Մեր կողքին՝ աննկատ

Կասկածում եմ, որ գտնվի մի մարդ, որ կարողանա չսիրել բնությունը։ Չէ՞ որ բոլորին էլ հարկավոր է ժամանակ առ ժամանակ կտրվել քաղաքի կյանքից ու գնալ բնության գիրկը՝ ազատվելու առօրյա հոգսերից ու որոշ ժամանակ իրեն նվիրելու բնությանը։ Բնությունը այն մեծ պարգևներից է, որ մեզ շնորհված է։ Սակայն մենք հաճախ չենք գնահատում այդ պարգևը, ու թե ինչո՞ւ՝ դրան պատասխանել չեմ կարողանում։

«Մի բան արա» ծրագրի շնորհիվ Գյումրիից գնացել էինք Ախուրյանի կիրճ՝ շրջակա միջավայրը մաքրելու։ Առաջին անգամ էի լինում այնտեղ ու այն, ինչ տեսա, միաժամանակ ինձ և՛ հիացրեց, և՛ տխրեցրեց։ Կհարցնեք՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Հիմա ասեմ։ Հոյակապ ու չտեսնված բնություն, որը բացահայտելով՝ պարզապես չես կարող չվերաարժևորել հայրենքդ՝ Հայաստանը ու այն տարածքը, որտեղ ապրում ես, իմ դեպքում՝ Շիրակը, ու չհիանալ դրանով։ Շատ-շատ նոր բացահայտումներ արեցի այնտեղ, ու հասկացա, որ միշտ կա մի բան, որի մասին դու տեղյակ կարող ես չլինել՝ չնայած, որ այն գտնվում է հենց կողքիդ, այն մարդու պես, որ փնտրում է իր բանալիները, բայց գտնում է իր իսկ գրպանից։ Այս ամեն ինչը բացահայտելով՝ պարզապես չես կարող ավելի ու ավելի շատ չսիրել քո հայրենիքը։ Սակայն, երբ տեսնում ես մարդկանց վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ, ակամա հիասթափվում ես, բայց ուզում ես լավատեսությամբ հավատալ, որ մի օր կուղղվեն, կփորձեն արժևորել այդ ամենը։

Այս մտքերով քայլում եմ Ամասիա գյուղի մոտակայքում գտնվող Ախուրյանի կիրճում ու ընկերներիս հետ հավաքում այն աղբը, որը իրենց հանգստից հետո թողել են այդ տարածքում ու հեռացել։

Կուզեի կիսվել կատարածս բացահայտումների մի մասով։

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանում կա 2 գետ, որոնք միանալով իրար՝ կազմում են հստակ սահման ու չեն խառնվում իրար։ Հոսում են իրար կողքի, միայն որոշ երկարություն միասին անցնելուց հետո են միախառնվում։ Ո՞չ։ Ես էլ չգիտեի։ Դե ահա, տեսեք։ Փորձել եմ նկարի միջոցով ձեզ փոխանցել այն գեղեցկությունը, որը տեսա։ Սակայն իսկապես զգալու համար պետք է լինել այնտեղ։

IMG_5396

Իսկ գիտեի՞ք, որ կա ոչնչացման եզրին գտնվող սև արագիլի տեսակ, ու այն ապրում է Շիրակի մարզում։ Ես էլ չգիտեի։ Շիրակում նաև հանքային ջուր կա, բայց այդ մեկի մասին գիտեի, եթե չգիտեք, իմացեք։

Իսկ հիմա վայելեք նկարները ու փորձեք բացահայտել Հայաստանը, հավատացնում եմ՝ միշտ մի նոր բան կարող եք բացահայտել։ Ու վերջապես, ինչքան շատ բան եմ իմանում Հայաստանի մասին, այնքան ավելի շատ եմ սիրում, կարծում եմ՝ ովքեր դեռ քիչ բան գիտեն Հայաստանի բնության մասին, պետք է անհապաղ սկսեն ուսումնասիրել, և  շատ բան կփոխվի ձեր կյանքում։

elena zakaryan

Մի թաղի պատմություն

Մեր մանկության ամենահիշարժան պահերը և հիշողությունները մեր բակն են և թաղի պատմությունները: Մեր բակը շատ մեծ է, այն միավորում է տարբեր մարդկանց և տարբեր ընտանիքներ: Մեր բակը մի այնպիսի ջերմ միջավայր է, որտեղ մարդիկ աշխատանքից հոգնած նստում են և խոսում ամենատարբեր թեմաներից: Հիշողությունները շատ-շատ են մեր թաղից ու թաղի բնակիչներից: Ինչքան մտքով փոքրանում եմ, այնքան պատմություններն ավելանում են:

Մեր թաղում մեծամասնություն են կազմում երեխաները, իսկ ավելի կոնկրետ՝ աղջիկ երեխաները: Մենք 6 աղջիկ ենք՝ 6 ընկերուհիներ, ունենք շատ-շատ պատմություններ միասին: Հետաքրիրն այն է, որ առաջ մեզ փողոցից չէին կարողանում տուն բերել. մենք բարձր աղմուկ էինք հանում, խաղում էինք «գոռոզա», «փաղկվոց», «7 քար», իսկ եթե որևէ խաղ մեզ դուր չէր գալիս, մենք նորն էինք հորինում ու երևի մեզ փողոցից կտրելն անհնար էր, իսկ հիմա մեզ համոզում են, որ դուրս գանք փողոց: Ու հենց այդ պատճառով հետաքրքիր պատմություններն էլ չեն ավելանում։

Էստեղ ամենահետաքրքիրն այն է, որ մենք բոլորս նույն դպրոցից ենք, նույն դասարանից: Այսինքն՝ մեր հետաքրքիր պատմությունները շարունակվում են դպրոցում, քանի որ այնտեղ մենք ոչ թե 6-ն ենք, այլ 26-ը: Մեզ համար մի յուրահատուկ ավանդույթ էր դարձել դասից փախչելը: Դա իրոք վատ բան է, բայց ոչ մեզ համար։

Ամենահետաքրքիրն այն է, որ թե՛ թաղում, թե՛ դպրոցում անպակաս էին մեզնից կռիվները, բայց դրանք երկար չէին տևում՝ առնվազն 30-35 րոպե: Հետո մենք արդեն հաշտվում էինք:

Մենք բոլորս շատ մեծ սիրով ենք սպասում սեպտեմբերի մեկին, դե երևի միայն սեպտեմբերի մեկին, որովհետև դրանից հետո արդեն պետք է դաս սովորել:

Ես երկար, շատ երկար կարող եմ խոսել մեր թաղից և դպրոցից: Ինձ համար այդ օրերը, որ ես անցկացնում եմ դպրոցում և մեր թաղում՝ ընկերներիս հետ, յուրահատուկ են և անմոռանալի:

Mariam Yavrumyan

Ձանձրալի չլինես

Ես հենց նոր կարդացի ու գիտակցեցի մի փաստ. մի օր քո սենյակն այլևս քոնը չի լինի, անծանոթ մեկը կգա ու կջնջի բոլոր էն հիշողությունները, որ դու պահել ես էդտեղ։ Անունդ էլ չի իմանա։

Անծանո՛թ, չգաս, էլի: Ես իմ սենյակը շատ եմ սիրում, չնայած՝ գիտակցում եմ, որ ոչ միշտ եմ մաքուր և հավաքած պահում:

Չգաս, որովհետև ես էստեղ շա՜տ սեր ու ջերմություն պիտի թողնեմ: Չգաս, որովհետև այն նկարները, որոնք հիմա պատիս են, ստիպված կլինենք պոկել՝ ես կամ դու:

Այն cd-ները, որ եռանկյունաձև կպցրել եմ սենյակում ու արևի ճառագայթների հետ սիրուն ծիածանի պես լույս է գցում պատին: Հենց դրանք: Արի երբեք չպոկենք, ու էս սենյակը միշտ թողնենք՝ լինի իմ պես գույներ սիրող դեռահասի սենյակ:

Սենյակումս ամեն ինչ շա՜տ խառն է, ու միշտ ասում են, որ էնքան բան եմ կպցրել, որ սենյակս սարքել եմ «կոշկակարի բուդկա»:

Դու երբեք չես իմանա, որ ամենալավ ու ամենավատ օրերս էստեղ են անցել, ու հիմա էլ գրում եմ՝ սենյակումս նստած:

Եթե գաս էլ, նույն էներգիայով արի։ Ձանձրալի չլինես։ Սենյակս չի սիրում։

Էս նյութս էլ շատ երեխայական ստացվեց, որովհետև գունավոր սենյակի գովք եմ անում: Մեկ-մեկ էլ էսպես է պատահում:

svetlana davtyan

Չեմ ուզում տեսնել շղթայված հոգիդ

Բարև, սիրելիս: Վաղուց չենք հանդիպել, երևի շատ ես անհանգստացել: Նորից եմ եկել, որ մի բուռ լույս բերեմ մտքերիդ, ցրեմ հոգուդ խավարը, որովհետև գիտեմ՝ հաճախ ես նետվում հուսահատության գիրկը:

Բայց մի մտածիր, եկել եմ ու միշտ եմ գալու՝ առանց քո խնդրելու, քանզի քեզանից լավ գիտեմ, թե ինչ ես զգում ու ինչպես է վիշտը գտնում քո աքիլլեսյան գարշապարը: Ես գալիս եմ, որ դարման դառնամ վշտերիդ ու արև բերեմ ինձ հետ, որը կհալեցնի հոգուդ սառույցները ու կհարթի սրտիդ ակոսները:

Ինձ համար հեշտ է տանել քո ցավը, թույլ չեմ տա, որ քամիները անցնեն քո միջով: Բայց պետք է սովորես մի օր թևերդ առանց ինձ բացել ու գիտակցել, որ ես կրկին գնալու եմ:

Եկար բաժանումից հետո, երբ տեսնում ենք իրար, նայում եմ աչքերիդ ու հասկանում, որ դեռ անկարող ես: Ամեն անգամ գալիս եմ, կանգնում քո դիմաց ու տեսնում եմ արցունախառն աչքերդ, որոնք ինձ ստիպում են լինել շղթայված, փախչել քեզնից հեռու, որ չտեսնեմ հոգուդ տանջանքները: Չեմ ուզում տեսնել քեզ այդպես հոգեմաշ: Ուզում եմ, որ առանց ինձ էլ հոգիդ ծաղկի:

Սիրտս այնպես է սպասում քո գալուն, իմ միակ մխիթարություն:

Ինձ թվում էր, որ հուսահատության մեջ ընկած մարդկանց վարքը ենթակա չէ վերլուծության, որ դա չի կարելի վերապրել, բայց ահա մարդկային հոգում կարող են նկարագրվել կսկիծները: Այդ աչքերը, որ ինձ պատմում էին մարդկային մխիթարություն գտած տառապանքի մասին, ինձ ևս մի գաղտնիք հայտնեցին, որ քո հոգին կարող է առնել հուժկու Սամսոնի ուժը և լցվել շառաչով: Միայն թե աչքերդ աչքերիս չհանդիպեն:

inesa zohrabyan

Ամառ ջան

-Վա՜յ, դու դեռ դպրոցակա՞ն ես։

Եթե ինձ այսպիսի հարց տան, վերջապես կկարողանամ ասել՝ արդեն չէ, ուսանող եմ (չնայած՝ դեռ չեմ պարզել հարաբերություններս այս բառի հետ, ինչևէ)։

Իրականում, իմ ամառը բոլոր թելերով կապված էր համալսարան դիմելու հետ. քննությունների նախապատրաստական շրջանի, քննությունների, արդյուքների հրապարակման, լարված վիճակով անունդ փնտրելու ու գտնելու տրամադրությունների, սպասման։

Բայց, իհարկե, իմ սիրելի միջավայրը նոր պեղումներով ի մի բերելու ամառ։
Երևի թե ամեն մի մայրամուտը նկարել եմ, ամեն մայրամուտի համար մե՜ծ ժպտացել եմ, դե հա, իմ արխիվացրած արևածագերը քիչ են, բայց կան, կարող էին և չլինել, չէ՞։ Կանաչի, ստվերների, շանս հետ հարաբերությունները այս ամառ տեղափոխվեցին մի այլ զոնա։
Շանս շնչակտուր վազքը ու շնչառության՝ ինձ մոտ լինելը, կանգնած մնալը ու անխոս վերև նայելը թռչունների երամի ընթացքը զգալու համար իմ սիրելիներն էին այս ամառվա։ Գույն, գույն, գույն։

Մեկ-մեկ լինում է, չէ՞, որ ինչ-որ դիրքից նայում ես ինչ-որ կետի ու մտածում (օրինակ՝ սենյակի վարագույրին), որ քանի տարի է՝ դա կա, գոյություն ունի, բայց դու կարծես դա նոր բացահայտես, կամ նոր անկյունից քեզ համար տարածք բացես զննելու. այսպիսի ամառ էր։

Ամառ, երբ արդեն բժշկական դիմակ կրելը դառնում է գերսովորական մի բան։

Ամառ, երբ փոքր դետալների մեջ երջանկություն ես փնտրում ու գտնում. օրինակ՝ փորձում ես ուրիշներին էլ ասել, որ կակտուսիդ ծաղկելը կարող է հոգիդ լցնել։

Շնչելու ու արտաշնչելու ամառ։

Մեծ չափաբաժնով լույս օրեր եմ ուզում նաև աշնան համար։

Գնանք։

anahit badalyan (erevan)

Արևի սառը շողերը

1

Սովորաբար տուն մտնելիս առաջինը լույսն էր վառում, բայց այդ երեկո ուղղակի բաճկոնը նետեց հատակին ու խրվեց կանաչ բազկաթոռի մեջ։ Երբեք այդպիսի զգացողություն չէր ունեցել, թվում էր, թե հիմա կվերանա, քնաբեր խմեց․․․ Ապրում էր Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում՝ երկու սենյականոց բնակարանում, անձամբ էր կահավորել։ Ինչ գույն ասես, որ չէիր գտնի այդ անհասկանալի տանը՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին․․․ Առաջին հայացքից ահավոր անճաշակ ու անիմաստ տեսք ունեին այդ երկու սենյակները, բայց միայն գույներն էին, որոնց միջոցով կարող էր գոյատևել։ Չէ, նկարիչ չէր, սակայն հյուրասենյակի անկյունում դրված մոլբերտից ու կիսաչորացած ներկերից մեկ-մեկ օգտվում էր։

Կեսօր էր, հանկարծ հեռախոսի զնգզնգոցից վեր թռավ ու հայհոյելով գնաց միջանցք․

— Ո՞ւր ես, Մորտե։ Ժամին չե՞ս նայել, ինչ է։

— Ո՞վ է,- իմիջիայլոց հարցրեց։

— Կամ դու ես ուզում ինձ կաթվածի հասցնել, կամ էլ ուզում ես, որ ես քո գլուխը ջարդեմ։ Ես քեզ երեկ բացատել եմ, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել ու որոշիչ, իսկ դու չե՞ս էլ հիշում, թե ով է։ Լսիր, վերջին անգամ եմ ասում, այս գործը տանուլ տալ անկարող ենք, սա Կառավարության հրամանն է։ Դու՝ չգիտեմ, բայց ես ուզում եմ կույտով գումար աշխատել, այնպես որ տասը րոպեից տեսնեմ դեմքդ,- գոռգռաց ու անջատեց:

Մորտեն անգամ ատամները չլվաց (իրականում երբեք էլ չէր լվանում, ում է պետք ատամի մածուկը, եթե կարելի է ծամոն ծամել), հագնվեց ու սլացավ բաժին։ Ինչպես ճանապարհին վերլուծեց, իր քունը խանգարողը Ռաֆայել Կոստան էր՝ քննիչը։

— Բարև, Դայանա։ Կոստային չե՞ս տեսել, սենյակում չէր։

— Բարի կեսօր, Մարտին։ Սենյոր Ֆլորեսի մոտ է, ժողովի։

— Ժողովի՞, ի՞նչ ժողով է, որ։ Ահ, ինչ հիմարն եմ, Աստված իմ, ճիշտ է, նախարարը պետք է գար։ Շնորհակալ եմ, Դի, ինձ մի բաժակ սուրճ բեր, հա՞։

— Իհարկե։

Ինքն իր վրա բարկացած Մորտեն բարձրացավ ժողովների սենյակ, որն ատում էր։ Երբեք չէր հասկացել, թե սրտխառնոց առաջացնող վատ լուսավորված այդ խցում ինչպես կարելի է պաշտոնական քննարկումներ անցկացնել։

— ․․․այո, հենց այդ հանգմանանքներից ելնե․․․

— Ողջույն պարոն նախարար, բարի օր տղերք, – մի քիչ ամաչելով, որ արտաքին գործերի նախարարին ընդհատել է, նստեց աջ անկյունում։

— Ահա, Մորտե։ Եվ այո, ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ կարծում եմ՝ պետք է անհապաղ սկսել որոնումները, այլապես կարող ենք փաստի առաջ կանգնել։ Պարոնայք, հիշեցնեմ, որ գործընթացը գաղտնի է, պետք է անենք մաքսիմալը, որպեսզի ո՛չ ժողովուրդը, ո՛չ առավել ևս ամբողջ աշխարհը չիմանա։

— Հեյ, ի՞նչ հանգամանքների մասին է խոսում ծերուկը, ի՞նչ նորություն կա,- գրեթե անլսելի շշուկով Մարտինեզ Մորտեն հարցրեց իր կողքին նստած կանաչաչյա ջահելին։

— Այսօր երկու նոր մահ է գրանցվել, հինգ հոգու տեղափոխել են հոգեբուժարան։ Մահացածներից մեկն էլ տասնութը նոր լրացած երիտասարդ է։

Այլևս ոչ մի բառ չլսելով ու տրվող հարցերին գլխի դրական շարժում տալով՝ Մորտեն ուղղակի գլորեց առաջիկա երկու ժամը։ Անընդհատ սպանություններ կամ տապալված ճակատագրեր, արդեն հոգնել էր։ Վերջին տասներեք տարում երևի ամեն օր նույնատիպ նախադասություններ էր լսում։

2

Մարտինեզ Մորտեն շատ էր սիրում աշնանային գորշ եղանակը։ Առհասարակ, աշունը սիրում էր, որովհետև աշնան մեջ գույներ կան, լիքը գույներ։

Արդեն երեկոյան 8-ն էր։ Դուրս եկավ աշխատանքից ու ուզում էր զբոսնել։ Բայց դե, բնականաբար, այստեղ էլ բախտը չբերեց․

— Մարտին, մի րոպե կանգ առ, հասնեմ քեզ,- ոչ այնքան հեռվից լսվեց Ռաֆայել Կոստայի ծվծվացող ձայնը։

— Ասա, լսում եմ։

— Հե՜յ, միևնույնն է՝ մենակ ես։ Չե՞ս գա գնանք բար, մի քիչ խմենք, խոսենք, հա։

— Չէ՛, այն կողմ քաշվիր, Ռաֆ, ուզում եմ մենակ մնալ։

— Լավ, գոնե կթողնե՞ս հետդ քայլեմ մի քիչ։

— Քեզ հետ վիճելն ավելորդ է, արի։

Կոստան այնպիսի տեսք ուներ, կարծես հասել է իր վաղեմի երազանքին։ Կարճլիկ ու գիրուկ այդ տղամարդը, ում գլուխը կորել էր լայնեզր գլխարկի մեջ, իրականում վատ մարդ չէր, ուղղակի մի քիչ շահամոլ էր ու պնդաճակատ։

— Ի՜նչ լավ եղանակ է,- երկար լռությունից հետո խոսեց Մարտինը։

— Լսածիս չեմ հավատում։ Երբեք մտքովս չէր անցնի, որ հավերժ թթված իսպանացի ընկերս մի օր կողմնակի թեմաներից կխոսի։

— Ես էլ իմ լսածին չեմ հավատում։ Այդ երբվանի՞ց դարձա ընկերդ, – կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց Մարտինեզը։

— Մարտին, մենք հազար տարի է՝ իրար հետ ենք աշխատում, բայց երբեք նորմալ չես ժպտացել, երբեք խնջույքների չես եկել, ոչ էլ պատմել ես քո մասին։ Ո՞վ ես դու, ընկերս,- Կոստան երկար էր սպասել այս պահին։

— Ահա՜, թե ինչի համար կպար ինձ այսօր։ Լավ, արի նստենք էստեղ, կպատմեմ։ Մեկ-մեկ էլ ինձ է պետք թեթևանալ։

— Հմմմ։

— Ես Վալենսիայից եմ։ Երբ մայրս մահացավ, 12 տարեկան էի։ Հայրս մեզ վերցրեց ու տեղափոխվեցինք այստեղ։ Ես չէի ուզում գալ, որովհետև չէի ուզում Սելիային թողնել, բայց ո՞վ է հաշվի առնում երեխայի զգացմունքները։ Դե գիտես, այդ տարիներին Լատինական Ամերիկան զարգանում էր ու շատ էին արտագաղթողները։ Հայրս ոչ այդքան օրինական աշխատանք գտավ, սկսեցինք կամաց-կամաց հարստանալ։ Որոշ ժամանակ անց նա լրիվ մոռացավ մեր դաստիարակության մասին։ Անընդհատ պատճառաբանում էր, որ աշխատանքը շատ է, օրերով տուն չէր գալիս։ Հորս երեսից եղբայրս ընկավ փողոց, սկսեց գողություն անել, խմել ու մի օր էլ տուն չեկավ։ Հայրս մի քանի օր փնտրեց, հետո էլ եկավ ու շատ հանգիստ ասաց, որ մոռանանք նրան։ Մեր ընտանիքի միակ լուսավոր կետը քույրս էր։ Երբ հայրս կապվեց մի երիտասարդ կնոջ հետ ու մեկնեց Ավստրալիա, մենք մնացինք երկուսով։ Առաջին մի տարին հայրիկը ամսական գումար էր ուղարկում, հետո էլ գնալով սկսեցին քչանալ ուղարկվող դրամները։ Երկու տարի անց, երբ արդեն 20 տարեկան էի, քույրս ամսուսնացավ մի ամերիկացի սենատորի հետ, այդ ժամանակ նա մատուցողուհի էր աշխատում, հենց ռեստորանում էին ծանոթացել։ Մի խոսքով, ամուսնացավ ու ինձ տեղավորեց ուսման, շատ էր ուզում, որ ես լավ կրթություն ստանամ։ Ամուսնությունից հետո նրանք տեղափոխվեցին նահանգներ, ես մնացի, սովորում էի այստեղ։ Հիմա միայն քրոջս հետ եմ կապ պահպանում։

— Իսկ հետո՞։

— Դե, ինչ հետո։ Ընտրեցի տեսուչի մասնագիտությունը, որովհետև նախ ուզում էի եղբորս գտնել ու հետ պահել այդ զզվելի աշխարհից, վստահ էի, որ ողջ է։ Հետո ես, առհասարակ, ատում էի օրենքին հակառակ քայլող մարդկանց։ Երևի նրանից է, որ այդ միջավայրում եմ մեծացել, չգիտեմ։

— Ի՞նչ է, հիմա չե՞ս ատում, որ այդպես անցյալով ասացիր։

— Ես էլ չգիտեմ, արդեն հոգնել եմ, ես չունեմ սեփական ես, հասկանո՞ւմ ես։ Անընդհատ խորանում եմ ուրիշների կյանքերի մեջ։ Անգամ մարդկանց եմ սպանում։

— Դու փրկում ես անմեղներին, այդպես մի ասա։

— Փրկում եմ, բայց կործանում եմ մեղավորներին։ Դու ինձ չես հասկանա, քո գործը միայն քննելն է, անգիր արած հարցեր տալը։ Գիտես, հե՞շտ է ամեն անգամ նայել մարդասպանի կամ գողի աչքերի մեջ ու կարդալ, թե նրանց մեծամասնությունը ինչ դժվար կյանք է ունեցել։ Կարդալ, որ իրենք էլ են ուզում անեմեղ լինել, իրենք էլ են ուզում սովորական կյանքով ապրել, որ լավ օրից չէ, որ նման ապրելակերպ ունեն։ Ու այդ ամենն ընկալելով հանդերձ, անսրտաբար փակել նրանց չորս պատի մեջ ու հետո հանգիստ գլուխը դնել փափուկ բարձին, քաջ գիտակցելով, որ նրանք չունեն անխռով քնելու հնարավորություն։

— Չէ Մորտե, սխալ ես մտածում։ Նրանք սպանում են, թալանում, միթե՞ կարելի է նրանց խղճալ։

— Հասկանում եմ, բայց ես էլ եմ երբեմն նրանց սպանում, չէ՞։ Ու նրանց մայրերը կամ սիրելիները նույն ատելությունն են զգում իմ հանդեպ, ինչը, որ իրենք են պատճառում իրենց զոհերի հարազատներին։ Կամ, միշտ ստիպում եմ, որ ձեռքները գլխին պահած հետևեն ինձ, բայց երբևիցե փորձել ե՞մ նրանց լսել, հասկանալ, իհարկե ոչ։ Ես անգութ կենդանի եմ։

— Մարտին, բայց․․․

— Չէ, Ռաֆ, դու ինձ չես կարող հասկանալ, որովհետև իմ տեղում չես եղել։ Ես գիտեմ, որ իրենք մեղավոր են ուրիշների առաջ, բայց նույնչափ էլ ես եմ մեղավոր նրանց առաջ։ Ես էլ չեմ ուզում այսպես շարունակել, սա իմ աշխարհը չէ։ Ես չեմ ուզում փրկել կամ կործանել կյանքեր։ Ես թքած ունեմ բոլորի վրա, ես չեմ ուզում խառնվել ոչ մեկի ճակատագրին, չե՛մ ուզում։ Ես անգամ անձնական կյանք չեմ կարող ունենալ։

— Ինչո՞ւ չես կարող, – փորձելով թեմայից շեղվել, հարցրեց քննիչ Կոստան, քանի որ արդեն հասկանում էր, որ եթե այս խոսակցությունը շարունակվի Մորտեի սիրտը հաստատ կկանգնի։

— Սելիայից հետո ես ոչ ոքի չկարողացա սիրել, ու տարիքը կապ չունի, ես վստահ էի, որ եթե մնայի Վալենսիայում, մենք հիանալի ընտանիք կկազմեինք։ Մի երեք տարի առաջ սկսեցի ուրիշ աղջկա հետ հանդիպել, այն էլ պարզվեց, որ հանցախմբից է, որին այդ ժամանակ փնտրում էի, օգտագործում էր ինձ,- հանկարծ վեր կացավ ու սկսեց այնպես գոռալ, որ անցորդներն ապշած իրեն էին նայում,- տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, որ անգամ ընտանիք չեմ կարող ունենալ այս հիմար գործի պատճառով։

Աչքերից արցունքներ կաթացին ու վախենալով, որ Ռաֆայելը կնկատի, առանց հրաժեշտ տալու գնաց։

Այդ գիշեր ընկերներից ոչ մեկը չկարողացավ քնել։

3

Մարտինի մտքերը գիշերվա ընթացքում։

1։06, հյուրասենյակում․

«Հենց վաղը տոմս կառնեմ ու կգնամ Իսպանիա»։

1։45, կանաչ բազկաթոռի կողքի դեղնանարնջագույն բազմոցին․

«Ես էլ այսպես չեմ կարող, ոչինչ չի մնում, քան ինքնասպան լինել»։

2։13, լոգարանում՝ նախշազարդ ծայրերով հայելու դիմաց․

«Բայց լավ էլ սիրուն եմ, տեսնես ոչ մի հեռուստաընկերությունում չե՞ն ընդունի գործի»։

2։59, խոհանոցում՝ բաց սառնարանի դիմաց․

«Ո՞րն էր մեղքս, որ սենց ապուշ ճակատագիր ունեցա»։

3։03, դեռ խոհանոցում՝ սառնարանի դուռը փակելիս․

«Եթե հիմա ամուսնացած լինեի, ուտելու բան կունենայի»։

3։55, ննջարանում՝ լուսամփոփի տակ, գետնին նստած․

«Վալենսիան ոնց որ Սելիան լինի»։

4։28, ննջարանում՝ անկողնում շուռումուռ գալուց․

«Պետք է դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից, չնայած, թքած է, լավ էլ վարձատրում են»։

4։44, ննջարանում պատուհանի մոտ անընդհատ ծիծաղում է, հետո լացում, հետո աչքերը սրբում․․․

5։17, հյուրասենյակում՝ մոլբերտի դիմաց նկարելիս․

«Ախր, մի՞թե ես էսքան թույլ մարդ եմ»։

5։59, լոգարանում, զուգարանակոնքին ուղղակի նստած․

«Հա, էդպես էլ կանեմ, բայց սկսած բանը պետք է վերջացնել, ամեն դեպքում պետք է մի բանով տարբերվեմ անավարտ հորիցս»։

6։22, խոհանոցում ձու ջարդելիս․

«Էլի էս սառը ու զզվելի արևի շողերը, աչքերս ոնց են ծակծկում»։

6։30, ննջարանում գլուխը գրապահարանին խփելիս․ վրձինններն էր ուզում դասավորել․

«Ինչի՞ ոչ մի էմոցիա չարտահայտեցի, բայց լավ էլ ցավաց։ Լավ, միևնույնն է, արդեն առավոտ է, ու ուղիղ մտածել այլևս անհնար է, գնամ հագնվեմ»։

4

Տեսուչ Մորտեն աշխատում էր քաղաքի ծայրամասերում չհայտնվել, նոխկում էր այդ անմաքուր միջավայրից, համենայնդեպս ինքն այդպես էր բացատրում, բայց իրականում ուղղակի վախենում էր, որ եղբորը կտեսնի գողերի ու հանցագործների շրջանում՝ ինչ-որ թմրանյութի ազդեցության տակ։ Իր ուզել-չուզելուն ոչ ոք ու ոչ մի հանգամանք չէր նայում, գործի բերումով երբեմն ստիպված էր լինում իր կիսաթանկարժեք մեքենայի, որը թերևս Մարտինի լավագույն ընկերն էր, թանկանոց անիվները պտտեցնել քանդված ու ջրափոսաշատ փողոցներով։ Հատկապես վերջին մեկ ամսում համարյա ամեն օր գնում էր հարցաքննելու կամ մարդ ման գալու։ Գործը, որը հիմա հանձնարարված էր նրան Բրազիլիայի կառավորության կողմից, ավելի էր խառնել Մարտինի՝ տեղից էլ վերանորոգվող տան նմանվող ներաշխարհը։ «Էս մեքսիկացիները ոնց որ հանրահաշվի խնդիրների իքսերը լինեն, անկոչ հյուրի պես քիթները խոթում են ամեն տեղ ու բարդացնում ամեն ինչ։ Ա՜խր, որտեղից էլ ճարում են էդքան թմրադեղ, որ համ իրենց ազգին է հերիքում, համ էլ բերում են խեղճ կառնավալցի-բրազիլացիների մեջ են տարածում»,- անընդհատ մտածում էր Մորտեն, երբ ժամ առ ժամ մեքսիկաբրազիլական իսպաներեն լաբիրինթը ավելի էր խճճվում։ Մյուս կողմից էլ ամեն առավոտ Ռաֆայել Կոստան մանրամասնորեն հիշեցնում էր, որ իրենք բացահայտում են շա՜տ կարևոր գործ, որն անձամբ նախագահն է հանձնարարել, հիշեցնում էր, որ իրենք առնչություն ունեն մեքսիկացի նարկոբարոնների հետ, ովքեր չափազանց ՎՏԱՆԳԱՎՈՐ (այս բառը մի փառահեղ առոգնությամբ էր հնչեցնում) երևույթներ են ու, որ ամենակարևորն է, չեն վախենում ոչ մի օրենք-մօրենքներից։ Մարտինեզ Մորտեն ամեն առավոտ խելոք լսում էր նույն ճառը՝ մտածելով, թե ինչպիսի թանկ գնով կարող էր ծախել իր կյանքի սցենարը, որից հաստատ օսկարակիր տրագիկոմեդիա կստացվեր։

5

— Ինչքա՜ն բանի միջով անցանք վերջին երեք ամսում, Մարտին։

— Իրոք որ, Ռաֆ,- սայթաքելով Նախագահական տան աստիճանների վրա՝ պատասխանեց տեսուչը։

— Չհավանեցի ես Բրազիլիան, Ռիոն հազար անգամ լավն է, իզուր էլ մայրաքաղաքը փոխեցին,- Կոստան ամաչում էր, որ երկրի մայրաղաքաղաքում չի ապրում, դրա համար էլ պահը բաց չէր թողնում գովելու Ռիո դե Ժանեյրոն։

— Ինձ համար տարբերություն չկա, ես, միևնույնն է, գնալու եմ։

— Ի՞նչ,- շենքի ներսում աղմուկ էր։

— Հեչ։

Անընդհատ պաշտոնավոր ինչ-որ անծանոթների ողջունելով և փոխադարձ շնորհակալություններ ու գովեստի խոսքեր լսելով՝ տղաները բարձրացան երկրորդ հարկ, որտեղ էլ տեղի էր ունենալու նախագահի հրավիրած փակ երեկույթը։ Մարտինը չէր սիրում մարդաշատ վայրեր, այն էլ այդպիսի ձևական տղամարդկանց ու ոսկու շուկայի խանութ հիշեցնող պճնամոլ կանանց ընկերակցությամբ։

— Դե ինչ, սենյորներ և սենյորաներ,- վերջապես խոսեց Բրազիլիայի նախագահը,- ուրախ եմ ձեզ ողջունելու այսօրվա պարգևատրման երեկոյին։ Բրազիլիան խաղաղասեր երկիր է, սակայն երբեմն մեր անդորրն էլ են խանգարում։ Աշխարհը, որտեղ մենք ենք ապրում, լի է զզվելի մարդակերպ կենդանիներով, որոնց կյանքի նպատակը մեզ ցավ պատճառելն ու խանգարելն է։ Այօր մենք նշում ենք Բրազիլիայի պատմության մեջ բավականին կարևոր մի իրադարձություն։ Մոտ 6 ամիս տանջանքներից հետո, Բրազիլիայի երկրորդ կարևորագույն քաղաքի փողոցներն այլևս մաքուր են կյանքին ոչ արժանի անձանցից։ Դրանցից շատերը բանտում նեխում են, շատերը էլ չկան․․․ Ինչպես գիտեք, վերջերս մենք իրականացրեցինք նմանը չունեցող բարդագույն օպերացիա, որի ժամանակ մեզ, իհարկե Ռիո դե Ժանեյրոյի ԱԱԾ բաժանմունքի գլխավորությամբ, հաջողվեց բռնել թմրադեղեր տարածող գաղտնի խմբավորման անդամներին, ովքեր հսկայական վնասներ էին հասցնում թե՛ ժողովրդին, թե՛ Բրազիլիայի Հանրապետության բարի համբավին և թե՛ Մեքսիկայի հետ մեր արտաքին և ներքին քաղաքական հարաբերություններին։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ,- նախագահը մի պահ ընդհատեց, որովհետև բոլորը ծափահարում էին,- և ուզում եմ պարգևատրել Ռիոյի ԱԱԾ մասնաճյուղի քննիչներին, ամբողջ անձնակազմին և, դե իհարկե, տեսուչ Մարտինեզ Մորտեին։ Նշեմ, որ մեր ճանապարհին բազմաթիվ մեծ ու փոքր քարեր հանդիպեցին, ինչպես օրինակ պետի դավաճանությունն էր և կեղտոտ համագործակցությունը նարկոբարոնների հետ։ Սենյոր Մորտե՛, Ձեզ հրավիրում եմ բեմ։ Ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը Ձեր մասնագիտությանը անգնահատելի է, խոնարհվում եմ Ձեր առջև և նկատի առնելով կատարված աշխատանքն ու ԱԱԾ պետի թափուր պաշտոնը, այս պահից սկսած Դուք Ռիո դե Ժանեյրոյի ԱԱԾ մասնաճյուղի պետն եք, շնորհավորում եմ։

Բոլորը քարացած էին տեղներում, չէին սպասում, որ ինչ-որ անհասկանալի ու իրենից բան չներկայացնող հասարակ իսպանացու նման պաշտոն կտան, նախանձն, ինչպես միշտ, հաղթել էր մեծատուններին։ Լռության ելևեջների մեջ Մարտինը կոշիկներով դմփդմփացնելով բարձրացավ բեմ ու կիսաչար քմծիծաղով սկսեց իր ճառը․

— Առհասարակ, իմ ճանապարհին, բնական է, որ շատ եմ հանդիպել օրենքին չենթարկվող ու խարդախ մարդկանց։ Եվ այսօր այս բեմից ես վստահաբար կարող եմ ասել, որ հարստության կամ Կառավարության փեշի տակ գտնվող երևույթներից ավելի անօրինական ու կեղտոտ մարդկանց չեմ զարնվել։ Եթե հանցագործները ուղղակի ենթարկվում են ճակատագրի հարվածներին, ապա դուք անխղճաբար հարվածում եք ձեր ճակատագրին ու ստիպում փչանալ։ Դո՛ւք այստեղ նստած ձեզ ներկայացնում եք իբրև ազնիվներ ու արիստոկրատներ, ու ցեխ եք նետում բանտում փտողների վրա, բայց ինքներդ էլ գիտեք, որ նրանցից ոչնչով չեք տարբերվում, ոչնչո՛վ,- Մորտեի ձայնը թնդում էր ողջ դահլիճով մեկ,- դուք այսքան հարուստ եք, ու համարյա բոլորդ էլ էդ այլանդակ փողերին նմանատիպ ճանապարհով եք հասել, ինչպես օրինակ՝ Դոն Գարսիան, որին երեք օր առաջ ձերբակալեցի ձեր ասած այդ բարդ օպերացիայի շրջանակներում։ Կամ ԱԱԾ պետը՝ Հերնանդեսը՝ վառ օրինակ։ Կամ Դուք, սենյոր Oլիվիերա,- մատնացույց արեց մեջտեղի շարքում նստած բարձրահասակ ակնոցավոր տղամարդուն, որի կլորավուն ակնոցները վախից ընկան սապատավոր քթի վրայից,- Ձեզ թվում է, որ Գարսիային կգտնեմ, իսկ Ձեզ՝ չէ՞։ Ինչպես սենյոր նախագահն ասաց, այո, ցավոք սրտի, ես պրոֆեսիոնալ եմ հենց այս՝ հանցավոր աշխարհում։ Հարգելի ներկաներ, ձեզանից վաթսուն տոկոսը համագործակցել է Դոն Գարսիայի հետ, ի դեմս սենյոր նախագահի տեղակալի և միգուցե անգամ հենց նախագահի։ Ես ավել բան չեմ ասի, չեմ ուզում թռիչքից առաջ գլուխս ծանրաբեռնել ավելորդ մտածմունքներով։ Այսօր ես թողնում եմ իմ կարիերան, հիշողությունները և այն ճակատագրերը, որոնք քարուքանդ եմ արել ձեր նման թուլամորթներին պաշտպանելու համար։ Սակայն, դեռ որպես տեսուչ Մորտե, ես ունեմ անձեռնամխելիություն, ուստի ասում եմ՝ ձերբակալե՛լ բոլոր նրանց, ում անունները տվել եմ երեկույթից առաջ,- կարմիր աչքերից բխող ոչինչ չասող, բայց իր հոգեվիճակը բնութագրող հայացքը հառած Կոստային՝ որպես ներողություն, որ անտեղյակ է պահել ամենից՝ գոռաց Մարտինը,- սա հրամա՛ն է։

Ներս խուժեցին Հատուկ զինված ուժերը, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ Մարտինեզ Մորտեի պետքն էլ չէր, նա իր կյանքի ընթացքում առաջին անգամ իրեն լիարժեք մարդ էր զգում։

***

— Ինձ սուրճ տվեք, por favor:

— De acuerdo, señor, և կապեք Ձեր ամրագոտին։

karin eranosyan

Ուղղակի նամակ, որը չես կարդալու

Ես չգիտեի էլ, թե դու ով ես: Բայց փնտրում էի ձայնդ ու շապիկդ: Չեմ նշելու շապիկիդ գույնը: Բայց փնտրում էի մինչև վերջ: Դու արդեն չէիր էլ երևում, երևի ուղղակի շապիկիդ գույնն ունեցող մի փոքրիկ կետ էիր դարձել: Բայց ես մինչև վերջ նայում էի քեզ: Ես չգիտեմ էլ՝ գրածներս կարդում ես, թե չէ: Բայց շնորհակալ կլինեմ, որ իմանամ՝ չես կարդում: Ինձ պետք չէ, որ իմանաս, թե ինչ-որ նշանակություն ունես ինձ համար: Բայց խոստովանում եմ, սիրելի՛ս, ունես, երևի ունես կամ դեռ ունես:

Այսօրվա լսածս բոլոր երգերը ափսոսում եմ, գիտեմ, որ վաղը լսելիս քեզ եմ հիշելու: Մեղավոր ես դրա համար: Ես սիրում էի այդ բոլոր երգերը, հիմա պիտի թարմացնեմ երգերիս ցանկը, սիրելի՛ս:

Ես չէի էլ հասկանում, թե ինչ է կատարվում, գուցե աչքիս էիր երևում: Հիշո՞ւմ ես, մի անգամ էլ եմ քեզնից հարցրել.

-Իրակա՞ն էիր, թե՞ աչքիս երևացիր:

Իրական էիր, սիրելի՛ս, դու էլ ես ասել, որ իրական ես: Հիմա չգիտեմ, եթե կարդաս, գուցե չհիշես: Բայց թարմացրո՛ւ հիշողությունդ: Ես երբեք չեմ խաբի: Այն էլ քեզ: Ի վիճակի չեմ, հաստատ լաց կլինեմ, եթե խաբեմ: Իսկ դու ասել էիր, որ լաց չլինեմ։ Մեկ-մեկ անտեսում եմ ասածդ: Կներես, ստացվում է: Հայացքդ չէր փոխվել, բայց մի փոքր սառնություն կար: Հիշո՞ւմ ես՝ վախենում էի հայացքիցդ, բայց ասել ես, որ ընդամենը զննող հայացք էր: Էլ չեմ վախենում, սիրելի՛ս: Հավատում եմ քեզ: Ընկերուհուս էլ ասել էի, որ էլ քո մասին չեմ գրելու: Խաբել էի, կգրեմ, էլի կգրեմ, ես էլ ինձ լավ գիտեմ: Ատում եմ քեզ, քո պատճառով ընկերուհուս հաճախ եմ խաբել, բայց փոշմանում եմ: Դու ոչ ոք ես, որ իրեն քո պատճառով խաբեմ: Էլի եմ քո մասին գրելու: Ներիր ինձ: Կիսատ եմ թողնում նորից:

Anahit Badalyan

Մարդիկ

Մարդկանց պետք են մարդիկ։ Պետք են, որ լսեն իրենց լայն բացված աչքերով, որ խոսեն իրենց հետ ոգևորված ու արագ-արագ՝ ինչ-որ հետաքրքիր պատմություն պատմելով կամ ոչ ծիծաղելի մի անեկդոտ հիշեցնելով։ Պետք են մարդիկ, որ հետները գնան դպրոց, համալսարան, աշխատանքի կամ թոշակ ստանալու։ Միասին գնան զբոսնելու, կինո կամ թատրոն, պիցցա կամ սուշի ուտելու, սուրճ կամ գինի խմելու։

Մարդկանց մարդիկ են պետք, որ համադասարանցիներ լինեն ու միասին ավարտեն դպրոցը։ Որ սովորեն նույն կուրսում ու 4-5 տարի դասերից հետո միասին գնան գնումների, աշխատանք որոնելու կամ իրար տուն՝ միասին մի բան սարքելու։ Պետք են մարդիկ, որոնք կզանգեն ինչ-որ հաճախականությամբ ու կհարցնեն՝ ինչ կա-չկա։

Մարդկանց մարդիկ են պետք, ում ցույց կտան նոր գնած զգեստները, կհարցնեն՝ ինչ կարծիքի են դրանց մասին ու մի տեսակ կլինեն գուցե՝ թե էդ մարդիկ իրենց սրտով մի բան չասեն։ Էնպիսի մարդիկ են պետք, ում հետ կքննարկեն եկող աշխատանքային օրվա անելիքները, կորոշեն շաբաթ-կիրակի միասին գնալ լողավազան կամ կտան իրենց հեռախոսը, որ սիրուն այգու մոտով անցնելիս նկարեն իրենց։

Մարդկանց առօրյա, կենցաղային մարդիկ են պետք։ Թվացյալ բովանդակ, կարևոր ու բաղկացուցիչ մարդիկ, որոնց շատությունը դառնում է սովորական, որոնց պակասը, սակայն, անսովոր լինելուց բացի չի դառնում երբեք ցավեցնող ու դատարկ։ Պետք են հեշտ մարդիկ՝ թեթև, ծիծաղող, ինչ-որ անտրամաբանական ու մեկ-մեկ հիմար ու ձևական բաներ անող ու էդ հիմարությամբ «անկեղծ» տպավորություն ստեղծող մարդիկ։ Պետք են հեռախոսին պատասխանող մարդիկ, էնպիսիները, որոնց արժե զանգել դասի գնալուց առաջ կամ դասերից հետո։ Որոնց հետ արժե գնալ խանութներով ու նկարվել սիրուն այգիներում։ Որոնց հետ լավ է, հեշտ է, անհոգ։

Մարդկանց պետք չեն լիքը մարդիկ։ Լիքը մարդիկ բարդ են, պարունակ ու խորը։ Լիքը մարդիկ կարող են բացարձակ տարբեր ու ծայրահեղ ճաշակ ունենալ, կարող են և չհավանել քո ընտրած զգեստն ու չսովորել քեզ հետ նույն կուրսում կամ համալսարանում։ Բայց երկար են մտածում էդ մարդիկ ամեն անգամ, երբ իրենցից ինչ-որ կարևոր խորհուրդ ես հարցնում։

Լիքը մարդիկ լիքն են պատկերացնում կյանքում ամեն բան՝ ջերմությունը, հոգատարությունը, մտերմությունը։ Կիսատված լինելը լիքը մարդկանց ցավն է։ Լիքը մարդիկ անկեղծ են, իսկական ու հավատարիմ։ Թեթև չեն, ու գուցե հեշտ չէ նրանց հետ մի խանութից մյուսը թափառել։ Գուցե խոսակցությունները առօրյա չեն՝ ձանձրալի ու անբովանդակ լինելու չափ։ Գուցե անընդհատ նոր բան կա նրանցից լսելու կամ նրանց լսեցնելու։ Լիքը մարդկանց սրտերում չի գալիս ժամանակ, երբ մտերմությունը դառնում է սովորական, իսկ ջերմությունը՝ դադարում գնահատելի լինելուց։ Լիքը մարդիկ մի՛շտ են հարում մտերմությանն ու միշտ գիտեն՝ ինչ թանկ բան է անկեղծ հոգատարությունն ու ջերմությունը։

Նրանց հետ խանութներով կգնաք հազարից մեկ, լողավազան՝ միլիոնից մեկ, այգիներում կնկարեք-կնկարվեք շատ կամ քիչ: Բայց կխոսեք նրանց հետ: Ոչ հեռախոսով ու ոչ առօրյայից: Կյանքից, լավից, վատից…

Մարդկանց պետք չեն մարդիկ, որոնք լաց են լինում իրենց ականջին։ Պետք չեն գիշերվա հազարին կյանքի անցողիկության, տարիների՝ արագ թռչելու, կամքի մեծ ուժի ու արժեքների մնայուն լինելու մասին մտքերից արթուն մնացող մարդիկ։

Պետք չեն մարդիկ, ովքեր հանկարծ ու առանց ինչ-որ առիթի կարող են ուրախանալ կամ տխրել։ Պետք չեն մարդիկ, որոնց ուրախության ու տխրության առիթները այնքան ակնհայտ չեն, ինչքան նոր զգեստը, հաջողված ֆոտոշարքը կամ նման մի բան։

Մարդկանց պետք չեն մարդիկ, ովքեր իրենց մեջ ամենից շատ ու ամենից առաջ կգնահատեն իրենց մնայուն լինելը։ Ովքեր թքած կունենան այն բոլոր պահերի վրա, որոնցում եղել են բացակայություններ, հեռավորություն ու ժամանակ, ու շնորհակալ կլինեն կյանքին՝ էս ամենի միջով անցնող ու իրենցը մնացող մարդկանց գոյության համար միայն։

Մարդկանց պետք չեն միշտ օգնության պատրաստ ու հավատարիմ մարդիկ։ Պետք չեն մարդիկ, որոնց հետ սուրճի կամ գինու փոխարեն կարելի է թեյ խմել։ Որոնց հետ առօրյա ու սովորական խոսակցություններին մի քանի տասնյակ անգամ կասեք-կլսեք Սարտրի, Նիցշեի, կամ ձեր իմաստուն հարևանների թևավոր խոսքերից ու չեք էլ իմանա, թե նրանք են ասել էդ խոսքերը։ Կմտածեք՝ դուք եկաք էդ խոր ու փիլիսոփայական եզրահանգումներին ձեր խիտ ու անկեղծ զրույցների արդյունքում։

Մարդկանց խճանկար մարդիկ պետք չեն։ Պետք չեն հանելուկներ։ Որ չմտածեն։ Որ ժամանակ չծախսեն։ Որ չսխալվեն հանկարծ, երբ չգտնեն ճիշտ պատասխանը հանելուկի կամ չկարողանան հավաքել խճանկարը։ Մարդկանց պետք չեն վեպեր կամ խորին չափածոներ՝ խառը բառերով ու բազմազան կետադրական նշաններով։ Նրանց պետք են պարզ համառոտ նախադասություններ։ Անբովանդակ։ Հեշտ։ Լուծելի։ Ստորակետներ, բութեր, շեշտեր հարկավոր չեն։ Նրանց վերջակետն էլ է հերիք՝ եզակի ու ճշգրիտ, որովհետև հավանականություն չկա՝ վերջակետը վերջից բացի ուրիշ մի տեղ դնելու, ու նրանք կկարողանան կետադրել իրենց գտած մարդկանց ճիշտ ու անթերի։

Մարդկանց միշտ-մարդիկ պետք չեն։ Միշտը բարդ բան է։ Էդ մարդիկ շատ են թեթև ու վառ՝ հավերժի բարձրության ծանրությունն իրենց ուսերին կրելու համար։