր թողել կյանքումս: Բայց փոխվեց ամեն ինչ՝ իմ, քո ու նրա կյանքերը փոխվեցին, ինչքան որ հնարավոր էր:
Օրը փոխվել էր, աչքերս փակվեցին օրվա ծանր ու տխուր մտքերից։ Քնեցի նույն մտքով՝ հաղթելու ենք, ես երբեք չեմ կասկածել դրանում, ամեն օր եմ այդ մտքով քնել։ Եթե քնեի այդ գիշեր, եթե չտեսնեի այն, ինչ տեսա, եթե չլսեի, չզգայի, եթե ընկերներ չկորցնեի, եթե առաջվանը լինեի… Եվ հիմա եմ զգում, որ ես ոտքից գլուխ վրեժ եմ դարձել։ Ուզում եմ առնել բոլոր նրանց վրեժը, ովքեր չկան, բայց անզորության հանդարտ հոսանքը ինձ միշտ տապալում է այնտեղ, որտեղ կանգնում եմ։
Երբեք ու ոչ մի ազգ չի կարող ասել, որ հասկանում է մեզ, չհավատաք, չի կարող, մինչև իր տանը, իր ծննդավայրում չսպանեն իր հայրենակցին, եղբորը, հորը, սիրուն մի բանի համար միայն։ Մեր դեպքում «հանցանքը» հայ լինելն էր։ Դժվար է հայ լինելը, ու հիմա եմ հասկանում միայն, թե ինչու։
Հուսահատության մի դառը զգացում համակեց ինձ։ Զգացի՝ նորից հաղթեցինք աշխարհին, նորից վազեցինք արդարության ետևից ու նորից մենակ մնացինք, աշխարհն էլ սփոփեց մեզ, որպես պարտվող։
Ու այսօր մենակ ենք թողնում քեզ, ինչպես մենակ են թողնում տան փոքրին, բայց ում ամենից շատն են սիրում, ում ատամներով պաշտպանում են, բայց մի օր անզորությունից լքում են ու գնում, որ ավելի լավը դարձած ետ գան։ Մենք էլ թողնում ենք քեզ, քո հողի վրա ընկավ ընկերս, եղբայրս, հարազատս, գրկի՛ր նրանց, սու՛րբ պահիր նրանց արյունը ու սպասի՛ր։ Մենք ետ ենք գալու։ Չգիտեմ՝ քանի օրից, քանի տարուց, բայց գալու ենք։
Երազանքս գրկելու եմ ու ապրեմ, ամուր գրկելու եմ քեզ չտեսած, քեզ հետ չնկարված ու քեզնով չհիացած օրերս, գրկելու եմ քո գրկից եկած զինվորներին ու հոտն եմ առնելու քո, շունչդ եմ զգալու, վանքիդ «Տեր ողորմեա»-ն եմ լսելու։ Հաղթանակի ոգով, հաղթանակը ամուր բռնած, բայց պարտված, իրենց ձեռքերն եմ համբուրելու։ Ծնկելու եմ, աղոթեմ ու զգամ, որ քո վանքում եմ, զգալու եմ, որ իմն ես, որ ապրեմ։
Համբուրում եմ վանքիդ պատերը, գրկում եմ ամեն մի քարդ, փարվում եմ բնությանդ։ Տե՛ս ինձ, զգա՛ ինձ ու ձա՛յն տուր, կանչի՛ր ինձ, ու ես կգամ։ Կթողնեմ տունս, կթողնեմ նրան, ում տեսա մի օր ու սիրեցի, կթողնեմ ամենաթանկը ու կգամ, որովհետև քեզնից թանկ էլ ոչինչ չմնաց։
Հայրենիքս, տունս, ես, երազանքներս չքացան: Հասկացա, որ դատարկ բաների մասին եմ երազել։ Հիմա ապրում եմ, որ մի օր գիրկդ գամ, որ եղբայրներիս կարոտն առնեմ, իրենց ոտնահետքերն ամենից երանելի ճանապարհին են մնացել, որ կենդանանան ու ինձ հետ քայլեն։
Ու գիտե՞ս ինչու. ես հասկացա, որ պարտական եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ում։ Ես պարտական եմ Նրան, նրան ում չեմ ճանաչում ու նրան, ում հետ մի ամբողջ կյանք ապրեցի։ Ես պարտական եմ այն անջնջելի սպիով և կաղացող ոտքով երիտասարդին, ում հետ մետրոյի ամբոխի մեջ ենք։ Ես պարտական եմ այն փոքրիկ խանութի վաճառողուհուն, այն պատկառելի տարիքով և աչքերի խորը թախիծով կնոջը, ում որդին ետ չեկավ պատերազմից։ Բոլորս մնացինք պատերազմի դաշտում, մեր մարմինները ետ եկան, հոգիները, պատերազմում խաղաղություն փնտրող ու ապրելու իրավունքը շալակած, մնացին այնտեղ՝ ամպերից վերև, որտեղ աղավնիներն են ճախրում ու մարտնչում են արծիվները։
Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, և ուսանողն ինքն էլ փոխվեց ու գուցե փոխվեց ընդմիշտ…

Ազգիս շարունակողը ես ու դու պիտի լինենք
Հայաստան։ Երկիր, որը հազարամյակներ շարունակ մաքառել է թշանամիների դեմ` ունենալով և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Երկիր, որն ունեցել է և՛ արքաներ, և՛ դավաճաններ։
Հայ։ Ազգ, որը տեսել է ցեղասպանություն։ Ազգ, ում համար հայրենիքը վեհ էր ամեն ինչից։ Ազգ, որն այսօր փորձում է ապրել, ապրել ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի վերադարձին սպասելով, բայց և գիտենալով, որ նա էլ չկա, որ նրան փնտրելիս երկինք պիտի նայի, որ պիտի ապրի այդ մեծ կարոտով։ Ազգ, որն անտանելի ցավի մեջ է։
Ու այստեղ ապրող պատանի, որը սկսել է հասկանալ կյանքի դաժանությունը։ Ով լուռ հետևում է կատարվող իրադարձություններին։
Նա, ում համար պատերազմը իր պատկերացրածը չէր, որը մի քանի նախադասությամբ գրված էր Հայոց պատմության դասագրքերում, հասկացավ, թե ինչ էր նշանակում պատերազմ, բայց այսքան վա՞ղ, բայց նա պատրա՞ստ էր այն ընկալելու, պատրա՞ստ էր կորցնելու, պատրա՞ստ էր…
Պատերազմն ազգիս մի նոր վերքն էր, որն էլի մի քանի նախադասությամբ կներկայացվի դասագրքերում, բայց մեր հոգիներում կհիշվի ամեն վայրկյանը, որ սպասում էինք ավարտի լուրին, ամեն աղոթքը, որ Աստծուց խաղաղություն էր աղերսում, ամեն անունը, որ լսելիս էլի մի մայր մնում էր անզավակ, էլի մի քույր կորցնում էր իր պահապանին, էլի մի երեխա անհայր էր դառնում ու էլի մի սեր կիսատ էր մնում…
Սա էր պատերազմը, մի հոգեվիճակ ու անտանելի ցավ մեր սրտերում։
Մենք՝ հայերս, անցել ենք երկար դարեր ու հասել այստեղ, որ հանձնվե՞նք: Չէ, հանձնվելը հայի համար չի։ Չէ՞ որ սա մեր պապերի ժառանգությունն է մեզ, ու մենք էլ պարտավոր ենք պահել այս հողերն ու հանձնել մեր որդիներին։
Մենք չպիտի կոտրվենք, ազգիս ապրող ու արարող է պետք։ Ու ազգիս շարունակողը հենց ես ու դու պիտի լինենք։

Սարսափ-ֆիլմի վախճանը
Դու հիմա երևի ինչ որ սրճարանում սուրճ ես խմում: Երևի հաղթահարում ես, մեջդ կուլ տալով, մտքումդ հայհոյելով հետպատերազմյան ցավն ու սարսափը, մինչդեռ դրա հետքերը շատերի կյանքում հավերժ մնալու են։ Իսկ երբևէ լսե՞լ ես սարսափ ֆիլմի վերջում ինչ որ սպասված happy end-ի մասին: Ո՞չ, ես նույնպես չէի լսել, մինչև որ ընկերներս դարձան ֆիլմի գլխավոր հերոսները:
27.09. 2020 – սարսափ ֆիլմի սկիզբը
Հենց առաջին օրը իրեն՝ նույն մեր հերոսին, իր ջոկի հետ բարձրացնում են Թալիշ` պաշտպանության: Բայց ավաղ, ուշացած: Թալիշն արդեն գրավված էր։ Ի՞նչ էր մնում անել` փորձել հետ գրավել։ Գրողը տանի, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական ժամանակաշրջանում 18 տարեկան զինվորը ի՞նչ պետք է աներ, երբ օդում իր քաշի ու իր տարիքի զենքեր էին պտտվում ու թափվում գլխին։ Երբ երկինքը ինչ որ լուսավորությամբ էր պատվում, բայց ոչ հրավառության։
-Տղերք, պառկեք,- բղավում է ընկերս, ու հանկարծ 10 մետր աջ ինչ որ բան ընկնում ու ավիրում է ամեն ինչ: Փրկվում են, փրկվում է, մեռնում, նորից ծնվում է: Մինչդեռ տանը ու իրեն սպասողների համար ինքը քնած է, կամ ապահով մի տեղ նստած… Ծիծաղելի է, կամ ոնց ասում են. «Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»:
Օր 2
Ոտքը դուրս է դնում շենքից, վազում ու հանկարծ պայթում է շենքը։ Նա ամբողջ զորամասի, ամենավերջին վաշտի, ամենավերջին դասակի, ամենավերջին զինվորն էր: Բայց սա էլ դեռ վերջը չէր:
Օր 3, դիրքեր
Մինչ մենք Երևանի կենտրոնում ուտելիք էինք հավաքում էն հույսով, որ դրանցից մեկը կհասնի իրենց՝ զուգահեռ իրականությունում մի շաբաթ առանց ջուր ու հաց նրանք դիմացել են: Վերջին հույսը անձրևն էր, էն էլ երկինքն էլ էր հրաժարվել էս մի բուռ ազգից:
Հոկտեմբերի 1
Մի ամբողջ դիվիզիայի հարձակում: Բայց դե ի՞նչ կռիվ, երբ զենքն էլ է վերջանում: Էդ պահին ոչինչ չի մնում, քան հավատը: Հավատը, որ մի օր էս ամեն ինչը կվերջանա։ Այդ պահին կողքը մի մեծ քարին է փամփուշտը հարվածում: Քարին, ոչ թե իր գլխին: Մտքում միայն ասում է. լավ պրծա:
Հոկտեմբերի 2
Ընկնում են շրջափակման մեջ: Երբ ողջ մնալու հավանականությունը 0,001 տոկոս է, գլխում մի բան է միայն պտտվում. «Մամայի ծնունդն ա»…
Բայց դե մեր Վահագնը բախտավոր աստղի տակ էր ծնվել: էս անգամ էլ են փրկվում:
Հոկտեմբերի 3` սարսափ ֆիլմի ամենավատ մասը, կամ վերջից 5 պակաս
Կորցնում է զինակից ընկերներին աչքի առաջ: Հետո ինչ որ ուժեղ գմփոց, ու գերաններն ընկնում են վրան: Ավիացիան էր ռմբակոծում, ու հարվածի պատճառով վիրավորվում է: Բան չէր մնում անել, քան դուրս գալ ավերակների տակից ու վազել։ Ուժասպառ էր, միայն մի խոսք էր գլխում. «Դե խփում եք` խփեք, էլ չեմ կարում»:
Որոշ ժամանակ անց հասնում է օգնությունը: Իզուր չի, որ ապագա բժիշկ է: Մինչ կօգնեին, ինքն է իր վերքը մշակում: Ու շարունակում է կռվել, մինչև վերջ կռվել էն հողակտորի վրա, որին մենք մեր գրքերում հայրենիք ենք կոչում։ Ու երբ մարում է ապրելու հույսը, հիշում է, որ հարյուրավոր կիլոմետրեր էն կողմ մարդիկ կան, որ ամեն վայրկյան սպասում են: Ներսում խեղդելով կորցնելու վախը, ուղղակի լուռ սպասում են:
Իսկ սարսափ ֆիլմի HAPPY END-ը այն է, որ մեր Վահագնը փրկվում է, վերածնվում է նորից, որովհետև իր փրկությամբ նա դեռ հարյուրավոր կյանքեր պետք է փրկի:
Որովհետև իր փրկվելով, փրկելու է շատերին։
…Իսկ վերածնված տղաների վերադարձը հավաստումն է նրա, որ կյանքը սիրուն է ու «դատապարտված է» շարունակվելու: