meri avetisyan

Իսկ երկիրը հավերժ է

«Անցնում է մի  սերունդ, գալիս է ուրիշ սերունդ, իսկ երկիրը հավերժ է… Ծագում է արևը, մայր է մտնում արևը ու շտապում այնտեղ, որտեղից ծագում է»:

Հերթրուդ  Սթայն

 

-Մերի, բարև, ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում։

-Աաա, Տաթև, դու՞ ես, բարև, լավ եմ, քնած եմ, դու՞։

- Քնա՞ծ, ժամը գիտե՞ս քանիսն է, արթնացի՛ր արագ ու արի: Մենք պետք է պարապենք. քննություններին բան չմնաց, էլ չեմ ասում, որ մենք պիտի գրադարակը քանդենք, մաքրենք ու դասավորենք՝ ախր, խոստացել ես, է,-Տաթևի ձայնի մեջ մի տեսակ բարկություն և անհանգստություն կար։

-Գալիս եմ,-ամփոփեցի ես։

Տաթևը իմ ընկերուհին է, երկուսս էլ այս տարի պետք է ավարտեինք դպրոցը և ըստ մեր ծրագրի, պետք է ընդունվեինք համալսարան։ Այդ օրը մենք միասին քանդեցինք Տաթևենց տան վաղուց մոռացված, և ինչպես իր տատիկը կասեր. «Հազար տարի դուռը չբացած գրադարակը»։

-Սպասիր աթոռ բերեմ, շատ բարձր է,-գրադարակի դուռ մի կերպ բացելով ասաց Տաթևը։

Ես բարձրացա աթոռի վրա, և մենք սկսեցին մոռացված, փոշոտված ու խունացած գրքերը իջեցնել։Ես գրքերը զգուշությամբ տալիս էի Տաթևին, իսկ նա շարում էր հատակին։ Քիչ հետո նկատեցի, որ ձեռքերս սևացել են, ես սկսեցի գրքեր սրբել, ոպրեսզի տեսնեմ, թե ինչ գրքեր են։Ահա և մեկը՝ կազմը չկա, զգուշությամբ սրբեցի ու կարդացի. «Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի…»։

-Տե՜ս, Տաթև, սա Հովհաննես Թումանյանն է, վերցրու, բայց զգույշ, էջերը պատռված են, գիրքը մաշված, հազիվ են տառերը երևում։

Տաթևը վերցրեց գիրքը, զգուշությամբ սրբեց ու դրեց մյուսների կողքին, հետո նայեց ինձ ու ասաց.

-Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրե՛ք… Թումանյանն էր ասում ,- Տաթևի ձայնի մեջ տխրություն կար, հայացքը գցել էր ինչ-որ անորոշ կետի ու ըստ երևույթին մտածում էր  տողերի մասին, որովետև հետո շարունակեց,- ի՞նչ է նշանակում իրենց պես չապրել, ի՞նչը նկատի ուներ։

-Չգիտեմ։

Մենք լռեցինք։ Երևի երբեմն լռելը ավելի ճիշտ է, լռությունը ունակ է ավելին ասելու, քան դատարկ ու օգտագործված բոլոր բառերը։ Մենք լռեցինք այնպես, ինչպես լռում են բոլոր գրքերը՝ տարիներով կամ գուցե դարերով, ո՞վ գիտի, և դա գուցե հիմա կարևոր էլ չի, որովհետև գրքերի մեծ մասը քսանմեկերորդ դարում վաղուց լուռ են…

Ես իջեցրեցի բոլոր գրքերը և նկատեցի, որ ամբողջ հատակը ծածկված է գրքրով։Հետո միասին գրքերի անունները կարդալով սկսեցինք առանձնացնել այն գրքերը, որոնք մեզ հետաքրքրում էին։

-Մի անգամ մի իմաստուն ասել է. «Ինչպես գրքեր, այնպես էլ մարդկանց ընտրելիս պետք է ուշադիր լինես, եթե դրանք միջակ եղան ՝կյանքդ կկործանվի»,-ասացի ես։

-Ո՞վ է ասել,-հարցրեց Տաթևը։

-Ե՛ս։

-Աննորմալ,- ծիծաղեցինք,- նայիր, այստեղ Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» գիրքն է, տե՜ս-, բացականչեց Տաթևը,- ի դեպ, Հեմինգուեյը գրել է նաև վեց բառից բաղկացած ամենակարճ պատմվածքը ՝ «Վաճառում եմ մանկական կոշիկներ՝ հագած չեն», իսկ օրինակ ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է, նա գրել է. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»։

-Իսկ ամենակարճատև ներկայացումը համարվում է իմ շատ սիրելի գրող Սեմուել Բեկետի «Breath» պիեսը։Դրա տևողությունը՝ 35 վայրկյան է, որի ընթացքում լսվում են միայն ձայներ ու բղավոցներ։ Բա՞։

-Տեսնո՞ւմ ես, որքան շատ բան կարող ենք սովորել միմյանցից։

-Երեխե՞ք, այ երեխեք, սուրճը պատրաստ է,- Տաթևի տատիկի ձայնն էր։

-Գալիս ենք, տատ,- բղավեց Տաթևը։

-Ի՞նչ, ասում եմ` սուրճը պատրաստ է, եկե՛ք,- տատին սուրճը դրեց սեղանին ու հետո մեղադրական հայացքով նայեց մեզ,- առավոտից իրիկուն էդ տելեվիզրի մեջ եք, ախր, մեղք եք, աչքներդ կցավա, է։

-Տատ, տելեվիզր չէ, համակարգիչ ա ու բացի դա, մենք համակարգչով չէինք զբաղվում, գրադարակդ էինք դասավորում, բա՞…

Տատին ուրախացավ.

-Հա՜, երեխեք ջան, լավ գրքեր ունեմ, երևի ամեն մեկին երեք մանեթ փող եմ տվել: Թե գիրք ա պետք, տարեք կարդացեք: Լավ է, որ հիմա կարդացողներ կան: Ասենք, հիմա դարը շատ է փոխվել՝ առաջ հեռախոս միայն շրջկենտրոնում կար, իսկ հիմա՞։ Չէ՜, ուրիշ սերունդ եք, ուրիշ աշխարհ ունեք, ոչ մի բան չեք տեսել։ Ո՛չ կարմիր հեղափոխություն, ո՛չ տասնհինգ թիվ, ո՛չ կորցրած երկիր, ոչ էլ քառասունմեկ թիվ։

Բոլոր մեծահասակները իրենց կյանքում փորձում են հարմարվել երիտասարդների բարքերին և համոզում են բոլորին, թե ամեն դեպքում իրենց ժամանակներում ամեն ինչ ուրիշ էր ՝մի տեսակ պարզ, մաքուր։ Այդպես խաբում են իրենք իրենց` հաշվի չառնելով, որ մարդը մարդ է ցանկացած դարում։ Պարզ է, որ տասնվեցերորդ դարի մարդն էլ չէր հարմարվի քսաներորդ դարի մարդու բարքերին, բայց ինչպե՞ս բացատրել այս ամենը…

-Տատ, մենք Քառօրյա պատերազմ ենք տեսել. պատերազմի օրերին  դաս չէինք անում, նստում  էինք դասարանում ու լռում:  Մենք  տեսել ենք Թավշյա հեղափոխություն, բակում յոթ քար ենք խաղացել, հետո, երբ եկավ համակարգիչը, (որը ի դեպ, ձեր սերունդն ա ստեղծել), մենք փոխվեցինք՝ երևան եկավ զանգվածային տեղեկատվությունը ու գերարագ հաղորդակցումը: Բա մենք դրանում մեղավո՞ր ենք։ Աշխարհը առաջ է գնում և ապրողներին մղում առաջ, կարելի է ասել` մարտահրավեր, որից պետք չէ հրաժարվել, քանի դեռ ապրում ես` հնարավորություն ունես,- ասաց Տաթևը։

Տատիկը լռեց, մենք վերադարձանք մեր աշխատանքին, հետո նկատեցի, որ մթնում է։

-Այսօր կմնաս մեր տանը. կպարապենք,-ասաց Տաթևը։

Գիշերը ավելի էր խորանում, և ավելի պարզ էր լսվում կիսաբաց պատուհանների տակից քամու սուլոցը։ Տաթևի ննջասենյակը գնալով նմանվում էր թոքախտով հիվանդ մարդու աչքերին՝գունատ էր կամ ինչպես մայրս կասեր՝ կիսամեռ։ Էլեկտրական լույսի տակ մենք լուռ ընթեցում էինք գրքերը, գրում շտեմարաններ, հետո միմյանց համար կարդում սիրելի գրողների գրքերից մեջբերումներ։ Ամենավերջում, երբ արդեն լուսանում էր, մենք վերջացրեցինք ամեն ինչ և վերջապես դասավորեցինք գրադարակը, իսկ լույսը արդեն բացվել էր:

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար…

Այն, որ կան մարդիկ, ովքեր չեն հարմարվել այս դարին, դա փաստ է: Գուցե մեր սերո՞ւնդն էլ չհարմարվի մյուս դարին, ո՞վ գիտի, բայց սերունդը մեղավոր չէ իր ծնված ժամանակաշրջանի համար, իսկ գրքերը, հատկապես լավ գրքերը, պետք է ծառայեն բոլոր ժամանակներին։ Սակայն, այն, որ Հեմինգուեյ կարդացած Տաթևն ընդունվեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան ՝ ռեժիսուրայի բաժինը, իսկ նրա սենտիմենտալ ընկերուհին՝ ԵԹԿՊԻ-ի սցենարադրամատուրգիական արվեստ բաժինը, այ,  սա  իրոք աշխարհի պարադոքսներից մեկն է։

juli abrahamyan

Քեզ խաբել են

Մինչ սա կարդալը՝ մի հատ խորը շունչ քաշիր։ Այ, ապրես։ Սկսեցինք։

Եթե դու տասներեք-տասնչորս տարեկան ես՝ սա քեզ համար է, եթե դու քննությունների մեջ խեղդվող ուսանող ես՝ հաստատ կհասկանաս ու կժպտաս։
Երկար-բարակ խոսելու փոխարեն մի խորհուրդ կտամ, որն ամենակարևորն է։ Երբեք մի լսիր, թե ինչ կասեն բարեկամներն ու հարազատները քո կրթության մասին։
Քեզ խաբել են, երբ ասել են, որ «մենակ հաշիվներով առաջ կգնաս, թարգի էդ լեզուները»։ Իրոք, խաբել են։ Առաջ կգնաս մենակ նրանով, ինչը սիրում ես անսահման շատ։ Դու ինքդ քեզ խաբում ես, երբ մտածում ես՝ տասնյոթ-տասնութ տարեկանում աշխատանք կունենաս ու կատարյալ ազատություն։
Նախ՝ ֆիզիկայի գիրքը մեզ սովորեցրել է, որ բացարձակ ազատություն գոյություն չունի, ինչի իմաստը կհասկանաս մի փոքր ուշ, հետո էլ՝ տասնութ տարեկանում շատ ավելի մեծ խնդիրներ ու երազանքներ կունենաս, քան աշխատանքը։

Ոչինչ, որ դու ճաշ սարքել չգիտես՝ կանցնի։ Ու ընդհանրապես՝ իններորդ դասարանի քննությունների համար չարժի լացել, որովհետև երկու տարի հետո չես հիշելու գնահատականներդ։

Էն օրը մի մարդ ասաց․

-Մենակ թե Դեվիդ Գիլմորը չմեռնի՝ հասցնեմ գնամ համերգին։

Ու հենց այդ պահին հասկացա, որ չորս տարի առաջ նոր սերնդի հայ երաժիշտների համերգին չգնալու համար չարժեր լացել՝ մերոնք պինդ են, կդիմանան։

Մինչև շարունակելը՝ մի հատ էլ խորը շունչ քաշիր, որովհետև քեզ խաբել են, երբ ասել են՝ մի շնչով կարդալը շատ լավ բան է։ Երբեմն պիտի նստես ու երկար-երկար մի բառը կարդաս, որ հանկարծ ոչ մի տառ իրեն արհամարհված չզգա։ Իհարկե, կատարյալ հիմարություն էր ասածս, բայց մի երեք-չորս տարի հետո դու էլ կսկսես ամեն տառին առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որովհետև դա ավելի կարևոր է, քան քո հեռախոսի ձայնը։

Քիչ էր մնում մոռանայի, հա, եթե քո ընկերները նեղանում են քեզանից, որովհետև դու իրենց հերթական նամակին չես պատասխանել երեք րոպեում՝ մի տխրիր, բան չկա, իրենք քո ամբողջ կյանքի ընկերները չեն։ Չնայած՝ այս մեկը շատ վատ խորհուրդ էր, չլսես ինձ։ Առհասարակ ոչ մեկին չլսես, երբ քեզ կասեն, որ պետք է քսանհինգ տարեկանում ամուսնանաս, թե չէ` վերջ: Մի լսիր, կարող ես նույնիսկ աչքերդ մի լավ պտտես, բայց դա կանես աննկատ, որ հանկարծ չտեսնեն ու չնեղանան։

Ես գիտեմ, որ վատ եմ խորհուրդներ տալուց, որովհետև մեկը լինի՝ ինձ խորհուրդ տա, բայց երբ գիշերը քնելը շատ անիմաստ գործողություն կթվա քեզ ու երաժշտություն լսելուց կձանձրանաս՝ բացիր ու կարդա սա, միգուցե հասկանաս այն, ինչի մասին մի քանի տարի հետո գլխի կընկնես:

Երևի ես էլ երբեք չգրեմ։

maneHarutyunyan

Գրադարան՝ իմ սեր

Բաց կապույտ երկնքի տակ՝մեր շենքի ամենավերևի հարկում մի հյուրընկալ ու գողտրիկ անկյուն կա: Դա մեր թաղամասի փոքրիկ գրադարանն է: Այժմ այն բավականին լուսավոր ու գեղեցիկ  է. պատերը, առաջվա պես չեն կաթում, հատակը հնությունից չի ճռռում, նույնիսկ դաշնամուր ունենք: Գրադարանը ամբողջ թաղամասի համար ունի մեծ նշանակություն: Այն հանդիսանում է համայնքի մշակութային կյանքը կարգավորող հիմնական օղակը։

Ընդամենը մի քանի տարի առաջ գրադարանի կտուրից ջուր էր կաթում, ներսի  առանց այն էլ անմխիթար վիճակին գումարվում էր պատերի ուռածությունը:

Փոքր երեխա էի ու նոր էի կարդալ սովորել: Միշտ հաճույքով ու սրտի թրթիռով էի այցելում գրադարան: Այն ինձ համար մի կախարդական աշխարհ էր, որտեղից ես հնարավորություն ունեի մտնելու գրքերի մոգական տիեզերքի մեջ: Մենք ունեինք շատ հոգատար ու բարեհամբույր գրադարանավարներ, ովքեր միշտ պատրաստ էին իրենց բարի խորհրդով օգնել մեզ: Հիշում եմ, որ բակի երեխաներին երբեմն հավաքում էի ու միասին գնում էինք գրադարան` գիրք կարդալու, վերջինս քննարկելու ու այդ ամենից հետևություններ կատարելու: Տոն օրերին էլ կազմակերպում էինք հետաքրքրական միջոցառումներ, որի ընթացքում արտասանում էինք, երգում ու պարում: Գրադարանի անմխիթար վիճակը մեզ չէր խանգարում ապրել գրքերի աշխարհում: Սակայն շատ հաճախ երազումս տեսնում էի մեր գրադարանը՝ նոր գրքերով:

Վերջերս որոշեցի այցելել գրադարան. մի տեսակ սիրտս կարդալ էր ուզում հենց մեր գրադարանի գրքերը: Սակայն գրադարանում անախորժ վիճակ էր. բոլորը տխուր նստած էին ու ինչ-որ բան էին քննարկում: Նրանց դեմքի սովորական ժպիտը կորել էր: Այդ ամենը ինձ շատ զարմացրեց: Հարցրեցի նրանց տխրության պատճառը, բայց ինձ չպատասխանեցին, արագ տվեցին ուզածս գիրքը ու խնդրեցին, որ հեռանամ: Մի քանի վայրկյան անշարժ գամվել էի տեղում։

Տուն եկա: Ամբողջ օրը հոգիս համակած տխրությունը ինձ թույլ չտվեց ժպտալ: Մայրս զգաց, որ ինձ հետ մի բան այնպես չէ, ու հարցրեց տխրությանս պատճառը: Պատմեցի: Անակնկալի եկա՝ հասկանալով, որ պատմածս նրա համար նորություն չէ: Մայրս բռնեց ձեռքս ու ասաց իմ մինչ այդ լսած ամենատխուր լուրը: Պարզվեց, որ համայնքը գրադարաններին հատկացվող ֆինանսական միջոցները կրճատել են, և դրա հետևանքով մեր գրադարանը հայտնվել էր փակման եզրին։

Այսօրվա պես հիշում եմ դեմքիս արտահայտությունը չարաբաստիկ լուրը լսելու ժամանակ: Վազեցի տնից դուրս, դեպի գրադարան: Աչքերիս մեջ անկոտրում վճռականություն կար, այդ պահին պատրաստ էի ամեն ինչ փոխելու, կանգնեցնելու գրադարանի փակումը։

Ու կատարվեց անսպասելին: Դռան մոտ կանգնած էին պաշտոնատար անձինք: Առաջ եկա ու համարձակորեն փակեցի նրանց ճանապարհը: Ես, նրանց աչքերի մեջ նայելով, ասացի.

-Դուք դա անել չեք կարող, դուք մեր լույսի տունը փակել չեք կարող: Մի՞թե չեք հասկանում, որ այստեղ մի ողջ հարստություն կա, իսկ դուք ուզում եք այդ հարստությունը մեզնից խլել: Պետք է, ընդհակառակը, բացել նորերը, համալրել գրադարանները նոր գրքերով ու տեխնիկայով, դրանք դարձնել ավելի արդիական:

Խոսքիս իրավացիությունը հաստատեցին նաև հարևանները, որ նորությունը լսելուն պես վերև էին բարձրացել։Նրանց հայացքները միաժամանակ արտահայտում էին և վախ, և անորոշություն: Գրադարան այցելած փորձագետները (այդպես ներկայացան) ուշադրությամբ լսում էին մեզ ու մի փոքր զարմացել էին համարձակությանս վրա, հայացքներն էլ ինձնից չէին կտրում: Հետո, առանց ոչինչ ասելու, հեռացան:

Այդ դեպքից մի քանի օր հետո հայտարարեցին, որ գրադարանը ոչ միայն չի փակվելու, այլև վերանորոգվելու ու համալրվելու է։

ՈՒ անցան տարիներ: Փոխվեց մեր տարիքը, փոխվեցին մեր նպատակները, երազանքներն ու սպասումները, բայց մի բան մնաց նույնը: Գրադարանը չկորցրեց իր նշանակությունը: Այն մնաց նույն խորհրդանշական ամրոցը, ուր անթեղված է գիտելիքի սուրբ կրակը։ Գրադարանը օգնեց ինձ նվաճելու բարձունքներ: Այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաներում ունեցա կարևոր ձեռքբերումներ. գրականություն առարկայից արժանացա 1-ին կարգի դիպլոմի, իսկ աշխարհագրությունից՝ գովասանագրի։ Միգուցե, եթե գրադարանը չլիներ, ես ի զորու չէի լինի հասնել այդ ամենին: Համոզված եմ, որ մարդիկ ու հարստանում են ընթերցանությամբ, իսկ գրադարանը հանդիսանում է այդ բարձունքներին հասնելու օգնական ուժը:

nelli khachatryan

Ուղտի գեղեցիկ թքոց

Բթիս մատնահետքերը կորցնելու որերորդ անգամ ֆեյսբուքիս տարեգիրքն եմ թերթում, ու  բութս հոգնում է «հայտնի» դեմքերից մեկի հրապարակման վրա, որտեղ մեր այս դեմքը համարյա Նազենի Հովհաննիսյանին չզիջելով ոսկեղենիկ հայերենով նկարագրում էր, թե ինչպես է առաջին անգամ հաց թխում, ինչքան հաճելի գործընթաց է, ինչքան սիրով պետք է այն անել և այլն… Կարդալիս երևի թե կոգեշնչվեի, եթե այդ պահին նստած չլինեի Ճամբարակի ոստիկանության դիմացի շենքի մեր տան խոհանոցում, որտեղ մաման անտարբեր դեմքով իր երևի 1003֊րդ հացն էր թխում։

Նույն շենքի կողքի շքամուտքում միշտ Ճամբարակում ապրած մեկը նույն դեմքի արտահայտությամբ կարդում է Երևանում ապրող ուսանողներից մեկի սիրառատ գրառումը համարյա նույն Ճամբարակի, Ճամբարակի մարդկանց ու սարերի մասին։

Նույն դեմքն ունեն զինվորականները, ծառայության հանդեպ պաթոսով լցված ջահել աղջկա կամ տղայի ասածները լսելուց, կամ էն ուղտը, որին նկարում ու ծիծաղելով շոյում են թքելու համար։

Եթե դրական, ռոմանտիկ մարդ եք, ուրեմն նյութիս նպատակը պատկերացրեք այն էր, որ ստիպի  ուշադիր նայել մեր շուրջն ու մեր արած գործողություններին, ու հնարավոր է` հասկանանք, որ իրականում դրանց մեջ սիրուն պուճուր դետալներ կան, որոնց մասին նույնիսկ մարդիկ գրում են, ու գուցե արժի ուշադիր լինել ու ամեն օր գտնել էդ դետալները։

Եթե ռոմանտիկա բառը չեք սիրում, ուրեմն սա նրա համար էր, որպեսզի գիտակցենք, որ հաճախ մեզ համար հաճելի ու սիրուն թվացող մանրուքներ կան, որոնք մարդիկ անում են ամեն օր կարիքից դրդված ու հիացած չեն դրանով: Տեսնում են սիրուն բաներ, որոնց տարիները մաշել ու սովորական է դարձրել աչքի համար, ու հանկարծ չնեղանաք, որ մտքում ծիծաղեն ձեզ վրա, երբ ապարատը ձեռքին նկարեք որպես դեղ աճեցված սիրունիկ ալոեի թուփը։

Մանկության իմ իրավունքը

Alla Virabyan

Ջուր չկա

Մի օր դասերից տուն վերադառնալիս լսեցի, թե ինչպես էր մեկը բարձրաձայն ծիծաղում: Այդ ծիծաղը, չգիտես ինչու, գրավեց ուշադրությունս, մոտեցա, որպեսզի տեսնեմ: Մի երեխա  նստել էր գետնին ու ցեխերով խաղում էր, այնքան երջանիկ էր: Ամբողջ դեմքը, մարմինը  ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցնում էր ցեխերի մեջ ու լավ խառնում, ասես ինչ որ լուրջ բան էր ստանալու: Ես էլ  երկար կանգնեցի ու սկսեցի հետևել: Ես էլ ցանկացա  ցեխերով խաղալ, ծիծաղում էի  նրա հետ:

Հանկարծ տանից դուրս եկավ երեխայի մայրը և սկսեց բղավել ու սաստել նրան:

-Ես ըռվետվանից Մեծ աղբյուրից խմիլի  ջյուր պիրեմ, վեր գոնե խմիլին հերիք անի, տյու վեր ունես լրիվ ցեխ սարքե՞ս: Բա հիմա ինչո՞վ ես լողանալու, շորերդ ինչո՞վ դեմ լվանալ,- ասաց երեխայի մայրը և նրա ձեռքից բռնած տարավ տուն: Երեխան սառած նայում էր մորը, հետո կամաց-կամաց  սկսեց լացել: Այն երեխան, ով մի քանի վայրկյան առաջ բարձր ծիծաղում էր, հիմա այնքան ուժգին էր լացում:

Նրա ճիչը լսելով մի տեսակ ինձ վատ զգացի: Ինձ թվաց, որ պետք է ինչ որ բան անեի նրա համար, բայց անզոր էի: Շուտ հեռացա  կամ էլ ուղղակի փախա: Մտքերս սկսեցին խառնվել, սկսեցի ինձ հարցեր տալ: Սկսեցի մեղադրել այն կնոջը, ով երեխայից խլեց  ծիծաղը: Ախր, փոքր է, չէ՞: Հետո ամեն օր տեսնում էի, թե այդ կինը ինչպես է հոգնած և տխուր դեմքով հեռու աղբյուրից  դույլերով ջուր տանում: Իսկ այդ կնոջ ժպիտը ո՞վ էր խլել: Ես դրան երբեք ուշադրություն չէի դարձրել: Նա  հոգնում էր, դույլերը ցած դնում, հետո երևի ինչ որ բան էր հիշում, դույլերը նորից վերցնում և շտապում էր տուն, որը այնքան հեռու էր աղբյուրից:  Երեխան տանը սպասում էր:

Ամենուր տեսնում եմ, թե ինչպես են գյուղացիները բողոքում ջրի պակասից: Որոշները շաբաթներով չեն լողանում, և դա ոչ թե պետք է որպես փնթիություն ընդունվի, այլ մի մեծ բաց, որը պետք է լրացնել:

Շատ եմ տեսել մարդկանց անտարբերությունը, ոչ միայն ջրի, այլ նաև բնության այլ բարիքների հանդեպ: Որոշները այնքան ունեն, որ չգիտեն ինչ անել, որոշներն էլ քիչ բան ունեն, բայց դե գոնե գնահատել գիտեն:

Ջուր չկար, հիմա էլ չկա, հա դե ոչինչ, ի՞նչ անենք: Մենք էլ չենք լողանա շաբաթներով, այգիները չենք ջրի, թող չորանան, էլի: Լավ, դե ոչինչ, երեխան էլ չի խաղա, ախր, կկեղտոտվի,   ՋՈՒՐ ՉԿԱ…

anna khachatryan

Ես հասա

2018թ. սեպտեմբերի 29-ն էր, իմ պարապմունքի առաջին օրը: Սպասվածից է՛լ ավելի ջերմ ընդունեց ինձ ուսուցչուհիս: Ծանոթացանք. նա հստակ էր խոսում, իսկ ես այնքան էի լարված, որ հազիվ էի բառերն արտաբերում: Երբ պատմեցի նպատակներիս մասին, անվերջանալի փորձությունների միջով անցած այդ կինն ինձ ասաց.

-Դժվար է լինելու, բայց ես վստահում եմ քեզ:

Իսկապես դժվար եղավ: Քնում էի ընդամենը 3-4 ժամ, առավոտյան տեսքս սարսափելի էր լինում՝ուռած ու կարմրած աչքեր, չսանրված մազեր, վերցնում էի պայուսակս ու վազելով դպրոց հասնում: Իսկ ձմռանը, երբ բոլորը շա՜տ հանգիստ վայելում էին ճերմակ ձյունն ու գիշերն էլ քնում, ես անդադար կարդում ու գրում էի: Իմ անբաժան ընկերն էր դարձել սուրճը, որը պիտի ոչ թե քնից տանջվելով, այլ սիրելի մարդու ընկերակցությամբ խմես: Ուղիղ մեկ տարի ես սուրճ էի խմում Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի, Մայն Ռիդի, Մուրացանի, Րաֆֆու գրքերի հերոսների հետ: Վառարանս էլ ագահաբար կլանում էր փայտն ու չստացված շարադրություններիս թղթերի կույտերը: Երբեմն լինում էին հուսահատություններ, փոշմանում էի ընտրածս մասնագիտության համար, օրերով գրքերին ատելությամբ էի նայում, նույնիսկ չէի ուզում գրիչ վերցնել ձեռքս: Բայց հետո հիշում էի Նրան, հավաքում ինձ, կռիվ տալիս իմ ներքին ես-ի հետ այդքան թույլ գտնվելու համար ու շարունակում էի է՛լ ավելի մեծ թափով աշխատել:

Այսօր հպարտությամբ եմ ասում՝ես հասա իմ նպատակին, այդքան անհասանելի թվացող իմ մեծ, շա՜տ մեծ նպատակին, հասա իմ անկոտրում կամքի, իմ կողքին գտնվող մարդկանց շնորհիվ: Ես,առաջին հերթին, շնորհակալ եմ իմ ուսուցչին, ով բացի ուսուցիչ լինելուց դարձավ իմ ավագ ընկերը, ուղեցույցը, խորհրդատուն, հաջողությանս բանալին, նա՛ լուսավորեց իմ ճանապարհը, նա՛ տվեց այն գիտելիքները, որոնց կարիքը շատ ունեի, այդ նա՛ էր, նա՛՝ իմ «վարդապետը»…

Mary Yengoyan

Համամարդկային կարծրատիպեր

Դեռևս մանկության տարիներից ինձ աշխարհի բոլոր պետություններից ամենաշատը հետաքրքրել է Գերմանիան։ Իմ սերը նրա հանդեպ գնալով ավելի ու ավելի մեծացավ։ Սկսեցի հետաքրքրվել գերմանական մշակույթով:  Երաժշտական դպրոցում ծանոթացա գերմանացի կոմպոզիտորներին, ընթերցեցի գերմանացի գրողների ստեղծագործություններ։Ինչպես նաև հետևելով Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին, դարձա նրանց երկրպագուն, սկսեցի ուսումնասիրել գերմաներենն ու վերջնականապես իմ առաջ նպատակ դրեցի սովորել ու աշխատել Գերմանիայում։

Բայց որքան ես մեծանում էի, այնքան մեծանում էր գիտակցությունը, որ գուցե շրջապատի մեծերի մեջ ամուր նստած է հայրենական պատերազմից մնացած կարծրատիպերը.  «Գերմանացիները աշխարհի ամենադաժան ազգերից մեկն են», կամ` «Էդ նեմեցներից ի՞նչ պիտի սովորես, որ»…

Գերմանացիներին չեն սիրում իհարկե ԽՍՀՄ-ը պաշտող ու անցյալով ապրող մարդիկ, ու նրանց պատճառով ես էլ որոշ ժամանակ մտածում էի, որ մեծերը մի բան գիտեն: Թյուր կարծիքս հօդս ցնդեց այն ժամանակ, երբ ես համացանցի միջոցով ծանոթացա մի քանի գերմանուհիների հետ, ովքեր դարձան իմ մտերիմ ընկերները։ Նրանք շատ բարի, կարեկցող ու կենսուրախ աղջիկներ են, ովքեր պատմում են իրենց քաղաքների ու հայրենակիցների մասին։Ի տարբերություն մեզ, չեն խոսում միայն իրենց տաղանդաշատ արվեստագետներից ու հանճարեղ գիտնականներից (որոնց ի դեպ մարդկությանն ամենաշատը հենց Գերմանիան է տվել), երկրի գեղեցիկ ու տեսարժան վայրերից, փառահեղ հաղթանակներից ու նվաճումներից։Նրանք առանց թաքցնելու պատմում են նաև իրենց նախնիների գործած հանցանքների մասին ու ասում, որ իրենք ընդունում են իրենց ապուպապերի մեղքերը ու ցանկանում են, որ մարդիկ դրա պատճառով իրենց չատեն, որովհետև իրենք ու իրենց հայրենակիցները ոչ ոքի հանդեպ ատելությամբ լցված չեն։

Մեկ այլ սոցցանցում էլ տեսա, թե ինչպես էր մի գերմանուհի պատմում, որ ինքը ծաղրանքի էր արժանանում ու ստորացվում էր դպրոցական տարիներին ԱՄՆ-ում, միայն նրա համար, որ գերմանացի էր։

Ինչո՞ւ են ազգերը դատում միմյանց իրենց ապուպապերի հարյուրավոր տարիներ առաջ գործված մեղքերի համար, որոնք վաղուց անցյալում են, կամ ինչո՞ւ մարդիկ ուղղակի չեն կարող միմյանց մասին կարծիք կազմել ըստ վերաբերմունքի, արարքների, բնավորության: Չէ՞ որ ամեն ազգության մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ, և ազգային պատկանելությունն այստեղ ոչ մի դեր չի խաղում: