Seroj araqelyan

Եթե ունես նպատակ

Ոչ մի դաշտ, նստի՝ դաս արա

Գիտե՞ք՝ փոքր ժամանակ էս արտահայտությունը լսելիս ինչքան եմ լացել: Շատ-շատ: Այսօրվա նման հիշում եմ: Փոքր ժամանակ դասից գալիս էի ու պայուսակս՝ կիսագցել, նստում հեռուստացույցի առաջ: Երևի կհիշեք «Հզոր ռենջերներ» արկածային մուլտֆիլմը: Դա նայում էի և գնում հաց ուտելու, չնայած նրան, որ միայնակ պետք է հաց ուտեի. տնեցիները չէին սպասում, թե երբ պիտի ավարտվի մուլտֆիլմս: Դե ինչ, դասից եկել եմ, հացս կերել եմ, իսկ հիմա գնամ դաշտ:

-Մամա, «բոցիներս» որտե՞ղ ա։

-Ո՞ւր ես գնում։

-Դաշտ, մեր դասարանի Արմանն ասաց՝ էսօր մեծերի հետ ենք ֆուտբոլ խաղալու, ու գնում եմ, քանի չեն սկսել:

-Ոչ մի դաշտ, նստի, դաս ես անելու ու մինչև չվերջացես՝ մոռացի դաշտը:

Փոքրիկ դպրոցականի անմեղ դեմքով ու խուճուճ մազերով կերպարով էլ չկարողացա համոզել և լացելով նստեցի դաս անելու: Հիշում եմ՝ «Լ» տառն էի անցնում: Կարդում էի բառերը, բառերը վանկերի բաժանում և կարդում այբբենարանի տակ գրված շատ փոքրիկ մի քանի տողանոց տեքստը:

-Մամա, կարդացի, կլինի՞ գնամ։

- Չէ, չես գնում: Պիտի ջրի նման վարժ պատասխանես՝ առանց կմկմալու։

Արդեն տասնհինգերորդ անգամ էի կարդում, բայց միևնույնն է, դեմքս դեպի գիրքն էր, իսկ միտքս՝ դեպի դաշտը, ականջներիս մեջ էլ՝ գնդակի ձայն: Այս մտքերի մեջ ես չէի կարողանում կարդալ և ինչքան կարդում էի, այդքան ավելի վատ էր ստացվում: Ամենից լավ եմ հիշում, երբ արցունքներս մաքրելով ասում էի՝ «լո-լիկ» ու անցնում հաջորդ բառին: Այդ ժամանակ ինձ օգնության եկավ տատիկս։

-Տատիկ, դասս շատ կարդացել եմ, կլինի՞ դաշտ գնամ:

-Հաստատ գիտե՞ս։

-Հա։

-Դե գնա։

Առիթից օգտվեցի և վազեցի դաշտ: Իսկ մայրիկս այդ ժամանակ բնականաբար կողքիս չէր: Դե ինչ, գնացի, անգամ չխաղացի, ուղղակի պետք էր դասերից փախչել ու գնալ ընկերներիս մոտ: Բայց, դե երեկոյան տուն գալուց հետո պատասխան տվեցի խաբելու ու դասս կիսատ թողնելու համար: Մինչև կեսգիշեր բոլոր տնայիններս գրեցի և խիստ նկատողություն ստացա:

Շատ ժամանակ, երբ դասից գալիս էի, ինձ չմատնելու համար էլ չէի հարցնում, թե որտեղ են Մեսսիի կամ Ռոնալդուի «բոցիներս», թե չէ էլի կասեին՝ ոչ մի «բոցի», նստի՝ դաս արա:
Չնայած, դա էլ չէր աննկատ մնում, երբ տեսնում էին՝ պայուսակս կա, իսկ ես չկամ, դպրոցի կոշիկներիցս էլ մեկը դռան մոտ է, իսկ մյուսը՝ խոհանոցի շեմին: Իսկ կոշկամանից պակասում էր մեկ զույգ բոթաս, որոնց մասին հարցնելիս ես միշտ մատնվում էի:

Անընդհատ լսում էի «Սովորի, գնա լավ մարդ դառի» արտահայտությունը: Ես էլ համառի նման ասում էի՝ ես առանց սովորելու էլ լավ մարդ եմ: Անցան այդ տարիները, և այբբենարանս դարձավ պարապմունք՝ նկարչություն, գույներ, ներկեր, և մի ուրիշ ստեղծագործական աշխարհ մտա ես: Էլ չէի ասում՝ կլինի՞ դաշտ գնամ: Արդեն իմ կամքով էի նստում սովորելու, հետո էլ՝ կատարում պարապմունքի հանձնարարություններս: Ճիշտ է, շատ ժամանակ նեղվում էի ընկերներիս առաջ արդարանալուց, որ դասի պատճառով չեմ եկել խաղալու կամ սահնակ քշելու, բայց այսօր ես շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ հետ խիստ են եղել և կամքիս հակառակ՝ նստեցրել և դաս անել են տվել: Եթե թողնեին, որ ես ամբողջ օրը դաշտում անցկացնեի, դասերիս ուշադրություն չէի դարձնի։

Շատ ժամանակ, երբ համալսարանից գնում եմ տուն՝ մեկ մետր տրամագծով տախտակը ուսիցս կախած, տեսնում եմ շենքի տարածքում նստած իմ հասակակիցներին, ովքեր ամբողջ օրը ծխախոտը ձեռքներին կանգնած՝ հեռախոսով հարցեր են քննարկում, կամ ամբողջ օրը այդտեղ նստած են անցկացնում: Մեկ-մեկ ասում եմ՝ երանի իրենց, ինձ նման ամբողջ գիշեր չեն նստում գծում, ջնջում կամ ինձ նման նստած քնում: Հետո էլ ասում եմ՝ չէ, չէ, էս ինչ եմ մտածում, բա ո՞ւր մնացին նպատակներս ու դրանց հասնելու համար դժվարություններ հաղթահարելը, չէ՞ որ ես տարիներով եմ նկարչություն սովորել, ու հաստատ տարիների աշխատանքը չարժի փոխարինել պարապ, անգործ և անիմաստ ապրելու հետ:

narek davtyan getahovit

Հետահայաց

-Ինչի՞ մասին ես մտածում, Նար:

-Ոչ մի բանի, մամ, ուղղակի մտածում եմ:

-Նորից ընկար մտքերիդ մեջ, ա՛յ տղա, էդ Ամերիկան քեզ լրիվ փչացրեց, դու իզուր գնացիր էնտեղ:

-է՜, մամ, ի՞նչ ես խոսում, է,- ասացի ես ու հոգուս խորքում համաձայնեցի, բայց չէի կարող բարձրաձայնել, չէի կարող մորս մեջ մեղքի զգացում առաջացնել:

Վերջերս չափից դուրս շատ եմ մտածում, սկսել եմ ավելի քիչ շփվել մարդկանց հետ, նրանց փոխարինել եմ գրքով, երգով, տաք թեյով ու հիշողություններով: Հիմա կասեք՝ թե էդ ինչի՞ մասին ես էդքան մտածում, իսկ ես կպատասխանեմ։ Կասեմ, որ եթե մի քիչ լավ փնտրես, ամեն ինչ էլ կգտնես, չէ՞ որ հոգեբանների մի մեծ խումբ թևավոր խոսքերով անընդհատ կրկնում է, թե ամեն ինչ քո մտքում է, ամեն ինչ քեզնից է կախված:

Մտածում եմ, հարց եմ տալիս անընդհատ ինքս ինձ, ուզում եմ հասկանալ, թե ինչը փչացրեց այդ երազը, չէ՞ որ ամեն ինչ պլանավորածի պես էր գնում, չէ՞ որ անարդարություն էր դա։ Հարցնում եմ և սովորականի պես պատասխան չեմ ստանում: Ուղղակի հիշում եմ այն գիշերը, երբ ինձ համար բանաստեղծություն էիր գրել, հոգուս ցավն էիր երգում, իսկ ես զարմացած դեմքով քեզ էի նայում։

Հարցնում եմ ինքս ինձ՝ արդյո՞ք դու այն մեկն ես, ում այսքա՜ն երկար սպասել եմ։ Սկսում եմ մտածել էն թևնոցի մասին, որ տվեցիր վերջին օրը՝ իբրև սիրո մի նշան, և ես, որպես թալիսման, այն մինչև հիմա պահում եմ ու ամեն անգամ դրան նայելիս՝ քեզ հիշում: Հետո ավելի եմ խորանում, գնում անցյալ, հիշում եմ օգոստոսի 14-ը՝ ԱՄՆ-ում դպրոցիս առաջին օրը, երբ լավագույն ընկերներիցս մեկի հետ ծանոթացա։ Հիշում եմ մեր երգերը, որ երգում էինք ԱՄՆ-ի փողոցներում թափառելիս՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը։ Ինչ հրաշալի զգացում էր, երբեք չեմ մոռանա ո՛չ քեզ, ո՛չ երգերը: Հիշում եմ, թե ոնց էիր եկել օդանավակայան՝ ինձ վերջին անգամ տեսնելու։ Երկուսիս աչքերում պարզ երևում էր, որ սա վերջն էր, որ այդ վերացական ընդմիշտ ընկերներ մնալու ու նորից հետ վերադառնալու խոստումները այդպես էլ խոստումներ կմնան:

Իմ թշնամին դարձան այն մարդիկ, իրադարձությունները և վայրերը, որոնց համար ժամանակին ապրում էի։ Կգա ժամանակ, որ կփոշիանանք, և հիշողությունները, սխալները, նպատակները, որոնց համար այդքան պայքարել ենք, մեզ հետ կանէանան:

-Էսքանը, մամ:

-Չէ, դու հաստատ ցնդել ես, քեզ հոգեբան ա պետք, տղա ջան:

-Է՜հ, մամ ջան, հոգեբան չէ, հոգեբույժ:

Anushik Mkrtchyan

Մի քիչ ուշացած

Մամ, հիշո՞ւմ ես, որ քո գնալուց մի տարի առաջ ինձ Մեղրիից թևնոց էիր բերել: Հա, կհիշես: Արդեն երեք տարի է, ինչ թևիցս չեմ հանել: Դու ասել ես, որ ուսուցիչներին չպատասխանեմ, էսպես ասած՝ հետները լեզվակռիվ չտամ: Ասում են՝ թևնոցդ հանի, դասին մի կրի, իսկ ես, երկար ժամանակ իրենց հետ բանավեճից հետո, հոգնելով ասում եմ՝ մայրս է նվիրել, չե՛մ հանի, ու իրենք էլ լռում են: Միայն ընկեր Ավետիսյանն ասաց, որ դա իմ թալիսմանն է: Հա: Թալիսմանս է: Էսօր էդ թալիսմանս 3 տարեկան է: Քո կողմից իմ ամենասիրելի նվերը: Ես քեզ ինչ էլ որ ուզել եմ նվիրել, ասել ես, թե ես եմ քո նվերը: Չգիտեմ՝ գիտես, թե ոչ, բայց մենք միշտ պապայից գումար էինք ուզում ու քեզնից թաքուն նվեր էինք քեզ գնում։ Կես ժամ որոշում էինք՝ ոնց անենք, որ դրսում չլինեիր ու մեզ չտեսնեիր, ոնց գնանք ու ոնց գանք:

Երկու «մարտի 8»-եր քեզ չեմ գրկել: Պապայից գումար չենք խնդրել: Խանութ չենք գնացել: Քո սիրած ծաղիկներից չենք գնել ու նվիրել քեզ:

Մամ, շնորհավորում եմ մարտի 8-դ, էս մի ամսյակը: Իրականում քեզ ամեն օր է պետք շնորհավորել: Մարտի 8-ը գեղեցկության օրն է: Դու ամեն օր ես գեղեցիկ, մամ: Ու էդ գեղեցկությամբ ես գեղեցկացնում մեր օրը, ոչինչ, որ հեռախոսով: Էդպես էլ կլինի:

Բա ո՞նց կլինի, որ տատիկիս մարտի 8-ը չշնորհավորեմ: Տատ ջան, շնորհավոր տոնդ: Թող արցունքներդ մյուս տարվա մարտի 8-ին ուրախության արցունքներ լինեն:

Հ. Գ. Չմոռանանք, որ էսօր իմ թևնոցի ծնունդն էլ է՜։

Որքա՞ն ծաղիկ է վառել գարունը

Վանաձորի Շարա Տալյանի անվան համար 2 երաժշտական դպրոցում խառնվել էր գարունը գարնանային տոներին ու նրբանոտա երաժշտությանը:

Նորաթուխ երաժշտասերներն իրենց առաջին քայլերը կատարեցին ու ներկայացան հանդիսատեսին՝ իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով: Ծնողներն ու ուսուցիչները հուզվում էին՝ տեսնելով իրենց երեխաներին: Ամեն ինչ ընթանում էր կատարյալ ու գեղեցիկ:

Ես նույն երաժշտական դպրոցի շրջանավարտն եմ և մեծ պարտավորություն զգացի այն ժամանակ, երբ զանգահարեցին ու ասացին, որ ես նույնպես պետք է ներկա լինեմ ու իմ մասնակցությունն ունենամ այդ միջոցառմանը:

Այնքան հաճելի է, երբ քեզ չեն մոռանում, անգամ երեք տարի անց:

Երբ մի խարտյաշ աղջնակ, քանոնը՝ ծանր ու մեծ երաժշտական գործիքը, ձեռքերի մեջ հազիվ պահելով, բեմ բարձացավ, մի պահ իմ առաջին երաժշտական քայլերը հիշեցի։

Համերգի վերջում դպրոցի տնօրեն Անահիտ Խանզադյանը նույնպես շնորհավորանքի խոսքեր ուղղեց մայրության, գեղեցկության տոների կապակցությամբ և Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տրված շնորհավորագրերը, որոնք դպրոցի սաները ստացել էին «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում «Պատանի երաժիշտ կատարողների» Լոռու մարզային փառատոնին լավագույնս ներկայանալու համար, հանձնեց տաղանդաշատ աշակերտներին:

Գարունը, իսկապես, նոր կյանք է վառել։ Թող բարի լինի գարունը բոլորիս։

anush mkrtchyan

Այսօր միայն ծաղիկ ստանալու օր չէ

Արդեն երրորդ անգամն եմ ջնջում ու քանի որ չգիտեմ ինչպես սկսել, արի այսպես էլ թողնենք: Չեմ եկել, որ պատմեմ, թե որքան զբաղված եմ դասերով ու պարապմունքներով, դե ձեռքի հետ էլ հասարակական աշխատանքները հանգիստ չեն թողնում: Հա, հա, ճիշտ ես, ֆուտբոլ էլ եմ հասցնում խաղալ, ուրեմն, հասկացար, թե ինչքան զբաղված եմ:

Եկել եմ, որ  ճանապարհներից խոսենք, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այդ ճանապարհները դարձել են դեպի պարապմունք տանող ճամփաներ: Հա, փաստորեն պարապմունքներից ենք խոսելու:

Չեմ ուզում պատմել այն դժվարությունների մասին, որոնք սովորական են արդեն: Ասենք, շաբաթական 4 օր տաքսով կողքի գյուղ պարապմունքի գնալ ու գալ, մնացած երկու օրը քայլել գյուղի մի ծայրից մյուսը (խոսքը մեր մեջ, դա էդքան էլ ծանր գործ չի), ու միայն ուրբաթ օրերին կարողանալ ցերեկը քնել ու հասկանալ, որ մաման չի արթնացնելու ու ասելու.

-Ուշանալու ես  պարապմունքից:

Չեմ եկել, որ կրթական համակարգի բացերից խոսենք, որ  ես բողոքեմ ավագ դպրոցից, որովհետև միևնույնն է, կրկնուսույցի մոտ եմ գնալու: Չեմ եկել, որ ասեմ, թե  ինչքան եմ հոգնել, երբ ամեն անգամ այն հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ՝ «դիվանագետ» պատասխանը տալուց հետո քանի ժամ եմ բացատրում դրա իմաստը: Ու չեմ էլ ասի, թե քանի անգամ են ինձ ասել, որ դիպլոմը ձեռքիս նստելու եմ տանը:

Եկել եմ ասելու, որ ինձ համար միևնույնն են նմանատիպ խոսքերը, որ, հա, ես աղջիկ եմ, բայց բանասեր կամ թարգմանիչ չեմ դառնալու: Ինձ համար անընդունելի են «Հայաստանում գործ չկա, եթե կարող եք՝ ուրիշ երկրում ձեր ապագան փնտրեք» տողերը: Որովհետև Հայաստանում ավելի քան ուրիշ տեղ գործ կա, որովհետև լիքը անելու բան կա:

Արդեն կապ չունի՝ ինչի համար եմ եկել, բայց արի պայմանավորվենք, որ ես հաջորդ անգամ  իրոք ճամփաներից կխոսեմ, ու գլուխդ չեմ տանի ծեծված թեմաներով:

Հ.Գ.  Ձեռքի հետ էլ շնորհավոր էն բոլոր կանանց ու աղջիկների տոնը, ովքեր գիտեն, որ Մարտի 8 -ը ծաղիկ ստանալու օր չի միայն, այլ  իրենց իրավունքներն ու  արժեքները հասարակության մեջ  բարձրաձայնելու օր:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Երջանիկ լինելու իրավունքը

1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության նախաձեռնությամբ կանայք ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով իրավահավասարություն։ Հենց այդ օրվանից էլ կանայք սկսեցին պայքարել իրենց իրավունքների, տղամարդկանց հետ նույն աշխատանքի դիմաց նույն աշխատավարձն ստանալու ու լիիրավ քաղաքացիներ դառնալու համար։ Դե, այդ պատճառով էլ մարտի 8-ը ճանաչվեց կանանց միջազգային օր։ Հետագայում՝ կապված տարբեր պատմական իրադարձությունների հետ, տարբեր երկրներում տարբեր օրերի էին նշում կանանց տոնը՝ մարտի 19-ին, փետրվարի 28-ին։ Իսկ ամենալավ տարբերակը գտել են, իհարկե, հայերը։ Մենք նշում ենք Մայրության տոնը ապրիլի 7-ին, Ավետման տոնին,  և որոշել ենք կանանց նվիրել մի ամբողջ ամիս, այլ ոչ թե օր։ Դե, իհարկե, ամենալավ լուծումն էլ սա է: Չէ՞ որ սիրած մարդկանց միայն մեկ օր կամ մեկ ամիս չէ, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել։ Այսպիսով, մարտի 8-ը կանանց իրավունքների օրն է, իսկ ամենակարևոր իրավունքը կնոջ համար՝ երջանիկ լինելու իրավունքն է, որովհետև դա իր մեջ ներառում է մնացած բոլորը։

Շնորհավորում ենք բոլոր կանանց երջանիկ լինելու իրավունքը, և մաղթում, որ ոչ մեկի այդ իրավունքը և ոչ մի վայրկյան խախտված չլինի։

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

 

sona mkhitaryan

Ակնալիճ գյուղի մարտի 8-ը

Ուզում եմ պատմել մեր գյուղի կանանց մտածմունքի մասին տոն օրերին: Լսելով նրանց խոսակցությունը, չես կարող անտարբեր անցնել: Հիմա կանանց մի մասը գեղեցկության սրահներում են, մի մասը տանը իրենց նվեր ստացած ծաղիկներն են ծաղկամանի մեջ դնում, իսկ մյուս մասը դրսում արևի տակ, քարին նստած մտածում է, թե պարտքերը ոնց է փակելու, երբ է դաշտի աշխատանքները սկսվելու և նման շատ այլ բաներ:

-Էս ծխելու օրենքն էլ հանեցին, էլի չպրծանք: Իմ մարդը շատ-շատ ա ծխում: Ամսեկան 60 հազարից ավել գնում ա էդ պապիրոսի վրա: Մեր գրպանը կծակե՞ր էդ փողը: Օֆ, չգիտեմ: Երեկ տղես էր զանգել (ծառայության մեջ է գտնվում Մատաղիսում), ասում եմ` ո՞նց ես, հա ասում ա՝ լավ եմ, լավ, բայց հազում էր: Երեխուս վրա իլլաջ չկար: Ես էդ զգում էի, հիվանդ էր (այդ ասելով`փորձում էր զսպել արցունքները, բայց արևի լույսը մատնում էր՝պսպղացնելով դրանք):

-Դե հիմա ոչինչ, օդ ա փոխել, ընդեղ ցուրտ էլ ա, առավոտները էդ ցրտին վազելուց ա մրսել, երևի: Կդզվի, հո տենց չի՞ մնա (փորձում էր հանգստացնել նրան հարևանուհիներից մեկը):

Փողոց մտավ առևտրականի մեքենա, որին պարտք էր նստած կանանցից մեկը: Հասավ նրանց, կանգնեց.

-Հը՞, չունե՞ս:

-Չէ, Վազգեն ջան: Մնա՝ թոշակին (մեքենան գնաց): Օֆ, էսքան տունը նստել կլինի՞: Երբ ա էս դաշտի գործերը բացվելու: Թոշակին մի հատ տենամ կարա՞մ ինձ լաթիկ առնեմ՝ դաշտի մեջ հագնելու համար, սրանք լրիվ հալից ընկել են:

-Հա, քեզ մարտի 8-ի նվեր արա (ասաց մայրս):

-Հա՜, բախտավոր ինձ: Մի տարի եմ մարտի 8-ին լավ նվեր ստացել` ոսկու կոմպլեկտ, վարկով առած էր, տարանք գրավ դրեցինք, գնաց, կորավ:

Կանանց մի մասը իր հոգսաշատ մարտի 8-ը նշում է այսպես:

Մայրս նման է…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Անվանա Բաղդասարյանը ծնվել է Մալիշկա գյուղում: 1958-ից 1968 թվականներին սովորել է Մալիշկայի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո անցել է աշխատանքի Ջերմուկի ջրերի գործարանում որպես բանվորուհի:

-Ես երկու տարի Ջերմուկի ջրերի գործարանում աշխատելուց հետո տեղափոխվեցի Գորիս՝ ուսումս շարունակելու: Մեծ ցանկություն ունեի Պատմության և Փիլիսոփայության ֆակուլտետ ընդունվելու, բայց ստացվեց այնպես, որ ընդունվեցի Գորիսի գյուղտեխնիկումը: Սովորելուն զուգընթաց գրել եմ  բանաստեղծություններ, պատմվածքներ, որոնք լույս են տեսել Եղեգնաձորի «Վերելք» թերթում:
Ավարտելով գյուղտեխնիկումը, ստացա ագրոնոմ կազմակերպչի որակավորում: Ավարտելուց հետո վերադարձա Մալիշկա, այդ ընթացքում մի քանի առաջարկ ստացա գյուղերում բրիգադիր, գյուղատնտես աշխատելու համար, սակայն ծնողներս թույլ չտվեցին:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Անսպասելի աշխատանքի առաջարկ ստացա Եղեգնաձորի պրոֆտեխուսումնարանից: Ընդունելով առաջարկը ես աշխատանքի անցա ուսումնարանում: Եվ այսպես ութ տարի շարունակ ես դասավանդեցի ուսումնարանում: Աշխատելու տարիների ընթացքում շարունակեցի իմ ստեղծագործական գործունեությունը, «Վերելք» թերթի խմբագրությանը նյութեր, հոդվածներ էի ուղարկում տարբեր մարդկանց կյանքի, աշխատանքի և այլնի մասին:
90-ականների ցուրտ ու մութ տարիները մեծ հետք թողեցին մարդկանց կյանքի վրա: Այդ ընթացքում տրանսպորտի բացակայության պատճառով ուսանողները չէին կարողանում գալ դասերի, և այդ պատճառով խմբերը փակվեցին: Ես ցավ էի զգում՝ տեսնելով, թե ինչպես հարյուրավոր լավ սովորող երեխաներ զրկվում են սովորելու հնարավորությունից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Այդ տարիներին ես նույնպես կորցրի իմ աշխատանքը և սկսեցի աշխատել Մալիշկա գյուղի մեր տնամերձ հողամասում: Շատ էի սիրում ծաղիկներ մշակել, այդ իսկ պատճառով սկսեցի այգում տարբեր տեսակի ծաղիկներ աճեցնել, նաև բերքատու ծառեր տնկեցի:
Սիրում եմ գարունը իր կանաչապատ դաշտերով ու ծաղկած ծաղիկներով: Պահ է գալիս, որ մտքով նորից սկսում եմ ստեղծագործել, բայց գրի չեմ առնում:
Ես մինչ օրս շարունակում եմ մշակել մեր տնամերձ հողամասը, ամեն տարի մի քանի նոր տնկի եմ այգում ավելացնում: Եվ դեռ քանի ապրում եմ, դա ինձ համար հաճելի զբաղմունք կմնա:
Այսօր անձրև է գալիս, անձրևի կաթիլները ծառի ճյուղերից սահելով իջնում են ցած, հողը սիրում է անձրևի խոնավությունը զգալ: Ակամա հիշում եմ իմ մանկությունը, որ լի էր ուրախությամբ: Հիշում եմ իմ առաջին գրած քառատողը.

Հայրս նման է
Մի վարար գետի,
Իսկ մայրս անտես,
Փոթորկվող ծովի…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հիմա ծնողներս չկան, և այդ քառատողը ոչ միայն իմ առաջին ստեղծագործությունն է եղել, այլ մինչ օրս դաջվել է իմ հիշողության ծալքերում:

Ինչպես է գալիս գարունը

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Գարնան առաջին օրդ շնորհավոր:

-Ավելի լավ ա՝ չշնորհավորես,- ասացի ես:

-Ինչի՞:

-Երկու օր ա՝ աչքերս քոր են գալիս:

-Ալերգիա՞:

-Հա:

Արդեն գարուն է: Իմ աչքերը հասցրել են ուռել և բավականին կարմրել: Գարունը հիանալի եղանակ է:

-Բա ձեր տղաներն ինչո՞ւ ձեզ վարդեր չեն նվիրել մարտի 8-ի առթիվ:

-Ավելի լավ ա՝ չնվիրեն,- ասացի ես:

-Ինչի՞:

-Չեմ սիրում վարդեր, ալերգիա ունեմ:

Գարունը շատ լավ եղանակ է:

-Հափչի, հափչի, հա… փչի…

-Հեսա բոլորս կհիվանդանանք:

-Ալերգիա ա:

Չէ, գարունը հաստատ իմ սիրած եղանակն է:

Տատս գեղեցկացնում է մեզ…

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Տատիս՝ Ռոզան, գանգուր վարսերով, սևակ ու անչափ գեղեցիկ է: Նա այնքան աշխատասեր է, որ ձանձրանում է միայն պարապ-սարապ մնալուց: Միշտ զարմանում է, թե ինչպես կարելի է գործ չանել ու հոգնել: Ասում են, որ տատիկները շատ կարևոր դեր ունեն թոռների կյանքում, նաև յուրահատուկ կապ կա: Տատս հենց այդպիսին է: Նա յուրահատուկ տանտիկին է, մայր ու լավագույն տատը: Նրա խոսքն ու լինելն ուղղակի անհրաժեշտ է բոլորիս: Տատս ուրիշ է:
1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Այստեղ արդեն դպրոց էր կառուցվում, մարդիկ տուն ու տեղ էին դնում: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները: Ամռան եռուզեռին, ոտքով հասնում էին հեռավոր այգիներ, թութ թափում, որ օղի քաշեն: Մայրս միշտ հիշում է, թե ինչպես էր տատս ամեն գործ ժամանակին հասցնում և չորս երեխաներին մաքուր ու դասապատրաստված դպրոց ուղարկում: Խելացի տատիս հետ երբեք չես ձանձրանա: Մի անգամ միասին դաշտ գնացինք թեյի ծաղիկներ հավաքելու: Ես, ինչպես միշտ, գնացել էի լուսանկարվելու համար, բայց տատիս հետ երիցուկներ հավաքեցի ու ինձնից գոհ հետ վերադարձա: Իսկ տատս… Տատս այնքան ծաղիկներ էր հավաքել, որ Ռուսաստանի բոլոր բարեկամներին էլ բաժին հասավ: Հետո նաև թութ թափ տալու աշխատանքներին մասնակից դարձա: Ու այդպես էլ սկսեցի հասկանալ գյուղում ապրող մարդու աշխատանքի գինը, կնոջ կյանքի բոլոր դժվար ու նաև հաճելի կողմերը: Հեշտ չէ ապրել ու շենացնել գյուղում ապրող մեծ ընտանիքի տունը, որտեղ հյուրերն անպակաս էին:
Տատիկս շատերի համար է իդեալական կնոջ օրինակ: Եվ իր նվիրվածության պտուղները կարելի է տեսնել ճիշտ դաստիարակված երեխաների ու թոռների մեջ: Նա յուրաքանչյուրիս հաջողությամբ այնպես է ուրախանում և ոգևորում, որ պարտավոր ենք առաջ նայել ու ավելիին հասնել: Իսկ թե ինչպիսի խոհարար է Ռոզա տատիկը, պատմելու բան չէ: Նրա պատրաստած չամիչով փլավը, խաշիլն ու տոլման ուրիշ համ ու հոտ ունեն: Երբ իրար գլուխ ենք հավաքվում, տատս մառանից միրգ ու կոմպոտ է բերում, փոխինձով կոլոլակ պատրաստում: Վայ, չուտողին:
Դժվար է գրել իդեալական կնոջ մասին, երբ նա այնքան համեստ է: Չես կարող բառերով նկարագրել նրա կյանքով լիքը աչքերի ու ամենաբարի ժպիտի մասին: Նա անվերջ լավագույնն է անում բոլորիս համար՝ իր խորհուրդներով, օրինակելի պահվածքով ու պարզապես մեր կողքին լինելով: Նրան պետք է սիրել ու հարգել, մեզնով հպարտանալու առիթներ շատ տալ, միշտ շնորհակալ լինել:

Շնորհավո՜ր իմ ամենատատիկի միամսյակը և ամեն օրը: Շնորհավո՜ր բոլոր կանանց և աղջիկների տոնը: