anna qocharyan lori

Երբևէ վախեցե՞լ եք վերադառնալ հայրենիք

Եթե քեզ հարցնեն, թե որն է աշխարհում ամենասիրածդ երկիրը, միանգամից ու առանց տատանվելու կտաս հայրենիքիդ անունը: Բայց մտածե՞լ ես, թե ինչի ենք սիրում մեր երկիրը: Սիրում ենք որոշակի արժեքների համա՞ր, թե՞ որ մերն է: Չէ, իրականում ես շատ եմ սիրում Հայաստանս: Սիրում եմ ամենաչնչին թվացող երևույթները, մեր սառը օդը, մեր սարերը:

Իրականում սիրելու ու չսիրելու շատ բաներ կան, բայց երբ արտերկրում ես, վատերը միտքդ չեն գալիս, ու միայն լավերի մասին ես հիշում ու մտածում: Ինձ համար Լոռվա բնությունից այն կողմ ոչինչ չկա, տարվա բոլոր եղանակները պարզ արտացոլվում են հենց մեր մարզում: Մեզ մոտ են նաև ամենահետաքրքիր, համ ու հոտով արտահայտությունները:

Արդեն գրեթե յոթ ամիս է՝ հայրենիքում չեմ, ու հսկայական օվկիանոս բաժանում է մեզ: Մի քիչ կարոտ կա մեջս, բայց ես էլ անգամ չգիտեմ, թե ինչն եմ սկսել կարոտել: Ու սա այն կարոտը չէ, երբ օրերն ես հաշվում ու սպասում, թե երբ ես ոտքդ հայկական հողին դնելու ու հայկական օդով լցնելու թոքերդ: Իմ կարոտը վախ է պարունակում: Հա, վախ կա մեջս՝ հետ վերադառնալուց: Միևնույն ժամանակ և՛ ուզում եմ, և՛ ոչ: Չեմ ուզում, որովհետև ժամանակի ընթացքում արդեն հարմարվել եմ այստեղի ապրելակերպին: Արդեն սովոր եմ, որ նույնիսկ անծանոթներին կարող ես ժպտալ ու անկեղծորեն հայտնել, որ հավանում ես նրանց կրած զգեստը: Իսկ Հայաստանո՞ւմ…

Հիշո՞ւմ եք, թե երբ եք վերջին անգամ ժպտացել անծանոթներին, երբ եք զիջել, երբ եք հենց այդ անծանոթին բարի ու դրական էներգիայով օր մաղթել: Իհարկե, չեք հիշում, որովհետև այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են: Ու ես չեմ ուզում վերադառնալ ու մարդկանց տխուր դեմքերը տեսնել: Չեմ ուզում կլանել այդ վատ տրամադրությունը ու չեմ ուզում ամեն րոպե մտածել, թե ինչպես խոսեմ կամ վարվեմ, որպեսզի հանկարծ վատ տպավորություն չթողնեմ:

Ու ամենավատն այն է, որ մարդիկ՝ ընկերներս, հարազատներս, ծնողներս սպասելու են այն Աննային, ում ճանապարհ են դրել: Բայց իրականում նա էլ չկա, ու ես հետ եմ վերադառնալու՝ նրան թողած այն օդանավակայանում, որտեղ առաջին անգամ ունեցա ուժեղ լինելու զգացողությունը: Ու վերադառնալու եմ մի տեղ, որտեղ ամեն ինչ նույնն է: Մի քանի մահ, մի քանի ծնունդ, մի նոր շինություն ու ծառ, բայց կյանքը շարունակվելու է այնպես, ինչպես մի տարի առաջ էր: Միայն ես եմ փոխված լինելու ու միայն ես եմ սկսելու հարմարվել ամեն ինչին: Չէ, իրականում ես չեմ ուզում դառնալ «հին»-ը, բայց ինձ ստիպելու են հետևել հայկական անորոշ կանոններին՝ հորինված անորոշ մարդկանց կողմից: Ու այդ ամեն ինչից հոգնած՝ նորից երազելու Միացյալ Նահանգներ վերադառնալու մասին: Ինչևէ, այս տարատեսակ բարդություններն իմանալով՝ վերադառնալու եմ իմ հայրենիք՝ չփոխելով էությունս:

lilit vardanyan

Ուրբաթ

Առավոտյան ժամը 7:00-ն է: Իմ երազների ժամը: Միակ կամ միակ հիշվող երազները ես տեսնում եմ, երբ արթնանալու ժամն է գալիս: 7:20 տատիկը հինգ րոպե շարունակ գնում գալիս է սենյակով մեկ և ասում, որ 7:30 եղավ:

-Հեսա վեր եմ կենում,- ասում եմ ես՝ կիսարթուն:

Փորձում եմ արթնանալ: Տատիկը վերցնում է ծածկոցս, իսկ երբ գնում է, ավելի տաք եմ ծածկվում:

Ու այդպես շարունակ, մինչև հասկանամ, որ վայ, պիտի դասի գնամ:

Իսկ պատկերացրեք, եթե այդպես չլիներ, եթե իմ օրն սկսվեր և ավարտվեր այնպես, ինչպես ես եմ ուզում:

Առավոտյան ժամը 6:00-ն է: Այսօր իմ հիշվող երազները մի քիչ շուտ եմ տեսնում, որ ժամը 7:20 կարողանամ արթնանալ, ոչ թե կիսարթուն մրթմրթալ, որ արդեն վեր եմ կենում:

-Լիլի՞թ, էս արդեն արթնացե՞լ ես,- զարմացավ տատիկը:

-Հա:

Լվացվեցի, գնացի նախաճաշելու:

-Վա՜խ, էսօր «նուտելա» եմ ուտելու,- ասացի ես՝ ուրախանալով, որ ձու չուտելու պատճառով այս անգամ էլ հաց-պանիր չեմ ուտի:

Կերա երկու կտոր հաց-«նուտելա»:

-Լիլիթ, հերիք ա ուտես,- ասաց տատիկը,- ալերգիա կսկսվի:

-Հեսա վերջացնում եմ,- ասացի ես՝ երկրորդ թեյի գդալը մաքրելով:

Առաջին անգամ ժամը 8-ին հինգ պակաս դուրս եկա տնից: Այս անգամ կարող եմ գոնե մի քիչ հանգիստ քայլել, թե չէ սովորական օրերին քայլելով վազում եմ:

Դեռ նոր էի հասել փռան մոտ, երբ 63-ը եկավ և կանգնեց ուղիղ իմ դիմաց: 63-ի վարորդները արդեն գիտեն, որ ես առավոտյան գնում եմ դասի:

Իսկ իմ սիրած առաջին նստարանը ազատ է:

Եթե գիտեք 63-ի խաղի մասին, ուրեմն գիտեք նաև, որ 63-ը երկարուձիգ, խցանումներով լի ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի իմ կանգառ: Ես էլ նայում եմ պատուհանից, լսում երաժշտություն: Երբեք չեմ հոգնում մոտ 40 րոպե տրանսպորտում նստելուց, քանի որ հենց այդ ժամանակ եմ վերջնականապես արթնանում:

Ինչքան վարորդը մոտենում է իմ կանգառին, այնքան իմ հանգստությունը խանգարվում է: Երբ 63-ը թեքվում է ձախ, սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Ես հանում եմ 100 դրամը, սպասում, մինչև մեքենան թեքվի աջ, հետո տրամադրվում հնարավորինս ճիշտ արտասանությամբ ու առոգանությամբ արտասանել «կանգառում կկանգնեք» արտահայտությունը, որ վարորդը լսի և կանգնի:

-Կանգառում կկանգնեք,- լսվեց մեկի ձայնը մեքենայում:

Մի տեսակ թեթևություն զգացի: «Ջան»,- ասացի մտքումս:

Շարունակեցի իմ քայլավազքը: Անցա փողոցը՝ չհանդիպելով ոչ մի խոչընդոտող մեքենայի: Հետո հնարավորինս արագ անցա կամուրջը:

-Ուռա, էսօր ուրբաթ ա,- ասացի ես, երբ արդեն լսարանում էի:

Համարյա ոչ մեկը չարձագանքեց, որովհետև այդ արտահայտությունը ինձնից լսում են ամեն շաբաթ:

Ֆրանսերեն, հանրահաշիվ, աշխարհագրություն. ո՞վ կարող էր ավելի լավ դասացուցակ կազմել:

Դասերը ավարտվեցին: Ավտոբուս նստեցի:

Ավտոբուսի մեջ ամենալավն այն է, որ ամեն կանգառում կանգնում է: Այլևս պետք չէ ծախսել ավելորդ էներգիա երկու բառ բերանից դուրս հանելու համար:

Իջա Գայի արձանի կանգառում:

Հետո կա՛մ պետք է սպասել ուրիշ տրանսպորտի, կա՛մ ոտքով գնալ տուն: Հենց իջա, տեսա, որ 55-ը ինձ սպասում է կանգառում: Նստեցի առաջին շարքի պատուհանի կողքի նստարանին: Մի լավ պապիկ ասաց.

-Քոլեջի մոտ կկանգնեք:

Իջա և քայլեցի տուն: Ուշադրություն՝ քայլեցի տուն:

-Մամ, էսօր 20 եմ ստացել:

-Ինչի՞ց:

-Հանրի գրավորից:

-Ապրես:

Ես միանգամից զգացի սպասի հոտը, նստեցի ճաշելու և շարունակեցի վայելել ուրբաթը:

syuzanna kharatyan

Ժամանակն է թեյելու

TIME FOR TEA-ի անդամները մի խումբ ակտիվ երիտասարդներ են աշխարհի 15 երկրներում, որոնք ցանկանում են, որ մերօրյա առաջնորդները մի պահ կանգ առնեն և մտածեն այն որոշումների շուրջ, որ կայացնում են։ Նախաձեռնությունը 2013 թվականից է, այն միջոց է երիտասարդների համար՝ բարձրացնելու իրենց տեսակետը և այն հասցնելու որոշում կայացնողներին։ 2017 թվականի նոյեմբերից Դսեղում նույնպես գործում է TIME FOR TEA-ն, այն համակարգում է Քրիստինե Հովսեփյանը։ Մի խումբ ակտիվ երիտասարդներով ընտրել ենք համայնքի համար կարևորագույն խնդիրներից և փորձում ենք թեյի հրավիրել այն անձանց կամ հաստատությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են օգնել և լուծել տվյալ խնդիրը։ Թեյի շուրջը մենք քննարկում ենք առաջ քաշված խնդիրը։ Մեր առաջին փորձառությունը եղավ ամանորյա տոներին ընդառաջ, երբ իմացանք, որ գյուղում գործող «Աֆլաթուն» խմբակի սաները նախաձեռնել էին մի ծրագիր, որի համաձայն տոներին պետք է նվերներ բաժանեին համայնքի անապահով ընտանիքների երեխաներին։ Մենք՝ TIME FOR TEA-ի անդամներս, մեր ձեռքով հավաքած տեղական թեյերին տվեցինք տոնական և գեղեցիկ փաթեթավորում։ Թեյերի տուփերի մեջ նաև գրեցինք բարության փոքրիկ կոչեր և վաճառեցինք դրանք։ Ստացված հասույթը տրամադրեցինք ամանորյա հրաշքի կատարմանը։ Շարժումը ընթացքի մեջ է…

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Ա՜խ, Վերնիսաժ, ա՜խ, Վերնիսաժ

Եթե…

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Երբ դպրոցում անցնում էինք Ռեդյարդ Կիպլինգի «Եթե» բանաստեղծությունը, մտովի նրա առաջարկած եթե-ների կողքին դնում էի իմ սեփական եթե-ն՝ եթե ես ուրիշ քաղաքում ապրեի…

Եթե ես ուրիշ քաղաքում ապրեի, գուցե չհանդիպեի քաղաքիս այն բոլոր հիմնախնդիրներին, որոնց բախվում եմ ամեն քայլափոխի։ Քաղաքս, ափսոս, շատ խնդիրներ ունի։ Գավառի ավագ դպրոցի աշակերտներից շատերը կհաստատեն, որ խնդիրներից մեկը քաղաքի ծայրամասային անբարեկարգ փողոցներն են, որոնցից մեկը դեպի դպրոց է տանում։
Իմ ամենասիրելի եղանակը՝ գարունը, իմ քաղաքում ուրիշ երանգներ է ստանում։ Այստեղ գարունն ապրիլի կեսերից է միայն տեղ հասնում, իսկ մինչ այդ պետք է հաղթահարել ձմռան հետքերը՝ ձյունն ու ցեխը։ Հաղթահարելով տնից դպրոց տանող կես ժամվա անանցանելի ճանապարհները ու հասնելով դպրոց՝ մտածում եմ՝ եթե գոնե քաղաքի բնակիչները մտահոգվեին անհարթ ճանապարհները վերանորոգելու մասին, գուցե չառաջանային այս հսկայական ջրափոսերը։
Եթե քաղաքաշինությամբ զբաղվողները մտածեին, որ այդ փողոցներին ևս մայթեր են պետք, գուցե հնարավոր լիներ անցնել ջրափոսերի կողքով՝ առանց ցեխոտվելու։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Եթե համայնքապետարանում աշխատողները իրենց աշխատանքի մի մասը համարեին քաղաքի ձյունապատ ճանապարհների մաքրումը, գուցե չվախենայինք ցեխոտվելուց՝ ամեն անգամ սպիտակ շորերով փողոց դուրս գալիս։
Եթե մեր քաղաքացիական հասարակությունը պահանջատեր լիներ, գուցե այս խնդիրները լուծում գտնեին։
Եթե… Եթե-ները անվերջանալի են ու հավասար բայց-երի թվին։ Մնում է նախ փոխել մեր, մեզ շրջապատող մարդկանց մտածելակերպը, ապա համախմբված լուծել առկա խնդիրները։

emma miqayelyan-2

Մի դրվագ իմ կյանքից

-Բա՛րև, երեխե՛ք,- մտավ դասարան ու բարձրաձայն գոռաց դասարանի հումորիստն ու դերասանը:

Դասարանում ես էի և ընկերուհիս:

-Բա՛րև, Արմե՛ն,- չոր ու կոպիտ պատասխանեցի ես:

-Էմմա՛ ջան, ինչ եմ քեզ արել, որ մուննաթ ես գալիս,- Արմենը բարկացավ:

-Էս իմ խոսելու ձևն ա, չես ուզում լսել՝ մի բարևի, հազար անգամ եմ ասել՝ ես մուննաթ չեմ գալիս, մի նեղացեք, ես սենց եմ խոսում բոլորի հետ,- ասացի ես զայրացած:

Արմենը լարվածությունը կոտրեց իր դերասանական տաղանդով։ Սկսեց նմանակել ուսուցիչներին, դե, ես հո հետ չէի՞ մնալու, ես էլ սկսեցի կատակել: Դասարան մտավ դասղեկը, բոլորս զգաստացանք:

-Արմե՛ն, քեզ հետ խոսելու բան ունեմ, արի էստեղ,- ասաց դասղեկս:

Արմենը վախեցած մոտեցավ ուսուցչի սեղանին՝ արդեն գույնը գցած: Զրուցեցին, վերջացրին, ոնց կլինի՝ չիմանանք, թե ինչ էին խոսում երկուսով:

-Արմե՛ն, ի՞նչ էր ասում, ջղայնացա՞վ, հո չե՞ն հեռացնում դպրոցից,- շնչակտուր հարցաքննում եմ Արմենին:

-Վա՜յ, Էմմա՛, քեզ ինչ, առավոտից դու ես կոպտում, հիմա էլ ես մուռս կհանեմ,- ասաց Արմենն ու գնաց դուրս:

Առաջին ժամին գրավոր ենք գրում:

-Էմմա՛, Էմմա՛, Է՛մ…

-Ասա՛, Արմե՛ն,- շշուկով, բայց էլի կոպիտ ասացի ես:

-Մի հատ մեր 5-ն ու 6-ը ասա:

-Ինչի դու ասեցի՞ր ինձ՝ ինչ էիք խոսում դասղեկի հետ,- ասացի ես՝ համարյա գոռալով:

-Լավ, կասեմ, դու մենակ օգնի՝ գրավորս գրեմ, «2» եմ ստանալու:

-Լա՜վ, էլ պետք չի ասել, թելադրում եմ՝ գրի…

dayana amirkhanyan

Ես՝ 17-ամյա 17.am-ցի

Ամեն տարի յուրովի գալիս ու գնում է: Կամա թե ակամա մենք ենթարկվում ենք տարվա ընթացքում կատարվող դեպքերին ու իրադարձություններին:

Թվում է, թե դա այդպես էլ պետք է լիներ:

Այնուամենայնիվ, մենք երբևէ ինքներս մեզ հարց տվե՞լ ենք. «Եթե մի փոքր մտածեմ այլ կերպ», «Իսկ մի՞թե ես չեմ անելու այն ամենը, ինչի մասին երազում եմ», «I have a dream- Մարտին Լյութեր Քինգի խոսքերը մի՞թե ես նույնպես չեմ կարող ասել ու կոչ անել աշխարհին»:

Հավանաբար, այո՛:

Ես կարող եմ անել այն, ինչ միայն մտքումս է:

Ես երիտասարդ եմ, սակայն չեմ զգում երիտասարդ լինելու քաղցրությունն առայժմ: Միգուցե մի քանի սերունդ առաջ ավելի գեղեցի՞կ էր երիտասարդ լինելը:

Ես երիտասարդ եմ…. 17-ամյա 17.am-ցի:

Սիրում եմ այն ամենը, ինչ անում եմ: Սակայն ուզում եմ անել ավելին:

Հասարակության անդամ երիտասարդներն ավելի շատ ասելիք ու անելիք ունեն:

Դե ինչ, չհամախմբվե՞նք:

17.am-ն էլ հնարավորությունների մի մեծ աշխարհ է, հնարավորություն ազատ կարծիք արտահայտելու ու ներգրավված լինելու հասարակության մեջ…. Պետք է ամեն բան օգտագործել, որը շատերս չենք անում…

Եկեք մի փոքր այլ կերպ մտածենք…. Եթե մեզնից ոչ ոք չմտածի այնպես, որ իր դերը շատ փոքր է հասարակության մեջ, և մեկ անձը չի կարող անել կամ փոխել ոչինչ, ապա այդ ժամանակ մենք կունենանք ամուր և ուժեղ հասարակություն, որի գլուխ կանգնած կլինի ոչ թե կառավարությունը, այլ երիտասարդությունը:

Երիտասարդությունը կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր  ժամանակաշրջանն է:

Հայաստանում մենք ուզում ենք անել ամեն բան, որպեսզի մեր օրն անցնի ոչ միայն դասերով ու հավելյալ պարապմունքներով, այլ որևէ հետաքրքիր իրադարձությամբ: Կարելի է օրինակ բերել՝ քաղաքի, գյուղի, ինչ-որ բնակավայրի, որտեղ մենք ապրում ենք, որևէ խնդրի լուծումը: Նախքան խնդրի լուծմանը սպասելը, փոխարենը, մենք՝ երիտասարդներս, պետք է փորձենք ինքներս լուծման ճանապարհներ գտնել:

Ես՝ Վանաձոր քաղաքի երիտասարդս, տեսնում եմ, որ իմ քաղաքում շատերը փորձում են անել ամեն ինչ, իսկ մյուս մասը՝ չի անում ոչինչ, և բացի դա փորձում է «ձուլվել» կարծրատիպերով ու խանգարել մյուսներին:

Այստեղ՝ իմ քաղաքում, երիտասարդներն ունեն շատ մեծ դեր:

Շատերը դժգոհում են. «Ես չեմ կարող, ես ի զորու չեմ, դա իմ իրավունքը չէ, դա իմ պարտականությունը չէ….»: Այս շարքը կարելի է դեռ էլի ու էլի շարունակել: Սակայն պետք չէ ասել չեմ կարող՝ առանց փորձելու, և ասել պարտականությունս չէ՝ առանց իրավունքն իմանալու:

Ուղղակի հարկ է չվախենալ ու չխուսափել:

Մենք՝ երիտասարդներս ենք վաղվա ուժը: Մենք ենք լինելու այն անձիք, ովքեր իրենց ուսերին կրելու են ողջ երկիրը:

Մենք երիտասարդ ենք, իսկ երիտասարդ լինել, իմ կարծիքով, նշանակում է ունենալ կյանքի նպատակակետ ու «կանաչ կետ», որով շարժվելիս մենք կգործենք րոպեի համար, սակայն վստահ լինելով, որ դա մնայուն է լինելու անգամ  մեկ ժամ հետո…

Դե ինչ, եկեք այս պահից սկսած մտածենք գաղափարներ, և դրանք իրագործելու ճանապարհ գտնենք:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.  Հուսանք, որ սա հերթական կոչ-հորդորը չէ: Կսպասենք քո վերափոխմանն ու կոչ-հորդորներից գործի անցնելու մասին նյութերին:

Լրագրության այսօրը

Հարցազրույց «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ


-Պարոն Նալբանդյան, շատերն ասում են՝ լրագրությունը մոդայիկ մասնագիտություն է դարձել: Որքանո՞վ է դա փոխել լրագրային դաշտի պատկերը:

-Մոդայիկ լինելը կապ չունի որևէ բանի հետ: Ժամանակին իրավաբանական կրթություն ստանալն էր մոդայիկ, բայց դրանից շատ բան չէր փոխվում կրթության որակի առումով: Պարզապես կոնկուրսն էր մեծանում: Ենթադրում եմ, որ լրագրությունը դարձել է մոդայիկ, որովհետև ավելի հեշտ է դարձել լրագրող դառնալը, հնարավորություններն են շատացել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունները: Ասենք, 20 տարի առաջ մարդիկ կարող էին աշխատել միայն հեռուստատեսությունում, ռադիոյում և թերթերում: Հիմա ավելացել են նաև կայքերը, սոցիալական ցանցերը: Այդ պատճառով ավելի շատ երիտասարդներ են կարողանում իրենք իրենց ռեալիզացնել կայքերում և սոցիալական ցանցերում: Գուցե սա մոդայիկ է, գուցե ժամանակի պահանջն է: Երբ առաջարկը լինում է պահանջարկից ավելին, կարող է լինել լճացում: Լճացման հետևանքով ապրանքը, ծառայությունը և մասնագիտական որակը կարող է կորցնել հատկանիշներ, որոնք մի ժամանակ կարևոր էին: Հետսովետական շրջանում առաջին տասնամյակում ավելի կարևոր էր բովանդությունը, հիմա՝ ձևը: Անկախության առաջին շրջանում ավելի կարևոր էր լուրը խորապես ուսումնասիրելը և հետո դրա մասին գրելը, հիմա ավելի կարևոր է շատ արագ, մակերեսային լուրերը տեղ հասցնելը: Լրագրության մեջ լուրի ճշգրտությունը, կարևորությունը, բազմակողմանիությունը և տարբեր տեսակետների համար հնարավություն ստեղծելը շատ ավելի կարևոր է, քան արագությունը: Կայքերում սովորաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում հնարավորին չափ շատ նյութ արագ տարածելու վրա: Մենք դեռևս համարում ենք, որ սա լրագրողական որակների կորուստ է: Գուցե կգա ժամանակ, որ դա ստանդարտ կդառնա:

-Այսօր յուրաքանչյուրը կարող է համացանցի միջոցով լրագրությամբ զբաղվել, նկատի ունեմ քաղաքացիական լրագրությունը, այս դեպքում լրագողի մասնագիտություն ստանալը, արդյո՞ք, կարևոր է:
-Լրագրողի մասնագիտություն ստանալը, կարծում եմ՝ կարևոր է, բայց դա միակ չափանիշը չէ լրագրողի աշխատանքով զբաղվելու համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ հեռուստաընկերություններում աշխատանքի են ընդունում մարդկանց ոչ թե ըստ այնմ, թե նրանք լրագրողական մասնագիտություն ստացել են, թե ոչ, այլ ըստ այնմ, թե կարողանում են այդ աշխատանքը կատարել թե ոչ, լավ են անում, թե վատ:

-Հայաստանում լրագրողի նկատմամբ վստահությունը 1-5 բալային սանդղակով որքա՞ն կգնահատեք:
-Չկա որևէ սոցիոլոգիական հետազոտություն, որով կարողանանք առաջնորդվել: Կարող ենք ընդամենը ենթադրել, որ լրագրողի նկատմամբ վստահությունը ընկել է Սովետական Միության համեմատ: Բայց Սովետական Միությունում լրագրողներ չկային. բոլորը քարոզիչներ էին: Էնպես որ շատ դժվար է համեմատել, թե որ ժամանակաշրջանի համեմատ ինչքան է բարձրացել կամ ընկել լրացրողի հանդեպ վստահությունը: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ լրագրողի դեմ կատարվող բռնություններն են պակասել: Օրինակ՝ 90-ականներին ավելի շատ էին բռնությունները, քան հիմա: Բայց դա խնդրի մի կողմն է, որովհետև մենք կարող ենք միայն հարուցված քրեական գործերով դատել: Մյուս կողմից լրագրողներին կաշառելը և’ 90-ականներին, և’ հիմա եղել է և մնում է արատավոր երևույթ: Բայց այս դեպքում քրեական գործերի հետ չենք առնչվում, որովհետև շատ քիչ են: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ լրագրողին կաշառելու հոդվածով որևէ մեկը դատապարտվեր: Բայց այդ արատավոր երևույթը կա: Նկատի ունեմ՝ գուցե լրագրողին ծեծելն ու սպանելը պակասել է, բայց կաշառելն է ավելացել: Մենք կարող ենք ընդամենը ենթադրել:

-Վերջերս Ա. Նոտոմբի «Մարդասպանի հիգիենան» գրքում հանդիպեցի հետևյալին. «Լրագրողներն անխուսափելիորեն անտակտ են: Դա նրանց մասնագիտությունն է»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: Որո՞նք են սկզբունքներն ու սահմանները, որոնք պետք է պահպանել:
-Կարող եմ ենթադրել, որ գրքում միտքը եղել է այն, որ լրագրողները շատ հաճախ թողնում են լկտի, լպիրշ, անտակտ, ցինիկ մարդու տպավորություն: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրականում լկտի, անտակտ, ցինիկ և լպիրշ են: Լրագրողի մասնագիտությունը ստիպում է հարցերը ձևակերպել ուղիղ և տալ, ինչը շատ հաճախ այլ մասնագիտությունների տեր մարդիկ չեն անում: Լրագրողները հարց տալիս են պետական պաշտոնյային, քաղաքական գործչին, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչներին և բնական է, որ պետական պաշտոնյաները, ընդդիմության լիդերները, իշխանության լիդերները լրագրողին բնորոշում են հենց այդ հատկանիշներով: Ասում են՝ նա լկտի, ցինիկ, լպիրշ, անտակտ անձնավորություն է, որովհետև ինձ տալիս է հարցեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Հետևաբար պետք է պատկերացնենք, թե ցինզմ, լկտիություն ու՞մ տեսանկյունից: Անտակտության մասին պատկերացումներն էլ որևէ տեղ արձանագրված չեն, անտակտությունը քրեական օրենսգրքով սահմանված չէ: Դրա մասին կարող ենք դատողություններ անել: Օրինակ՝ եթե լրագրողը մոտենում է վարչապետին և ասում՝ «Ես տեղեկություն ունեմ, որ դուք սիրուհի ունեք և նրան ծառայեցնում եք ձեր պետական մեքենան»: Բնականաբար, վարչապետը կարող է ասել՝ դուք անտակտ եք: Եվ բնական է, որ անտակտությունը կարող է արժանանալ ապտակի կամ քրեական հետևանք ունենալ: Եթե սիրուհի ունենալու հանգամանքը ուսումնասիրվում է, ոչ թե մտնելով մարդու անձնական կյանք, այլ առաջնորդվելով հասարակության գերակա շահերով, դա արդեն անտակտության խնդիր չէ: Նույն հարցը մեկ ուրիշ կոնտեքստում փոխում է իր հանդեպ վերաբերմունքը:

-Պարոն Նալբանդյան, խոսենք հեռուստատեսության մասին: Հայկական հեռուստատեսությունը գրաքննության ի՞նչ փուլեր է անցել և այժմ ի՞նչ փուլում է:
-Սովետական իշխանության տարիներին տոտալ գրաքննություն էր, հետսովետական շրջանում գրաքննությունը հայտարարվեց օրենքից դուրս: Հիմա մեր Սահմանադրությամբ էլ այն արգելված է, բայց կա: Գրաքննությունն ունի մի քանի տեսակ, արտահայտվում է մի քանի ձևով՝ ինքնագրաքննության տեսքով, խմբագրության ներսում և խմբագրությունից դուրս կառույցների գրաքննական փորձերի տեսքով: Նախ պետք է հասկանանք՝ ինչ է գրաքննությունը: Ինֆորմացիոն տեքստը քաղաքական նկատառումով փոխելը, կրճատելը, ավելացնելը կամ արգելելը գրաքննություն է: Ոչ թե մասնագիտական առումով, այլ քաղաքական, որովհետև լրագրողի տեքստը խմբագիրը կարող է մասնագիտական առումով փոփոխությունների ենթարկել, կարող է նույնիսկ արգելել դրա հրապարակումը: Յուրաքանչյուր լրագրող ինքը  պետք է որոշի՝ թույլ է տալիս քաղաքական առումով միջամտություն իր տեքստին, թե ոչ: Լրագրողները սովորաբար 18 տարին լրացած անձինք են և իրենք են պատասխանատվություն կրում իրենց հոդվածների համար: Եթե լրագրողը չի ցանկանում պայքարել իր ազատության համար՝ մնում է գրաքննության գործին: Եթե ցանկանում է՝ դժվար է լինելու պայքարելը: Գուցե զրկվի աշխատանքից: Բայց դա մի որոշում է, որ պետք է կայացնի յուրաքանչյուր ոք անձամբ: Պետությունը երաշխավորում է նրա իրավունքների պաշտպանությունը գրաքննության դեպքում: Նշանակում է՝ լրագրողը, որը ցանկանում է թոթափել գրաքննության լուծը, պետք է նույնքան գրագետ լինի, որ կարողանա դիմել պետական մարմիններին իր իրավունքները պաշտպանելու համար:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել են, հիմա համացանցն ավելի արագ է գտնում, արձագանքում, հրապարակում, ի՞նչ պետք է անի հեռուստատեսությունը հետաքրքիր մնալու համար:
-Օրինակ: BBC-ն վաղուց հասկացել է, որ չի կարող մրցել համացանցի հետ այդ առումով և չի էլ ցանկանում: BBC-ն ասում է՝ «Ես համացանցից տարբերվում եմ նրանով, որ իմ լուրերը հավաստի են, աղբյուրները վստահելի են, հայտնած տեղեկությունները ճշգրիտ են և իմ հայտնած լուրերի մեջ ամեն ինչ համակողմանի է ներկայացված: Այսինքն՝ որակը, կոնտենտը, բովանդակությունը ավելի կարևոր է BBC-ի համար: Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները Հայաստանում էլ պետք է առաջնորդվեն այս սկզբունքով, որովհետև համացանցի հետ արագության առումով մրցելն անիմաստ է: Մյուս կողմից՝ հեռուստատեսությունը չպետք է մտածի համացանցի հետ մրցակցության մասին, այլ պետք է համացանցն օգտագործի իր շահերի համար: Հեռուստաընկերությունների մեծ մասն այդպես էլ անում է. համացանցն օգտագործում են իրենց պատրաստած հեռուստատեսային ապրանքը երկրորդային շուկայում վերավաճառելու նպատակով:

-Լինելով մեդիա դաշտում հնաբնակ՝ կոփվելու ի՞նչ փուլեր եք անցել:
-Կարծում եմ, որ լրագրողը պետք է առաջին մի քանի տարիները՝ 6-7 տարի, բազմապրոֆիլ լինի, այսինքն՝ ամենատարբեր թեմաներով գրի, կրթություն, քաղաքականություն, սպորտ, քրեական պատմություններ, որպեսզի ծանոթանա դաշտին: Հաջորդ փուլում կարող է մասնագիտանալ որևէ ոլորտում՝ դառնա ոլորտային լրագրող: Այս փուլը հաղթահարելուց հետո նա կրկին կարող է անցնել բազմոլորտ լրագրությանը: Ստացվում է մոտ քսան տարվա փորձառություն: Առաջին էտապը թույլ է տալիս, որ նա ծանոթանա բոլոր գործող անձանց, երկրորդը՝ ծավալվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց՝ դեպի խորքը գնա, իրերի արմատները գտնի, և երրորդ էտապում արդեն հորիզոնական ծավալվում է՝ մեծ խորություն պահպանելով: Քսան տարի դաշտում լինելուց հետո նա կարող է տրանսֆորմացվել՝ դառնալ մեկնաբան, վերլուծաբան, տեսաբան, այսինքն՝ կարող է ի հայտ գալ մեկ այլ կարգավիճակով:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա և սկսնակ լրագրողներին:
-Մասնագիտական խորհուրդը հետևյալն է. որևէ խմբագրությունում աշխատանքի տեղավորվելուց առաջ ուսումնասիրեք այդ խմբագրության արժեքային համակարգը, տեսեք՝ էնտեղ ովքերն են աշխատում, ինչպես են աշխատում և ինչու են նրանք էդտեղ աշխատում, որպեսզի կարողանաք գլխի ընկնել՝ դուք ուզո՞ւմ եք աշխատել այդ խմբագրությունում այդ նպատակների համար, այդ թիմի հետ: Եթե չեք ուզում՝ ավելի լավ է չտանջվեք, գտեք այն խմբագրությունը, որտեղ դուք կկարողանաք ձեզ ռեալիզացնել՝ պահպանելով ազատության  կամ արդարության մասին ձեր պատկերացումները: Իսկ ավելի լավ է՝ ինքներդ որոշեք ինչ-որ բան անել: Ոչ թե մեկ ուրիշի մոտ մտնել աշխատանքի, այլ ստեղծել համակարգ, որ ինքներդ կարողանաք ռեալիզացնել ձեր հնարավորությունները:

astghik hovhannisyan

Ոչ բնապահպան, ուղղակի՝ մարդ

Ընտանիքով ռադիոյի թրթռոցի ներքո գնում էինք Երևան։ Ըստ իմ սովորության՝ նստել էի պատուհանի մոտ ու նայում էի դուրս։ Ինձ թվում էր, որ Ապարանի սառը օդը չի թեթևացնում նույնիսկ ծխնելույզներից դուրս եկող ծուխը։ Ուշադրությունս միանգամից գրավեց մի գետ։ Գետ չէ, երևի աղբակույտ։ Հետո էլ բողոքում են, թե գնալով Հայաստանի ջրագրական ցանցը նոսրանում է, բայց չեն ասում, որ հենց իրենք են նոսրացնում։ Մարդիկ ծառ են տնկում՝ մաքուր օդի մասին մտածելով։ Բայց այդ իրենց ստեղծած թթվածինը փչացնում են, երբ աղբը լցնում են գետը։ Էլ ի՞նչ մաքուր սնունդ ու թթվածին։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նոր շինություն է կառուցվում, բայց տխրում եմ, երբ այն կառուցելուց ու ցանկապատելուց հետո շինարարկան աշխատանքներից մնացած թափոնները ցանկապատից դուրս են նետում։ Կարևորը՝ աղբը իրենցից հեռու է։

Հետո էլ հայ ժողովուրդը բողոքում է բնապահպանության նախարարությունից։ Բայց հո բնապահպանության նախարարությունը չի՞ կարող փոխել մարդկանց մտածողությունը։

Sargis Melkonyan

Անտարբերության մասին

Էսօր քայլում էի փողոցով: Մայթեզրին մի շուն էր ընկած: Ոչ ոք չնկատեց: Ավելի ճիշտ՝ ոչ ոք չուզեցավ նկատել: Բոլորս խուսափեցինք պատասխանատվությունից: Բայց այ թե էդ սիրուն շունը կենդանի լիներ ու զբոսներ մի լավ աղջկա կամ տղայի հետ: Մի հոծ բազմություն, նկարներ, ծանոթություններ, ժպիտներ… Իսկ հիմա միայն անտարբերություն:

Գիտե՞ս՝ 3 տարի առաջ, երբ ինչ-որ հարցաթերթիկ էի լրացնում, վախերի մասին խոսելիս նշեցի, որ ամենաշատը վախենում եմ անտարբերությունից: Ոչինչ չի փոխվել:

Հիմա լամպի լույսի տակ էս եմ գրում ու աչքիս առաջ ինչ ասես՝ անցնում է: Ախր, մեր էս վիճակի համար մենք ենք պատասխանատու, մեր անտարբերությամբ ենք մեղավոր: Մենք մեղավոր ենք: Մենք մեղավոր ենք, որ նորմալ ենք համարում հանրային միջոցների թալանն ու մի բան էլ արդարացնում ենք, թե բա. «Ով էլ լիներ, առաջինն իրա բարեկամների մասին կմտածեր»: Դու գոնե հասկանո՞ւմ ես, որ էդ գրողի ծոցից հայտնված անտարբերությունը քայքայում է ինձ՝ ատոմներս հեռացնելով իրարից։

Դու կարող ես թքած ունենալ ամեն ինչի վրա, բայց զրկվեցիր էդ իրավունքից, երբ հասկացար քո ով լինելը:

Ու հիմա, երբ ով ինչ ուզում անում է, ով ում ուզում, ոնց կարողանում վիրավորում ու ծաղրում է, ինչ-որ չափով մենք էլ ենք մեղավոր: Դրա համար որպես լավագույն ապաշխարություն, խնդրում եմ, բացիր նոթատետրդ ու գրիր մեր նորօրյա ամենակարևոր պատվիրանը․ «Անտարբեր մի՛ եղիր»: