aneta baghdasaryan

Ես Պայլը չեմ

-Լավ, մի անգամ էլ լսեմ ու վերջ։ Ինչ սպիտակ ա էս պատը, միշտ սե՞նց ա եղել։

Ձեռքն առավելագույն չափով ձգեց, որ մի կերպ սեղանի ծայրին դնի հեռախոսն ու շարունակի պատով՝ ավելի ճիշտ առաստաղով հրճվել։ Ջութակների հիմնական թեմայի հետ զուգահեռ հնչում էին փողայինները՝ մարելով, հետո ուժեղանալով ու լցնելով դատարկ սենյակը։ Չէ, սենյակը այդքան էլ դատարկ չէր՝ անկյունում բազմոցն ու սեղանը, լարից ընկած դաշնամուրն էին, մյուս անկյունում՝ գրասեղանն ու նվագարկիչը․ սենյակում կահույքից բացի միայն նա էր՝ բազմոցին պառկածն ու առաստաղով հրճվողը։

-Տենաս` ինչի՞ են հարևաններս տանը բարձրակրունկ հագնում։ Ախր, հարմար չի, ամբողջ օրը դրանցով ես, դրանցով գործի ես գնում, հետո նույն ճանապարհով տուն ես գալիս: Չե՞ս ուզում հանել, որ ոտքերդ մի քիչ հանգստանան։ Չնայած, կարող ա դրսում էդքան էլ հարմար չի բարձրակրունկներով քայլել, իսկ դրանք իզուր չես գնել, մի տեղ պետք է, չէ՞, հագնել։ Էլի մտքերով ընկա ու սիրածս մասը բաց թողեցի։

Նա նորից ձգվեց, այս անգամ, որ վերցնի հեռախոսն ու նորից միացնի ստեղծագործությունը։ Սենյակը նորից լցվեց լարայինների ու փողայինների կարծես թե կատարյալ հնչյուններով։ Դեմքով նորից նայում է մեզ արդեն քաջ ծանոթ սպիտակ առաստաղին։

-Տենաս` պարոն Ֆաուլերը գտա՞վ Պայլին։ Միգուցե Պայլին սպանել են։ Ափսոս, լավ տղա էր։ Իսկ միգուցե գաղտնի գործակալ է և, հավաքելով թանկարժեք փաստաթղթերը, ուղղակի փախել է։ Չնայած այդ տարիներին Վիետնամից փախչելու համար մենակ խիզախությունը հերիք չէր լինի։ Իսկ եթե Պայլը գոյություն չունի՞, և նրան Ֆաուլերն է հորինել, իր վրայից մեղքը հանելու համար։

Այ, եթե մի փոքր տեղից շարժվեր, միգուցե և իմանար Պայլի ճակատագրի մասին, այլ ոչ թե գրասեղանին դրված գրքին նայեր՝ վարկածներ թվարկելով։

-Լավ, էս ժամին, ո՞վ ա փոշեկուլ միացնում։ Գոնե բարձրակրունկներդ հանի, նոր տները մաքրի, հարմար չի տենց։ Էն մի անկյունը չմաքրեցիր, ո՞ւր ես գնում․․․ Էլի չլսեցի սիրածս դրվագը։

Կրկին միացրեց այն ամենասկզբից՝ այս անգամ հեռախոսը ուղղակի դրեց բազմոցի գլխին։

-Իսկ եթե ես լինեի Պայլի փոխարեն, միսս Ֆուոնգի հետ կփախչեի, որ մեզ ոչ ոք չկարողանար գտնել։ Ամերիկա կփախչեի, Պայլը հավանաբար այնտեղ ծանոթներ կունենար։ Բայց ես Պայլը չեմ, ոչ էլ իմ միսս Ֆուոնգին ունեմ, Ամերիկայում էլ դժվար ծանոթներ ունենամ։ Եթե մի օր որոշեմ գիրք գրել իմ Թոմաս Պայլը կամ Ջիմը, կամ էլ Բիլը ամբողջ օր կպառկեր գետնին ու կնայեր աստղերին։ Ֆուոնգն էլ կողքից հարցեր կտար, Պայլն էլ տպավորություն թողնելու համար իր իմացած մեկ-երկու աստղի անուն կասեր կամ կհորիներ, ցույց կտար դրանք։ Բայց ես Պայլը չեմ ու իմ միսս Ֆուոնգին էլ չունեմ։ Էս ճաքը մի՞շտ ա եղել առաստաղի էս մասում։ Ինչ էլ մեծ ա։

Սենյակը նորից դատարկվեց․ լսվում էր միայն ժամացույցի տկտկոցը։ Երաժշտությունը նորից միացնել էր պետք։ Ձեռքի մի թեթև շարժում, ու հեռախոսն ընկնում է ուղիղ բազմոցի հետևը։

-Չէ, էդքան էլ սպիտակ չի առաստաղը։

Գլուխը նորից թեքում է դեպի գրասեղան, տեղից բարձրանում ու վերցնում է գիրքը։

«Սիրելի՛ Թոմաս, ․․․ »

arman arshak

Հայաստանում գարունը սկսում է մարտի 2-ից

Երևի բոլորիս ընտանիքներում լսել ենք մարտիմեկյան դեպքերի քննարկումները ու հիմնականում չենք հասկացել, թե ինչից էին խոսում մեծերը: Հիմա մտածում եմ՝ երևի մեծերն էլ չէին հասկանում՝ ինչ է կատարվել:

2008-ի մարտի մեկին առաջին դասարանում էի ու ամեն ինչ չափազանց աղոտ եմ հիշում: Միակ դրվագը, որ ֆիքսվել է հիշողությանս մեջ, այն է, թե ինչպես էր մայրս համոզում հորս չգնալ Ազատության հրապարակ: Հիշում եմ, թե ինչպես էին հարևանները անհամբեր սպասում, որ լուրերը սկսվեն, և հասկանան՝ ինչ է կատարվում Երևանում:

Անցան տարիներ, և երբ 13-14 տարեկան էի, ավագ ընկերներս սկսեցին ինֆորմացնել՝ ինչ է կատարվել իրականում և տրամադրել մի քանի գիրք ու նաև մի ֆիլմ: Ֆիլմ, որը դիտելիս իրար էին միաձուլվել վախն ու անարդարության զոհ լինելու զգացումը: Կասեք, խնդրեմ, ինչո՞ւ էին հարևանները և մայրս սպասում լուրերին, եթե դա անաչառ լրատվություն չէր, մամուլն էլ անկախ չէր:

Ֆիլմը առաջին անգամ դիտելուց հետո հասկացա, որ ֆիլմը պետք է դիտի հասարակության մեծ մասը, քանի որ շատերն էին զոհ գնացել այդ կախյալ լրատվականներին: Այդ օրվանից ի վեր սկսեցի հույսերիս շարքին ավելացնել ևս մեկը: Ապրել՝ ունենալով հույս, որ կգա մի օր, և կբացահայտվի չտեսագրված լուսաբացը:

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց այդ ֆիլմի՝ «Հայաստանի կորսված գարունը», ցուցադրությունը: Հուսամ՝ ֆիլմը դիտեցին շատերը և բացահայտեցին մարտի մեկը, իսկ երիտասարդ սերունդը ծանոթացավ իր երկրի պատմության կարևորագույն էջերից մեկին, որի մասին միշտ լռում էին:

2008 թվականից ի վեր Հայաստանում գարունն սկսվում է մարտի 2-ից, իսկ հայ ժողովուրդը միշտ մարտիմեկյան դեպքերի պահանջատերն է:

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Հայկական էսքիզներ

anush davtyan

Ամենաուժեղ դետեկտիվ կինոն

Տա-դամ․․․ տա-դամ․․․ տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դամ, տա-դաաաամ․․․ տա-դա-դա-դա-դամ․․․

Եթե երգելով չկարդացիր վերևի տողը, ուրեմն հե՛տ դարձիր ու նորի՛ց սկսիր։ Մենք տեղափոխվում ենք մութ ու առեղծվածային աշխարհ, ուր ես ԽՍՀՄ գաղտնի գործակալ եմ, իսկ դու երևի դեռ չես էլ ծնվել։ Հետ ենք գնում տարիներով, գնում ենք այնտեղ, ուր ամենաուժեղ դետեկտիվ ֆիլմերն էին «live» տեղի ունենում։ Գնում ենք իմ երիտասարդություն։

Ես Սառով գյուղում եմ՝ Ռուսաստանում։ Գրում եմ 1947 թվականից։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Հուսամ՝ լավ։ Իսկ ե՞ս, ես հեռու եմ հայրենիքիցս, դեռ շատ կլսես, որ կարոտում եմ։ Նախնիներս Ղարաբաղից են, բայց ես հոգով նորբայազետցի եմ։ Որ ասեմ` Քյավառ, երևի ավելի լավ հասկանաս։ 1930-ին եկա Մոսկվա, ստիպված էի։ Ու էնպես ստացվեց, որ մնացի էստեղ։ Բայց ասում եմ, շատ եմ կարոտում Հայաստանը, Նոր Բայազետը։ Հիմա չէ, բայց մի օր պատվով հետ եմ գալու, շքանշաններովս գլուխ գովեմ։ Դե, սկզբից պատմեմ, որ բան հասկանաս։

Եկա Մոսկվա, սովորում էի Էներգետիկ ինստիտուտում, հետո անցա գործի մի տեղում, որն անուն չուներ․ համար 24 էինք ասում այդ գործարանին։ Մեր թողարկած արտադրանքից միայն ներսի մարդիկ էին տեղյակ։ Էստեղից էլ սկսվեց ամեն ինչը։

Դե, ասում եմ՝ հիմա 47 թիվն է, անտառի մեջտեղում՝ ԿԲ-11 գաղտնի օբյեկտում, ես սկսում եմ աշխատել բոլորից գաղտնի մնացած միջուկային կենտրոնի վրա։ Այստեղ եմ լինելու դեռ մոտ կես դար ու պատրաստվում եմ «միջուկային» փոքրիկ քաղաք ստեղծել։ Կես դարը քիչ չի թվում, չէ՞։ Կհասցնեմ հաստատ կատարելության հասցնել այն։ Լավ, մի քանի տարի առաջ գնանք, արի՛ 1959 գանք, երբ իմ գլխավորությամբ ստեղծվում է Կոնստրուկտիվ Բյուրոն։ Իմ շնորհիվ ԽՍՀՄ միջուկային զինանոցը թափ է առնում և մրցակից դառնում ԱՄՆ-ին։ Վատ չէ, հա՞։ Ո՞նց եք ասում հիմա։ Հա՜, զիլ է։ Այնքան, որ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս եմ դարձել, Լենինյան մրցանակի դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ամենակարևորը՝ Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի։ Որ իմ ժամանակներից դուրս գանք, կարող ես Գավառ գնալ, կիսանդրիս կանգնած է հրապարակում, տարիների փոշին էլ վրան։ Մի քիչ փայլս կորցրել եմ, բայց ի՞նչ կապ ունի։ Արձա՞նն է, որ հերոսին պետք է գեղեցկացնի։

Վերջին պահն իրար հետ կարող ենք 1993-ում անցկացնել, հետո էլ չեմ գա հետդ, կներես։ Բայց կարծեմ գիրք է լույս տեսնելու իմ մասին, հոդվածներ էլ կգրեն շուտով, էդտեղ կհանդիպենք պարբերաբար։ Թող հիմա դեռ գաղտնի մնա բոլորի համար, թե ինչի համար եմ այսքան շքանշան ստացել, թող քեզ համար հիմա արդեն վայրի թվա այն, որ միջուկային զենքի պես բանը ԽՍՀՄ հպարտությունն էր ու կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Կյանքիս գործն էր դա։ Ե՞ս էի ընտրել։ Երևի հա, բայց ավելի շատ այս ուղին էր ինձ ընտրել։

Լավ դե, դու գնա առա՛ջ, ես 93-ում կմնամ։

Ես տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցն էի, 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանից մեկը։ Էլ գաղտնի չեմ քեզ համար․․․

Anna mkhitaryan

Աշոցքը դահուկներով

Հունվարի 26-ին և 27-ին Աշոցքս մարդաշատ էր: Հայաստանի հյուսիսային, ցրտաշունչ բնակավայրում էին հավաքվել Հայաստանի մարզերից և Երևանից եկած մեծեր և փոքրեր: Այնքան հաճելի զգացողություն էր, երբ զգացի, որ գյուղս ճանաչեցին ոչ միայն -35° ջերմաստիճանով, այլ դահուկորդներով:

Աշոցքը տարիներ շարունակ սպորտի պատմության մեջ ոսկե տառերով է գրում մարզիկների անուններ, ովքեր մեծ հաջողություն ու անուն են բերում ոչ միայն իրենց հայրենիքին, այլ նաև ծննդավայրին: Միքայելյանների ընտանիքը ջանք ու եռանդ ներդրեց, պայքարեց ու հասավ ցանկալի արդյունքի: Պատրաստեց ու շարունակում է պատրաստել նոր դահուկորդներ, ովքեր օտար ափերում դահուկային սպորտի առաջավորներից են: Միքայելյանների ընտանիքի երկու զավակները՝ Սերգեյը և Միքայելը, Հայաստանը ներկայացրել են օլիմպիական խաղերում, իսկ վերջերս Միքայելը Ֆինլանդիայի Լահթի քաղաքում տեղի ունեցող դահուկավազքի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 30 կմ դասական ոճի մրցատարածությունում 21 պետությունների 70 ուժեղագույն մարզիկների հետ պայքարում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը: Պողոսյան Թադևոսը, որը նույնպես այս սպորտաձևում հզորներից է, բազմաթիվ մեդալներ է նվաճել: Նա հունվարի սկզբին կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնությունից անմիջապես հետո Լիբանանում մասնակցեց տարվա առաջին միջազգային մեկնարկին: Ուրախալի է, որ հայ մարզիկը հաջող հանդես եկավ` դառնալով զարգացող պետությունների գավաթի խաղարկության ազատ ոճի մրցատարածությունների (10 կմ, 5 կմ) կրկնակի հաղթող: Հպարտությամբ կնշեմ, որ մենք համագյուղացիներ ենք: Ինչևէ, եթե շարունակեմ ներկայացնել, կմոռանամ գլխավոր նյութի մասին:

Աշոցքը դարձավ ձմեռային կենտրոն: Հիմա արդեն զբոսաշրջիկները, կամ ինչու չէ, Հայաստանի բնակիչները Ծաղկաձորից բացի կայցելեն նաև Աշոցք: Կվայելեն ձմեռային օրերը: Հունվարի 27-ին անցկացվեց դահուկավազքի սիրողական մրցաշար, որին մասնակցեցին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, համայնքապետը, մարզիկներ Հայաստանի տարբեր շրջաններից: Իր խոսքում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին փաստեց, որ կենտրոնը հիմնադրվել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը զբաղվում է վերջերս խոշորացված 52 համայնքների հզորացմամբ:

Կենտրոնի ստեղծման նպատակն է` աջակցել Աշոցք համայնքին զարգացնել դահուկավազքը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը հայաստանցիների և հյուրերի շրջանում, ինչպես նաև ներգրավել դահուկորդների՝ մասնակցելու վերապատրաստումների և մրցույթների: Սիրողական մրցաշարին մասնակցում էին անգամ մանուկները, առավել աչքի էր ընկնում 3-ամյա Արտակը, որն իր փոքրիկ մարմնում մե՜ծ ջերմություն տեղավորելով՝ բոլոր լրագրողներին հավաքել էր շուրջը: Հարցազրույցի ժամանակ հետևում էի նրա քայլերին, նրա փոխարեն խոսում էր հայրիկը, որը նախկինում նույնպես դահուկորդ էր եղել, իսկ Արտակը խոսափողը իրեն ձգելով փորձում էր խոսել, ինքնուրույն պատմել: Այդ օրը Աշոցք էին այցելել երգչուհի Սոֆի Մխեյանը, սպորտային մակնաբան Կարեն Գիլոյանը:

aniharutyunyanarm

Լվացք

Տարվա եղանակների հետ գյուղում փոխվում է օդում ծանրացած հոտը: Գարունը բերում է ծաղկած ծառերի, տաք արևից գոլորշիացող ձմռան ցրտի ու թռչունների ծլվլոցի հոտը: Ամառը մեքենաների անիվներից, կովերի ու տնային կենդանիների քայլքից բարձրացող փոշու ժամանակահատվածն է, որովհետև ասֆալտի իշխանությունը դեռ ամբողջությամբ չի հաստատվել գյուղում: Աշուն, հասած մրգեր, ծաղիկներ, թափվող տերևներ ու անձրևներ. խոնավության ու թարմության, արդեն զգացվող սառնության հոտն է թափառում օդում:

Ձմռանը գյուղը դանդաղ ծխում է, վառարանները կարմրած վառվում են, ու ծխի հոտը նստում է մարդկանց ուսերին, հագուստին, պարաններից կախված լվացքին: Կախված լվացքին, էն լվացքին, որ մաման խնամքով առանձնացրել ու գույներով դասավորել էր, հերթով, ամեն գույնը իր հասանելիք ժամանակով լվացել, նույն հոգատարությամբ հանել ու թափ էր տվել, տարել դուրս, լվացքի պարանը սրբել ու կախել: Ձմռան խոնավությունից բավականին երկար չորացող լվացքը հավաքելիս ու տուն բերելիս մաման քթի տակ խոսում է։ Լսողությունս լարում եմ, որ լսեմ, որովհետև երբ մաման քթի տակ խոսում է, ուրեմն բողոքելիքը բարեբախտաբար ինձ ու առհասարակ կոնկրետ ինչ-որ մեկին հասցեագրված չէ: Կռիվը ծխի հետ է, որ չի հասկանում` էդ լվացքը դեռ մաքուր է, տեղ գնալու շորեր են, ախր, անտարբեր անցիր, կողքով անցիր, հո դժվա՞ր չի: Անկախ մամայի բողոքներից՝ գյուղն ինձ համար ձմռան ծխի հոտով է գյուղ ու էդ ծխից տուժող լվացքով: Ու ծուխը որքան թանձր է, այնքան գյուղը ապրում է, գյուղում ապրում են, տաքանում են, տները կան, լվացքների պարանները դատարկ չեն մնում:

Ընդհանրապես հաճախ եմ լվացքի պարաններին ուշադրություն դարձնում, երբ գյուղի մյուս ծայրի փողոցներում եմ լինում, որ զգամ, որ գյուղը ամբողջությամբ է շնչում: Սովորականի նման լվացքը չեմ գտնում հեռու փողոցի առաջին տան պարանին: Մտածում եմ` երևի էսօր լվացք չի եղել: Մի քանի օր անց նորից դատարկ, այս ամիս արդեն անընդհատ դատարկ: Մի օր էլ ասում են` հեռու փողոցի սկզբի տան Գևորգը ընտանիքին էլ է տարել Ռուսաստան: Լվացքն էլ են տարել: Իսկ մի ուրիշ փողոցում փոշոտված պարանին լվացք է ավելացել. պարզվում է` գյուղ նաև վերադառնում են: Գյուղում նաև փոքրիկներ են ծնվում. որոշ պարաններ նախկինից ավելի ծանրացած ու կռացած են, որովհետև նոր ծնվածների ու երեխեքի անընդհատ ցեխոտվող, կեղտոտվող շորերը պարաններից անպակաս են:

Թող գյուղում ծուխն ու լվացքը շատ լինեն, թող մաման ամեն անգամ քթի տակ կամաց խոսի ու կռվի, ոչինչ, թող իմ տեղ գնալու շորերը ծխոտվեն, էլի ոչինչ, բայց լինեն լվացքները, շատանան ու չպակասեն:

«731 օր քեզ համար». Տա Թևեր

Բանակ ուղարկված հազարավոր նամակների մեջ այդ նամակը ոգեշնչող ու ոգևորող էր թե՛ նամակագրի համար, և թե՛ հասցեատիրոջ։ Նամակ, որը պատճառն էր հետագայում այս գրքի լույս ընծայման։

Հունվարի 28-ին Խնկո Ապոր գրադարանում տեղի ունեցավ Տա Թևերի՝ «731 օր քեզ համար» գրքի շնորհանդեսը։

-Գիրքը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է։ Նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում սպասող հայուհուն,- նշեց հեղինակը։

-Ինչպե՞ս ծագեց գիրքը գրելու գաղափարը։

-Գաղափարը ծագել է 2015 թվականին, երբ նամակ էի գրել և ուղարկել զինվորներին։ Նամակը մեծ արձագանք ստացավ նրանց կողմից, անդադար նամակներ էի ստանում, որ ոգեշնչվել են։ Ու հետագայում նամակս նաև տպագրվեց։ Իսկ հետո ինձ ուղղված նամակներից հասկացա, որ տղերքի համար ու իրենց մասին պետք է գրեմ։ Քանի որ փոքր տարիքից միշտ մտածել եմ հայրենիքին պարտք լինելու մասին, որոշեցի, որ ես էլ այսպես պարտքս պետք է մարեմ։ 2016 թվականի հուլիսի 31-ից սկսեցի գրել գիրքը։

-Ինչպե՞ս ծագեց գրական կեղծանուն (Տա Թևեր) ունենալու գաղափարը։

-Կեղծանուն ունենալու գաղափարը ծագել է հենց այն ժամանակ, երբ տղերքը պատասխանում էին՝ դուք ձեր նամակով թևեր եք տալիս մեզ, հենց այդտեղից էլ առաջացավ Տա Թևեր գրական անունը։

Գրքի գլխավոր նպատակը այն է, որ հասնի զորամասեր, քանի որ այն հենց սկզբում էլ գրվել է զինվորների համար, որ իրենք իմանան, որ երբեք մենակ չեն, որովհետև շատ հաճախ ասում են, որ իրենց սպասողները իրենց սիրելիներն են միայն։ Բայց երբ սկսել էի գրել գիրքը, ես չունեի զինվոր ու գրել եմ այն քրոջ սրտով։ Գրել եմ, որ ապացուցեմ ու ասեմ նրանց, որ մենակ չեն, մի ամբողջ ազգ հավատով սպասում է իրենցից յուրաքանչյուրի վերադարձին,- եզրափակեց Տա Թևերը։

Բարև ձեզ, դուք նամակ ունեք Մարատից

Բարև, մամ ջան, գիտեմ՝ լավ ես, ուրիշ կերպ լինել չէր կարող։ Դե հա, գիտեմ՝ կարոտում ես, ես էլ․․․ Ախր, շատ ենք կապված իրար, բայց երկուսս էլ գիտենք, թե ինչի պիտի դիմանանք էս հեռավորությանն ու կարոտին։ Ախր, դու ես հայրենիքի հանդեպ սերը կաթի հետ խառնած ինձ տվել․․․ Հիշո՞ւմ ես, որ մի անգամ հեքիաթի փոխարեն ինձ Գևորգ Չավուշի մասին պատմեցիր, հետո ամեն օր խնդրում էի, որ ինձ Չավուշի հեքիաթը պատմես։ Հիշո՞ւմ ես, որ փոքր ժամանակ ինձ հարցնում էիք՝ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, առանց հապաղելու, հպարտ ասում էի՝ զինվոր։ Հիմա արդեն զինվոր եմ, մամ ջան, մեծացել եմ մի քիչ․․․

Գիտեմ, որ հպարտ ես, որ քո ծնած ու սնած որդին հիմա հայրենիքին իր պարտքն է տալիս․․․ Քիչ մնաց, մամ ջան, էստեղ մի սար ունենք՝ Քյաթուկ, տղերքը ծառայությունը էդ սարը բարձրանալու ու իջնելու հետ են համեմատում։ Դու էլ հո գիտես, մամ ջան, կյանքիս կեսը սարերում եմ եղել, հիմա էլ մեր Քյաթուկի գագաթին եմ։ Բան չմնաց, շուտով հետ կգամ, իմ հպարտ մամա, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար․․․

Համբույրներով ու կարոտած՝

Քո մեծացած, զինվոր տղա․․․

***

Բարև, իմ թանկագին քույրեր, հիշո՞ւմ եք, որ փոքր ժամանակ ինչ լինում էր՝ միշտ պաշտպանում էիք ինձ, դե մեր երեքից փոքրը ու միակ տղան ես էի, դուք էլ ամեն հարցում համ քրոջ դեր էիք տանում, համ «մեծ ախպոր»։ Հետո՞ ինչ, որ համարյա ամեն օր կռիվ-կռիվ էինք անում։ Հիմա էլ ես եմ մեծացել, հիմա էլ իմ հերթն ա ձեզ պաշտպանելու։ Բա՜, մեծանում ենք․․․

Մելինե ջան, Մարսետ ջան, ընդամենը մի տարի եմ ձեզնից հեռու, ձեր պուճուրները էդ ոնց են մեծացել, որ Լիլիթս ու Լևոնս ինձ նամակ գրող են դարձել, Նատալիս էլ արդեն կարողանում ա «քեռի» ասի։ Պատկերացնում եմ՝ բա մինչև գալս ինչքան մեծացած կլինեն․․․ Մենակ թե գիտեմ, ես եմ, որ ձեզ համար էլի էն պուճուր ապերիկն եմ լինելու, որ ամեն մատս փուշ մտնելուց էլ մամայի պես մղկտալու եք։ Ախր, մամայի հետ հավասար ձեր գրկում եք մեծացրել․․․ Էստեղ շատ բաներ եմ հասկացել, քույրիկներս, և ուզում եմ հիմա ձեզ ասել` կներեք, թե երբևէ անմտաբար նեղացրել եմ ձեզ, ախր, ձեզ շատ եմ սիրում․․․

Պինդ-պինդ գրկում ու համբուրում եմ ձեզ ու պուճուրներիս։

Անչափ սիրով՝

Ձեր փոքր եղբայր․․․

 

***

Բարև, իմ սիրելի Մարգարիտա, էսօր հերթապահության ժամանակ նորից մեր սիրած երգն էի հիշել ու ամբողջ ընթացքում մտմտացնում էի քթիս տակ․․․ Մտածում էի, թե երբ եմ գալու, որ միասին երգենք էդ երգը, ու մտքիս էլի քո «ընդամենը» բառն եկավ, ու էդ մնացած ժամանակը ակնթարթ թվաց․․․

Հետո եղանակը մի քիչ ցրտեց, բայց չէի մրսում․ ծոցագրպանիցս քո պատրաստած ու նվիրած երկու պուճուր սիմվոլիկ ձեռնոցներից ջերմություն էր գալիս՝ քո ձեռքերի ջերմությունը ու քո օծանելիքի տաք բույրը․․․

Քո շնորհիվ նույնիսկ զինվորական կյանքի միօրինակ օրերն էլ ամենքը մի գույն են ստացել․․․

Գիտես, Մարգարիտա, ասում են, թե երբ արև չկա, խատուտիկը նեղանում ու թաքնվում է աշխարհից․․․ Իսկ հիմա իմ կյանքում կաս դու՝ քո զույգ արև աչքերով, որ իմ հետդարձի ճամփին են նայում․․․ Քիչ մնաց, ես շուտով կգամ, կգամ ու նորից աչքերիդ նայելով կասեմ, որ սիրում եմ քեզ․․․ Ու միասին մեր սիրած հին երգը կերգենք․․․

«․․․Դու իմ հեռու, իմ կարոտ․․․»։

***

Բարև, իմ փոքրիկ ընկեր՝ Նատալի։ Քեզ ասել եմ ու էլի կասեմ, որ քեզնից շատ շնորհակալ եմ, Նատալիս, քո՝ զինվորին գրած նամակը կարդալուց, քեզ հանդիպելուց հետո ես ավելի հպարտորեն սկսեցի վերաբերվել այն գործին, որն անում եմ․․․

Դու քո նամակում ասում էիր, որ զինվորը մի շարք բաների թվում պաշտպանում է նաև մեր երկինքն ու արևը, ու գիտես, հետաքրքիր զուգադիպությամբ իմ գործն էլ հենց դա է՝ պաշտպանել հայոց երկինքը, քանի որ ես հիմա ծառայում եմ հակաօդային պաշտպանությունում, ու իմ պարտքն է` թույլ չտալ, որ թշնամու ինքնաթիռները թռչեն մեր կապույտ երկնքով ու խախտեն նրա խաղաղությունը։

Երբ ամեն անգամ ինչ-որ բանում դժվարանում եմ, հիշում եմ քո նամակն ու քեզ, ու ոչինչ էլ անհնար չի թվում, իսկ խաչը միշտ ինձ հետ է ու պաշտպանում է ամեն վտանգից․․․ Հիմա ես անհամբեր սպասում եմ, թե երբ ենք կրկին հանդիպելու, պատկերացնում եմ, թե ինչքան մեծացած ու ավելի գեղեցկացած կլինես։ Գիտեմ, որ չես մոռացել խոստումդ՝ լավ սովորել ու լավ մարդ դառնալ, ես վստահ եմ, որ կկատարես այն․․․

Անչափ կարոտած՝

Քո մեծ եղբայր ու զինվոր ընկեր․․․

***

Բարև, Մարատ ջան, քեզ էլ եմ նամակ գրում, որ տարիներ հետո կարդաս ու հիշես էս օրը․․․ Հիշես՝ ոնց էիր էսօր դիտակետում կանգնած հիշում, որ մի տարի առաջ էս օրը՝ ծառայության հինգերորդ օրը ոնց էիր առաջին անգամ ոտք դրել շարահրապարակ՝ առավոտյան տողանի՝ նույն ինքը развод-ի, ու առաջին անգամ որպես զինվոր լսեցիր շնորհավորանք՝ Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ։ Հետո տղեքի էսօրվա սարքած քաղցրավենիքով տորթը կհիշես, որ համտեսելու հետ ասել-խոսելով չնկատեցիր էլ, թե ոնց ժամանակն անցավ ու նորից քո հերթապահության ժամը եկավ․․․

Ինչպես որ այս նամակը, հենց նույն պատճառով, գուցե կիսատ մնաց․․․

Նամակի հասցեն՝ ապագա․․

Սա կյանք է կյանքի մեջ

vahe11Հարգելի ընթերցող, ես Վահեն եմ Մալիշկայից։ Սիրում եմ գրել, կարդալ, ֆիլմեր նայել, ֆուտբոլ խաղալ, սիրում եմ ընկերներիս ու ընկերուհուս, քրոջս ու մեկ էլ շանս եմ սիրել։ Ես արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայության մեջ եմ Հայոց բանակում։ Եթե հանենք պաթոսը, էստեղ, անկեղծ ասած, ոչ մեկն էլ հիացած չի, որ բան ու գործ թողած եկել է բանակ։ Բայց, դե ոչ մեկն էլ չի նվնվում։ Հայի հոգեբանություն է՝ բանակը սրբություն է։ Իսկ զինվորի անձը մեր ազգի համար առնվազն հերոս է։ Ուրեմն՝ գալով ծառայության՝ դառնում ես հերոս, որին հավատում ու վստահում են հազարավոր մարդիկ։ Պիտի միշտ ուշադիր լինես քեզ վրա հույս դնողներին չհիասթափեցնելու համար։ Հենց դա էլ բանակն ա. վստահություն ու պատասխանատվություն։

Կներեք, ես էս թեմայով ընդհանրապես չեմ սիրում խոսել, մի փոքր ուղերձ կանեմ ընդամենը բոլոր նրանց, ովքեր դեռ պիտի ծառայեն բանակում։ Կարող եք չընդունել, բայց ես ասում եմ ի սրտե, միգուցե պետք գա։ Երբեք բանակում չլինեք այն մարդը, որը չեք եղել կամ չեք կարող լինել քաղաքացիական կյանքում։ Մի եղեք չարացած կամ տրամադրված ոչ մեկի հանդեպ։ Բոլորն էլ տղաներ են՝ վատ կամ լավ։ Վատը մնում է վատ, ստանում է վատը, իսկ լավը արժանի ա լավին։ Ձեզ էստեղ շատ հիասթափություններ և շատ հիանալի օրեր են սպասվում։ Սա կյանք է կյանքի մեջ։ Փորձեք ճիշտ ապրել այն։

Սիրով ու հարգանքով՝ շարքային Ստեփանյան:

Մենք ձեր կողքին ենք

JoraԵթե զինվորների պատասխանատվությունը մեծ է, ապա իմը կրկնակի մեծ է։ Բացի հայրենիքը պաշտպանելու հաճելի հոգսը, ուսերիս դրված է ավելի կարևոր խնդիր՝ հետևել զինվորների առողջական վիճակին։ Ճիշտ կռահեցիք. ես սանհրահանգիչ եմ։ Եթե զինվորների պարտականություններից է շարային քայլելը, դիպուկ կրակելը, ապա իմը՝ դիպուկ և ճիշտ ներարկելը։ Եթե զինվորների նպատակը հայրենիքը պաշտպանելն է, ապա իմը` զինվորների իմունային համակարգը պահպանելն է։ Եթե զինվորների ու սպայական անձնակազմի հիմնական խնդիրը թշնամու կրակը ճնշելն է, ապա իմը՝ սպաների և զինվորների ճնշումը իջեցնելն է: Մի խոսքով, սիրելի ծառայակից ընկերներ, ծառայած վերջացրած տղաներ և ապագա ծառայող տղաներ, շնորհավոր մեր տոնը՝ հունվարի 28-ը։ Թող մեր հարազատները մեզ հետ միասին ապրեն ապահով, անամպ ու պաշտպանված հայրենիքում։

Լինենք խիզախ, մարտունակ ու զգոն, քանի որ մենք պաշտպանում ենք մեր հայրերին ու մայրերին, սիրելիներին ու ընկերներին, մի բառով` մեր Հայրենիքը: