monika alaverdyan

Դեպի տուն վերադարձ չկա

Հիշում եմ՝ գյուղի բլրի վրա այդպես էլ կիսաքանդ մնացած տունը, մորս հուշերում ծվարած տունը: Թե ինչու այդպես էլ կիսաքանդ մնաց, թե ինչու եկավ պատերազմը, ես չգիտեմ: Ոչ մեկն էլ չգիտեր: Ամեն բան քանդեց պատերազմը, բայց տունն այդ բլրի վրա թառած այդպես կիսաքանդ էլ մնաց:

Ես տեսել եմ պատերազմը, այո՛, տեսել եմ մորս աչքերում, պապիս ասած ամեն մի բառում տեսել եմ մի հետք ցավոտ, որ վաղուց է՝ արդեն չի լքում բառերն այդ մոլոր: Ես լսել եմ կիսաքանդ տան քարերի ներսից ճիչն այն մանկան, որն այդպես էլ չիմացավ երկնքի գույնը, որն այդպես էլ տունն այդ կիսաքանդ չտեսավ քարը քարի վրա մինչև վերջ դրված:

Մորս հուշերում ծվարած տան լույսը չմարեց:

Պապիս տնկած խնձորենին ամեն տարի լավ բերք տվեց, բայց ցավն այդպես կիսաքանդ էլ քնած մնաց բոլորի սրտերում: Չքանդվեց ու հանգիստ ապրել չտվեց մորս, պապիս, մանկանն այն, որ երկինք չտեսավ:

Կիսաքանդ հոգիները բայց ժպտալ գիտեն, նրանք խոստացել էին երբեք չքանդվել: Բայց և կառուցվել չկարողացան: Կառուցո՞ղ չկար: Ուժ չկար, գուցե վաղուց բոլորին լքած հույսից լո՞ւր չկար:

Մորս աչքերում լույսն աղոտ էր, բայց չմարեց․․․

«Մարդկության պատմությունը կհավասարվեր զրոյի, եթե չլիներ գրականությունը»

Իմ զրուցակիցը երիտասարդ գրող, թարգմանիչ, երգահան Էլիզա Մխիթարյանն է:

-Քանի՞ տարեկանից եք սկսել ստեղծագործել:

-Ստեղծագործում եմ շատ վաղուց, առաջին անգամ տպագրվել եմ առաջին դասարանում։ Թերևս անկեղծ մի գաղտնիք բացեմ, անգամ ատամհատիկ կոչվող ավանդական արարողությանը, երբ պիտի պարզ դառնա երեխայի ապագա մասնագիտությունը, ես միանգամից վերցրել եմ գրիչ։

-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր գրական-ստեղծագործական ուղին:

-Առաջին դասարանում «Մենք» ամսագրում տպագրվելուց հետո շատ երկար դադար էր ինձ մոտ, և գրական-ստեղծագործական ուղիս շարունակվեց միայն 17 տարեկանում, երբ ընդունվել էի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ։ Այդ ժամանակ ես սկսեցի թղթակցել «Թիվի Ալիք» շաբաթաթերթի «Շավիղ» գրական էջին, սկսեցի պարբերաբար տպագրվել, տարիների ընթացքում այնքան բան սովորեցի իմ խմբագրից, որ բառերով նկարագրելու չէ, այն խմբագրից, ով նաև հետագայում դարձավ իմ գրքի խմբագիրը՝ Սերգեյ Հարությունյանը։ Այդ ժամանակ նաև մի գրական մրցույթում իմ «Դժոխքից 50 մետր հեռու» պատմվածքը ճանաչվեց լավագույն արձակ գործ, որը հետագայում մի շարք ամսագրերում ու թերթերում տպագրվեց։ 17 տարեկանից սկսվեց հիմնական ուղիս, բազմաթիվ թերթերից, ամսագրերից առաջարկներ ստացա, կայքերից առաջարկներ ստացա, համահավաք ժողովածուներում տպագրվելու առաջարկներ և այդպես մտա մի աշխարհ, որի անունն է «Գրականություն»։

-Ի՞նչ է Ձեզ համար գրականությունը:

-Մարդկության պատմությունը կհավասարվեր զրոյի, եթե չլիներ գրականությունը։ Գիրքը մարդկության պատմությունն է, եկեք մի պահ պատկերացնենք, որ աշխարհում ոչ մի գիրք չգրվեր, այսօր մենք ոչինչ չէինք իմանա մեր պատմության մասին, պատկերացնենք, որ աշխարհում ոչ մի գրող ծնված չլիներ, ոչ ոք չգրեր մարդկային հույզերի մասին, ոչ ոք չպատմեր իր ժամանակաշրջանի մասին, ոչ մի պատմավեպ չգրվեր և այդպես շարունակ։ Կլիներ աղետ։ Այնպես որ, բարձր գրականությունը ոչ միայն իմ, այլև ամբողջ մարդկության պատմությունն է և սա բացարձակ ու անքննելի ճշմարտություն է։

-Հատկապես ո՞ր ժանրով եք ստեղծագործում:

-Նախընտրում եմ գրել կարճ պատմվածքներ, նորավեպեր, որոնք ունեն անսպասելի ավարտ և ընթերցողի համար ապահովում են լարված ընթացք: Ունեմ պատմվածքներ, որտեղ պատմական դրվագներ են նկարագրված։ Ինքս աբսուրդ, էքզիստենցիալ գրականության սիրահար եմ, իմ գրականության մեջ ակամա կան նաև այդ դրսևորումները, մասնավորապես՝ մարդկային գոյության, կեցության խնդրի որոնումները, աբսուրդային դրվագներ և այլն:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ժանրի ստեղծագործություններն են առավել հետաքրքրում ժամանակակից հայ երիտասարդությանը:

-Ժամանակակից հայ երիտասարդության հետաքրքրությունները շատ տարբեր են, չեմ կարող ասել՝ ո՞ր ժանրն է ավելի հետաքրքրում, բայց հաստատ կարող եմ ասել, որ պաթետիկ բովանդակությամբ գրքերը շատ քչերին են այլևս ձգում։ Ժամանակակից մարդն առհասարակ ձգտում է կարճ գրքերի, կարճ, բայց բովանդակալից խոսքի, եթե օրինակով խոսեմ, ապա անցած դարում, եթե որևէ հեղափոխության ժամանակ մարդը պատրաստ էր իր հետ աթոռ վերցնելու և լսելու հրապարակախոսական երկարաշունչ ճառեր, ապա այսօրվա երիտասարդը դա հաստատ չի անի։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որը խորհուրդ կտաք բոլորին կարդալ:

-Սիրելի գրքեր շատ ունեմ, բայց ամենասիրելի գրքերը ամենասիրելի գրողի կողմից գրվածներն են։ Խոսքը Ֆրանց Կաֆկայի մասին է, ով ինձ համար եղել և մնում է համաշխարհային աբսուրդ, էքզիստենցիալ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Խորհուրդ եմ տալիս կարդալ նրա բոլոր գրքերը, մասնավորապես՝ «Դատավարություն», «Կերպարանափոխություն» և «Դղյակը» ստեղծագործությունները։

-Ձեր գիրքը` «Ռոմանտիղմը», շատ հետաքրքիր է և՛ իր շապիկով, և՛ վերնագրով: Կարո՞ղ եք մեկնաբանել այն:

-Հետաքրքիր է «Ռոմանտիղմը», թե ոչ, ընթերցողը կասի և այս ընթացքում որքան որ լսել եմ կարծիքներ, դրանք եղել են դրական։ «Ռոմանտիղմն» իմ առաջին ձեռքբերումն է, առաջին հաստատուն քայլը, ես երջանիկ եմ, որ իմ առաջին գիրքը տպագրելու համար ոչ թե փորձել եմ հովանավոր գտնել, կամ դիմել տարբեր հրատարակչությունների, այլ հակառակն է տեղի ունեցել։ Ես երջանիկ եմ, որ իմ գրականությունը նկատել են և գնահատել։ Գրքում ներառված են կարճ պատմվածքներ, թեմաները շատ տարբեր են, բայց գրքի գլխավոր ուղեգիծն այն է, որ այս արդի աշխարհի խելահեղ շրջապտույտում մարդը նույնն է, նրա հույզերը նույնն են և նա միշտ ձգտում է դեպի հասարակը, դեպի սկիզբը, ինչպես գրքի առաջաբանում ասել է Մարգարետ Ասլանյանը՝ մարդը ձգտում է դեպի միակ կատարյալը, դեպի հասարակը՝ զբանս սկզբի։

-«Հիասթափությունը զարհուրելի հիվանդություն է»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր այս խոսքերը: Դուք հիասթափություն ապրե՞լ եք:

-Ցույց տվեք ինձ աշխարհում գեթ մեկ մարդու, ով չի ապրել հիասթափություն և ես կասեմ, որ գրել եմ բառեր ոչնչի մասին։ Անգամ փոքրիկ երեխաները, որ երազում են հեծանիվ ունենալ և ինչ-ինչ պատճառներով չեն ունենում՝ ապրում են հիասթափություն։ Ես էլ իմ կյանքում ունեցել եմ և վստահ եմ, որ դեռ շատ կունենամ հիասթափություններ, որովհետև սա կյանք է և վերջ։ Եվ այո, հիասթափությունը զարհուրելի հիվանդություն է, և ոչ մեկս ապահովագրված չենք այդ հիվանդությամբ վարակվելուց:

-Ձեր ձեռքբերումները որոշակի են նաև գեղարվեստական թարգմանության ոլորտում. բուն ստեղծագործական վիճակն ինչպե՞ս եք զուգորդում թարգմանական գործին:

-Ես «Երևանյան Էսքիզ» գրական, մշակութային հարթակի համահիմնադիրն եմ և հանրային կապերի ղեկավարը, ի սկզբանե թարգմանություններս սկսել եմ հրապարակել այդ հարթակում, իսկ հետագայում պահանջը մեծացել է և նաև այլ հարթակներում են սկսել հրապարակվել և հրատարակվել, մասնավորապես՝ այս պահին նաև թղթակցում եմ «Մշակութային հրապարակ» ամսաթերթին՝ տրամադրելով գեղարվեստական թարգմանություններ, որոնք անում եմ արաբերենից, քանի որ մասանգիտությամբ արաբագետ եմ։ Գեղարվեստական թարգմանությունը ոչ միայն չի խոչընդոտում, այլև օգնում է գրողական գործունեությանը։ Ասեմ, որ շատ բարդ է թարգմանել պոեզիա, հնարավոր չէ կատարել բառացի թարգմանություն, որովհետև այդ դեպքում ուղղակի կստացվի մտքերի մի կույտ, որը քո լեզվով ոչինչ չի տա ընթերցողին։ Գեղարվեստական թարգմանությունը շատ պատասխանատու աշխատանք է, կասեմ, որ թարգմանությունը կրկնակի հաջողված է, եթե այն կատարում է հենց գրողը, որովհետև գրողը կարողանում է տեսնել մեկ այլ գրողի պատկերները և որսալ դրա հայերեն տարբերակն այնպես, որ փոխանցի այն նույն շքեղությունը, ինչը բնագրում է։

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Վերջին տասը տարիների ընթացքում կյանքիս կարգախոսը Հեմինգուեյի խոսքերն են․ «Երբեք մի՛ շփոթիր շարժումը գործողության հետ»։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գրողին, ինչի՞ն պետք է առավել ուշադրություն դարձնել և ինչի՞ց խուսափել:

-Սկսնակ գրողին խորհուրդ կտամ շատ կարդալ և լինել գերակտիվ՝ փնտրելով հարթակներ սեփական գրականությունը մատուցելու համար։ Խորհուրդ կտամ լսել փորձառու կամ որոշակի ճանապարհ անցած գրողների կարծիքը իր գրականության վերաբերյալ և ընդունել առողջ քննադատությունը, իսկ լավ խոսեքրից չմեծամտանալ, այլ շարունակել հղկել սեփական գրիչը։

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:

-Ապագայի հետ կապված պլաններ շատ կան, որոնց մասին կնախընտրեմ լռել։ Կասեմ միայն այն, որ իմ ողջ ներուժը դրվելու է որակյալ, բարձր մշակույթի ստեղծման և պահպանման գործում։

nare ohanyan

Դու

Դու՝
իմ անվերջանալի փնտրտուքների մեջ չփնտրածն
ու գտածը,
Դու՝
իմ ամենաթանկն
ու ամենից սիրածը,
Ինձնից չգնացողն
ու իմ չկորցրածը։

Դու՝
իմ բանաստեղծություն՝
անվերջ գրվածը,
Ու երբևէ ոչ մեկի՝
չկարդացածը։

Դու՝
իմ ուրի՜շ,
ամենաթա՜նկ,
միա՜կ
ունեցածը,
Եվ իմ գոյությունն
ու գոյությանս Աստվածը։
Լռությանս մեջ բարձրաձայնվածը,
Ճակատագրից ինձ վաղուց նվիրվածը։

Դու՝
իմ չկրկնվածն
ու երբեք չուշացածը,
Իմ չմոռացվողն
ու ինձ չմոռացածը։

Դու՝
իմ միակ աշխարհն
ու աշխարհում ունեցածը…

edita galstyan

Նամակ ինքս ինձ

Գիտեմ՝ շատերդ արդեն հոգնել եք կորոնավիրուս բառը ամենուր լսելուց: Բոլորն էլ հոգնել են երևի: Սոցիալական տարբեր հարթակներում ուղղակի լող են տալիս նյութեր, որոնցում շատերը իրենց կարծիքն են արտահայտում կորոնավիրուսի չլինելու, գոյություն չունենալու վերաբերյալ: Բայց այսօր խոսքս դրանց չի վերաբերելու:

Համավարակը ինձ մտածելու ու վերլուծելու շատ առիթներ է տվել: Ու ուզում եմ ինքս ինձ նամակ ուղղել, որով կպարտադրեմ ինքս ինձ փոխվել դեպի լավը, կպարտադրեմ ինքս ինձ գնահատել ունեցածս:

Երբ ամիսներ առաջ ես ամեն առավոտ զարթուցիչիս ձայնն էի լսում, ուզում էի ուղղակի գլուխս մտցնել բարձի տակ ու շարունակել քնել: Նայում էի դուրս. մութ էր ու ցուրտ: Չէի ուզում վեր կենալ անկողնուցս: Չգիտեի՝ ինչ պատճառ բռնեի, որ մի հինգ րոպե ավել քնեի: Ձանձրանում էի նույնանման առօրյայիցս: Բայց արի ու տես, որ այդ առօրյան մի օր կդառնար Լուսնին դիպչելու նման մի բան: Չէի գնահատում իմ կյանքի ոչ մի վայրկյանը, ապրում էի, կարծես անվերջ էլ այդպես ապրելու էի՝ չհավատալով այն խոսքին, որ չգիտես, թե վաղը ինչ կարող է պատահել հետդ:

Իսկ հիմա անկեղծորեն խոստովանում եմ, որ երանի եմ տալիս առաջվան: Գիտեմ՝ պատմության մեջ տասնյակ այսպիսի համաճարակներ են եղել. մարդիկ հաղթահարել են դրանք: Նաև մի քանի տասնյակ անգամ ավելի պատերազմներ են եղել. դրանք էլ են հաղթահարվել: Ու մարդիկ նորից ապրել են այնպես, ինչպես միշտ են ապրել: Բայց ես կուզեմ, որ այն օրը, որ ավարտվի այս ամենը, մեր կյանքը այլ լինի: Այլ լինի դրական առումով:

Ես ինքս ինձ խոսք եմ տալիս, որ մինչ հին առօրյային վերադառնալը կփոխվեմ ու կփորձեմ փոխել այն ամենը, ինչ ինձնից է կախված:

Էդիտա ջան, սկզբում դու պետք է ներես բոլորին, ովքեր քեզ ցավ են պատճառել, թողել են վատ իրավիճակում: Չէ՞ որ մարդը իրեն թեթև է զգում, երբ չարություն չկա իր ներսում: Հետո դու ծնողներիդ, մտերիմներիդ, ծանոթներիդ շատ կասես, որ իրենց շատ ես սիրում: Առաջ դու մտածում էիր, որ սիրել բայը կորցնում է իր արժեքը, երբ շատ ես օգտագործում: Փաստորեն սխալվել ես: Դու երբեք չես ատել ոչ ոքի, բայց կան մարդիկ, որոնց չես կարողացել սիրել: Ուրեմն երբեք չլցվե՜ս չարությամբ ու ատելությամբ, անգամ, երբ չես կարող սիրել:

Սրանից հետո դու ամեն առավոտ արթնանալիս Աստծուց պետք է շնորհակալություն հայտնես, որ արթնացել ես, առողջ ես: Բայց և չպետք է երբեք վիրավորես ինչ-որ մեկին իր անհավատ կամ թերահավատ լինելու համար: Դու պետք է հանդուրժես բոլորին ու իրենց աշխարհայացքը: Չնայած՝ գիտեմ, որ միշտ էլ հանդուրժել ես բոլորի կարծիքը անխտիր:

Քեզ վատը ցանկացողներին երբեք նույնությամբ չպետք է պատասխանես: Նրանց պետք է սիրես այնքան, որ ամաչեն իրենց քայլերից: Քեզ նախանձողների կարծիքից չպետք է թուլանաս, այլ պետք է քաջությամբ ընդունես ու առաջ նայես:

Գլխիցդ պետք է հանես ու հեռու շպրտես բացասական մտքերը: Դրանք երբեք քեզ չեն օգնելու, այլ միայն խանգարելու են տեսնել կյանքի գեղեցկությունը:

Եթե այս ամենը դու կարողանաս անել ու հաղթահարել ամեն վատ բան քո մեջ, դրանց փոխարեն քեզ լցնելով դրականով, ապա դու աշխարհը մի փոքր կթեքես դեպի լավը:

Ստորագրում եմ․

էդիտա Գալստյանը՝ Էդիտա Գալստյանին

pnjik babayan

Դեղինը

Վերցրած շագանակագույն աչքերս՝ փորփրում էի նրա թափթփված պրոֆիլը… կանաչ էր, ինչ խոսք։

Ու հագնելով սիրելի տաբատս՝ սկսեցի երազել մի դեղին, մի ուրիշ աշխարհի մասին։

Սիմվոլիկ երանգներով քայլում էի հորինվածքիս մեջ. չկային մարդկային այն բութ դեմքերը, չկային չարերն ու նախանձները, ու կարծես կյանքը իր ափերից այլևս չէր ելնում, մանկիկի պես խաղաղ քուն մտած՝ հոսում էր իր գրվածքով։

Ոչ, այսքանով չի ավարտվում դեղին աշխարհի նկատմամբ ունեցածս պատկերացումները։

Քայլում էի, ու իմ դեղինում կանաչն էլ էր երանգավորվում, ու այն հայացքը, որ նա նետել էր ինձ իր պրոֆիլում, կարծես կանաչ էր հագել ու եկել դեղին աշխարհս՝ ինձ մենակ չթողնելու։ Ոչ մի կերպ այդ շպրտվածքը գլխիցս դուրս չէր գալիս, որովհետև հայացքներ կան, որ դատապարտված ենք մինչև մահ հիշելու։

Նա նստել էր դեղին հատակին, ծխախոտն ու մատները մոդելներ էին՝ երկար, սլացիկ, ու պայքարում էին իմ ուշադրության համար։ «Իմ ուշադրություն» մրցանակը ստացան նրա աչքերը… աչքերը հաղթել էին, աչքերն էլ պրոֆիլի պես չգիտեին՝ ինչ ասեին, հայացքն էլ պրոֆիլի պես թափթփված էր։

Փորձեցի խոսել, երգել իր հետ, բայց նա նախընտրում էր լռել, քայլեցի՝ մտածելով, թե մի պահ կանգ կառնի, կխոսի աշխարհիս մասին (չնայած, որ ես նրան չէի հրավիրել), հետաքրքիր մտքեր կասի գրքերից, բայց ոչ…

Եկել էր աշխարհս փոխելու, բայց դեղնած հեռացավ։

Քունը թափվել էր աչքերիս, աչքերիս ու քնի մեջ համաշխարհային պատերազմն էր, մեկը պայքարում էր նրա պրոֆիլի համար, իսկ մյուսը՝ ուղեղիս հանգստի համար։

Իհարկե, վերջում հաղթեց դեղինը։

Հաղթած «Դեղին» պատերազմը փորփրում էի իր թափթփված պրոֆիլը… դեղին էր, ինչ խոսք։

Եթե հանկարծ էլ չգամ պրոֆիլդ փորփրելու, խնդրում եմ, հորինիր ինձ, հորինիր ինձ ու նոր կարմիր աշխարհը։

Nelli Harutyunyan

Ինքնամեկուսացում, որն այդպես էլ տեղի չունեցավ

Իմ ընտանիքում և հայկական շրջապատում այս տարի ես միակն էի, որ որոշեցի դպրոցը ավարտելուց հետո միանգամից համալսարան չգնալ: Հիշում եմ, երբ կայացրի այդ որոշումը, գրեթե բոլորը, ում ճանաչում էի Հայաստանում, մասնավորապես՝ ընտանիքս, խստորեն դեմ էին դրան: Հարցն այն էր, որ այստեղ «Gap Year» անելը նշանակում է համալսարան երբեք չգնալ և մնալ անկիրթ: Շատերը կարծում են, որ այն տարին, երբ երիտասարդը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ֆորմալ կրթություն չի ստանում, ուղղակի ժամանակի կորուստ է: Իմ դեպքում դա այդպես չէր: Ես միշտ երազում էի ունենալ երկար «արձակուրդ», որի ժամանակ կճամփորդեի և կփորձեի իմ տասներեք տարվա գիտելիքները իրական կյանքի պայմաններում: Վաղուց արդեն որոշել էի, երբ գա ժամանակը, ես կիրականացնեմ իմ այդ երազանքը: Երևի երբեք չեմ մոռանա ծնողներիս դեմքի արտահայտությունը, երբ հայտնեցի նրանց իմ՝ Էկվադոր գնալու որոշման մասին: Ընկերներս չէին հավատում, որ ես իսկապես կգնամ այդ քայլին, և պնդում էին, որ եթե անեմ դա, շատ կփոխվեմ ու չեմ ուզենա այլևս Հայաստան վերադառնալ:

Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ, այն մտքերը, որ ես կարող էի ծայրաստիճան փոխվել, ինձ համար շարունակում են մնալ տարօրինակ, բայց քանի դեռ տանը չէի, ինձ էլ էր դա անհանգստացնում: Երբ մեկ ամիս առաջ, նստած Փարիզի դատարկ օդանավակայանում,  մտածում էի, որ իմ ճամփորդություններից, ապրած փորձերից և նոր գաղափարներից հետո  ինձ Երևանում այլևս լավ չէի զգալու: Առաջ բերելով «կանանց հանդեպ անհարգելի վերաբերմունքը Հայաստանում», որի մասին այս ամիսների ընթացքում կարդում էի տարբեր հայկական լրատվական էջերում, ես փորձում էի մայրիկիս համոզել, որ այս ամենից անմիջապես հետո տանը ես ինձ լավ չեմ զգա: Պնդում էի, որ ճիշտ կլինի, եթե ինձ կորոնավիրուսի կասկածներով մեկուսացնեն Դիլիջանի կամ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանակ կունենայի հոգեբանորեն պատրաստվելու տուն վերադառնալուն: Բայց դա այդպես չէր, ինձ իսկապես պետք չէին այդ մի քանի օրը մտքերս հանդարտեցնելու համար:

Այո՛, ես մենակ հասել էի աշխարհի մյուս ծայրը: Ձեռք էի բերել ընկերներ, իսկ հետո կորցրել նրանց: Ծանոթացել էի նոր, բավականին տարօրինակ մարդկանց հետ, նրանց հետ ընկել ամենաարկածային, բայց միաժամանակ սարսափեցնող պատմությունների մեջ:

Ես սովորել էի ազատության լեզուն: Իսպաներենն այդպես էի կոչում, քանի որ աշխարհի մյուս ծայրում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, իսպաներենի միջոցով էի ստեղծում իմ մասին կարծիք տեղացիների մոտ: Ծանոթանալով նրանց մշակույթին՝ փորձել էի ուսուցչի դերում աշակերտներիս սովորեցնել երազել և երբեք չվախենալ ոչնչից՝ ինքս ինձ վախեցած և միայնակ զգալով: Դեռ չհարմարված նոր կյանքին՝ ականատես էի եղել իրական քաղաքական, բավականին ագրեսիվ բախումների և այդ ընթացքում հասկացել՝ կյանքում հաճախ ուժեղ և համբերատար լինելը միակ ելքն է:

Փորձել էի ճամփորդել միայնակ` ինձ համար շատ օտար ու անծանոթ վայրերում, այդ ընթացքում հասկացել իրական ընկերության արժեքը: Հաճախ ընկերությունը հարցականի տակ էի դրել, երբ հայտնվել էի անհասկանալի իրավիճակներում, որոնք մինչ օրս դեռ սարսափեցնում են ինձ քնելուց առաջ:

Այս տարվա ընթացքում լողացել էի գետերում, լճերում, սառը ջրվեժներում և օվկիանոսներում: Ես ինձ իսկապես երջանիկ էի զգացել, ուրախացել և ծիծաղել, հետո վախեցել, տխրել, լացել՝ գրեթե անձայն, որ ոչ ոք չլսի, լացել՝ բարձրաձայն, որ ինձ հասկանան:

Ես սովորում էի ու սովորեցնում, զրուցում օտար մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ նրանց մշակույթը: Հաճախ գրի էի առնում տեսածներս ու մտքերս, որոնք բացատրության կարիք ունեին: Փորձում էի գտնել ինձ հին գրքերում, իսկ հետո անհույս կորչում Հախվերդյանի ու Ֆորշի երգերի մեջ՝ այդ անտարբեր տան կտուրին ծխելիս:

Իսկապես շատ տարբեր ապրումներ էի ունեցել ու այդ օրը, երբ օդանավակայանում, թեթև գինովցած, մտովի անցնում էի իմ անվերջ հիշողությունների միջով, սարսափով մտածում էի, թե ինչքան փոխված կլինեմ: Համոզված էի, որ տանն ինձ այլևս չեն հասկանալու, Երևանը այլևս չի ըմբռնելու իմ տարօրինակ մտքերը, իսկ մանկության ընկերներն էլ նույնը չեն լինելու, քանի որ նրանց համար իմ հիմար արկածները անիմաստ և անհեթեթ էին լինելու:

Ինչեր ասես էլ մտքովս չէին անցնում, երբ ինքս ինձ համոզում էի, որ Դիլիջանում անցկացրած հնարավոր երկու շաբաթները, ոչ թե ցանկալի ինքնամեկուսացում էին այդ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այլ անհրաժեշտություն իմ ամենուր ցրված մտքերը մի քիչ կարգի բերելու համար մինչև տուն վերադառնալը: Բայց շուտով այդ հստակ որոշումը դարձավ ուղղակի ցանկալի, իսկ քիչ անց, երբ օդանավից դուրս եկա, և Երևանի սառը օդը, չգիտես ինչու, իմ մեջ արթնացրեց տան հանդեպ անսահման կարոտը,  հասկացա, որ մեկուսացման երկու շաբաթները բոլորովին անիմաստ կլինեին: Այդ պահին ես նույնիսկ վախեցա, որ ինքնաթիռի մեջ իմ հետևում նստած խուճապահար ֆրանսիահայ կինը կարող էր չսխալվել, թե. «Այս ինքնաթիռում ոմն մեկը հաստատ վիրուսակիր է: Նա կվարակի բոլորին, և արդյունքում ամբողջ ինքնաթիռը կհիվանդանա այդ սարսափելի վիրուսով, և շուտով բոլորս կխեղդվենք և կմեռնենք ինքնամեկուսացվածների սենյակներում՝ բացարձակ մենակության մեջ»: Այո՛, կարծում եմ, որ այդ «ոմն մեկը» ես էի, ով դիմացի շարքում նստած ֆսֆսում էր և գրեթե մտքի մեջ հազում և փռշտում, որ ոչ ոք հանկարծ չնկատի:

Բարեբախտաբար, այդ ագրեսիվ կնոջ մեղադրանքները ճիշտ չէին, մեր ինքնաթիռում ոչ ոք ջերմություն չուներ, ինչը նշանակում էր, որ հանգիստ կարող էի գնալ տուն:

Հայրիկս վաղուց ինձ էր սպասում: Երբ տեսա նրան, մեքենայի մեջ սովորականի պես մի քիչ զրուցեցինք, մայրիկս, որի համար ակնհայտորեն միևնույնն էին համաշխարհային համաճարակը և ինքնամեկուսացման պայմանները, ինձ պինդ գրկեց, և մենք գնացինք տուն: Ընթրելիս ես հասկացա, որ այստեղ ոչինչ չի փոխվել, և կարծես ես էլ նույնն էի մնացել: Այդ ընթրիքը, որի մասին երազում էի վերջին տարվա ընթացքում, լրիվ սովորական էր թվում, կարծես ուղղակի դպրոցից տուն էի վերադարձել:

Իսկ այդ բոլոր հիշողություններն ու զանազան դրվագները, որոնք իմ մտքում ինձ դարձրել էին անճանաչելի, կորել էին իմ գիտակցության մութ անկյուններում, կարծես երբեք չէին էլ եղել: Երբ իմ բարեկամները հետաքրքրված հարցեր էին տալիս ճամփորդություններիս մասին, ես հաճախ սահմանափակվում էի հակիրճ, բոլորին հայտնի փաստերով, քանի որ իմ էկվադորյան բավականին հետաքրքիր արկածները հասարակ բառերով փոխանցելու համար ես դեռ պետք է մարսեի այդ տարվա ընթացքում ունեցած ապրումներս, զգացմունքներս և մտքերս, որոնք անցանկալի կերպով ինձ հետ էին բերում Էկվադոր, երբ բարձրաձայնում էի դրանց մասին: Իսկ իմ ներքին մեծ փոփոխությունները հասկանալու և ընդունելու համար նույնիսկ Դիլիջանի ինքնամեկուսացման երկու շաբաթները բավարար չէին լինելու…

Lilit Hovsepyan Erevan

Պայքար անտեսանելի թշնամու դեմ

Շատերը պատերազմ ասելով պատկերացնում են զինված ընդհարումներ, մարդկային անթիվ զոհեր, անվերջ ու անդադար կրակոցներ, ավերված փողոցներ ու շենքեր․․․

Գիտես՝ երբեմն պատերազմներ կարող են տեղի ունենալ հենց ներսումդ, երբ սեփական ես-ը վերագտնելն ու արժևորելը թվում է գրեթե անհնարին, երբ մարդկային երկու հակադարձ բևեռներ բախվում են իրար, երբ ներքին ձայնդ լսելն ու դրան հետևելը դառնում է պարզապես անտանելի և խլացնում է շուրջդ։

Երբեմն հենց դու ես քո թշնամին, այն անտեսանելի թշնամին, ով տակնուվրա է անում ներսդ, իսկ դու ամեն անգամ փորձում ես պայքարել դրա դեմ, ամեն անգամ խոսքերովդ ցավեցնում ու նույն խոսքերով էլ ստիպում ես դառնալ ավելի ուժեղ։

Գիտես՝ պատերազմներն անխուսափելի են, երբ փորձում ես հասնել ինքնաճանաչման, դառնալ ավելի լավը և վերջապես հասկանալ ինքդ քեզ։ Արդյունքում սեփական ես-ի հետ զրույցները դառնում են սովորական, իսկ կոնֆլիկտները հնարավորություն են տալիս վերլուծել սխալներդ։ Այս ամենի հետ միասին առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները բավականին պարզ են, անհրաժեշտ է գեթ մեկ հայացք գցել ներսումդ կատարվող քաոսին և ստանալ բոլոր հնարավոր պատասխանները, թեև կան հարցեր, որոնց պատասխանները այլ տեղերում փնտրելն անիմաստ է, քանի որ պատասխանը տալ կարող ես միայն դու։ Ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ, թե փորձել դիմանալ մահվան չափ խլացուցիչ աղմուկին։ Որոշողը ինքդ ես։ Ինքս էլ բազմիցս բախվելով սեփական ես-իս՝ հասկացել եմ մի կարևոր բան․ պետք չէ մեղադրել քեզ անցյալում կատարծդ սխալների համար, չէ՞ որ հենց այդ սխալներն են եղել կյանքումդ ստացած լավագույն դասերը և հենց այդ սխալներն են քեզ ավելի ուժեղ դարձրել։ Սխալներն անխուսափելի են, պետք չէ տառապել անցյալի դառը հիշողություններից, պարզապես ներիր ինքդ քեզ, սովորիր սեփական ձախողումներից։ Ներիր ինքդ քեզ այն բանի համար, որ կույր ես եղել և չես նկատել շուրջդ կատարվող խառնաշփոթը։ Ներիր ինքդ քեզ, որ չես կարողացել գնահատել նրանց, ովքեր միշտ կողքիդ են եղել։ Ներիր ինքդ քեզ, որ դադարել ես պայքարելուց և ամբողջովին ուժասպառ եղել։ Ներիր ինքդ քեզ, որ վստահել ես նրանց, ովքեր բազմիցս հուսախաբ են արել։ Սակայն մի մոռացիր, որ հենց նրանք են քեզ սովորեցրել գնահատել և արժևորել ինքդ քեզ։ Նրանք են, որ սովորեցրել են գնահատել շուրջդ կատարվող ամեն բան և հենց նրանց շնորհիվ է, որ դու հիմա ամուր կանգնած ես ոտքերիդ վրա և շարժվում ես նպատակներիդ ետևից։

Գուցե հիմա կհարցնես՝ ո՞վ է այնուամենայնիվ հաղթում։ Իրականում հարցիդ պատասխանելու համար երկար մտածել պետք չէ, չէ՞ որ գալու է մի պահ, երբ ամենամոտ ու անփոխարինելի ընկերդ դառնալու է հենց այն ձայնը, որը ժամանակին կեղեքում էր քեզ ներսից, երբ վերջապես համակերպվելու ես իրականության հետ և այն այլևս այդքան սարսափելի չի լինելու, երբ շարունակելու ես ապրել ու գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը․․․ Նշանակում է՝ հաղթողը հենց դու ես և ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել։