Երևի ճիշտ կլինի՝ սկսեմ սկզբից: Երբեք չեմ պատմել, թե ինչպես ենք ես և նյութերս հայտնվել 17.am-ում: Համարյա երկու տարի առաջ էր. մեր դպրոցը վերանորոգել էին, բացումն էր: Մեզ՝ աշակերտներիս, ասացին, որ գնանք շախմատի սենյակ: Բոլորը գնացին, իսկ ես մի քիչ ուշացա, չեմ հիշում՝ ինչ պատճառով: Ուշացած հասա շախմատի սենյակ: Դուռը կիսաբաց էր. ճեղքից ներս նայեցի, տեսա ահագին մարդ ու ահագին տեսախցիկ: Անկեղծ ասած՝ ամաչում էի ներս մտնել: Անգամ արդեն հետ էի դառնում, բայց մի անհասկանալի ներքին ուժ ինձ ձգեց ներս: Երբ ներս մտա, ֆիլմերի մասին էին խոսում: Հետո մեզ թերթեր բաժանեցին, հանձնարարեցին «Ինչն է ինձ հուզում» թեմայով ինչ-որ բան գրել: Դա իմ առաջին նյութը պետք է լիներ: Այնքան ոգևորվեցի. արագ էի գրում, որ հասցնեմ գրել կյանքիս տարիների կուտակվածը: Մի քիչ էլ ջղայնացած էի գրում, դա էլ չեմ հիշում՝ ինչու: Անկեղծ էի գրում, «է»-ի փոխարեն՝ «ա»: Հետո՝ երբ վերջացրի, բոլոր սխալներն ուղղեցի ու նյութս հանձնեցի: Հետո մի քիչ էլ ֆոտոներից ու ֆիլմերից խոսեցինք ու գնացինք տուն: Գնացի տուն ու նամակ գրեցի 17.am-ին, որ ուզում եմ թղթակցել: Հաջորդ օրը նյութս տպագրել էին: Դրանից էլ ավելի ոգևորվեցի:
Մի քանի շաբաթ հետո գնացի «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին: Այնտեղ սովորեցինք ֆիլմերի, ֆոտոների «լեզուն»: Շատ մարդկանց հետ ծանոթացա և նոր ընկերներ ձեռք բերեցի: Կյանքիս ամենահիշվող շաբաթներից մեկն էր, որի յուրաքանչյուր օրը դետալ առ դետալ հիշում եմ:
Ճամբարից հետո էլ շարունակում եմ գրել: Հիմնականում գրում եմ սահմանի, իմ առօրյայի, տատիկիս պատմած պատմությունների մասին: Բայց, անկեղծ ասած, երբ գրում էի, չէի մտածում, որ իմ նյութերը կկարդան, նույնիսկ կսկսեն սիրել: Ամեն նյութից հետո արձագանքները տարբեր են լինում՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց այդ երկու կարծիքներն էլ ինձ ստիպում էին ավելի պարտավորված գրել:
Ընդամենը երկու օր առաջ մասնակցեցի առաջին մրցանակաբաշխությանը: Ծանոթ դեմքեր, հետաքրքիր ու հարազատ մարդիկ: Ինձ զգում էի ինչպես տանը՝ հարազատներով շրջապատված: Այնքան ոգևորված էի եկել մրցանակաբաշխությանը, անգամ նկարագրելու չէ: Ստացա մրցանակ՝ «Սահմանապահ գյուղի իրականությունն արտացոլելու համար»: Մրցանակն էլ տրամադրել էր «Արփի Սոլար ընկերությունը», ինձ ու էլի մի տավուշցի աղջկա: 16 տարիներիս ամենամեծ ձեռքբերումս էր: Այսպիսի փայլուն սկիզբ երևի չէի կարող ինձ համար պատկերացնել: Ամեն կողմից փայլուն աչքեր էին, որոնք շնորհավորում էին: Այս խառնաշփոթի մեջ մտածում էի, թե ինչպես հայտնվեցի այստեղ, այս բեմում, այսքան հարազատ դարձած մարդանց մոտ: Հիշեցի շախմատի սենյակի կիսաբաց դուռն ու այն անհասկանալի ներքին ուժը, որն ինձ ստիպեց մինչև վերջ բացել դուռն ու ներս մտնել:
Երեկ տեսա՞ր` ինչպես էր խախտվել աշխարհի քարտեզը: Չե՞ս տեսել… Երևի դու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մրցանակաբաշխությանը ներկա չէիր… Տեսնե՜լ էր պետք…
Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…
Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:
Սոնան ասում է, որ քաղաքի գարունը սկսվում է այն ժամանակ, երբ նա նայում է իր տատի զմրուխտե, կանաչ աչքերին: Ինչքան մեծ կարոտ կա սրանում, չէ՞: Այ, նման մի կարոտ էլ մենք՝ տասնյոթցիներս, ունենք, որ հաճախ իրար հենց այստեղ էլ գտնում ենք՝ պարզ ու անկեղծ պատմությունների, ուրախ ու տխուր նյութերի էջերում:
Դվժար թե մտածեի այս մասին, եթե չլիներ Անահիտը, որ, ինձ տեսնելով, ամեն անգամ վազում է ընդառաջ՝ մոռանալով փողոցը, մեքենաներն ու մարդկանց: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Լիդուշի ու Լուսոյի ամուր գրկերը, Միլենի խաղաղությունն ու Դիանի ժպիտը: Դժվար թե մտածեի այս մասին, եթե չլինեին Սոֆին, Զարան, Աստղիկը, Սոնան, Մանեն ու Անին՝ ճամբարային մեր ուրախ հուշերով: Եվ դժվար թե մտածեի, եթե չկարդայի տիկին Ռուզանի գրածը այն մասին, որ ինքն օրվա լռության մեջ լսում է միշտ քչքչոցը հարյուրավոր աղբյուրների, որոնք հենց մենք ենք՝ մեր հոգսերով ու երազանքներով:
Ես միայն կփորձեմ պատմել այն, ինչն իմ աչքերով տեսել ու մաշկի վրա զգացել եմ 17-ի հետ:
Իսկ 28.04.2017-ին կայացած առաջին մրցանակաբաշխությունը անմոռանալի օր դարձավ ինձ համար: Ես «Մանանաֆիլմս» կինոստուդիայի կողմից պարգևատրվեցի համակարգչով՝ «Ամենաբազմակողմանի թղթակից» անվանակարգում: Դա ինձ համար այնքան մեծ նշանակություն ունեցավ, որ հիմա անհնար կլինի բառերով նկարագրել: Դրա փոխարեն պարտավորվում եմ իմ հետագա գործունեությամբ հայտնել շնորհակալությունս, և արդարացնել իմ հանդեպ վստահությունը, հույսերն ու սպասումները: Եվ այս մրցանակը փորձելու եմ ծառայեցնել ոչ միայն իմ, այլ նաև հասարակության շահերին, այսինքն՝ հնարավորինս նպաստել 17.am-ի գործունեությանը: Կատարել ավելի բազմակողմանի ու բազմապիսի աշխատանքներ…
Շնորհակալություն օրվա, ժպիտների ու գեղեցիկ նվերների համար: Հաճելի է լինել գնահատված, արժևորված… Չէ:
Ես էսպես էլ չեմ ուզում սկսել ասելիքս: Ու երևի չգիտեմ էլ` ոնց սկսեմ: Չգիտեմ ոնց սկսեմ, ինչից սկսեմ, ուր տանեմ, ուր հասնեմ: Բայց մի րոպե: Ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Ինչ-որ լուրջ ու կարևոր բանի: Անիմաստ է ասելս, թե ապրիլի 28-ը ինչ օր էր: Ես էլ գիտեմ, դու էլ, այն երրորդ մեկն էլ: Դրա մասին արդեն շատ է խոսվել: Ոչ էլ ուզում եմ պատմել, թե ես ինչպես եմ հայտնվել այստեղ: Հնարավոր է, որ քո պատմությանը նման է: Ասենք, որ դպրոցից եմ իմացել: Բայց չէ: Էդպես չի եղել: Ինչը նշանակում է, որ հնարավոր չէ: Բայց երևի նրա պատմությանն է նման: Հիմա դրա մասին խոսելու հավես չունեմ ու ամենայն հավանականությամբ դու էլ դրա մասին լսել-կարդալու հավես չունես: Շատ ես լսել:
Դահլիճում նստած մի տեսակ անջատված ծափահարում էի, երբ հանկարծ անունս հնչեց: Չէի սպասում անունս լսելուն: Բայց ստացվեց: Ես երկրորդ շարքում էի նստած ու դահլիճից բեմ տանող ճանապարհը ոչ երկար էր թվում, ոչ կարճ, ոչ տագնապող: Կարճ ասած, չէր էլ թվում: Քայլում էի, որովհետև դահլիճում արդեն շողացող ու հարազատ դեմքեր էին նշմարվում: Դե ես էլ եմ մրցանակակիր:
Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Մի օրվա մեջ 7-8 ժամ ճանապարհ գնալու և հոգնածության մասին մոռանում ես, երբ հանդիպում ես «Մանանայի» անդամներին, երբ հիշում ես նրանց հետ անցկացրած ակնթարթները…
Հետո եկավ ինձ համար այդ օրվա ամենահիշարժան պահը: Ծյոմը երկու խոսք ուներ ասելու: Անկեղծ, շատ հուզվեցի: Թող նրա մնացած ասածները մնան այնտեղ, որովհետև ես դա խիստ անձնական եմ համարում: Բայց էս մի կտորը պիտի ասեմ: