


Wake up Europe. Երևան, օր 4
Օրս սկսվեց Ֆրանչեսկայի և Դանիելի հետ հայկական սուրճ ըմպելով, որին հաջորդեց Ֆրանչեսկայի հարցը։
-Ինչպե՞ս ես դու քեզ պատկերացնում 10 տարուց:
-Ես ուզում եմ լինել կայացած կին, որը հասնում է իր նպատակներին անկախորեն` ջարդելով բոլոր կարծրատիպերը:
-Օ, դու ուզում ես լինել Քիմ Քարդաշյա՞ն,- ծիծաղում է:
-Չէ, ես այդպիսին չեմ ուզում լինել, դե, հասկանում ես,- ես էլ ծիծաղեցի:
-Պարզ է, դու ուզում ես լինել խելացի Քիմ Քարդաշյան,- արդեն երկուս էլ ծիծաղում էինք:
Հավանեցին մեր հայկական սուրճը, հետո սկսեցի նրանց գլուխները տանել մեր հայկական մուրաբաների մասին գովքով։ Ասում էի՝ էստեղ մարդիկ դեղ չեն խմում բարձր ջերմության դեպքում, որովհետև մայրիկի ձեռքով պատրաստված տնական և ավանդական ազնվամորու մուրաբան լուծում է բոլոր հարցերը։ Հայկական մշակույթի առանձնահատկությունները և եվրոպական անձնագրի առավելությունները քննարկելով հասանք «Մանանա» կենտրոն, որտեղ յուրաքանչյուրս տարբեր խմբի անդամներ ենք։ Նախկին օրագրերից արդեն գիտեք, որ կան 4 ծրագրեր, որոնց վրա աշխատում ենք։ Ես IT ոլորտի և արտագաղթի վրա այդ ոլորտի ազդեցության մասին մուլտիմեդիա պատմություն ստեղծող թիմում եմ։ Հասնելուն պես Մարիամից տեղեկացա, որ օրակարգում ունենք երկու հարցազրույց, որոնք արդեն հաստատվել են։
Վերջին անգամ Ալեքսի և Մարիամի հետ վերանայեցինք հարցերը, Ջուլիանը ինչպես միշտ ստուգում էր տեխնիկական սարքավորումները, Սաֆը խնդրում էր լռություն պահպանել, որովհետև անգամ թեթև աղմուկը կխանգարի ձայնագրման աշխատանքին։ Առաջին ուսանողը մեր Մարիետան էր, ով սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հակակարգչային գիտություններ բաժնում։ Երկրորդը՝ Հայաստանի IT ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանն էր, ով մեզ պատմեց Հայաստանի IT ինդուստրիայի, խոշորագույն կազմակերպությունների, հաջողված ստարտափերի ու արագ զարգացող IT աշխատաշուկայի մասին։
Մեր թիմային փրոջեքթը ներառում է լուսանկարչություն, լրագրություն և փոդքասթ: Օրինակ, ես լինելով Team A (Writing)-ից, պատասխանատու եմ մուլտիմեդիայի introduction-ի համար, Մարիամը՝ Podcast-ից, Ջուլիանի և Սաֆի հետ ձայնագրման համար, իսկ Հելենը մեզ օգնում է ուսանողների դիմանկարներ ստանալու հարցում։ Պետք է համեստություն չանեմ, ու ասեմ, որ մեր թիմը իրոք շատ լավն է, որովհետև յուրաքանչյուրս ջանք չենք խնայում լավագույն մուլտիմեդիա պատմություն ստեղծելու համար։
Իսկ writing-ի որքշոփները էնքան օգտակար ու հետաքրքիր էին, որ պարտավորված եմ գրելու booming introduction (ինչպես ասում է մեր writing-ի թիմի լիդերը՝ Մայքը): Արդեն ստացել եմ առաջին դրաֆթիս ֆիդբեքը։ Կարծում եմ, այս գիշեր վերջնական տեսքի կբերեմ ամեն ինչ և կուղարկեմ։ Իսկ, Քուրիլը` իմ սիրելի սփիքերը,այսօր չկար։ Գրողը տանի, նա շատ լավն է։
Դե ինչ, վաղվա օրակարգում ունենք կարևոր հարցազրույց մեկ այլ ուսանողի հետ, ով աշխատում է IT ոլորտում, իսկ ես արդեն ամփոփեցի մեր 4-րդ օրը։
Փրոջեքթը կամաց-կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց դրան զուգահեռ ավելի ենք զարգացնում հայ-եվրոպական ոսկյա հարաբերությունները։
Տեսնես, ո՞վ կգրի 5-րդ օրվա օրագիրը։

Wake up Europe. Երևան, օր 3
Դե՛ ինչ, արդեն 3-րդ օրն է․․․ Իսկ ի՞նչ է պետք 3-րդ օրվա համար:
Պետք է՝ նախորդ հագեցած օրվա պատճառով քնած մնալ։ Ինչն էլ իհարկե չէր կարող չպատահել իմ նման քնկոտի հետ։ Մի խոսքով, իմ օրը սկսեց Կասկադից, որտեղ պետք է հանդիպեինք «Թավշյա հեղափոխություն» հայկական կոմիքսի հեղինակների՝ «Մայրո» թիմի հետ։ Կոմիքսների գաղափարի առաջացման պատմությունը շատ պարզ է՝ կոմիքսների սիրահար ընկերները մի օր ուղղակի որոշում են սեփականը ստեղծել։ Չնայած նրան, որ կոմիքսի գլխավոր հերոսները քաղաքական գործիչներ են, հեղինակները նշում են, որ կոմիքսի հիմքում դրված պատմությունը ամենևին էլ քաղաքական չէ, այն մարդկանց մասին է, ովքեր իրականացրեցին հեղափոխությունը։ «Մայրո» թիմը խոսեց նաև ապագա պլանների մասին, այնպես որ, կարող ենք վստահ լինել, որ նրանք շարունակելու են ստեղծագործել՝ հրատարակելով նոր և հետաքրքիր պատմություններ կոմիքսների տեսքով։
Հանդիպումին հաջորդեցին երկար քննարկումները, որոնց ընթացքում պատահական 17.am-ի զինվոր թղթակիցներից մեկին՝ Մարատին, հանդիպեցինք։ Նրա զինվորական հագուստը միանգամից գրավեց մեր լրագրող ընկերների ուշադրությունը, և նրանք բաց չթողեցին առիթը լիքը լուսանկարներ անելու։ Կարծում եմ Մարատը առաջին անգամ իրեն պատկերացրեց այն մարդկանց տեղում, որոնց 17-իս թղթակիցներն ենք շրջապատում լուսանկարելու կամ հարցեր տալու համար։
Հաջորդ քայլը թիմային աշխատանքն է։ Եթե կարդացել ես Ջուլիայի օրագիրը, ուրեմն գիտես, որ մենք բաժանված ենք 4 հիմնական թիմի, որոնք աշխատում են 4 տարբեր թեմաների շուրջ։ Ես IT ոլորտի և արտագաղթի վրա այդ ոլորտի ազդեցության մասին մուլտիմեդիա պատմություն ստեղծող թիմում եմ։ Քանի որ ծրագրի ընթացքում podcast անել եմ սովորում, հետևաբար սա իմ հիմնական աշխատանքն է թիմում։ Գիտե՛մ, հիմա եթե ասեմ, որ մեր թիմը ամենալավն է, Սուրենը ու Ջուլիան կվիճեն հետս։ Բայց եկեք ուղղակի ընդունենք, որ ինձանից, Վալենտինայից և 4 հիանալի տղաներից բաղկացած խումբը թույն թիմ չլինել չի կարող․․․
Այսպիսով գտանք մեր բոլոր հերոսներին և նույնիսկ հասցրեցինք IT ոլորտում սովորող ուսանողներից մեկի հետ հարցազրույց անցկացնել։ Մեր առաջին հերոսը՝ Արսեն Մազմանյանն էր, ով բացի IT ոլորտում կրթություն ստանալուց, փորձում է սոցիալական ցանցերի միջոցով կիսել իր գիտելիքները ընկերների հետ։ Մենք բոլորս գիտենք ինչպես օգտվել սոցցանցերից, բայց ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես ավելի ապահով լինել դրանցում։ Հենց այս հարցի պատասխանն էլ փորձում է տալ Արսենը։ Բայց երևի գլխավոր բանը, որ անում են Արսենի նման ուսանողները, դա՝ իրենց ապագան Հայաստանի հետ կապելն է։
-Շատ փող աշխատելու, ավելի լավ կյանք ունենալու համար՝ դու կարիք չունես այլ երկիր գնալու։ Ժամանակակից աշխարհում դու կարող ես անել ամենը, ինչ ուզում ես, սեփական սենյակից անգամ դուրս չգալով․․․
Այսքանով օրվա աշխատանքը ավարտվեց, իսկ վաղը մենք դեռ շատ անելիք ունենք, այնպես որ սպասեք հաջորդ օրագրին․․․

Շղարշիկ
Արագածոտն մարզի բարձր լեռնային հատվածներում է տեղակայված Շղարշիկը: Գյուղ, որը տվել է սերունդներ, որոնցից մեկը ես եմ:
Երբ նոր էի գնում դպրոց, արդեն հասցրել էի իմանալ, որ դասընկերներս ծնվել են Երևանում, իսկ ես՝ ոչ: Սկզբում տարօրինակ էր, բայց հետո չէի էլ պատկերացնի, որ կհպարտանամ դրանով:
Գյուղը, որտեղ ծնվել եմ և անցկացրել մանկությանս գրեթե մեծ մասը, որտեղ ծնվել են հայրս ու պապիկս, ստեղծել են Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ եղած մի քանի փախստականներ: Երկու փոքր վարելահողը և մի քանի խրճիթը այսօր դարձել է մի մեծ գյուղ, որն ունի մոտ յոթ հարյուր բնակիչ:
Քաղաքի դպրոցները, որոնք ամեն տարի իրենց դռներն են բացում հարյուրավոր առաջին դասարանցիների առաջ, տարբերվում են գյուղիս դպրոցից նրանով, որ մենք չունենք հարյուրավոր առաջին դասարանցիներ, այլ մեկը կամ երկուսը: Սակայն այդ մեկ-երկուսով մենք զարգացել ենք, և չկա այդպիսի մի մարդ այդ գյուղում, ով չհպարտանա իր մի կտոր հողով:
Այս գյուղ մտնելուն պես ականջիս է հասնում դարերի խորքից լսվող հայի էրգրի կարոտի կանչը: Կարոտ, որ նման է թոնրի մոխրի տակ մնացած անթեղ կրակի:
Մի անգամ՝ ամառային արձակուրդների ավարտվելու շեմին, տան կողքի այգում նստած գիրք էի կարդում, երբ լսեցի այս փոքր խոսակցությունը՝ տատիս և մորս միջև.
-Երեխա ին ունեծի:
-Հորով-մորով երեխա մեձնա…
Չեմ էլ հիշում՝ ում մասին էր խոսքը, ով էր երեխա ունեցել, և խոսակցությունը հետագա ինչ ընթացք ունեցավ, միայն այդ օրվանից սկսած հասկացա, որ այդ գյուղում ծնվող ամեն մի երեխա մի տան, մի գերդաստանի, մի տոհմածառի և վերջապես մեր ազգի շարունակությունն է:
Մինչև օրս էլ կանչում է այդ գյուղը ինձ, կանչում՝ կարոտով: Չգիտեմ, միգուցե, ծննդավայրս է, բայց դրանից զատ հարազատ է, որով միշտ հպարտացել եմ ու կհպարտանամ այն փաստով, որ ծնվել եմ այնտեղ:

Մեդիա «դիետա» երեխաների համար
Այս հոդվածը «Խաբարբզիկ» ամսագրի էջերում հրապարակվել է ինը տարի առաջ: Հետաքրքիր է, ինչ որ բան փոխվե՞լ է: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք և ինչ կառաջարկեք:
Երբ «Մանանա» կենտրոնից ինձ առաջարկեցին գրել մանկական հեռուստաեթերի մասին, փորձեցի փնտրել մարդկանց, ովքեր մասնագիտացած են մանկական եթերում: Պարզվեց, որ Հայաստանում հատուկ մասնագետներ չկան: Փոխարենը «Մանանայի» գրադարանից վերցրի մի շատ օգտակար գիրք` “The media Diet for Kids”, («Մեդիա դիետա երեխաների համար»), որից էլ օգտվել եմ: Գրքի հեղինակները երկու բրիտանացիներ են, ովքեր մանրամասն հետազոտություններ են իրականացրել «դիետան» կազմելուց առաջ: Զրուցել եմ նաև հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ:
-Էկրանային սովով են տառապում ժամանակակից երեխաները, -ասում են մասնագետները: Նույնը կասեն նաև նրանց ծնողներից շատերը:
«Մեր երեխաները սոսնձված են հեռուստացույցին ու համակարգչին, բակ չեն գնում, գիրք չեն կարդում» և այլն: Որոշ ընտանիքներում մայրիկներն են խիստ, ու հաճախ բղավում են. «Անջատեք այդ հեռուստացույցը վերջապես», այլ ընտանիքներում էլ հայրիկները: Պատասխանը բոլոր դեպքերում նույնն է. «Լավ էլի, մամ, մի քիչ էլ խաղամ» կամ «Լավ էլի, մամ, մի քիչ էլ նայեմ»: Այլ երկրների մասին գրել չենք կարող, բայց Հայաստանում կա մի առանձնահատկություն. հաճախ երեխաների սիրելի հեռուսատասերիալները նաև ծնողների սիրած հեռուստասերիալներն են, օրինակ որոշ հեռուստասերիալներ ողջ ընտանիքն է սիրով նայում, կան նույն ֆիլմը, հաղորդումը: Ողջ ընտանիքով, դասարանով ու բարեկամներով էլ սկսում են մեջբերել ծիծաղելի հատվածներն ու ուրախանալ: Չէ որ սերիալը համ հայերեն է, (երեխաների համար թարգմանելու կարիք չկա), համ էլ շատ հարմար է (ավելի լավ չի՞ սսկված հեռուստացույց նայեն, քան աղմկեն ու վիճեն):
«Երեխաները շատ զգայուն և հասարակության ամենաանպաշտպան շերտն են, հաճախ մենք մտածում ենք, որ նրանք շատ բան չեն հասկանում, ու նրանց ներկայությամբ հարցեր ենք քննարկում, հաղորդումներ դիտում, որ կարող են նրանց վնասել», -ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: «Մեդիա դիետա երեխաների համար» գրքում մի հսկա գլուխ նվիրված է էկրանների, այսինքն, հեռուստատեսության ու խաղերի բացասական ազդեցություններին: Այստեղ երկար այդ մասին չենք գրի, թողնում ենք ձեր երևակայությանը, միայն` մի օրինակ հոգեբանի աշխատանքային պրակտիկայից այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել հեռուստասերիալը երեխայի վրա: Խաչատուր Գասպարյանն ասաց, որ բոլորովին վերջերս նրա մոտ բերել են մի երեխայի, ով, դիտելով «Որբեր» հեռուստասերիալը, որոշել է ինքնասպանության գործել և փորձել է: «Որբերի» հեղիանակի մտքով էլ չէր անցնի նման բան երևի: Հիմա շատերն էլ գուցե կարդան հոգեբանի ասածն ու մտածեն, որ իրենց երեխան այդպիսին չի, որ առողջ հոգեկան աշխարհ ունի և այլն, բայց ֆիլմի հնարավոր ազդեցությունները շատ տարբեր են ու լայն: Հոգեբանը ընդհանրացնելով նշում է. «Հեռուստատեսության ու համակարգչային խաղերի բացասական հիմնական ազդեցությունները երկուսն են. նախ երեխան կտրվում է իրականությունից, երկրորդ` երեխաները ֆիլմերից ու հաղորդումներից սովորում են վարքի մոդելներ, որը հետագայում իրենց համար կարող է դառնալ գործածական ձև»:
«Մեդիա դիետա երեխաների համար» գրքի հեղինակները ծնողների ուշադրությունը հրավիրում են մի փաստի վրա. գրում են, որ բոլոր ծնողները հիմնականում հետևում են, թե ինչ են ուտում իրենց երեխաները, հաստատ թույլ չեն տա, որ երեխան ողջ շաբաթ ուտի նույն կերակուրը, չեն տա երեխաներին թթված ճաշ կամ չեն առաջարկի խմել ալկոհոլ, կպնդեն, որ երեխան ուտի բանջարեղեն, կաթնեղեն ու այն ամենը, ինչ օգտակար է ու անհրաժեշտ առողջությանը: Գրքի հեղինակներն ասում են, որ նույն սկզբունքը պիտի գործի նաև ժամանցն անցկացնելու ձևերը ընտրելիս, նշում են, որ այսօր, երբ շուրջդ ամենուր երեխաների համար գայթակղիչ էկրաններ են, ծնողները պիտի կարողանան ուղղորդել երեխաներին, հետևել նրանց և այլն:
Եվ այսպես, ինչպես սկսել մեդիա դիետան: Գրքի հեղինակները նախ առաջարկում են կրճատել այն ժամաքանակը, որ երեխան անցկացնում է էկրանի դիմաց` նվազեցնելով այն մինչև երկու ժամ: Դիետայի առաջին փուլը ունի մի շարք ոսկե կանոններ, որոնք ներկայացնում ենք ձեզ:
Ծնողները պետք է միշտ հետևեն, թե ինչ են խաղում կամ դիտում երեխաները, ինչ ինտերնետային կայքեր այցելում և այլն:
Մինչև 12 տարեկան երեխաների սենյակներում չպետք է լինեն համակարգիչներ կամ հեռուստացույցեր:
Խորհուրդ չի տրվում թույլ տալ երեխային ուտելիս դիտել հեռուստացույց:
Գրքում բոլոր ոսկե կանոնները բացատրված ու հիմնավորված են մասնագետների կողմից:
Դիետայի երկրորդ փուլը կայանում է նրանում, որ ծնողները փորձեն այնպես անել, որ երեխայի` էկրանի դիմաց անցկացրած ժամերը ոչ թե կորուստ լինեն, այլ օգտակար, այսինքն, միայն նրանց` էկրանի դիմաց անցկացրած ժամերը կրճատելը քիչ է, պետք է որակ ապահովել: Այս փուլում կարևոր է լավ վերլուծել, թե ինչ է ստանում ու սովորում ձեր երեխան այն հաղորդումներից ու ֆիլմերց, որ դիտում է: Գիրքը ծնողների ուշադրությունը հրավիրում է փաստի վրա, որ մեդիան նաև դրական ազդեցություն ունենալու, կրթելու ամենալայն հնարավորություններն է տալիս ծնողներին: Այս փուլի գործնական հաջորդ քայլը հենց ֆիլմերի ու հաղորդումներ ընտրությունն է: Հայկական հեռուստաալիքների դեպքում ընտրելու հնարավորությունը նեղ է, բայց ամենուր կան խանութներ, որտեղ վաճառում են հազար ու մի ֆիլմեր ու մուլտֆիլմեր, ու կարելի է ընտրել ամենահետաքրքիր ու օգտակար մեդիա արտադրանքը:
Երրորդը` երխայի համար այլընտրանքներ ստեղծելու փուլն է: Երեխան ամեն դեպքում պետք է ինչ-որ կերպ լցնի իր ժամանակը, մեդիա դետայի հեղինակները առաջարկում են մի քանի տարբերակներ` երաժշտություն, սպորտ, հոբիներ, ընտանի կենդանի և այլն: Այս տարբերակները հայտնի են բոլոր ծնողներին, պարզապես ծնողների ու խնամակալների կողմից պահանջում են որոշակի ժամանակ ու երևակայություն…
Ավարտելով`միայն մեկ հավելում. ծնողները հաճախ են գանգատվում, որ երեխաները գիրք չեն կարդում, հետո հաճախ արդարացնում են երեխաներին` ասելով. «Դե, էնքան հետաքրքիր բան կա, էլ ինչի՞ պիտի գիրք կարդան որ»: «Մեդիա դիետա երեխաների համար» գիրքը նշում է բոլորին հայտնի մի եղանակ. «Երեխայի համար պետք է նախ ծնողները հաճախ ընթերցեն հեքիաթներ ու պատմություններ, ընտրեն ամենահետաքրքիր ու գունեղ գրքերը, որպեսզի ժամանակի ընթացքում նրանց մեջ զարգանա այդ այդքան օգտակար սովորությունը»:
Նանե Սահակյան
2010

Մարքեթինգ կամ ավելի ճոխ ասած՝ շուկայագիտություն
-Չե՞ս հիշեցնի՝ ինչ էիր սովորում, – ամեն անգամ հարցնում է շեֆս։
-Մարքեթինգ։
-Շատ լավ է։
Ի՞նչ է մարքեթինգը։ Էս հարցը շատ են տալիս մեր դասախոսները, իսկ ես ամեն անգամ ճիշտ եմ համարում լռել ու մտածել, որ հռետորական էր։ Բայց հատուկ կարգով կփորձեմ հիմա պատասխանել։
Մաս 1։ Մարքեթինգը գովազդը չէ միայն
Եթե լսել ես մարքեթինգ բառը, երևի թե լսել ես գովազդի մասին կոնտեքստում։ Բայց մարքեթինգը ավելի մեծ ու ճոխ երևույթ է, ուսումնասիրությունների, հետազոտությունների, գիտելիքի ու փորձի մեծ շղթա է։ Ես դրա փոքր մասի հետ եմ առնչվում։ Շա՜տ խոսակցական լեզվով եթե ասեմ, էսեմեմշիկ եմ (SMM-щик), այսինքն՝ սոցիալական ցանցերում հայտնվող նյութերի համար եմ պատասխանատու։ Առհասարակ մի քանի փուլ ունի գործս, ավելի կոնկրետ՝ երեք։ Նախ կարդում եմ հնարավոր ամեն ինչ, նորություններն ու նորարարություններն եմ ուսումնասիրում։ Հետո ֆիլտրում եմ ինֆորմացիան, առանձնացնում եմ կարևոր, հետաքրքիր ու հիմնական բաները, խորանում եմ դրանց ուսումնասիրության մեջ։ Վերջում էլ նկարների ու տեքստերի ձևով էդ ամեն ինչը էնպես եմ փորձում սարքել, որ դու ինստագրամիդ նորությունները թերթելիս հաստատ ուշադրություն դարձնես իմ սարքած նկարի վրա, հաստատ մինչև վերջ կարդաս գրածս նյութը ու հաստատ լայքես։ Դե, իմ ոլորտը էկոլոգիան է, բայց կարծում եմ կարող եք ամեն ինչի վրա տարածել։
Մաս 2։ Մարքեթինգը իմ անքուն գիշերներն են
Բայց ամեն ինչ էսքան հեշտ չի։ Քանի որ գծածս պլանից միշտ շեղվում եմ, գործն անում եմ գիշերներով։ 5,4,3,2․.. Չէ, հետհաշվարկ չեմ անում, քնելուս ժամերն եմ ասում։ Վերջերս կարդում էի, որ եթե քիչ ես քնում, հետո պարտք ես մնում ինքդ քեզ, օգանիզմդ էլ իրեն հարգող ցանկացած բանկից ոչ պակաս տոկոս է պահանջում։ Ու իրականում, եթե փորձես ցերեկը քնել կամ գիշերն ավելի երկար քնել, էլի չի օգնի, որովհետև հետո քունդ ուշ կտանի, ու էլ ավելի ուշ կքնես։ Կարճ ասած՝ քիչ քնելը պարտքի ամենավատ տեսակն է։ Եթե ըստ նախատեսածի աշխատեի, երևի նորմալ կքնեի, բայց եսիմ, դասից հետո գործ անելս չի գալիս։ Մի ամիս պահանջվեց, որ հասկանամ՝ ավելի լավ է սկզբում գործը անել, հետո՝ դասը։ Բայց անքուն ժամերս հետ չես բերի։
Մաս 3։ Մարքեթինգը միշտ է ու անդադար
Մի տերմին կա, ասում են ինֆորմացիայով գերծանրաբեռնվածություն։ Էդ էն պահն է, երբ անդադար նոր ինֆորմացիա ես ստանում ու ուզում ես կիսվել դրանով։ Որ պատմում էի քնի մասին, էդ ոչ թե հավեսի համար եմ կարդացել, այլ ուղղակի թերթի հոդվածների ոճն էի ուսումնասիրում, որ հասկանամ ընթերցողներին ոնց գրավել։ Չէ, չմտածես, թե մինչև էստեղ հասել ես, ուրեմն քո վրա էլ եմ կիրառել էդ մեթոդը։ Դեռ չի ստացվում։ Նորություններ կարդալը արդեն սովորություն է դառնում։ Երբ դասի եմ գնում, ու 58-ս մի քիչ երկար է կանգառում սպասելով մնում, ակամայից հանում եմ հեռախոսս, որ նայեմ՝ էլ ինչ կա աշխարհում։ Սրա միակ վատ կողմը երևի այն է, որ ինֆորմացիան սկսում է պակասել, չհերիքել։ Եթե էսքան չհոգնեի, ամեն պահի կարող էի նոր բանի մասին կարդալ ու հաջորդ օրը ինստագրամի սթորիներում պատմել կամ նոր մրցույթ հնարել դրա հիման վրա ու լիքը հետևորդներ ակնկալել։
Մաս 4։ Մարթեքինգը մոտիվացիա է
-Մեկ ա մասնագիտական չի գործդ, եսիմ ինչ կարևոր չի, կարաս դուրս գաս։
-Մասնագիտական ա, մա՛մ։
-Հա՞, դե, եսիմ ինչ ստաժ չի համարվի քո համար էս մի քանի ամիսը, ինչի՞ ես իզուր տանջում քեզ։
Տանջո՞ւմ եմ որ, եսիմ։ Չգիտեմ, թե մամայի համար որը կլինի մասնագիտական աշխատանք, որովհետև հիմա հենց դրանով եմ զբաղված։ Չգիտեմ էլ, թե ինքը ինչ գիտի իմ մասնագիտությունից, որովհետև շատ վատ եմ բացատրում հիմնականում։ Ու ոչ մի բանը ավելի լավ չի մոտիվացնում, քան էն, երբ մաման խղճալով կասի․ «Մի՛ արա էդ գործը, հանգիստ դասերո՛վդ մնա»։

Wake up Europe. Երևան, Օր 2
Միանգամից զգուշացնեմ, եթե չես կարդացել օր 1-ին նյութը, ապա վազիր կարդալու:
Իսկ մենք սկսենք մեր մեդիաշատ ու հագեցած օրը:
9:15, ու բոլորն արդեն իրենց տեղերում են` պատրաստ սկսելու նոր օրը: Մի քանիսը ֆոտոապարատներն են փորձում, փոդքասթի թիմը բարձրախոսներն ու ձայնագրիչներն է դասավորում, իսկ ձախ անկյունում դիզայնի թիմը անհասկանալի կոդերով ինչ-որ բան է քննարկում:
Իսկ ես, Հովնանն ու Անաբելը շտապեցինք դեպի Ազգային Ժողով, որտեղ պայմանավորվել էինք Ազգային ժողովի ամենաերիտասարդ խոսնակի` Սոնա Ղազարյանի հետ:
Անաբելը պատրաստել էր հարցեր` կապված հեղափոխության, կանանց իրավունքների, Ազգային Ժողովի և ամենաերիտասարդ պատգամավոր լինելու փաստի մասին, որոնց Սոնա Ղազարյանը մեծ սիրով պատասխանեց:
Խոսելով կանանց իրավունքների և դերի մասին` Անաբելը իր վերջին հարցը ձևակերպեց հետևյալ կերպ.
-Ի՞նչ կասեիք գյուղերում ապրող աղջիկներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ և զբաղվել քաղաքականությամբ:
-Երբեք չհանձնվես, քանի որ ես նույնպես չեմ հանձնվել:
Հնչեցին շնորհակալության խոսքեր, կատակներ և հրաժեշտ, բայց ժամանակը ոչ մեկիս չէր սպասում, և մենք շտապեցինք հետ` քննարկելու մեր պրոյեկտի ապագան:
Սկզբում փոխանակվեցինք գաղափարներով, թե ինչ ենք ցանկանում ունենալ որպես վերջնական արդյունք: Ունենալով չորս թիմ, որոնք պետք է աշխատեն կայքի վրա, կստեղծենք մեկ ընդհանուր պրոյեկտ` Երևանի մասին:
Ընտրվեցին հիմնական չորս թեմաները, որոնք էին`
Կանանց իրավունքներն ու դերը Հայաստանում
Բանակ, սպասումներ և կրթություն
ՏՏ ոլորտ ու ոլորտի դերը Հայաստանում
Մշակույթ
Բայց, եթե դուք մտածում եք, որ արդեն պետք է ներկայացնեմ, թե ինչ տեսքի պետք է լինի պրոյեկտը, կամ որն է նրա գլխավոր թեման, ապա սխալվում եք, որովհետև ամենասկզբից մենք ինքներս չգիտեինք, թե ինչ պետք է անենք:
Խնդիրը լուծելու համար բաժանվեցինք թիմերի, որտեղ պետք է լիներ մեկ դիզայներ, մեկ լրագրող, մեկ փոդքաստ վարող և մեկ ֆոտո/վիդեո լրագրող:
Ընտրելով թիմերը` բաժանվեցինք:
Կանանց իրավունքների` ֆեմինիստների թիմը, որտեղ էլ հենց ես էի, ընտրեց խաչքար թեման, քանի որ դարեր շարունակ խաչքար քանդակել են միայն տղամարդիկ, և մեր խմբից Աստրիգը, ով արմատներով հայ է, գտել էր լիբանանահայ մի աղջկա, ով Հայաստանում սովորում է խաչքարեր պատրաստել:
Թեման ընտրված է, կա կոնկրետ հերոս, ով մեր թեմայի գլխավոր դերակատարն է, և մենք սկսեցինք աշխատել էջի ձևավորման վրա:
Որոշելով, որ այն պետք է լինի Եվրոպական փոփ արվեստի ոճով` ավելացրեցինք հայկական նախշազարդեր:
Ժամանակն էր ներկայացնելու:
Միքը, Մարայան և Լեան լսելով չորս թիմերի առաջարկները` տվեցին իրենց համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ մնացած երեք օրերի ընթացքում մենք սկսելու ենք պրակտիկ աշխատանքները, ձայնագրելու ենք հարցազրույցներ, ձևավորելու ենք կայքը` հիմնվելով մեր կատարած աշխատանքների վրա:
Իսկ ամենավերջում, վերցնելով հեռախոսը, անում ենք վերջին ավանդական նկարը 17.am-ի ինստագրամում:
Wake Up Europe օր 2-ը համարում եմ պաշտոնապես ավարտված:

Սոցիալական մանկավարժները
Ամեն տարի՝ հոկտեմբերի 2֊ը ամբողջ աշխարհում նշվում է որպես սոցիալական մանկավարժի միջազգային օր։ Տոնը բավականին երտասարդ է։ 2009 թվականի մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվեց սոցիալական մանկավարժների 17-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 44 երկրներ։ Հենց գիտաժողովի ժամանակ էլ որոշվեց տոնել սոցիալական մանկավարժի միջազգային օրը։ Ավանդույթի համաձայն այս տարի ևս հոկտեմբերի 2֊ին Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մթնոլորտը տոնական էր։
Մոլորակի ամենահումանիստական մասնագիտության օրվա առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց առաջին կուրսեցիների երդման արարողությամբ։ Ապագա սոցիալական մանկավարժները երդվեցին լինել երեխայասեր, երեխաների իրավունքների և շահերի պաշտպան։ Երդման արարողությունից հետո 4֊րդ կուրսեցիները նրանց հանձնեցին կրծքանշաններ և վզկապներ՝ մաղթելով նրանց բեղմնավոր ուսումնառություն։
Միջոցառման վերջում զեկույցներով հանդես եկան 2֊րդ և 4֊րդ կուրսեցի ուսանողներ։ Զեկույցներից առաջինը ամբողջապես նվիրված էր մարդասիրությանը և դրա բացակայության պատճառներին, երկրորդ զեկույցը պատմում էր Արտթերապիայի հետաքրքրական և բուժիչ առանձնահատկությունների մասին։ Միջոցառման ընթացքում բոլոր ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ սոցիալական մանկավարժությունը ոչ թե զուտ մասնագիտություն է, այլ առաքելություն, որի հիմքում մարդասիրությունը, գթասրտությունն ու սերն է։
Եթե ուզում ես լինել տիեզերքի ամենամարդասեր մասնագետը, արի սոցիալական մանկավարժության բաժին։ Արի ու դարձիր մեր մեծ ու ամուր ընտանիքի անդամը։ Արի, սովորիր և հավատա, որ քո գործունեությամբ կարող ես փոխել շատ ու շատ մարդկանց ճակատագրեր, կարող ես աշխարհն էլ ավելի լավը դարձնել։ Մենք սպասում ենք քեզ։

Wake up Europe. Երևան, Օր 1-ին
«Մանանա» կենտրոնը (Հայաստան), Cafe Babel-ը (Ֆրանսիա) ու AreWeEurope-ը (Բելգիա) հոկտեմբերի 9-15-ը Երևանում անց են կացնում Wake up Europe համատեղ ծրագիրը:
Լրագրությամբ հետաքրքրված 30 երիտասարդներս Եվրոպայի տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից, Դանիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելգիայից և Հայաստանից հինգ օր շարունակ սովորելու և աշխատելու ենք ժամանակակից լրագրության չորս հիմնական ուղղություններով:
Լրագրության խմբի պատասխանատուն է Միք Տեր Ռիհորսթը: Այս ընթացքում Միքը, Լեա Մարշալը, Կիրիլ Հարթոգը դասընթացներ կվարեն «Գաղափարից մինչև պատմություն», «Ինչպես կառուցել օրիգինալ պատմություն», «Ինչպես ինտեգրել պատմությունը մուլտիմեդիային» թեմաներով:
Վիզուալ լրագրության պատասխանատուն է Քրիստիան Հելգի Բյուսեն: «Գաղափարից մինչև ֆիլմ», «Ինչպես կառուցել ֆիլմը», «Ինչպես պատմել պատկերների միջոցով» դասընթացները վարելու են Քրիստիանը, Մաթիլդեն, Ալեսիան:
Փոթքասթի պատասխանատուն է Անտուան Լերոն: «Գաղափարից մինչև սցենար», «Ինչպես կառուցել և ձայնագրել փոդքասթը», «Ինչպես լարված պահել ունկնդրի ուշադրությունը» թեմաներով դասընթացներ կվարեն Անտուանը, Ալեքսանդր Ռիչին, Հելեն Փիլոն:
Տվյալների լրագրություն և դիզայն խմբի պատասխանատուն է Մարիյե Մարթենսը: «Գաղափարից մինչև վեբկայք», «Ինչպես ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ», «Ինչպես կազմակերպել սեփական տեղեկությունները» թեմաներով խոսելու են Մարիյեն և Ալեքսանդրը:
Մասնակիցներին հյուրընկալելուց հետ «Մանանա» կենտրոնից Հովնան Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանն ու նրա պատմության կարևոր էջերը, ինչպես նաև «Մանանա» կենտրոնի քսանհինգամյա գործունեության համառոտ պատմությունը: Հարցուպատասխանից, ակտիվ քննարկումներից հետո պարզեցի, որ Մարսելից հայազգի մասնակից ունենք` Աստղիկը: Անկախ ինձնից անգլերեն բարևեցի, բայց ստացա հայերեն պատասխան (մի այլ կարգի հաճելի պահ): Աստղիկը 21 տարեկան է ու մասնագիտությամբ լրագրող: Չնայած ծնվել ու մեծացել է Մարսելում` հայերեն և’ խոսում է, և’ գրում:
Հետո Միքը Հայաստանի ու լրագրության մասին ինտերակտիվ խաղի ֆորմատով բլից հարցեր էր պատրաստել: Իսկ վերջում արդեն բաժանվեցինք խմբերի: Ես նախօրոք ընտրել էի «վիզուալ» խումբը, որի ընթացքում քննարկեցինք թե ինչպես գաղափարը վերածել ֆիլմի, ինչպես խմբագրել այն ու ինչպես պատմել նկարների օգնությամբ հարցերը: Օրը շատ հագեցած էր, ու չնկատեցի, թե ինչպես մթնեց: Հա մոռացա նշել, որ տնային աշխատանք ունեմ` ներկայացնել սեփական ֆոտո/վիդեո աշխատանքներս: Դե ես գնացի ֆոտոներ ընտրելու…

Դարչինով թեյն ու տիկին Նազիկը
Ես կմտածեմ նորից ու կրկին: Դասախոսս է ասում, որ կարող ենք մտքով անծայրածիր հեռուն գնալ, տարօրինակ հեռուն, ու մեզ ոչ ոք չի կանգնեցնի… Ճիշտ է, ոչինչ չեմ ասի, բայց ու՞մ են պետք այդ մտքերը։ Եթե մարդիկ կարողանային կարդալ ու հասկանալ մեր մտքերը միայն, ապա նրանք կարող էին մեզ իսկապես ճանաչել, ի՜նչ հետաքրքիր ու, վերջապես, իրական կլիներ։ Դու երջանիկ ժպիտը տպում ես դեմքիդ ու գնում առաջ։
Դու փորձե՞լ ես մի օր ապրել դարչինով թեյի մեջ, իսկ ե՞ս. մի՜շտ: Կատակում եմ, այ դա է իմ իրական դեմքը, ու անիրական քայլերը, չնայած ես հավատում եմ, որ օր կգա, որ մեր ցանկացած միտք կլինի իրական ու տեսանելի։ Ը՜մ, ավելի կատարյալ ի՞նչ կա աշխարհում, քան դարչինով թեյը։
Մի օր սա ասացի մեր հարևան տիկնոջը, նա լուռ ու հպարտ վեր բարձրացրեց ձախ հոնքն ու խիստ տոնով ասաց.
-Դու խելացի աղջիկ, սովորող, ո՞նց է մտքովդ անցնում էդ անիրական բաները։ Գիտե՞ս՝ ես քո տարիքում արդեն ամուսնացել էի, դեռ մի բան էլ վրադիր՝ աղջիկս ծնվել էր։ Իսկ դու քեզ տվել ես գրքերին, կինոներին, բժշկականին։ Կյանքում ավելի կարևոր բաներ կան։
-Տիկին Նազիկ, իսկ դուք, երբ փոքր էիք, երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք Հայաստանից Ռուսաստան խոսել մարդու հետ ու տեսնել նրան էկրանից այն կողմ։
Մի պահ կարկամեց, աչքերը հառեց ամպամած երկնքին ու ևս 2 րոպե մտածելով՝ ասաց.
-Գիտե՞ս, երբևէ չեմ մտածել, որ հնարավոր է բջջային հեռախոս ստեղծեն, անգամ մտքիս ծայրով չէր անցնի, որ էստեղից Ռուսաստան կարող եմ տղայիս հետ խոսել, բայց էլի հազար անգամ շնորհակալ եմ, որ կան էդ հեռախոսները, թե չէ տղուս դեմքն էլ կմոռանայի։
-Է՜հ, տիկին Նազիկ, ա՜խր հենց դա է մեր իրականության սխալը, դու ինձ ասում ես՝ ամուսնացի, ի՜նչ սովորել, բայց նաև մտքումդ հազար անգամ շնորհակալ ես էդ համակարգիչը ստեղծողին, որ քեզ նման հնարավորություն է տվել՝ տղայիդ հետ շփվելու հազարավոր կիլոմետրերից։ Ա՜խր, բայց չէ՞ որ ինձ ու իմ նման մարդիկ են պատանի հասակում եղել այդքան ֆանտաստիկ ու անիրական, որ ստեղծել են նման սարքեր, նրանք են, չէ՞ սիրել այդքան գիրքն ու տետրը, այդքան կարդալն ու սովորելը, որ հիմա մենք ա՜յ այսքան հզոր ու գիտաֆանտաստիկ իրականությունում ենք ապրում։
Ես համաձայն եմ, ես անիրական եմ ու ֆանտաստիկ, բայց ես քայլ եմ, չէ՞ անում, որ մի քանի անգամ առաջ շարժվեմ, որովհետև ժամերն առաջ են գնում, մեր մոլորակն է շարժվում ու նորը պահանջում, իսկ դուք ստիպում եք տեղում դոփել ու վերջ։
-Չէ՜, այ բալա, մի բարկացի, է՜, ես ուղղակի քո հարցին եմ պատասխանում, դու ճիշտ ես, ճիշտ, լա՛վ սովորի, որ մի օր էլ քո արած գյուտերը մեզ օգնեն,- ասաց ու արագ քայլերով հեռացավ։
Ես մնացի փոշոտ փողոցում մենակ կանգնած, մի պահ ինձ լավ զգացի. իմ արած գյուտե՜րը։ Հետո մտածեցի, որ իսկապես շատ կոպիտ խոսեցի տիկին Նազիկի հետ, ուղղակի նա շատ բարի կին է, պետք չէր, բայց միևնույն ժամանակ շա՜տ բարկացած էի այժմյան մարդկանց մտքերի վրա, ու «մուռս թափեցի էդ խեղճ կնոջ վրա»։
Բայց ախր ճիշտ եմ. մարդիկ եսասեր են, տե՛ս, նա ուրախ է ու չափազանց շնորհակալ, որ տղայի հետ կարողանում է խոսել, բայց դրա հետ մեկտեղ՝ նա քարկոծում է այն մարդկանց, ովքեր այդպիսին դառնալու ցանկություն ունեն, որ կարող են այդպիսին դառնալ, ու աշխարհին նոր մի կարևոր բան նվիրել։ Ցավոք, մարդիկ այդքա՜ն կարճ մտքեր ունեն, ափսոս, որ մեր իրականությունն այնքա՜ն լճացած է, որ այդ տիղմը մաքրելու համար մեզ չափազանց ժամանակ ու ջանք է հարկավոր։
Հետո, կրկին հիշեցի իմ այդքան շա՜տ սիրելի դարչինով թեյի մասին, հիշեցի, թե քանի՜ անգամ եմ կռիվ արել նրա համար ու փախա տուն՝ ցրտից սառած ոսկորներս տաքացնելու։