Կոնյակի փառատոն Ծաղկաձորում

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Մայիսի 7-ին Ծաղկաձորում առաջին անգամ անցկացվում էր Կոնյակի փառատոնը։ Ներկայացված էին 30-ից ավելի կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններ: Տեղի ունեցավ հյուրասիրություն, գործում էին բազմաթիվ տաղավարներ, որոնք ներկայացնում էին հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, հայկական հագուստ, զարդեր։ Ամբողջ ընթացքում ընթացքում Ծաղկունյաց հրապարակում հնչում էր բարձր երաժշտություն, որն էլ ապահովում էր հայտնի Dj Smoke-ը։ Իսկ օրն ավարտվեց Արամ mp3-ի ու Իվետա Մուկուչյանի խելահեղ համերգով, որին նույնիսկ հորդառատ անձրևը չէր խանգարում։

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Դե, իսկ ինձ համար էլ օրվա «ձեռբերումները» անցկացրածս լավ ժամանակն ու մեր երկիրը միջազգային մրցույթներում պատվով ներկայացրած Արամ Mp3- ի հետ մի քանի լուսանկարն ու ինքնագիրն էին։

jemma petrosyan

Գյուղս լցվեց մարդկանցով

Գրեթե ամեն օր պարապմունքի հաճախելիս՝ անցնում եմ նույն ճանապարհով ու ամեն անգամ մի ուրիշ ոգևորությամբ տուն եմ վերադառնում։ Ուզում եմ փոքր-ինչ ներկայացնել ամեն մի ամիսը՝ սկսած փետրվարից, քանի որ այստեղ՝ Արարատյան դաշտավայրում, փետրվարը միակ ամիսն էր, որ շատ ցուրտ էր։

Փետրվար։ Ամեն անգամ նույն ճանապարհով քայլելիս՝ տխուր վերադառնում էի տուն։ Կարծես գյուղիս սիրտը ժամանակավոր կանգնած լիներ։ Ծառերը՝ մերկ, դուրսը՝ ցուրտ, մարդիկ՝ տանը։ Հա, ճիշտ եմ ասում, դրսում հազվադեպ էի մարդկանց հանդիպում, այն էլ այն ժամանակ, երբ այցելում էին բարեկամներին, կամ գնում էին խանութ, կամ էլ գնում էին գոմ՝ անասուններին կեր տալու նպատակով։ Ամենակարճ, բայց ամենաերկար թվացող ամիսն էր այդ տարօրինակ ցրտի պատճառով։

Մարտ։ Մարտ ամիսը համեմատաբար եղանակները տաքացել էին, ու մարդիկ փոքր-ինչ սկսել էին մտածել իրենց հողամասերի մասին։ Փորձում էին ծերը ծերին հասցնելով գումար հավաքել , որպեսզի կարողանան սերմացու գնելու համար գումար հայթայթել: Ես ինքս փողոցով տուն իջնելիս ականատես եղա մի կարճ խոսակցության, այսինքն անցնելիս լսեցի.«Չէ ախպերս, ձեռս մի կոպեկ փող չկա։ Ինչ ունեի- չունեի ցելաֆոն ու սերմ եմ առել»։ Արդեն հասկացաք, որ խոսքը գումարին էր վերաբերում։ Հա մեկ էլ մոռացա ասել, որ մարղիկ քիչ-քիչ դուրս էին եկել տներից ու պատրաստվում էին անցնել գյուղացու՝ իրենց մշտական տանջանքին։

Ապրիլ։ Չգիտեմ՝ ինչպես, կամ ոնց բացատրեմ այն ամենը, ինչ կատարվում է ապրիլ ամսին։ Դա կապված կլինի, թե ապրիլյան պատերազմի հետ, և թե ապրիլի 24-ի հետ։ Բայց գիտե՞ք, այս ամենի հետ միասին մի հետաքրքիր ու անբացատրելի փոփոխություն է կատարվել շրջապատումս։ Մարդիկ դարձել են ավելի աշխույժ ու պատրաստ են ամեն ծայրահեղ քայլի ։ Այժմ ամեն օր փողոցով քայլելիս բարձր տրամադրությամբ տուն եմ վերադառնում, քանի որ գյուղս լցվեց մարդկանցով ու ամեն քայլափոխին մարդկանց դեմքին ժպիտ տեսնելով, սկսում ես ավելի վառ ու պայծառ հայացքներով նայել այն վայրին, որտեղ բնակվում ենք։

Mher Taroyan

Աստված իմ՝ Արև

Տիեզերքում կարտարվող ամեն բան ունի իր իմաստն ու կարևորությունը, և մարդկային ծնունդն այս առումով բացառություն չէ:
Տեսեք՝ ծնունդը մենք համարում ենք ամեն ինչի ու ամեն բանի սկիզբ, բայց ըստ էության, այն նաև ավարտ է՝ ամիսներ շարունակ ձգվող խավարի ավարտ: Մենք խավարից գալիս ենք դեպի լույս՝ արև, և տևական «արևային» դադարից հետո նորից, ուզած թե չուզած, վերադառնում խավար: Այդ երկու խավարների միջև ընկած լուսավոր ժամանակահատվածում ի՞նչ ենք անում մենք: Ասեմ: Մենք անընդհատ ձգվում ու ձգտում ենք դեպի արևը, փորձում մոտենալ նրան և հնարավորության դեպքում նույնիսկ խաշվել նրանում:
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»
Ու կրկին «ինչո՞ւ» հարցական դերանունն ակտուալ է: Ինչո՞ւ ենք մենք միշտ ձգտում դեպի արևը, որովհետև մենք հավատում ենք, հավատում ենք, որովհետև անկախ քաղաքական կոմնորոշումից, սոցիալական կարգավիճակից, մտավոր ու ֆիզիկական ունակություններից այն միշտ մեզ հետ է: Մարդկության արարումից մինչև օրս անդավաճան ծառայում է մեզ, իսկ ծառայում է, որովհետև մենք էլ միշտ (հաճախ նույնիսկ ենթագիտակցաբար) հավատում ու ձգտում ենք նրան:
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»
Ամբողջ կյանքի ընթացքում մենք պերմանենտ շարժվում ենք դեպի արևը ու ամենաանսպասելի պահին հասնում նրան՝ մեր ամբողջ կյանքի հավատին: Ե՞վ: Հիմա ի՞նչ: Իսկ հիմա դեպի ո՞ւր: Չէ՞ որ արդեն հասել ենք այն բաղձալիին, այն անհասին: Եվ հենց այստեղ՝ եզրագծին, հավատի մեջ կամ հավատը մեր մեջ մենք հասկանում ենք, որ մեր սրտի ամեն կծկման, օդի ամեն շնչի, աչքի ամեն թարթի իմաստը մեր լույսին՝ արևին՝ հավատին հասնելն է: Ու քանի որ «հավատ»-ն ինքն էլ լավ հասկանում է, որ մենք հասնելով իրեն, ապրում ենք մեր կյանքը ու, կոպիտ ասած, արդեն իմաստազրկում այն, նա մի վերջին անգամ, բայց ամենայն ուժգնությամբ շողում է, կուրացնում մեր աչքեր (բայց ոչ միտքը), և մենք նորից հայտնվում ենք խավարում, բայց ոչ վերջի, այլ կրկին սկզբի: Ու նորից.
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»:

sona zaqaryan

17.am-ն իմ կյանքում

Երբ փոքր էի, ստեղծագործում էի: Բանաստեղծություններ էի գրում և ամեն անգամ դրանք կարդալիս մեծ հրճվանք էի ապրում, հատկապես, երբ մեծերը գովաբանում էին ինձ:

Անցավ մեկ-երկու տարի: Ընդհանրապես չէի ստեղծագործում: Ինչպես ասում են՝ մուսա չկար: Մուսաս 17.am-ի շնորհիվ արթնացավ: Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կարողացա գտնել 17-ի էջը և սկսեցի թղթակցել: Գրում էի գյուղի, հետաքրքիր մարդկանց ու տարբեր թեմաների շուրջ: Մեծ ուրախությամբ ընդունեցի այն փաստը, որ ընտրվել էի որպես աշնանային մեդիա ճամբարի մասնակից: Այնտեղ շա՜տ բաներ սովորեցի լրագրության, ֆոտոլրագրության, ինչպես նաև կինոյի մասին: Ձեռք բերեցի բազում ընկերներ ու շա՜տ գիտելիքներ: 17-ը դարձավ առօրյայիս ու կյանքիս հիմնական մասը: Հոդվածներս նաև սկսեցին տպագրվել «Որոտան» թերթում: Այսպես ասած՝ հայտնի մարդ էի դարձել: Դրսում անծանոթ մարդիկ հարցնում էին.

-Դու է՜ն լավ հոդվածներ գրող Սոնան չե՞ս:

Գիտե՞ք ինչ հաճելի է, երբ մարդիկ գնահատում են քո աշխատանքը, ու երբ հասկանում ես, որ մարդկանց իրոք հետաքրքիր են քո ստեղծագործությունները: 17-ը ինձ օգնեց հասկանալ, որ աշխարհն ավելի գեղեցիկ է, քան թվում է, որ մեզ շրջապատող ամեն ինչի մեջ կարելի է հետաքրքրություն գտնել, որ այն բաները, որոնք մեզ մանրուք էին թվում, հաճախ կարող են ավելի կարևոր նշանակություն ունենալ:

Այսօր ես հպարտ եմ, որ 17-ի մի փոքրիկ մասն են կազմում, կարողանում եմ ստեղծագործել ու պատմել աշխարհին իմ փոքրիկ գյուղի ու հետաքրքիր մարդկանց մասին:

Շնորհակալ եմ 17-ի ողջ անձնակազմին ինձ այսպիսի հնարավորություն տալու համար, ու թող 17-ի գործունեությունը երկա՜ր շարունակվի, որպեսզի մեր հայ պատանիները իրենց համար բացահայտեն ավելի գունավոր ու գեղեցիկ աշխարհ:

zara ghazarean

Աղբի տեսակավորում

Միշտ չէ, որ կարողանում եմ մեծ հաճախականությամբ լինել մայրաքաղաքում: Բայց դե, երբ որ լինում եմ, ապրած հիասթափությունը այնքան մեծ է, որ կամա թե ակամա, խուսափում եմ հաջորդ այցից: Մարդ է՞լ խորշի սեփական երկրի «ամենասեփական» մայրաքաղաքից: Հիմա բացատրեմ, թե ինչու, կամ ո՞րն է այն պատճառը, որը արդարացնում է նպատակը:

Ամեն անգամ, երբ դուրս գաք մայրաքաղաքում զբոսնելու, նախքան ընկերոջ կամ ընկերուհու հետ «կխորանաք» ինչ-որ թեմայի քննարկան մեջ, դարձե՛ք ու տեսե՛ք, թե ինչեր են թափված այն փողոցում, որով քայլում եք:

Ես քայլել շատ եմ սիրում, ժամերով քայլում եմ, բայց ինչ օգուտ, եթե այդ բոլոր փողոցները հիշեցնում են ինչ-որ հետնախորշային նեղլիկ նրբանցքներ, որտեղ բացի մաքրությունից ամեն ինչ կա: Այո՛, Նորքի 9-րդ զանգվածից մինչև Կենտրոն, Աջափնյակից՝ Շենգավիթ չկա մի փողոց, որտեղ աղբի կուտակումներ չլինեն: Չգիտեմ՝ ինչից է, մաքրման վատ աշխատանքների՞ց, քաղաքապետարանի՞ց, թե՞ մարդկանցից: Հա՜, մարդկանցից է, փողոցում տարրական վարվելակերպ կանոններ չունեն: Ինչ ասես, եթե աղբամանի կողքին կանգնած, կամ կես մետր հեռու արևածաղկի ու ծխախոտի մնացորդները, կամ որ ավելի վատ է, պաղպաղակի թուղթն ու պոլիէթիլենային տոպրակը թափում են գետնին: Ախր, չեմ հասկանում. ձեր տանն այդպես անո՞ւմ եք: Իհարկե ոչ, ոնց կանեք… Դե, մաման մաքրել է: Ախր սա էլ է ձեր տունը, իսկ մարդիկ էլ՝ ձեր հարազատները: Մաքուր պահեք, էլի…

Բայց լավ, այս աղբը քամին կարող է քշել-տանել աչքից հեռու ինչ-որ «չոլ ու հանդ», բայց այ, «մարդկային աղբը» ոչ ոք ու ոչինչ չի քշել: Տեսել կամ լսել եք, չէ՞, փողոցում ռեպլիկ թողնող ջահելներին: Բռիությո՞ւն, թե՞ դաստիարակության պակաս: Թերևս բոլորը միասին:

(Տղաներ)- Քուրիկ ջա՜ն, ժամը կասե՞ս:

-Հորս արև, ապե էսօր ախպերդ քաղաքի տերն ա…

(Աղջիկներ)- Լյա՜վ, է՜…Պռիվեծիկ, մոյ կոծիկ…

(Իմ նմաններ)- Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ և հարցերի հարցը՝ ինչո՞ւ:

Հ.Գ. Չլինի՞ թե՝ ուրիշների աչքի փուշը տեսնում եմ, իմ աչքի գերանը՝ ոչ: Պարզապես մեզ շրջապատող աշխարհը մաքուր պահենք աղբի բոլոր տեսակներից:

Ani avetisyan

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

Չիանգ

 Սենյակում լռություն էր: Ջոնաթանի ամենասիրելի, անսահման լռությունը: Այն սկսվում էր վարագույրով ծածկված դռնից, գալիս-խփվում բեմի վարագույրներին ու բեկվում, իսկ հետո օդում անկանոն շարժումներ անում: Լռությունը գեղեցիկ էր, իսկ ամենագեղեցիկը ազատությունն էր, որ այդ պահին գերակշռող էր: Ազատություն էր պարող-դերասանների ներդաշնակ շարժումները, ազատություն էր հանդիսատեսի դեմքին քարացած զարմանք-հիացումը:

Վերջերս Հայաստանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնում բեմադրվեց իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»: 

Ջոնաթանն աշխարհում ամենից շատ թռչել էր սիրում, իսկ թռիչքն իր Երամի համար միայն կերին հասնելու միջոց էր, և, առհասարակ, ճայերն ապրում էին, որ սնվեն: Ջոնաթանը տարբերվում էր նրանցից. նրա համար թռիչքը կատարելություն էր ու դրան հասնելու միջոց, թռիչքն անսահմանություն էր, իսկ բացարձակ արագությունը, որ ավելին է նույնիսկ, քան լույսի արագությունը, որ թվերով չի սահմանվում՝ճանապարհ է դեպի երկինք

Ջոնաթանն ու նրա մասին պատմող գիրքը ոչ այլ ինչ են, քան իրականության յուրօրինակ պատկերում: Մենք ամենքս էլ մի Ջոնաթան Ճայ ենք,և նա ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ինչպես նշում է հեղինակը: Մեր կյանքն էլ կատարելության հասնելու ճանապարհ է, որ կամբողջանա այնտեղ՝ երկնքում: Ամենից կարևորը այդ ճանապարհին սպասվող փորձություններն են:

Ջոնաթանին վտարում են ջոկատից, քանի որ նա խախտել էր կանոնն ու ճախրել ՝ ոչ սնունդ հայթայթելու համար: Ճայերի երամից մի «դերասան» հրում էր Ջոնին, վերջինս մի վայրկյանում հայտնվում բեմի ծայրին ու, մի քիչ էլ՝ թվում է՝ կընկնի: Կընկնի ու ազատությունը կախված կմնա բեմ-դահլիճ սահմանին: Կընկնի ու կավարտվի կատարելության համար պայքարը, իսկ ուտելիքն էլի կմնա ամենակարևորը: Բայց Ջոնը կանգնում է ու գնում դեպի վեր՝ իր հետ տանելով ազատության իր բաժինը, իսկ մնացածն ուղղում է բեմ, որ գալիս ու սառչում է հանդիսատեսի դեմքին, վերևից կախված, բայց չվառվող լամպերին, ու ամենքս մի-մի Ազատության արձան ենք դառնում այդ պահին:

Բեմի լույսերը ցավեցնում են աչքերս, փակում եմ ու նույնքան հստակ պատկերացնում այն, ինչ կատարվում է բեմում, ինչ կտեսնեի բաց աչքերով: Ջոնաթանն արդեն վերևում է՝ ամենավերևում, իսմ Երամը մնաց ներքևում, բայց Ջոնը դեռ կգա նրան էլ իր հետ վեր տանելու, սովորեցնելու կյանքի իրական իմաստը, այն, որ ինքը նոր էր գտել, գտել էր, երբ խենթորեն գալարապտույտներ էր կատարում ծովի վրա, երբ գնաց-բախվեց Երամին, երբ հեռացրեցին Երամից: Երկնքում Ջոնը գտավ իրեն, ճանաչեց ու հասկացավ:

Մեզ հետ էլ հաճախ է պատահում, չէ՞: Դու տեղդ չես գտնում այնտեղ, որտեղ, ասում են, թե քո իրական տեղն է, թե դու նրանն ես, իսկ նա՝ քոնը: Բայց միշտ էլ մի երկինք, կամ գուցե երկիր քեզ ստիպում է հակառակը մտածել: Գնում եմ, բայց դեռ hետ կգամ: Սովորում ենք թռչել, բայց ոտքերդ դեպի հող են քաշում ու կանգնեցում քարե անդունդի եզրին: Ճախրիր, կամ կընկնես, դու ես որոշողը

Երաժշտության ձայնը ծակում է ականջներս, իսկ ներկայացումն ավարտվում է: Մի պահ նորից լռությունը պոկվեց վարագույրներից և լցվեց սենյակ, իսկ հետո նրան ծափերով hետ քշեցին:

Մի ողջ խումբ ու մի հեղինակ ազատության և թռիչքի դասեր տվեցին, իսկ լավ կամ վատ աշակերտ լինելն արդեն մեզանից էր կախված…

hripsegh

Կյանքը հատակում

Նախ սկսեմ այնտեղից, որ վերջերս մեծ հետաքրքրություն ներկայացնող ֆիլմ եմ դիտել և կցանկանայի կիսվել իմ տպավորություններով: Երևի թե մինչ այժմ դիտած բոլոր դոկումենտալ ֆիլմերից ամենալավը: Մի ֆիլմ, որի մեջ կար ամեն ինչ: Գուցե ավելին, քան ամենահայտնի սցենարիստների և ռեժիսորների` միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ արժեցող ֆիլմերում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և 2004 թվականին արժանացել է Օսկարի` լավագույն դոկումենտալ ֆիլմ անվանակարգում: Զանա Բրիսկին` լուսանկարչուհի և ռեժիսոր, մեկնել էր Հնդկաստան՝ վավերագրել «Կարմիր լապտերների» փողոցների կյանքը, որտեղ տիրում էր անօրինականությունն ու քաոսը, զրուցել այդ փողոցներում ծնված և ապրող երեխաների հետ, այդ կյանքը ներկայացրել նրանց աչքերով: Ծրագրի հիմնական նպատակը այնտեղ ապրող երեխաներին այդ վիճակից լուսանկարչության միջոցով դուրս բերելն ու նրանց մտածելակերպը փոխելն էր, որպեսզի նրանք չկրկնեին իրենց ծնողների սխալները:

Գիտեք. ֆիլմը դիտելիս հերոսներից ամեն մեկի հետ ցավ ես ապրում` տեսնելով, թե նրանք իրենց մանկությունն ինչպիսի միջավայրում են անցկացնում, և թե ինչպիսի կյանք է նրանց սպասվում: Ախր, նրանցից յուրաքանչյուրն այնքան տաղանդավոր է, այնքան լավ ապագա կարող էր ունենալ… Ախ, միայն թե սխալ տեղում և սխալ միջավայրում ծնված չլինեին, ախ, եթե նրանք, այդ կեղտոտ միջավայրի պայծառ լուսարձակող մարգարիտները, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում ծնվեին, ինչ բարձունքների կարող էին հասնել: Նրանց լուսանկարներն այնքան հետաքրքիր են և աչքի ընկնող, որ շատ լուսանկարիչներ նման արդյունքի կարող են հասնել միայն երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Գուցե դա նրանից է, որ երեխաներն ավելի պարզ են մտածում ու շատ չեն ընկնում մանրուքների հետևից: Նրանց համար կարևորը պահը որսալն է, իսկ մնացած բաներն արդեն կարծես ինքնըստինքյան ստացվում են (սա կարող է օրինակ ծառայել նրանց համար, ովքեր ցանկանում են լուսանկարչությամբ զբաղվել): Առաջին անգամն էր, որ նրանք տեսնում էին լուսանկարչական ապարատներ և մեծ ոգևորությամբ փորձում էին լուսանկարել ամեն հետաքրքիրը և շատ մարդկանց համար անհետաքրիր թվացողը: Իսկ նախաձեռնության հեղինակ Զանա Բրիսկին մեծ համբերատարությամբ բացատրում էր նրանց ամեն ինչ: Ու գիտեք, այդ պահին իմ մեջ արթնացան իմ առաջին լուսանկարչական դասի հիշողությունները, որից արդեն անցել է 4 տարի: Երբ ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես ճիշտ բռնել ֆոտոապարատը, թե ինչպես էին բացատրում լուսանկարչության ոսկե կանոնը, ինչպես գտնել լույսը և շատ ուրիշ բաներ, այն դեպքում, երբ ես երկնքից ու ամպերից բացի ոչինչ չէի նկարել: Չգիտեմ, երևի «Մանանայի» ծրագիրն ու առաքելությունն էլ ոչ այնքան պարզապես իրենց ամենօրյա աշխատանք-պարտականությունը կատարելու մեջ է, որքան լուսանկարչության և լրագրության միջոցով երեխաներին, իսկ հետո երեխաների միջոցով հասարակությունը փոխելու, նրանց ապագան ավելի լավը դարձնելու և, այն երեխաներին օգնելու մեջ է, որոնք իրոք դրա կարիքն ունեն:

Հ.Գ. Անպայման դիտեք և սովորեք Born into Brothels ֆիլմից, որը ինձ համար դեռևս լավագույնն է իր ժանրում:

lida armenakyan

365 սև ու սպիտակ օրեր (Մաս 1)

Հունվարի 1. Բարև, հարգելի «ընկերս»: Շնորհավորում եմ Ամանորդ: Հուսով եմ` ինձ չես մոռացել…

Հունվարի 2. Բարև: Քեզ գրում եմ հեռու հեռուներից, ուր կիլոմետրերի օվկիանոս է տիրում: Չգիտեմ նամակս ստացել ես, թե չէ: Պատասխան նամակ չստացա. Կարծում եմ, տեղ չի հասել: Դե, փոստատարս հիվանդ էր: Ինչևէ: Նոր Տարիդ էի շնորհավորում:

Հունվարի 3. Բարև: Փոստատարս երևի շատ ծանր է տանում հիվանդությունը: Վաղը այցի կգնամ: Կգնամ կարկանդակներով, որ շուտ կազդուրվի ու նամակներս քեզ հասցնի: Որ ես էլ քեզնից նամակներ ստանամ ու ինձ պետքական զգամ:

Հունվարի 4. Բարև: Փոստատարիս տանից եմ գալիս: Ինչպես խոստացել էի, այցի էի գնացել: Հինգ օրից կանցնի գործի, մինչ այդ նամակները տաք-տաք կպահեմ իմ տանը, իմ գրկում, իմ մտքում կամ ուր սիրտս կամենա:

Հունվարի 5. Քանի փոստատարս հիվանդ է, նամակներն ինքս պիտի փոստ հասցնեմ: Ինքդ էլ գիտես` մեր տնից ինչ հեռուէ: Ազատ ժամանակ էլ չունեմ, որ այդքան գնամ, բայց քանի որ նամակներս քոնն են ու քեզ են հասցեագրված, չունեցածս ազատ ժամանակն էլ կգտնեմ, չգտնեմ էլ` կստեղծեմ: Հաստատ:

Հունվարի 6. Բարև: Ամեն օր գրում եմ հասցես, հետո հասցեդ, որ գուցե պիտի իմ հասցեն էլ դառնար, լիներ, բայց վաղուց երևի ուրիշինն է դարձել: Ու ցավով եմ նշում, թե ուրիշինն է: Բայց համակերպվում եմ, ինձ համոզում եմ, որ էլ քեզ չեմ… Դե լավ, մոռացիր: Չնայած դու արդեն մոռացել ես, մնում է՝ ես մոռանամ: Կմոռանամ, եթե թույլ տաս: Թույլ չես տալիս ու ոչ էլ հանգիստ ես թողնում մտքերս, ինձ…


 Հունվարի 7. Բարև: Արդեն 7-րդ օրն է նույն «բարև»-ով եմ սկսում: Նույն անպատասխան բարևով, բայց նույն ջերմությամբ: Զարմանալի է, որ քաղաքիս սառնությունը իմ մեջ եղած ջերմությունը չի տարել, իրենով չի արել: Թողել է ինձ, թողել է քեզ: Կամ միայն ինձ…

Հունվարի 8. Բարև: Ցուրտ է: Մրսում եմ: Վառարանն ու տաք ծածկոցներն էլ չեն օգնում: Ոչ էլ տաք թեյը: Պատկերացնու՞մ ես: Իմ սիրած տաք թեյն անգամ չի օգնում: Ասում եմ՝ ցուրտ է: Լսու՞մ ես: Առաջ, երբ ասում էի՝ ցուրտ է, երբ մի թեթև քամի էր լինում, անմիջապես գրկում էիր, ձեռքս բռնում, վերարկուդ կամ իմ սիրած վանդակավոր վերնաշապիկդ առաջարկում: Հիմա ուրախ կլինեի, որ այս ամենից գոնե միայն այն վանդակավոր վերնաշապիկդ առաջարկեիր: Այն, որ լցված էր կյանքի գույներով, դե այն, որ քեզ շատ էր սազում: Հենց այն, որի մի անկյունում ասեղնագործած մի փոքրիկ հատված կար, որտեղ անվանս առաջին տառն էր գրված. արդեն չեմ հիշում՝ իմ, թե հենց քո թեթև ձեռքով….

Հունվարի 9. Բարև: Գիտե՞ս, վերջապես կատու եմ պահում: Իմ մենակության ընկերն է ու քո բացակայության արդյունքը: Երբ ինչ-որ տեղս ցավում է, արագ գալիս ու տեղավորվում է ինձ մոտ, հետո տաքացնում, մլավում, շոյում: Մի ժամանակ կար, երբ ցավող տեղս դու էիր բուժում: Հիմա սիրտս է ցավում, ու կատուն ինչքան էլ տաքացնի ու ինչքան էլ փորձի, ցավը չի անցնի: Հիմա սիրտս է ցավում: Ափսոս, շատ հեռու ենք: Հեռու ենք: Ափսոս:

Հունվարի 10. Բարև: Քեզնից հետո միակ բանը, որ չփոխվեց իմ կյանքում,երաժիշտ մնալս է: Երգեր եմ գրում, կատարում, գործիքավորում: Թե մի ժամանակ հանդիսատեսս միայն դու էիր ու մեր գունավոր տան ջերմ պատերը, հիմա մեծ բեմերն ու դահլիճներն են, բայց մութ ու մռայլ, տխուր ու ամպամած: Տխուր է: Ես մեր գունավոր տան ջերմ պատերն եմ ուզում ու մի լուսաշող գրկախառնություն, որպես պարգևատրում:

Հունվարի 11. Բարև: Այսօր շատ բան չեմ գրում: Միայն տեղեկացնեմ, որ համերգ ունեմ, որտեղ մեր գրած երգով պիտի ներկայանայի, բայց վերջին պահին որոշումս փոխվեց, որովհետև պատրաստ չէի ներսիս կատարվածը դահլիճի գորշ պատերի ու անտարբեր մարդկանց հետ կիսել: Բայց չէ, չմտածես` դժգոհում եմ, չեմ դժգոհում, հանդիսատեսս շատ լավն է, պարզապես այդ հարյուրների մեջ այն մեկի պակասը զգացվում է: Ես զգում եմ:

Հունվարի 12. Բարև: Համերգը հիանալի անցավ: Դահլիճը ցնծությամբ ընդունեց: Գիտե՞ս, այնտեղ էր նաև այն արևաշող, արևադեմ աղջիկը`Արփին: Համերգիս ծաղիկներով էր եկել` իմ սիրած երիցուկներով, շոկոլադով ու մի ջերմ ժպիտով: Ամուր գրկեց, ու միասին գնացինք սրճելու, թեև սովորությանս համաձայն թեյ խմեցի: Կարոտել էի: Քեզ էլ վաղուց չեմ տեսել: Կարոտել եմ: Կարոտել ենք… Չէ, չէ, կարոտել եմ:

Հունվարի 13. Բարև: Այսօր աշխատանքից կրկին ուշացել էի: Երևի հիշում ես, որ ուշանալը թուլությունս է: Ուշանում էի դասերից, պարապմունքներից, կինոյից, թատրոնից, ամեն ինչից: Հա: Անգամ մեր հանդիպումներից էի ուշանում, որ ամենասպասվածն ու ամենակարևորն էին ինձ համար: Առաջներում ուշանում էի չգնահատելով ժամանակը: Հիմա նոր եմ գիտակցում կորցրածս րոպեների արժեքը: Ախ, թե հիմա էլ առաջվա պես լիներ, միայն թե չուշանայի ու քեզ հետ ավելի երկար մնայի: Լավ: Հիմա արդեն ուշ է ու պիտի գնամ: Առայժմ միայն էստեղից եմ գնում:

Հունվարի 14. Բարև: Այսօր չգիտեմ` ինչու, հանկարծ հիշել էի, թե ոնց չպայքարեցիր ինձ համար ու գնացիր: Ոչ մի քայլ չձեռնարկեցիր կողքիս մնալու համար: Մինչև հիմա չեմ ընկալում, թե ոնց կարողացա ամեն դեպքում քեզ հասկանալ: Չնայած ինչի եմ զարմանում. ես միշտ հասկացել եմ քեզ:

Հունվարի 15. Բարև: Երկու շաբաթ է՝ գրում եմ: Իմ կյանքից եմ պատմում: Չգիտեմ էլ՝ հետաքրքիր է, թե չէ: Արդեն չգիտեմ էլ՝ կարդում ես, թե չէ: Կարևոր էլ չէ (երևի): Կարևորը գիտեմ, որ երկրի մի անկյունում մեկը կա, ում կարող եմ օրվա կատարվածը պատմել: Ոչ մի անգամ չես պատասխանում: Համակերպվել եմ: Ինչպես համակերպվեցի այն ժամանակ, երբ գնացիր: Բայց արդյո՞ք համակերպվել եմ: Բայց ամեն անգամ մի նոր պատճառ եմ գտնում, հորինում ինձ համար, որ շատ չտխրեմ:

Հունվարի 16. Բարև: Հուսով եմ չես մոռացել` ինչ օր է: Տարիներ առաջ այս օրը առաջին անգամ ասացիր, որ սիրում ես ինձ, սիրում ես, ու ինչպես իմ սիրելի Փոքրիկ Իշխանն էր ասում` պատասխանատու ես ինձ համար…

Հունվարի 17. Բարև: Ինչպես տեսնում ես, իմ պատասխանատվությունը չի կորել քո հանդեպ: Անընդհատ գրում եմ՝ սպասելով, որ կարող է ինչ-որ մի հրաշքով պատասխանես: Չես պատասխանում: Դե կյանքդ հո կանգ չառա՞վ ինձնով: Բայց այ քեզնով կանգ առավ իմը: Հետո ինչ, որ չնկատեցիր: Գուցե կանցնի ժամանակ, ու ես էլ չեմ նկատի:

Հունվարի 18. Բարև: Ո՞նց ես: Առաջ պատասխանում էիր.
 – Ես քեզ ունեմ, դու կողքիս ես` լավ եմ: 
Իսկ հիմա՞: Հիմա ի՞նչ է փոխվել: Հա: Հիմա ես չկամ, բայց դու էլի հաստատ լավ ես: Շատ լավ ես: Կյանքդ այդ «լոնդոններում» չի կարող վատ լինել: Ի՞նչ: Ո՞վ ասաց, է: Ես չեմ դժգոհում իմ այս հայաստանյան կյանքից: Հիմա շտապում եմ: Պիտի Արփիին տեսնեմ: Ու արդեն հինգ րոպե ուշացել եմ: Սովորական բան է, ու նորություն չէ:

Հունվարի 19. Բարև: Այսօր պիտի ներես ինձ: Շատ գործեր ունեմ ու չեմ հասցնում: Երևի շատ կուրախանաս տեսնելուն պես, որ այս մեկը երկտող է ուղղակի և ոչ ինքնակենսագրական նամակ:

Հունվարի 20. Բարև: Կներես, որ երեկ ոչինչ չասացի: Հիշում եմ, որ առաջներում ասում էիր, թե միայն կարևորներից ենք ներողություն խնդրում, որովհետև թանկ են ու պետք են մեզ: Թե մի թեթև նեղված լինեի ասածներիցդ կամ արարքներիցդ, միանգամից, էն մեր սիրուն այգուց, քո ձեռքով պռճոկած ծաղիկներով գալիս էիր ու.
- Ես` քո ճերմակ ձիով արքայազնս, ներողություն եմ խնդրում դաշտի այս ծաղիկներով, մի ջերմ գրկախառնությամբ ու մի (ինչպես կուզես անվանիր, ու թող տաք բառերն էլ մնան ինձ) համբույրով: 
Այդ ամենից հետո միակ բանը, որ մնում էր անել, քեզ պինդ գրկելն ու բաց չթողնելն էր: 
Բայց թողեցի…

Հունվարի 21. Բարև: Հիմա կասես՝ արդեն քսան օր է, բարևում եմ ու ոչ մի անգամ հաջողություն չեմ մաղթում: Չէ: Որոշել եմ: «Հաջողություն» կասեմ այն ժամանակ, երբ պատրաստ կլինեմ, երբ համակերպված կլինեմ այն վերջին, որ ասես եկել է ու չի ուզում գնալ: Մենակ չի թողնում: Չի լքում ինձ:

Հունվարի 22. Բարև: Մեզ մոտ լավ ցուրտ է, գիտե՞ս: Իսկ քեզ մոտ արև կա: Գոնե մի կտոր արև ծրարիր ու ինձ ուղարկիր, մի քիչ տաքանամ: Մի: Կտոր: Արև:

Հունվարի 23. Բարև: Այս ցուրտ օրով փողոց դուրս եկա, որ տեսնեմ, թե ինչ են անում ճուտիկները դրսում, որովհետև հենց իրենց ձայնից ոգեշնչված էի դուրս եկել: Շոկոլադներ էի տարել: Էլ էն խոզը չեմ, մեկ-մեկ շոկոլադներս կիսում եմ: Առաջ էր, որ.
- Դու ունես 5 կոնֆետ: Որքա՞ն կմնա, եթե ես մեկը խնդրեմ:
- Հինգ: 
Հիմա ուրիշ է ամեն ինչ, ու երևի ուրիշ եմ ես: Ուրիշ ես եմ: Ուրիշ:

Հունվարի 24. Բարև: Երաժշտական ճաշակդ էլ ես փոխե՞լ: Դե, մարդկանց հանդեպ, որ ճաշակդ փոխվել է, պարզ զգացվում է: Անզեն աչքի բան է: Իսկ իմ ճաշակները էդպես էլ չփոխվեցին: Ուղեղումս մեկն ասում է. 
- Cause all of me loves all of you… 
Առաջ էլ էր ասում: Հիմա էլ է ասում: Երևի միշտ է ասելու: Երևի:

Հունվարի 25. Բարև: Այսօր հունվարի 25-ն է: Հուսով եմ չես մոռացել՝ ինչ օր է: Չնայած մոռացած չլինեիր, գուցե զանգ տայիր գիշերվա տասներկուսին, բոլոր այն տարիների նման կամ գոնե գրեիր… Հա, ծնունդս է: Էլի ծնվել եմ…
Ամենավատ ծնունդս է…

Հունվարի 26. Բարև: Տոնածառս այսօր եմ հավաքել, չնայած նրան, որ ամանորյա տրամադրությունս վաղուց էի տեղավորել հին դարակներում: Տոնածառի հետ լիքը ամանորյա հուշեր եմ հավաքել, որ հիշողությունիցս հանել, տեղավորել էի տանս մեջ, բայց ապարդյուն, բայց անիմաստ:

Հունվարի 27. Բարև: Չգիտեմ երբևէ զգացե՞լ ես, թե չէ, բայց էս մենախոսելը մեկ-մեկ էնքան սպանող է: Որ էսպես չխելագարվեմ, լավ է:

Հունվարի 28. Բարև: Շնորհավոր տոնդ ինձնից ու հայրենիքիցդ փախած «զինվոր»: Գիտեմ, որ տողատակերս կհասկանաս: Չէ, չեմ ցավեցնում:

Հունվարի 31. Բարև: Այս ցուրտ հունվարի վերջին օրն է: Վաղվանից պիտի երկրորդ աշխատանք էլ փնտրեմ: Գումարից չեմ դժգոհում, ախր, դե բայց, ու՞մ պետք չէ: Այս աշխարհում շատ բաների համար է գումար պետք: Ասենք, եթե ուզում ես ծաղիկներով տունդ լցնել` գումար է պետք: Եթե ուզում ես շատ ու համեղ շոկոլադներ նվիրել` գումար է պետք: Եթե գրքեր ես ուզում, էլի նույնը: Անգամ եթե սեր ես ուզում, էլի նույնը…

Ani Ghulinyan

Մենք ապրում ենք թանգարանի թաղում

Մեր թաղը գյուղի լավագույն թաղերից է, չնայած բոլորը միակարծիք չեն այս հարցում: Մեր տունը Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից մի քանի քայլի վրա է, մեր խաղալու տեղը` թանգարանի դիմաց, ասֆալտապատ, հարմարավետ: Վերջերս սկսել են բոլոր կողմերից նեղել: Սկզբից եկեղեցուց էին հեռու պահում, որ բակում չթաքնվենք հուշակոթողները չվնասենք, հետո գնդակները սկսեցին թանգարանի վարդերը վնասել: «Հալա-մոլա» խաղալիս փախչելու մի ուղին էլ փակվել է` հարևանությամբ հանգստացող մարդկանց ենք խանգարում: Թանգարանի եղևնիներն էլ կտրեցին, առաջին ամառն է լինելու առանց եղևնիների, երևի անսովոր կլինի, առաջ ծառերի բների հետևում էլ էինք թաքնվում, անձրևի ժամանակ էլ տուն գնալու կարիք չէր լինում:
Մեր թաղում կամ բոլորը գնդակ ունեին, կամ ոչ մեկը չուներ, անցյալ ամառ էլ կարծեմ ընդհանուր թենիսի պարագաներ ունեցանք:
Ասֆալտի վրա ու թանգարանի պատերին ամռան արևի տակ մողեսներ են պտտվում: Առաջ ինչ որ ընդունված բան էր մողեսի կտրած պոչը գրպանում պահելը, հիմա էլ չեն անում, կամ ես չեմ տեսնում: Երեխաներից մեկը մի անգամ թանգարանի բակից օձ էր բռնել, լավ է, որ էնտեղ չեմ եղել, թե չէ՝ համ ես մի լավ լեղաճաք կլինեի, համ օձը:
Թաղի երեխաներն ասում են, որ շատ են մինչև գիշերվա տասը թանգարանի մոտ մնացել: Ես երբեք այդքան երկար չէի մնում` տանը խոսում էին վրաս: Առաջ ձեռքից քարշ տալով էին թաղից տուն բերում, հիմա ասում են՝ մեկ-մեկ դուրս արի, մարդու երես տես:
Ամռանը մեր թաղ բոլոր թաղերից էլ երեխաներ են գալիս, «հալա-մոլա» էինք խաղում:
Ու միշտ մեկի կոշիկները հարմար չէին լինում վազելու համար, ու միշտ մեկը մտածում էր մի հիմար կատակ անել ու թաքնվածներին այդպես թողնելով, գնալ տներով: Միշտ լինում էին փոքրիկներ ու խարդախներ, ովքեր «ծիկոլ» էին անում, ու հարամ անում խաղը: «Հալա- մոլայի» փակելու տեղի` ավտոտնակի տերն էլ չէր զլանում, ամեն օր դուրս էր գալիս, «ջաններս մի լավ ցավ քցում», ուրիշ տեղ քշում: Ծանր խաղից հետո խաղալու վայրին ամենամոտ տան ծորակը չէր դադարում բացվել-փակվել:

Սերունդը փոխվել է: Այսօր իմ փոխարեն ինձնից տասներկու տարով փոքրերն են գնում:
Հիմա արդեն թանգարանի դիմաց մի տնակ են դրել, մյուս մայթին էլ խանութ է վերաբացվել, խաղալու համար համարյա տեղ չի մնացել: Ես իմ համար չեմ անհանգստանում, մեկ է՝ էլ ժամանակ չկա էնտեղ ժամերով խաղալու, բայց փոքրերը որտե՞ղ են խաղալու…

anushik davtyan

Ժյուլ Վեռնի հետ

Արկածային գրականություն սկսել եմ կարդալ բոլորովին վերջերս: Կարդացել եմ Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» և «Տասնհինգամյա նավապետը» վեպերը: Դրանք ոչ միայն անչափ հետաքրքիր էին, այլ նաև շատ ուսուցողական:

Շատ հաճելի է, երբ գրողը ոչ միայն գեղեցիկ և գրագետ է գրում, այլ նաև ունի խորը գիտելիքներ տարբեր ոլորտներից: Օրինակ՝ նա շատ լավ է իմացել աշխարհագրություն, աստղագիտություն, կենդանաբանություն, բուսաբանություն և մաթեմատիկա: Սրանում կարելի է համոզվել նրա վեպերը կարդալով, որոնց յուրաքանչյուր էջը մի նոր բան է սովորեցնում:

Նրա վեպերը կարդալիս՝ միշտ ձեռքիս տակ էր աշխարհագրական ատլասը, քանի որ այն ինձ շատ էր պետք գալիս՝ հերոսների գտնվելու վայրը ավելի լավ պատկերացնելու համար: Այսպիսով, սկսեցի ավելի լավ տիրապետել աշխարհագրական ատլասին: Եվ երբ ինչ-որ տեղ պատահաբար քարտեզի վրա տեսնում եմ, օրինակ, Կոնգո գետը, անմիջապես հիշում եմ Դիկ Սենդի արկածները: Աշխարհագրական յուրաքանչյուր վայր ինձ մի պատմություն է հիշեցնում, ինչը շատ հաճելի է:

Հետաքրքիր է այն փաստը, որ նա կարողացել է շատ տարիներ առաջ նայել և իր վեպերում պատկերել է ապագայի տեխնիկան, օրինակ՝ սուզանավը, որը իր վեպում 80000 կմ անցել է ջրի տակով:

Նա օգտվել է հետազոտողներ Լիվինգսթոնի, Քամերոնի, Սթենլիի և այլոց կատարած ճանապարհորդությունների պատմություններից: Նրա վեպերում կարելի է տեսնել մեջբերումներ այդ հետազոտողների գրած գրքերից: Սովորաբար, գիտական տեղեկությունները ձանձրացնում են ընթերցողին, բայց Ժյուլ Վեռնը այնպես է միահյուսում այդ ամենը, որ ձանձրանալն անհնար է: Հենց դրա համար է, որ Ժյուլ Վեռնին շատ են սիրում ամբողջ աշխարհում, որովհետև նա այն եզակիներից է, ով կարողացել է հետաքրքիր պատմության հետ մեկտեղ տալ նաև հետաքրքիր գիտական տեղեկություններ:

«Տասնհինգամյա նավապետը» վեպը կարդալու ընթացքում ես ավելի մանրամասնորեն ծանոթացա 19-րդ դարում Աֆրիկայում տիրող ստրկատիրական կարգերին: Հասկացա, թե ինչ դժվարությունների են առերեսվել Աֆրիկայում ապրող սևամորթ բնիկները: Ճիշտ է՝ այս ամենը ես անցել եմ համաշխարհային պատմության դասերի ընթացքում, բայց երբ այդ ամենի միջով անցնում են ինձ արդեն հարազատ հերոսները, ես սկսում եմ ավելի լավ պատկերացնել այդ ամենը:

Ժյուլ Վեռնը եղել է համառ, համարձակ, ազնիվ, արդար ու մեծ կամքի ուժ ունեցող մարդ: Բնավորության այս բոլոր գծերը նա արտահայտել է իր հերոսների մեջ, և մենք, սիրելով այդ հերոսներին, կամա թե ակամա փորձում ենք քիչ թե շատ նմանվել նրանց:

Բոլոր նրանք, ովքեր դեռևս չեն կարդացել Ժյուլ Վեռնի վեպերից, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ: