Astghik Hunanyan vayots dzor

Կախարդական արկղ կամ հենց ինքը՝ դպրոցը

Ամառ է, շոգ: Քայլում եմ փողոցով՝ մայթերը եզերած խանութների, շենքերի, ավտոմեքենաների թափանցիկ ու կիսաթափանցիկ պատուհանների ու դռների վրա արտացոլանքս որսալով: Ահա, սա ես եմ, նիհար, մկան հայացքով, մի երկու քայլ այն կողմ էլի ես եմ, էլի ես (արդեն՝ զարմացած մկան հայացքով), էլի, 5, 6, 10, 15… Այստեղ մի բան այն չէ, շուտ-շուտ սկսեցին աչքերս ինձ գտնել՝ իրար հետևից շարված պատուհանների վրա: Մինչ ես «անջատված» կարագացնեի քայլերս, և նույն արագությամբ էլ ինձ կհետևեին պատուհանների վրա ծեփված արտացոլանքս ու ասֆալտին փարված ստվերս, աչքերս էլի բան հասցրեցին որսալ՝ «Եղեգնաձորի ավագ դպրոց» գրությամբ ցուցանակը: Մեր դպրոցին եմ հասել:

Բայց մեկ է՝ մի բան իսկապես այն չէ, չէ, ոչինչ էլ նորմալ չէ, կարծես աչքիս սովոր տեսարանը թերի է, կիսատ, չէ՞ր հասցրել նկարիչն այդ օրվա համար նախատեսված կտավը ավարտին հասցնել ինչ է: Է՜, էլի սկսեցի փիլիսոփայել, էս ինչ եմ խոսում, ուղղակի դպրոցի բակում վազող, կռվող ու հաշտվող, դպրոցի ճաղերից փախչելու ելք փնտրող, բրդուճի մեծությամբ իրար զարմացնել ջանող աշակերտները չկան: Կապույտ գլխարկով, կարճ հասակով ու հաղթողի հայացքով դպրոցի պահակ, մեր ասած՝ «բանտապահ», Երազ տատը չկա, չկա դասղեկիս ավտոմեքենան, որ միշտ նույն տեղը կայանված հլու-հնազանդ տիրուհուն է սպասում: Ախր, այստեղ մի ամբողջ կյանք է բացակա, մի ոգի, որը սև ու սպիտակ այս պատկերը կգունավորի: Դու էլ հիմա դպրոցի մոտով անցնելիս նույն սառնությունն ու դատարկությունը չե՞ս զգում, երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները:

Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին՝ սիրում եմ դպրոցը, թե ոչ, ես կասեի. «Այո, իհարկե, բայց առանց ուսուցիչների», կամ միգուցե երկար մտածելուց հետո ավելի հարմար պատասխան գտնեի. «Այո, այնքան եմ սիրում, որ նրան մեծ հաճույքով ջերմություն կհաղորդեի, ուղղակի մի դույլ բենզին, լուցկի ու համարձակություն է պետք»: Վերջում էլ մի հրեշավոր վհուկի քահ-քահ ծիծաղով կծիծաղեի: Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին, թե որ դասն եմ առավել սիրում, ես առանց երկար-բարակ մտածելու կպատասխանեի՝ վերջինը:

Եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին, որ դպրոցն իմ երկրորդ տունն է, ես կասեի. «Դե, ես իմ տունը ծախում եմ ու «խոպան» գնամ»: Եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ է դպրոցը, ես լաց կլինեի՝ հիշելով առավոտները մի կերպ արթնանալս, ուշացած դասի գնալս ու ճամփին ուղեղս լարելով՝ բազմաթիվ պատճառաբանություններ փնտրելս, կհիշեի այն հիմար զանգը, այն չէ, որ դասի ավարտն էր ազդարարում, այլ այն զանգը, որը կարծես աշակերտներին շղթայում էր, տանում նստեցնում դասի, այն զանգը, որին հաջորդում էին «Բարև ձեզ, երեխաներ, նստեք ու հանեք գրքերը» բառերը, ես այդ բառերն էլ էի ատում: Հատ առ հատ կհիշեի սինուս-կոսինուսախառը երազները, որ երկրաչափության դասին քնելիս էի տեսնում:

Իսկ հիմա եթե հարցնեն, թե ինչ է դպրոցը, ես մի բան կպատասխանեմ. «Դպրոցն առանց չարություն անող աշակերտների, առանց անժպիտ ու կոպիտ ուսուցիչների նույնն է, ինչ մարդն առանց երիկամների. աղքատ է»: Դե, լավ, կատակեցի, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի սիրտն ու երակներն են, մեկը մյուսի հետ կապված, առանց մեկը մյուսի՝ անհնար:

Վերջերս շատ եմ սկսել սիրել դպրոցս, ազնիվ խոսք, չնայած՝ միայն դպրոցը չէ, որ նոր եմ սկսել արժեվորել: Ես սիրում եմ դպրոցի եռուզեռը, «ձանձրալի» ու ամեն օր կրկնվող առօրյան, մի՞թե կախարդանք չէ. դեռ շատ փոքր հասակում ընկնում ես մի դատարկ սենյակ, որը քեզ նման ու միևնույն ժամանակ, քեզնից շատ անգամ տարբեր երեխաների հետ 12 տարի սիրով ու ընկերությամբ ես պատում: 12 տարի կիսում եք մի դասասենյակ, մի գրատախտակ, մի ժամացույց, մի նստարան և, որ ամենակարևորն է՝ մի «շտրիխ»: Միասին 12 տարի չարություն եք անում, կռվում, հաշտվում, դասերից առանց պատճառի փախնում ու միասին էլ ինչ-որ էքստրահիմար պատճառներ մոգոնում, միասին եք գրում բոլոր ստուգողականները, իրար արագ-արագ էջերն եք ասում՝ թե որ հարցը որտեղից պետք է արտագրել, միասին եք ուտում այն մի տուփ աղի ձողիկը, կամ այն մի տուփ չիփսը, որը ձեզնից մեկն է առնում բուֆետից: Միասին եք դասի ժամանակ արագ-արագ գրում տնայինները, որ «երկուս» չստանաք, միասին եք շատ պատահաբար կոտրում սեղաններն ու աթոռները, շատ անգամ՝ նաև պատն ու պատուհանները: Իսկ հետո միասին եք լսում վերջին՝ լավ, թե վատ զանգն ու միասին էլ լքում դպրոցը՝ փոքր մանչուկներից հասուն մարդկանց վերածված (չէ, լավ, մեզանից շատերը նույն «ջրիկը», չարաճճին ու մանկամիտն են մնում՝ հետո ինչ, որ մեծահասակների կյանք են մտել): Լքում են՝ գիտելիքներով ու անթիվ-անհամար հուշերով զինված:

Երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները…

valentinaChilingaryan

Լուսնի լույսով

Լուսինը երկնքում արդեն երևում էր, երբ դուրս եկա դասից ու նստեցի առաջին պատահած տաքսին:

-Ազա՞տ եք:

-Իհարկե, ո՞ւր ենք գնում:

-«Սասունցի Դավիթ» կայարան:

Ողջ ճանապարհին նայում էի երկրի ամենամերձավոր արբանյակին՝ լուսնին, որն այդ օրն արտասովոր գեղեցիկ էր: Տեսնես՝ այսօր ի՞նչ է թաքցնում լուսինն իր հակառակ կողմում: Մտորումներս կշարունակվեին, եթե վարորդը չսկսեր բողոքել:

-Մեկը լիներ էդ Սուրենյանի ձեռքից պուլտը վերցներ: Այ մարդ, խաշեց: Չի կարելի, չէ: Իրեն ի՞նչ կա, հիմա օդափոխիչը միացրել, նստել՝ եղանակն ա փոխում:

-Պապի ջան, դե Սուրենյանը ի՞նչ մեղք ունի: Եղանակն ինչպես փոփոխվում է, այդպես մեկնաբանում է,- ծիծաղելով պատասխանեցի ես:

-Յա, լավ ա ասիր: Թե չէ՝ չգիտեինք: Էդ դուք «շուստրի» քանի՞ քույր եք:

-Մի քանի:

-Լավ, էս շոգը հերիք չէր, հիմա էլ «Հոլին»: Էն «Հելոինն» ու «Սուրբ Վալենտինը» «դորդուբեշ արեցինք», հիմա էլ «Հոլի»: Սենց, որ գնա, հայկական տոները կվերանան:

-Չեն վերանա, պապի՛կ ջան: Ես էլ եմ դեմ «Հելոուինին», բայց եկեք «Սուրբ Վալենտինին» մի՛ քննադատեք: Սիրում եմ այդ տոնը:

-Յա, էդ ինչի՞ որ: Մեր Սուրբ Սարգիսը թողած, «խալխի» տոնն ես սիրո՞ւմ:

-Ես «խալխի» տոները չեմ սիրում ու դեմ եմ, որ նշվում են մեր երկրում: Բայց ես ծնվել եմ «Սուրբ Վալենտինի» մոտակա օրը: Ճիշտ է, անունս Վալենտին չէ, բայց Վալենտինա են դրել միայն այդ պատճառով:

-Հիմա որ «Սուրբ Սարգսին» ծնվեիր, անունդ Սաքո էին դնելո՞ւ,- կատակեց պապիկը:

-Պապի ջան, որ վերածնվեմ «Սուրբ Սարգսին» տղայի կերպարով, կորոշենք: Հնարավոր է, ինչի՞ չէ:

-Ասում էիր, դուք տենց «շուստրի» քանի՞ քույր եք:

-Ասացի, պապի ջան: Մի քանի: Մի քանի:

-Է՜հ, «խակ» ես, քո տարիքին էի, երբ «Սուրբ Վալենտինի» օրը եղնիկիս գտա:

-Ու չամուսնացաք, չէ՞, որովհետև դեմ էիք «Սուրբ Վալենտինին»:

-Ամուսնացանք: Որ սերը գալիս ա, չի հարցնում, թե որ օրն եք ծանոթացել: Սրտին չես հրամայի: Գիտե՞ս ինչ լավ բան ա սերը:

-Չէ հա, էս կյանքում ավելի կարևոր բաներ կան: Ի՞նչ սեր: Դրա տեղը, որ համալսարան ընդունվեիք, տարիներով սովորեիք, հիմա տաքսու վարորդ չէիք լինի, չէ՞,- փորձեցի սրամտել ես:

-Տո, գիտե՞ս, ես ռուսաստաններն ինչ բիզնեսներ եմ ունեցել: Էնքան համալսարաններ եմ ավարտել, որ էսօր, եթե հաշվես, չես վերջացնի: Հո ես ողջ կյանքս պապի չե՞մ եղել: Սերը լավ բան ա, եթե փոխադարձ ա: Հանկարծ միակողմանի չսիրես, թե չէ շատ կտանջվես: Մարալիս միակողմանի էի սիրում, բայց հետո եղնիկիս գտա: Փառք Աստծո, 4 երեխա, 7 թոռ ունեմ:

-Աստված պահի:

-Ապրես, բալի՛կ ջան: Քեզ էլ թող Աստված ժպիտ նվիրի: Թե չէ, հո դա էլ փողով չի:

-Է՜հ, պապի ջան: Ես ժպիտ ունեմ, ուղղակի, որ սկզբից սկսեցիք բողոքել երկրից, ժպիտս մոռացա լուսնի վրա:

-Հասանք,- վերջապես ժպտաց պապիկը:

-Շնորհակալ եմ, շա՜տ: Վերցրեք:

-Չէ, էդ պահի մոտդ, մի քիչ էլ վրան կավելացնես, կգնաս լուսին՝ ժպիտդ բերելու:

Ժպտացի: Գումարը դրեցի նստատեղին ու լուռ դուրս եկա:

Ա՜խ, ինչ լավն են մեր պապիկները, անգամ եթե բողոքում են:

anush mkrtchyan

Նամակ «թշնամի» ընկերոջս

Բարև: Կյանքումս երկրորդ անգամ եմ նամակ գրում մեկին, ում չեմ ճանաչում: Առաջինը զորամաս էի ուղարկել՝ զինվորի, մինչև հիմա պատասխանի եմ սպասում:

Մորս չեմ ասել նամակի մասին: Նա միշտ պնդում է, որ դու, քո եղբայրը, հարևանիդ աղջիկը, դուք բոլորդ իմ թշնամիներն եք՝ անկախ ամեն ինչից: Երևի, ճիշտ է: Քո մայրն էլ, երևի, ինձ է թշնամի համարում: Նա էլ է ճիշտ: Ուրեմն մենք հավասար ենք:

Արի՛ անկեղծ խոսենք: Մի ժամանակ ես ատում էի քեզ, գուցե դու այդ ժամանակ ծնված էլ չէիր, բայց քո ազգի ամեն չծնված երեխա արդեն թշնամի է: Դու էլ երևի ինձ ես մի ժամանակ թշնամի համարել, ուրեմն մենք նորից հավասար ենք:

Մենք, գուցե նույն նախասիրություններն ունենք: Միայն չասես, որ պարապ ժամանակ դու էլ ես The Beatles-ի «Imagine»-ը լսում: Մայրս կհամոզի ինձ այլևս չլսել այդ երգը:

Ինչևէ: Ես ուզում էի ասել, որ կուզեի ընկերանալ քեզ հետ: Ցանկալի կլինի, որ իմ հասակին լինես, ես ինձնից բարձրահասակների հետ շփվել չեմ սիրում:

Հավատա, ես չեմ ուզում քեզ ատել: Ես պատմություն եմ պարապում, պատմական գրքեր եմ կարդում, ու դրանից հետո քեզ չատելը մեծ կամքի ուժ է պահանջում:

Ես չեմ սիրում անցյալով ապրել, բայց անցյալը մոռանալը չարիք եմ համարում: Եթե երբևէ մենք ընկերներ լինենք, կնախըտրեմ խոսել աստղագիտությունից, այդպես մենք էլի հավասար կլինենք:

Ես չեմ ուզում քեզ «թշնամի» կոչել, եթե անգամ դու ինձ այդպես ես համարում: Քո և իմ եղբայրները հիմա, երևի իրար են կրակում: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ քո եղբոր համար ցավում եմ ավելի, քան՝ իմ, բայց ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր չուզելով են կրակում: Այս դեպքում ես հավասարապես ցավում եմ թե՛ քո, և թե՛ իմ եղբոր համար:

Ես ամեն օր ապրում եմ՝ հավատալով, որ մայրս սխալ է: Որ մի օր մենք ընկերներ կլինենք, որ մեր եղբայրները ստիպված չեն լինի կրակել իրար:

Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն:

Լեռնանիստ ջան

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Իսկ ես գյուղում եմ ծնվել: Լեռնանիստ գյուղում: Ինչո՞ւ էսպես սկսեցի: Դե, որովհետև գրեթե բոլորը գիտեն, թե բնիկ հրազդանցի եմ: Իսկ ես իմ հոգում հպարտ գյուղացի եմ: Դժվար թե լսած լինեք մեր գյուղի մասին: Չորս տարեկան էի, երբ տեղափոխվել ենք Հրազդան: Այսինքն՝ ես չորս տարվա կյանք եմ ապրել մեր գյուղում, շնչել գյուղիս մաքուր օդն ու խաղացել թփերի մեջ: Ծնողներս երկուսն էլ ծնվել են այս գյուղում, ու ինձ էլ է բախտ վիճակվել ծնվել այստեղ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքից ոչ հեռու: Լուսավոր գյուղ է, մեր բոլոր գյուղապետերը կարծես թե քաղաք են դարձրել գյուղը: Պապիկս էլ է որոշ ժամանակ գյուղապետ եղել: Ասում են՝ հրաշալի գյուղապետ էր, շատ-շատ էր մտածում գյուղացիների կյանքի մասին: Ես չեմ էլ կասկածում: Գյուղի փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, ցերեկային լույսեր կան: Ամեն բան այնքան գեղեցիկ է:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Սիրում եմ օրերս այստեղ անցկացնել, եթե ունենում եմ այդ օրերի մեջ ազատ ժամանակ: Մայրիկիս առաջարկում եմ, և հայրիկի հետ նրա ունեցած կարճ հեռախոսազրույցից հետո՝ ընտանիքով ուղևորվում ենք մեր սիրելի բնակավայրը: Հատկապես՝ ամռանը, մեր գյուղում կատարյալ հանգստություն է, երբ դուրս ես գալիս տան բակ, այգում՝ ծառերի վրա, տեսնում ես քաղցր, հասած պտուղներ, քաղում, նստում խոտերին, ու չես ցանկանում այլևս տուն բարձրանալ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղում ամեն քայլափոխի հանդիպած յուրաքանչյուր բան գեղեցիկ է, լուսանկարելու արժանի, աչք է շոյում, մաքուր է, մինչդեռ մեր քաղաքում քայլում ենք կեղտոտ փողոցներով: Մեր գյուղում կա անփոխարինելի երկինք, որը նույնը չէ Հրազդանում: Կա թթվածին, ոչ թե գործարանային թափոններով լի օդ: Կան անմեղ, բարի աչքեր: Կա կյանք, ոչ թե գոյատևում:
Ես սկսել եմ գյուղիս բացահայտումը:

Քառասուն տարի անց

Հուլիսի 15-ին՝ քառասուն տարի անց, Սիսիանի գեղատեսիլ բնության գրկում էին հավաքվել Գորիսի Գյուղտեխնիկումի ուսանողները, որոնցից մեկը իմ մայրիկն էր:
Ես նույնպես գնացել էի հավաքույթին, և հանցագործություն կլիներ նրանց չնկարելը: Երբ տեղ հասանք, շատերն արդեն տեղում էին, իսկ բացականերն էլ՝ ներելի: Տարիները շատ էին փոխել բոլորին, անգամ իրար ճանաչել դժվարանում էին, իսկ ճանաչելուն պես ողջագուրվում:
Սեղանի շուրջ նստեցին և սկսեցին հիշել ուսանողական տարիները. կատակում էին, ծիծաղում, պարում էին: Վաթսունն անց մարդիկ իրենց նորից երիտասարդ էին զգում: Իրար կենաց էին խմում, ասմունքում, շատ ուրախ էին իրար տեսնելու համար, անգամ ասում էին, որ հավաքույթի մասին լսելուն պես մի կողմ են թողել բոլոր գործերն ու սկսել են րոպեները հաշվել, թե երբ են հանդիպելու:
-Շատ եք փոխվել, ուրիշ տեղ տեսնեինք, չէինք ճանաչի:
Այս խոսքերը հաճախ էի լսում նրանց շուրթերից: Հոգով երիտասարդները նույնիսկ տանգո պարեցին մեկմեկու հետ: Ասես նույն քսան տարեկան տղաներն ու աղջիկները լինեին՝ անհոգ և ուրախ: Ուրախության արցունքներ էլ հայտնվեցին նրանց աչքերին, արտասվեցին, հետո իրար արցունք սրբեցին:
Հերթը հասավ տորթին, որի վրա գրություն կար. «Գորիսի Գյուղտեխնիկում, քառասնամյակ, բարով տեսանք»: Տորթն էլ համտեսեցին, եկավ բաժանման ժամանակը: Բայց այս անգամ նրանք իրար հրաժեշտ տվեցին նորից հանդիպելու ակնկալիքով…

tina maqoyan

Իսկ դուք հիշո՞ւմ եք

Տեսնելով մեր բակի երեխաներին՝ ակամա հիշում եմ ինձ այդ տարիքում, հիշում եմ մեր խենթությունները, ու գիտե՞ք ինչ. տարիներն անցել են, իսկ խենթություններն ու մանկական խաղերը նույնն են մնացել։ Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե հիմա երեխաները տարված են համացանցով ու համակարգչային խաղերով։

Աղջիկներ, իսկ դուք նո՞ւյնպես ճակատի մազափունջ եք կտրել ինքերդ ձեզ։

Դուք նո՞ւյնպես քնած եք ձևացել, որպեսզի հայրիկը տանի և պառկեցնի մահճակալին։

Դուք նո՞ւյնպես ընկերներով նույն երաժշտությունը միաժամանակ միացրել եք երկու հեռախոսներով։

Դնչիկը չե՞ն ցավեցրել վերարկուի շղթան քաշելիս, որն, ի դեպ, թթու երկաթի համ ունի։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ փոքր էինք, հինգ թերթիկ ունեցող յասաման էինք ուտում ու երազանք պահում։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ փոքր էինք, ձեռնոցներ ունեինք, որոնք թելով իրար էին միանում։

Իսկ ինչպե՞ս էինք սենյակներում աթոռներից և վերմակներից տնակներ սարքում։

Իսկ ո՞վ է փոքր ժամանակ օղաբլիթը անցկացրել մատին, իսկ հետո հենց մատի վրայից կրծել։

Իսկ դուք նո՞ւյնպես գրքից տետրի մեջ ինչ-որ բան արտագրելիս փորձել եք մեկ տողի վրա ավելի շատ բառեր տեղավորել, քան գրքում է։

Իսկ հիշո՞ւմ եք, գլուխը լվանալիս մազերով զվարճալի սանրվածքներ էինք անում։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ բակում խանութ-խանութ էինք խաղում, տերևները գումարի դեր էին խաղում։

Որևէ մեկը մանկության տարիներին հավատո՞ւմ էր, որ խաղալիքները գիշերը կենդանանում են։

Իսկ դուք նո՞ւյնպես փոքր ժամանակ, երբ ձեր գլխավերևով անցնում էին, վախենում էիք, որ չեք մեծանա և խնդրում էիք, որ նորից հետ անցնեն։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ որևէ խաղալիք էինք վերցնում մեզ հետ քնելու, մտածում էինք, որ մյուսները կնեղանան, և վերցնում էինք բոլորին։

Իսկ դուք նո՞ւյնպես գոռացել եք պատշգամբից և արագ իջել ներքև, որ ձեզ չնկատեն։

Հիշո՞ւմ եք, ընկերները մեզ ասում էին՝ ջուր բեր խմելու, իսկ մենք պատասխանում էինք. «Եթե գնամ տուն, էլ չեն թողնի դուրս իջնեմ»։

Իսկ դուք նո՞ւյնպես փոքր ժամանակ սրիչով սրում էիք ոչ միայն մատիտները, այլ նաև գրիչներն ու ֆլոմաստերները։

Իսկ դուք նո՞ւյնպես ժպտում էիք, քանի դեռ կարդում էիք սա։

Ani avetisyan

Կարգավիճակը՝ ուսանող

Բանավոր քննությունիցս ուղիղ 10 րոպե առաջ սկսեցի մտածել՝ ի՞նչ վատ կլինի, որ արվեստաբան դառնամ։ Դե հա, նախորդ երկու քննություններդ հանձնել ես բավականին լավ, իսկ վերջինից առաջ մոռանում ես՝ ընդհանրապես ինչ ես անում համալսարանում, առավել ևս, եթե քիչ առաջ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել էիր անգլերենի բանավոր քննության լսարանում։ Դե արի ու պատկերացրու, թե ինչ է սպասվում քեզ մի սենյակ այն կողմ։

-Մամ, բա որ կտրվե՞մ։
Հա, հաստատ կտրվելու եմ։ Գիտեմ՝ վատ հարցեր են լինելու։
Լավ, Անի, հանգիստ, շնչի՛ր։ Տե՛ս, հանձնաժողովն ինչ լավն ա, ինչ հանգիստ են, ուրախ։ Մի վախեցիր, էլի։
Ես 15-րդն եմ. լա՞վ է, թե՞ վատ։ Ինչ լինում է՝ լինի։ Մնաց սպասեմ։
Մինչ իմ՝ լսարանում հայտնվելը, քննությունը հանձնել ու դուրս էին եկել երևի չորս-հինգ հոգի, ես էլ աշխարհի բոլոր հնարավոր թեմաներով արդեն ծանրաբեռնել էի գլուխս։ Ախր, հաստատ գիտեմ՝ լինելու են էնպիսի հարցեր, որոնք չեմ պատրաստել, միշտ էլ էդպես է լինում։
Չերկարացնեմ։ Սրանք ընդամենը մեկ հազարերորդ մասն էին այն բոլոր մտքերի, որոնք հասցրել էին անցնել գլխովս. Որդան Կարմիրի «Քայլ արա»-ից մինչև CNN-ի լրատվական թողարկումները, ֆուտբոլ, թենիս, Ջոնի Դեփ, կիտ-կատ, խոնավ անձեռոցիկ, տետրերս, թերթեր…
Ահա, եկավ կազմակերպիչն ու, գիտեմ, իմ անունը պիտի կարդա։ Հաշվել էի։ Անձնագիրս ու անցաթուղթս ձեռքիս մեջ ամուր պահած՝ մոտեցա բաղձալի, բայց չգիտեմ ինչու՝ հենց նոր ճռճռալ սկսած դռանը, որից այն կողմ մոտ մեկ տասնյակ դիմորդներ սպասում էին իրենց հերթին, ինչպես ասում են, այնտեղ նրանց ապագան էր որոշվում։ Բայց, դա չափազանցված է։ Դեռ ոչ ոք լսարանից անբավարար գնահատականով դուրս չէր եկել։

Վերջ։ Լսարանում եմ։ Թերթիկիս համապատասխան սեղանի մոտ ազատ տեղ չկա, նստում եմ մյուս խմբի մոտ։ Էլի չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Տոմսն արդեն ձեռքումս է։ Հարցերը կարդացել եմ, մեկ-մեկ էլ նշումներ եմ անում։ Չնայած, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի քանի րոպե հետո նշումներս հոդված դառնալու բոլոր շանսերն ունեին։ Մյուս դիմորդների գնահատականները լսում էի, պատասխաններն էլ։ Մտքում շարադրում էի իմ պատասխանը։ 15 րոպե ժամանակ ունեմ, կհասցնե՞մ։ Լավ, մի բան կանեմ։ Եթե 18-ից ցածր լինի՝ բողոքարկելու եմ։ Պիտի, պիտի անվճար ընդունվեմ։ Չէ, անհույս է։ Անի՛, շնչիր։
Քիչ այն կողմ Լաուրան էր պատասխանում։ Թղթերս մի կողմ եմ տանում ու լսում։ Գիտի՝ ինչ է ասում։ Ու ուրախանում եմ, որ 17-ի հետ հեռու կամ մոտ «ազգակցական» կապ ունեցողներն այսքան լավ գիտեն, թե ինչ են ուզում և ինչու։ Վստահ էի, որ բարձր կստանա։ Ուրիշ տարբերակ չուներ։
Արդեն մեկ ժամ կլինի, ինչ նստած եմ։ Չէ, պատասխանս արդեն պատրաստ է։ Տեղս սիրով զիջում եմ անհամբերներին ու լսում նրանց պատասխանները։ Իսկ եթե լուրջ՝ գնալով ավելի համարձակ էի դառնում։ Մի քիչ էլ ու կգնամ, կպատասխանեմ։
Նստում եմ, տոմսս տալիս քննողներին, բացում նշումներս ու սկսում։ Մինչ այդ մեր սեղանից հեռու կանգնած հանձնաժողովի նախագահը գալիս ու կանգնում է կողքիս։ Դե հա, լարվում եմ, բայց վստահ-վստահ ասում այն, ինչ նախապես մտածել էի։ Ոնց որ ստացվում է։ Խոսքիս կեսից նայում եմ ապագա դասախոսիս՝ գլխով է անում։ Հա, հաստատ սխալ բաներ չեմ ասել։ Նախագահն էլ չի դժգոհում։ Բախտս բերեց։
Ինձ քիչ թվացած 15 րոպեն, փաստորեն, կբավարեր երեք տոմս պատասխանելու համար։

Ու… Վերջին հարցի կեսից, երբ դեռ նոր ուզում էի պատմել իմ պատկերացրած ռադիոհաղորդման մասին, լսում եմ երազանքներիս արտահայտությունը.

-Պարոն Զաքարյան, 20 ստացող ունենք։

Հա՞։ Ե՞ս։ Չէ, ինչ-որ բան այնպես չի։ Հիմա հանձնաժողովի նախագահը հաստատ կմերժի։ Հաստատ։ Բա ես պիտի բողոքարկեի։

Չէ, չէ։ Իզուր չէր, որ շատերի համար խիստ թվացող հանձնաժողովի նախագահը լավ տպավորություն էր թողել։ Հաստատ գիտեր, որ 20 պիտի ստանամ՝ անվճար լինելու համար։ Բայց որտեղի՞ց։ Է՜, ի՞նչ եմ խոսում։

Փաստորեն, արդեն ուսանող եմ, հա՞։ Զգույշ, աստիճանները, ընկա՛ր, կամաց։ Ճանապարհին էլ հիշեցի, թե միասնականից ուշանալուս պատճառով ոնց էի «ծանոթով» արտագրող դիմորդի տպավորություն թողել։ Հիմա էլ նույնը կլինի էլի, երևի։

Չէ, առանց վնասվածքների տուն հասա։ Ամենադժվարը ամսի 15-ին սպասելն էր։ Մինչև անունս չկարդայի ցուցակում, չէի հավատա, որ էլ աշակերտ ու դիմորդ երևույթների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեմ։

laura sekoyan

Գյուղի երկինքը

Հաճախ փորձում եմ տարբերություն գտնել մեր գյուղի՝ Սոլակի, և քաղաքների միջև։ Եվ առաջին բանը, որը միանգամից կարելի է տարբերել, երկինքն է։ Սովորաբար ես ուշ եմ քնում և հաճախ եմ երազում կամ մտածում՝ նայելով մեր գյուղի երկնքին։ Այն միշտ գեղեցիկ է, խորհրդավոր, աստղաշատ ու անեզր։ Գեղեցկությունն ավելի է արտահայտիչ դառնում, երբ երկնքում հայտնվում է լուսինը։ Ամռանը ես հաճախ եմ լինում Չարենցավանում և մայրաքաղաքում։ Մնալով այնտեղ՝ ամառվա շոգին հաճախ եմ դուրս գալիս պատշգամբ՝ հովանալու և աստղազարդ երկնքին նայելու։ Տարբերությունն ակնհայտ է։ Ես երբեք չեմ տեսել քաղաքի երկնքում աստղեր ու լուսին։ Գուցե իմ բախտից է, որ երբեք աչքովս չեն ընկել ո՛չ աստղերը, ո՛չ էլ լուսինը։ Ես մնում եմ այն համոզմանը, որ մեր գյուղի երկնքից գեղեցիկը չկա։ Գյուղի երկինքն այնքան բան է տեսնում։ Տեսնում է ինձ պես երազող մարդկանց, աշխատավոր գյուղացիներին, այստեղ-այնտեղ վազվզող երեխաների, մայրերի, քույրերի։ Երկնքին միայն այստեղ է հաջողվում տեսնել, թե ինչպես է սերմի հատիկը ծլում ու հասունանում։ Այստեղ է հաջողվում նրան տեսնել, թե ինչպես են մարդիկ հարթ ասֆալտից մի քանի կիլոմետր այն կողմ գնում ու հաղթահարում անանցանելի բարձունքը, որպեսզի հասնեն գյուղը պահպանող վանքին և կապվեն երկնային աստվածության հետ։ Այստեղ է նա տեսնում կանանց ու երեխաների, ովքեր քաղաք են ուղարկում տղամարդկանց՝ աշխատելու, և սրտի փափագով սպասում են նրանց տուն վերադառնալուն։ Այստեղ է նա ականատես լինում ու մասնակից դառնում հացահատիկի՝ ծլելուց մինչև հացի վերածման պրոցեսին։ Եվ վերջապես նա այստեղ է տեսնում այն ամենը, ինչը երազելու առիթ է տալիս… Իսկ քաղաքում նա արդեն տեսնում է աշխատավորներին, նոր դարաշրջան ձևավորող հասարակությանը, համալսարաններ վազող ուսանողներին, որոնց մեծամասնությունը գյուղերից են, տեղեկատվական տեխնոլոգիաների ճառագայթները, գործարաններից արտանետված «մաքուր» օդը։ Բայց քաղաքում ապրողները գուցե կարծում են, որ երկինքը մեկն է, և չկա տարբերություն՝ գյուղի, թե քաղաքի։ Միևնույնն է՝ մեր գյուղի երկինքն ամենագեղեցիկն է, այն չի կորչում քաղաքային լույսերի հետևում, այլ լուսավորում է գյուղը։ Ինձ միայն գյուղում է հաջողվում տեսնել լուսնի բոլոր փուլերը։ Եվ միայն մեր գյուղի երկնքում կարելի է տեսնել ամենավառ ու մեծ աստղը, որին մեզանից յուրաքանչյուրը իրենն է համարում։

Դեպի խաղը, միսիս Հադսոն, դեպի խաղը

Screen Shot 2017-07-27 at 4.47.40 PMԼոնդոնի հերթական անձրևոտ երեկոներից մեկն էր: Նստած իմ բազկաթոռի մեջ, ծխելով ծխամորճս՝ թերթում էի ֆեյսբուքիս նորությունների շարանը: Հավատարիմ ընկերս՝ բժիշկ Վաթսոնը, նստած էր իմ առջևում. իր բժշկական սերիալներից էր նայում: Վաղուց ոչ մի հետաքրքիր բան մեզ հետ չէր կատարվել, անհետաքրքիր, գորշ օրերից իմ օրգանիզմն արդեն զզվել էր: Ինձ գործ էր պետք: Վաթսոնն ուշադրություն չէր դարձնում վրաս, անգամ բուխարու վառ կրակը չէր շեղում նրա ուշադրությունն իր հեռախոսի էկրանից: Բայց շուտով ֆեյսբուքը կարողացավ ինձ օգտակար լինել, երբ տեսա այդ հայտարարությունը: Գրված էր, որ իմ մասին ինչ-որ նոր կայք է բացվել, ու էլի մի քանի տող բան, որը, ես իհարկե չկարդացի, այլ միանգամից բացեցի կայքը: Հայտնի պրոֆիլս դիմավորեց ինձ: Տրամադրությունս կտրուկ բարձրացավ, կայքի նկատմամբ հետաքրքրությունս ցրեց գործի պակասից առաջացած վատ մտքերը: Սկսեցի թերթել կայքի բոլոր բաժինները, երբ մի պահ քարացա: Այնտեղ իսկապես հետաքրքիր գործ կար: Բաժիններով առանձնացված էին գործերը, որոշները պարզից էլ պարզ էին, իհարկե, ոչ ձեզ համար, իսկ որոշներն իսկապես հրաշալի էին՝ իսկական ծննդյան նվեր: Շտապեցի pdf տարբերակով ներբեռնել գործը, որ երկար մտորեմ: Ամեն մի նոր գործ տեսնելիս արյունս եռում էր. մասնագիտական հետաքրքրասիրություն, ինչ արած:

-Իմ կյանքը նորից վերաիմաստավորվեց,- բացականչեցի ես, այս անգամ արդեն գրավելով Վաթսոնի ուշադրությունը:

-Գործ ես գտել, ի՞նչ է,- ծածուկ հետաքրքրությամբ հարցրեց նա: Վերջերս նրա կլինիկայի գործերը սարսափելի վատ էին գնում: Նա, իհարկե, չէր խոստովանում, բայց անդադար թերթերը փորփրելն ու իր հիվանդներից չխոսելը հենց դրա մասին էին վկայում:

-Այո, բարեկամս, և ոչ միայն մեկը,- տեղիցս վեր ցատկեցի ես ու նրան նետեցի իր վերարկուն,- չի կարելի նստել տանը, երբ Լոնդոնում այսպիսի բաներ են կատարվում:

Լոնդոնի անձրևներն ու մշտական խոնավ եղանակն այլևս ինձ չէր անհանգստացնում: Ես գործ ունեի: Խաղն սկսված է:

Հ. Գ. Ուզո՞ւմ ես հետևել իմ՝ անկրկնելի խուզարկու Շերլոկ Հոլմսի և իմ անբաժան ընկեր բժիշկ Վաթսոնի արկածներին արդեն հայերենով, այցելիր http://www.holmes.am կայքը, գտիր նոր գործեր, բարեկամս, ու անցիր գործի: Կայքում նույնիսկ աուդիոգործեր էլ կարող ես գտնել, եթե սիրում ես, որ գործը քեզ անձամբ են պատմում: Կարող ես սկսել բացահայտել քո շուրջը թաքնված առեղծվածները, իսկ երբ հայտնվես փակուղում, նամակ գրիր ինձ, ես անպայման կօգնեմ քեզ: Հասցեն անփոփոխ է՝ Բեյքր սթրիթ, 221 Բ, անունը՝ Շերլոկ Հոլմս: