Ուրբաթ առավոտ էր, սովորականի պես արթնացա շատ ուշ: Դասերի սկսելուն մնացել էր ընդամենը 10 րոպե, իսկ տնից մինչև դպրոց ճանապարհը շատ երկար էր։ Արագ հագնվեցի և շտապեցի դպրոց։ Ամբողջ ճանապարհին վազել էի․ հոգնածությունս հաղթեց պարտաճանաչությանս, և որոշեցի մի քիչ նստել և հանգստանալ։ Պատահաբար նստել էի այն տեղում, որտեղ նստում էին մեր գյուղի պապիկները, երբ տեսա, որ նրանք արդեն գալիս են, արագ վեր կացա, չնայած շատ էի ուզում նստել:
Պապիկները մեր գյուղի ամենատարեց մարդիկ են: Նրանք տեսան, որ ամբողջ ճանապարհին վազել էի, և չթողեցին վեր կենալ քարից, մինչև կհանգստանայի: Խնդրեցի, որ պատմեն մեր գյուղի պատմությունը։ Նրանք պատմեցին գյուղի ամրոցի մասին, քանի որ ես հետաքրքրվում եմ պատմությամբ: Ուզում էի իմանալ այդ ժամանակի բոլոր իրադարձությունների մասին: Տպավորությունն այնպիսին էր, ասես ոչ թե խոսում էի մեր գյուղի պապիկների հետ, այլ պատմաբանների: Նրանք շատ մանրամասներ գիտեին: Պատմում էին, որ ամրոցը, որին մեր գուսանագյուղցիները Ղուլա էին անվանում, եղել է Անիի պաշտպանական ամրոցներից մեկը, և Անիում գտնվող Տիգնիս ամրոցի հետ հաղորդակցվել են հայելիների և գետնափոր թունելների միջոցով։
Այնքան տպավորիչ էին պատմում, որ ժամանակի զգացումը կորցրել էի: Հանկարծ նայեցի ժամացույցին և տեսա, որ ուշացել եմ: Հասա դպրոց: Բարեբախտաբար առաջին ժամը Հայոց լեզու էր, իսկ ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետև մեր Հայոց լեզվի ուսուցիչը շատ բարի է և ըմբռնումով մոտեցավ ուշանալուս: Ես պատմեցի պապիկների հետ իմ զրույցի մասին: Նա ասաց, որ այն, ինչ լրացնում է մեր գիտելիքները պաշարը, արժանի է գովասանքի, և հավելեց. «Երանի բոլոր ուշացումների հիմքում ընկած լինի հետաքրքրասիրությունը»։
Բարև՜, ես Հովհաննեսն եմ: Եթե գուզեք իմանաք ես ինչպիսի մարդ եմ, ըսեմ, որ ես էլ չիդեմ: Ծնվել և ապրում եմ Գյումրիում: Ընչի՞ կսեմ՝ Գյումրի, ոչ թե Լենինական մյուս գյումրեցիների նման, որովհետև ես Լենինականը չեմ տեսել: Ես ծնվել եմ էն ժամանակ, երբ մեր քաղաքը արդեն Գյումրի էր: Լենինականը Լենինական էր 1988 թվի ժաշքից առաջ:






Ես Մերին եմ
Ինձ հուզում է այն, որ շատ մարդիկ տուն չունեն։ Մարդիկ կան, որ ունեն տուն և ապահովված են ամեն ինչով, իսկ մարդիկ կան, որ փողոցում են քնում կամ քաղցած։ Տուն ունեցողները նստած համակարգչով են խաղում, իսկ չունեցողները երազում են, թե երբ են տուն ունենալու։ Եթե հնարավորություն լիներ, կարող էինք ամբողջ գյուղով գումար հավաքել և օգնել տուն չունեցող մարդկանց։

