sona mkhitaryan

Կիրառական հոգեբանություն

Ներկայացնում եմ 10 փաստ մեր հոգեկանի, մտավոր կառուցվածքի, վարքային դրսևորումների մասին.

  1. Մեր ենթագիտակցական մակարդակում է պահվում մեր ապրած տարիների յուրաքանչյուր վայրկյանի մասին հիշողությունը (օրինակ` 4 տարեկանում ընկել եմ մեր բակում և վնասել ձախ ծունկս), և եթե մեր ենթագիտակցության և գիտակցության սահմանները խառնվեն իրար` մարդը կարող է հասնել խելագարության: Ենթագիտակցականում պահվող հիշողությունները կարող ենք հիշել հիպնոսի միջոցով:
  2. Մարդու աչքերի բիբերը լայնանում են, երբ նա ստում է կամ էլ տեսնում է իր սիրած էակին:
  3. Երբ փորձում եք պարզել` արդյոք դիմացինը ճի՞շտ է խոսում, խնդրեք նրան՝ իր ասած նախադասությունը վերջից և թարս փորձել կրկնել: Ստելու դեպքում ստողը չի կարողանում թարս կրկնել նախադասությունը:
  4. Չկա որևէ մարդ (բացառությունները շատ քիչ են), ով կարող է իր օրը հստակ պատմել՝ թե օրվա ընթացքում ինչ է արել, երբ (կոնկրետ որ ժամին), որտեղ և այլն: Իսկ այն մարդը, ով հստակ արագ-արագ պատմում է իր օրը, վստահ եղեք, որ ստում է:
  5. Տղամարդը միշտ պետք է կանգնի կնոջ ձախ կողմում, և պետք է երբեք չբռնի կնոջ պայուսակը:
  6. Եթե ձեզ ասում են, որ «ես ընդամենը ուզում էի օգնել», ապա այդ մարդը բամբասանքների սիրահար է:
  7. Դուք երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար:
  8. Մարդիկ սիրահարվում են այնպիսի մարդկանց, որոնց մեջ տեսնում են այնպիսի հատկանիշներ, որոնք կցանկանային իրենք էլ ունենալ:
  9. Եթե գիշերները Ձեզ տանջում են մղձավանջները, ուրեմն դուք մրսում եք քնած ժամանակ: Գիտական փաստ է՝ որքան ցուրտ է ննջասենյակը, այնքան վատ երազներ տեսնելու հավանականությունն ավելի մեծ է:
  10. Մարդու մասին կարծիքը ձևավորվում է հանդիպման առաջին 4 րոպեների ընթացքում` առաջին 10 վայրկյանների ընթացքում այն ձևավորվում է, մնացած ժամանակահատվածում` ստուգվում:

Հոգեբանության իմացությունը դժվարացնում է կյանքը, իսկ դրա կիրառումը հեշտացնում է այն:

Կիսախարխուլ պատերից անդին

Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է։ Սպասումն է հեռուներում թողած պատմությունների ու մարդկանց։ Օդում խելագարության հասցնող հիվանդություն է կախված։ Դա ճակատագրերի տարբերությունն է։ Դա մենակությունն է, որ չգիտես՝ ինչու, բաժին է ընկել նրանց:

Նրանք այն ուժեղներն են, ովքեր կարողանում են ամեն բան հաղթահարել միայնակ։ Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին։ Մենք երբեմն չենք տեսնում նրանց (երբեմն ամաչում ենք, երբեմն չենք ցանկանում), դրանից ոչինչ չի փոխվում։ Նրանք շարունակում են ապրել։ Մենք էլ․․․

Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է ջերմության։ Հայացքներում կարոտն է զրույցի։ Իսկ աչքերում (որոնք վաղուց դադարել են տեսնել լավ)` անցած-գնացած պատմություններ են։ Աչքերում փնտրտուք է մարդկանց, ովքեր կլսեն այդ պատմությունները։ Մարդկանց, ովքեր կհարցնեն՝ ինչպե՞ս ես․․․ Մարդկանց, որոնց իսկապես կհետաքրքրի դա։

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կողմից «Սննդի օգնություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում մենք՝ կամավորներս,ամեն ամիս այցելում ենք Աշտարակում միայնակ ապրող տարեց  մարդկանց, զրուցում նրանց հետ, հանձնում սննդի օգնության փաթեթները, օգնում տնային գործերում։ Մենք ինչ-որ կերպ փորձում ենք մեղմել կարոտի ու միայնության այդ անտանելի զգացումը։

Երբեմն մենք նրանց համար ինչ-որ միջոցառումներ ենք կազմակերպում, որը կհամախմբի նրանց, կզրուցեն իրար հետ ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեն։ Բոլորովին վերջերս Աշտարակի Հայորդաց տան սաները համերգ էին կազմակերպել մեր տատիկ-պապիկների համար։ Իսկ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողները իրենց «Տիտանիկ» ներկայացմանն էին հրավիրել մեր տատիկներին։ Տոմսերը մեզ էր տրամադրել Վլադ Սուքիասյանը։

Ամենավերջում՝ ժպիտ ու բավարարվածության զգացում։ Դա այն էր, ինչը մենք ցանկանում էինք տեսնել այսքան երկար ժամանակ։ Ինչը իսկապես անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։ Դրանք այն վայրկյաններն էին, որոնց մենք միասին սպասում էինք այսքան երկար ժամանակ, ու որոնց հասանք միասին՝ հենց ձեր շնորհիվ։ Որովհետև մենք օգնում ենք ձեր օգնությամբ։

nelly mkrtchyan

Արտագնա աշխատանքը հավերժ սպասում է հորը սպասող երեխայի համար

Իմ պատմությունը նման է հարյուրավոր երեխաների պատմությունների, որոնց հայրերը մեկնում են արտագնա աշխատանքի: Գյուղում կյանքն արագ չի անցնում, օրերն էլ երկար են թվում:
Հայրս էլ  շատերի պես մի օր մեկնեց արտագնա աշխատանքի, երբ ես մեկուկես տարեկան էի, իսկ եղբայրս՝ վեց ամսական։ Մեկնելու հիմնական պատճառն իբր աշխատանք գտնելն էր, բայց եթե հաշվի առնենք, որ հայրս գյուղում ուներ սեփական կարի արտել ու մթերային խանութ: Ինձ համար կասկածի տակ դրվեց աշխատանք գտնելու փաստը, թե քանի՞սն են հորս նման լսել դրսի շքեղ ու հեշտ կյանքի մասին, հավատացել, որ դրսում գումար վաստակելն ավելի հեշտ է, կյանքն էլ գեղեցիկ, իսկ իրականում մարդիկ գուցե քնելու տեղ չունեն կամ ուտելու հաց: Ինչևէ, հենց այստեղից է սկսում իմ ու իմ ընտանիքի կյանքի պատմությունը:

Գյուղում ապրող սկեսուր, սկեսրայրի հետ մենակ մնացած ամեն հարսի համար էլ պարզ է դառնում, որ իր իրավունքները փոքրանում են, իսկ պարտականությունները մեծանում, իսկ  մորս համար հատկապես, որովհետև նա նոր-նոր էր ծանոթանում տեղի սովորույթներին, կարգուկանոնին ու միջավայրի խստակյաց բարքերին, մարդկանց, որոնք նման չէին իր հայրենի Ծավ գյուղի բնակիչներին, որտեղ մարդիկ ավելի մեղմ են իրենց բնության նման: Ցուրտ ու մութ իննսունականներին  հեռախոսով կապ հաստատելը շատ դժվար էր, Վարդենիսից մինչև Կապան հասնելն էլ` անհնար: Հարազատներին միայն կարոտել էր մնում, իսկ նոր հարազատ դարձած մարդկանց մեջ կիսատ սեր ու ջերմություն գտնել, հարմարվել նոր միջավայրին, փորձել և՛ մայր լինել երկու մանկահասակ երեխաներին, և՛ հայր:

Մայրս ամեն ինչ անում էր, որ մենք հոր պակաս չզգանք, բայց բնությունն իր օրենքներն ունի, կինը բնությունից մայր է, ու տղամարդկային ուժեղ բազուկներ են պետք տան սյուներն ամուր պահելու համար։

Տատս յոթ զավակի մայր էր, ու հորս պակասը փորձում էին լրացնել հինգ հորեղբայրներս ու հորաքույրս` ամեն մեկն իր չափով։ Բայց միակ մարդը, ում մեջ ես ու եղբայրս մեր հորն էինք տեսնում, պապս էր` գյուղում հարգանք ու սեր վայելող շինարար ու ձկնորս։ Մենք մեծանում էինք` ամեն տարի հասկանալով ու հարմարվելով, որ մեր հորը չենք տեսնելու գալիք Նոր տարուն, բայց ամեն օր սպասում էինք գոնե մեկ զանգի, կամ նամակի, ամեն օր: Յոթ երկար ու ձիգ տարիներ մենք որևէ լուր չունեցանք հորիցս:

Պապս ամեն ինչ անում էր մեզ համար, բայց այն գիտակցումը, որ նա միայն մեր պապը չէր, ու միայն մենք իրեն «պապ» կոչելու իրավունք չունենք, ինձ ստիպում էր խանդել ու կարոտել հորս, ով միայն մերն էր…

Հորս բացակայությունը գուցե սովորական լիներ կամ այդքան ցավոտ չլիներ, եթե ամեն անգամ հարևանների բարեկամների երեխաներն իրենց նոր հագուստն ու խաղալիքները ցույց տալիս չշեշտեին, որ իրենց  «պապան է առել» արտահայտությունը, մեծերը չնայեին մեզ ու չփսփսային, որ` սրանց հերն էլ չի գալու, որ` լսել եմ այնտեղ ուրիշ կին ու երեխա ունի, որ` կարո՞ղ է մի բան է եղել, որ` ոչ զանգում է, ոչ գրում, որ` անհեր երեխեն ինչ պիտի լինի:

Ես  չարացած չեմ, մարդիկ իրենց կեղտոտ կամ մաքուր պատուհաններից են նայում աշխարհին, պարզապես այդ խոսակցությունները ստիպում էին մեղավոր զգալ, որ երկու մանկահասակ երեխաներ  ծնվել են ու արհեստական ձևով զրկվել հոր ներկայությունից իրենց կյանքում, մեղավոր զգալ, որ մի տեսակ որբ են ու վախենալ, որ մի օր ընդմիշտ են որբանալու, որ Հայաստանի մեկ այլ ծայրից հարս եկած կինը լռությամբ ամուսնուն է սպասում:

Ինքս ինձ եղբորս պաշտպան էի կարգել։ Ամեն անգամ նման խոսքեր լսելուց հետո տուն էի վազում ու պատից կախված հորս նկարին բողոքում էի, աթոռը ոտքերիս տակ էի դնում, որ հասնեմ նկարի մոտ ու արցունքներս մաքրելով բողոքում էի, հրամայում, աղոթում, որ վերադառնա ու  մարդկանց ցույց տա իրենց տեղը, ցույց տա, որ ինքը միայն մեր պապան է։
Ութ տարի անց, երբ արդեն դպրոց էի գնում, հայրս սկսեց զանգել ու ծանրոցներ ուղարկել։ Հիշում եմ, առաջին անգամ այնքան էի ուրախացել, երբ փոստից ասացին զանգել է, որ չնայած հորդառատ անձրևին, կիսահագնվել  վազեցի դուրս մորս հետ, որ գնամ, խոսեմ, բայց այնքան հուզված էի, որ միայն ձայնն էի լսում` խոսելուս ունակությունը կորել էր։

Զանգից մեկ տարի անց՝ հոկտեմբերյան մի տաք օր, հայրս ընկերների հետ եկավ։ Նախորդ երկու գիշերը ուրախությունից չէի քնել։ Դպրոցում ասել էի, որ պապաս գալիս է, բայց ուսուցչուհիս քմծիծաղով ասաց, որ թող գա նոր ուրախացի:

Երկու օր անց պապաս եկավ:  Նկարում հայրս նիհար էր, սև մազերով ու բեղերով, բայց  մեքենայից իջավ լրիվ ուրիշ մարդ: Ինձ թվաց, թե՛ ինձ խաբել են, թե՛ իմ պապան չի: Մանկան միամտությամբ համոզված էի, որ այդքան տարի հետո հայրս նույն տեսքը պիտի ունենար, նույնը լիներ:  Մեքենայից իջավ արդեն ճերմակած մազերով մեկը, ում միայն աչքերն ու բեղերն էին հիշեցնում նկարի մարդուն, ով այնքան հարազատ էր ինձ ու միաժամանակ անծանոթ: Երբ անունս տվեց, վազեցի, գրկեցի ու էլ ոչինչ չեմ հիշում,  ասես աշխարհը փոխվեց ինձ համար, ես հայտնվեցի այլ աշխարհում, որտեղ ես հայր ունեի, ես հավասար էի բոլորին ու բոլորի նման:

Ես բախտավոր մարդ եմ, որ հայրս վերադարձել է ու մեր կողքին է հիմա, բայց ոմանք այդպես էլ հոր քաղցրություն չտեսան, արտագնա աշխատանքը վերցրեց շատ երեխաներից իրենց հայրերին:

Ինչքան էլ ինձ ծանոթ լինի այդ ցավը, իրենց կորուստը ոչ մեկ ու ոչինչ լրացնել չի կարող երբեք, ու դրա միակ մեղավորը արտերկրում «լավ աշխատանք գտնելու ու ապրելու» պատճառաբանությունն է, հետևանքը` այն բազում երեխաները, ովքեր ամեն վայրկյան են սպասում իրենց հայրերին:

estela voskanyan

Հատված «Բիթլզից» ու նոստալգիայից

Աչքերս փակելու ու քնել փորձելու անհույս ջանքերս անհաջողության էին մատնված: Անհաջողության էր մատնված նաև իմ՝ ինձ հաջորդ օրվա վաղ արթնանալն ու համալսարան գնալը հիշեցնելու միջոցով քնել ստիպելը։ Չէ, չէր ստացվում: Ուղեղս, մի տեսակ, չէր ուզում անջատվել: Կողքի սենյակից` Բիթլզի «Միշել»-ն էր լսվում․ երևի հեռուստացույցը միացրած էր մնացել, ես էլ կրկնում էի․

Michelle, ma belle

These are words that go together well,

My Michelle…

Ու էսպես երևի անընդհատ կկրկնեի, եթե չզգայի, որ երգը վաղուց ավարտվել է, հեռուստացույցն անջատվել, իսկ ես արդեն Yesterday-ին եմ անցել:

Զավեշտալի էր, ինչ խոսք։

Վեր կացա, անիմաստ պառկելուց ու գլխիս մեջ անընդհատ նույն բառերի կրկնությունից նյարդայնանում էի: Բայց Բիթլզն ինձ չէր լքում, իսկ ես արդեն փորձում էի համակերպվել նրա ներկայությանը: Հետաքրքիր է, ՄաքՔարթնին իր պացիֆիստական երգերը գրելուց առաջ մտածո՞ւմ էր, որ դրանք մի օր խանգարելու են 19-ամյա հասարակ աղջկան պառկել ու աչքերը հանգիստ փակել: Ես ասացի խանգարե՞լ, կներեք…

Հայացքս սահեց պատուհանից դուրս: Փողոցի լույսերը թույլ լուսավորում էին փոշոտ մայթերը, փոշո՜տ մայթերը: Դեմքիս աննկատ մի ժպիտ երևաց։ Ամեն անգամ էս փողոցին նայելիս՝ ինձ մոտ նոստալգիկ զգացումներ են առաջանում։ Ամեն անգամ հիշում եմ էս փողոցի վրա անցկացրած վայրկյանները, էն հույզերն ու զգացումները, որ ապրել եմ։ Աչքիս առաջ են մեր թաքստոցներն ու զենքերը, որ պատրաստում էինք, երբ հարևան թաղի երեխեքի հետ կռիվներ էինք անում, բայց աչքիս առաջից էդ բոլոր երեխեքը շատ աննկատ ցրվեցին, ու այժմ չգիտեմ էլ, թե որ կռիվներին մասնակցեցին…

Ու զգում եմ, որ մի օր մի անկյունում կամ գուցե ճոխ սեղանի շուրջ նստած՝ հիշելու ենք մեր խաղերը, կատակները, երազները, անուրջները, դժվար ու նեղ օրերը։

Հիշելու ենք, թե ինչպես էին մեր հույսերը՝ սահմանները կորցրած, թափառում, երազում, մեզ համար ապագա կառուցում: Հիշելու ենք լուսացրած գիշերներն ու առավոտները, մայրամուտներն ու հորիզոնները, ժպիտներն ու արցունքները: Հիշելու ենք էն բոլոր երդումները, որ իբր իսկական ընկերներ՝ անբաժան ենք մնալու։

Ավաղ, ժամանակը, գնալով առաջ, մեր երազանքներն էլ տարավ, ու անբաժան մնալու խոստումները փոշոտ փողոցում մնացին…

Աչքերս փակելու ու քնել փորձելու անհույս ջանքերս անհաջողության էին մատնված: Անհաջողության էր մատնված նաև իմ` ինձ հաջորդ օրվա վաղ արթնանալն ու համալսարան գնալը հիշեցնելու միջոցով քնել ստիպելը…

davit aslanyan

Մեր կենացը

Մենք՝ հայերս, կարծում եմ՝ կենաց ասել սիրող ազգ ենք: Ու մեր կենացների մշակույթն էլ ունենք: Գիտենք, թե որ կենացը որից հետո խմենք, որն առաջինն ասենք, որը վերջինը խմենք: Ու դժվար թե ինչ-որ մեկը ասի, որ մեր կենացների մեջ ձևականություն կա: Մեր կենացները անկեղծ են: Կենաց ասողը բաժակը ձեռքին պատմում է հետաքրքիր մի բան, վերջում պատմությունը բերելով կենացի բուն թեմային՝ գովասանքի խոսքերի տեղատարափ սկսում ինչ-որ մեկի համար:

Այս մասին սկսեցի մտածել, երբ մի օտարերկրացի ինձ հարցրեց, թե հայերեն ինչպես են ասում «cheers»: Դե արի հիմա բացատրի, որ ամեն ինչ ձեր «cheers»-ի պես պարզ չի: Ամեն ինչ կախված է պահից: Եվ «անուշ» ենք ասում, և «կենացդ» ենք ասում, երբեմն ժպտում ենք, երբեմն՝ մի հումորով եզրափակում կենաց ասողի խոսքը, երբեմն՝ ծիծաղում, երբեմն, երբեմն, երբեմն…

Էսքան խճճված, բարդ, գեղեցիկ ու հոգու խորքից եկող, անկեղծ կենացի մշակույթ ունենալով հանդերձ՝ մի վատ կողմ էլ կա: Ոչ միշտ ենք մեր կենացներն ի կատար ածում: Բոլորս ժպիտով խմում ենք մեր զինվորի կենացը, բայց հենց խոսքը հասնում է 1000 դրամին, ոչ բոլորս ենք համաձայն: Մեր հայրենիքի կենացը խմելուց հպարտությունից բաժակները մինչև առաստաղ ենք բարձրացնում, հետո խմում, բաժակը դնում սեղանին ու թողնում էդ նույն հայրենիքը ու գնում:

Շատ անկեղծ են մեր կենացները: Բայց թե ինչու մեր արարքները նույնչափ անկեղծ չեն՝ չգիտեմ:

Ի՞նչ ասեմ: Ողջ առողջ…

Վեդիում սկսվում է նոր եթերաշրջան

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Վեդու երիտասարդների հանդիպումը senYAC-ում (Վեդու երիտասարդական կենտրոն): Հանդիպման նպատակն էր վերհանել երիտասարդներին հուզող խնդիրներն ու գտնել դրանց լուծման տարբերակները: Ներկա էին նաև Արարատի մարզպետի օգնական Տիգրան Շիրինյանը, Վեդու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Անդրանիկ Ավետիսյանն ու Գեղարվեստի դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանը:

Սկզբում երիտասարդները ներկայացրին իրենց անցած ուղին ու senYAC-ի պատմությունը, հետո սկսվեց քննարկումը:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Խնդիրները շատ են, բայց երիտասարդները չեն դժգոհում: Ասում են՝ իրենց ձայնը միշտ էլ լսելի է եղել համայնքապետարանում, ու իրենք միշտ ստացել են աջակցություն տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Սակայն Վեդիում կան խնդիրներ՝ երիտասարդների ժամանցի ապահովումը, աշխատատեղերի պակասն ու մշակութային կյանքի բացը: Աղբահանության, թափառող շների, տրանսպորտի ժամերի ու օդի աղտոտվածության մասին ևս խոսվեց:

Ակտիվ քննարկումներ սկսվեցին Վեդու տարբեր հատվածներում կուտակված աղբի վերաբերյալ: Անդրանիկ Ավետիսյանի հրավերով հանդիպմանը միացավ «Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը, որը երիտասարդներին լսելուց հետո խոստացավ ավելացնել աղբամաններն ու աղբահանությունը կատարել ավելի հաճախակի:

Նա նաև խոսեց ապագա ծրագրի՝ աղբի վերամշակման մասին:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Վեդեցի երիտասարդները հանդիպման էին եկել հստակ որոշումներով ու առաջարկներով՝ ոչ ստանդարտ սրճարան, չրանոց ու հանգստի գոտի: Ոչ ստանդարտ սրճարանի գաղափարը հավանության արժանացավ գրեթե բոլորի կողմից:

-Սրճարան, որտեղ կանցկացվեն գրքերի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ ու հետաքրքիր միջոցառումներ: Փակագծերը չբացենք, որպեսզի հետքրքրությունը մեծ լինի,- ասում են երիտասարդները:

Ռ. Բաքոյանը պատրաստակամություն հայտնեց լինել երիտասարդների կողքին ու միասին իրականացնել թղթին հանձնած ծրագրերը:

Հաջորդ հանդիպման օրն արդեն նշանակված է:

Էլի ես ու էլի Ամասիայի մասին

Հիմա, երբ բոլորդ արդեն պլանավորում եք ձեր ամառային հանգիստը, կամ ինձ նման ոչ մի բան էլ չեք պլանավորում, կուզենամ խոսել այս մեծ մոլորակի մի գողտրիկ ու ինձ համար անգին տարածքի՝ Ամասիայի մասին:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Ամասիան գյուղ է ՀՀ հյուսիսային սահմանում: Շիրակի Բազեն լավ ասում է․ «Բնականաբար, դուք չեք ճանաչում Ամասիան այսքան գեղեցիկ, որովհետև չեք բացահայտել այն ձեր սեփական աչքերով»: Այլևս չեմ վիճի ձեզ հետ, կտամ ևս մեկ հնարավորություն բացահայտելու Ամասիան, մի քիչ էլ ջիջիլ կգցեմ:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Մի սիրիահայ ընկեր ունեմ, անցած տարի մայիսին որոշեցինք Երևանից ուղևորվել Ամասիա մի քանի օրով, իմիջիայլոց, գաղափարը և ցանկությունը իրենն էր, որովհետև ինձ մոտ ակտիվ քննական շրջան էր, ժամանակ չունեի Ամասիայում անցկացնելու, բայց քանի որ Մաիդը շատ էր ուզում, գնացինք:

Երբ մոտենում էինք Ամասիային, իջեցրել էինք մեքենայի պատուհանները ու քամու ներքո վայելում էինք դրախտը: Ճանապարհն սկզբում անցնում էր կանաչ անտառով, ապա՝ դաշտերի միջով, դաշտերը բազմերանգ ծաղիկներով էին լիքը՝ մանուշակագույնից աստիճանաբար դեղին, ապա դաշտը ներկվում էր սպիտակ, ու ծաղիկները՝ իրենց բարակ ցողուններով, քամու ուղղությամբ թեքվում էին, շորորում։ Այս տեսարանը պատկերացնել է պետք: Ես այդպիսի պահերին լռեցնում եմ միտքս ու տրվում բնությանը ու ձայներին: Իսկ Մաիդը կողքիս ասաց կամաց․ «It’s a part of paradise»: Ես հասկացա, որ դա այն էր, ինչ պետք էր ասել հենց այդ պահին, բայց քանի որ ես բառիս բուն իմաստով անջատված էի, իմ մտքով էլ չէր անցել, որ կարելի է վերնագրել տեսարանը:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Մենք զբոսնեցինք անտառներով, այգիներով, հետո իրար հետ կով կթեցինք՝ ես էլ, ինքն էլ առաջին անգամ էինք մասնակցում էդ պրոցեսին: Հետո այդ կաթը զտեցինք, ստացանք թթվասեր, իսկ մնացած մասով պանիր պատրաստեց հորաքույրս: Ես ու Մաիդը շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք գյուղում, ապա երկու օրից վերադարձանք Երևան։ Ես էլ չեմ մանրամասնի, որ անակնկալների մասը ապահովեմ:

Լուսանկարը` Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը` Հարություն Հայրապետյանի

Իսկ հիմա խոսեմ այն 10 պատճառների մասին, որոնք ներկայացրել է Շիրակի տուրիզմի զարգացման կոմիտեն, և մեկնաբանեմ դրանք «ամասիերեն»:

1. Դուք կարող եք լինել այն եզակիներից, ում բախտ կվիճակվի այցելել բրդի վերամշակման արտադրամաս և բրդից սեփական ձեռքերով թել ստանալ:

Ես իմ կամավորական խմբի հետ մի քանի տարի առաջ մի քանի տարի շարունակ զբաղվել եմ բրդի վերամշակմամբ, ինչպես նաև թաղիքագործությամբ:

Սա յուրահատուկ գործընթաց է. բուրդը լվացվում է, ապա գզում ենք, հատուկ կաղապարներով այն վերածում թաղիքի: Սա էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու ամենահավես եղանակներից է:

2. Ամասիայում Ձեր լուսանկարների գունագեղությունը կապահովեն Ամասիայի Հարավսլավական թաղամասի գեղեցիկ ու գունավոր տները։ Դուք միայն Պորտուի գունավոր տներն եք տեսել:

Այո, մենք ունենք նման թաղամաս, ու այս թաղամասի ամենագրավիչ հատկանիշը, ըստ իս, դրա՝ սարերի մեջ ծվարած լինելն է: Ասենք՝ ինչպես Ալպերում, այդպես էլ Ամասիայում: Գժական է, չէ՞։

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի

3. Ամասիան հրաշալի հնարավորություն է տալիս հայտնի մարդկանց հետ հանդիպելու և լուսանկարվելու: Այստեղ մինչ օրս պահպանվել է Սովետական միության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը։

Այս արձանը տեղադրվել է մեր շենքի բակում, մեր հարևան Մուշեղ ձյաձյայի ջանքերով: Հիշո՞ւմ եք Մաիդին, նա, օրինակ, նույնիսկ չգիտեր՝ Լենինն ով է, իսկ պապիկս, որը հոգով-սրտով կոմունիստ է, պատմեց Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին, երգեց, բեմականացրեց, Մաիդն էլ հիացած լսում էր։

4. Քայլարշավի սիրահարներին սպասում են Ամասիայի լեռները, բնության հրաշքներ համարվող դողդոջուն կաղամախու ծառուտները և փետրախոտային տափաստանները։ Դուք կզգաք Ձեզ մայր բնության մի մասնիկը։

Իհարկե, ես դողդոջուն կաղամախի, բան չգիտեմ, բայց ճիշտը էն ա, որ կձուլվեք բնությանը: Ես, օրինակ, ունեմ իմ տեղերը, որտեղ ստեղծագործում եմ կամ ուղղակի հանգստանում:

5. Zip-line-ով թռչելու և էքստրիմի սիրահարները ևս անմասն չեն մնա, Կապսի ձորում էքստրեմալ գրավչությունները սպասում են ձեզ։

Էս Կապսի ձորի ավանդական անունը Աղասնոց է: Դրա նախկին տերը՝ Աղասին, իր ձեռքերով է հիմնադրել ամենը, և անգամ պատմում են, որ ինքն էր պատրաստում ամեն ինչ՝ մշակում մսեղենը, պատրաստում երշիկեղենը, վառում վառարանները և այլն:

6. Եթե ցանկանում եք վայելել տարվա 4 եղանակների յուրահատկությունները, ապա անպայման պետք է Ամասիայով այցելեք Արփի լիճ ազգային պարկ։

Արփի լճի մասին սուս եմ: Մենակ կասեմ՝ հիշո՞ւմ եք, որ Մաիդն ասում էր՝ It’s a part of paradise, այ սա հենց էդ շարքն է:

7. Տեսնելու Եռակատար լեռը, որը գտնվում է 3 երկրների տարածքում, ունի 3010 մետր բարձրություն:

Այո:

8. Պատմության հետքերով գնալու համար կարող եք այցելել Բանդիվան՝ տեսնելու կիկլոպյան ամրոցներ, քարանձավներ, ջրաղացների մնացորդներ և զգալու միջնադարյան կառույցների գրավչությունը։

Սա իմ ու եղբորս սիրելի վայրերից է, մենք մինչ օրս փորձում էինք օգտվել գյուղից գյուղ խոսելու իրենց տեխնիկայից, բայց չենք կարողանում, էլի: Հսկայական ժայռեր, ժայռերի մեջ անձավներ, փոքրիկ արահետներ, աղբյուրներ, հսկայական դարպասներ: Սա հրաշք է:

9. Թռչնադիտարկման, ինչպես նաև հաստածղրիդների երգեցիկ ձայնը լսելու համար հրաշալի վայր է Ախուրյանի կիրճը, որը սկիզբ է առնում Արփի լիճ ազգային պարկից։ Որսի թույլատրելի շրջանում հնարավոր է նաև ձկնորսություն՝ ըստ պահանջի։ Այստեղ հանդիպում են բեղլու, ծածան տեսակի ձկներ։

Օրինակ՝ ես համարյա միշտ զբաղված եմ թռչնադիտարկմամբ կամ ունկնդրմամբ, բայց երբեք դրան գիտական նշանակություն չեմ տվել:

10. Կարող եք ծանոթանալ նաև Ամասիայի ռոբոտաշինության խմբակի հզոր փոքրիների հետ։

Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ մեր երեխեքը ֆենոմենալ երեխեք են: Խելացի, տաղանդավոր, շնորհքով, աշխատասեր, հետաքրքրասեր, ստեղծարար, մաքուր, անկեղծ: Տաղանդ են, ես սիրում եմ Ամասիայի երեխեքի հետ աշխատել:

11. Կարող եք այցելել Ամասիայի լավաշի արտադրամաս և համտեսել անուշաբույր լավաշ։

Արտադրամասը գտնվում է գյուղի հրապարակի մոտ, և ամբողջ կենտրոնը լցված է լավաշի անուշ բույրով:

12․ Հյուրընկալվել Դավիթ Ալեքսանյանի հյուրատանը, ինչպես նաև մասնակցել ջիպ-տուրերին:

Էս մարդու հետ ջիպ-տուր է անգամ կենտրոնական փողոցով երթևեկելը:

Սա ձեզ փոքրիկ ուղեցույց-մոտիվատոր:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Հուսանք շատ շուտով կստանանք նոր լուսանկարներ  գարնանային դրախտային Ամասիայից:

mariam tonoyan

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի»

Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մեր մարզի դրական առանձնահատկություններին, այն տարբեր ոլորտներում դեռևս ունի նաև շատ չլուծված խնդիրներ։ Մարզի զարգացմանն ուղղված մի շարք կամավորական, հասարակական, պետական միջոցառումների թվին ավելացավ մայիսի 11-ին Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում Գեղարքունիքի մարզում առաջին անգամ տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի»  գործարար համաժողովը, որի նպատակը մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարներին ներգրավելն էր։ Համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, 110 գործարարներ, որոնցից 72-ը արտերկրից էին և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Գեղարքունիքի մարզն իր բնակլիմայական և աշխարհագրական դիրքի պատճառով տնտեսապես առավել հմտացել է գյուղատնտեսության ոլորտում և ունի շուրջ 345 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, այդ իսկ պատճառով Համաժողովին քննարկվելիք գերակա ուղղություններ ընտրված էին գյուղատնտեսությունը, տուրիզմը և այլընտրանքային էներգիայի զարգացումը։

Մարզի մրցակցային առավելություններից մեկը ձեռներեցության պոտենցիալն է, բացի դրանից Գեղարքունիքի մարզն ունի բոլոր նախադրյալները էկոտուրիզմը զարգացնելու համար։ Հայտնի է, որ Սևանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերից մեկը, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, իսկ մարզում զբոսաշրջիկների տրամադրության տակ է գտնվում շուրջ 50 հյուրանոցային տնտեսություն, և միջին հաշվարկով Գեղարքունիքի մարզը կարող է ընդունել օրական 5000 զբոսաշրջիկ։ Անցյալ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում զբոսաշրջիկների թիվը 52%-ով աճ է գրանցել։ Մարզում Էկոտուրիզմի հաջողված օրինակ են Դրախտիկ և Կալավան գյուղերը, իսկ գյուղատնտեսական կրթությամբ աչքի է ընկնում Ծաղկունքի դպրոցը, որը մեր տարածաշրջանում միակն է, որ ունի ֆերմա և փորձարարական դաշտ՝ համապատասխան գյուղատնտեսական գիտելիքներ փոխանցելու համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրեր, որոնք հաջողության են հասել այս մարզում, որոնց թվում էին կաթնամթերքի ձեռնարկությունը, սպորտային տուրիզմը, օգտակար բույսերի հավաքումը և վաճառքը, կարի արտադրությունը,  հյուրատնային գործունեությունը և այլն։

Համաժողովի կարևոր մաս էին զբաղեցնում նաև ներդրումային ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են գտնվում։ Ըստ այդ ծրագրերի՝ նախատեսվում է Չկալովկա և Նորաշեն համայնքների ափամերձ հատվածներում կառուցել առողջարանային և հանգստի գոտիներ, քառահարկ հյուրանոցային համալիր՝ հարմարեցված խանութներով, սրճարաններով, կոնֆերանս սրահով, մարզասրահով և քոթեջային թաղամասով։ Նախատեսվում է 5 համայնքներում ստեղծել հողմակայաններ, որը կնպաստի մթնոլորտային արտանետումների նվազեցմանը և 400 աշխատավայրերի բացվելուն։

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզը ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, այստեղ կտեղադրվեն նաև արևային կայաններ։ Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համաձայն նախատեսվում է Նորատուսում բացել գորգագործական գործարան և թանգարան, Դրախտիկում՝ ձիարշավարան և հյուրանոց, Կալավանում՝ տուրիզմի գիտահետազոտական կենտրոն և վրանային ճամբար, որի արդյունքում կբացվեն 20 աշխատավայրեր և կունենանք 5000 զբոսաշրջիկների ներհոսք։

Այս ծրագրերի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության տնտեսության դրական աճին։