tatevik haroyan

Ավագ քրոջ իրավունքով

Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, թե մի օր եղբայրս, որն ինձանից չորս տարի փոքր է, կմեծանա, և ավելին, կավարտի դպրոցը ու կգնա բանակ։ Մեծը լինելով` միշտ հետևում էի ոչ միայն իր, այլև քույրիկիս ու փոքր եղբորս մեծանալուն, ու չէի էլ նկատում, որ իրենց հետ և իրենցից առաջ ես եմ մեծանում։

Այնքան մեծացա, որ իրենցից առաջ ես ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, դա էլ ավարտեցի, և հիմա անհամբերությամբ սպասում եմ քույրիկիս` համալսարանն ավարտելուն, սպասում եմ, թե երբ փոքր եղբայրս կավարտի դպրոցն ու կհաստատի իր քայլերն այլ, ավելի բարձր ասպարեզում։ Իսկ մինչ այդ ուզում եմ ասել, որ իմ թանկագին  մեծ եղբորը շատ եմ կարոտել: Այդքան կարոտում են բոլոր այն քույրերը, ովքեր եղբորը ճանապարհում են բանակ և Ամանորի հրաշքին սպասելու փոխարեն, սպասում հեռավոր ԼՂՀ֊ից մի թանկ զանգի։

Երբեմն զարմացած հայացքով նայում եմ այն անցյալին, երբ եղբորս հետ գնում էի դպրոց, օգնում էի դասերը պատրաստելուն ու միշտ ասում էի` երբ ես մեծանալու, որ ինքնուրույն անես դասերդ։

Հիմա նա և իր նման ու տարեկից շատ տղաներ պաշտպանում են հայրենիքի սահմանները, ինքնուրույն, առանց ավագ քույրերի հոգատարության։ Հիմա ես եմ ինձ փոքր զգում իր առաջ, զգում իր օգնության կարիքը։

Իմ սիրելի զինվոր֊եղբայր, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Այն առաջին անգամ նշում ենք առանց քեզ, բայց այն համոզումն ունենք, որ դու ես ապահովում մեր խաղաղ կյանքը, դու ես կանգնում սահմանին, որ մենք հանգիստ քնենք: Դու ես այդտեղ, որ քույրդ խաղաղ երկնքի տակ այս տարի ավարտի համալսարանը, եղբայրդ` դպրոցը, իսկ ես` ձեր ավագն ու ձեզ շատ սիրող քույրը, հպարտանա ձեզանով։

Մեր Կաղանդ պապը

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ոչ բոլորը գիտեն Կաղանդ պապիկի գոյության մասին, քանի որ ժամանակի ընթացքում նրան փոխարինել է Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը: Կաղանդ պապիկը մեր ազգային Ձմեռ պապն է, ում շատ պատմագետներ ցանկանում են ճանաչում նվիրել: Ինչո՞ւ են մեզ հետաքրքրում ոչ թե հին հայկական ավանդույթները, այլ օտարերկրյա ծագում ունեցող տոները, ավանդույթները և այլն: Պատճառն այն է, որ հայկական ազգային ավանդույթները հին են, իսկ նոր սերնդին հետաքրքրում է նորը, ինչ-որ նորություն: Թեև Սանտա Կլաուսն էլ Սուրբ Նիկողայոսի կերպարով է ոգեշնչված, սակայն նորացվել է ու ժամանակակից ոգի ստացել: Եթե մենք մեր ավանդույթները ներկայացնենք նորովի ու թարմացված, ապա մեծ թվով մարդկանց հետաքրքրությունը կշարժենք: Օրինակ՝ կարող ենք ազգային տարազի զարդանախշերի մեջ ներառել ավելի վառ և ուրախ գույներ: Եթե Կաղանդ պապիկի կերպարը ավելի հետաքրքիր և համակրելի լինի, ապա այն կհետաքրքրի ներկայիս սերնդին,  և Ձմեռ պապիկի փոխարեն կգա մեր հայկական Կաղանդ պապիկը:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ հենց Կաղանդ պապը, ով նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապիկը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Կաղանդ պապիկին ընկերակցում են խլվլիկները և արալեզները: Իմ կարծիքով այս կերպարները ներկայիս Ձյունանուշն ու էլֆերն են: Այս կերպարները իրենց հետ կբերեն ազնվություն և բարություն: Կաղանդ պապին հագնում էր լական հեդի ձմեռային կոշիկներ, որոնք ժամանակին հայերն են հագել, գուլպաներն ու գլխարկը կարմիր են, քուրքի օձիքը ոչխարի մորթուց է, մեջքին կենաց ծառն է նկարված:

Այսօր` Սուրբ Ծննդյան տոնին գոնե ինքներս մեզ հիշենք բոլոր այն խորհուրդները, որոնք Կաղանդ պապն էր բաժանում և նոր սկսվող տարին ապրենք այդ խորհուրդներով:

«Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողանա ստեղծել դրանք»

Հարցազրույց «Ամեն ինչ, բացի սովորականից» (“Всё, кроме обычного”) հաղորդման ֆինալիստ, աճպարար Արտակ Մոսոյանի հետ

-Ինչպե՞ս եք ընտրել աճպարարի մասնագիտությունը:

-Դա երևի թե հնարավոր ամենաանհետաքրքիր պատմությունն է: Մոտ 12 տարեկանում համացանցում տեսա մի աճպարարի ելույթ, և ինձ դուր եկավ: Սկսեցի նայել և հետաքրքրվել դրանով, երբ տեսա մի նյութ, որն ասում էր. «Սովորի՛ր մի հնարք հենց հիմա»: Ես ուրախացա, սովորեցի, ցույց տվեցի մայրիկիս: Մայրիկս չզարմացավ, որովհետև շատ վատ ցույց տվեցի, բայց ես հասկացա, որ ունեմ ներուժ և որոշեցի զբաղվել դրանով:

-Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ:

-Ուզում էի դառնալ ռեստորատոր, որ ունենամ սեփական ռեստորան: Եթե լավ աճպարար լինեմ, կարող եմ նաև ռեստորատոր լինել: Գուցե Կոպերֆիլդի նման կբացեմ իմ մոգության ռեստորանը: Իրականում, միտք ունեի բացել մոգական թեմատիկայով ժամանակի սրճարանի նման հաստատություններ, այսինքն՝ մարդիկ պետք է վճարեն այնտեղ անցկացրած ժամանակի համար: Սակայն դա դեռ գաղափար է:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Ձեր մասնագիտության մեջ:

-Այն, որ ես երևի թե կարող եմ անել ամեն ինչ: Ես անում եմ այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել, բայց ուզում են տեսնել: Նաև, ինձ դուր է գալիս ազատությունս: Ես ազատ եմ գործատուներից, աշխատանքային գրաֆիկից, ամենօրյա մոնոտոն գործ անելուց: Իմ աշխատանքը մարդկանց համար երջանկություն և հրաշք ստեղծելն է, ու ես կարծում եմ, որ դա հոյակապ է: Ընդհանուր առմամբ, գրեթե ամեն բան իմ մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս:

-Ամենաշատը ու՞մ եք սիրում հնարքներ ցույց տալ՝ ծանոթներին, անծանոթներին, մեծերին, փոքրերին:

-Բոլորին, բայց իմ ցույց տված հնարքները հիմնականում մեծահասակների համար են: Ես ելույթ եմ ունենում տարբեր հնարքներով, սակայն, մանկական մոգության սիրահար չեմ: Ես ուզում եմ, որ աճպարարությունը դիտվի որպես արվեստ, այլ ոչ ուղղակի մի պահ զարմացնող բան: Ես սիրում եմ իմ կախարդանքը մատուցել ինչ-որ հետաքրքիր սոուսով, հետաքրքիր գաղափարով, իմ էության մի մասնիկով: Ցավոք, երեխաներն այդպես չեն ընդունում, քանի որ իրենց ուղղակի անիմատոր է պետք: Անիմատորները շատ լավ, երկաթյա նյարդերով մարդիկ են, ումից մենք շատ բան կարող ենք սովորել, բայց ես ինձ չեմ կարող նույնականացնել անիմատորի հետ:

-Ձեր մասնագիտությունը Ձեզ չի՞ խանգարում հավատալ հրաշքների:

-Ոչ: Ինչպե՞ս այն կարող է խանգարել: Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողնա ստեղծել դրանք:

-Պատահե՞լ է, որ բեմում հնարքը չստացվի, և եթե այո՝ ի՞նչ եք արել:

-Այո, պատահել է: Ես հասկանում եմ, որ ֆիլմերում շատ է լինում, որ մեկը հնարք է ցույց տալիս, չի ստացվում, բայց նա հետաքրքիր կերպով դուրս է գալիս այդ իրավիճակից, և ստացվում է ավելի լավ բան: Սակայն, իմ դեպքում, ես ուղղակի հուսահատված լքեցի բեմը:

-Օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ եք տրամադրում հնարքները «վարժեցնելուն»:

-Հիմա ավելի քիչ, քանի որ արդեն ունեմ որոշ հմտություններ, որոնք ուղղակի պետք է պահել նույն ձևով: Սակայն, ամեն օր պետք է ժամանակ տրամադրել դրան, որ հնարքներն ավելի ու ավելի լավ ստացվեն: Երբ նոր էի սովորում, ամեն օր 4-5 ժամ տրամադրում էի հնարքներին՝ անընդհատ կրկնելով նույն բանը: Դա բարդ էր, բայց անհրաժեշտ էր: Ու հենց նրա շնորհիվ, որ ես այն ժամանակ լավ աշխատել էի, հիմա մի քիչ ծուլացել եմ, բայց կուղղեմ դա:

-Բեմական մոգության ի՞նչ տեսակների եք տիրապետում:

-Ես կարող եմ աշխատել բոլոր տեսակներով, բայց սիրում եմ միկրոմոգության տեսակը (close up), որը շատ տարածված է Ամերիկայում և Եվրոպայում: Աճպարարը ստեղծում է փակ ցուցադրություն ոչ մեծաքանակ հանդիսատեսի (50-70 հոգու) համար, որի ժամանակ մարդիկ շունչները պահած նայում են, թե ինչ է կատարվում: Երբեմն ստիպված եմ լինում բեմում մեծ շոուներ անել, օգնականներով և այլն, բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ինձ թվում է, որ բեմական մոգությունը որպես ժամանցի տեսակ քիչ-քիչ վերանում է: Եթե Ռուսաստանում դա դեռ ընդունված է, ապա Ամերիկայում, Եվրոպայում և մյուս այն երկրներում, որտեղ բեմական մոգությունը հասարակության համար շատ կարևոր մաս է՝ դժվար ընդունելի է: Իրենց պետք է ինչ-որ ավելի մեծ բան, ավելի իմաստավոր: Նրանք ուզում են գալ և շունչները պահած նայել, թե ինչ է կատարվում, ու այդ ժամանակ իրենց էլ պետք չեն պարող աղջիկներ, արկղեր, մասնատումներ և այլն:

-Դուք ունե՞ք ամենասիրած հնարք:

-Ոչ: Հարցն այն է, որ քչերը գիտեն, որ ինչպես յուրաքանչյուր այլ արվեստում, այնպես էլ աճպարարության մեջ կա որոշ հիմք, որոշ արդեն պատրաստի հնարքներ և դրանց օգնությամբ, դրանք համադրելով են մարդիկ ստեղծում նորերը: Այսինքն՝ եթե ես ասեմ, որ ունեմ ամենասիրած հնարք, ես սխալ կլինեմ, քանի որ մի շաբաթից կարող եմ փոփոխել այդ հնարքը: Այն ինչ-որ չափով նման կլինի իր առաջին տարբերակին, բայց միևնույն ժամանակ շատ կտարբերվի: Այսպիսով, չեմ կարող նշել ամենասիրած հնարք, բայց կարող եմ ասել, որ ունեմ ամենասիրած ռեկվիզիտ՝ մետաղադրամներ: Ես շատ եմ սիրում աշխատել մետաղադրամներով և դրանցով ցույց եմ տալիս ամենատարբեր հնարքներ:

-Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով ասեր, որ Ձեր մասնագիտությունը մարդկանց խաբելն է, և ուրիշ ոչինչ:

-Նախ, ինձ այդպես ասել են, երկրորդ, ինձ շարունակում են այդպես ասել: Եկեք սկզբում հասկանանք, թե ի՞նչ է խաբեությունը և ի՞նչ է պատրանքը: Խաբեությունը այն է, երբ մոլորեցնում են մարդուն, և նրան դրանից վատ է լինում: Պատրանքի դեպքում մարդուն մոլորեցնում են, բայց նրան դրանից լավ է լինում: Ես չեմ կարող դա վատ բան համարել: Այո, ես մարդուն ճշմարտությունը մինչև վերջ չեմ ասում, բայց դա նրան դուր է գալիս: Նաև, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում նայել իմ հնարքները, ես չեմ պարտադրում: Լինում են հանդիսատեսներ, որ չեն ուզում խաբված լինել կամ հուսահատվում ու նեղանում են, որ չեն հասկանում, թե ինչպես արեցի: Այդ դեպքում ես ոչինչ չեմ կարող անել, եթե չեն ուզում նայել՝ կարող են չնայել: Քանի որ իմ բարեկամների մտածելակերպը, այսպես ասած, մի քիչ մնացել է սովետական մակարդակում, նրանք ասում են, որ աճպարարները դրամաշորթ են ու խաբեբա: Սակայն դա նորմալ է, քանի որ 90-ականներին շատ մարդիկ են խաբվել: Այդ դեպքերի պատճառով մեր արվեստին բացասական են վերաբերվում հենց Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում: Ուղղակի ժամանակ է պետք: Երբ հաղորդման շրջանակներում ինձ սկսեցին հեռուստացույցով ցույց տալ, բոլոր բարեկամներս սկսեցին հակառակն ասել: Այսինքն՝ տուր նրանց արդյունք, ցույց տուր, որ իրականում դա լավ բան է, և նրանք սկսում են հասկանալ այդ: Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են վերաբերվում մասնագիտությանս:

-Ունե՞ք սիրած աճպարար, որ ոգեշնչում է Ձեզ:

-Այդպիսի մի մարդ չկա: Ես կարող եմ անվանել վարպետների, ումով հիացել եմ և ում օգնությամբ սովորել եմ անել այն ամենը, ինչ հիմա կարողանում եմ ցույց տալ: Չեմ կարող ասել, որ հասել եմ գերազանց արդյունքների, բայց մի քիչ լավ արդյունք կա, և դա Ամերիկայի աճպարարների շնորհիվ է: Ես կանվանեմ երկու-երեքին, բայց նրանք ավելի շատ են: Նրանք այդքան էլ հայտնի չեն ոչ աճպարարների շրջանում՝ Դեյվիդ Սթոուն, Դեյվիդ Ռոդ և Էրիկ Ջոնս: Նրանք հիմա Ամերիկայում խթանում են այս ժանրը այնքան լավ ու հետաքրքիր ձևով, որ մարդիկ գնում են իրենց համերգներին, ոչ այնքան հնարքներ նայելու, ինչքան հենց այդ կատարողներին՝ որպես անձ տեսնելու: Դա հենց այն է, ինչին ես ձգտում եմ:

-Ի՞նչ իրավիճակում կթողնեք Ձեր մասնագիտությունը:

-Երևի պատերազմի ժամանակ: Չնայած, դժվար թե: Ես մտածել եմ այդ մասին: Անգամ մտածել եմ, թե ինչ կարող է լինել, եթե, օրինակ՝ իմ ձեռքերը կտրեն: Ես անգամ ելքն եմ գտել: Մարդկանց կասեմ, որ կարողանում եմ մտքեր կարդալ, իմանալ անցյալն ու ապագան և կսկսեմ ելույթ ունենալ որպես մենտալիստ: Մենտալիստներն էլ են աճպարարներ, բայց իրենց ներկայացնում են որպես մտքեր կարդացողներ կամ գուշակներ: Բայց ես նրանց անվանում եմ ոչ աշխատասեր աճպարարներ: Չնայած, կարող եմ անվանել մի հիանալի անգլիացի մենտալիստի՝ Դերոն Բրաունին, ում դժվար է ծույլ անվանել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ուզում է զբաղվել աճպարարությամբ:

-Ոչ մի խորհուրդ չեմ տա: Եթե ինձ մոտ գա մեկն ու ասի, որ շատ է հավանում այն, ինչ անում եմ, և ուզում է ինձ պես անել, ես կպատասխանեմ, որ դա շատ լավ է, թող անպայման փորձի, ու կստացվի, և վերջ: Իսկ եթե նա գնա ու գտնի ինչ-որ բան, գա ու ցույց տա, թե ինչ է սովորել, ես նրան կկարողանամ օգնել: Ուղղակի իմ ելույթներից հետո հանդիսատեսներից շատերն են ոգևորությունից ուզում հնարքներ սովորել, ասում են, որ սովորեցնեմ, բայց ես մարդկանց չեմ սովորեցնում: Հիմա մեզ մոտ այնքան զարգացած է ինֆորմացիոն ոլորտը, որ մարդն ինչ էլ ուզի դառնալ, կարող է դառնալ: Ուզու՞մ է աճպարար դառնալ, ժամանակ կծախսի, կգտնի, կհասկանա ու կանի: Ու եթե այնպիսի մեկը գա, որ սկսել է, բայց չգիտի, թե հետո ինչ անի, ինչպես հմտանա և այլն, այդ դեպքում, իհարկե խորհուրդներ կտամ, թե ինչպես ճիշտ և լավ զարգացնի իր հնարքները:

-Ի՞նչ դժվարությունների բախվեցիք «Ամեն ինչ, բացի սովորականից» հաղորդմանը մասնակցելու ժամանակ:

-Հաղորդման ժամանակ ամենադժվարը հենց ելույթ ունենալն էր, քանի որ նկարահանումների ժամանակ ես հիվանդացել էի թոքաբորբով: Ամեն վայրկյան հազում էի և խեղդվում: Առաջին փուլի հոլովակում մի քիչ երևում է, որ փորձում եմ պահել ու չհազալ, բայց չի ստացվում: Եվ երևի ամենադժվարը ոչ թե հնարքներն էին, որ արդեն մի քանի տարի է հաջողությամբ ցույց եմ տալիս, այլ հիվանդության դեմ պայքարելը, քանի որ նկարահանում է, և ոչ մի դեպքում չի կարելի կանգնեցնել այն, և ոչ ոք չի էլ կանգնեցնի: Ամեն բան արդար է՝ հազացիր, վատ արեցիր, հեռացիր: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ ելույթս այնքան էլ վատ չստացվեց:

-Ի՞նչ տվեց Ձեզ հաղորդումը:

-Երևի թե ես սկսեցի ավելի շատ սիրել ելույթ ունենալ մեծաքանակ հանդիսատեսի առաջ: Այնտեղ կային աճպարարներ, որ մեծ համարներ էին ցույց տալիս՝ մեծ արկղերով, կրակներով և այլն, իսկ ես ցույց տվեցի փոքր, շատ փոքր հնարք, որտեղ պետք էր շատ ուշադիր հետևել ամեն բանին, ու հանդիսատեսին դա շատ դուր եկավ: Ես շատ ուրախացա հենց դրա համար: Դա նրանից է, որ իմ հնարքները ձեռքերի ճարպկության շնորհիվ են կատարվում, որն ավելի մոտ է մարդկանց, քան աճպարարական սարքերը, որի դեպքում մարդիկ հասկանում են, որ հնարքը դրանց մեջ է: Ես հուսով եմ, որ մարդիկ այդպես են մտածում: Նաև, քանի որ ես սովորել եմ միայն եվրոպական (իսպանական, իտալական) և ամերիկյան տեսություններով, ռուսական մոգական դպրոցին ծանոթ չէի: Հաղորդմանը իրենց փորձելու էին եկել Ռուսաստանի և ԱՊՀ-ի բացարձակապես բոլոր աճպարարները: Քանի որ ես տեսա ամբողջ պատկերը ներսից, սկսեցի հասկանալ, թե ուր է գնում և ինչի է ձգտում մոգությունը Ռուսաստանում: Երևի թե կասեմ, որ այն շատ արագ ձգտում է ներքև, ու դա ինձ տխրեցրեց:

-Դուք եղե՞լ եք Հայաստանում:

-Այո, փոքր ժամանակ: Ես ծնվել եմ Վրաստանի հայկական փոքր քաղաք Նինոծմինդայում, որն այն ժամանակ կոչվում էր Բոգդանովկա: Այն շատ մոտ է Հայաստանին, այնպես որ եղել եմ Հայաստանում: Երևանում էլ եմ եղել: Երբ 6-7 տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, և դրանից հետո ես չեմ վերադարձել: Առհասարակ, Ռուսաստանից այլ տեղ չեմ գնացել: Չնայած դրան, ուզում եմ գալ, բայց թե երբ ու ինչպես, դեռ հարց է մնում: Ինձ համար Հայաստան գալ նշանակում է գալ ամենաքիչը մի ամսով, քանի որ շատ բարեկամներ ունեմ, ում պետք է հանդիպեմ: Մի ամիս տևողությամբ ուղևորություն կազմակերպելը բարդ է, բայց ես փորձում եմ անել դա:

-Դուք գիտեք հայերեն: Ձեզ համար ինչո՞վ է կարևոր Ձեր մայրենի լեզուն իմանալը:

-Քանի որ ես իմ հայրենիքից հեռու եմ գտնվում, լեզուն օգնում է ինձ չզգալ այդ հեռավորությունը, այդ պատնեշը: Հայերենն ինձ օգնում է հայ զգալ: Ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց, որ ասում են, թե ինչ-որ ազգի են պատկանում, բայց իրենց մայրենի լեզուն չգիտեն: Նկատի ունեմ, որ կարող են լինել շատ տարբեր իրավիճակներ, բայց իմ դեպքում, մեր ընտանիքում մենք միշտ խոսում ենք հայերեն, և երբ ռուսերեն եմ պատասխանում, ծնողներս խոսում են վրաս: Իհարկե, ինձ ավելի հեշտ է դժվար բառեր ասել և ավելի ճիշտ արտահայտել մտքերս ռուսերեն, քան հայերեն, բայց դա Հայաստանից հեռու գտնվելուց է: Նաև, երբ ես Մոսկվայում հանդիպում եմ այլ հայերի, ու նրանք հարցնում են` գիտեմ հայերեն, թե՝ ոչ, ես հպարտորեն հայերեն եմ խոսում: Հայերենն ինձ օգնում է կապված մնալ Հայաստանի հետ անգամ հեռու գտնվելով:

Անսովոր Նոր տարի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Այս Նոր տարին լիքն է անսովոր բաներով: Ամենաանսովոր բանը այն տխուր փաստն է, որ այս տարին մենք դիմավորեցինք առանց տատիկիս: Անսովոր էր չտեսնել նրան նստած սեղանի շուրջը, անսովոր էր չնկարվել հետը ամանորյա գլխարկներով, որ զարմուհիս բերում է իր հետ ամեն Նոր տարվա գիշեր: Անսովոր էր լսել կենացներ, որտեղ նրան անցյալով են դիմում… Դեռ անսովոր է:

Մեկ այլ անսովոր երևույթ էր այս տարվա ՀՀ վարչապետի ուղերձը: Հաճելի էր տեսնել, որ բոլորն անհամբեր սպասում են դրան: Հաճելի էր տեսնել ու լսել մեր նոր, բայց արդեն այդքան հարազատ դարձած վարչապետին ու զգալ, թե ինչքան սեր, բարություն, անկեղծություն ու ջերմություն կա այդ ուղերձի հոլովակում:
Մյուս անսովոր բանն այն էր, որ մենք բոլորս դեկտեմբերի 31-ի ժամը 23:30-ին ամեն բան արել էինք և նստեցինք սեղանի շուրջը, իսկ մինչ այս տարի միշտ ամեն բան վերջին վայրկյանին էինք անում: Չգիտեմ, թե ինչու և ինչպես այդպես ստացվեց, բայց հետաքրքիր էր:
Չնայած նրան, որ այս տարի մենք Նոր տարուն 30 րոպե շուտ էինք սպասում, այն մի տեսակ շատ արագ եկավ ինձ համար: Դասերի ավարտվելուց հետո դեռ չէի հասցրել համակերպվել ու լիովին զգալ Նոր տարվա շունչը, երբ տեսա, որ արդեն բոլոր օրացույցներում գրվում է 2019 թվական:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Մի անսովոր բանն էլ այն է, որ շատ անհետաքրքիր եմ գրում այս ամենի մասին ու չեմ ուզում մանրամասներ ասել, ինչպես գրեթե միշտ եմ անում, բայց դե երևի 2019-ից է, ի՞նչ կարող եմ անել:
Միայն կարող եմ մաղթել, որ 2019 թվականը լինի հաճելիորեն անսովոր բաների տարի ու այն մեզ ավելի շատ բան տա, քան մեզնից տանի:

anush marg

Լուսի՞նն Է մեղավոր

Բա՜րև, իսկ դու երազանքներ ունե՞ս…

Գիտե՞ս, այնքան տխուր է,երբ բոլոր երազանքներդ լքում են քեզ. հոգիդ նմանվում է լքված ու դատարկ նավակի, որի բոլոր նավաստիները հեռացել են ու թողել նավակին միայնակ՝ բաց ու կատաղի օվկիանոսում: Ավելի տխուր է, երբ դու չես կարողանում երազել, երբ հոգիդ հրաժարվում է ենթարկվել, երբ երազում ես միայն երազելու մասին:

Գիտե՞ս, վերջերս ամեն երեկո՝ քնելուց առաջ, մահճակալիս կողքի դարակում փնտրում եմ երազանքներս, հետո հիասթափված ու փնթփնթալով բացում եմ գրքերս, թերթում դրանց էջերը ու գտնում նրանց մեջ միայն չորացրած տերևներ ու ծաղիկներ. փնտրում եմ սենյակիս բոլոր անկյուններում, բայց երազանքներս անհետացել են:

Ինձ երբեմն թվում է, թե չարաճճի էլֆերը նրանց գողացել են ու փակել մութ ամրոցում, քնելուց առաջ ես դիմում եմ նրանց ու ետ պահանջում իմ երազանքները, բայց նրանք այնքան բարձր են բղավում ու ծիծաղում, որ խլացնում են իմ ձայնը: Կամ էլ, երբեմն, մտածում եմ, որ երազանքներս փակված են ապակե փոքրիկ շշերում, դասավորված են՝ կանոնավոր՝ մեկը մյուսի հետևից, մայրիկիս ամանեղենի պահարանում: Ես բացում եմ պահարանն ու երկար կանգնում դռան առաջ, խառնում եմ բաժակների դասավորությունը, ափսեների մեծ ու փոքր հերթականությունը, դանակը դնում պատառաքաղի տեղում, իսկ գդալը՝ դանակի: Բայց այդպես էլ շշերը չեմ գտնում: Փնտրում եմ ճամպրուկումս, մի՞թե նրանց ինչ-որ անծանոթ աշխարհում եմ թողել ու նրանք էլ ինձ են փնտրում. չգիտե՜մ:

Հետո, վազում եմ դուրս, իջնում նկուղ, երկար փնտրում նրանց խնձորի արկղում, բայց նրանք չկան ու չկան… Ու փնտրտուքներիս ճանապարհին ամեն բան խաղաղվում է, երբ դուրս է գալիս լուսինը, ու փայում են աստղերը. իսկ գուցե իմ երազանքներն էլ աստղե՞ր են դարձել ու հիմա վերևից ինձ են նայում, իսկ, եթե, լուսի՞նն է նրանց գողացել ու իր մոտ տարել:

Երազանքներս փորձում եմ գտնել բարձիս վրա, որն ավարտվում է լոկ նրա թրջվելով ու անհանգիստ քնով:

Գիտե՞ս, Ամանորին բոլորը մաղթում են երազանքների իրականացում, իսկ ես մտքումս խնդրում եմ նորից գտնել երազանքներս:

Հալէպը շատ սիրելի ծննդավայրս է, բայց հայրենիքս Հայաստանն է

Հարցազրույց հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, 120 գրքերի հեղինակ, բժիշկ Թորոս Թորանյանի հետ

-Պարոն Թորանյան, երկար տարիներ ապրել ու ստեղծագործելով Սփյուռքում` հայրենադարձվել եք. ի՞նչ տարբերություններ եք տեսնում սփյուռքահայերի ու հայաստանաբնակ հայերի ավանդույթ-սովորույթների միջև, և արդյո՞ք կարոտում եք սիրիական կենսակերպը:

-Յարգարժան Զրուցակիցներ, Ստորագրեալս՝ Թորոս Թորանեան, սիրով կը պատասխանեմ Ձեր հարցումներուն:

Փոխադարձ յարգանքի մէջ տարբերութիւններ չկան, հոս, Երևանի մէջ կը հանդիպիմ անակնկալներու: Այժմ՝ 91 տարեկան ըլլալով, երբ աւտոպուս կը բարձրանամ, չէ պատահած, որ ինծի աթոռ մը պարպելով` զիս չհրաւիրեն նստելու: Պատահած է քանիցս աւելին,- երբ Քիէւեան պողոտայի վրայ թիւ 46 աւտոպուսը կը սպասէի կանգառի մը վրայ, երևանցի մը մօտենալով ինծի հարցուց, -Բիձա ջան, այս տարիքում այս ծանրածանր պայուսակը շալակած ո՞ւմ եք սպասում: -Կը սպասեմ թիւ 46 աւտոպուսը. Այս ըսելուս վարկեան մը չանցած այդ երևանցին տաքսի մը կանչելով և վարորդին Չարենցի նկարով դրամանոց մը անոր ափին զետեղելով ըսաւ.

- Վարորդ ջան, այս երիտասարդը հասցուցէք իրա խնդրած հասցէին: Ես շշմած էի: Երևանի մէջ շատ նորութիւններու հանդիպեցայ, շատերէն մէկը յայտնեմ,- Քիեւեանով դանդաղ կը քալէի, տեսայ երեք հոգի մայթին վրայ: Բարևս սիրով առին: Անոնցմէ մէկը հարց տուաւ. -Բիձա ջան, այդ ինչո՞ւ դանդաղ եք քայլում: -Տարիքի բերումով, եղբայր, դանդաղ կը քայլեմ, որ չիյնամ… –Սա աւտոն տաքսի չի, իմն է, տեղաւորուէք` ձեզ հասցնեմ ձեր ուզած տեղը: -Քիեւեանի վրայ գեղանկարիչ Յակոբ Յակոբեանի տունը պիտի երթամ: Մենք այդ գեղանկարիչին դպրոցակիցը եղած ենք Կիպրոսի մէջ: -Հրամմեցէք, հրամմեցէք: Բարձրացայ վարիչին մօտ ու պայուսակէս իմ նոր ծրագրված գիրքէն մէկ օրինակ տուի իրէն:

Ինչ կը վերաբերի Սուրիոյ հանդէպ իմ կարօտին: Այդ կարօտը կայ ու պիտի մնայ: Ինչո՞ւ` պիտի ըսէք: Պատասխանեմ,- ես ծնած եմ Հալէպի մեջ. մէր ընտանիքը պարտադրաբար թրքախօս դարձած էր: Մայրենի լեզուս սորվեցայ Հալէպի մէջ հայկական մանկապարտէզ երթալով: Սուրիոյ հանդէպ պարտական մնացի: Հալէպը հանգոյն ժամանակներէ հայ բնակիչներ ունեցած է: Հոն ճանչցած եմ հայ ընտանիք մը՝ Սապպանեաններ, որոնք հինգ հարեւր տարինէրէ ի վեր եղած էին Հալէպի բնակիչ և արաբերէնը արաբի նման խօսելով, չէին մոռցած մեր մայր լեզուն: Աւելցնեմ, որ մինչև այսօր կը շարունակէ ապրիլ Հալէպի մէջ մեր Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցին, որ հինգ հարեւր տարիները անցած է: Հալէպը շատ սիրելի ծննդավայրս է: Բայց հայրենիքս Հայաստանն է: Մարդ մէկ մայր կունենայ ու մէկ՝ հայրենիք: Երկու մայր չունենար: Սուրիական քաղաքացիութիւնս պահելով դարձայ Հայաստանի քաղաքացի և 2015-ին Պէյրութի մէջ գիրք մը հրատարակեցի՝ «Երկիր երթալն է ճիշտ» վերնագիրով ու… ինքնաթիռս բարձրացայ դէպի Երևան:

-Ի՞նչ հայ մշակութային օջախներ, հասարակական կազմակերպություններ կային Հալեպում. Ձեր մասնակցությունը նրանց գործունեությանը:

-Ունեինք բազմաթիւ մշակութային կազմակերպութիւններ,- 15 եկեղեցի, մի քանի թատերական կեդրոն, որոնք հիսնամեակը անցած էին: Երկու գեղանկարչական ակումբներ, մէկը Մարտիրոս Սարեանի անունը կրողը, միւսը՝ Արշիլ Կորքիի անունը: Ունէինք երգչախումբեր, պարախումբեր ուրի՞շ, մօտ 50 դպրոց, որոնցմէ հինգը դարձան երկրորդական (12-ամեայ) ճեմարաններ:

-Պահպանվո՞ւմ էր արդյոք կապը Մայր Հայաստանի հետ. ինչպիսի՞ գործակցություններ կային հալեպահայ համայնքի և ՀՀ Սփյուռքի նախարարության ու հայաստանաբնակ մտավորականության միջև. «Հայագիտական դասընթացների» դերը:

-Չմոռցած յայտնեմ, որ Հալէպի մէջ երկար ժամանակ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան տեղականի մէջ որպէս վարիչ աշխատած եմ և ապա երկար ժամանակ գլխաւոր վարչութեան անդամ ու Սուրիոյ ՀԲԸ Միութեան համար հեղինակած եմ հատոր մը և 300 օրինակ նուիրած եմ Բարեգործականի դարակին, որպէսզի վաճառեն ու դրամը հատկացնեն դպրոցին:

Սփիւռք-Հայրենիք փոխադարձ կապերը յատկապէս խորհրդային իշխանութեան ժամանակ կրնա՛մ վկայել՝ շատ էին, անհատ բանաստեղծներ, գիտնականներ, բժիշկներ, մարզիչներ, թատերական գործիչներ, երաժիշտներ, տարին բոլոր կուգային Սուրիա, յատկապէս Հալէպ ու Դամասկոս: Եկողներուն թիւը մի քանի հարեւր կանցնէր: Երևանի Սփիւռքահայ Կոմիտէյին, որուն նախագահը Վարդգէս Համազասպեանն էր, կը ստանային և մամուլ ու գրականութիւն: Անկախացումէն յետոյ նոյն ընթացքը շարունակելի չեղաւ , երբ հին օրերուն Հալէպէն ևս երգչախումբ ու թատրոն կը մեկնէին Երևան փոխադարձ այցելութեան: Անկախութեան շրջանին Հալէպէն կարգ մը անհատներ կապ կը պահէին Հայաստանի սփիւռքի նախարարութեան հետ: Այս շրջանին ո՛չ մամուլ և ո՛չ ալ գրականութիւն ստացած ենք: Բայց շարունակելի մնացին այս շրջանին Սփիւռքէն հայ ուսուցիչ-ուսուցչուհիներու Երևանի մէջ վերապատրաստումի մեկնումը՝ Երևան:

Այս շրջանին կազմակերպեալ խումբեր Երևանէն՝ Հալէպ չեկան: Հատ ու կենտ անդամներ եկան անշուշտ դասախօսելու և Հալէպի դպրոցներու և ակումբներու մէջ ելոյթներով հանդէս գալու: Ավելցնեմ, որ Հայաստան գալէս ի վեր 2015-ի կէսէն առ այսօր ՝ Հայաստանի մէջ գրած ու հրատարակած եմ 21 անուն գիրք, իմ հրատարակած գիրքերուս թիւը մօտեցնելով երեք հարեւրի , որոնց կէսը ՝ իմ գործերն են, միւս կէսը ՝ սփիւռքահայ և հայրենի գրողներու գործ: Այդ գիրքերը հրատարակած եմ առաւելապէս իմ միջոցներովս:

-Վերջերս Երևանում կայացավ ականավոր դրամատուրգ Արթուր Ադամովի պիեսների ժողովածուի շնորհանդեսը՝ Սաթենիկ Խաչատրյանի թարգմանությամբ: Ինչպե՞ս եք գնահատում Ադամովի ավանդը աբսուրդի թատրոնի պատմության մեջ:

-Այդ շնորհանդէսին ներկայ եղայ: Տուեալ հատորէն կարդացած չէի, կարդացած էի վեց թատերական գործերէն երկու գործ միայն: Ժամանակը քիչ էր: Սփիւռքի նախարարութենէն եկած էր հրաւէրը. վերջապէս յիշած էին գոյութիւնս… Ելոյթս անվերջ ծափի արժանացաւ: Նախարարութիւնը երկու հոգիի նուէր տուաւ- թարգմանչուհի Սաթենիկ Խաչատրեանին և ելոյթ ունեցողիս: Պէտք է յայտնեմ ու շեշտեմ, թէ հա՛յ Ադամովը արժանացած է համաեւրոպական արժևորումի որպէս թատերագիր:

-Անձնապես ծանոթ եք եղել Ադամովին, այնպես չէ՞. ինչպե՞ս եք ընկալում նրա մարդ-առեղծվածի գաղտնիքը:

-Ադամովին անձնապէս ծանոթ եղած եմ: Իր բերածը թատրոնին, պիտի ըսեմ՝ համաշխարհային թատրոնին առեղծվածային չէ: Հայը բազմաթիւ անգամներ անակնկալի բերած է շատ մը երկիրներ մշակոյթի մարզին մէջ.- տամ մէկ քանի անուն.- Գառզու, Ժանսեմ, Թութունճեան Ֆրանսայի մէջ որպէս գեղանկարիչներ, Արշիլ Կորքի Ամերիկայի մէջ որպէս գեղանկարիչ և Ուիլեըմ Սարոյեանը նոյն Ամերիկայի մէջ որպէս ժամանակակից մեծագոյն վիպագիր թատերագիր,- Նիւ Եօրքի Մեթրոփոլիթէն երգչուհիներ ևս կրնամ յիշել, ունեցած ենք ջութակահար մը միջազգային համբաւի տիրացած, որ իր հայեցի անունը չէ փոխած հակուած բազում առաջարկներու: Այդ Ռուբէն Մամուլեանն էր: Նա ևս՝ երևոյթ մը: Յիշեցի բազմաթիւներէն մէկ քանին: Հայաստանը եղած է, կը մնայ ու պիտի շարունակէ մնալ մշակոյթի երկիր. իր մշակոյթը պահպանելու համար պէտք է ունենայ հզօ՛ր բանակ: Մեր մ. ԱԹԵՀի վանքի 10.000 ձեռագիր մատեաններ պատմութեան ընթացքին թաթարներու հողմէ չէին կրնար հրոյ ճարակ դառնալ՝ եթէ այդ ժամանակ ունենայինք հզօ՛ր բանակ: Ուժն է՝ մշակոյթը պահողը: Եթե ուժ ունենայինք, մեր ուժը գործածել գիտնայինք, ազերիները, մեր հազարաւոր խաչքարերը ջարդել կրնայի՞ն… Չէ՞ որ ազերիներ մեր մշակոյթը ջնջել կը փորձեն, ինչպէս թուրքեր մեր Արևմտեան Հայաստանին մէջ ոչ միայն երկու միլիոն հայ ջարդեցին, այլ հազարաւոր մշակութային արժէքներ:

-Ի՞նչ կարծիքի եք հայաստանյան մշակութային դաշտի ներկա խմորումների վերաբերյալ՝ կապված մի շարք նախարարությունների միավորման հետ:

-Վերջին տարիներուն սփիւռքի մէջ ու յատկապէս Սուրիոյ ու Լիբանանի մէջ շարժում մը ծայր առած է, որ զանազան դպրոցներ միացնեն, երկու անունով՝ մէկի վերածեն: Կը հասկնանք: Որովհետև հայ ստուար բազմութիւններ, պայմաններու բերումով,- պատերազմական, լքած ու հեռացած են այս երկիրներէն՝ դեպի ԱՄՆ: Աշակերտները պակսած են.- 12-ամեայ դպրոց մը, եթէ խաղաղութեան ժամանակ ունեցած է 12.500 աշակերտ, հիմա ունի 700 աշակերտ: Միացումը հոս հասկնալի է: Իսկ Հայաստանի մէջ եղածը կը խորհիմ թէ իւրաքանչիւր նախարարութիւն կը կարօտի մեծ գումարի: Միացումը նախարարութիւններու նոյն գումարը կը վերածէ ծախսուածի կէսին: Տնտեսագիտութեան հարց է, գուցէ՝ վիճելի: Բայց տնտեսագիտականօրէն թէև հասկնալի, բայց այս կերպը կը նուազեցնէ պերճանքը նախարարութիւններու: Հարց կը ծագի.- Պերճանքին տալ կարևորութիւն, թէ՞, ծախսերու նուազումին-կիսուելուն:

Յ.Գ Հարցասէրներ, Ձեզի՝ Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդը:

zarine kirakosyan

Ամանորյա քրոնիկոն

Դեկտեմբերի 31
Էս տարի  սարի դոշին քիչ մեքենա ու մարդիկ կան, թվում է,  լռությունը չի կոտրվելու, բայց  մեկումեջ ընդհատվում է ձյան ճռճռոցով.
-Պապ, ժողովուրդը էլ էս օրով գերեզման չի գնում, մարդիկ սկսել են Սուրբ Ծննդից հետո գնալ:
-Տատն ու պապը չգիտեն, որ ադաթները փոխվել են, իրանք էսօր են սպասելու,-կատակի տվեց  երևի, կամ էլ` չէ:
Հետո էլի քար լռություն էր: Կես ժամից արդեն կեսօրի կողմերը ձյան ճռճռոցն ու խնկի հոտը աջ ու ձախ ուղեկցում էին, հին մեռելներին հյուր եկածները գերեզմանների արանքներով հմտացած, բարձրանում էին` հասցնելով շաղակրատել կենցաղային հարցերով, նոր շիրիմների մոտ բոլորը լուռ էին, լացին մեկ պակաս լուռ:

Հունվարի 1

-Մոսոն դի կյա, էտ սեղանը տեսեք ինչ եք անում:
Մոսո` ամեն հունվարի մեկ սկսվում է իր` մեր տուն գալով:
-Հըն, կամանդիր, ի°նչ կա սահմաններին, էս օրերին հո շատ չե՞ն  կրակում:
-Մի օր` լավ, մի օր` կեշ, Վարդան ջան:
-Մամիկո°ն,- Մամիկոն` 14  տարեկան եղբայրս,- լսել եմ` Գերմանիա ես քյացել, վե՞նց զատերին էտ  նեմեցնին:
-Լավն էին, հոպար:
-Հա, ասում են` լավ երկիր ա: Քյացեք, քյացեք, մենք էլ տենանք` ինչ ենք անում: Քյանք (գնանք), երկու ժամից պիտի պոստ դյերեմ (բարձրանամ), ռավետը սմենափոխ ա:
Զանգ.
- Հա, հա, իմ  հընգեր Մամիկոնին հիշում իր, չէ՞: Չէ, էն, վեր Հորադիզ 94-ին զոհվեց, իրանց տուն եմ եկել: Հա իրա ախպոր` Վարդանի: Բա վե°նց դենք դյերի պոստ, վեր ճամփեքը փակ ա:
Հեռուստացույց.
-Սիմբա, խնդրում եմ կրկնիր, «Ակունա մատատա»:
-Բայց դա ի՞նչ է նշանակում, Տիմոն:
-Անհոգ եղիր:

Հունվարի 2

-Մամ, էս տարի ինչի՞ տարի էր, անընդհատ մոռանում եմ:
-Խոզի, բալես:
-Մամ, բայց Խոզի տարին եղել ա: Հիշում եմ մեր օրացույցը, վրեն հիմար շորերով ծիծաղելի խոզ էր նկարած:
-Ճիշտ ես հիշում, բայց էդ 12 տարի առաջ էր,  2006-ին:
- 2006-ին,12 տարի առաջ:

12տարի առաջ…

Հունվարի 3

-Ժիրո ջան, բարև, լավ տարի ըլի, տա՞նն եք:
-Հա, Վարդան ջան, բայց տավարից եդը:
Տավարից եդը – տավար` նույն ինքը, անասուն, եդը` հետո, տավարից եդը` վերջին անգամ  անասուններին կեր տալուց հետո, ձմեռվա ժամանակով երեկոյան ժամը 18:00-ին:
-Լավ, ժիրո ջան, դե կրեվանք:
Օրվա լուսանալը ամեն տեղ չի, որ արևի հորիզոնից բարձրանալն ա,  օրվա լուսանալը էդ մեկ-մեկ առավոտ գոմի դուռ բացելն ա, կարաս արևից էլ շուտ բացես… Օրն էլ մթնում ա էդ նույն դուռը վերջին անգամ փակելուց հետո: Թող թանձր մութ լինի, թե  հլը գործ կա անելու` առավոտն ու իրիկունը դու պիտի որոշես:
Հետաքրքիր բան ա:

Ներուժ

Ողջույն, այսօր, մի կերպ կտրվելով տոնական խառնաշփոթից, խոսելու եմ Սփյուռքի նախարարության, FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ իրականացված «ՆերՈւԺ» ծրագրից։ 4-օրյա այս ծրագրի նպատակն էր` հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հնարավորություններ ստեղծել։

Մոտ մեկ ամիս առաջ տեսա հայտարարություն, որ կամավորներ են անհրաժեշտ ծրագրի իրականացման համար ու որոշեցի դիմել։ Այդ ժամանակ դեռ պատկերացում չունեի, թե ինձ ինչ է սպասվում։ Կամավորությունն ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Չկա ավելի հաջող ձև նոր փորձ ձեռք բերելու ու գիտելիքներդ գործնականում փորձարկելու համար: Համ էլ, ընկերներիցս մեկը Իսպանիայից ժամանելու էր Հայաստան` ծրագրին մասնակցելու համար, ու իր ոգևորությունը ինձ էր փոխանցվել։ Ես այն երջանիկների ցանկում էի, ովքեր հաջողությամբ անցան հարցազրույցը ու որպես կամավոր մասնակցեցին ծրագրին։

Իսկ հետոն․․․ Հետոն արդեն լիքն էր նոր ու հավես ծանոթություններով, փորձություններով ու հաղթանակներով։ Դիլիջանի Միջազգային դպրոցը հյուրընկալել էր ՆերՈւժի բոլոր մասնակիցներին։ Մթնոլորտը չափից շատ ջերմ էր ու ընկերական։ Դպրոցի ուսանողները մեզ դիմավորեցին որպես իրենց համայնքի մի մասի։ Առավոտները միշտ խառն էին, միշտ ինչ-որ բան կար անելու, օգնելու։ Մասնակիցները անընդմեջ հետաքրքիր քննարկումների, հանդիպումների մեջ էին։

Իսկ երեկոները․․․ Ավելի խառն էին, քան առավոտները։ Ուշ երեկոյան, երբ արդեն օրվա ծրագիրը բարեհաջող ավարտված էր, տեղի էին ունենում մաֆիայի, թենիսի ու այլ խաղերի առաջնությունները։ Կարճ ասած՝ մաֆիան ելնում էր որսի։

Այս չորս օրերի ընթացքում մի ամբողջ կյանք ապրեցինք։ Վստահ եմ, անգամ այն սփյուռքահայ ստարտափերները, որոնք չհաղթեցին վերջնական մրցույթում, մեծ փորձառություն ու նոր ընկերներ ձեռք բերեցին։ Ունեցանք շատ պատվարժան հյուրեր։ Մեզ այցելեց նաև Նիկոլ Փաշինյանը, շրջեց մի քանի սենյակներով և ծանոթացավ նախագծի ընթացքին։ Հնարավորություն ունեցանք նաև իրեն հարցեր ուղղելու, ու դե իհարկե, սելֆիի․․․

Ամենամեծ ձեռքբերումս նոր ընկերներն էին, իսկ ամենալավ օրը՝ վերջինը։ Վերջնական մրցույթից հետո մեզ միացավ ազգագրական պարային խումբ։ Մի քանի րոպե անց ամբողջ սրահը ոգևորված պարում էր։

Ու էսպես լիքը, լիքը հավես բաներ` երեկոյան հոգի կանչելուց մինչև աշխատանքային խառը մթնոլորտ։

Կյանքում կան պահեր, որ չեն մոռացվում: Դե, կամ էլ մենք չենք ուզում մոռանալ:

Դրանք ստեղծվում են ինչ-որ փոքր որոշումներից ու դառնում մի մեծ պատմության սկիզբ․․.