Hripsime Vardanyan

Իսկ դրսում ձմեռ է

Փակում եմ աչքերս ու բացելիս հայտնվում անտառում: Նստած մի հաստաբուն ծառի տակ` կարդում եմ իմ ամենասիրելի գիրքը: Շուրջս լռություն է տիրում, և հեռվում լսվում են միայն թռչունների ձայները: Արևի` երկնքից ուղիղ ներքև ընկնող ճառագայթների մեջ երևում են քամուց շարժվող փոշու հատիկները: Այնպես կլանված եմ կարդում գիրքը, որ չեմ էլ նկատում, թե արևը ինչպես է սահում ներքև: Զգում եմ դեմքիս վրա արևի շողերը և փորձում եմ նայել վերև: Չնայած փչող սառը քամուն՝ մայր մտնող արևի շողերը դեռ տաքացնում են: Մի պահ մտածում եմ, թե ինչպես այս տեսարանը և հոգի ջերմացնող արևը կներկայացնեին գրողները: Բոլորին տրված չէ բնության հրաշքները նկարագրել այնպես, որ ընթերցողն իրեն զգա բնապատկերի մի մասը:

Հանկարծ ձեռքիս վրա զգում եմ մի թաց կաթիլ, հետո՝ ևս մեկը: Սկսվում է ամառային տեղատարափ անձրևը: Փակում եմ գիրքս և վազում եմ տուն: Վազում եմ ու զգում, թե ինչպես եմ թրջվում: Տան ճամփան մի տեսակ երկարում է: Կանգնում եմ, պինդ փակում աչքերս ու բացելուն պես հատնվում իմ սենյակում՝ պատուհանագոգին նստած:

Իսկ դրսում ձմեռ է:

Mari Baghdasaryan malishka

Ուզում եմ ներկայացնել Հայկին

Հարցազրույց Հայկ Ասատրյանի հետ

 Երիտասարդ երգիչ, որն արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում է հիփ հոփ ժանրում: Նա ընդամենը քսան տարեկան է, և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Իմ օրն է անցնում նրա երգերի ներքո։ Վստահ եմ, որ շատերի համար նույնպես նրա երգերը առօրյայի մի մասն են կազմում: Լսում էի երգն ու ցանկություն առաջացավ հարցազրույց ունենալ երգի հեղինակ, կատարող Հայկ Ասատրյանի հետ:

-Ինչպե՞ս եղավ մուտքը դեպի երաժշտական ասպարեզ:

-Փոքր տարիքից ցանկություն է եղել այդ ասպարեզ մուտք գործել, և արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում և կատարում եմ հիփ հոփ ժանրում:

՞րն էր Ձեր առաջին երգը:

-«Մի հեռացիր» երգն էր:

-Ասում են՝ պետք չէ չարչարել մտքերն ինչ-որ բան գրելու համար, տողերը պետք է սրտից գան։ Դուք, երբ սկսում եք գրել, խոսքերը գալիս են Ձեր սրտի՞ց, գրում եք այն, ինչ զգո՞ւմ եք:

-Փորձում եմ ամեն գրածս երգի մեջ անկեղծ տողեր մտցնել, ու հենց այդ պատճառով է, որ որոշ երգեր շատ հոգեհարազատ են մարդկանց:

-Վերջերս դուք բացեցիք ձայնագրման ստուդիա՝ «Moog Records»-ը, հե՞շտ է ստուդիայում աշխատելը:

-Ճիշտն ասած՝ ես ավելի շատ զբաղված եմ ադմինիստրատիվ աշխատանքներով, ստեղծագործական մասով զբաղվում են այլ մարդիկ: Ինչպես ցանկացած ձայնագրման ստուդիա Հայաստանում, սկզբում կան դժվարություններ, բայց վստա՛հ եմ, որ ամեն բան լավ կլինի:

-Ձեր «Թե աչերս քեզ որոնեն» երգը մեծ արձագանք գտավ համացանցում և շատ սիրվեց։ Ինչո՞վ էր այն տարբերվում Ձեր մյուս երգերից:

-Ինձ համար սպասելի էր, որ այդ երգը նման արձագանք կունենա։ Երբ առաջին անգամ լսեցի այդ երգը, պատկերացնում էի, թե ինչպես կներկայացնեմ այն իմ տարբերակով:

-Ձեր վերջին համագործակցությունը եղել է Մարիշա Միրզոյանի հետ: Հե՞շտ էր նրա հետ համագործակցելը, ինչ-որ դժվարություններ առաջացե՞լ են տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

-Մարիշայի հետ համագործակցելը հեշտ ստացվեց, տեսահոլովակի նկարահանման ժամանակ շատ հաճելի մթնոլորտ է եղել՝ առանց խնդիրների և դժվարությունների:

-Ձեր երգերից կարո՞ղ եք առանձնացնել այն մեկը, որ տարբերվում է բոլորից:

-«Թաց աչքեր»-ը: Երևի թե մեկ տարի աշխատանք է տարվել երգի ու տեսահոլովակի վրա, դժվար էր սպասելը:

-Իսկ մոտակա ժամանակներս պատրաստո՞ւմ եք նոր երգ:

-Իհարկե, աշխատանքներ տարվում են:

-Երբևէ մտածե՞լ եք մեծ բեմերի մասին, հնարավո՞ր է մի օր Ձեր ընկերների հետ համերգ ունենաք։

-Իհարկե, ոչ թե հնարավոր է, այլ այդպես լինելու է մոտակա ժամանակներս:

Չկա հաղթանակ առանց պարտության

Հարցազրույց դասընկերոջս` Սևակ Ավետիսյանի հետ

-Ո՞ր տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով:
-Պարզ հիշում եմ՝ 2013 թվականի մարտի է 1-ն էր, երբ սկսեցի զբաղվել սպորտով: Մարզիչս «Արմֆայթինգ» ֆեդերացիայի Արմավիրի մարզի՝ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևի ղեկավար  Անդրանիկ Կարապետյանն է: Նա այդ օրը եկավ մեր գյուղ՝ Ակնալիճ։ Նախապես մեզ տեղեկացրել էր գալու մասին: Մի քանի տղաներ էին եկել գյուղից, որպեսզի ծանոթանան պայմաններին: Գնացինք Մշակույթի տան սպորտդահլիճ: Պարապմունքները սկսեցինք հաջորդ օրվանից: Որոշ ժամանակ անց, տեսնելով դրական շարժ, որոշեցինք բարելավել պայմանները: Մենք դիմեցինք համայնքի ղեկավար` Գևորգ Միսակյանին և «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանին: Արձագանքը ստանալուն պես՝ սկսեցինք սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքները: Որոշ ժամանակ անց երեխաների թիվն ավելացավ:

-Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի արդյունքը այնքան նկատելի լինի, որ մրցումների մասնակցես:
-Երկու ամիս անց տեղի ունեցավ իմ առաջին մենամարտը Ջրառատ գյուղում: Հաղթեցի, ստացա իմ առաջին մեդալն ու պատվոգիրը: Ես իմ ուժերի վրա վստահ էի, որովհետև այդ երկու ամիսների ընթացքում մարզչիս շնորհիվ հասա բարձր ցուցանիշի: Ես մենամարտեցի 3 ռաունդ, հեշտ չէր հաղթելը, բայց ես հաղթանակած վերադարձա:
Հաղթանակից հետո ավելի ոգևորվեցի և սկսեցի ավելի շատ մազվել: Այս ընթացքում շատ մենամարտեր եմ ունեցել։ Ունեցել եմ և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, բայց երբեք չեմ ընկճվել, որովհետև կարծում եմ, որ չկա հաղթանակ առանց պարտության:

-Ո՞րն է եղել առաջին պատությունդ։
-Իմ առաջին պարտությունը եղավ Արցախում: Ուժերի առումով ես ավելի թույլ էի, դրա համար պարտվեցի: Արցախի մենամարտը ավելի պարտավորեցնող էր, սակայն դա ընկճվելու առիթ չհանդիսացավ ինձ համար, և ես մինչ օրս մարզվում եմ:
Պարապմունքները շարունակեցի գյուղում։ Մարզիչս նկատեց դրական արդյունք և ինձ ընդգրկեց հավաքական թիմում: Բավականին երկար ժամանակ մարզվել եմ նաև Էջմիածնի թիմում:FB_20150609_13_48_22_Saved_Picture

-Եղե՞լ է այնպես, որ փոխարինես մարզչիդ:
-Այո՛, շատ են եղել նման դեպքեր: Պատահել է, որ մարզիչը հարգելի պատճառներով չի կարողացել ներկայանալ այդ օրվա մարզումներին, և պարապմունքը բաց չթողնելու համար՝  ինձ է հանձնարարել փոխարինել: Այդ ամենը շատ պարտավորեցնող էր, և ես մեծ ոգևորությամբ անցկացրել եմ մարզումները:

-Քո կարծիքով հետագայում տվյալ սպորտաձևում չեմպիոններ կունենա՞նք:
-Հիմա էլ կան, մենք Հայաստանի չեմպիոններ ունենք, և ես վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների են հասնելու:

-Մասնագիտության հարցում կողմնորոշվե՞լ ես:
-Կողմնորոշվել եմ, իհարկե: Ընդունվելու եմ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: Շարունակելու եմ զբաղվել իմ սպորտաձևով և իմ նպատակասլացության, ընկերներիս աջակցության շնորհիվ կհասնեմ այն ամենին, ինչին ձգտում եմ:

Ինժեներական լաբորատորիա Քարինջում

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

-Էրեխեք, էս ինչ շատ մեքենաներ են գալիս դպրոց, ինչ խաբար ա՞..

-Չգիտե՞ք, էսօր ռոբոտաշինության էրեխեքի համար ինչ-որ լաբորատորիա են բացում:

Դպրոց եկած մեքենաներից մեկի վրա «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» կազմակերպության լոգոն էր, մյուսի վրա՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  «Արմաթ»-ի լոգոն էր: Առաջինը բոլորիս ծանոթ էր: Նրանք առաջին անգամ չէին մեր դպրոցում, իսկ այ երկրորդը, առաջին անգամ էր:

Մենք հետո իմացանք, որ «Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ կիրառվող ծրագրերը և սարքավորումները ծառայում են աշակերտների ուսուցմանը ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման ոլորտներում:

Հենց այս երկու կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ մեր դպրոցում  այս տարվա փետրվարի 22-ին բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Մեր դպրոցի Սմարթ սենյակում արդեն 6 ամիս է, ինչ գործում է ռոբոտաշինության խմբակ, որում  ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր մեծ ոգևորությամբ սովորում են խոստումնալից ապագա ունեցող մի գործ՝ ռոբոտաշինություն: Նրանք դեռ սովորում են, բայց շատ շուտով կկարողանան նաև ստեղծել իրենց մտածած ռոբոտները։

Խմբակի անդամներից Աննան նշում է, որ իրենց դասերը անցնում են շատ ընկերական միջավայրում, նոր գիտելիքներ են ստանում ոչ միայն ռոբոտաշինությունից, այլև մաթեմատիկայից ու անգլերենից: «Ինձ ոգևորում է այն փաստը,  որ ես կարող եմ ստեղծել ինչ-որ սարք, որը կենթարկվի ինձ»,- նշում է Աննան, ով մասնակցել է Երևանում կայացած Դիջիթեք Էքսպո-2016 ցուցահանդեսին և ոգևորվել իր հասակակից մյուս երեխաների աշխատանքներով։

Լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը անցավ շատ հաճելի մթնոլորտում:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝  ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը:

Լուսանկարը՝ COAF-ի

Լուսանկարը՝ COAF-ի

Խմբակի երեխաները ցույց տվեցին իրենց դեռևս փոքրիկ ծրագրերը, սակայն տրամադրված 3D տպիչ սարքը և CNC շաղափային հաստոցը նրանց հնարավորություն կտա ստացած գիտելիքները կիրառել գործնականում՝ պատրաստելով նորանոր հետաքրքիր և օգտակար ռոբոտներ։

Ani v. Shahbazyan

«Կորած օրագիրը»

«Անզգա վիճակը վերանում է, եթերային ոչինչ աշխարհում գոյություն չունի, ես մայրիկ չունեմ, մայրիկն ու ես հիմա իրարից հեռու ենք, անսահման հեռու, հիմա մենք բաժանված ենք պարսեկներով։ Չէ, պարսեկը դատարկ բան է, պարսեկը հեռավորության միավոր է, իսկ մենք բաժանված ենք անսահմանության միավորներով․․․»

-Անի՜, արի թեյ խմենք, համ էլ քո սիրած մուրաբան եմ բացել։

Հյուրասենյակից լսվում է մայրիկիս ձայնը։ Արցունքոտ աչքերս կտրում եմ գրքից ու ժպտում եմ նայելով սենյակի դռանը․

-Հեսա կգամ, մամ։

Այդ տողերից հետո սկսեցի ավելի շատ գնահատել մամայիս։ Սա առիթ է, որ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, մամ ջան։

Ինձ թվում է, քեզ հետաքրքիր է, թե որտեղից են այս տողերը։ Այս տողերը Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիրը» գրքից են։

Այս գիրքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Առհասարակ չեմ սիրում գրքերը քննարկել։ Մանավանդ այն գրքերը, որոնք ինձ հոգեհարազատ են։ Գիրքը կարդալուց հետո փակվում եմ ինքս իմ մեջ, իմ մեջ ենթադրություններ ու բացահայտումներ եմ անում։ Բայց այս գիրքը բացառություն է։ Ամեն կերպ ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։ Գրքում այնքան գեղեցիկ է ներկայացված ամեն ինչ, որ խեսքերն ավելորդ են։ Գիրքը իմ հասակակիցների մասին է, պատանիների, որոնք ավարտական դասարանում են սովորում: Եվ բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում գրքի էջերում, այնքան հարազատ է և մեր սրտին մոտ, կարծես հենց մեր դասարանի մասին լինի: Ախր, չեմ ուզում, է, շատ փակագծերը բացել։ Ուղղակի գնա գրադարան, վերցրու այն ու կարդա։ Հաստատ չես փոշմանի։ Իսկ եթե արդեն կարդացել ես, ապա ինձ լիովին կհասկանաս․․․

Ինչո՞ւ ենք մենք գնահատում ամեն ինչ միայն կորցնելուց հետո։ Ինչո՞ւ վատի դեմ չենք պայքարում ու այն չենք վերացնում։ Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան դժվար, իսկ միգուցե մարդի՞կ են բարդացնում։ Մտածիր այս հարցերի շուրջ։ Գնահատիր ամեն վայրկյանն ու պահը, որն ունես։ Ես էլ գնամ թեյս խմեմ մայրիկիս հետ:

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. Մաս 2

Սատանաների հետ կապված պատմությունների շարքի երկրորդ պատմությունը: Այն տեղի է ունեցել մոտավոր 1940-ական թվականներին, Որդնավում (Ջրաշեն): 

Որդնավ (Ջրաշեն) գյուղից Ոսկերչոնց (Զարգարյաններից) լիազորը գիշերով սայլը բարձած ջրաղացից տուն էր դառնում, ճամփան էլ այդ գյուղի սար ու ձորով էր անցնում: Գնաց-գնաց, շատ գնաց թե քիչ, զառիվեր մի տեղի հասավ ու հանկարծ ականջին լացի, ավելի ճիշտ, կանացի ողբի ձայն հասավ: Սայլը կանգնեցրեց, ինքը ոտքով արագ իջավ զառիվերը ու տեսավ  երկու կնոջ՝ իրար գրկած, ուժեղ ձայնով լաց լինելիս: Մոտենալով պարզեց, որ նրանցից մեկն իր սիրած աղջիկն է, որին երկար տարիներ սիրել էր, բայց հանգամանքների բերումով միասին չեղան, մյուսն էլ նրա մայրն էր:

-Վա՜յ, Լիազո՜ր ջան, հըբը իմա՞լ կեղնի, իմա՞լ չեղնի ,- լացելով խոսում էին կանայք՝ նկատելով իրենց մոտեցած տղամարդուն:

-Իյա՜, էդ ի՞նճ է էղի, հորի՞նե իդմա գիլաք:

Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, և կանայք լացը չեն դադարեցնում, ասաց.

-Հուդը մանծեկ, ես էրտամ սելի մեջնի տեղ դզիմ, հիկամ ձզի լը վերծիմ, էրտանկ գեղ,- կանայք համաձայնության նշան ցույց տվեցին, ու նա գնաց  սայլում տեղ ազատելու, որպեսզի այդ կանայք տեղավորվեն:

Գնաց, պարկերն այս ու այն կողմ տվեց, տեղ ազատեց, նստեց սայլը և ուզում էր շարժվել, երբ նկատեց, որ լացի ձայները կտրվել են. «Յա, էդ իմա՞լ էղավ, որ ձեներ կդրին»,- մտքում զարմացավ նա ու սայլը քշեց այնտեղ, որտեղ կանայք էին: Հասավ այնտեղ ու տեսավ, որ այլևս ոչ ոք չկա: Իջավ, ձայնեց, այս ու այն կողմ նայեց, ոչ ոք ոչ երևում էր, ոչ էլ կանչին էր արձագանքում: Զարմացած նորից նստեց սայլն ու շարունակեց ճամփան՝ դեպի գյուղ: Ճանապարհին էլ՝ ոչ ոք չկար:
Հաջորդ օրը պատահաբար հանդիպեց իր անցյալի սիրուն, ու հիշելով նախորդ օրվա դեպքը, հարցրեց.

-Այ Վարդու՞շ, էն հերեգ հորի՞ն է ինմա գիլայկ՝ դու ու մերդի, էն դո՞ր գածիկ, հարի ես սելի մեջ տեղ դզի, էգա:
Կինը զարմանում է նրա խոսքերից.
- Մեղա՜, մեղա՜, էդ մենք հորի դո՞ր ինք էղի, որ մեգ մը լե գիլայնկ… Մենկ տեղ լը չենկ էղի:

Լիազորը այդ ժամ նոր մեծ զարմանք ու վախ ապրեց, մտածեց՝ ուրեմն սադանա՜ էին…

arman arshak

Պիգմենտների պակասը

Նոր ծանոթությունների ժամանակ «բարև»-ին հաջորդող՝ «Բա մազերդ խի՞ ա սպիտակ» հարցն ինձ համար արդեն սովորական է դարձել: Այն փոխարինում է «բարևներ»-ին հաջորդող «Ո՞նց ես»-ին։

Դեռ երևի 11 տարեկան էի, երբ սև մազերիս մեջ նշմարվեցին առաջին սպիտակ մազերը։ Ու հենց այդ ժամանակ իմացա, որ մայրիկիս մազերն էլ են շուտ սկսել սպիտակել։ Դե, բնականաբար, անհանգստանում էի ու անդադար մայրիկին ասում. «Մա՛մ, բա, որ իմն էլ շուտ սպիտակի՞»։ Ու այդպես էլ եղավ: Ո՞վ կմտածեր, որ պիգմենտների պակասը այդքան ծանր կտանեմ, իսկ հիմա, օր օրի ավելի սպիտակող մազերս ավելի հաճելի են դառնում ինձ համար։

Սպիտակ մազերի պատճառով հաճախ մտածում են, թե մեծ եմ։ Դե, անկեղծ ասած, այս տարիքում դա ինձ դուր է գալիս. ինձ հետ մեծի պես են վարվում, ընկերներս էլ իննից մեծ են տարիքով:

Ամեն մարդ պիտի ունենա մի հատկանշական բան, ու թող յուրաքանչյուրիս կյանքում, ինչ-որ բանի բացակայության դեպքում տխրելու փոխարեն համարենք, որ դա էլ մեր յուրահատկությունն է։

Ani Ghulinyan

Կյանքը տեսաժապավենի վրա

Մեր օրերում երիտասարդներն ավելի են դժգոհում հիշողության վատացումից, քան մեծահասակները: Չեն օգնում նաև ավանդական ընկույզն ու մեղրը: Արշակունյաց դինաստիայի թագավորների գահակալման թվերը մի ականջով մտնում, մյուսով դուրս են գալիս:

Ինձ թվում է` մեր ուղեղներում հատուկ գործառույթ կատարող մասնիկներ կան, որոնք կարևորում են մեր առաջնային հիշողությունները` երկրորդականներից: Եվ քանի որ ուղեղում գտնվող տեսաժապավենը կարճ է, այնտեղ տեղավորվում են միայն խիստ կարևոր հիշողությունները: Մյուսները` ժամանակի ընթացքում ջնջվում են:
Մանկությունիցս շատ քիչ դրվագներ եմ հիշում: Հիշածներս էլ` աղոտ ու ոչ մի տեղեկություն չպարունակող: Միայն, երբ ծնողներս ինչ-որ դեպքեր են պատմում, աղոտ ստվեր է անցնում մտքովս, փորձելով փնտրել տեսաժապավենի ամենածայրերին, ինչ-որ նոր բան գտնելու ակնկալիքով:
Վերջերս էլ մտածում եմ, որ այն հատուկ սարքը, որն ուղեղում է, մեկ-մեկ սխալներ է թույլ տալիս: Դա շատ նման է նրան, երբ ալյուրը մաղելու համար ցանցի միջով անց կացնելիս, խոշոր գնդիկներ էլ են ընկնում:

Իմ հիշողության դեպքում էլ է նույնը: Ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել առաջին օրս դպրոցում, երեխաներին, ուսուցիչներին, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչ էի մտածում, երբ դպրոցական առաջին օրը տնից դուրս գալիս նայեցի հեռուստացույցին, որով հենց նոր սկսվել էր իմ ամենասիրելի մուլտֆիլմը: Իմ ծննդյան օրերից ոչ մեկը չի տպավորվել, թեև այն միշտ մարդաշատ է լինում ու իմ սրտով, բայց այսօրվա պես հիշում եմ, թե երբ և ինչ հանգամանքներում ստացա իմ առաջին ուղեղի ցնցումը, հետո նաև երկրորդը: Այսպես, հիշում եմ նաև «Բանակում» սերիալի առաջին սերիաները, մեր նոր տան ներկի հոտը, իմ առաջին ու վերջին օդապարուկը։ Փոքր ժամանակ մեր զուգահեռ դասարանի հետ մղվող ճակատամարտերն եմ լավ հիշում, դպրոցական համազգեստս, երկնքում տեսածս ամեն ինքնաթիռի մեջ հայրիկիս փնտրելը և էլի շատ բաներ, որոնց մի մասը ձեզ հետաքրքիր չի լինի:
Այս հիշողությունները պարզապես մանրուքներ են, առաջին հայացքից ուշադրության չարժանի դրվագներ, բայց դրանցից յուրաքանչյուրի տակ իմ կյանքի մի ժամանակշրջան է թաքնված: Մեր ամբողջ կյանքը ուղեղի մեջ գտնվող ժապավենն է, պարզապես՝ խտացված փոքիկ թվացող հիշողությունների մեջ:

Ծերացած երջանկություն

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Շատ եմ մտածել, թե ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար և հասկացել եմ՝ միայն լավ ընտանիք ու կամեցող հարազատներ:

Երջանիկ ընտանիք ունեն Հռիփսիմե տատիկը և Արարատ պապը: Նրանք արդեն 60 տարի է, ինչ ամուսնացած են:

-Տատ, ո՞նց ամուսնացաք:

-Էն ժամանակ ծնողները իրենց երեխաներին ամուսնացնելիս հարց չէին տալիս՝ իրենց տղան կամ աղջիկը ուզում է ամուսնանալ տվյալ մարդու հետ, թե ոչ: Որոշումը կայացնում էին ծնողները, և աղջիկը ընդհանրապես իրավունք չուներ հակաճառել իր ծնողներին: Մեր ամուսնությունը պատահական է եղել, ջիգեր ջան: Ես Արարատից տարիքով եմ, 3 տարի մեծ եմ իր վրա:

-Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ ձեր հարսանիքը:

-Մենք ամուսնացանք 1956 թվականի հուլիսի 8-ին: Հարսանիքը գիշերը եղավ: Փոքր հարսանիք էր, որովհետև Արարատի ընտանիքը այդ ժամանակ չունևոր էր: Չունեին այնքան, ինչքան որ պետք էր, բայց իմ ծնողները հարմարվեցին նրանց հետ:

-Տատ, բա քանի՞ երեխա ունեցաք:

-Ունեցա 7 երեխա՝ 3 տղա և 4 աղջիկ: Ունեմ 21 թոռ, 12 ծոռ և 2 թոռնիկի էլ սպասում եմ:

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Հռիփսիմե տատիկի հետ զրուցելուց հետո որոշեցի նրա որդուն էլ մի քանի հարց տալ:

-Մի փոքր կպատմե՞ք Արարատ պապի կյանքի մասին:

-Հայրս շատ ծանր կյանք է ունեցել: Երբ մեր տարածքում ժողովուրդը սովի էր մատնվել, նա իր երկու քույրերի և մոր հետ գնացել էր Իջևան, իսկ հայրը մասնակցում էր պատերազմին:

-Պապիկը քանի՞ լեզվի է տիրապետում:

-Պապը խոսում է վրացերեն, դե, ռուսերենի մասին խոսք չկա՝ ամբողջ կյանքը անցկացրել է Մոսկվայում: Իսկ հայերեն ամենից լավ գիտի:

Առաջին իսկ վայրկյանից, որ գտնվում էի Հռիփսիմե տատիկենց տանը, նկատեցի, որ Արարատ պապը, նստած սեղանի մոտ, անընդհատ գրում է: Երբ մոտեցա, նկատեցի, որ նա խաչբառ է լրացնում: Հետաքրքիրն այն էր, որ պապը գրում էր ձախ ձեռքով: Նա շատ գեղեցիկ և տարբերվող ձեռագիր ուներ: Արարատ պապը շատ խելացի մարդ է, նաև ստեղծագործում է, ունի շատ բանաստեղծություներ՝ գրված տարբեր թեմաներով: Հնարավորություն ունեցա նաև ուսումնասիրել այդ բանաստեղծությունները և մի քանիսն անգամ գրի առնել.

Քնար չունեմ՝ երգեմ երգով,
Երգեմ՝ բոլորն իմանան,
Սիրտս բացեմ լիքը վերքով
Դարդիս անեմ մի դարման:

Հիացմունքս շատ մեծ էր, չէ՞ որ նրանք ամուր ընտանիք ունեն ու օրինակ են ծառայում իրենց սերունդներն:

Երջանկությունը ծերանում է, բայց երբեք չի մահանում:

lilit harutyunyan lchshen

Ոչ պակաս կարևոր բան

Հաճախ մամուլում հանդիպում եմ այնպիսի նյութերի (խոսքը 17.am-ի մասին չէ), որ կարդալուց նյարդային համակարգս ամբողջովին տակն ու վրա է լինում: Ես շատ եմ սիրում հայոց լեզուն։ Երևի պատճառն այն է, որ մեր ուսուցչուհին յուրահատուկ կերպով է բացատրում դասերը: Տառասխալներ, սխալ կետադրություն, օտարաբանություններ… Հայերենում ավելի քան 250.000 բառ կա: Զարմանում եմ, թե ինչպես կարելի է թողնել սեփական լեզուն և օգտվել անհայտ ծագման բառապաշարից:

Արդեն հինգ ամիս է, ինչ թղթակցում եմ 17.am-ին ու վստահ կարող եմ ասել, որ 17.am-ը տարբերվում է մյուս բոլոր կայքերից: Այստեղ նյութերը գրվում ու հրապարակվում են գրական հայերենով, բայց նաև պարզ ու անմիջական ոճով:

Մտածում եմ. ինչո՞ւ խմբագրություններում չկան խմբագիրներ, սրբագրիչներ, որոնք եթե անգամ լրագրողները սխալներ են անում, հրապարակելուց առաջ կարդան, ուղղեն: Չէ որ ընթերցողները, մանավանդ եթե երեխաներ են, սխալ գրված բառերի ու նախադասությունների պատճառով հետագայում իրենք էլ այդպես են գրում՝ համոզված, որ ճիշտը դա է: Մարդու բնույթն է այդպիսին՝ ունեցածը չգնահատել, մինչև այն պահը, երբ կորցնում է: