Բաղանիս

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լսել եք, չէ՞, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մասին: Ես այնտեղ եմ ապրում, այնտեղ եմ մեծացել: Բաղանիսը Հայաստանի սահմանամերձ գյուղերից է: Չգիտեմ՝ մարդիկ ինչպես կպատկերացնեն գյուղը, կամ էլ կասեն՝ վտանգավոր է այնտեղ ապրելը: Ուզում եմ համառոտ նկարագրել Բաղանիսը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Դե քանի որ սահմանամերձ է, բնականաբար ունի իր, էսպես ասած, լարված սահմանային իրավիճակը: Դիրքերը գյուղից հեռու են մի քանի հարյուր մետր, անգամ 1կմ չի հասնում այն: Երբ տրանսպորտը չի աշխատում առավոտյան, և շարժը շատ քիչ է՝  գյուղի ծայրամասում գտնվող այգիներում կարող ես անգամ լսել դիրքից դիրք իրար հետ բարձրաձայն զրուցող ադրբեջանցիների ձայներ կամ էլ դիրքերի շան հաչոցները:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Չնայած այս ամենին, գյուղում մարդիկ ժպտում են, աշխատում, արարում, լքելու փոխարեն տները, ավելի բարեկարգում, նորը կառուցում և առավոտյան ժամերին պատշգամբի մաքուր օդին սուրճ խմում և պլանավորում առօրյա գործերը:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Քանի որ գյուղատնտեսական գործերը դեռ չէին սկսել, և ես չկարողացա աշխատող մարդկանց նկարել այգիներում գործ անելուց, դրա փոխարեն նկարեցի մեր գյուղի հետաքրքիր հատվածները, հնությունները և գեղեցիկ գյուղական տեսարանները: Բնությունից մինչև լքված տրակտոր, հին պատուհան և այլն:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

 

laura sekoyan

Գնումների հետևից

Կարելի է մի փոքր խոսել գարնան շնչով լցված տրանսպորտից։ Գարնանը բոլոր խանութներում նոր գարնանային հագուստների տեսականի են ստանում, ինչը առիթ է գյուղից դուրս գալու ու մի որևէ բան գնելու համար։ Գնումները ավելի են հետաքրքրանում, երբ մեքենայի փոխարեն գնում ես հասարակական տրանսպորտով։ Տրանսպորտում կարող ես իմանալ ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը քեզ ընդհանրապես հետաքրքիր չէ կամ ուղղակի պետք չէ։ Այստեղ կարող ես իմանալ` ով նշանվեց, ով ամուսնացավ, ում հետ և ինչպես։ Կարող ես իմանալ մի ամբողջ ընտանիքի պատմություն։ Տեղեկանում ես, թե ինչը ինչքան է թանկացել կամ էժանացել։ Իմանում ես հաջորդ օրվա կամ շաբաթվա եղանակի մասին և նմանատիպ այլ բաներ։ Տրանսպորտում լսում ես այնպիսի երաժշտություն, որը տանը երբեք չէիր լսի։ Այստեղ հանդիպում ես այնպիսի մարդկանց, որոնց ճանաչում ես, բայց տարիներով չես տեսել։ Ու լավն այն է, որ երկար ընդմիջումից հետո, միևնույնն է, կամ դու ես տոմս հանում նրանց համար, կամ նրանք`քեզ։

Տրանսպորտում հնչող բարձր երաժշտությունը հաճախ ստիպում է քեզ այլ կանգառում իջնել։ Օրինակ` այսօր մի տղա այնքան գոռաց, որ վարորդը կանգառում կանգնի, բայց բարձր երաժշտության պատճառով վարորդը չլսեց։ Բոլոր ուղևորները ծիծաղում էին, իսկ այդ ծիծաղից մի երկու կանգառ հետո վարորդն արգելակեց։ Այդ տղան հազիվ իջավ ու վազելով հետ գնաց դեպի իր կանգառը։

Տրանսպորտում միշտ տեղ չկա, ուղևորների մեծ մասը կանգնած են մնում։ Եվ այդ պատճառով մի հարց միշտ անլուծելի է մնում` ով տեղ զիջի, որ իրենից մեծը նստի։ Այժմ երիտասարդները մեծերից շատ են ցանկանում նստել, և հիմնականում տեղ չեն զիջում մեծերին։ Երիտասարդների մի մասը հեռախոսով խաղ է խաղում, մյուս մասն էլ խորասուզվում է պատուհանից դուրս տեսարանի մեջ ու իբր չի տեսնում մեծահասակին։ Ամեն դեպքում, ինչքան էլ գեղեցիկ տեսարան լինի պատուհանից դուրս, խաղի որ աշխարհն էլ հաղթելիս լինես, միևնույնն է, պետք է միշտ տեղդ զիջես մեծահասակին։

Ինչևէ, եթե ուզում ես նոր հագուստ գնել, նոր տեղեկություններ իմանալ, ճշտել հաջորդ շաբաթվա եղանակը, ապա լավագույն միջոցը հասարակական տրանսպորտ նստելն է։

Mane Minasyan

Նեղացել է փոքրիկ առուն

Ես սովորական մի աղջիկ եմ, ով սիրում է խոհանոցն ու պատրաստելը: Հաճախ եմ կանգնում խոհանոցում, կապում գոգնոցն ու ինձ տեսնում լավագույն խոհարարի դերում:

Հերթական անգամ անցա գործի ու որոշեցի մրգային աղանդեր պատրաստել:

Դե, քանի որ ապրում եմ Արարատի մարզի քաղաք Վեդիում, որտեղ կա ոռոգման ջրի հետ կապված բավականին մեծ խնդիր, մենք մրգերը միշտ գնում ենք: Մինչ ես շտապում էի մրգերի հետևից, պապիկս կանգնեցրեց ինձ ու հիշեց հին ու բարի ժամանակները.

-Է՜, Մանե ջան, մի 10-15 տարի առաջ էր, որ մտնում էինք մեր բախչա, տանձը մի կողմից էր կանչում, խնձորը, սերկևիլը, թուզն ու մնացած մրգերը՝ մի կողմից: Բա որ գարունը գալիս էր, չէ՞, ծաղկում էին, ոնց որ մեկը մատիտը վերցած, նկարած լիներ: Բա հիմա բախչա ա մնացե՞լ, հիմա սկի նորմալ խոտ չի աճում գյոզալ հողում:

Մի պահ կանգնեցի, փորձեցի մանկությանս հուշերից մտաբերել մեր այգին, այն այգին, որը հիմա դարձել է ամայի տարածք, այն ծաղկած այգին, որտեղ չկար վայրի խոտի նմուշ անգամ, սակայն հիմա, անգամ վայրի խոտը հողից` ցամաքած հողից գլուխը հանել չի ցանկանում, որովհետև էլ մեր այգու փոքրիկ առուն ջուր չի բերում:

anahit Zaxaryan askeran

Հիլիս

Եթե ինձ հարցնեն, թե ինչպես եմ սկսել իմ գարնանային օրերը, կասեմ՝ հրաշալի, բայց հետո կմանրամասնեմ՝ խոսելով նաև իմ հիասթափությունների մասին:

Սկզբում, ինչպես բոլոր սովորողները, ես էլ որոշել էի գարնանային շաբաթ-կիրակիներս անցկացնել քնած, որովհետև քնի քաղց էի զգում, բայց բնությունն ու գյուղական կյանքն իրենց ձգողականությամբ խախտեցին իմ որոշումները: Արևոտ օրերից մեկի առավոտյան գնացի քրոջս տուն, որը գտնվում է Ասկերանի շրջանի Հիլիս գյուղում:

Հիլիս գյուղը ինձ շատ հարազատ մի բնակավայր է, որտեղ ապրելու կամ գոնե մեկ անգամ այցելելու համար արժե Արցախ գալ: Տարիներ առաջ գյուղին տվել են Հիլիս անվանումը իր պարզության, մաքրության համար: Այսօր եթե գյուղին փորձեն նոր անուն տալ, ես նորից նույն անունը կընտրեմ՝ Հիլիս: Գյուղի ստորին մասով գետակ է հոսում, որը նույնպես իր հայելային պարզության համար կոչվում է Հիլիս:

Հիլիս գյուղի բնակիչները, չնայած՝ քիչ ժամանակ ունեն առօրյա աշխատանքներից կտրվելու համար, բայց այդ թեժ զբաղվածության ժամերից քաղում են մի քանի րոպե և այցելում ոչ բարվոք վիճակում գտնվող Տեր Հովհաննես եկեղեցին: Եկեղեցին հին է, կոնկրետ կառուցման թվական չեմ կարող նշել, բայց դարից ավելի է, ինչ կանգուն է:

Եղանակը ժպտուն էր, օրը՝ կիրակի: Քրոջս ընտանիքի հետ որոշեցինք միասին գնալ եկեղեցի: Տանից եկեղեցի հասնելու համար բավական է անել ընդամենը 50 քայլ:

Ինձ միշտ հետաքրքրել են տարբեր գյուղերի եկեղեցիները և մյուս այլ պատմություն ստեղծող գանձերը: Հիլիս գյուղի եկեղեցին նույնպես բացառություն չէ, թանկ արժեք է երկրի համար: Պիտի նշեմ, որ եկեղեցուց տուն հասնելու ճանապարհին հանդիպեցինք գյուղացիներին, հարցրինք՝ չե՞ք պատրաստվում գնալ եկեղեցի, ստացանք այսպիսի պատասխան.

-Վախենում ենք՝ եկեղեցու քարերը թափվեն մեր գլխին:

Ճիշտն ասած՝ ես մինչ եկեղեցի մտնելը լսեցի նման արտահայտություն.

-Չմտնես եկեղեցի, քարերը թափվում են:

-Միշտ հիշի՛ր, երբեք եկեղեցու թափվող քարից չես վիրավորվի, որովհետև բարի նպատակով ես մտնում այնտեղ,- պատասխանեցի ես, խաչակնքեցի և մտա ներս:

Հիասթափություն ապրեցի մի պահ, հետո որոշեցի իմ ներդրումն ունենալ այս եկեղեցու նորոգման գործում և ինքս ինձ խոստացա՝ ինչով հնարավոր է օգնել գյուղացիներին, որպեսզի եկեղեցու հույսի մոմերը լինեն մշտավառ, պատերը՝ ամուր, իսկ եկեղեցին՝ կանգուն և հզոր, ինչպես գյուղը՝ իր բնակիչներով:

anahit badalyan tonakan

Wi-Fi-ի մասին դառը ճշմարտությունը

9-րդ դասարանի աշակերտները գրավել են գիտնականների ուշադրությունը՝ գիտական փորձի միջոցով բացահայտելով  Wi-Fi-ի մասին դառը ճշմարտությունը

Դպրոցական աշխատանքն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելը, համբերատար կերպով աշխատելն ու մեծ հաջողություններ ակնկալելը  ողջունելի է և քաջալերվում է։

Այս դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Ջութլանդում, որտեղ 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ վերջերս նախաձեռնել էր կենսաբանական փորձ՝ ոգեշնչվելով կենտրոնանալու իրենց անձնական փորձառությունից։

Աշակերտներից մեկը՝ Լի Նելսենը, բացատրում է․

-Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ դպրոցում դժվարացել ենք կենտրոնանալ, երբ քնել ենք՝ հեռախոսները մեր գլխի կողքին դրած։ Պատահել է նույնիսկ, որ քնելիս ևս բախվել ենք դժվարության։

Հետաքրքրված լինելով այս ընդհանուր փորձառությամբ, աղջիկների մի խումբ նախաձեռնել է փորձ՝ պարզելու Wi-Fi-ի ճառագայթման ազդեցությունը կենսական բջիջների վրա։

Մասնավորապես, նրանք որոշեցին օգտագործել ջրկոտեմի սերմեր։ Վերցնելով 400 սերմ, նրանք առանձնացրեցին դրանք 12 տարբեր սկուտեղների վրա։ Երկու սենյակներում տեղադրվեցին վեցական սկուտեղներ։ Երկու սենյակներում էլ պահպանվում էր նույն ջերմաստիճանը, և ամեն սենյակում տեղակայված վեցական սկուտեղները փորձի ընթացքում ստանում էին նույն չափի ջուր և արեգակի լույս։

Միակ տարբերությունը երկու սենյակների միջև (որն էլ հանդիսանում էր փորձի հիմքը) այն էր, որ սենյակներից մեկում սկուտեղները տեղադրված էին Wi-Fi ցրող սարքերի հարևանությամբ։ Այս սարքերը ցրում էին նույն տեսակի ճառագայթներ, ինչպիսիք  ցրվում են մեր հեռախոսների կողմից՝  թույլատրելով աշակերտներին վերստեղծել  ազդեցությունը, որն առաջանում է հեռախոսը, գլխի կողքին կամ դիմացի սեղանի վրա դրած, քնելիս։

Արդյու՞նքը։ 12 օր անց շոկային էր սկուտեղների երկու խմբերի միջև ի հայտ եկած տարբերությունը։ Մինչ առաջին սենյակի ջրկոտեմի սերմերը լավ էին աճում՝ դառնալով առողջ ու փարթամ իրենց միջավայրում, նույնը ասել հնարավոր չէր երկրորդ սենյակի սերմերի մասին։ Wi-Fi-ի ցրող սարքերի հարևանությամբ տեղադրված սերմերը բնավ էլ բնական աճ չէին դրսևորում։ Որոշ սերմեր անգամ ամբողջովին մահանալու նշաններ էին ցուցաբերում:

Փորձը բավական էր՝ բացելու աշակերտների աչքերը հեռախոսների օգտագործման ու դրանց՝ գիշերը անկողնում պահել-չպահելու հարցում։

-Իսկապես սարսափելի է տեսնել այսքան մեծ ազդեցություն, և մենք իրոք շոկի մեջ ենք։ Մեզնից ոչ ոք այլևս հեռախոսը կողքին չի քնում։ Կամ դնում ենք հեռախոսը հեռու մի տեղ, կամ ուրիշ սենյակում։ Իսկ համակարգիչը միշտ անջատված է,-նշում է Նիլսենը։

Աղջիկների փորձը ոչ միայն դրական արձագանքի է արժանացել դպրոցի կողմից, այլև ուշադրություն է գրավել միջազգային ասպարեզում, քանի որ կենսաբաններն ու ճառագայթման գիտակները  մեծ կարևորություն են տվել աշակերտների հայտնագործությանը։

Փորձի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերած գիտնականներից մեկն էլ Օլ Ջոհանսոնն է՝ Ստոկհոլմի Կարոլինսկա համալսարանի դասախոսը։ Նա կսկսի իր գնահատումը աղջիկների հայտնագործության շուրջ՝ կրկրնելով վերջիններիս փորձը իր գործընկեր Պրոֆեսոր Մարի-Քլեյր Քամըրթի հետ Բրյուսելի համալսարանում։

Ջոհանսոնը իսկապես տպավորված էր աղջիկների ջանքերից։ Դասախոսը գովաբանեց նրանց՝ ասելով․

-Աղջիկները մնացին գիտելիքների իրենց շրջանակում՝ հմտորեն նախաձեռնելով և զարգացնելով մի հրաշալի փորձ։ Ճշգրտության և մանրակրկիտության առատությունը խրախուսելի  է, իսկ ջրկոտեմի ընտրությունը խելացի միտք էր, և ես կարող եմ շարունակել։

Ի՞նչ է սպասվում աղջիկներին հաջորդիվ։ Ջոհանսոնը անկասկած պատրաստվում է աշխատել այս տաղանդավոր և բանիմաց աշակերտների հետ՝ առաջ շարժվելով։

-Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նրանք իրենց ապագա մասնագիտական կյանքը կանցկացնեն հետազոտություններ անելով, որովհետև վստահաբար կարծում եմ, որ աղջիկները  օժտված են այս ոլորտին բնորոշ բնատուր ունակություններով։ Ես, անձամբ, շատ կցանկանայի տեսնել այս մարդկանց իմ թիմում,-ամփոփում է դասախոսը։

Այս և այլ տեսակի բազմաթիվ փորձերը մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքի վրա։ Մեզնից շատերը գիտեն, որ հեռախոսը կողքին դրած քնելը վտանգավոր է, բայց ոչ բոլորն են գիտակցում դրա հետևանքներն ու սպառնացող վտանգները։ Իրազեկ լինելը հանդիսանում է այն գլխավոր խթանը, որի շնորհիվ մենք էլ ավելի զգոն և ուշադիր ենք դառնում մեզ շրջապատող իրերի ու երևույթների նկատմամբ։

Այս կարևոր փորձը, որը արժանացել է միջազգային լսարանի ուշադրությանը, կատարվել է իններորդ դասարանում սովորող աշակերտների կողմից։ Որքան էլ զարմանալի է, դպրոցականներն իրենք են բացահայտել այս հիմնախնդրի հիմնական ազդեցությունն ու պատճառը։

Կարծում եմ, որ Հայաստանում ևս կգտնվեն նույնքան բանիմաց և ընդունակ աշակերտներ, ովքեր կկարողանան կենսական նշանակության խնդիրներ հայտնաբերել և աշխատել  դրանց պարզաբանման շուրջ։ Ցավն այն է, որ մեր աշակերտների մոտ կարծես մտավախություն կա միջազգային լսարան դուրս գալու հարցի հետ կապված։ Իրականում այս փորձը հնարավոր է իրականացնել ցանկացած վայրում, իսկ միջազգային լսարանը, կարծում եմ, պատրաստ կլինի ընդունել այս օգտակար տեղեկությունը որպես անվտանգության և ապահովության որևէ տեսակի զգուշացում։ Պարզապես պետք է հնարավորինս լսելի դարձնել խնդիրն ու դրա շուրջ կատարվող ուսումնասիրությունները։ Պետք է նախ փորձել հետաքրքրել լսարանին՝ ընտրելով ընդհանուր և համատարած որևէ խնդիր, որի լուծումը կենսական նշանակություն կունենա։ Նման խնդիրները մեր օրերում, ավաղ, շատ են, իսկ դրանք փնտրողները արդեն նոր սերնդի վառ ներկայացուցիչներն են։ Յուրաքանչյուր մանր թվացող խնդիր անգամ կարող է վճռական ազդեցություն թողնել կենդանի օրգանիզմների վրա։ Այնպես որ, ժամանակն է հետևելու համարձակ աղջիկների օրինակին և բարձրաձայնելու մեր օրերի՝ գուցե թաքնված, բայց կարևոր և նշանակալի խնդիրները։

elza zohrabyan

Ես չեմ ուզում

Երեկո էր։ Արդեն պետք է գնայի քնելու, երբ պատահական լսեցի ծնողներիս և քրոջս խոսակցությունը: Նրանք ասում էին, որ Հայաստանում ապագա չկա, որ յուրաքանչյուր եվրոպական երկրում ավելի շատ հնարավորություններ կան, նույնիսկ մտածում էին Կանադա գնալու մասին:

Երբ լսեցի դա, խառնաշփոթ առաջացավ իմ մեջ: Ամբողջ գիշեր չէի կարողանում քնել, քանի որ անընդհատ մտածում էի իմ, ընկերներիս, ուսմանս մասին: Մտածում էի, թե ինչպես եմ շարունակելու շփումը ընկերներիս հետ, հիշեցի ընկերուհուս` Մարիկային: Նա հիմա ապրում է ԱՄՆ-ում: Ես, Նարեն և Մարիկան մտերիմ ընկերուհիներ էինք և մտածում էինք, որ Մարիկայի գնալուց հետո ոչինչ չի փոխվի, որ միևնույնն է, մենք ամեն օր կխոսենք, բայց դա այդքան էլ այդպես չեղավ: Մարիկայի գնալուց հետո մեր շփումը տևեց մոտ երկու շաբաթ, որից հետո խոսելու թեմաները վերջացան: Ես և Նարեն խոսում էինք դպրոցից, երեխաներից, մեզ հետ եղած դեպքերից, իսկ Մարիկային դա այդքան էլ հետաքրքիր չէր: Հիմա անցել է գրեթե մեկ տարի, իսկ մեր շփումը սկսվում է և վերջանում սոցկայքերում հրապարակած նկարների տակ մեկնաբանություններ թողնելով:

Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Շատերն ասում են, որ այնտեղ էլ շատ ընկերներ կունենամ, բայց, միևնույնն է, ինձ համար շատ ծանր է նույնիսկ այդ ամենի մասին մտածելը:

anush mkrtchyan

Կետադրված կյանք

Բռնի՛ր ձեռքս ու արի: Արի՛, որ կետադրենք իրար, կետադրենք իրարով, կետադրենք կյանքը: Ես միշտ էլ սիրել եմ ստորակետ դնել քեզանից հետո ու առաջ, որ առանձնանաս, որ վերաբերականի նման միշտ էլ անկարևոր մեկը մնաս, որ նախադասության անդամ չդառնաս, որ այդպես էլ ողջ կյանքումդ եղանակավորես, իսկ դու ավելորդ մնաս:

Իսկ դու միշտ բութ ես դնում, որ ստորադասես մեզ, որ դու գերադաս դառնաս, իսկ ես կախվեմ քեզանից: Կամ էլ հեռացնում ես մեզ հատկացուցիչի ու հատկացյալի նման, մեր մեջ խցկելով ավելորդ բառեր, ավելորդ հեռավորություն:

Չհամարձակվես ինձ շեշտել, ու ոչ էլ անունս կբացականչես, քեզ պահիր ձևականություններդ, որ քեզ փակագծերի մեջ չառնեմ ու հարկ եղած դեպքում դուրս չշպրտեմ: Չեմ ուզում, որ ինձ մեծատառ գրես, ուզում եմ հասարակ լինել, չտարբերվել: Ոչ էլ կկրճատես կամ կուլ կտաս ինձ քո հապավումներում:

Ես քեզ չակերտների մեջ եմ առնում, որ ուղղակի կերպով մեջբերեմ, քեզնից հետո էլի ստորակետ դնեմ, հետո գծիկով նոր կյանք սկսեմ:

Ու բավական է այդ գրողի տարած բազմակետերով շարունակես պահել այն, ինչ չկա: Ատում եմ այդ անորոշությունը, ատում եմ այն բոլոր միջակետերը, որոնցով երբևէ հավասար ենք եղել:

Ջնջում եմ բոլոր նշանները, գրողի ծոցը թող գնա այդ հուզականությունը: Մի պահ դադար տուր ու դիր վերջակետ: Կյանքն ավարտվեց, իջեցրե՛ք վարագույրները:

ella mnacakanyan yerevan

Չիրագործված երազանքիս ճանապարհին

«Mesdames, Messieurs…»:
Այս բառերով էր սկսվում այն նամակը, որը փշրեց իմ երազանքը հենց այն պահին, երբ թվում էր՝ արդեն այդքա՜ն մոտ էի դրա իրագործմանը: Չէ՛, ավելի ճիշտ՝ երազանքս չկոտրվեց (երազանքները միայն ներսից են կոտրվում, չէ՞), այլ այն հույսը, որը դրդել էր մտովի արդեն դասավորել ճամպրուկս, ընտրել զգեստներս, որոշել, թե Փարիզի կամ Մարսելի որ անկյունում ինչպես եմ լուսանկարվելու ու թե ինչքա՜ն եմ հասցնելու կարոտել մերոնց այդ ընթացքում:

Ը՜, մի քիչ խառն եմ խոսում, չէ՞: Լավ, ուրեմն, եկե՛ք ամեն ինչ պատմեմ սկզբից:
Մարտի սկզբին «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիա»-ն և «Ֆրանսիական միջազգային կենտրոններ Լեո ակումբ»-ը կազմակերպել էին մրցույթ, որին կարող էին մասնակցել 18-25 տարեկան ուսանողները, և որի հաղթողն ամռանը մեկնելու էր Ֆրանսիա՝ երեքշաբաթյա շրջայցի: Ես, իհարկե, դեռ 18 չկամ, բայց քանի որ ներսիս 17-ամյա հրեշտակները (կամ գուցե սատանաները) ինձ հանգիստ չէին տալիս ու անընդհատ «բզբզում էին», որոշեցի ես էլ մասնակցել մրցույթին՝ տարիքային շեմից բացառության կարգով: Ու չնայած թերահավատ էի նրանում, որ 46 մասնակիցներից հենց ես կհայտնվեմ հաջորդ փուլ անցած յոթնյակի մեջ, բայց մրցույթի գրավոր փուլից 2 օր հետո ստացա դա ավետող մի նամակ, որն, ի դեպ, սկսվում էր «Madame Mnatsakanyan»-ով: Մադա՞մ: Էդ ե՞րբ եմ հասցրել ամուսնանալ: Ահագին ծիծաղեցի «մադամ»-ի վրա։ Դե՜, անսովոր էր այդպես լսել ազգանունս, բայց ա՜խ, այդ ֆրանսիական քաղաքավարությունը…
Իսկ բանավոր փուլի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, որովհետև բոլորովին չեմ հիշում՝ ինչ եմ ասել դրա ընթացքում: Անկեղծ: Միայն հիշում եմ, որ պիտի համոզեի մի ֆրանսիացու տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ ինքն էլ էնքա՜ն համառ էր իր որոշման մեջ: Բայց, ի վերջո, համոզեցի, ասաց՝ կտոնի: Միայն չհասկացա, թե ինչու չկարողացա նաև համոզել, որ ծննդյան օրը տոնելուց բացի հենց ի՛նձ ուղարկեն Ֆրանսիան տեսնելու: Փաստորեն, չհասա երազանքիս, երբ արդեն չափազանց մոտ էի դրան, և ընդամենը մի քայլ էր մնացել հաղթահարելու, բայց… Միշտ կա մի «բայց»։ Ինչևէ, ես չհաղթեցի, բայց ես ամենակրտսերն էի մասնակիցներից, և ուրեմն ես ամենաշատ ժամանակն ունեմ «կրկին փորձելու»: Ու քանի որ իմ երազանքը չի ստացվել կոտրել (երազանքները ներսից են միայն կոտրվում), կոտրել են միայն հույսս, ես անկասկած նորից եմ բռնելու երազանքս իրագործելու ճանապարհը՝ հավատով, որ վերջին քայլն, ի վերջո, կկարողանամ հաղթահարել:

Արհեստ և արվեստ

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Մարտի 17-ին Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Արհեստ և արվեստ» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում էին պատանիներ Հայաստանի 17 ուսումնարաններից, տարբեր մարզերից ու քաղաքներից` Գյումրիից, Վանաձորից, Երևանից։ Միջոցառման ընթացքում երգիծական ներկայացմամբ հանդես եկան Գյումրի քաղաքի արվեստի քոլեջի սաները, ներկայացվեցին նաև երգեր, երաժշտական համարներ:

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն տիկին Մնացականյանը իր խոսքը հղեց ներկաներին.

-Միջին մասնագիտական և արհեստագործական կրթությունը Հայաստանում ունի դարերի պատմություն: Դեռևս 4-րդ դարում Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվինում զարգացած էին արվեստի տարբեր ճյուղերը՝ գորգագործություն, խեցեգործություն, ապակու արտադրություն։ Արվեստը ծնվել է մարդու հետ և կմեռնի մարդու հետ։ Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք բարձրացնել, արժևորել միջին մասնագիտական կրթությունը, այն իսկապես մեծ դեր է խաղում երկրի զարգացման հարցում։

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Միջոցառմանը ներկա էր նաև Հայատանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մասնագիտական և արհեստագործական կրթական հաստատություններով զբաղվող վարչության պետ Ա. Աղբալյանը, նա իր ողջույնի խոսքը հղեց բոլորին, շնորհավորեց քոլեջների սաներին։
-Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանում ուսանում են մի քանի մասնագիտություններ` փայտի գեղարվեստական փորագրում, խոհարարություն, համակարգչային օպերատորություն։ Միջոցառումը շատ լավ բնութ ունի. երեխաները հնարավորություն ունեն տեսնելու, համեմատելու և ավելի զարգանալու,- նշում է արհեստագործական ուսումնարանի ներկայացուցիչը:

gohar abroyan gegharkunik

Իմ գարունն եմ ուզում

Պարզություն, մաքրություն, սեր ու ջերմություն եմ զգացել ամեն տարի գարնանը։ Արդեն գարուն է՝ մարտ ամիսը, ինքս ինձ ստիպում եմ նայել օրացույցին՝ հասկանալու, գիտակցելու համար, որ արդեն սկսվել է տարվա ամենապայծառ եղանակը։ Երբեմն միտքս կանգնում է այն գաղափարի վրա, որ ինձ կորցրել եմ, ինձ թողել եմ ինչ-որ հարազատ վայրում, ինչ-որ տեղ մոռացել եմ ինձ։ Միայն հասկանում եմ, որ գարուն է, երբ արդեն մի կողմ եմ դրել տաք գլխարկս ու ձեռնոցներս, երբ ծաղկել են ծառերն, ու շուրջբոլորը կանաչ է։ Ինչքան ուրիշ են զգացողություններս, ինչքան խորթ է ինձ համար գարունը։ Երբ հիշողության գիրկն եմ ընկնում, մտքի թռիչքով գնում եմ գարունս։

Իմ գարունը, իմ հիշողության գարունը ձնառատ է, բայց այնքան կատարյալ, անթերի, լուսավոր ու ջերմ։ Հիմա էլ եմ քայլում դասի՝ ձեռքիս պայուսակս է, ու շտապում եմ, որ չուշանամ, գրեթե նույն պատկերն է, ինչ հիշողությանս մեջ, բայց այնտեղ կողքովս քայլում է ընկերուհիս, առավոտյան 7-ին շտապում ենք պարապմունքի։ Վազում ենք դատարկ փողոցներով, գոռում, որ երջանիկ ենք ու սիրում ենք մեր ցուրտ գարունը։ Ցրտից կարմրած հասնում ենք պարապմունքի, մեր ընկերներն արդեն սպասում են մեզ, նստում ենք ու երազում ուսանող լինելու մասին, իսկ դասի գնալու ճանապարհին պատմում մեր ակնկալիքների, մեր նպատակների ու երազանքների մասին ու ժպտում ենք լայն ու անկեղծ ժպիտով, սառած հասնում դասի, մեր գարնան ցուրտն էլ էր արդեն հաճելի լինում։

Հիշողություններս լքում են ինձ, երբ հասնում եմ համալսարան, հուզմունքս թաքցնելու համար ժպտում եմ, պարզապես ժպտում ու հասկանում եմ, որ իմ ձնառատ գարունն եմ ուզում, իմ ընկերներին, իմ մաքուր ու անկեղծ ժպիտներով մարդկանց։ Հասկանում եմ, թե որտեղ եմ թողել ինձ, գիտակցում ու կարոտում եմ։

Ասում են՝ գյուղումս արդեն գարուն է…