Ներսն ու դուրսը








Երազիս կգան
Հարավային գագաթ





«Եթե չլինի Արցախը, չես լինի դու»
«Եթե չլինի Արցախը, չես լինի դու, չի լինի մեր մանկության տունը: Եթե պետք ա, պիտի մեռնես դրա համար», - սա հատված է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի և քրոջ նամակագրությունից պատերազմի ընթացքում։

Քույրը գրում է՝ «Հայկազ, ես հպարտ եմ, որ դուք հուլիսին կռվել եք, քո հասանելիքն արել ես», Հայկազը պատասխանում է՝ «չէ, էդ մի անգամ անելով չի, ես երկու տարի շոգին, ցրտին, քնաթաթախ էս պոստերը պահել եմ, ոնց կարամ թողնեմ իրանց»։

Հայկազը շախմատիստ էր, միշտ երկու քայլ առաջ մտածող, հաշվարկող ու արդար։ Հրամանատարը վկայում է, որ հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի ժամանակ հաշվարկի հրամանատար Հայկազի ու զինակից ընկերների կրակած բոլոր ականանետերը բացառապես նշանակետին են հարվածել։
Հայկազը Տավուշում էր ծառայում։ Մի օր տուն էր զանգել և տխուր ձայնով կիսվել մոր հետ․ «Մամ, էնքան վատ բան ա եղել․ էլ դիրքեր չենք բարձրանալու, ախր, մենակ էնտեղ ես հասկանում, թե ինչի ես բանակում, երբ նայում ես ներքևի գյուղում խաղաղ քնած բնակիչներին․ էդ մարդկանց համար ո՞նց չկռվես»։
2020թ․-ի հոկտեմբերի 14-ին Հայկազը նորից դիրքեր բարձրացավ։ Կռվեց Հադրութի գյուղերով՝ հասցնելով ընկերներին փրկել, շրջափակման մեջ ընկնել ու դուրս գալ։ Սարուշենի մարտերի ժամանակ բայրաքթարի հարվածից Հայկազն այլևս չարթնացավ։ Ֆուտբոլում փայլող ու արագավազ Հայկազը կյանքում առաջին անգամ բավականաչափ արագ վազել չհասցրեց․․․

«Դուք ուղղակի ապրում եք, քնում ու զարթնում, բայց Հայաստանի մասին ոչ մի բան չգիտեք ու չեք հասկանում։ Իսկ ես հիմա ամեն ինչ ուզում եմ անեմ, որ լավ լինի բանակի համար՝ ջոկիս, դասակիս, գնդիս, մարտկոցիս ու ամեն ինչի․․․», – գրում էր Հայկազը քրոջը՝ Արևիկին։
Հայկազ Զավենի Մկրտչյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս, աշխարհասփյուռ հայերս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։

Վազքս
Վազում եմ մեր գյուղի ճանապարհներով ու հանկարծ, բում… Վեր թռա իմ քնից ու հասկանալով, որ դա ընդամենը երազ էր, նստեցի մահճակալիս մեջ: Արշալույսի արևի առաջին շողերը ներս են թափվում պատուհանիցս՝ տաքացնելով իմ քնաթաթախ դեմքը: Ի՜նչ հաճելի է:
Է՜հ, ինչպես միշտ, արթնացել եմ զարթուցիչից մեկ րոպե առաջ, որ անջատեմ ու նորից քնեմ: Հա, վայելելով լուսաբացը՝ նորից ընկնում եմ մահճակալիս ու նորից վազում: Է՜հ, Էս ի՞նչ երազ է: Ո՞ւր եմ գնում: Ինչի՞ համար: Անցնում եմ փակ տների մոտով: Հա, բայց հենա, Աշոտենց տունը բաց ա, Տյոմենցն էլ: Տեսնում եմ՝ վազում է մեկը: Աշոտի շորերով, բայց Արտյոմի վազելու ձևին նման: Տեսա՝ ով է: Լավ, հեսա կհասնեմ, կհարցնեմ:
Ա՜խ, մա՛մ… Լավ էլի, արդեն հասնում էի: Մաման էլի «պատահաբար» բացեց ու փակեց դուռը, որ քիչ մնաց՝ մահճակալիցս ընկնեի: «Ա՜խ, լավ էլի,- մտածում եմ ես,- չեմ ուզում էսօր դպրոց գնալ»:
-Մա՛մ, առաջին ժամը ֆիզկուլտ ա, կլինի՞ երկրորդ ժամից գնամ,- արդեն լվացվելիս հայելու դիմաց «պարապում» եմ ես, չնայած գիտեմ, որ դպրոցը դատավճիռ ա:
-Մա՛մ, բարլուս,- ձայնիս խեղճ տոն տալով՝ ասացի ես,- մա՛մ, փորս ցավում ա, չեմ էթում դպրոց,- բայց մայրս մի քննող հայացք գցեց դեմքիս, ու ես ասացի,- լավ, լավ, գնում եմ:
Չէ, չստացվեց: Նույն «մանյովրը» էլ շաբաթը երկու անգամ չեմ կրկնի: Ա՜հ, էլի դաս չեմ արել: Էն ֆիզիկայի գիրքն ո՞ւր ա, է: Լավ է, ֆիզիկան ծանր ա, մենակ հանրը կտանեմ: Հասա խաչմերուկին: Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լացեմ. հողաթափերով եմ դուրս եկել տնից:
Լավ ա ֆիզկուլտի կոշիկները մոտս են. նստեցի մի փոշոտ քարի ու հագա իմ բոթասները:
-Ալո, Ռա՛ֆ, Մովսիսյանին կասես՝ թող բացակա չդնի, հեսա եկա:
Վազում եմ գյուղի ճանապարհներով. ու էլի դատարկ փողոցներ, փակ դռներ: Լևոն պապը ասաց.
-Արի՛, է՜, արի՛ տենամ:
-Լևոն կակո, վռազ եմ, ուշացա:
-Լավ, դե քել:
Չէ՛, բաց դռները շատ են, բայց Արտյոմենց ու Աշոտենց դռները փակ են: Երազում չէի հիշում, որ գնացել են գյուղից:
-Ռա՛ֆ, հո բացակա չի՞ դրել, ասա՝ հասնում ա:
Հոկտեմբերի 31, 2015
Հեռաստաններ











Պատահականությունների քրոնիկոն
Ինչքանո՞վ է հավանական, որ մարդը, ում հավանում եք, նույնքան կարևորում է ձեզ։ Որքա՞ն է հավանական, որ դուք ապրում եք ամենաերջանիկ կյանքը, որ կարող էր լինել բոլոր իրականություններում։ Ի՞նչ արագությամբ է անցնում ձեր ժամանակը։
Մենք ապրում ենք հաշվարկների ու հավանականությունների աշխարհում՝ առանց ավելորդ ժամանակ ու միմյանց հանդեպ հոգատարություն ծախսելու։
Հավանականությունը, որ մոտ ապագայում կհանդիպեմ կյանքիս իդեալին ձգտում է 0-ի։ Կյանքի իդեալներ, իդեալական կյանք, բարձր սպասելիքներ։ Դրա մասին չեմ էլ կարող մտածել։ Ժամանակ չկա։ Կյանքը չափից կարճ է, իսկ ժամանակը չափից արագ է ընթանում։ Ռեալիստ լինելը ձեռնտու է։
Ինչքան հիշում եմ, վերջերս միշտ շտապել եմ, բայց ինչքան էլ շտապեմ, ժամանակն ինձ համար ընդմիշտ կանգնած է։ Շուտ սպիտակած մազեր, կարճ կիսաշրջազգեստ ու 15-ամյա աղջկա տեսք, որի հետ ոչինչ չեմ կարող անել։ Գոնե ինչ-որ չափով պաշտպանված եմ անծանոթ տղամարդկանց հետ տհաճ շփումից։ Բայց ավտոբուսներում տարօրինակ տղամարդկանցից խուսափելը դժվար է։ Երբեք հասկանալի չէ՝ պարանոյա էր, թե՞ իսկապես ինձ էին ուսումնասիրում։
***
Վերջին անգամ դպրոցական էի, երբ պառկում էի քնելու երեկոյան 10-ին։ Մի շաբաթ առաջ նորից փորձեցի այդ ժամին պառկել։ Եղբորս ականջակալներն էի վերցրել (իմը մոռացել էի տանը, քաղաքից դուրս էինք գնացել)։ Կյանքում առաջին անգամ միացրի երաժշտություն, որ կարողանամ քնել, շատ հանգստացնող էր, ժամանակն իսկապես կարող է կանգնել։
***
“Hey Jude”-ը այն երգերից է, որը միշտ առաջ եմ տանում, բայց առանց որի իմ երգերի ցանկը չի կարող լինել։
Փետրվարյան անձրև էր։ Աբսուրդ։ Գլոբալ տաքացումը երբեք այդքան իրական չէր եղել։ Իսկ ես արդեն մոռացել էի ծնունդիս գնած նոր անձրևանոցի մասին։ Վերջին մոտ երկու տարիների ընթացքում առաջին անգամ երգը առաջ չտարա, որովհետև բիթլզյան օր էր։ Սենտիմենտալ Լիլիթ, որը որոշել է բռնել ակնթարթը ու չշտապել գնալ դասի։
Այդ ժամանակ նոր էի հասկացել, թե իրականում ինչքան բան եմ բաց թողնում օրվա ընթացքում միայն այն պատճառով, որ միշտ ինչ-որ տեղ եմ շտապում։
Կանգառից համալսարան քայլելու 2 րոպեանոց ճանապարհը երբեք ինձ 10 րոպե չէր թվացել։
***
«Լիլիթ, մի՛ վազի»։ Եթե մի օր Google-ը ունենար որոնումների ֆունկցիա, ըստ որի ես կկարողանայի իմանալ, թե ինձ հետ շփվելիս որ արտահայտությունն է ամենաշատը կրկնվում ընկերներիս կողմից, այս արտահայտությունը հաստատ առաջին երեքում կլիներ։
Իսկ եթե հաշվի առնենք նաև ընտանիքի անդամներին, ուրեմն հնարավոր է՝ տատիկի` «շուտ կգաս տուն», «դրսում չուտես», «աթոռի վրայի շորերը հագի» արտահայտությունները հայտնվեին «Լիլիթ, մի վազիի» կողքին։
-Էսօր տանը չես ուտելու, չէ՞,- վալենտինին հաջորդող օրը ճշտեց տատիկս՝ իմանալով, որ այդ օրը ուզում եմ օգտվել վալենտինի օրը համալսարանի հետևի կաֆեում երրորդ փորձից շահած 25 տոկոսանոց զեղչից մի բանի վրա, որը կյանքում չէի վերցնի, եթե այդքան ջանքեր գործադրած չլինեի։
Եթե Google-ը ունենար ֆունկցիա, ըստ որի որոշվեր, թե որ արտահայտությունն եմ օրվա ընթացքում ամենաշատը կրկնում, հավանաբար «սոված եմ» ու «գնամ չայ խմեմ»-ը կլինեին բավականին հաճախ կրկնվող։ Իսկ դրանց տակ երևի անորեքսիկ հասարակության մասին իմ բոլոր բողոքները։
Այդ օրը խելացի պլան էի մշակել, ըստ որի ես կհասցնեի գրել ֆրանսերենի երկու էսսեները 13։20-14։00-ի դասամիջոցի ընթացքում, որից հետո կիջնեի կաֆե՝ առանց հերթի 25 տոկոս զեղչով սենդվիչ վայելելու։
Գրադարանում ինչպես միշտ տեղ չկար, բայց ես կարողացա գտնել ազատ սեղան և մեկ ազատ աթոռ։ Իսկ 40 րոպեանոց դասամիջոցի ավարտվելուն պես, ավարտեցի նաև իմ սևագրանման ու թանաքոտ էսսեները։
Կաֆեում մարդ չկար, իսկ մինչև հաջորդ դասը դեռ 1 ու կես ժամ ժամանակ ունեի։ Ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է գնալ խանութ, որը դատարկվում է հենց երկար դասամիջոցի ընթացքում ու հայտանաբերել, որ բացի խմորեղենից, ոչինչ չի մնացել։
Այդպես էլ արեցի։ Երբ միկադոն ուտելուց հետո պայուսակիցս վերցնում էի «սեղեալով» պեչենին, որոշեցի նայել ժամին։
14։10։ Մի պահ կանգ առա ու հասկացա, որ ինձնից ընդամենը 10 րոպե է պահանջվել խանութ գնալու, գնում կատարելու, ուտելու և համալսարան վերադառնալու համար, իսկ այդ ողջ ընթացքում ոչ մեկի կողմից չեմ լսել «Լիլիթ, մի՛ վազի» արտահայտությունը։
Հաջորդ մի քանի րոպեն քայլում էի ընկերուհուս երազանքների արագությամբ, երբ նրա ոտքերը հոգնած են լինում ինձ հետ կես ժամ «վազելուց» հետո։ Քայլերի դանդաղեցման հետ միասին ժամանակը սկսեց ավելի դանդաղ ընթանալ։
«Փաստորեն ես իսկապես միշտ ինչ-որ տեղ եմ շտապում»,- բացահայտեցի ես։
***
Ժամանակի զգացողությունը երբեք ոչ մեկի կողմից սահմանված չի եղել։ Իսկ ժամանակի ֆիզիկապես գոյություն ունենալու մասին թեորեմը դեռ ապացուցված չէ։
-Բարև,- ասացի ես ու սովորության համաձայն գրկեցի, բայց դա տևեց կես վայրկյանից մի փոքր ավելի։
Երբ մի պահ մտածեցի բաց թողնել, զգացի ձեռքերի թեթևակի ամրությունը ձախ ուսիս։ Այնուամենայնիվ 1,5 վայրկյան անց բաց թողեցի, որովհետև եթե մի ակնթարթ էլ մնայինք նույն դիրքում, անհարմար կզգայի բաց թողնել՝ ճիշտ ժամանակին բաց թողնելու մասին մտածելով։
Տեսնես ո՞վ է սահմանել մարդկանց գրկելու ճիշտ տևողությունը։
***
19։04, հիմնականում այդ ժամին էի համալսարանից հետ գալուց սպասում երկրորդ տրանսպորտին, բայց այս անգամ առաջին տրանսպորտի վարորդը որոշեց մի կանգառ ուշ կանգնել։
Որոշեցի քայլելով հասնել տուն, որը ինձնից կխլեր ընդամենը 7 րոպե ու մի փոքր էներգիայից մնացած մաս։ Վաղուց չէի քայլել մութ փողոցներով, միայն հիշում եմ ինձ վազելուց, շտապելուց կամ տրանսպորտի մեջ խցկված։
Առանց մարդ բաց տարածությունով անցնելուց միայն երկու տղաներ կային: Երբ անցա նրանց կողքով, հայտնվեցի մանկությանս ֆոբիաներից մեկի տարածքում։ Մութ, բաց տարածության միակ վառ լուսամփոփի տակ կանգնած էր փոքր, վինտաժ ավտոմեքենա։ Գլուխս բարձրացրի վեր, որ նայեմ լուսամփոփին ու տեսա, թե ինչպես է լվացքի պարաններից մեկում ինչ-որ վերմակ խճճվել։
Հոգեկան հանգստություն, դանդաղ քայլեր, սթրես, մանկության ֆոբիա, պատերազմ, իսկ միակ բանը, որի մասին մտածել էի՝ հայրիկը դժվար ինձ նորից Լվովի շոկոլադ բերի, իսկ իմ սիրած կոնվերսները հագնելուց միշտ Ուկրաինայի մասին եմ մտածում։
***
Չեմ սիրում հրաժեշտներ, ես երբեք մարդկանց ամբողջությամբ բաց չեմ թողնում, անգամ նրանք, ովքեր իսկապես հեռացել են կյանքից, ապրում են ինչ-որ տեղ մեր իրականությունում։
Ամառային հով գիշեր էր, իսկ ես իմ ամենաչսիրած վարդերը ձեռքիս որոշել էի նորից երկրորդ տրանսպորտին սպասելու տեղը, զբոսնելով տուն հասնել։ Իսկապես, չեմ սիրում մարդկանց հրաժեշտ տալ։
***
«Լիլիթ, մինչև գնաս-գաս` սիրտս կկանգնի»,- վերջերս ամենաշատը այս արտահայտությունն է կրկնում տատիկս՝ անհանգստանալով իմ առաջին ճանապարհորդության մասին։
Երկու օր առաջ ստացա պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Չէ, ընդհանրապես պատրաստ չէի ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես։ Բայց կարևորը Եվրոպայում ընդունված լինի, թե չէ իմ առողջության մասին ո՞վ է մտածում։
Մինչև հիմա ինձ թվում է՝ հանգստացնող են ներարկել, որովհետև պատվաստումից հետո միայն պառկելու ու հանգստանալու ցանկություն ունեմ, ժամանակն իսկապես կարող է չափից երկար թվալ։
Մի պահ թվաց, որ արդեն առավոտ է, աչքերս բացեցի, դեռ երեկոյան 7-ն էր, իսկ տպավորություն էր, որ մի օր քնել եմ։
Երևի մի օր կկարողանամ ճիշտ հաշվարկել ժամանակն ու ամենաերջանիկ կյանքն ունենալու հավանականությունը։
Մոտիվացիա
Արձակուրդ է։ Ծանրաբեռնված ուսումնական տարվանից հետո բոլոր աշակերտներն ու ուսանողներն էլ ունենում են արձակուրդի կարիք։ Այդ ընթացքում ոմանք նախընտրում են պասիվ, ոմանք էլ` ակտիվ հանգիստ։ Ես դասվում եմ մեկ ուրիշ խմբի` արձակուրդը միշտ քնած անցկացնողների շարքին։ Երբ երեկ պատահաբար արթուն էի մնացել, ինձ մոտեցավ ավագ եղբորս որդին, ու շողարձակ աչքերը հառելով վրաս, հարցրեց.
- Ի՞նչ է նշանակում մոտիվացնել։
- Դու մոտիվացնում ես ինչ-որ մեկին այն ժամանակ, երբ հանդիսանում ես մոտիվացիա նրա համար,- իմ կարծիքով նրա` երկրորդ դասարանի աշակերտի համար, շատ հասկանալի պատասխան տվեցի ես։
- Իսկ ի՞նչ է մոտիվացիան,- հարցրեց նա։
-Դա այն է, ինչը հիմա ինձ մոտ զրոյական մակարդակի վրա է,- ծիծաղելով պատասխանեցի ես։
-Հավանաբար գիտելիքի նման մի բան է մոտիվացիան,- բարձրաձայն սկսեց մտածել նա։
Իհարկե վիրավորական է լսել, որ քո գիտելիքները զրոյական են համարվում ուրիշի կողմից, բայց ես շարունակեցի փորձել բացատրել։
-Մոտիվացիան շարժառիթն է, այսինքն մի բան, որ մեզ կարող է ստիպել շարժվել առաջ։ Օրինակ` քեզ համար շոկոլադը շարժառիթ է, որ բարձր գնահատական ստանաս։
- Իսկ քեզ ի՞նչն է մոտիվացնում,- հարցրեց հետաքրքրասեր տղան։
Ես մտքերի գիրկն ընկա։ Վերջին շրջանում բավականին ցրված էի ու չգիտեի ինչպես առաջ գնալ։ Անհայտ պատճառով կյանքը անհետաքրքիր էր դարձել ինձ համար, ու ես ճգնաժամային շրջան էի ապրում։ Կարծում եմ բոլոր երիտասարդներն էլ ունենում են կյանքի նման փուլ։ Նրա հարցը ասես խորը նիրհից արթնացրեց ինձ։ Կարծես մոռացած լինեի իմ նպատակների ու երազանքների մասին, ու նրան հաջողվեց հիշեցնել ինձ դրանց մասին։ Ես պատասխանեցի.
-Ինձ մոտիվացնում են նոր ու գալիք սերունդները, որոնց կրթությունը կվստահվի ինձ մի քանի տարի հետո։ Դուք չափազանց լավն եք ու ձեր ապագայի համար ամեն ինչ կարելի է զոհել, անգամ իմ սիրելի քունը։
-Գալի՞ս ես շախմատ խաղանք,- ոգևորված ասաց նա։
-Իհարկե,- ասացի ես` լավ իմանալով, որ հերթական անգամ պարտվելու եմ նրան։
Բոլոր դեպքերում, որքան էլ մոտիվացիայի պակաս նկատեք ձեր կյանքում, լավ կլինի չմոռանաք ժպտուն աչքերով երեխաներին, որոնք ցանկացած անդունդից ի զորու են բարձրացրել մեզ դեպի վեր։






















