Sona Tumanyan

Անտեսանելի ուրվականը

Ես սարսափ ֆիլմերի սիրահար եմ: Քչերն են ինձ նման, որ բաց չեն թողնում անգամ ամենասարսափելի ֆիլմը: Չգիտեմ՝ միգուցե մեծ բավականություն եմ ստանում դիտելով դրանք: Դրա միակ պատճառն այն է, որ չեմ սիրում ռոմանտիկ ֆիլմեր, կատակերգություններ, ավելի հակված եմ ֆանտաստիկ ու սարսափ ֆիլմերի: Երբ սարսափ ֆիլմ եմ դիտում, ինձ պատկերացնում եմ բացասական կերպարի դերում, այլ ոչ թե դրականի: Դե, նրանք անընդհատ բղավում են, սարսափից փախչում: Վատ չէր լինի, որ ինձնից էլ վախենային մյուսները: Ես սիրում եմ ֆիլմերի բացասական հերոսներին: Ճիշտ է՝ նրանք չար են, բայց միևնույնն է, նրանք առաջինն են ինձ գրավում: Անկեղծ ասած՝ միշտ ցանկացել եմ տեսնել ուրվականներ:

Երևի արդեն մեկ տարի կլինի, ինչ դիտել եմ մի ֆիլմ, բայց այն դեռ մտքումս է: Ամիսների ընթացքում սկսեցի ուսումնասիրել այդ ֆիլմի պատմությունը, քանի որ այն իրական փաստերի վրա էր հիմնված: Ինձ դրեցի Շերլոկ Հոլմսի տեղն ու փորձեցի ամեն կերպ ուսումնասիրել պատմությունը: Դե, պատմությունը մի տան մասին էր, որտեղ կար ուրվական, իսկ տան անդամների մտքով անգամ չէր անցնում: Անցնում են տարիներ, և ուրվականը ներթափանցում է այնտեղ ապրող տղայի մեջ, ու նա անգիտակցաբար սպանում է տան բոլոր անդամներին: Այդ ընտանիքին հաջորդում են մյուսները, իսկ ուրվականը այդպես էլ մնում է տան մեջ: Տունը վաճառքի է հանված, բայց ոչ ոք չի գնում այն: Իմ ամենամեծ երազանքն է գնալ Նյու Յորք ու մտնել այդ տուն: Դե, վախեցնող է, բայց եթե ես գնամ այնտեղ, և ուրվականը մտնի իմ մեջ, ես չեմ կարողանա սպանել մարդկանց, քանի որ մենակ կլինեմ այնտեղ: Էհ, էլի ընկա երազանքներիս գիրկը, դե, շուտ վերադարձիր իրական կյանք ու կհասկանաս, որ հաստատ «էղըդայդամը» (հենց այս պահին) չգնացիր հասար Նյու Յորք: Խեղճ ուրվականը այդպես էլ մնաց այնտեղ:

Angelina Karapetyan

Նիկտոֆոբիա՝ վախ մթությունից

Գիշերը ժամանակահատված է, երբ սիրելի լույսին հաջորդում է շատերի համար ատելի մթությունը: Նույնիսկ ամենակարճ գիշերն էլ կթվա երկար, եթե ունեք մտածմունք, տանջող հարց կամ էլ պարզապես վախ գիշերից: Մինչ գիշերը մենք շրջապատված ենք հարազատ մարդկանցով, ընկերներով, որոնք իրենց դրական լիցքերով, մեծ էներգիայի պաշարով լցնում են մեր օրը, որոնց հետ ամենաանիմաստ արտահայտության վրա էլ կարող ես լիաթոք ծիծաղել:

Իսկ գիշերը… Այդ ժամանակ մենք անկախ ենք բոլորից, ազատ ենք մեր, մեր մտքերի, մեր սխալների, մեզ տանջող հարցերի հետ: Բայց… Ես վախենում եմ անգամ մտածել ինձ հանգիստ չտվող հարցերի մասին: Այնպիսի հարցեր, որոնց պատասխանն անգամ գիտահետազոտական փորձերը չեն կարող տալ, այնպիսիները, որոնք մարդկային ուղեղն ու միտքը ունակ չէ ընդունելու, որոնք բնության առեղծվածային, չբացահայտված երևույթներն են: Ու հանկարծ խորանում ես, խորանում ու զգում, որ արդեն խճճվել ես, խճճվել ու մտածում ես՝ ավելի լավ էր չմտածեի, որ չունենայի տանջող հարցեր: Այստեղից էլ գալիս է վախը գիշերից և մենակությունից: Տիրում է լռություն քո հոգում, որի բառերն ավելի խոսուն են, արտահայտիչ ու իմաստալից, քան խոսքերը, որոնք ավելի լավ էր՝ չասվեին: Ալբերտ Այնշթայնն ասել է. «Մթություն գոյություն չունի, այն պարզապես լույսի բացակայությունն է»:

Մարդու համար ամենակարևորը հոգում, սրտում ու մտքում լույսի առկայությունն է:

Արջ նստողը

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Մեր կողմերում բնությունը հարուստ է, հարուստ է և՛ բուսական, և՛ կենդանական աշխարհը։ Հարուստ կենդանական աշխարհը նպաստել է որսորդության զարգացմանը։ Եղնիկի որսը քառասուն-հիսուն տարի առաջ ամենատարածված ու սիրված որսատեսակն էր։ Եղնիկի որսը հիմնականում կազմակերպվում էր մի խումբ որսորդների կողմից։ Մի մասը «սուրագ» էր անում՝ աղմուկ-աղաղակով կենդանուն վախեցնում, իսկ մյուս մասը նստում էր հատուկ նշանակետերում՝ եղնիկների հավանական փախուստի ուղիները հսկելու նպատակով։

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Մի ձմռան օր նստած ենք մեր դասընկերոջ տանը։ Վառարանի շուրջ նրա որսորդ պապը՝ ուստա Գառնիկը, հիշել է երիտասարդ օրերը։ Վառարանի նման շիկացած տարբեր պատմություններ է անում, երդվում, համոզում, պահանջում, որ հավատանք։ Եվ ահա, սկսում է իր ընկեր Վանիկի արջ նստելու անհավանական, բայց ամենաիրական պատմությունը։

-Էրեխե՛ք ջեն, ուշ աշունք էր։ Կխտարն աշունքը ջան ա անում, ֆորթերը կաթիցը կտրվում են, կովերը դեռ ծանդրած չեն ըլում։ Մեմեն օքմին կա, գարունքն էլ ա ֆորսի գնում… Չի՛ կարելի, ամո՛թ ա, հա՛րամ ա,- ինքն իրեն բարկանում է ծեր որսորդը։ Մի փոքր ընդմիջում է տալիս, մտքերն ի մի բերում, ու շարունակում։ -Հա, էրեխե՛ք ջեն, ուշ աշունք էր, տղերանցով հվաքվեցինք, ասինք՝ էքուց գնանք կխտարի, Միչի Քնթումը լավ խրչոն են տեհել։ Ռավոդը վի կացանք ու մի օխտն-ութ ֆոքով պոկվեցի՜նք։ Էրեխե՛ք ջեն, լիսը բաց ըլելու հետ մերատանձը՝ լիքը, մոշը՝ լիքը, մոռը՝ լիքը, ղանձիլը՝ բոլ, ծառերի կեսը տկլորվել ա, տերևը գեդինը փագել։ Մեր հնգեր Վանիկը թե բա՝ հըմ, եման կաղնատարի ա, կխտարնին հմի չղացել են, մեզ են ճամփա պըհում։ Ու մի երջանիկ դեմքով սկսեց դիմաց դոշերին մտիկ անելը։ Է՜, Վանիկ-Վանիկ, էլ ասում չի, որ կերը մենակ կխտարի հմար չի բնութինը շաղ տվել… Դուզն ասած,- մեղավոր տոնով չարաճճի քմծիծաղ տվեց աշխուժացած ծերուկը,- մնիս մտքովն էլ ա անց չկացավ, որ ուրիշ զադ կարա ռաստ գա, ուշք ու միտքներուս կխտարն ա։

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Մի էրկու ղոչաղ տղի հետ Վանիկս էլ գնաց սուրագի։ Մենք էլ մեր տեղերումը նստոտած ենք, արդեն լսում ենք տղերանց սուրագի ձեները։ Իմ տեղն էլ հենց ա, որ Վանկի գալը տենում եմ։ Վանիկս էկա՜վ էկա՜վ, հասավ մի խի՜տ մոշուտի։ Մոշուտ ա, քիչ ա՝ հեվարա մերատանձին էլ միջին աճած։ Էդ էլ արջի ամենասիրած ուտելիքն ա, էրեխե՛ք ջեն։ Էն եմ լսում՝ Վանիկը գոռում ա՝ հայ-հա՜յ, հայ-հա՜յ, վա՜յ, մամա՛ ջեն։ Գոռալու հետ բոյովացավ ու թարս ե՛դ ա գնում։ Տե՛ր Աստոծ, էս ինչ բան ա, հրաշք ա, սատանա ա, ֆոկուզ ա, էս ի՞նչ ա։ Ինչ ա՞, արջ ա, ա՛րջ։ Հարամ անդերը Վանիկի ձենից հուշտ ա էլել, մոշուտից դուս թռել, ու մեր հնգորը սարքել Քաջ Նազարը. թարս նստացրել ա, տանո՜ւմ ա։ Խատատ պատրոնս փոխեցի, արջի գուլլա դրի, ասի՝ շանսատակ անեմ գազանին, ա բա Վանի՞կը, ի՞նչ անեմ, ո՞ւմ քոմակ կանչեմ, տղերքն ավելի հեռու են նստած։ Մին էլ բախտ-ղսմաթ՝ արջը Վանիկին տարավ ու մեջքը մի ծառի դեմ արավ, ոնց որ ասե՝ հերիք ա ինձ քշես, գնա քու գորձին։ Վանիկի տակից արջը գնաց, սա մնաց ոտի վրա կանգնած, խորը շունչ քաշեց ու գոռաց. «Ա՜, էկավ, զգուշ էլեք»։ Ո՞ւր էկավ, տնաշե՛ն, թարս փախավ, գնաց։

Հին որսորդը մի կուշտ ծիծաղեց, հետո աչքերը սրբեց ու մտահոգվեց։ Վանիկը հիմա էլ, չնայած պատկառելի տարիքին, Միջի Քինթ կոչվող հանդամասում անասուն է պահում։ Երևի մտքով գնաց երիտասարդ տարիները, Վանիկի մոտ՝ Միջի Քինթը, երևի մտածում էր՝ հո գազանը հետ չի՞ եկել Վանիկի հետևից։

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

-Է՜հ, էրեխե՛ք ջեն, հեյ գիդի օրեր, անց կացան, գնացին, ջահելությունը լավ բան ա… Հա, էն էի ասում, արջի կորչելուց եդը տղերանցը սիգնալ տվի, թե՝ էկեք։ Էկան ու փրփրեցին, թե.

-Ա՛յ տղա, ոչ կրակոց ա էկել, ոչ էլ սպանած զադ կա, մեզ ո՞ւր եք կանչել։

Ասի.

-Վանիկի թազա գորձը գնում ենք նշենք։

-Ի՞նչ գորձ, ա՛յ տղա, ի՞նչ ես խոսում։

-Էսօրվանից մեր Վանիկը արջ քշող ա։

Վանիկս ծիծաղեց, լեզուն բաց էր էլել, պատմեց եղելութինը, որոշեցինք, որ սօր Վանկի ծնունդն ա, գնում ենք իրա դագեն ու նշենք։ Գնացինք, մի լավ բուրվակ մորթեցինք, ու միչև լիս մի լա՜վ քեֆ արինք։ Էլ ի՞նչ ֆո՜րս, ի՞նչ կխտա՜ր, ի՞նչ ֆլա՜ն, ի՞նչ ֆստա՜ն։ Հաջորդ օրն էկանք գեղն ու չիմ գիդեցան, որ էս մեր Վանիկը արջ քշող տղա ա՜։

Anush abrahamyan

Մի օր կվերադառնամ

Հոկտեմբերյան մի ցուրտ երեկո էր: Դատարկ ու մութ փողոցում լսվում էին միայն մեր ոտնաձայները: Իսկ ես համոզված էի, որ հեռվում` մթան մեջ, հին էլեկտրասյան կողքին կանգնած է տատս` թաց աչքերով, մեկ ձեռքի մատները մյուս ձեռքի մեջ հավաքած: Ու թեև թանձր մթության մեջ արդեն չէինք երևում, բայց դեռ շարունակում էր նայել մեր ուղղությամբ: Ես երբեմն-երբեմն բաց էի թողնում մորս ձեռքը ու շրջվելով` մի քանի րոպե նայում մեր հին տանը: Ես այնտեղ ապրել էի 15 տարի: 

Մի տեսակ շատ են, չէ՞, տարիները, և անարդար է դրանից հետո բաժանումը: Մեր նոր տունը բավականին գեղեցիկ ու հարմարավետ է, բայց երկհարկանի չէ, ինչպես հինը, և մոտակայքում երկնքի մեջ խրված բարձր ծառեր չկան: Նոր տանն օրերը սովորականի պես են անցնում, երազները չափազանց կարճ են տևում, բայց երկնքի պատառիկը մեր գլխավերևում ուրիշ է: Գիշերը լուսնի զբոսանքին հետևելու ընթացքում հայացքս ուղղում եմ փողոցի ամենաբարձրահասակ տանը, որի կտուրին աստղեր են իջնում` հանգստանալու: Այստեղ միակ բանը, որը քեզ է հիշեցնում, հեռվում անչափ բարձր ու իրար փաթաթված լեռներն են: Մի օր, հավանաբար շատ տարիներ հետո ես կկանգնեմ քո դիմաց, իմ սիրելի գրքերը թևիս տակ և վստահ կասեմ. «Բարև, իմ հին տուն, այդ ես եմ»:

Հոկտեմբերյան մի ցուրտ երեկո էր, բայց տատս դեռ նայում էր մեր ուղղությամբ` արցունքոտ աչքերով:

Emma Kosakyan

Երբ ես դու երջանիկ

Գրաֆ էի կարդում ու կանգ առա մի մտքի վրա. «Մարդու չափանիշը նրա պատկերացումն է երջանկության մասին»: Կարդացի հաջորդ միտքը, բայց չէ, դեռ նախորդում էի մնացել, հետ գնացի, նորից կարդացի… Ու մտքերս անձրևի ժամանակ փողոցում կանգնած մարդկանց նման խառնվեցին իրար…

Անկասկած մարդկանց պատկերացումները երջանկության մասին խիստ տարբերվում են: Մտքերի առաջին բախումը երջանկության լինել-չլինելու մեջ է: Ես, ինքս շատ ծանոթներ ունեմ, ովքեր վստահ ու քմծիծաղով ասում են, որ չկա երջանկություն: Այն հաստատակամությամբ են ասում, որ թվում է՝ իրենք են ողջ աշխարհում երջանկություն բաժանողը, չափը որոշողը, տվող-չտվողը: Ու քանի որ վերջին մի քանի օրը զբաղված էին, հաստատ հիշում են, երջանկություն չեն բաժանել` հետևաբար չկա այն:

Բայց ես վստահ եմ, որ մարդը երջանիկ է այնքան, որքան ինքն իրեն զգում է, և ոչ թե կողքից ասում են. «Այ, դու երջանիկ ես»,- ու որոշվեց՝ երջանիկ է: Մարդ պիտի ինքն իրեն զգա երջանիկ, նկատի երջանիկ զգալու ամենափոքր հնարավորությունը ու վայելի: Երջանկությունը մեզ հյուր է գալիս ամեն օր` տարբեր ձևերով` մարդկանց, մի խոսքի, հայացքի և այլ կերպ: Միշտ պետք է գրկաբաց լինել նրան ընդունելու համար: Այն գալիս է ծնողների ուրախ «բարի լույսով» ու սիրելիի փայլող աչքերով, պապիկի մշակած այգու առաջին պտուղներով ու մի քանի ամիս տատիկին չտեսնելուց հետո նրա պատրաստած ճաշի համով: Երկար պարապելուց հետո լավ հանձնած քննությունով է գալիս ու  պատահական հանդիպումներով: Երբեմն գալիս է անձրևից հետո, երբ բացում ես պատուհանը ու խորը շնչում. կյանք ես զգում: Երբեմն կանաչ խոտերի վրա նստած երազելով է գալիս ու սիրելի երաժշտությամբ աստղերին նայելով է գալիս: Երբեմն անհասկանալի կերպով ներսդ փոթորկող զգացմունքներով է գալիս: Վստահ եմ, այն գալիս է ու պետք է գրկաբաց ընդունել… Հույսի արդարացումով ու հիասթափության մոռացմամբ է գալիս, ձեռքդ բռնող, քեզ ուժ տվող ընկերներով է գալիս, անծանոթի մի ժպիտով, խիստ մտահոգ ու քեզ սիրող ընտանիքով է գալիս… Սպասված, բայց չուշացած սիրով է գալիս…

zaven abrahamyan

Տանը մենակ

Մի կիրակնօրյա առավոտ աչքերս բացեցի մորս ձայնից. 

-Բալե՛ս, ինձ շտապ կանչել են հիվանդանոց, ուշ կգամ։ Բորշը և կոտլետները գազօջախի վրա են, մի բան կուտես, սոված չմնա՛ս։ Ես գնացի, արդեն ուշանում եմ։

Քիչ անց ես վեր կացա, լվացվեցի, բայց չնախաճաշեցի։ Չեմ սիրում ջեմով ռուլետ, իմ փոխարեն դա կերավ իմ հավատարիմ շունը։ Հետո գնացի մեր հարևանի խանութը։ Մտնելով ներս՝ ասացի։

-Լորա՛ մորքուր, ինձ «կոկա-կոլա» և չիփս տուր։

-Ա՛յ Զավեն ջան, դեռ երեկ մայրդ բողոքում էր, որ ստամոքսդ խանգարված է, գնա՛, ոչ մի «կոլա»։

Երկար համոզելուց հետո ես վերցրի այն, ինչը ուզում էի։ Վերադարձա տուն, չգիտեի՝ ինչ անել։ Անգործությունից կոտրեցի մի ծաղկաման։ Հետո մտածեցի. «Մաման հոգնած կլինի, մի բան պատրաստեմ նրա համար, բայց ի՞նչ… Հա, մտածեցի, տորթ»։ Ինտերնետում կարդացի մի բաղադրատոմս և սկսեցի գործը։ Մի կերպ ստացվեց։ Տորթը դրեցի գազօջախի մեջ և գնացի հանգստանալու, դուրս եկա բակ։ Մի քիչ խաղալուց հետո հիշեցի տորթի մասին, բայց արդեն ուշ էր։ Այն դարձել էր սև գույնի, իսկ տանը կանգնած էր սև ծխի ամպ։ Արագ տորթը գցեցի աղբամանը և բացեցի պատուհանը։ Եվ ի՞նչ. իմ կատուն կայծակնային արագությամբ փախավ։ Դուրս եկա, սկսեցի փնտրել նրան։ Մեկ ժամից գտա կատվիս և տուն բերեցի։ Մտածեցի՝ լողացնեմ, բայց կատուն, ջուրը տեսնելով, նույն կայծակնային արագությամբ անհետացավ։ Նա թաքնվել էր պահարանի հետևում։ Փորձեցի բռնել, բայց նա վազեց և ցատկեց սեղանի, ապա՝ գազoջախի վրա՝ հրելով ճաշի կաթսան։ Այն ընկավ, և ամբողջ ապուրը թափվեց հատակին։

Երեկոյան վերադարձավ մայրս և ասաց ընդամենը մեկ նախադասություն.

-Քեզ տանը մենակ թողնելը հանցագործություն է։

Anushik Mkrtchyan

Անսպասելին

Արդեն երեք տարի է, ինչ ակնոց եմ կրում: Այդ երեք տարիների ընթացքում բոլորը սովորել են տեսնել ինձ ակնոցով: Ես նույնպես այս տարիների ընթացքում սովորել եմ իմ այդ կերպարին: Տարիների ընթացքում սկսեցի սիրել ակնոցը, ու թեև ասում են, որ գոնե հինգ րոպեով ցած դնեմ աչքերիցս, մեկ է` չեմ հանում: Ինչպես տեսնում եք նկարում, ունեցել եմ բավականին շատ ակնոցներ, այստեղ դեռ կեսն է: Երեք տարիների ընթացքում փոփոխվել է իմ տեսողությունը և, բնականաբար, ակնոցների ձևը, չափսը և տոկոսները: Սկզբում այնքան անսովոր էր ակնոցով, քանի որ դպրոցում միայն ես էի ակնոց կրում, և բոլորի աչքերը սևեռված էին ակնոցներիս վրա: Սակայն ընթացքում, կրելով ակնոց, բացեցի այն արգելքը, որը վանում էր աշակերտներին: Իմ հասակակիցները մտածում էին, որ ամոթ է ակնոց կրելը:

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Վերջերս ստուգեցի տեսողությունս, և ինձ ասացին մի անսպասելի նորություն: Կրելով ակնոց և ստանալով համապատասխան բուժում, դրական տեղաշարժեր են եղել իմ տեսողության մեջ: Ակնաբույժն ասաց, որ իմ տեսողությունն այնքանով է լավացել, որ կարող եմ ակնոցս մի կողմ դնել: Այս ամենը լսելով` շատ ուրախացա: Սակայն կար մի խնդիր` այն ժամանակ, երբ ինձ տարօրինակ ձևով էին նայում, երազում էի, որ այնքան լավանա տեսողությունս, որ այլևս երբեք ակնոցի կարիք չլինի: Սակայն վերջերս նույնիսկ այդ ուրախ լուրը լսելով, չուզեցի հանել աչքերիցս: Ընտանիքիս անդամները զարմացան, երբ ասացի, որ սիրում եմ ակնոց կրել և պայման դրեցի` ասելով, որ կամ օպտիկականը չեմ հանելու կամ ինձ պետք է գնեն թափանցիկ ակնոց: Տարօրինակ է, չէ՞: Այն ժամանակ երազում էի ակնոցից ազատվելու մասին, իսկ հիմա չեմ ուզում հանել: Սակայն ծնողներս համաձայնվեցին` ասելով, որ երբեմն կրեմ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Թե ինչպես ես կերա այս տարվա առաջին պաղպաղակը

Ասեմ, ժողովուրդ ջան: Էս մեր Տաթևը պատիժ էր քաշել ու մեր բախտից էն էր ընկել, որ բոլորիս համար պաղպաղակ պետք է գներ: Հիմա կմտածեք՝ Տաթևը ո՞վ ա, ի՞նչ պատիժ, ի՞նչ էր արել էդ խեղճ աղջիկը, որ պատժվել էր, ու ընդհանրապես՝ ինչի՞ պետք է պատիժ քաշեինք: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ձեզ հետաքրքրում են, ես սիրով կպատմեմ ողջ եղելությունը:

Բանն այն է, որ ի բարեբախտություն Ստեփանավանում և հարակից գյուղերում ապրող երիտասարդների, մեր քաղաքում վերջապես գործում է «SKYE» երիտասարդական ակումբը, որն իր գործունեությունն է ծավալում արդեն երկու ամիս: Տաթևը, ես ու էլի շատ երիտասարդներ ակումբի լիիրավ անդամներ ենք: «SKYE»-ն ուղղված է համայնքի զարգացման համար գործունեություն ծավալելուն, այն ոչ ֆորմալ կրթություն է: Մենք՝ «SKYE»-ականներս արդեն հասցրել ենք որոշակի պլաններ կազմել մեր համայնքի բարելավման համար:

Հա, ինչից էինք խոսում: Գիտե՞ք, բանն այն է, որ մեր ակումբում ուշանալու, խանգարելու, ընդհատելու, անտեղի խոսելու դեպքում պետք է պատիժներ քաշենք փոքրիկ արկղիկից, որոնք հենց մենք ենք գրել ու լցրել այնտեղ, ու կատարենք՝ ինչ էլ որ գրված լինի: Դե, էդ մի անգամն էլ Տաթևի բախտը չբերեց, փոխարենը՝ բոլորով պաղպաղակ կերանք:

Իսկ «SKYE»-ի գործունեության արդյունքների մասին ես դեռ կպատմեմ:

Ani avetisyan

Կամուրջից այն կողմ

Միշտ էլ ամենադժվարը առաջին՝ վճռական, քայլը կատարելն է։ Դրանից հետո ամեն բան ավելի հեշտ է դառնում, իսկ ցանկացած նոր բան, ենթարկվելով շարժման օրենքներին, սովորական ու անգամ պարտադիր բնույթ է ստանում։ Նորությունները, փոփոխությունները կյանքում դառնում են կենսական պայման, իսկ միօրինակությունը հավասարվում է ինքնասպանությանը: Միակ խնդիրն այդ առաջին քայլն է, որի համար բավական համարձակություն, կամք ու աշխատասիրություն է պետք: Չնայած, դա կարող է լինել ոչ արտառոց մի բան. մեզանից յուրաքանչյուրի կյանքը կարող է շարժման մեջ դնել որևէ դեպք, երևույթ կամ անձ: Կարևոր է՝ ճիշտ ժամանակին գտնել նրան ու քաղել այն լավագույնը, որ կարող ես: 

Նոր ճանապարհի սկիզբ կարող է լինել այն դեղին-դեղին գծիկների վրայով փողոցի մի մայթից մյուսն անցնելը, չալարելն ու երկու կանգառ ոտքով քայլելը:

Կյանքում ինչ-որ նոր բան գտնելու համար համարձակություն է պետք ու նաև նոր վայր՝ նոր աշխարհ բացահայտելու: Այն, որ քեզ համար անսահմանություն էր, մի օր դադարում է չբացահայտված, անիմանալի լինել։ Մի օր շրջապատող աշխարհը քեզ համար կանխատեսելի, ձանձրալի, միապաղաղ է դառնում: Մի օր այդ ամենը հուսահատեցնում է քեզ ու նոր ճանապարհներ բացելու պատճառ դառնում, և դու որոշում ես որոնումների դուրս գալ ու նոր ոգեշնչում փնտրել, նոր կյանք: Գտնո՞ւմ ես…

Գիտե՞ք, մեզ մոտ՝ գյուղում, այդ մոտիվացիան սովորաբար չկա, կամ այնպիսի մի վայրում է թաքնված, որ նրան գտնելը երբեմն անհնար է: Եվ մեզանից ամենահամարձակներն այն գյուղից դուրս են փնտրում: Բայց դրա համար էլ կամքի մեծ ուժ է պետք. չէ՞ որ գյուղից դուրս գալն էլ բավական բարդ գործընթաց է: Մեր՝ գերզարգացած կամ իրեն այդպես ձևացնող հասարակության մեջ դեռ արմատացած է գյուղ-քաղաք հակասությունը, այն, որ գյուղում ապրողները չունեն կամ չպիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ քաղաքում ապրողները: Ծիծաղելի է թվում, չէ՞: Կարող եք անգամ ծիծաղել, բայց երբ տեսականից գործնական կողմին ենք անցնում, ավելի շատ տխրելու, քան ծիծաղելու պատճառներ կան:

Եթե մի փոքր հստակեցնեմ և խոսեմ հենց մեր գյուղի մասին, պատկերն ավելի պարզ կդառնա: Իմ գյուղը՝ Ոսկեհատը, թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ, ամենափոքրն է  շրջապատող գյուղերի համեմատ, ինչ էլ, երևի, նրա՝ մյուսների համեմատ ավելի պասիվ լինելու պատճառներից է: Հա՛, ինչ էի ուզում ասել՝ մեր գյուղը, մյուս՝ ավելի մեծ գյուղից բաժանված է կամրջով, որն էլ մեզ համար այլ՝ նոր ու մեր աշխարհից տարբերվող աշխարհի խորհրդանիշ է դարձել: Եթե խորը մտածենք, հենց այդպես էլ կա. այդ կամուրջն իրոք ժամանակի մեքենայի պես մի բանի նման է։ Այն ոչ շատ մեծ  հեռավորության վրա գտնվող տարածքներ է բաժանում, բայց դրանք իրականում իրարից շա՜տ հեռու են։ Կարևոր էլ չէ, որ այն, ինչ կամուրջի մյուս կողմում է՝ նույնպես գյուղ է. այնտեղ կա կյանք, շարժում, ինչը գրեթե բացակայում է գետի հակառակ ափին: Հենց այս հակասությունն էլ պատճառ է, որ գյուղում հաճախ են ասում, թե ով համարձակություն ունի անցնել կամուրջը՝ հեռու կգնա: Բարդը սովորելն է դրանից այն կողմ սկսվող աշխարհին:

Կյանքը դրսում սկսվում է երեկոյան, բայց կան կյանքի ընթացքից հետ մնացածներ, ում համար երեկոյան քաղաքից վերադառնալը ինչ-որ բաներ է նշանակում: Դե, հասկացաք: Իսկ երբ խոսքն աղջկա մասին է՝ բամբասանքների տեղատարափ է սպասվում գյուղում: Պատկերացրեք փոքրիկ գյուղում ապրող մարդիկ բոլորը մեկը մյուսին ճանաչում են: Պատկերացրեք, որ այստեղ այդքան էլ հեշտ չէ ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Պատկերացրեք, որ այստեղ շատ բաներ տարբերվում են ձեր մտածածից։ Որոշ բաներ այնքան էլ վատ չեն, որքան պատկերացնում եք։ Կան բաներ էլ, որ շատ ավելի վատ են, քան կարող եք պատկերացնել:

Կարևորը ուժ գտնելն է կամուրջից այն կողմ՝ նոր աշխարհ անցնելու…

amalya harutyunyan

Կյանքն ինչպես որ կա

Կյանքի իմաստը քեզ գտնելը չէ:
Կյանքի իմաստն ինքդ քեզ ստեղծելն է:
Բերնարդ Շոու

Վերցնելով թուղթն ու գրիչը՝ ավելի քան վստահ եմ, որ ամենաուրախ նյութը չէ, որ ստացվելու է:
Էն ամենամութ տեղից եկող մտքերս էստեղ լինեին, կասեին՝ սենտիմենտալությունդ մի օր էլ թող մի կողմ ու մի կարգին բան գրիր: Պետք է հուսախաբ անեմ՝ չի ստացվի:
Վերնագրից կենթադրեք, թե նյութս ռեալիզմին պիտի բնորոշ լինի, բայց դե, ինձնից ի՞նչ ռեալիստ, ես երազկոտ լրագրող եմ: Ոչինչ, թող այս մեկն էլ լինի ռեալիստական` ռոմանտիզմի մոտիվներով:
Էն որ գիրք ես է՞ կարդում, ինչ հավեսով ես չէ՞ կարդում, ինչքան ես սկսում մտածել հերոսների մասին։ Իրենց հետ ինչպես ենք ծիծաղում, լաց լինում, ուրախանում, ապրում:
Մենք մի ամբողջ կյանքի կամ նույնիսկ տարբեր մարդկանց կյանքերի պատմությունն ենք կարդում ու պատկերացում անգամ չունենք, որ այդ նույն գիրքը գրվում է մեր կյանքում, մեր իսկ ձեռքով: Էդպես էլ հիմա իմ, քո, նրա, մեկ ուրիշի կյանքն է գրվում ու գրվում մի հաստափոր գրքի մեջ, դրան էլ հիշողություն են կոչում:
Գիտե՞ս, մենք, բոլորս նավակներ ենք: Ինչո՞ւ, որովհետև երբ նավակը հայտնվում է բաց ծովում, սկսում է պայքարել ամենաուժեղ ալիքների ու քամիների դեմ։ Նավակն ամեն ինչ փորձում է անել ափ հասնելու համար: Մենք էլ ենք այդպես: Բաց ծովը մեր օրենքներ չճանաչող ու ոչնչից կանգ չառնող կյանքն է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք հաղթահարել արհավիրքները:
Կան նավակներ, որոնց շարժիչն ավելի լավն է, ավելի ուժեղ։ Կան էնպիսինները, որոնց ուժն ավելի թույլ է: Եվ այդպես, մենք վազում ենք, վազում ենք, որ իրար հասնենք, որ հավասարվենք, որ առաջ ընկնենք իրարից:
Տարիներն անցնում են, գլորվում են, մեզ թվում է, թե կամաց, բայց նրանց արագությունը լուսնից էլ մեծ է ու, լուսնի պես գլորվելով, ստացվում է մեր կյանքը:
17 տարի առաջ էր, երբ այս կյանքի համար սկսվեցի ես: Հա՛, կյանքը երբեք չի վերջանում, այդ մենք ենք գալիս, այցելում ու գնում՝ հյուրի պես: Դեռ երեք ամսականն էլ չբոլորած երեխան ի՞նչ իմանար, թե ինչ է սպասվում իրեն, երբ իր ամբողջ ջանքերով փորձում էր շրջապատը տեսնել ու հասկանալ: Հենց նույն տարիքում էլ պարզվեց մի քիչ անորոշ, մի քիչ վախեցնող, մի քիչ զարմացնող փաստը. ես չէի նայելու աշխարհին այնպես, ինչպես շատ շատերն են նայում, ինձ սպասվում էր ուրիշ կյանք, այլ պայմաններով:
Ու ակամա սկսվում է պայքարը:
Ապրելով՝ հասկանում ես, որ սա այն կյանքը չէ, որ տարիներով պատկերացրել ու սպասել ես, այն կյանքը չէ, որտեղ ամեն ինչ հեշտ է տրվում:
Սկզբում քեզ չեն ցանկանում ընդունել մանկապարտեզ, հետո դպրոց, հետո արդեն պարն է արգելվում, քեզ անընդհատ մերժում ու մերժում են: Ինչո՞ւ, որովհետև դու ինչ-որ չափով տարբերվում ես ու ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ չի համընկել:
Հետո սկսվում են անմատչելի պայմանների խնդիրները: Ո՛չ քաղաքը, ո՛չ կրթությունը, ո՛չ աշխատանքը, ո՛չ միջավայրը հարմար չեն քեզ: Ասես դու անտեսանելի ես, ասես ոչ ոք քո մասին չի հիշել՝ ամբողջ աշխարհը կառուցելիս: Իսկ հասարակությունն ասես միայն ընդունում է կատարյալներին, իսկ բացթողումները չի հանդուրժում:
Բայց դու ապրում ես այստեղ, բոլորի կողքին, բոլորի հետ, ու ոչինչ քեզ չի խանգարում այս կյանքը սիրել նույնքան շատ, ինչքան մյուսները:
Ու մնում է միայն մեկ լուծում. քեզ փնտրելու, գտնելու կամ չգտնելու փոխարեն՝ ստեղծել քեզ։ Կործանել այն, ինչ կաս ու ստեղծել այն տեսակը, որը կգոյատևի մեր հասարակության մեջ:
Թույլ տեսակդ վերացնելուց հետո ստեղծում ես չափից շատ ամուրն ու ուժեղը ու ընդառաջ գնում ծովի բարձր ալիքներին:
Դեռ կյանքն իր ալիքներով քեզ շատ է զարմացնելու, դեռ արժանապատիվ կյանքը հեռու է թվալու, կրթությունը` անհասանելի: Դեռ անմատչելի տարածքներ, գրքեր, դպրոցներ, քաղաքներ անհամար են լինելու, ու դու դեռ պայքարելու ես, պայքարելու ես, որ ստեղծես քեզ:
Ու երբ ստեղծես քեզ, նավակ ես դառնալու, այն նավակներից, ում չի հետաքրքրում քամու բարձր սուլոցն ու անթիվ բացասական կարծիքները, այն նավակներից, որոնք անկախ ամեն ինչից սլանում են շատ արագ: Ու կյանքի բարձունքներն էլ արդեն քոնն են լինելու:
Ու դու դառնալու ես այն նավակներից, որոնց արագությունն ու ուժը լուսնից էլ մեծ է լինելու: