Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Մի գյուղի մասին, որն ապրում է

Ձմռանն իմ գյուղը սառում է, մրսում: Փողոցները դատարկվում են, ձայները լռում: Եթե բախտդ բերի, ու ձմեռը տաք լինի, փողոցում կանգնած կարող ես լսել թռչունների ծլվլոցը, կամ երբեմն տեսնել վազվզող թափառական շների: Հակառակ դեպքում դու պիտի կամ լռության ընկերը դառնաս, կամ՝ թշնամին: Բայց, այնուամենայնիվ, երբեմն դու կլսես դռան ճռռոցը, որովհետև մարդիկ դուրս են գալիս վառելափայտ վերցնելու և ներս են մտնում: Ձմռանն այստեղ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Հարկավոր է միայն տեսնել ծխնելույզից ելնող ծուխը և հասկանալ, որ մարդիկ դեռ մնացել են:

Ձմռանն իմ գյուղը սառում է, մրսում: Այն նաև ամբողջանում է ձմռանը: Ձմռանը մարդիկ չեն լքում Ագարակը, այլ գալիս են նրան ջերմացնելու: Գալիս են հիշողությունների հետևից, երբեմն խենթի նման մտնում մարդկանց տներ, փորձում լրացնել կիսատ թողած զրույցները, փորձում լրացնել այն դատարկությունը, որ առաջացել է դրսում: Մինչդեռ այստեղ առանց նրանց է դատարկություն առաջացել: Կիսատ է մնացել ամեն գործ. անմշակ է մնացել այգին, ծառին է մնացել միրգը, դաշտում է մնացել խոտը: Իսկ տերը… Տերը մնացել է դրսում։

Երբեմն, երբ ինչ-որ միջոցառում է լինում գյուղում, ու նկար եմ հրապարակում սոցցանցերում, մեկնաբանություններում դրսում ապրող ագարակցիները փորձում են հիշել, թե ովքեր են նկարի միջի մարդիկ, որ մի ժամանակ իրենց հարևաններն ու ընկերներն էին: Դեմքի կնճիռներում փորձում են գտնել այն պահերը, որոնք ապրել են միասին փողոցի ամեն անկյունում:

Գյուղս հիշում է, նա ամենալավն է հիշում, թե ինչպես էին նրանք առաջ ֆուտբոլ խաղում, «թռցնում» հարևան այգու ցոգոլները, լողում գետում: Գյուղս հիշում է, թե ինչպես էին նրանք «հալամուլա» և «յոթ քար» խաղում, ինչպես էին ձմռանը սահում բլուրներից ու ինչպես էին գարնանը իրար օգնելով դնում տան հիմնաքարերն ու փորում այգին: Գյուղս հիշում է: Գյուղս դրանով է ապրում: Գյուղս դրանով է գյուղ: Ագարակցին դրանով է ագարակցի:

Բայց և այնպես, իմ գյուղն օր օրի ծաղկում է, ավելի գեղեցիկ ու բարեկարգ է դառնում: Դառնում է ավելի գրավիչ, որովհետև անգամ դրսում գտնվելով՝ ագարակցին պարտքի և պատասխանատվության զգացում ունի իր գյուղի նկատմամբ: Իսկ գյուղս ամեն երեկո ննջում է՝ հավատալով, որ վաղն ավելի լավ է լինելու:

Արմատներով հալիձորցի

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Փոքրիկ շախմատիստը՝ Ալեքս Սահակյանը, 11 տարեկան է: Ամեն անգամ արձակուրդների ժամանակ գալիս է Հալիձոր՝ պապին և տատին այցելության: Ի դեպ, նրա տատն ու պապը մեր հարևաններն են:
Ամեն անգամ, երբ Ալեքսը գալիս է Հալիձոր, ես առավոտ կանուխ իմանում եմ դրա մասին, որովհետև երբեմն նրա ձայնից եմ արթնանում: Շատ աշխույժ անձնավորություն է, նրա հետ շփվելուց երբեք չես ձանձրանա:
Ինչ նրան հիշում եմ, սիրում է շախմատ խաղալ, իսկ եթե իր հետ խաղացող չկա, ապա համակարգչով է խաղում:
Մի քանի օր առաջ, երբ լսեցի, որ Ալեքսը Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որոշեցի նրա հետ հարցազրույց վարել:

-Ողջույն, Ալեքս ջան, մի փոքր կպատմե՞ս քո մասին. քանի՞ տարեկանում և ինչպե՞ս որոշեցիր զբաղվել շախմատով, ո՞վ էր քեզ ոգեշնչել:

-Մանկությունից հետևում էի պապիկներիս ու հայրիկիս շախմատային խաղերին։ 4 տարեկանից գիտեի խաղաքարերը, իսկ արդեն 6 տարեկանում կարողանում էի խաղալ։ Հաճախում էի պարի խմբակ, սակայն խուսափում էի պարապմունքներից և հետևում էի կողքի սրահում շախմատի խմբակում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայրիկիս ու պապիկներիս խաղով ոգեշնչված՝ որոշեցի զբաղվել շախմատով։

-Կպատմե՞ս առաջին խաղիդ մասին, ինչպիսի՞ տպավորություններ ունեցար: 

-Առաջին խաղս դժվարանում եմ մտաբերել, սակայն լավ հիշում եմ առաջին հաղթանակս։ 2012 թվականի հունիսի 1-ին մասնակցեցի երեխաների պաշտպանությանը նվիրված համաքաղաքային միջոցառմանը և զբաղեցրի առաջին պատվավոր հորիզոնականը։

-Կպատմե՞ս ամենատպավորիչ խաղիդ մասին: 

-Իմ ամենատպավորիչ խաղը 2014 թվականի հունիսին «Տաթևեր» ճոպանուղում Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի հետ կազմակերպված սեանսն էր։ Սեանսի արդյունքում շախմատիստների ստորագրությամբ շախմատի տախտակ նվեր ստացա:

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

-Գիտեմ, որ նրանց հետ խաղացել ես: Ի՞նչ տպավորություններ ունեիր Լևոն Արոնյանի և Մանգուս Կարլսենի հետ խաղից: 

-Հպարտության և միևնույն ժամանակ պատասխանատվության ու համարձակության զգացումներն էին ինձ պարուրել:

-Ո՞ւմ հետ ես երազում խաղալ: 

-Երազում եմ խաղալ Հիկարու Նակամուռայի հետ:

-Եթե ճիշտ հասկացա, հենց նա է քո ֆավորիտ շախմատիստը: 

-Նա իմ ֆավորիտների շարքում է:

-Արդյոք հետագայում կշարունակե՞ս շախմատով զբաղվել, թե՞ մեկ այլ մասնագիտություն կընտրես:

-Հետագայում նույնպես կզբաղվեմ շախմատով, կկատարելագործեմ ունակություններս և կձգտեմ արդեն հանդես գալ միջազգային հարթակում:

Լուսանկարը`Chess Academy of Armenia

Լուսանկարը`Chess Academy of Armenia

-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունես: 

-Մարտին կմասնակցեմ Հայաստանի առաջնության կիսաեզրափակչին՝ փորձելով անցնել եզրափակիչ: Հաճելի ու տպավորիչ էր վերջին հանդիպումս Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Նա ինձ շնորհավորեց, մաղթեց նորանոր հաղթանակներ ու հորդորեց երբեք չհրաժարվել շախմատից։

 

anahit badalyan tonakan

Ուղղությունը՝ Կապան․ բարբառս

Բոլոր նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, ասեմ, որ ես Կապանից եմ։ Կյանքում կան բաներ, որոնցով ես իսկապես հպարտ եմ, և կապանցի լինելն էլ դրանցից մեկն է։ Ես սիրում եմ իմ քաղաքի հետ կապված ամեն մի փոքր բան՝ ավտոբուսի ամենահեռու կանգառից մինչև Գարեգին Նժդեհի հուշահամալիրի կանաչ նստարանները։ Իմ ապրած ամեն երջանիկ վայրկյանի համար ես պարտական եմ իմ քաղաքին, ես այստեղ ապրել եմ մանկությունս՝ կյանքիս ամենաանկեղծ, ամենագունազարդ ու, երևի, ամենաանմոռանալի ժամանակաշրջանը։ Այնքան բաներ կան, որ զարդարում են իմ քաղաքը։ Խոսքս միայն արտաքինի մասին չէ։ Քաղաքը զարդարողը մենք պիտի լինենք՝ կապանցիներս։ Ու, ինձ թվում է՝ մենք կարողանում ենք։

Կապանը զարդարող ամենագեղեցիկ «դեկորացիան» մեր բարբառն է։ Գիտե՞ք, ես չեմ կարող նկարագրել՝ ինչ հարազատություն, անմիջականություն ու մտերմություն եմ զգում ամեն անգամ, երբ Երևանից գալիս եմ Կապան, իջնում եմ մեքենայից, ու բակից լսվում են հարևանների «Երևանա՞նս կյամ», «Մհենգ հի՞նչ մրցույթի ըս լյա մասնակցում», «Խե՞յս տի ճլորած, շտաղա՞նս կյամ» և նմանօրինակ «կապաներեն» արտահայտությունները։ Ինձ համար նույնիսկ կարևոր չէ, թե ինչի մասին են խոսում նրանք, ինձ համար կարևորն այն ջերմությունն է, որը զգում եմ, երբ լսում եմ, որ շուրջս խոսում են Ղափանի բարբառով։ Էդպես ես էնքան համարձակ ու վստահ եմ ինձ զգում, մեր լեզվով ասած։ Ես հազվադեպ եմ բարբառով խոսում։ Դպրոցում բնականաբար խոսում ենք գրական հայերենով, տանը մերոնք նույնպես նախընտրում են գրական հայերենով խոսել, ամենալավ ընկերուհիս Գորիսից է, իր հետ Կապանի բարբառով չեմ խոսում, դե, մի քանի ուրիշ ընկերուհիների հետ, հա, մեկ-մեկ խոսում եմ բարբառով։ Հա՜, մեկ էլ պարապմունքի ժամանակ պահեր են գալիս, որ մեկ էլ երեխեքով մի պահ մոռանում ենք լոգարիթմն ու տարածաչափությունը ու սկսում ենք իրար հետ բարբառով խոսել, ու, եթե անկեղծ, ես ահագին նոր բառեր եմ սովորել մեր բանավեճ-խոսակցություններից։ Օրինակ՝ երբևէ կպատկերացնեի՞ք, որ «կատաղած» բառը մեր լեզվով հնչում է այսպես՝ «ղուդուրմիշ լյած», կամ մենք «իսկույն»-ի փոխարեն ասում ենք՝ «ըլբհալ»։ Հա, գիտեմ, որ փորձում եք գոնե փոքրիկ նմանություններ գտնել, բայց չի ստացվում։ Ու հենց սրանով էլ տարբերվում է բարբառս։ Տիրապետելով հայրենի հողիս բարբառին՝ ես համարում եմ, որ մի լեզու ավել գիտեմ։ Ինչքան էլ գրական հայերենով խոսեմ, ունեմ ակցենտ ասվածը։ Այն ակցենտը, որը միայն մենք ունենք։ Ու ամեն անգամ, երբ խոսում են երևանաբնակներին տրվող հնարավորությունների՝ համեմատաբար ավելի լայն շրջանակ ունենալու մասին, ես, մեկ է՝ գիտեմ, որ ես անբացատրելի ավելի մեծ հնարավորություն ունեմ․ ոչ մի երևանաբնակ չի կարող խոսել այն ակցենտով, որով ես եմ խոսում, դե էլ չեմ խոսում բարբառի մասին։ Դե չեմ ասում, թե սովորելն անհնար է, բայց ոչ մի երևանցի երբեք իրեն այդքան ջերմ ու անմիջական չի զգա՝ լսելով այն բարբառը, որն իմ ամենասիրելին է։ Ինչքան էլ սովորեն ու յուրացնեն, եկեք համաձայնենք, որ նրանցից և ոչ ոք թաքուն չի ժպտա, երբ Երևանի փողոցներով քայլելիս հանկարծ «բա որտե՞ղ ես»-ի փոխարեն լսի՝ «պա շտըղը՞ս» արտահայտությունը։

Ես գիտեմ, որ մեր բարբառում կան մի շարք բառեր, որոնք ունեն, օրինակ՝ պարսկական կամ թուրքական ծագում, բայց դրանք մեր բարբառին այնպես են ձուլվել, ասես բնավ էլ օտար լեզուներից չլինեն:

Ես գիտեմ, որ այն ժամանակ, երբ մի այլ երկրում ներկայացնելիս լինեմ իմ Հայաստանի պատմությունն ու մշակույթը, անպայման պատիվ եմ ունենալու խոսել իմ հայրենիքի ներսում իմ փոքրիկ ամենահայրենիքի՝ իմ Կապանի բարբառի մասին։ Բարբառ, որը մեր «ես»-ն է, մեր հետքը պատմության, անցյալի ու ապագայի մեջ․․․

shushan stepanyan portret

#talented #girl #shushan #great #singer #cook #person

Բարև բոլորին: Չզարմանաք, բայց այս անգամ շեղվելու եմ իմ գրելաոճից, ու նյութս էլ տարբերվելու է իմ մշտականներից: Այս անգամ ուզում եմ ուղղակի խոսել ինստագրամյան կյանքից ու աղջիկներից: Անկեղծ ասած՝ երկար տատանվում էի տվյալ թեմայով խոսել-չխոսելու վերաբերյալ, մտածում էի, որ ճիշտ չի ընկալվի գրածս, բայց եթե ես մի բանից շատ եմ մտահոգված կամ դա ինձ դուր չի գալիս, պիտի անպայման արտահայտվեմ: Ամեն դեպքում կխոսեմ՝ փորձելով ասելիքս ներկայացնել առանց վիրավորական կամ անքաղաքավարի երանգների:

Բնական է, որ համացանցը մեր օրվա անբաժանելի մասն է, ու բոլորս էլ օրվա մեջ ժամանակ անցկացնում ենք այս կամ այն կայքում: Ես, օրինակ, սոցիալական կյաքերից երևի թե ամենաշատը ժամանակս անցկացնում եմ հենց ինստագրամում ու ասեմ, որ բավականին շատ բացահայտումներ եմ անում:

Օրվա մեջ, երբ թերթում եմ էջս, ես ուղղակի հիանում եմ. ինստագրամը լցված է լիքը սիրուն աղջիկներով, որոնք չափից դուրս տաղանդավոր են: Ու ես զարմանում եմ. «Մարդ ո՞նց կարա սենց տաղանդավոր լինի»:

Ուրեմն, ամենից շատ ինձ զարմացնում է, թե ոնց են կարողանում աղջիկները պարել: Դուք գիտեք, թե հե՞շտ բան է միացնել երաժշտությունն ու սկսել պարել: Մինչ այդ մեկ ժամ պատրաստվել, շպարվել, մի քանի անգամ նույնը պարել, միացնել հեռախոսն ու նկարել, հետո ընտրել ամենահաջողվածն ու մեծ հիացմունքով գցել ինստագրամ նմանատիպ մի գրառումով՝ #no #makeup #talented #by #nature ու գրեթե մեկ ժամվա մեջ ունենալ մոտ հազար դիտում: «Դե, փաստորեն մարդու աղջիկը ընտիր էլ պարում ա, տաղանավոր ա»: Ու էսպես ինքը հասկանում է, որ ուրիշ է՝ իմ ուրիշը, քո ուրիշը, ու որոշում է դառնալ ինստագրամյան աստղ: Իսկապես, ամեն մարդու բան չէ երաժշտություն զգալն ու դրա ներքո համաչափ շարժումներ անելը, բա:

Պարելը մի կողմ, լավ, բա երգե՞լը: Նայում եմ մի աղջկա վիդեո ու չեմ կարողանում չհիանալ. աղջիկը այնպիսի երաժշտական լսողություն ունի ու այնպես է երգում, որ մտածում եմ՝ Պուգաչովային կամ Հյուսթոնին տալու է, անցնի: Ռեկորդային դիտումներ ունի արդեն, շատ հետևորդներ, հա, ու մեկ էլ այնպիսի ընկերուհիներ, ովքեր տաղանդը գնահատելու մեծ գիտակներ են ու երգի վիդեոյի ներքևում թողնում են ամենաիրական ու անկեղծ մեկնաբանությունները, ասենք, օրինակ՝ «Կյանքս, դե տաղանդավոր ես, էլի», կամ «Վախ, մեռնեմ էդ ձենիդ», կամ ասենք՝ «Չկա քեզ նման երգող, իմ աղջիկ»:

Մի ուրիշ բան էլ է զարմացնում ինձ. այ մարդ, ո՞նց են գեր աղջիկները այդքան նիհար դուրս գալիս նկարներում: Ես էլ եմ ուզել նկարներում ավելի նիհար երևալ, բայց այդպես էլ գաղտնիքը չեմ կարողացել բացահայտել: Շատ եմ ուսումնասիրել նրանց նկարվելու դիրքն ու ձևը, ու մտածում էի, թե գաղտնիքը ձիգ կանգնելու ու որովայնը հետ տանելու մեջ է, բայց արի ու տես, որ ոչ: Հազար ու մի գաղտնիք, որ միայն իրենք գիտեն: Ում նկարները նայում եմ, ոնց որ Victoria’s Secret-ի հատընտիր մոդելներից լինեն: Գեղեցիկ լինելու մեջ վատ, առավել ևս քննադատելի բան չկա, պարզապես երբ մարդուն տեսնում ես իրականում ու հետո նայում ես սոցկայքերում իր նկարները, գրեթե անճանաչելի է ու անգամ՝ ուրիշ:

Մի քիչ էլ չեմ հասկանում այն աղջիկներին, որ մեկ արխիվ են անում բոլոր նկարները, մեկ հետ բերում, մեկ ջնջում, մեկ որոշում, որ վերջ, ոչ մի ինստագրամ, ոչ մի նկար, մենակ գիրք կարդալ ու դաս անել, ու մի վայրկյան հետո մտափոխվում են: Ու ես նրանց թվին եմ պատկանում, անկեղծ ասած:

Չեմ կարող չասել, իհարկե, որ կան իսկապես շատ հետաքրքիր ու զարգացած մարդիկ, որոնց ճանաչել են հենց սոցկայքերի միջոցով, ու որոնք գնահատվել են անկեղծորեն: Ու խոսքս իրենց մասին չէր:

Հուսամ՝ ասելիքս ճիշտ ընկալվեց, ու ինձ հետ համամիտ են շատերը: Թե քանի նկար կունենա օգտատերը, քանի կողմից տավանդավոր կլինի, իհարկե, միայն իր գործն է, բայց կարծում եմ, որ ամենուր մարդը պետք է իսկական լինի, հնարավորինս այնպիսին, ինչպիսին որ կա իրականում: Ու հեչ պարտադիր չէ, որ բոլորը փորձեն հրաշալի երգել կամ պարել: Ավելի կարևոր է՝ ամենքս էլ մեր տաղանդավոր լինելը փորձենք մարդկային որակներում գտնել, ու հավատացեք, որ ավելի երջանիկ կապրենք:

Որպես վերջաբան, իմ տաղանդների մասին էլ խոսեմ, ամեն դեպքում իմացեք, էլի: Օրինակ, ես նույնպես շատ ընտիր եմ երգում, բայց, փառք Աստծո, այդ մասին գիտեն միայն ընտանիքս ու մեր ներքևի հարկում ապրող հարևանները: Բացի այդ, այնքան բարձր եմ ծիծաղում, որ հեռվից եկողն արդեն գիտի, որ դա ես եմ: Ու այնքան ընտիր եմ պատրաստում, որ մեր հավերը միշտ գոհ են մնում եփածիցս #talented #girl #shushan #great #singer #cook #person:

ella mnacakanyan yerevan

Այսինքն…

Բարև: Էլի ես եմ ու էլի գրում եմ: Գրում եմ վերջին գրելուցս ուղիղ մեկ ամսից էլ ավելի անց: Հիշում եմ, որովհետև վերջին գրածս կոնկրետ օրվա էր նվիրված՝ դեկտեմբերի 18-ին՝ միգրանտների միջազգային օրվան: Չնայած ես նման՝ կյանքիս հետ էական առնչություն չունեցող թվերը, միշտ էլ հիշում եմ՝ ի տարբերություն վաղ ավատական Հայաստանի դատավարության ու դատարանակազմության կարգին: Այսքան ժամանակ չէի գրում, որովհետև քննություններս «գրավել էին» կյանքիս բոլոր տարածքներն ու անկյունները` նույնիսկ առանց հարցնելու, թե արդյոք իրենց սպասո՞ւմ էին էնտեղ, կամ տեղ կա՞ր իրենց համար, ճիշտ և ճիշտ անկոչ հյուրի նման: Դե՜, չէ, սուտ կլինի, որ ասեմ, թե այնքան զբաղված էի, որ նույնիսկ 30 րոպե չունեի գրելու համար (չէ՞ որ եթե մի բան շատ ես ուզում, դրա համար անպայման ժամանակ գտնում ես), բայց եթե այդ րոպեների ընթացքում գրեի, ապա կեսից հաստատ շեղվելու էի ու խոսեի մարդու սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու, վեճերի լուծման արտադատարանական մեխանիզմների կամ, ասենք, Կիլիկյան Հայաստանի սեփականատիրական հարաբերությունների մասին, ինչը, միանշանակ, կձանձրացներ քեզ: Բայց անկեղծ լինելով պիտի ասեմ, որ գրելն իմ այս տանջալից, նախաքննական-կիսատոնական օրերին ինձ ամենից շատն էր պակասում: Հիմա կմտածես՝ է՜, պակասում էր, գրեիր, ազատ ժամանակ էլ ունեիր, բայց գրելու համար ոչ միայն ազատ ձեռքեր են պետք, այլև ազատ միտք: Իսկ իմ ազատ միտքը միանգամից հօդս ցնդեց այն պահին, երբ կարդացի առաջին հարցաշարիս առաջին հարցը: Ի դեպ, հենց դա հանգեցրեց այն բանին, որ ես համենայնդեպս գիտակից կյանքումս առաջին անգամ Ամանորից առաջ չվերլուծեցի անցած տարին: Չսկսեցի մտածել, թե ինչ տվեց այն ինձ, ինչ տարավ, ու կարողացա՞ արդյոք հասնել այն նպատակներին կամ ցանկություններին, որոնք ինքս ինձ համար մտովի նշաձող էի դարձրել անցած Ամանորին՝ հերթական անցնող տարին վերլուծելիս: Ու երևի հենց սա էր այս բոլոր օրերի ամենախորհրդանշականը: «Որևէ բան մտովի քննարկելու համար չունենալ ժամանակ: Էնպես, ինչպես գրելու համար:» Եթե մի քանի տարի առաջ ինձ նման նախադասություն ասեին, կծիծաղեի կամ, առնվազն, դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ կփորձեի հասկանալ՝ ասվածը կատա՞կ էր, թե՞ լուրջ: Բայց իմ ապրած այս շատ կարճլիկ ժամանակահատվածում մի բան գոնե հասկացել եմ հստակ՝ տարիքի հետ ամենաաբսուրդ թվացող միտքը նույնիսկ դառնում է իրականություն ու կատարվում հենց աչքիդ առաջ: Իսկ իմ «տանջալից» երկու շաբաթի ավարտից հետո էլ արդեն ինձ համար պարզել եմ երկրորդ աքսիոմատիկ ճշմարտությունը, որ եթե նախադասության մեջ կա «այսինքն» բառը, դա դեռ չի նշանակում, որ նախադասության 1-ին հատվածում արծարծված միտքը պարզաբանվում է 2-րդում՝ ավելի խճճվելու փոխարեն: Ու հա՜, մեկ էլ, որ պիտի ավելի լավ սովորեմ մյուս կիսամյակից (դե՜, ինչպես և ամեն տարի):

Ամփոփ մտքերի տեսքով

Հարցազրույց «Տրիո Ստուդիո»-ի սան, պատանի դերասան և երգիչ Արթուր Պողոսյանի հետ:  Ես սկսում եմ, Արթուրը շարունակում է:

Ես Արթուր Պողոսյանն եմ, ես ունեմ շատ նպատակներ ու հավատում եմ հրաշքներին:

Ինձ համար ամենադժվար բանը կենտրոնանալն է:

Հաճելի է, երբ  ինձ փողոցում ճանաչում են, անգամ, երբ ես շտապում եմ:

Դերասանի պոտենցիալը անսահման է, բայց, այնուամենայնիվ, պետք է շատ աշխատել:

Ես երբեք չեմ խաղա դասական թատրոն, որովհետև ես նախընտրում եմ լինել ակտուալ:

Իմ կերպարը հենց ես եմ:

Դերասաններից ամենասիրելին ինձ համար  Ջոնի Դեփն է, որովհետև նա կարողանում է կերտել իրարից շատ տարբերվող կերպարներ:

Գուցե ոչ ոք չհավատա, բայց ես շատ քիչ եմ ուտում:

Կուզեի նկարահանվել մի ֆիլմում, որտեղ կխաղայի հոգեկան շեղումներ ունեցող տղայի կերպար։

Ի տարբերություն շատերի՝ ես քայլեր անում եմ իմ նպատակներին հասնելու համար:

Եթե չերգեի, ապա չէի ցանկանա դիմել ՀԱՀ-ի «բիզնես» բաժինը:

Կուզեի, որ էլ երբեք ինձ չհարցնեն, թե ինչ եմ դառնալու:

Անհնարին է միապաղաղ կյանքով ապրելը և հրաշքներին չհավատալը:

Աչքերս փայլում են, երբ ես կոնտակտային լինզաներով եմ:

Հայկական կինոն դեռ զարգացման փուլում է:

Ես բոլորից լավ գիտեմ ամեն ինչի մեջ հետաքրքրություն փնտրել:

Ինչևէ, նպատակներին հասնելու հիմքում ընկած է ծանր ու հաճելի աշխատանքը:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ռոկֆոր: Եղիպատրուշ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Աշխարհիս երեսին ամենից հասարակ, բայց ամենահամեղ պանիրները, դարի պատմություն ունեցող կճուճները ու Ռիմա տատը մի տեղ՝ մի գործողության մեջ: Եթե կարճ, ինչպես երգում է Ռիմա տատիկի փոքրիկ թոռը. «Տատիկս պանիր կհորե, տատիկս պանիր կհորե…»:

Տարբեր գյուղերում պանիր հորելու տարբեր ձևեր կան: Գյուղերում պանիրը հորում են որպես ձմռան պաշար՝ հաշվի առնելով անասունների ցամաքելը ձմռանը: Եղիպատրուշում պանիրը հորում են մինչև Վարդավառի տոնը, իսկ բացում միայն դեկտեմբեր ամսին: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր բաղադրատոմսը: Ռիմա տատը գյուղացուն բնորոշ համեստությամբ ասում է.

-Համը հո բաղադրիչների՞ց չէ, ինձնից է, ինձնից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Բացելով Ռիմա տատի գաղտնիքները՝ ասեմ, որ նախքան պանիրը հորելը, այն նախ կուտակում են հատուկ աղաջրերում: Հորելուց մեկ շաբաթ առաջ պանիրը հանում են ջրից՝ թողնելով, որ քամվի, ապա կտրում են շերտերով: Հաջորդ փուլում նախապատրաստում են կճուճները:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Կճուճի առաջին շերտում լցնում են պանիր, ապա համեմունքներ՝ պղպեղ (կանաչ, դեղին, կարմիր), զանազան կանաչիներ, բայց առավել շատ՝ սխտորուկ կոչվող կանաչին: Հաջորդաբար նույն գործողությունը կրկնելով, վերջին շերտին ավելացնում են դաղձ, կապում կճուճի բերանը, ապա դնում մութ տեղում:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ձմռանը գյուղում օգտագործում են հորած պանիրը, որը ոչ այլ ինչ է, քան շատ ծանոթ ռոկֆորը: Եթե սովորական պանիրը կարելի է գնել 1500-2000 դրամով, ապա այս պանիրը կրկնակի թանկ է: Եթե օրերից մի օր փորձելու կամ գնելու կլինեք այս պանրից, հիշեք, որ համի գաղտնիքը ոչ մի բաղադրիչի մեջ էլ չէ, այլ աշխատանքի՝ գյուղացու աշխատանքի:

Anushik Mkrtchyan

Մեր տան սուրբը

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Ես արդեն 15 տարեկան եմ և այն պահից, ինչ գիտակցում ու հիշում եմ ամեն բան, հիշում եմ, որ մեր սենյակում կա փոքրիկ անկյուն։ «Մեր» ասելով՝ նկատի ունեմ իմ ու քրոջս սենյակը։ Այդ փոքրիկ անկյունը կոչվում է «պաբե-հայր»։ Տատիկն այդպես է ասում։ Այդ փոքրիկ անկյունը կարծես նվիրված լինի Աստծուն։ Այդտեղ դրված է քառակուսի փոքր պահարան, մեջը՝ կտորներ, որոնք կոչվում են շուշպաներ։ Ամեն հարմար առիթի ինչ-որ մեկը շուշպա է նվիրում մեր տան սրբին։ Հիմնականում՝ այն ժամանակ, երբ ինչ-որ երազ են տեսնում՝ լինի լավ, թե վատ։

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Պահարանում կան ձեռագրեր, որոնց մեջ հիշատակվում է Գրիգոր Նարեկացու մասին, և տատիկն ասում է, որ մեր սուրբը Նարեկացու անունով է։ Առջևում կա ավազով լի մի հին մետաղյա աման, որի մեջ մոմն ենք վառում ամեն շաբաթ և կիրակի, նաև տոն օրերին։ Ինչպես նաև կան սրբապատկերներ, խաչեր, քանդակներ։ Տատս նաև ասում է, որ դա դեռ մեր տանը վաղուց է եղել, ինքը դեռ հարս էլ չի եղել։ Իսկ պապս ասում է, որ ինքն էլ է շատ փոքր եղել, երբ սուրբը ունեցել ենք։ Շատերն են մեզ խնդրում, որ իրենց փոխարեն մոմ վառենք։ Երազ տեսնողներն էլ անմիջապես առավոտյան գալիս են։

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Տեսնո՞ւմ եք այս կտորները, որ իրար վրա են դասված։ Սրանք են շուշպաները։ Վերջին շուշպան հորեղբայրս է նվիրել այն օրը, երբ մեկնեց Գերմանիա։ Հենց մեկնելու օրն էլ նվիրեց։ Պահարանի վրայի կարմիրն է։ Իսկ այս կարմիր խաչով սպիտակ կտորից տատիկը տալիս է այն մարդուն, ով շուտով բանակ է գնալու, որպեսզի անփորձանք հետ գա։ Ասում է, որ դնեն ծոցագրպանում՝ սրտի մոտ։

Ասեմ նաև, որ սուրբը մաքրելու, կտորները լվանալու իրավունք ունեն միայն մինչև 12-13 տարեկան աղջիները։ Քույրս է միշտ ստանձնում այդ գործը։ Չի կարելի սրբի տեղը փոխել՝ անկախ տան դիրքի փոփոխությունից։ Կարծում եմ՝ մեր տան սուրբը պահապան է բոլորիս համար։

Gayane Avagyan

Օտարաբանության մասին

Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է և ունի գեղեցիկ բառապաշար: Այսօր մենք մեր խոսքում, անկախ մեր կամքից, օգտագործում ենք չափազանց շատ օտարաբանություններ: Օտարաբանությունները այն բառերն են, որոնց հայերեն համարժեքները արդեն կան լեզվում, բայց մենք շարունակում ենք օտար բառերի օգտագործումը: Ճիշտ է, ոմանք կարծում են, որ այդ բառերը միջազգային բառեր են, և դրանց օգտագործումը չի վնասում լեզվին, ընդհակառակը՝ ավելի հեշտ և հասկանալի է դարձնում խոսքը, հարստացնում է լեզուն, և այդ բառերի հայերեն համարժեքները ոչ միշտ են բառի ճիշտ բնութագիրը տալիս, իբրև թե չօգտագործելով այդ բառերը՝ մենք հետ ենք մնում համաշխարհային առաջընթացից:

Ես կարծում եմ, որ հայոց լեզվում կան շատ ավելի հնչեղ և գեղեցիկ բառեր: Դե, մենք սովոր ենք ընդօրինակելու ուրիշներինը և մոռանալու մեր ունեցածի մասին: Այն դեպքում, երբ լեզվաբանները ամենահարուստ լեզուներից մեկը հենց հայերենն են համարում։

Սակայն օտարաբանություններ չի կարելի համարել այն բառերը, որոնք ճիշտ է, վերցվել են ուրիշ լեզուներից, բայց դարձել են մեր խոսքի անբաժան մասը: Ճիշտ է, հայոց լեզուն ունի մեծ բառապաշար և կարող ենք գտնել ցանկացած բառի հայերեն համարժեքը, բայց բացարձակորեն հրաժարվել փոխառություններից անհնար է: Օրինակ՝ ատոմ, տարազ, մատիտ, ֆորտե, պիանո, լիտր, լիմոն և այլն:

Այո, մենք մեր խոսքը ավելի պատկերավոր դարձնելու համար շատ օտար բառեր ենք գործածում, բայց միշտ չէ, որ դրանք փոխառություններ են լինում: Այսինքն՝ այնպիսի բառեր չեն, որոնց հայերեն տարբերակը չկա: Կա, և մենք շարունակում ենք գործածել անընդհատ: Բայց երբ օտարաբանությունները դառնում են մեր առօրյա, առավել ևս՝ գրավոր խոսքի գերակշիռ բաղադրիչը, լեզուն աղճատվում է, տգեղանում, ավելին՝ վտանգվում է: Առօրյայում, խոսքում, բազմաթիվ վահանակների վրա, լրատվության մեջ, ֆեյսբուքում, շատ եմ նկատել ավելի հաճախ գործածվող օտարաբանություններ: Փնտրեցի, գտա այդ բառերի հայերեն համարժեքները: Երբեմն այդ բառերի գործածումը, կարծում եմ, ճիշտ է և նպատակահարմար, որովհետև գեղարվեստական խոսքում միջավայր ստեղծելու նպատակով գրողները հաճախ են գործածում օտարաբանություններ, կամ էլ երբ լրագրերում կարդում ենք մեջբերված խոսք, ավելի պատկերավոր է դառնում, երբ տալիս են խոսակցի ճիշտ բնութագիրը: Բայց երևի ոճական կիրառությունն է այստեղ խնդիրը:

Իհարկե, բոլոր բառերը գրելն անհնար կլիներ: Դուք էլ կարող եք լրացնել այս բառերի շարքը.

պրիվետ- ողջույն, բարև

մերսի- շնորհիք, շնորհակալություն

պոլիկլինիկա- համաբուժարան

լիցենզիա- թույլտվություն, արտոնություն

կոմպոզիտոր- երգահան

պրոֆեսիոնալ- արհեստավարժ

պրոցես- գործընթաց

ինտերնետ- համացանց

ավտո, մաշինա- մեքենա

պլիտա- սալօջախ

պառլամենտ- խորհրդարան

«պատագոլնիկ»- լուսամուտագոգ

ռակուրս- դիտանկյուն

սլայդ- սահիկապատկեր

քսերոքս- պատճենահան

վիբրացիա- թրթիռ

պրյանիկ- անուշահաց

Ռուբիկ պապը

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Ինձ հաջողվեց համոզել պապիս ընկերոջը՝ Ռուբիկ պապին, որ ինձ հետ զրուցի: Երբ Ռուբիկ պապը հարցուփորձի միջոցով հասկացավ, որ իր ընկերոջ թոռնուհին եմ, ասաց.

-Եթե Սանոյի թոռն ա, թող գա…

Չնայած Ռուբիկ պապը 79 տարեկան է, նա մեծ ոգևորությամբ էր ցույց տալիս իր և ընկերների նկարները։ Ամեն մի հիշողության հետ լաց էր լինում, բայց և այնպես, նրա դեմքին ժպիտ էր հայտնվում այն ժամանակ, երբ հիշում էր ընկերների հետ ունեցած ամեն մի վայրկյանը։

Ռուբիկ պապի կյանքի պատմությունը շատ դառն է եղել, ինչպես հենց ինքն է նշում։

-Դառը օրեր շա՜տ-շա՜տ եմ տեսել, բայց աբրել եմ, գրողից գողտուկ, աբրել եմ:

-Պա՛պ, մի փոքր պատմիր քո մասին:

-Իմ մասի՞ն։ Բա պապուդ մասի՞ն: Չես տեսել պապուդ, չէ՞։ Էրնեկ քո աչքերին, որ չես տեսել, որ տենայիր, իմ նման անընդհատ կլցվեիր… Մի մարդ էր քո պապը և իմաստուն մի սյուն, որ աշխարհի տակը ըտենց երկրագունդը չի ծնել: Համեստ, խելոք, ընգերական, մոտիկ մարդ: Էսքան հասակ եմ առել, Սանոյի նման անձնավորության դեռ կեսի չափը չեմ հանդիպել: Հնգեր եմ կորցրել՝ հարյուր հատ ախպեր արժեր: 64 թվից աշխատել ենք մինչև հիրա մահը: Հայաստանն էլ հիմնարկ չմնաց, որ մենք երկուսով չենք աշխատել, ես՝ սվառչիկ, հինքը՝ սլեսար: Ընգերներ շա՜տ ունեի, բայց նման ընգեր՝ Սանոյի նման, չեմ տեսել, հա՛: 20-30 տարի աշխատեցինք մի թթու խոսք հիրար չփոխանակեցինք՝ բացի ախպերությունից:

Իմ մասին էլ ինչ ասեմ, բալ ջան, իմ մասին սաղ աշխարհը գիդան՝ անհե՛ր, անմե՛ր մեծացել եմ… Պատմությունս ասեմ՝ պատմությունս սկսըմ ա 39 թվից, ծնվել եմ էս գյուղը, աբրել եմ էս գյուղը, աբրըմ եմ էս գյուղը, հլա դեռ պտի աբրեմ:

Ծնվել եմ ապրիլի 7-ին՝ գեղեցկության օրը, սև ըլներ էդ գեղեցկությունը, հա՛։ 39 թվի հուլիսին հորս ու հորոխպորս տարել են բանակ, էդ ժամանակ ես չորս ամսական եմ հելե: Ո՛չ հեր, ո՛չ հորոխպեր չեմ տեսել, մենակ նկարներով եմ տեսե: Երկու աղբորն էլ հիրար հետ տարել են բանակ։ Գեղամը հերս ա, հորոխպերս՝ Վիրաբ: Հիմի մի թոռիս անունն ա Գեղամ, տղուս անունն էլ՝ Վիրաբ: Հորս հետ են քցել, հորոխպորս տարել են՝ կամավոր ա հելե էնի: 39 թվին տանըմ են, մի տարի հետո Ֆինլանդիայի պատերազմը սկսըմ ա: Հորս էլ են տանըմ Ֆինլանդիա։ 41 թվին, որ պատերազմը սկսըմ ա՝ սովետական պատերազմը, Ֆինլանդիայից սովետը տանկերը հետ ա բերըմ՝ էշալոնը բարձած: Ուրեմն տանկերը բարձած գալիս են Ֆինլանդիայից, որ պտի արդեն գետի վրով հնցնեն, գետի վրեն մոստ կա, էդ մոստի վրեն, ասըմ ա, նեմեցը ռմբակոծեց, մոստն էլ գնաց, տանկերն էլ գնացին… էս պատմությունը հիրա ընգերներից ա էկել, հասել ինձ, ու տենց կորան, հերս կորավ: Ոչ մի խաբար չկա… Ու ես ըտենց մեծըցել եմ մե տատի հույսին, տատիս անունը Էլիսո էր: 39 թվից տատս պահեց ինձ՝ երեխա ժամանակից։ Մերս ամուսնացավ, գնաց, ութը տարեկան եմ հելե: Տատս մի կերպ պահեց ինձ: Կով էր պահըմ, մի կերպ ընձի էդ սովի տարիներին պահեց, լա՜վ պահեց, լա՜վ էլ պահըմ էր: 55 թվին, արդեն էդ իմ մանկությունը գնա՜ց, 7-րդ դասարան էի: Յոթերորդ դասարանում փոքր անախորժության համար դպրոցից հեռացրին ինձ: Մե մաղիկի պատմություն էր, հուրիշ ոչ մի բան:Տատս հելավ գնաց իմ հըմար Հրազդան։ 80 տարեկան էր, ոտով գնաց Հրազդան, որ ըտեղից թուղթ բերի, որ ես քննությանը մասնակցեի… Ճամփին հընգավ ավտոյի տակ, տատս մահացավ: Ես մնացի անտեր․․․

Հավաքվան հորքուրներս էկան՝ ինչ անենք, Էրևան տանենք… Էն ժամանակ էդ ուսումնարանները չկային՝ «ֆեզե» էին ասըմ: Բա թե՝ տանենք, «ֆեզե» սովորի։ Հորքուրներիցս մեկը չթողեց, թե՝ չէ, իմ ախպոր տղեն ա, ես պսագըմ եմ… 15 տարեկան էի՝ պսագին, 16 տարեկան էի՝ աղջիկս ծնվավ, էդ տանջանքները թշնամիս չքաշի, բայց էլի գոհ եմ: Ես չէի ուզում ամուսնանայի, բայց ստիպված էի, բա ի՞նչ պետք ա անեի։ Տուն ու տեղ էլ չկար, քամբախ էր:

55 թվից աշխատել եմ, տատուս ախպոր տղերքից մեկը տարավ մեխանիզացիայի վրա: Դրանից հետո աշխատել եմ կալսիչ մեքենայով, տրակտորով մինչև 69 թիվը: Շատ լավ մասնագետ էի, իսկ առաջին մասնագիտությունս հելել ա «տելեվիզր», «պրիյոմնիկ» սարքող: Չի սաքըմ, է՜, յոլա էի տանըմ… Ես էի էթըմ, սարքըմ կամ ընենց էր ըլնմ՝ հիրանք ին բերըմ, դե, բզբզըմ էի, սաքըմ էի: Ես էթըմ ի քաղաք, մասերը առնըմ ի, բերըմ ի… Անունս դրել ին «տելեվիզր սարքող», «պրիյոմնիկ սարքող», մե քանի հատ փչացնըմ ի, էն մեկը սարքըմ ի, աբրըմ ինք:

Առաջին էրեխեն ունեցել եմ 16 տարեկանում, կինս 2 տարի ընձնից մեծ էր՝ 37 թվի ծնված էր, դե, փոքրը չէր հլնի՝ ստիպված 2 տարի մեծը վեկալինք, որ կարենար տանը տեր կանգներ, ինձ տեր կանգներ: Գոհ եմ կնոջիցս… Մինչև, է՜հ, հեսա, աշխատել ենք, աբրել ենք հիրար հետ, հըմի ինչ ասեմ, բալա, դժվար էր կյանքս, շա՜տ դժվար անցավ մինչև 62 թվերը, շատ դառը տանջանք եմ կերել, շինարարությունը մի կողմից, էրեխեքը ունեցա՝ մյուս կողմից, չորս աղջիկ հելան ու մի տղա:

Հորիցս էլ նամակ չեմ ստացել, մենակ թղթի վրա գրած ունեմ հիրա կամանդիր-մամանդիրի անունները, էն ժամանակ ինձ տվել ա հորս ընգերը, որ մենք էս էշալոնի մեջ ենք հելե, Ֆինլանդիայից Սովետ մտնելուց, բայց մոռացել եմ էդ գետի անունը, հա՛: Էլ ի՞նչ ասեմ…Կիրով աշխատել եմ 69 թվից մինչև պապիդ մահը: Պապիդ հետ Կիրովում շատ նկարներ ունեմ: Կիրովում աշխատել ենք, «Ակադեմիայում» աշխատել ենք, «Գազում» աշխատել ենք: Ես տասը անգամ գործից ազատվել եմ, ընդունվել, չէի կարըմ հարմարվեի, պտի խաթրիս չկպնեին: Մի անգամ էլ ինձ՝ Ռուբիկիս, գործից հանին, Ռոբերտին ընդունին՝ իբր զույգ ախպերս ա: Մեր դիրեկտրը ասավ՝ հո՞ւր ա բա ախպերդ… Ա՜յ մարդ, ասի՝ պատից հընգել ա, գլխից ցնցում ա ստացե, հեն ա՝ Իջևան գժանոց ա…

Ըտենց Ռոբերտին ընդունին, այսինքն՝ նորից էլի ընձի։ Հիմի դակումնենտներիս կեսը Ռուբիկ ա, կեսը մնաց Ռոբերտ: Գնացել եմ դատարան, նոր ընձի թոշագի համար արել են մե անուն՝ Ռոբերտ: Էն Ռուբիկն էլ գնաց կորավ։ Էս էլ իմ «ախպերը»։

Հա՜, մոռացա ասեմ, մի մոտոցիկլետ ունեի, էդ մոտոցիկլետով Սանոյի հետ շա՜տ եմ ման եկել, շա՜տ-շա՜տ։ Յոթ հոգի տանըմ էր մոտոցիկլետը: Յոթ հոգով նստըմ ինք, որ յանը ուզըմ ինք, էն յանը քշըմ ինք:

Պապիդ հետ Վրաստան ենք հելե, Բաքու ենք հելե, պոեզի մեջ ենք հելե, ման գալու ենք գնացե: Պապիդ հետ աշխատելու ժամանակ աշխատավարձ էլ ենք կորցրել, հիրար հետ ման ենք եկել, չենք էլ քթել… Շա՜տ-շա՜տ դեպքեր են հելե հիրար հետ…

Աբրել ենք հիրար հետ հընգերական, մոտիկ, հիմի չկա… Տենց բան հիմի գոյություն չունի, հիմի մենակ շահ: Եթե մի տեղից շահ ունես, կմոտենաս, եթե չունես, չես էլ մոտենա, իսկ էն վախտ տենց չէր…

-Սիրո՞ւմ ես գիրք կարդալ, Ռուբիկ պա՛պ:

-Հա՜։ Ահագին գրադարան ունեմ: Գիրք շատ ենք առել, Սանոյի հետ որտեղ էթայինք, գիրք էինք առնըմ… Հիմի առանց ակնոց եմ կարդըմ: Մի գիրք կա՝ «Գիրք գրոց», էդ գիրքը քո պապն ու ես հիրար հետ ենք առել: Գրքերը առնըմ ինք Հրազդանի գրախանութից, հիրար հետ շա՜տ էինք ման գալիս, շա՜տ…

-Իսկ ի՞նչ երազանքներ ունես, պա՛պ:

-Հիմի արդեն էն ժամանակն ա եկել, որ հէսօր կամ, վաղը չկամ, չեմ կարա ասեմ, բայց իմ երազանքը էն ա, որ թոռս բանակից գա, պսակեմ, էս տուն-տեղը, ինչ որ հետ եմ քցել, տղուս չեմ տալու: Տալու եմ թոռիս՝ Գեղամին: Հորս անունն ա… Ես Գեղամից են ընդունել (չեմ էլ ընդունել հիրանից), բայց պտի գա, որ հորս հողն ու ջուրը տամ իմ թոռին, նոր թող հոգիս առնի…

Երազանքներիցս մեկն էլ էն ա, որ հիվանդանոց չընգնեմ: Հանգարծակի, տաք քնեմ, սառը հանեն: Էս ա իմ երազանքը, թե չէ հուրիշ ի՞նչ ուզեմ էս մեծ հասակիս: Ու հլը ինչքան կարըմ եմ, սաղին օգնըմ եմ… Հա՜, մոռացա ասեմ՝ հիմի ունեմ 26 թոռ, 13 ծոռ…

-Թոռներիցդ ո՞ւմ ես ամենաշատը սիրում, պա՛պ:

-Չեմ կարա ջկողություն դնեմ, որ սկսըմ եմ ջղայնանալ՝ հըմնին չեմ սիրըմ, որ սկըսըմ եմ սիրել, հըմընին սիրըմ եմ:

-Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում, պա՛պ:

-Հիմա զբաղվում եմ այգեգործությամբ, մի հատ կով ունենք, Մոզիկ-մոզուլան… Յոլա եմ տանըմ: Մի բանից էլ գոհ եմ, որ կարեցել եմ ստեղծեմ, պահեմ մինչև առ հեսօր…

Նորից եմ ասըմ՝ դառը օրեր շա՜տ-շա՜տ եմ տեսել, բայց աբրել եմ, գրողից գողտուկ, աբրել եմ: