-Լավ, մի անգամ էլ լսեմ ու վերջ։ Ինչ սպիտակ ա էս պատը, միշտ սե՞նց ա եղել։
Ձեռքն առավելագույն չափով ձգեց, որ մի կերպ սեղանի ծայրին դնի հեռախոսն ու շարունակի պատով՝ ավելի ճիշտ առաստաղով հրճվել։ Ջութակների հիմնական թեմայի հետ զուգահեռ հնչում էին փողայինները՝ մարելով, հետո ուժեղանալով ու լցնելով դատարկ սենյակը։ Չէ, սենյակը այդքան էլ դատարկ չէր՝ անկյունում բազմոցն ու սեղանը, լարից ընկած դաշնամուրն էին, մյուս անկյունում՝ գրասեղանն ու նվագարկիչը․ սենյակում կահույքից բացի միայն նա էր՝ բազմոցին պառկածն ու առաստաղով հրճվողը։
-Տենաս` ինչի՞ են հարևաններս տանը բարձրակրունկ հագնում։ Ախր, հարմար չի, ամբողջ օրը դրանցով ես, դրանցով գործի ես գնում, հետո նույն ճանապարհով տուն ես գալիս: Չե՞ս ուզում հանել, որ ոտքերդ մի քիչ հանգստանան։ Չնայած, կարող ա դրսում էդքան էլ հարմար չի բարձրակրունկներով քայլել, իսկ դրանք իզուր չես գնել, մի տեղ պետք է, չէ՞, հագնել։ Էլի մտքերով ընկա ու սիրածս մասը բաց թողեցի։
Նա նորից ձգվեց, այս անգամ, որ վերցնի հեռախոսն ու նորից միացնի ստեղծագործությունը։ Սենյակը նորից լցվեց լարայինների ու փողայինների կարծես թե կատարյալ հնչյուններով։ Դեմքով նորից նայում է մեզ արդեն քաջ ծանոթ սպիտակ առաստաղին։
-Տենաս` պարոն Ֆաուլերը գտա՞վ Պայլին։ Միգուցե Պայլին սպանել են։ Ափսոս, լավ տղա էր։ Իսկ միգուցե գաղտնի գործակալ է և, հավաքելով թանկարժեք փաստաթղթերը, ուղղակի փախել է։ Չնայած այդ տարիներին Վիետնամից փախչելու համար մենակ խիզախությունը հերիք չէր լինի։ Իսկ եթե Պայլը գոյություն չունի՞, և նրան Ֆաուլերն է հորինել, իր վրայից մեղքը հանելու համար։
Այ, եթե մի փոքր տեղից շարժվեր, միգուցե և իմանար Պայլի ճակատագրի մասին, այլ ոչ թե գրասեղանին դրված գրքին նայեր՝ վարկածներ թվարկելով։
-Լավ, էս ժամին, ո՞վ ա փոշեկուլ միացնում։ Գոնե բարձրակրունկներդ հանի, նոր տները մաքրի, հարմար չի տենց։ Էն մի անկյունը չմաքրեցիր, ո՞ւր ես գնում․․․ Էլի չլսեցի սիրածս դրվագը։
Կրկին միացրեց այն ամենասկզբից՝ այս անգամ հեռախոսը ուղղակի դրեց բազմոցի գլխին։
-Իսկ եթե ես լինեի Պայլի փոխարեն, միսս Ֆուոնգի հետ կփախչեի, որ մեզ ոչ ոք չկարողանար գտնել։ Ամերիկա կփախչեի, Պայլը հավանաբար այնտեղ ծանոթներ կունենար։ Բայց ես Պայլը չեմ, ոչ էլ իմ միսս Ֆուոնգին ունեմ, Ամերիկայում էլ դժվար ծանոթներ ունենամ։ Եթե մի օր որոշեմ գիրք գրել իմ Թոմաս Պայլը կամ Ջիմը, կամ էլ Բիլը ամբողջ օր կպառկեր գետնին ու կնայեր աստղերին։ Ֆուոնգն էլ կողքից հարցեր կտար, Պայլն էլ տպավորություն թողնելու համար իր իմացած մեկ-երկու աստղի անուն կասեր կամ կհորիներ, ցույց կտար դրանք։ Բայց ես Պայլը չեմ ու իմ միսս Ֆուոնգին էլ չունեմ։ Էս ճաքը մի՞շտ ա եղել առաստաղի էս մասում։ Ինչ էլ մեծ ա։
Սենյակը նորից դատարկվեց․ լսվում էր միայն ժամացույցի տկտկոցը։ Երաժշտությունը նորից միացնել էր պետք։ Ձեռքի մի թեթև շարժում, ու հեռախոսն ընկնում է ուղիղ բազմոցի հետևը։
-Չէ, էդքան էլ սպիտակ չի առաստաղը։
Գլուխը նորից թեքում է դեպի գրասեղան, տեղից բարձրանում ու վերցնում է գիրքը։
«Սիրելի՛ Թոմաս, ․․․ »













Բանակ ուղարկված հազարավոր նամակների մեջ այդ նամակը ոգեշնչող ու ոգևորող էր թե՛ նամակագրի համար, և թե՛ հասցեատիրոջ։ Նամակ, որը պատճառն էր հետագայում այս գրքի լույս ընծայման։
Բարև, մամ ջան, գիտեմ՝ լավ ես, ուրիշ կերպ լինել չէր կարող։ Դե հա, գիտեմ՝ կարոտում ես, ես էլ․․․ Ախր, շատ ենք կապված իրար, բայց երկուսս էլ գիտենք, թե ինչի պիտի դիմանանք էս հեռավորությանն ու կարոտին։ Ախր, դու ես հայրենիքի հանդեպ սերը կաթի հետ խառնած ինձ տվել․․․ Հիշո՞ւմ ես, որ մի անգամ հեքիաթի փոխարեն ինձ Գևորգ Չավուշի մասին պատմեցիր, հետո ամեն օր խնդրում էի, որ ինձ Չավուշի հեքիաթը պատմես։ Հիշո՞ւմ ես, որ փոքր ժամանակ ինձ հարցնում էիք՝ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու, առանց հապաղելու, հպարտ ասում էի՝ զինվոր։ Հիմա արդեն զինվոր եմ, մամ ջան, մեծացել եմ մի քիչ․․․
Հարգելի ընթերցող, ես Վահեն եմ Մալիշկայից։ Սիրում եմ գրել, կարդալ, ֆիլմեր նայել, ֆուտբոլ խաղալ, սիրում եմ ընկերներիս ու ընկերուհուս, քրոջս ու մեկ էլ շանս եմ սիրել։ Ես արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայության մեջ եմ Հայոց բանակում։ Եթե հանենք պաթոսը, էստեղ, անկեղծ ասած, ոչ մեկն էլ հիացած չի, որ բան ու գործ թողած եկել է բանակ։ Բայց, դե ոչ մեկն էլ չի նվնվում։ Հայի հոգեբանություն է՝ բանակը սրբություն է։ Իսկ զինվորի անձը մեր ազգի համար առնվազն հերոս է։ Ուրեմն՝ գալով ծառայության՝ դառնում ես հերոս, որին հավատում ու վստահում են հազարավոր մարդիկ։ Պիտի միշտ ուշադիր լինես քեզ վրա հույս դնողներին չհիասթափեցնելու համար։ Հենց դա էլ բանակն ա. վստահություն ու պատասխանատվություն։
Եթե զինվորների պատասխանատվությունը մեծ է, ապա իմը կրկնակի մեծ է։ Բացի հայրենիքը պաշտպանելու հաճելի հոգսը, ուսերիս դրված է ավելի կարևոր խնդիր՝ հետևել զինվորների առողջական վիճակին։ Ճիշտ կռահեցիք. ես սանհրահանգիչ եմ։ Եթե զինվորների պարտականություններից է շարային քայլելը, դիպուկ կրակելը, ապա իմը՝ դիպուկ և ճիշտ ներարկելը։ Եթե զինվորների նպատակը հայրենիքը պաշտպանելն է, ապա իմը` զինվորների իմունային համակարգը պահպանելն է։ Եթե զինվորների ու սպայական անձնակազմի հիմնական խնդիրը թշնամու կրակը ճնշելն է, ապա իմը՝ սպաների և զինվորների ճնշումը իջեցնելն է: Մի խոսքով, սիրելի ծառայակից ընկերներ, ծառայած վերջացրած տղաներ և ապագա ծառայող տղաներ, շնորհավոր մեր տոնը՝ հունվարի 28-ը։ Թող մեր հարազատները մեզ հետ միասին ապրեն ապահով, անամպ ու պաշտպանված հայրենիքում։