liana hakobyan voskehat aragacotn

Քաղաքս առաջվանը չէ

Քաղաքս առաջվանը չէ, չկա այն եռուզը, որ հագեցած էր մարդկանց շնչով, չկա այն ձանձրալի աղմուկը, մեքենաների բարձր ազդանշանների ձայնը։ Քաղաքս դարձել է միապաղաղ, փողոցները քիչ-քիչ դատարկվում են, միայն մնում են անբաժան շները՝ իրենց միաձայն ոռնոցով։ Օր օրի շատանում են փակված դռները, մարած լույսերով պատուհանները, և միայն քամու ձայնն է լսվում, որ մեղմորեն անցնում էր քաղաքիս փողոցներով։ Անցնում են օրեր, ժամանակի հետ հասկանում ես, որ չկա էլ քեզ պահող ոչինչ այս քաղաքում, բայց մի պահ կանգնում ես և մտածում․ ինչո՞ւ չտարբերվել քաղաքդ լքող մարդկանցից և չստեղծել մարդկանց պահանջմունքներին հարմար միջավայր քաղաքում։ Միգուցե դա ստիպի մարդկանց մտածել, որ լավն է իմ քաղաքը գուցե դա նոր գույներ հաղորդի քաղաքին, մինչդեռ հիմա քաղաքին գույն է հաղորդում միայն պարանից կախված լվացքը։ Եվ մենք չունենք մեր ներդաշնակ գույները, որը մեր ձեռքով ենք կառուցում։ Քաղաքս միայն հարուստ է դատարկ փողոցներով, որտեղ լուսավորությունը միայն հաղորդում են երեկոյան փողոցային լույսերը։ Փողոցներում մնացել են դատարկ նստարաններ, որտեղ առաջ պապիկները նարդի էին խաղում, զրույց անում, մտորում, երիտասարդներին կյանքի դասեր տալիս։ Փողոցներում մնացել են դատարկ կանգառներ, որոնք առաջ մարդկանցով էին լեցուն։ Փողոց, որի ծառի տակ տատը թոռանը հեքիաթ էր պատմում, բամբասում ու երազում։ Փողոցներում առկա է ամեն բան, միայն մարդիկ են, որ չկան։ Դատարկ են փողոցները քաղաքիս, ու չկա ոչ ոք, որ վայելի թեկուզ երկնքի գեղեցկությունը, չկան այն երկու սիրահարները, որ նայեն երկնքին ու երազեն, չկան այն մանուկները, որոնք ամեն անգամ մանկապարտեզ գնալիս բարևում էին տատիկներին։ Ամայի է դարձել քաղաքս, ցավալի է դա։ Եվ ի՞նչ է մեզնից միայն հասնում․ գտնել մեր տեղը այս քաղաքում, իմ քաղաքում։ Վայելել է պետք այս հրաշք քաղաքի ամեն մի փողոցը, ամեն մի անկյունը։ Արի ու քո շնչով տաքացրու Աշտարակ քաղաքս, և այն դարձրու հենց քո քաղաքը։

elada petrosyan

Ժամանակի մեջ ճանապարհորդող նամակ

Նամա՞կ, արդեն հետաքրքիր է… Այն էլ՝ ժամանակի մեջ ճանապարհորդող։ Նամակը ուղղված է մի մարդու, որին երբեք չեմ տեսել, չեմ զգացել նրա տված ջերմությունը, բայց շատ եմ լսել նրա մասին: Թե՛ ազգականները, և թե՛ ընկերները պատմում են նրա մարդկային հատկանիշների, բարության և մարդկային վեհ տեսակի մասին։ Չգիտես՝ ինչու, միշտ բարի նախանձով եմ նայում իմ հասակակիցներին կամ այն փոքրիկներին, ովքեր զգում են այդ մարդու ներկայությունն ու ջերմությունը…

Երանի նրանց, ովքեր շատ վաղ հասակում այդ մարդու ձեռքը բռնած՝ գնացել են մանկապարտեզ կամ դպրոց։ Խանութ գնալիս նա առանց երկմտելու կատարել է իրենց բոլոր քաղցր քմահաճույքները, իսկ երբ իրենք մեծացել են, արդեն հասկացել են, որ պետք է լսեն նրա տված բոլոր խորհուրդները։

Ես մեծ ոգևորությամբ կլսեի նրա անցած ուղու, կյանքի առավել հետաքրքիր պատմությունների, դեպքերի և երիտասարդական խորամանկությունների մասին պատմությունները։ Իսկ ամեն մի կարևոր քայլն անելուց առաջ էլ պարտադիր կստանայի նրա օրհնությունը։

Չէ՛, չէ՛, հայրս չէ, ո՛չ էլ մայրս է, բայց ծնողին հավասար մի մարդ է նա, շատ կարևոր մի անձնավորություն, ում ցանկանում եմ ժամանակի մեջ ճանապարհորդող նամակով փոխանցել մի շատ կարևոր հաղորդագրություն․ «Եթե այս աշխարհում հրաշքներ կան, թող գոնե մեկ օրով իմ կողքին հայտնվես, իսկ ես էլ՝ մանկանամ։ Դու մեկ օրով խենթ մանկանս ընկեր լինես, ներես չարաճճիություններս, տանես քմահաճույքներս ու ձեռքիցս բռնած՝ ինձ դպրոց տանես, պապի՛կ»։

anna sargsyan malishka

Խոսեմ քո մասին՝ առանց անունդ տալու

Չէ, չէ, սպասիր, անգամ եթե մենք ծանոթ չենք, դա չի նշանակում, որ տողերումս քո մասին չի լինելու: Ես ուղղակի անունդ չեմ գրի, բայց գիտեմ, որ կկարդաս: Երևի… Այնքան էի ուզում գրել, բայց մտքերս կուլ էին գնացել «սև խոռոչին» և հետ չէին գալիս: Իսկ ես իմ համառությամբ և մատիտով նկարեցի նոր մտքեր ու մի բաժակ թարմ ջրով խմեցի, որ խոսեմ հետդ:

Ես քեզ մի պահ սիրել եմ անգամ, բայց դա եղել է վաղուց (ես դա նշում եմ, որովհետև հաջորդ տողերից դու կհասկանաս, որ քո մասին է խոսքը): Դու այնքան ուրիշ էիր, ինքնատիպ, դե, հիմա էլ ես ուրիշ, բայց ճաշակովս չես, ես ավելի լավն եմ: Երևի կուզենամ, որ միշտ մնաս էդպիսին, գիտե՞ս: Դե հա, հիմա մի քիչ ամաչեցի, որ անկեղծացա հետդ: Բայց հետս կշփվես առաջվա պես, չէ՞ որ դա շատ վաղուց էր…

Ես քեզ չգիտեմ ու չեմ էլ մտածում, որ մի օր կճանաչենք իրար, բայց այնքան տեղեկացված եմ քեզնից, չես էլ պատկերացնի: Դե, համարյա ամբողջ շրջապատս քեզ գիտի, ու յուրաքանչյուր քայլդ նրանց հետ՝ կարծես ինձ հետ քայլես: Ինչևէ, կարևոր բան չեմ կարող ասել, դե, քեզ չեմ ճանաչում:

Դե, քեզ հետ ծանոթացա էն մեկի ասելով: Հա, չէր փայլում մեր ծանոթությունը, բայց հիմա մեր շփումը, առանց չափազանցնելու, շողում է: Հիշո՞ւմ ես, չնայած՝ մի քանի օր առաջ էր, էլի, որ անիմաստ վիճեցինք: Էհ, ոնց չէի ուզում էլ հետդ խոսե՜լ: Բայց էդ մի պահ էր: Ինձ համար դժվար կլինի առանց քեզ, դու ինքդ դա շատ լավ գիտես:

Քեզ հետ ծանոթացա առաջինը: Ինչ օր էր, է: Չէ, վայ, առաջինը քույրիկիդ հետ ծանոթացա, հետո իմացա քո մասին: Քո կազմվածքից ով ունենար, նույնքան համարձակ կլիներ: Դու շատ լավն ես, ու հենց համարձակությունդ է բոլորին դուր գալիս: Լավ, չերկարացնեմ, դու մնացածը ինձնից լավ գիտես։

Քո մասին մի բան կասեմ․ ինչքան մազերդ՝ կարճ, էդքան հիասքանչ:

Հըմ, հավատա, ձեր գրականության ուսուցչուհին շատ լավ է բացատրում, ուղղակի մի քիչ գրքային է: Անցած անգամ ասացի՝ առանց կռիվների, ոնց որ ճաշն առանց աղի: Ես քեզ շատ եմ սիրում: Հա ու ամեն գալուցս աղ ու հացը չմոռանաս (ծիծաղում եմ):

Ը՜, քեզ իրոք կարոտել էի: Մեկ-մեկ կարիքդ շատ եմ զգում, քեզ հետ կիսվելը հեշտ չէ, որովհետև դու չափից շատ ես դետալներին ուշադրություն դարձնում, բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի: Հա, ու կարմիրը քեզ շատ է սազում:

Լսիր, որ գործիս համար ինձ գովաբանում են, աշխարհն իմն է լինում: Շունչս պահած սպասում էի, թե առաջինը ով կասի իր կարծիքը: Միայն դու… Ես քեզ կարոտում եմ։

Է՜, գիտեմ, որ դու չես կարդա, դրա համար էլ անունդ կտամ: Վասպուր, ինչքան լավ օրեր էին ինձ համար քեզ հետ շփվելու օրերը: Ամենալավն ու հետաքրքիրը: Մեկ է՝ չես կարդալու, չշարունակեմ:

Դե, քո սիրուն դիմագծերն ինձ գրավեցին, ու առաջին քայլը արեցի էս տողերով․ «Գիտե՞ս, դու ինձ դուր ես գալիս»։ Քո դեմքի արտահայտությունն այդ պահին մի լավ խնդմնդիկ առաջացրեց:

Հանկարծ չտխրեք, բոլորս էլ սխալվել ենք մեր կյանքում, ուղղակի ես բացատրել եմ, թե Ձեր արած սխալներն ինչու են մեծ թվում: Ես Ձեզ շատ եմ սիրում, դուք շատ լավ մարդ եք: Շատերն են այդ կարծիքին:

Կներես, որ քո մասին չգրեցի, մտածեցի՝ նյութս երկար կլինի, ու ոչ բոլորը հավես կանեն հասնել իրենց տողերին…
Հա ու հենց գտնես քեզ, ու մենք կամ երկուշաբթի, կամ էլ մի այլ ամսվա կամ տարվա ինչ-որ անուն ստացած օր հանդիպենք, ամուր կգրկես ինձ՝ ի նշան բարեկամության, խնդրում եմ:

Ռազմական մրցույթ Եղեգնաձորում

-Ողջույն, դասակ։

-Ողջույն, պարոն ավագ լեյտենանտ։

-Երեխաներ, Եղեգնաձորում անց է կացվելու ռազմական մրցույթ, որին դուք էլ եք մասնակցելու: Ամեն տարի մրցույթը տեղի է ունենում Եղեգնաձորի մարզադաշտում: Հաճախ են կազմակերպվում այդպիսի մրցույթներ, և ամեն տարի սիրով մեր դպրոցը մասնակցում է: Այս տարի հերթը ձերն է: Պետք է պատրաստվել մրցույթին և պատվով ներկայանալ: Իսկ դասարանի մյուս երեխաները կարող են գալ և ոգևորել իրենց դպրոցին:

Մրցույթի մասնակիցներին ընտրում է ուսուցիչը՝ ելնելով վարքից, գիտելիքներից և, իհարկե, ճկունությունից:

Հասանք Եղեգնաձոր: Մասնակիցները կանգնեցին շարք, իսկ մենք՝ ոգևորողներս, նստեցինք: Մասնակցում էին Ջերմուկի թիվ 3, Կեչուտի միջնակարգ, Մալիշկայի թիվ 2, Արենիի միջնակարգ, Զառիթափի միջնակարգ դպրոցները: Բոլորն էլ հաղթական էին տրամադրված: Մենք՝ աշակերտներս, շատ ոգևորված էինք։ Չէ՞ որ մասնակիցներից է կախված դպրոցի պատիվը։

Կար 5 խաղ՝ շարային քայլ, արգելափակոցների հաղթահարում, վիրավորների տեղափոխում, ազիմուտի կողմնորոշում, բանավոր հարցեր:

Մենք միշտ ձգտում ենք նմանատիպ մրցույթների մասնակցել, չէ՞ որ դա ընդլայնում է աշակերտների աշխարհայացքը։ Մեր դպրոցից աշակերտ կա՝ Գոռ Թադևոսյանը, ով սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Լսելով մրցույթի մասին՝ նա շտապեց օգնելու մեր մասնակիցներին: Եվ հավատացեք, որ դա իրոք մեծ պատիվ է:

Մրցույթում չհաղթեց ոչ մի թիմ, քանի որ բոլորն էլ ուժեղ էին, և դժվար էր որոշել հաղթողին:

«Կյանքը հենց հավերժական շարժիչ է». Գևորգ Արշակյան

Շատերի համար «երեք տեղ սովորող այն տղան», մտերիմների խոսքով՝ ֆանտաստիկ, ընկերասեր, կնամեծարԱյս շարքը կարող է երկար շարունակվել, մինչդեռ ինքը՝ Գևորգը, հստակ գիտի՝ ինչպես բնութագրել իրեն. «ծույլ, բայց նպատակասլաց, ու վերջում՝ անպայման փիլիսոփա»: Այս ամենից հետո գուցեև զարմանալի չհնչի այն, որ նա սովորում է ԵՊՀ փիլիսոփայության, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետներում (4-րդ կուրս): Այս տարի կավարտի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Թե ինչու և ինչպես, կպատմի հենց ինքը` քսանմեկամյա Գևորգ Արշակյանը:

-Գևո՛րգ, մի առիթով ասել ես, որ երբ դեռահաս էիր, ցանկանում էիր ճանաչել ինքդ քեզ, ու դրա համար էլ ընտրեցիր ամենաբարդ, բայց ամենահետաքրքիր ճանապարհը՝ դառնալ փիլիսոփա: 16-17 տարեկան պատանին ինչպե՞ս էր պատկերացնում, որ ինքն ուզում է իրեն ճանաչել, այն էլ փիլիսոփայության միջոցով:

-Փիլիսոփա դառնալ ես ուզել եմ 6-րդ դասարանից: Ինձ դուր էր գալիս ամեն ինչ, ես ուզում էի հասկանալ ընդհանուր օրինաչափություններ, որոնցով կկարողանայի ճանաչել աշխարհը, ուզում էի ունենալ համակարգային մտածողություն, նույնիսկ դուրս գալ այդ համակարգից: Փիլիսոփայությունը տալիս է սրա հնարավորությունը: Որոշակի ազդեցություն է ունեցել նաև պապիկս, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում քաղաքական եւ իրավական ուսմունքների պատմություն առարկան, որի շրջանակում, իհարկե, «առնչվում է» փիլիսոփաների հետ: Ես տանը հաճախ եմ լսել մտածողների անունները. Արիստոտել, Պլատոն, Կանտ, Մոնտեսքյո, վերջիվերջո Հեգել… Այս ամենը չէր կարող ինչ-որ տեղ չարտահայտվել:

-Փիլիսոփայությանը՝ որպես մասնագիտության, հաճախ թերահավատորեն են վերաբերվում: Չխանգարե՞ց քեզ այս կարծրատիպային մտածողությունը:

-Ոչ, նույնիսկ օգնեց: Փիլիսոփայությունը ավելին է, քան մասնագիտությունը, ավելին, քան գիտությունը: Հիշենք Դավիթ Անհաղթին, ով ասում էր՝ փիլիսոփայությունը հնարավոր չէ մի ձևով սահմանել, այն ունի ոչ ավել, ոչ պակաս վեց սահմանում: Փոքր տարիքում բարեկամներիցս շատերը ասում էին՝ կմեծանաս, ճիշտ ճանապարհին կգաս, բայց ես հստակ գիտեի, որ փիլիսոփայությունն եմ ընտրելու: Ընտանիքում էլ ոչ մի ճնշում չէին գործադրում, ասում էին՝ որն ուզում ես, դա էլ պիտի ընտրես:

-Ինչո՞վ է կյանքում օգնում կամ խանգարում փիլիսոփայությունը:

-Խանգարում է միայն շփման մեջ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, թե փիլիսոփաները կյանքից կտրված մարդիկ են, մինչդեռ իրականում կյանքը վայելողներն են: Եթե կարդանք փիլիսոփաների կենսագրությունները, կհամոզվենք սրանում: Իսկ կյանքում այն միշտ օգնում է, այն հենց օգնելու համար էլ ստեղծված է: Ասում են՝ ջուր տուր՝ կյանք պարգևիր, չէ՞, ես կասեմ՝ փիլիսոփայություն տուր՝ կյանք պարգևիր, մտածողություն, աշխարհ պարգևիր:

-Հեռակա կարգով միաժամանակ իրավաբանության ֆակուլտետ ընդունվելդ պայմանավորվա՞ծ էր ընտանիքում իրավաբանների առկայությամբ, թե՞ ամեն դեպքում, դա ևս սիրելի էր:

-Դե, այդ ազդեցությունը չեմ բացառում, բնականաբար կար, բայց նաև սիրելի էր: Ու վերջապես, գոյություն ունի իրավունքի փիլիսոփայություն, որը ևս շատ հետաքրքիր է, ու ես ուզում եմ իմ կյանքի ինչ-որ շրջան նվիրել դրա ճանաչողությանը:

-Մի անգամ նշել ես, որ ռազմական ոլորտ մուտքդ պատահական էր: Արդյո՞ք նման որոշումը կարող էր լինել պատահական, թե՞ այն ինչ-որ պահի մտապահված երազանք էր:

- ՊՆ-ի այդ տարվա ծրագրով տարկետման իրավունքից օգտվող ուսանողը հնարավորություն ունեցավ համալսարանական կրթությանը զուգահեռ ստանալ նաև ռազմական կրթություն: Պատահական էր այնքանով, որ այդ ծրագրի մեկնարկը համընկավ իմ ընդունելությանը: Ռազմական կրթություն ստանալը երազանք չի եղել, բայց հետաքրքրություն այդ ոլորտի նկատմամբ, այո, եղել է: Փոքր տարիքում ուզում էի աշխատել ուժային որևէ կառույցում՝ լիներ դա ոստիկանություն, ազգային անվտանգություն, թե մեկ ուրիշը: Սրանք կառույցներ են, որոնք միտված են մեզ պաշտպանելուն, ու ես ուզում էի դրանց միջոցով իմ ծառայությունը ևս մատուցել հայրենիքին: Երբ մի քանի ամսից գնամ ծառայության, արդեն որպես սպա, հպարտությամբ եմ կրելու այդ համազգեստը ու ասելու՝ ես հայոց բանակի սպա եմ: Շատերն ասում են՝ գնալու ես, հիասթափվես, բայց ես գնում եմ, որպեսզի իմ մասով ինչ-որ բան դեպի լավը փոխեմ բանակում: Ես գնում եմ՝ անցկացնելու իմ կյանքի ամենակարևոր տարիները: Ու պատահական չէ, որ ծառայության մեկնելուս տարին համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին եւ Երեւանի հիմնադրման երկու հազար ութ հարյուրամյակին: Ծառայության ընթացքում նշելու եմ նաև համալսարանի հիմնադրման հարյուրամյակը:

-Դժվար չէ՞ միաժամանակ լինել մի քանի տեղ և յուրաքանչյուրում էլ ձգտել լինել լավագույնը:

- Մեկը մյուսին չի խանգարում, չգիտեմ: Դա բոլորն էլ կարող են, պարզապես պիտի ձգտեն: Օրը ունի 24 ժամ, չէ՞, որի մեծ մասը մենք ծախսում ենք անտեղի. դաս, տուն, համացանց, հեռուստացույց, հաջորդ օրը՝ նույնը: Իսկ եթե այդ համացանցն ու հեռուստացույցը կրճատենք, կխնայենք մեծ ժամանակ, ինչը կարող ենք նվիրել այլ մասնագիտություն սովորելուն: Այսինքն՝ ցանկության դեպքում ժամանակ միշտ կա: Նույնիսկ հիմա ես էլի մտածում եմ, որ ժամանակս ինչ-որ տեղ անիմաստ եմ ծախսում: Չեմ ասում՝ ամբողջ օրը պետք է նստել, գիրք «կրծել»: Պետք է ամեն ինչից էլ օգտվել. և կինո գնալ, և ընկերների հետ ժամանակ անցկացնել, և հանգստանալ:

-Իսկ ինչ-որ մի պահի ամեն ինչ թողնելու ցանկություն չի՞ առաջանում:

-Նման պահերին հիշում եմ, որ ես եմ ընտրել այս ճանապարհը, որ ինձ ոչ ոք չի ստիպել: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, ինչից եմ հրաժարվում, ինչ կարող է լինել: Գիտակցել եմ, որ շատ քննություններ կունենամ, որ ինչ-որ բաներից ինձ կզրկեմ, որ ընկերներիս շատ հաճախ չեմ հանդիպի, փոխարենը տարիներ հետո կունենամ խնայած ժամանակ, ավելի շատ գիտելիք, ավելի լայն մտածողություն: Ես հիմա գնում եմ այս նպատակիս հետևից: Որոշ բաներ ստացվում են, որոշները՝ չէ, բայց դրանք էլ փորձում եմ ուղղել: Չէ՞ որ ապրելով մեզնից յուրաքանչյուրը կուտակում է փորձ ոչ միայն իր, այլև իր ժամանակակիցների ու հետագա սերունդների համար:

-Ու այս ամենի հետ մեկտեղ ասում ես, թե ծույլ ես, միայն թե ոչ երազանքի հանդեպ: Ուրեմն՝ ինչի՞ հանդեպ:

-Ծուլությունը հաճախ ինձ օգնում է, որ ինչ-որ բան անելիս ես հեշտ ուղի գտնեմ, թե չէ՝ ալարելու եմ երկարով գնալ: Այսինքն՝ ծույլ եմ առօրյայում, ինչ-որ մանր խնդիրների դեպքում: Իսկ երազանքի հանդեպ ծույլ չեմ այնքանով, որ անընդհատ ստեղծում եմ պայմաններ, որոնք ինձ կպարտադրեն շարժվել, կստիպեն երազանքս դարձնել նպատակ ու գնալ դրա հետևից: Համալսարան ընդունվելն էլ է այդ պայմաններից. քննությունը ինձ ստիպում է, որ ինչ-որ բան անեմ, այլ հարց է, որ ես այն մեծ հաճույքով եմ անում:

-Քո խոսքով՝ ուսանող լինելը մեծագույն նվաճում է: Իսկ ի՞նչ ասել է լինել ուսանող:

-Լինել ուսանող նշանակում է լինել ցանկացած իրավիճակից ելք գտնող: Ասում են՝ երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Այսինքն՝ նշանակում է լինել խենթ: Նշանակում է ունենալ քաջություն ու լինել երիտասարդ. ութսուն տարեկանում էլ կարող ես լինել ուսանող ու երիտասարդանալ: Եվ վերջապես, ուսանող լինել նշանակում է լինել այնպիսի հասարակության անդամ, որը հասել է այն բարձր մակարդակին, որ ստեղծել է համալսարան:

-Գիտեմ, որ մասնակցել ես նաեւ «Ամենախելացի» ծրագրին: Սա սեփական ուժերդ ստուգելու ևս մի փո՞րձ էր:

-Եվ փորձ էր, եւ ժամանց: Դա հեռուստատեսային իմ առաջին խաղն էր: Օրը՝ ապրիլի չորսը, համընկավ Ապրիլյան պատերազմին… Հենց առաջին փուլից դուրս մնացի մեկ միավորի պատճառով, ընդ որում, ես ունեի հինգ հնարավորություն այդ մեկ միավորը ձեռք բերելու, ու ոչ մեկը չստացվեց: Բայց դրանում վատ բան չեմ տեսնում. շոու էր, հետաքրքիր էր: Կարևորը՝ ձեռք բերեցի շատ ընկերներ, որոնցից միշտ կարելի է ինչ-որ բան սովորել, ու որոնց հետ հիմա էլ կապը պահում ենք:

-Ուսումնական դաշտից դուրս ի՞նչ նախասիրություններ ունես:

-Վերջերս ազատ ժամանակս տրամադրում եմ աշխարհում ամենահայտնի խաղալիքի՝ Ռուբիկի խորանարդին: Իսկ առհասարակ, սիրում եմ նվագել. ավարտել եմ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Այլ հաճույք է, երբ երաժշտությունը քեզնից է դուրս գալիս: Ինչքան էլ հեղինակն ուրիշն է, այդ պահին դու ես այն ստեղծում: Դե, նաև կարդում եմ, ֆիլմեր դիտում, հեծանիվ քշում:

-Մի քանի ամսից  մեկնելու ես ծառայության, բայց ակտիվությունդ քաղաքացիական կյանքում, վստահ եմ, փորձելու ես պահել: Ի՞նչ ծրագրեր կան:

-Հեռակա ուսուցմամբ կշարունակեմ ուսումս իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, իսկ ծառայությունից հետո կսովորեմ նաև փիլիսոփայության մագիստրատուրայում, ու հավանաբար միասին էլ կավարտեմ: Կուզեմ, որ բանակում կարողանամ իմ զինվորների կյանքը հետաքրքիր դարձնել, նրանց հետ միասին հավեսով ծառայել ու լինել ընտանիք: Իհարկե, կլինեն խնդիրներ, բայց էլ ի՞նչ ընտանիք, որ չլուծի դրանք: Իսկ երբ վերադառնամ, կշարունակեմ ծառայել արդեն գիտության մեջ, հասարակական տարբեր ոլորտներում:

-Ի՞նչն է մոտիվացնում քեզ ամեն հաջորդ օրվա համար:

-Հենց հաջորդ օրը, որտեղ ես ունեմ 86400 վայրկյան՝ առավելագույնս լավ սպառելու: Մոտիվացնում է այն միտքը, որ կյանքը ֆանտաստիկ է: Ասում են հավերժական շարժիչներ չկան, բայց կյանքը հենց հավերժական շարժիչ է:

anna qocharyan lori

Անծանոթնե՞ր, թե՞ ընտանիք

Մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ ինքնաթիռս վայրէջք կատարեց, ու հանդիպեցի իմ առաջին հյուրընկալ (հոսթ) ընտանիքին։ Առաջին տպավորությունը շատ կարևոր է, քանի որ դա այն եզակի երևույթներից է, որ միակն է և կրկնվել չի կարող։ Ընտանիքիս անդամներն ինձ վրա դրական ու կենսուրախ մարդկանց տպավորություն թողեցին։ Նրանց հետագա վերաբերմունքից կարող եմ դատել, որ ես էլ նույնքան լավ տպավորություն եմ թողել իրենց վրա։ Ես պետք է այս ընտանիքիս հետ ապրեի այնքան ժամանակ, մինչև ինձ համար հիմնական ընտանիք կգտնվեր։

Բոլորիս հայկական ընտանիքներն էլ տարբեր են, բայց, ընդհանուր առմամբ, մեր սովորույթներն ու ավանդույթները գրեթե նույնն են։ Իսկ ես պետք է ապրեի մի ընտանիքում, որտեղ ամեն ինչ այլ էր, ու գաղափար չունեի նույնիսկ ամենատարրական երևույթների մասին։ Չգիտեի, թե որ ժամին են քնում ու արթնանում, սիրո՞ւմ են արդյոք հեռուստացույց դիտել, թե՞ ոչ։ Նույնիսկ այդ փոքրիկ փոփոխությունները կարող են մարդու վրա մեծ ազդեցություն ունենալ։ Ու ամեն ինչ կարող է ճնշող ու անհանգստացնող լինել, եթե չստանաս հյուրընկալ ընտանիքի աջակցությունն ու սերը։ Ու տարբեր ազգերի, կրոնների, ռասսաների պատկանելու հարցը չի խանգարում միմյանց սիրելուն ու հարգելուն։ Նրանք քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին դու կաս։

Եկավ այն պահը, երբ պետք է տեղափոխվեի իմ հիմնական ընտանիք։ Առաջին ընտանիքիս հետ ապրեցի երկու շաբաթ, բայց բաժանումը բավականին դժվար էր։ Արդեն հարմարվել էի տան կարգ ու կանոնին, ու թվում էր, թե աշխարհը շուռ է եկել, ու պետք է ամեն ինչ նորից ու զրոյից սկսել։ Իրականում այդպես էլ կար, պետք է ամեն ինչ նորից սկսեի, բայց դա շատ արագ ու հեշտ ստացվեց, քանի որ ես ունեի աշխարհի ամենալավ, ամենաբարի, ամենաաջակցող հոսթ մայրը։

Իրականում այդ ընտանիքների համար ևս հեշտ չէ, քանի որ նրանց ընտանիքին մի օտարական է միանալու, ով մի տարի հետո լքելու է իրենց։ Հիմնականում ընտանիքները շատ են կապվում աշակերտների հետ, ու նրանց «թողնելը» բավականին դժվար է լինում։

Արդեն գրեթե յոթ ամիս է՝ ապրում եմ մի հրաշք կնոջ հետ, ում բարությունն ուղղակի անսահման է, ու ով միշտ իմ կողքին է։ Ես իրոք զարմանում եմ, թե ինչքան բարություն կարող է պարունակել մարդկային հոգին։ Ու ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ ձեռք բերել ևս մեկ ընտանիք օվկիանոսի մյուս կողմում, որին երբեք չեմ ճանաչել ու չէի էլ ճանաչի, եթե չհաղթեի «Ֆլեքս» ծրագրում։ Ու իմ հրաշք հոսթ մայրն էլ երբեք չէր իմանա Հայաստանում ապրող մի աղջնակի մասին։ Նույնիսկ չէր էլ իմանա, որ աշխարհի քարտեզի հենց սրտում մի հրաշք արևի երկիր կա։ Բայց ճակատագիրը մեզ հնարավորություն տվեց ստեղծելու մի միջազգային ընտանիք։

Ու ես հիմա շատ երջանիկ եմ, քանի որ ունեմ աշխարհի ամենահրաշք կենսաբանական ու ոչ կենսաբանական ընտանիքները։ Ընտանիքը կարևոր բան չէ, այն ամեն ինչ է։

Anushik Mkrtchyan

Մեկ տարի թղթակից

Մարտի տասը ինձ համար սովորական օր էր մինչև 2017 թվականը, երբ առաջին անգամ իմացա «Մանանա» կենտրոնի մասին՝ Վորլդ Վիժնի Արագածոտնի ղեկավար ընկեր Սուրենի շնորհիվ։ Սոց․ ցանցում տեսա նրա գրառումը, որում ասվում էր, որ ով ցանկանում է հմտանալ լրագրության, լուսանկարչության մեջ ու ռեժիսորական գործում, ապա կարող է դիմել։ Ինձ այդ գաղափարը այնքան գրավեց, որ այդ ժամանակ այդ երեք մասնագիտություններն էլ ընտրել էի, բայց կանգ էի առել ռեժիսորականի վրա (չնայած՝ հիմա հաստատ որոշել եմ, որ լրագրող եմ դառնալու)։ Ու մեր գյուղից մի քանի երեխաներ ընկեր Սուրենի միջնորդությամբ մարտի 11-ին և 12-ին գնացին Ապարան ու ծանոթացան «Մանանայի» անձնակազմի հետ։ Այդ մի քանի երեխաներից ես, Նաիրան ու Աննան սկսեցինք պարբերաբար նյութեր ուղարկել, ինչի արդյունքում ես ու Նաիրան դեռ երկու ամիս էլ չկար, որ թղթակցում էինք, բայց ընդգրկվեցինք լավագույնների շարքում։

Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա սովորել ավելի ճիշտ մտքերս արտահայտել։ Եթե կարդաք իմ առաջին ու վերջին նյութերը, դուք մեծ, շատ մեծ տարբերություն կզգաք։ Այս մեկ տարվա ընթացքում կարողացա լինել ավելի համարձակ։ Եթե ուրիշների համար դպրոցն է երկրորդ տունը, ինձ համար «Մանանան» է։ Եվ սրանք ամենևին էլ զուտ խոսքեր չեն։ Այս ամենը սրտանց եմ ասում։ Կարևոր է նաև, որ այս մեկ տարվա ընթացքում իմ ընկերների թիվն աճել է 30 հոգով, եթե ոչ ավելի։ Ընկերությունս ձգվեց Եղվարդից Եղեգնաձոր, Արարատից Մալիշկա, Երևանից Աշտարակ ու էլի դեպի շատ քաղաքներ ու գյուղեր։ Շնորհիվ «Մանանայի» ես տեղեկացա այնպիսի գյուղերի, քաղաքների մասին, որոնցից չնչին բան գիտեի։ Դպրոցում սկսեցին ինձ ավելի մեծ ուշադրություն հատկացնել։ Ինչ-որ միջոցառում կազմակերպելիս ինձ էին դիմում, որ լուսաբանեմ, ու հրապարակեն դպրոցական կայքում։ Ու ես հպարտությամբ էի դրան նայում, երբ նյութի տակ գրված էր լինում «Մկրտչյան Անուշ, 10-րդ դասարան»։ Դա նույնպես «Մանանայի» շնորհիվ է։ «Մանանայի» շնորհիվ էր, երբ գնացի մեր գյուղի խանութներից մեկն, ու ասացին, որ «էն մի նյութը հուզիչ էր»։ Շնորհիվ «Մանանայի» էր, որ տատիկին ասում էին․ «Նուշիկ ջան, թոռդ էդ ինչ լավ բան էր գրել»։ Շնորհիվ «Մանանայի» է, որ ծնողներս՝ ինձնից կիլոմետրերով հեռու, որոշ տեղ հպարտանում են ինձնով։ Ու վերջապես, շնորհիվ «Մանանայի» է, որ հազարավոր պատանիներ կարողանում են առաջ բերել իրենց հուզող հարցերը, պատմել իրենց գյուղի կյանքի, իրենց կյանքի մասին։ Միավորելով այդքան պատանիների՝ ավելի է ամրապնդվում գյուղերի կապը։ Կարողանում ենք մեր մտքերն արտահայտել ու դրանից մեզ լավ զգալ։

Գիտեմ, որ ես դեռ տարիներ շարունակ «կնշեմ» մարտի 10-ը, ու էլի շնորհիվ «Մանանայի»։

Mari Baghdasaryan malishka

Մի երիտասարդի մասին

Չեմ տա նրա անունը, պարզապես կպատմեմ նրա մասին։

Նա կիթառահար էր։ Հազարավոր կիթառահարներից մեկը։ Պարզապես նվագում էր հաճույքի համար, իրեն հանգստություն էր բերում կիթառի լարերին դիպչելը։
Չգիտեմ՝ ինչպես էր սկսել կիթառ նվագել, սովորե՞լ էր փոքր տարիքում, թե՞ ինքնուս էր։ Նա շատ լավ էր նվագում, նվագում էր այն երաժշտությունը, որն իրեն հոգեհարազատ էր։ Ես երևի այն եզակիներից էի, ում մոտ նա նվագեց։ Ասում էր, որ ուրիշների ներկայությամբ չի նվագում, չի սիրում, որ իրեն տեսնում են նվագելիս, բայց ինձ համար նվագեց։
Նաև նկարում էր, հիմնականում՝ գունավոր ներկերով։ Ասում էր՝ հեշտ է ստացվում գունավորով սպիտակի վրա խզբզել։ Նրանից երբեք չեմ լսել, որ ասի՝ նկարել եմ, միշտ ասում էր՝ խզբզել եմ, խզբզանք է, մեծ բան չի՝ ծով է, մայրամուտ, նավ ու ափին կանգնած մի աղջիկ, խզբզանք է, էլի։
Լավ ձայնային տվյալներ ուներ։ Երգում էր, հիմնականում ռուսական մի քանի երգ էր շատ սիրում ու այդ երգերն էր հաճախ երգում։
Ընդունվեց համալսարան, հետո գնաց ծառայության։ Երկու տարին անցավ, ու նա վերադարձավ։ Այդ ընթացքում նրա կյանքում շատ բան էր փոխվել, ծառայության առաջին տարին դեռ չէր անցել, երբ լսեց հոր մահվան լուրը։
Վերադարձավ, բայց առաջվա կենսուրախ տղան չէր, որին ճանաչել էի, դա հասկացա նրա հետ խոսելու առաջին րոպեներից։ Չգիտեմ՝ հոր կորուստն էր նրան այդքան սառն ու անտարբեր դարձրել, թե մեկ այլ բան։ Խոսելուց ժպտում էր, կամ էլ ձևացնում էր, որ ժպտում է, որ չտեսնեի իր տխրությունը։ Բայց մեկ է՝ նրա դարչնագույն աչքերում մի այնպիսի տխրություն կար, որ ես առաջին անգամ էի տեսնում։
Ասաց, որ թողել է նվագելը, երգելը, նկարելը, թողել է այն ամենն, ինչով առաջ զբաղվում էր։ Հիշեցրի, թե ինչպես էր նվագում տարիներ առաջ, բարկացավ։ Ասաց.

-Դա տարիներ առաջ էր, ես մոռացել եմ, թե ինչպես են բռնում կիթառը, դու էլ մոռացիր, որ լսել ես իմ նվագը։

Ոչինչ չասացի։ Հասկանում էի նրա ցավը։ Նաև հասկանում էի, որ առաջվա երիտասարդը չի իմ դիմաց կանգնած, այլ մեկ ուրիշն է, ինձ շատ ծանոթ և միևնույն ժամանակ՝ օտարացած։

sona zakaryan

Հարգել առանց հիշեցման

Հայաստանում ապրելով ու մեծանալով աչքիս առջև միշտ հայ կնոջ կերպարն է եղել՝ խոնարհ, հեզ, օր ու գիշեր մեղվի պես աշխատող, բոլորի հոգսը իր վրա վերցնող կնոջ կերպարը։

Մենք՝ հայերս այսպես ենք չէ՞մտածում. «Կինը պետք է ունենա իրեն սազող աշխատանք, պետք է լինի ուսուցիչ, բժշկուհի, դայակ և այլն։ Կինը պետք է տան բոլոր հոգսերը իր վրա վերցնի։ Կինը պետք է ենթարկվի իր ամուսնուն ու նրա ծնողներին և շարժվի նրանց կամքով ու կարծիքով, և մի շարք այլ «Կինը պետք է» արտահայտությամբ սկսվող նախադասություններ։

Ասում են, որ տղամարդը տան սյունն է, համաձայն եմ, բայց գիտե՞ք ով է ամենագլխավոր պատճառը այդ սյան չքանդվելու, դե իհարկե, կինը։ Մենք միշտ սովոր ենք մտածել, որ կինը պարտավոր է այս կամ այն բաները անելու կամ չանելու, որովհետև կին է։Կանանց կարելի է չհասկանալ, որովհետև նրանք կին են, բայց տղամարդկանց միշտ պետք է հասկանալ, ուղղակի պետք է ու վերջ։

Շատ ընթերցողներ գուցե համաձայն չեն ինձ հետ ու մտքում ասում են. «Կանայք միշտ էլ մեծարվում են»։ Այո, մեծարվում են, բայց ի՞նչ է նշանակում «մեծարել» բառը տարբեր մարդկանց համար, սա մեկ այլ հարց է։

Ինձ համար մեծարանքը չի նշանակում սեղանի շուրջ կնոջ կենացը խմելը, նրան գովաբանելը կամ նվերներ ընծայելը, դա ես երբեք չեմ համարի մեծարանք։ Կամ ինչո՞ւ պետք է միայն առիթ լինի, որ կնոջը ձեր մտածած ձևով մեծարեք։ Քեֆերի, ուրախ ու տխուր առիթների, հա, ու մեկ էլ կանանց միամսյակի ժամանակ։ Կնոջ սիրելու, հարգելու ու նրան գնահատելու համար երբեք առիթ պետք չէ։

Քանի որ հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում, ամեն ինչի հետ կապված փորձում եմ համեմատություններ անել, և այս հարցն էլ բացառություն չէ։  Կանայք ու տղամարդիկ այստեղ ունեն հավասար իրավունքներ, ու եթե դու կին ես, չի նշանանկում, որ չես կարող այս կամ այն բանը չանել։ Հասարակ օրինակ։ Կնոջ մեքենա վարելը Հայաստանում շատերի համար տարօրինակ է, քանի որ շատերը մտածում են, որ դա տղամարդը պետք է անի, իսկ երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչո՞ւ, ինչո՞ւ է մեքենա, ավտոբուս, երթուղային վարելը տղամարդկանց հատուկ։ Եվ հակառակը։ Խոհանոցում միշտ պետք է կինը լինի, ինչ խայտառակություն կլինի, եթե տղամարդը խոհանոցում ափսեներ լվանա։ ԱՄՆ-ում այդպիսի բաները երբեք հաշվի չեն առնվում, ոչ մի սարսափելի բան չկա կանանց մեքենա վարելու կամ տղամարդկանց  ափսեները լվանալու մեջ։

Երբ վազքով սկսեցի զբաղվել, մտածում էի, որ եթե տղամարդիկ վազում են 5 կմ, ուրեմն կանայք պետք է 4 կամ առնվազն 3 կմ վազեն, բայց արի ու տես, որ ոչ։

Այս հավասարությունը կարծում եմ շատ կարևոր է, քանի որ այն օգնում է ստեղծել ամուր ու հուսալի հարաբերություններ։

Ես չեմ խոսում չափն անցնելու կամ չափից դուրս ազատ լինելու մասին, ամեն ինչ իր սահմանն ունի, իսկ սահմանն անցնելը դա մեկ այլ հարց է։

Մի քանի օր առաջ պարզեցի, որ շատ ամերիկացիներ նույնիսկ չգիտեն մարտի 8-ի մասին։ Իսկ մարտի 8 այստեղ առհասարակ չեն նշում։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե նրանք մարտի 8 չեն նշում, դա չի նշանակում, որ կանանց չեն մեծարում։ Միգուցե այլևս չեն նշում, որովհետև կանանց իրավունքների համար պայքարելու այլևս կարիք չկա՞: Կարծում եմ, որ մարտի 8-ը և առհասարակ կանանց միամսյակը շատ դեպքերում ձևական բնույթ են կրում։

ԱՄՆ-ում կանանց դերը շատ կարևոր է, ու նրանք մեծ դեր ունեն իրենց երկրի զարգացման ու բարգավաճման գործում։ Հուսով եմ, որ մի օր Հայաստանում էլ կինը կգնահատվի այնպես, ինչպես պետք է, և այդ ժամանակ վստահ կարող եմ ասել, որ շատ բաներ կփոխվեն, և անկասկած, դեպի լավը։

tina maqoyan kotayq

Ես քո նվերն եմ

Ես ատում եմ կայարանները… Ոչինչ չասող հայացքներ ու ձանձրացնող լույս՝ քայքայված միջանցքներում: Մարդիկ, ճամպրուկներ… Ոտնաձայներ, փնթփնթոցներ… Լաց: Ծիծաղ: «Ես քեզ սիրում եմ»-ի նման մի բան ու շշուկներ: Խիզախության բացակայություն՝ անկեղծ խոսելու: Պապ, ես մոռացել եմ, թե ինչ է խիզախ լինելը: Ես լրիվ սատանայացել եմ էս «մարդկայինների» կողքին:

Ինչ-որ ծանոթներ, օտարներ… Պարզապես ջնջել բոլորին: Ինձ ինչ-որ բան ամբողջ ժամանակ խանգարում է գրկել քեզ ամուր: Երևի քեզ հետ նուրբ լինելու անկարողությունը: Չէ՞ որ կարելի է դիպչել ու չզգալ ակնթարթները: Երանի ես ինձ մոտ տաք քամիներ ունենայի՝ քեզ համար: Հա, իշխանություն չունեն ոչ ժամանակը, ոչ նպատակները, ոչ մտքերը: Գնացել ես դու: Շրջանցել էս հիմար անդունդը, հիմար մտահղացումները, տարածությունը… Ու ասել, որ ես՝ դու եմ:

Պապ, կարծես արցունքները նորից կաթեցին:

Պապ, չեմ սովորել առանց քեզ ապրել:

Պապ, եթե կարող ես՝ արագ վերադարձիր… Ես ատում եմ հրաժեշտները:

Էս դատարկ խոստումների կողքին, քո արագ «մնաս բարով»-ների կողքին… Պապ, ես պարզապես ուզում եմ, որ պետք լինի ամեն ինչ տալ՝ ժպիտիդ համար: Դրա համար էլ, գիտե՞ս, դիմանում եմ: Դու ինչ-որ բան ես ասում՝ տաքուկ, քնքուշ… Իսկ ես կուզեմ գոռալ, որ իմ անպետք սիրտը հավերժ քո կարիքն ունի:

Պապ, քո աղջկան ալիքներն են ծածկել: Անկե՞ղծ՝ սիրում եմ քեզ: Երբեք չեմ ասել դրա մասին: Ապրածս արդեն 17 տարիների ընթացքում և ոչ մի անգամ: Բայց գիտես, չէ՞, որ ամենասիրելիներին ամենադժվարն է ասել ամենակարևորը: Քո ուսերից ավելի ապահով տեղ չունեմ ես: Կուզե՞ս ես աստղերին դիպչեմ: Կուզե՞ս հասնեմ էնպիսի բարձունքների, որ հետո մենակ հպարտանաս ու ժպտաս: Մենակ ոչ լացել, պապ… Քո աղջիկը մեծանում է հոր կարիքը սրտում:

Սիրելի ափի հինգ մատնահետքերը մնացին կեղտոտ ապակուն: Ու ես գիտեմ՝ պետք է պաշտպանել ընտանիքը, անձդ ու ձեռքերը… Ես կանեմ էն, ինչ կասես, մենակ դու շոյի մազերս, ինձ տար զբոսանքի:

Ես մի օր կգամ, ու մենք միասին գրքեր կկարդանք, ինձ ֆիզիկայի դասերս կբացատրես, տիեզերքի մասին կպատմես ու երկրաչափությանս խնդիրները կլուծես, իսկ ես փակվող աչքերով կհետևեմ քեզ՝ էդպես էլ չհասկանալով էդ գրողի տարած մաթեմատիկան: Սուրճ կեփենք ու կժպտանք իրար: Մեր տաք բնակարանում մաման մեզ համով բաներ կսարքի: Բայց ամենը, ինչ հիմա մնաց՝ դա քո հեռացող հայացքն է, ու հեռացող մեքենայի ձայնը: Ես քեզ հետ եմ, միշտ, լսո՞ւմ ես: Պարզապես հաճախ ժպտա: Դու ժպտում ես՝ ամեն ինչ փոխվում է:

Բայց ես… Ատում եմ հրաժեշտները: Էդ ահռելի տարածությունները: Էդ սարսափելի լուռ հրաժեշտները: Նրանք նորից ինձնից քեզ խլեցին:

Շնորհավոր ծնունդդ, պապ: Ավելի ճիշտ՝ մեր ծնունդը:

Հիշո՞ւմ ես, պապ, պատմում էիր, որ աշխարհով մեկ էիր եղել, երբ իմացել էիր, որ վերջապես աղջիկ ես ունեցել: Ասում էիր, որ բժիշկները տխուր մոտեցան քեզ ու ասացին, որ, ոչինչ, աղջիկն էլ է երեխա, մի մտածեք: Իսկ դու ու մաման շատ էլ ուրախ էիք, որովհետև արդեն երկու տղա ունեիք, ու ինձ երկար էիք սպասել:

Պապ, միշտ կատակում էիր, որ եթե ես տղա ծնվեի՝ անունս Նվեր էիր դնելու… Որովհետև ես ծննդյանդ օրվա նվերն էի՝ մամայի կողմից:

Շնորհավոր, պապ, 52-ամյակդ: