Համալսարնում անգլերենի դասընթացի ժամանակ մի տեքստ էինք անցնում, որը վերնագրված էր «Լուսանկարը արվե՞ստ է, թե՞ ոչ»: Տեքստում բերված էին փաստարկներ, որ լուսանկարը միանշանակ արվեստ է և հակափաստարկներ, թե ինչու արվեստ չէ: Փաստարկները ավելի լավ էին հիմնավորված և լսարանում բոլորը համաձայնվեցին, որ լուսանկարը իրոք արվեստ է:
Ես համոզված նշեցի, որ արվեստ չէ, հիմնավորելով որ լուսանկարից կարելի է միլիոնավոր օրինակներ ստանալ, իսկ արվեստի նմուշը պետք է եզակի լինի: Բացի սա նշեցի, որ այստեղ շատ մեծ է տեխնիկայի գործոնը և ավելի քիչ՝ մարդու անմիջական դերը:
Անիմաստ փաստարկներ են: Արվեստի ամենակարևոր հատկանիշը արտահայտումն է. զգացմունքների, մտքերի, հույզերի, տպավորության: Իսկ լուսանկարը ինչի՞ համար է, եթե ոչինչ չի արտահայտում: Բացի այդ, եզակի լինելը հազիվ թե արվեստի չափանիշ լինի, որովհետև ինձ համար արվեստը հենց չափանիշներից ազատությունն է:
Իսկ տեխնիկայի հանդեպ թերահավատությունս ավելի անհիմն է: Չէ որ ցանկացած ստեղծագործություն պահանջում է գործիք, տեխնիկա՝ վրձնից սկսած հնչյուններով ավարտած:
Ժայռապատկերների մի տեսակ կա՝ կոչվում է մակարոն: Այդ պատկերները արվել են մատները ներկի մեջ թաթախելով ու պատերին միացած մատներով ուրվագծեր անելով: Արդյունքում պատկերը մակարոնի նման զոլավոր էր ստացվում: Ուզում եմ ասել, որ անգամ երբ վրձին չկա, որպես տեխնիկա միևնույն է, մի միջոց պետք է՝ պատկեր ստանալու համար:
Վերադառնամ լուսանկարչությանը. երբեմն նայում եմ ինչ որ բանի, ու աչքիս առաջ ոչ թե իրական պատկերն է, այլ դրա լուսանկարը, այդ պահին հասկանում եմ, որ մոլորակի վրա ոչ մի լուսանկարող սարք ի վիճակի չի լինի ցույց տալ տեսածս: Հետո ինձ համոզում եմ, որ մարդիկ առանց իմ լուսանկարի էլ հանգիստ ապրում են, ու առանց այդ էլ լուսանկարիչներ շատ կան: Բայց երբ այս մտքերը ավելի թույլ են լինում, քան լուսանկարելու ցանկությունս, ես փորձում եմ այդ կերպ արտահայտել զգացածս: Ու այդ պահերին ամենաքիչը ինձ հուզում է, թե լուսանկարը արվեստ է, թե ոչ:
Ցավոք, լուսանկարներիս մեծ մասը միայն ինձ համար են. պահում եմ հիշողությանս մեջ, որտեղ դրանք միշտ լավ որակով են ու ճիշտ լույսով:








Արա Մամբրեյանը 18 տարեկան է, աշխույժ և տարօրինակ տղա, որը հաճույք է ստանում լեգոներով խաղալուց ինչպես երեխան: Հաճախ է ասում, որ չկա որևէ տարիք, երբ կդադարի խաղալ լեգոներով: Չնայած երեխայական ցանկություններին, խոստովանում է, որ ապագայում կուզենա ունենալ 2 կամ 4 երեխա, որովհետև պաշտում է երեխաներին. նրանք իր կյանքը լցնում են երջանկությամբ: «Երբ ես երեխա էի, ինձ հրավիրել էին կինոյում խաղալու, բայց ես մերժեցի: Հիմա՛ր»: Չնայած իր տարիքին՝ արդեն 6 անգամ հաղթել է միջազգային գիտական օլիմպիադաներում և 5 անգամ Հայաստանի բասկետբոլի առաջնությունում նվաճել է մեդալ` խաղալով ազգային հավաքականում: Նա Հայաստանի պատմության մեջ առաջին մարդն է, ով 1 տարվա մեջ 4 տարբեր մեդալ է նվաճել: Ավարտելով Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը՝ սեփական ուժերով ընդունվել է Քեմբրիջի համալսարանի բակալավրիատի գիտությունների բաժինը: «SAT»-ի և «TOEFL»-ի քննությունները Հայաստանում հանձնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատրաստվել է հարցազրույցին՝ Քեմբրիջ ընդունվելու համար: Հիմա Արան ունի մեր օժանդակության կարիքը, կա ֆինանսավորման խնդիր, իսկ հայ տաղանդին ձեռք մեկնելու համար յուրաքանչյուրս պետք է փորձենք օգնել նրան գումար գտնելու գործում: Գուցե տարիներ հետո հենց նա մեր երկրին օգնի բարելավել կրթության կամ որևէ այլ ոլորտ: Արան արդեն ապացուցել է, որ տաղանդավոր է, այժմ մեր հերթն է լուսավորելու Քեմբրիջի ճանապարհը նրա համար: Արան այժմ չունի հիմնական նպատակներ, բայց ունի ցանկություններ: Ուզում է դառնալ լավ մարդ՝ ավելի խելացի և ինքնավստահ, ավելի հանդուրժող և քաղաքակիրթ: