anush mkrtchyan

Այսօր միայն ծաղիկ ստանալու օր չէ

Արդեն երրորդ անգամն եմ ջնջում ու քանի որ չգիտեմ ինչպես սկսել, արի այսպես էլ թողնենք: Չեմ եկել, որ պատմեմ, թե որքան զբաղված եմ դասերով ու պարապմունքներով, դե ձեռքի հետ էլ հասարակական աշխատանքները հանգիստ չեն թողնում: Հա, հա, ճիշտ ես, ֆուտբոլ էլ եմ հասցնում խաղալ, ուրեմն, հասկացար, թե ինչքան զբաղված եմ:

Եկել եմ, որ  ճանապարհներից խոսենք, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այդ ճանապարհները դարձել են դեպի պարապմունք տանող ճամփաներ: Հա, փաստորեն պարապմունքներից ենք խոսելու:

Չեմ ուզում պատմել այն դժվարությունների մասին, որոնք սովորական են արդեն: Ասենք, շաբաթական 4 օր տաքսով կողքի գյուղ պարապմունքի գնալ ու գալ, մնացած երկու օրը քայլել գյուղի մի ծայրից մյուսը (խոսքը մեր մեջ, դա էդքան էլ ծանր գործ չի), ու միայն ուրբաթ օրերին կարողանալ ցերեկը քնել ու հասկանալ, որ մաման չի արթնացնելու ու ասելու.

-Ուշանալու ես  պարապմունքից:

Չեմ եկել, որ կրթական համակարգի բացերից խոսենք, որ  ես բողոքեմ ավագ դպրոցից, որովհետև միևնույնն է, կրկնուսույցի մոտ եմ գնալու: Չեմ եկել, որ ասեմ, թե  ինչքան եմ հոգնել, երբ ամեն անգամ այն հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ՝ «դիվանագետ» պատասխանը տալուց հետո քանի ժամ եմ բացատրում դրա իմաստը: Ու չեմ էլ ասի, թե քանի անգամ են ինձ ասել, որ դիպլոմը ձեռքիս նստելու եմ տանը:

Եկել եմ ասելու, որ ինձ համար միևնույնն են նմանատիպ խոսքերը, որ, հա, ես աղջիկ եմ, բայց բանասեր կամ թարգմանիչ չեմ դառնալու: Ինձ համար անընդունելի են «Հայաստանում գործ չկա, եթե կարող եք՝ ուրիշ երկրում ձեր ապագան փնտրեք» տողերը: Որովհետև Հայաստանում ավելի քան ուրիշ տեղ գործ կա, որովհետև լիքը անելու բան կա:

Արդեն կապ չունի՝ ինչի համար եմ եկել, բայց արի պայմանավորվենք, որ ես հաջորդ անգամ  իրոք ճամփաներից կխոսեմ, ու գլուխդ չեմ տանի ծեծված թեմաներով:

Հ.Գ.  Ձեռքի հետ էլ շնորհավոր էն բոլոր կանանց ու աղջիկների տոնը, ովքեր գիտեն, որ Մարտի 8 -ը ծաղիկ ստանալու օր չի միայն, այլ  իրենց իրավունքներն ու  արժեքները հասարակության մեջ  բարձրաձայնելու օր:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Երջանիկ լինելու իրավունքը

1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության նախաձեռնությամբ կանայք ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով իրավահավասարություն։ Հենց այդ օրվանից էլ կանայք սկսեցին պայքարել իրենց իրավունքների, տղամարդկանց հետ նույն աշխատանքի դիմաց նույն աշխատավարձն ստանալու ու լիիրավ քաղաքացիներ դառնալու համար։ Դե, այդ պատճառով էլ մարտի 8-ը ճանաչվեց կանանց միջազգային օր։ Հետագայում՝ կապված տարբեր պատմական իրադարձությունների հետ, տարբեր երկրներում տարբեր օրերի էին նշում կանանց տոնը՝ մարտի 19-ին, փետրվարի 28-ին։ Իսկ ամենալավ տարբերակը գտել են, իհարկե, հայերը։ Մենք նշում ենք Մայրության տոնը ապրիլի 7-ին, Ավետման տոնին,  և որոշել ենք կանանց նվիրել մի ամբողջ ամիս, այլ ոչ թե օր։ Դե, իհարկե, ամենալավ լուծումն էլ սա է: Չէ՞ որ սիրած մարդկանց միայն մեկ օր կամ մեկ ամիս չէ, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել։ Այսպիսով, մարտի 8-ը կանանց իրավունքների օրն է, իսկ ամենակարևոր իրավունքը կնոջ համար՝ երջանիկ լինելու իրավունքն է, որովհետև դա իր մեջ ներառում է մնացած բոլորը։

Շնորհավորում ենք բոլոր կանանց երջանիկ լինելու իրավունքը, և մաղթում, որ ոչ մեկի այդ իրավունքը և ոչ մի վայրկյան խախտված չլինի։

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը՝ Մարինե Նիկողոսյանի

 

sona mkhitaryan

Ակնալիճ գյուղի մարտի 8-ը

Ուզում եմ պատմել մեր գյուղի կանանց մտածմունքի մասին տոն օրերին: Լսելով նրանց խոսակցությունը, չես կարող անտարբեր անցնել: Հիմա կանանց մի մասը գեղեցկության սրահներում են, մի մասը տանը իրենց նվեր ստացած ծաղիկներն են ծաղկամանի մեջ դնում, իսկ մյուս մասը դրսում արևի տակ, քարին նստած մտածում է, թե պարտքերը ոնց է փակելու, երբ է դաշտի աշխատանքները սկսվելու և նման շատ այլ բաներ:

-Էս ծխելու օրենքն էլ հանեցին, էլի չպրծանք: Իմ մարդը շատ-շատ ա ծխում: Ամսեկան 60 հազարից ավել գնում ա էդ պապիրոսի վրա: Մեր գրպանը կծակե՞ր էդ փողը: Օֆ, չգիտեմ: Երեկ տղես էր զանգել (ծառայության մեջ է գտնվում Մատաղիսում), ասում եմ` ո՞նց ես, հա ասում ա՝ լավ եմ, լավ, բայց հազում էր: Երեխուս վրա իլլաջ չկար: Ես էդ զգում էի, հիվանդ էր (այդ ասելով`փորձում էր զսպել արցունքները, բայց արևի լույսը մատնում էր՝պսպղացնելով դրանք):

-Դե հիմա ոչինչ, օդ ա փոխել, ընդեղ ցուրտ էլ ա, առավոտները էդ ցրտին վազելուց ա մրսել, երևի: Կդզվի, հո տենց չի՞ մնա (փորձում էր հանգստացնել նրան հարևանուհիներից մեկը):

Փողոց մտավ առևտրականի մեքենա, որին պարտք էր նստած կանանցից մեկը: Հասավ նրանց, կանգնեց.

-Հը՞, չունե՞ս:

-Չէ, Վազգեն ջան: Մնա՝ թոշակին (մեքենան գնաց): Օֆ, էսքան տունը նստել կլինի՞: Երբ ա էս դաշտի գործերը բացվելու: Թոշակին մի հատ տենամ կարա՞մ ինձ լաթիկ առնեմ՝ դաշտի մեջ հագնելու համար, սրանք լրիվ հալից ընկել են:

-Հա, քեզ մարտի 8-ի նվեր արա (ասաց մայրս):

-Հա՜, բախտավոր ինձ: Մի տարի եմ մարտի 8-ին լավ նվեր ստացել` ոսկու կոմպլեկտ, վարկով առած էր, տարանք գրավ դրեցինք, գնաց, կորավ:

Կանանց մի մասը իր հոգսաշատ մարտի 8-ը նշում է այսպես:

Մայրս նման է…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Անվանա Բաղդասարյանը ծնվել է Մալիշկա գյուղում: 1958-ից 1968 թվականներին սովորել է Մալիշկայի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո անցել է աշխատանքի Ջերմուկի ջրերի գործարանում որպես բանվորուհի:

-Ես երկու տարի Ջերմուկի ջրերի գործարանում աշխատելուց հետո տեղափոխվեցի Գորիս՝ ուսումս շարունակելու: Մեծ ցանկություն ունեի Պատմության և Փիլիսոփայության ֆակուլտետ ընդունվելու, բայց ստացվեց այնպես, որ ընդունվեցի Գորիսի գյուղտեխնիկումը: Սովորելուն զուգընթաց գրել եմ  բանաստեղծություններ, պատմվածքներ, որոնք լույս են տեսել Եղեգնաձորի «Վերելք» թերթում:
Ավարտելով գյուղտեխնիկումը, ստացա ագրոնոմ կազմակերպչի որակավորում: Ավարտելուց հետո վերադարձա Մալիշկա, այդ ընթացքում մի քանի առաջարկ ստացա գյուղերում բրիգադիր, գյուղատնտես աշխատելու համար, սակայն ծնողներս թույլ չտվեցին:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Անսպասելի աշխատանքի առաջարկ ստացա Եղեգնաձորի պրոֆտեխուսումնարանից: Ընդունելով առաջարկը ես աշխատանքի անցա ուսումնարանում: Եվ այսպես ութ տարի շարունակ ես դասավանդեցի ուսումնարանում: Աշխատելու տարիների ընթացքում շարունակեցի իմ ստեղծագործական գործունեությունը, «Վերելք» թերթի խմբագրությանը նյութեր, հոդվածներ էի ուղարկում տարբեր մարդկանց կյանքի, աշխատանքի և այլնի մասին:
90-ականների ցուրտ ու մութ տարիները մեծ հետք թողեցին մարդկանց կյանքի վրա: Այդ ընթացքում տրանսպորտի բացակայության պատճառով ուսանողները չէին կարողանում գալ դասերի, և այդ պատճառով խմբերը փակվեցին: Ես ցավ էի զգում՝ տեսնելով, թե ինչպես հարյուրավոր լավ սովորող երեխաներ զրկվում են սովորելու հնարավորությունից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Այդ տարիներին ես նույնպես կորցրի իմ աշխատանքը և սկսեցի աշխատել Մալիշկա գյուղի մեր տնամերձ հողամասում: Շատ էի սիրում ծաղիկներ մշակել, այդ իսկ պատճառով սկսեցի այգում տարբեր տեսակի ծաղիկներ աճեցնել, նաև բերքատու ծառեր տնկեցի:
Սիրում եմ գարունը իր կանաչապատ դաշտերով ու ծաղկած ծաղիկներով: Պահ է գալիս, որ մտքով նորից սկսում եմ ստեղծագործել, բայց գրի չեմ առնում:
Ես մինչ օրս շարունակում եմ մշակել մեր տնամերձ հողամասը, ամեն տարի մի քանի նոր տնկի եմ այգում ավելացնում: Եվ դեռ քանի ապրում եմ, դա ինձ համար հաճելի զբաղմունք կմնա:
Այսօր անձրև է գալիս, անձրևի կաթիլները ծառի ճյուղերից սահելով իջնում են ցած, հողը սիրում է անձրևի խոնավությունը զգալ: Ակամա հիշում եմ իմ մանկությունը, որ լի էր ուրախությամբ: Հիշում եմ իմ առաջին գրած քառատողը.

Հայրս նման է
Մի վարար գետի,
Իսկ մայրս անտես,
Փոթորկվող ծովի…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հիմա ծնողներս չկան, և այդ քառատողը ոչ միայն իմ առաջին ստեղծագործությունն է եղել, այլ մինչ օրս դաջվել է իմ հիշողության ծալքերում:

Ինչպես է գալիս գարունը

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Գարնան առաջին օրդ շնորհավոր:

-Ավելի լավ ա՝ չշնորհավորես,- ասացի ես:

-Ինչի՞:

-Երկու օր ա՝ աչքերս քոր են գալիս:

-Ալերգիա՞:

-Հա:

Արդեն գարուն է: Իմ աչքերը հասցրել են ուռել և բավականին կարմրել: Գարունը հիանալի եղանակ է:

-Բա ձեր տղաներն ինչո՞ւ ձեզ վարդեր չեն նվիրել մարտի 8-ի առթիվ:

-Ավելի լավ ա՝ չնվիրեն,- ասացի ես:

-Ինչի՞:

-Չեմ սիրում վարդեր, ալերգիա ունեմ:

Գարունը շատ լավ եղանակ է:

-Հափչի, հափչի, հա… փչի…

-Հեսա բոլորս կհիվանդանանք:

-Ալերգիա ա:

Չէ, գարունը հաստատ իմ սիրած եղանակն է:

Տատս գեղեցկացնում է մեզ…

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Տատիս՝ Ռոզան, գանգուր վարսերով, սևակ ու անչափ գեղեցիկ է: Նա այնքան աշխատասեր է, որ ձանձրանում է միայն պարապ-սարապ մնալուց: Միշտ զարմանում է, թե ինչպես կարելի է գործ չանել ու հոգնել: Ասում են, որ տատիկները շատ կարևոր դեր ունեն թոռների կյանքում, նաև յուրահատուկ կապ կա: Տատս հենց այդպիսին է: Նա յուրահատուկ տանտիկին է, մայր ու լավագույն տատը: Նրա խոսքն ու լինելն ուղղակի անհրաժեշտ է բոլորիս: Տատս ուրիշ է:
1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Այստեղ արդեն դպրոց էր կառուցվում, մարդիկ տուն ու տեղ էին դնում: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները: Ամռան եռուզեռին, ոտքով հասնում էին հեռավոր այգիներ, թութ թափում, որ օղի քաշեն: Մայրս միշտ հիշում է, թե ինչպես էր տատս ամեն գործ ժամանակին հասցնում և չորս երեխաներին մաքուր ու դասապատրաստված դպրոց ուղարկում: Խելացի տատիս հետ երբեք չես ձանձրանա: Մի անգամ միասին դաշտ գնացինք թեյի ծաղիկներ հավաքելու: Ես, ինչպես միշտ, գնացել էի լուսանկարվելու համար, բայց տատիս հետ երիցուկներ հավաքեցի ու ինձնից գոհ հետ վերադարձա: Իսկ տատս… Տատս այնքան ծաղիկներ էր հավաքել, որ Ռուսաստանի բոլոր բարեկամներին էլ բաժին հասավ: Հետո նաև թութ թափ տալու աշխատանքներին մասնակից դարձա: Ու այդպես էլ սկսեցի հասկանալ գյուղում ապրող մարդու աշխատանքի գինը, կնոջ կյանքի բոլոր դժվար ու նաև հաճելի կողմերը: Հեշտ չէ ապրել ու շենացնել գյուղում ապրող մեծ ընտանիքի տունը, որտեղ հյուրերն անպակաս էին:
Տատիկս շատերի համար է իդեալական կնոջ օրինակ: Եվ իր նվիրվածության պտուղները կարելի է տեսնել ճիշտ դաստիարակված երեխաների ու թոռների մեջ: Նա յուրաքանչյուրիս հաջողությամբ այնպես է ուրախանում և ոգևորում, որ պարտավոր ենք առաջ նայել ու ավելիին հասնել: Իսկ թե ինչպիսի խոհարար է Ռոզա տատիկը, պատմելու բան չէ: Նրա պատրաստած չամիչով փլավը, խաշիլն ու տոլման ուրիշ համ ու հոտ ունեն: Երբ իրար գլուխ ենք հավաքվում, տատս մառանից միրգ ու կոմպոտ է բերում, փոխինձով կոլոլակ պատրաստում: Վայ, չուտողին:
Դժվար է գրել իդեալական կնոջ մասին, երբ նա այնքան համեստ է: Չես կարող բառերով նկարագրել նրա կյանքով լիքը աչքերի ու ամենաբարի ժպիտի մասին: Նա անվերջ լավագույնն է անում բոլորիս համար՝ իր խորհուրդներով, օրինակելի պահվածքով ու պարզապես մեր կողքին լինելով: Նրան պետք է սիրել ու հարգել, մեզնով հպարտանալու առիթներ շատ տալ, միշտ շնորհակալ լինել:

Շնորհավո՜ր իմ ամենատատիկի միամսյակը և ամեն օրը: Շնորհավո՜ր բոլոր կանանց և աղջիկների տոնը:

ella mnacakanyan yerevan

Մարտի 1-ի մասին՝ ուշացած

Անցած տարվա մարտի 1-ն ահագին ուշացած ժամանեց, չէ՞: Այսօրվա նման հիշում եմ, որ անցած տարվա մարտի 1-ին՝ արթնանալուն պես, թռչկոտելով մոտեցա սենյակիս պատուհանին՝ հոգուս խորքում թաքուն մի հույս փայփայելով, թե ձյունը հալված կլինի, ու վերջապես արևը կշողա: Բայց դե, հա՛, ճի՛շտ է, իմ 16 ու կես տարվա (այդ ժամանակ) կարճլիկ կյանքի ընթացքում պիտի առնվազն հասկացած լինեի, որ օրացույցի ամսաթիվը շատ քիչ ու անզոր է բնության քմահաճույքների առջև և որ, առհասարակ, թվերը չափից դուրս քիչ բան են նշանակում էս խուճուճ կյանքում: Հիմա արդեն 17 ու կես եմ ու կարծես արդեն հասկացել եմ այդ պարզ ճշմարտությունը: Բայց, միևնույնն է, երբեք չեմ մոռանա այն հիասթափությունը, երբ գարնան առաջին օրը մոտեցա պատուհանին ու տեսա գրեթե մոխրագույն սառցակտորի վերածված ձյուն ու հազիվ թափանցելի մառախուղ՝ պայծառ արևի ու ծիլ տված կանաչի փոխարեն: Չնայած դրան՝ արդարացի լինելով պիտի ասեմ, որ այս տարի գարունը քավեց իր մեղքերն ու եկավ բավականին շուտ՝ առանց օրացույցի թվերին ուշադրություն դարձնելու (կարծես ինքն էլ է վերջապես ընկալել թվերի՝ աննշան լինելու պարզ ճշմարտությունը): Այս անգամ գարունը շեղվեց իր սովորական հունից, մինչդեռ ես, իհարկե, անդավաճան եմ իմ սկզբունքներին՝ գրում եմ մարտի 1-ի մասին՝ ինչպես միշտ ուշացած:

Նկատե՞լ եք՝ մարտի 1-ն ինչքան բազմազան ու ոչ միանշանակ է ընդունվում մեր հասարակության կողմից: Շատերը խոսում են գարնան առաջին օրվա մասին, շնորհավորում, ժպտում, մյուսները 2008-ի մարտիմեկյան արյունալի դեպքերն են հիշեցնում ու հիշում, ոմանք էլ, ասենք, Պոլիտեխնիկի «ծնունդը»: Նրանք վիճում են իրար հետ՝ մարտի 1-ը որպես տոն կամ սգո օր նշելու համար, քննարկում ու քննադատում իրար՝ անձամբ կամ վիրտուալ հրապարակումներով (իմիջիայլոց, սովորականի նման) ու մոռանում, որ, ա՜խր, դրսում գարուն է. պետք է դրական լիցքերով լցվել ի վերջո:
Ես մարտիմեկյան դեպքերը գրեթե չեմ հիշում: Անկեղծ: Շատ աղոտ ինչ-որ խուճապ ու տանկեր միայն՝ հեռուստացույցով տեսած: Ու չեմ էլ հասկանում իմ այն հասակակիցներին, ովքեր ասում են, թե հիշում են այդ օրը ու սուր վերլուծական մեկնաբանություններ թողնում մի հարցի շուրջ, որի ժամանակ 7-8 տարեկան հազիվ թե եղած լինեն ու դեպքերին ուշի ուշով հետևած լինելու դեպքում անգամ չէին կարող ընկալել կատարվածը:
Ինչևէ, նրանք վիճում են ու վիճում, իսկ ես հետևում եմ այդ ամենին՝ Երևանի տաքուկ անկյուններից մեկում վայելելով իմ մի բաժակ թեյը, երևի որովհետև անկուշտի նման կլանել եմ գարնանային թարմ օդն ու մեծ հոսքի պատճառով այն կանգնել է կոկորդիս, ցավեցնում է։ Ու երևի դրա համար եմ ամեն կումիս հետ հույս փայփայում, որ այսուհետ գարնանային թարմ օդը կլինի մաքուր՝ առանց տանկերի ու արյունահեղությունների բույրի…

sona mkhitaryan

Հայրս

Գարուն 

Ապրիլից հայրս գնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ես ու մայրս կարոտում ենք նրան, երբ գնում է, իսկ մյուս կողմից 2 քույրերս են շատ ուրախանում, երբ հայրս գնում է իրենց մոտ: Մեր սիրտը հանգիստ է այնքանով, որ այդ «օտարություն» ասվածը այդքան էլ այդպես չէ, երբ երեխաներդ են հագուստդ լվանում, արդուկում, քեզ կերակրում: Երբ դասից գալիս եմ, հարցնում եմ մայրիկիս.

-Մամ, զանգե՞լ ա պապան:

-Չէ հլը, Լիանի հետ եմ խոսել մենակ:

Հայրս ցերեկները մեկ-մեկ է զանգում մայրիկիս, հիմնականում երեկոյան է զանգում՝ սքայփով, որ ես տանը լինեմ, որ ինձ տեսնի:

-Պապ, բարև:

-Բարև, ցավդ տանեմ: Ո՞նց ես:

-Լավ եմ, դու քեզանից ասա:

-Ոչինչ, լավ: Դասերդ լա՞վ ա:

-Հա, լավ ա, պապ։

Էսպես մինչև ամառ:

-Բալես, դե քեզ ինչ պետք ա, կգնաս, կառնես:

-Հա, պապ:

-Մորդ չլսես, ինչ ուզես՝ կառնես:

-Հա, հա,- ծիծաղելով պատասխանում եմ ես։

Իրականում, երբ հայրս գումար էր ուղարկում, քույրիկներիս հետ խոսում էի, որ պապային տանեին իրեն հագուստ առնելու, թե չէ հայրս իրեն չի գնի: Հայրս միակն է ինձ համար: Ինձ ոչնչից չզրկելու համար գիշերն անցկացրել է խոնավ սենյակում, ծանր բեռներ է բարձրացրել, ավելացրել է իր ճակատի կնճիռների քանակը, ավելացրել է սպիտակ մազերի քանակը:

Աշուն 

-Դո՞ւ էլ ես հոպարի հետ գալու օդանավակայան:

-Հա, պապ, անպայման:

-Բա դասի՞ չես:

-Դա կապ չունի, ես քեզ կարոտել եմ…

Meri Muradyan

Երկու տարի «Մանանայի» հետ

Մեզնից յուրաքանչյուրը ինչ-որ բանի մասնիկն է կազմում՝ մեր ընկերների, մեր ընտանիքի: Ես և իմ նման շատերը հավելել ենք այս շարքը և դարձել ավելի մեծ ընտանիքի մի փոքր մասնիկը: Հետաքրքրե՞ց, թե որն է այդ ընտանիքը: Այդ մեծ ընտանիքը մենք կոչում ենք «Մանանա»:

Արդեն երկու տարի: Կյանքիս լավագույն պահերից շատերը կապվում են «Մանանայի» հետ:
Եթե այս պատմությունը լսել կամ կարդացել եք, ապա կարդացեք ևս մեկ անգամ, այն ձեզ շատ բան կտա:
Սկսեմ սկզբից: Մեզ ասացին, որ շաբաթ oրը պետք է գնանք դպրոց: Իրականում ես չէի ուզում գնալ, քանի որ ուզում էի քնել, բայց, դե ինչ արած, գնացի: Պարզվեց մենք հանդիպելու ենք «Մանանայի» թիմի հետ: Նշեմ, որ մեզ ասել էին, որ եթե գնանք հանդիպմանը, դետեկտիվ կինոներ ենք նկարելու, դե, իհարկե, հասկացաք, որ ոչ թե դետեկտիվ, այլ դոկումենտալ: Շարունակեմ: Շաբաթ առավոտյան արթնացա, դժգոհ դեմքով գնացի դպրոց՝ «դետեկտիվ» կինոներ նկարահանող խմբի հետ հանդիպման: Մի քանի շաբաթ անց զանգեցին «Մանանայից» և ասացին, որ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում մարտի հինգից ութը անց են կացնում գործնական դասընթաց: Այս անգամ մեծ ուրախությամբ համաձայնեցի մասնակցել: Պարզվեց, որ այս որոշումը իմ կյանքում ընդունած որոշումներից ամենակարևորներից մեկն էր:

Արդեն երկու տարի, ու այսքան հրաշալի պահեր, որ կցանկանայի ևս մեկ անգամ ունենալ:

Երբ իմացա, որ ճամբարին մասնակցելու եմ, ուրախությանս չափ չկար: Ասեմ, որ ամեն անգամ, երբ իմանում էի՝ նոր բան է կազմակերպվելու, շունչս պահած սպասում էի, թե երբ են զանգելու ու ասելու, որ ես ընտրված մասնակիցների շարքում եմ:

Վաղուց գիտեի, որ ապրիլին կայանալու է պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունը: Մտածում էի՝ գոնե հրավիրեն: Ես դրանից էլ շատ կուրախանայի, և այդպես էլ եղավ, երբ արդեն հույսս կտրել էի: Անհամբեր սպասում էի ապրիլի 28-ին: Վերջապես եկավ այդ օրը. լիքը մարդիկ, ընկերներ, որոնց երկար ժամանակ չէի տեսել: Երբ սկսվեց մրցանակաբաշխությունը, արդեն ինձ լիակատար ուրախ էի զգում, որովհետև ցանկություններիցս մեկն արդեն իրականացել էր: Բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվել, երբ անունս արդեն հարյուր լավագույնների մեջ էր, իսկ երբ հաղթող ճանաչվեցի կոնկրետ անվանակարգում, չեմ կարող բացատրել, թե ինչքան ուրախ էի: Դա իմ առաջին մեծ հաջողությունն էր և ամենաերջանիկ պահերիցս մեկը: Երբեք չեմ մոռանա այդ օրը, ժամը, պահը:

«Մանանան» ինձ կարճ ժամանակում տվեց այն, ինչին հասելու համար շատերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, իսկ ես արդեն հասել եմ դրան ու առաջ եմ շարժվելու:

Այս երկու տարիների ընթացքում «Մանանան» ինձ տվեց լավագույն ընկերներ, լավագույն պահեր, լավագույն միջավայրը, գիտելիք ու «դետեկտիվ» ֆիլմեր նկարահանելու հնարավորություն:

Ուրախ եմ, որ այդ մեծ ընտանիքի անդամն եմ:

Չմոռանաք կարդալ. փետրվար 2018

Սպասո՞ւմ եք ամսվա ամփոփմանը: Ի՞նչ եք բաց թողել 17-ում փետրվարին, ի՞նչն արժե մեկ անգամ ևս կարդալ, ինչի՞ն են ավելի շատ ուշադրություն դարձրել 17-ի  ընթերցողներն ու խմբագիրները:

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Քանի որ մենք երիտասարդ ենք, բնականաբար, առաջինն սկսում ենք հենց մեզ հուզող հարցերից: Եթե աչքիցդ վրիպել է, ապա խորհուրդ ենք տալիս կարդալ Սարգիս Մելքոնյանի «Մենք, որ մենք ենք» հոդվածը:

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Չենք կարող չնշել Հռիփիմե Եղիազարյանի «Երազանքիցս մի փոքր ուշացած» հոդվածը երիտասարդներին հուզող շատ կարևոր հարցի՝ աշխատանքի փնտրտուքի մասին, որին  բախվում են բուհն ավարտող երիտասարդները:

Աշխատատեղերի կրճատման, գործազրկության թեմաներով է նաև Էմմա Միքայելյանի «Երեք հազար աշխատատե՞ղ» հրապարակումը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի, Լոռու մարզ, գ. Դսեղ

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի, Լոռու մարզ, գ. Դսեղ

Ի դեպ, ուզում ենք հատուկ հիշել մեր թղթակից Օֆելյա Հովհաննիսյանին, ով փետրվարին դուրս եկավ նոր մեկնարկի մի շարք հոդվածներով: Խորհուրդ ենք տալիս կարդալ նրա «Քեզ հետ, թեև առանց քեզ» հոդվածը:

Լուսանկարը` Մերի Անտոնյանի

Լուսանկարը` Մերի Անտոնյանի

Կարդացեք նաև Մարիամ Տոնոյանի «Երիտասարդ քրիստոնյայի աչքերով» շարքի հոդվածները: Մենք շատ ենք ուրախանում, երբ մեր թղթակիցները գտնում են հետաքրքիր թեմաներ և գրում են ոչ թե մեկ հոդված, այն էլ, երբ «մուսան գալիս է», այլ փորձում են խորանալ թեմայի մեջ, և արդյունքում ստեղծվում է հոդվածաշար:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Այդպիսի մի հոդվածաշար ծնվեց փետրվարին մեր երկրի համար ծանր խնդիրներից մեկի մասին, երբ մեր թղթակիցներից շատերը  անդրադարձան եւ դեռ շարունակում են անդրադառնալ արտագաղթի և արտագնա աշխատանքի թեմաներին: Խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ  Թինա Մաքոյանի «Թինչոն մեծանում է առանց ձեզ»Անուշիկ Մկրտչյանի «Մենակ դու չես»Աննա Գասպարյանի «Դառը ապրուստ» հոդվածները:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Ի դեպ, 17-ի ընթերցողներին նաև նոր անակնկալներ են սպասվում: Մենք սկսում ենք նոր խորագիր՝ «Գիտահանրամատչելի», որտեղ հետաքրքիր հոդվածներ եք կարդալու գիտության, մշակույթի, արվեստի և տեխնիկայի մասին: Փետրվարին հրապարակվել է Նելլի Խաչատրյանի «1+1=2, իսկ մնացածը տրամաբանական է» հոդվածը, առաջինը հետաքրքրաշարժ մաթեմատիկայի մասին ձեզ սպասվող հոդվածաշարից:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Համոզված եմ, շատերդ կարդացել եք փետրվարի մեր ամենահավես նյութը՝ Մարիամ Նալբանդյանի «Ազատության էտյուդներ. սեւ, սպիտակ, քիթիկը՝ վարդագույն» մի շնչով կարդացվող պատմությունը: Եթե վրիպել էր ձեր աչքից, ապա հենց հիմա կարդացեք:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Փետրվարի ամենաընթերցված նյութը Մարիամ Բարսեղյանի «Ուր բերում են մտքերդ…»  հարցազրույցն է Վանաձորի «Թեյնիկ» հակասրճարանի հիմնադրի հետ, իսկ ամենադիտվածը՝ Սուրեն Կարապետյանի «Թե ինչպես պապս հանդիպեց տատիս» ֆիլմը:

Դե ինչ, կհանդիպենք արդեն հաջորդ ամիս: Ո՞վ գիտի, միգուցե հաջորդ ամիսն ամփոփելիս քո ուղարկած թղթակցությունն էլ հայտնվի լավագույնների շարքում: