Ani v. Shahbazyan

Շարունակելով լրագրության մասին քննարկումը

Որոշեցի ես էլ միանալ Գայանեի եւ Անիի քննարկումներին լրագրողության հարցի շուրջ։ Ես համոզված եմ, որ մեր բոլոր թղթակիցներին էլ հետաքրքիր է այդ թեման։ Համամիտ եմ Անիի այն կարծիքին, թե մարդկայնությունը վեր է մասնագիտությունից։ Իմ կարծիքով դա վերաբերվում է բոլոր մասնագիտություններին։ Գայանեն իր նյութի վերջում հարցեր էր գրել, եւ ես ուզում եմ անդրադառնալ դրանց։ Նախ, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական լրագրողը։ Իսկական լրագրողը պետք է տա միայն հավաստի տեղեկություններ, իր խոսքը կարողանա ճիշտ հասցնել ընթերցողին եւ ոչ թե գրի անիմաստ նյութեր բավականին հետաքրքիր վերնագրերով, որպեսզի այն հավաքի շատ դիտումներ։ Ես հենց նոր կարդացի նյութ այսպիսի վերնագրով. «Ցավում է Ֆրանսիան, ցավում է ողջ ազգը»։ Վերնագրի ներքեւում մեր շատ սիրելի Շառլ Ազնավուրի լուսանկարն էր։ Դե, բնականաբար նրանք այդպես էին արել, որպեսցի բոլորը մտածեին, թե… Կարծում եմ, հասկացաք։ Իհարկե, ես համոզված էի, որ դա հերթական նյութն է, որը այսպես ասած, դիտում է մուրում։ Բայց հետաքրքրությունից ելնելով, մտա կարդալու։ Եվ պարզվեց, որ Շառլ Ազնավուրի ընկերն է մահացել։ Դե լավ էլի, չէի՞ն կարող հենց այդպես էլ գրել։ Ինձ նաեւ դուր չի գալիս այն, երբ լրագրողը նյութ է գրում հայտնի մարդկանց մասին եւ ամենավերջին բառերով վիրավորում նրանց։ Ես հաճախակի եմ հանդիպում նման նյութերի։ Հեռուստացույցով հաճախակի հարցազրույցներ եմ լսում։ Ինձ հետաքրքիր է, թե լրագրողը ինչպես է ձեւակերպում հարցը։ Դա շատ կարեւոր է։ Հարցազրույցի ժամանակ նրանք նաեւ պետք է ստեղծեն հարմարավետ «մթնոլորտ» զրուցակցի համար, հաճախակի ժպտան, որպեսզի հանեն լարվածությունը զրուցակցի միջից, ուշադիր լսեն,թե ինչ է խոսում, չընդհատեն անընդհատ։ Ինձ թվում է, լրագրողը պետք է նաեւ հոգեբան լինի։ Ես Հայաստանի լրագրողներից շատ սպասելիքներ ունեմ։ Եվ շատ կուզենամ, որ գոնե 90%-ը լինեն իսկական լրագրողներ։ Ներքին համոզմունք ունեմ, որ այդ 90%-ի 90%-ը կլինենք մենք՝ 17-ցիներս։

Դառը մանկություն

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Այս պատմությունը այն մասին է, որ կյանքն ինչքան դաժան էլ լինի, պետք է առաջ գնալ:
Ինչքան էլ, որ դժվար լինի այս պատմությանը հավատալը, սակայն սա իրական պատմություն է:
Չորս երեխաների հայրը գնացել էր պատերազմ, իսկ մայրը աշխատում էր դաշտում՝ կժով ջուր էր տանում բանվորների համար: Մի անգամ ճանապարհին լսում է, որ Գերմանիան գրավում է Մոսկվան: Վատանում է: Դաշտի աշխատողները նրան տուն են հասցնում: Այդ ժամանակ էլ տանը լինում է միայն մի երեխան՝ Ժորիկը, որը վեց տարեկան է լինում: Ուղարկում է նրան հարևանի՝ Մարեն տատի մոտ: Մինչ Մարեն տատի գալը կինը արդեն մահացել էր: Երեխաների հոգսը մնում է նրանց տատի վրա: Նրանք երկու, չորս, վեց և ութ տարեկան էին: Այլևս ճար չունենալով, երկու երեխաներին դնում է խուրջինի մեջ և տանում Նոյեմբերյանի մանկատուն: Հետ է վերադառնում և գնում իրենց գյուղի գյուղապետի մոտ և օգնություն է խնդրում, բայց գյուղապետը նրան ասում է, որ դաշտը լիքը ցորեն ու գարի է, թող գնա, հավաքի և պահի թոռներին:
Դաշտում գործ անելու ժամանակ դաշտի տերը գալիս է և ասում նրան, որ դուրս գա դաշտից, տատը պատմում է իրողությունը, բայց տերը նրան չի լսում: Գալիս է ձիով մի քանի անգամ անցնում տատի վրայով: Տուն հասնելուց մի քանի րոպե հետո տատը մահանում է:
Երեխաները ունենում են երկու հորաքույր և մեկ մորաքույր, ով ամուսնացած է լինում: Ասում են մորաքրոջը, որ գա ապրի այդ տանը և պահի երեխաներին: Թվում էր, թե ամեն ինչ լավանում է, բայց մորաքույրը գալիս է, տիրանում տան ունեցվածքին, տնից դուրս հանում երեխաներին: Ժորիկը և Ռիման մնում են դրսում: Մարդիկ տեսնում են նրանց, խղճում և Ռիմային աշխատանքի տեղավորում՝ որպես նամակատար: Ձմռան բուք ու բորանին ոտաբոբիկ, կարմրած, և ուռած ոտքերով նա նամակներ էր հասցնում հասցեատերերին: Հորաքրոջ տղաներից մեկը, ով բավականին լավ է ապրելիս լինում, խղճում է Ռիմային և տանում իր մոտ: Պահում է նրան իր մոտ, մեծացնում և ամուսնացնում:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Ժորիկը քրոջը տանելուց հետո մնում է միայնակ: Այդ մի մատ երեխան փախչում է իրենց գյուղից և գալիս Նոյեմբերյան: Դռներ է ծեծում, խնդրում աշխատանք: Մի դուռ է բացում, տեսնում է՝ մի տղամարդ է նստած: Քարտուղարուհին փորձում է նրան դուրս հանել, բայց այդ մարդը ասում է նրան, որ նստի: Հարցնում է, թե ինչի համար է եկել իր մոտ: Ժորիկը պատասխանում է, թե աշխատանք փնտրելու: Դա լսելուց հետո միանգամից զանգում է Կողբի փայտամշակման գործարանի տնօրենին և ասում, որ տղային անպայման գործի տեղավորի: Մինչ նախագահի մոտ գնալը, տղային հարցում է, թե ինչ է անելու: Ժորիկը պատասխանում է, որ իր հայրը դուրգար (փայտամշակման արհեստավոր) է եղել, և իրենց տանը մնացել են հոր գործիքները: Գնում է գործիքները լցնում մի պարկի մեջ և հետ վերադառնում:
Տանում են արհեստավորի մոտ, ում անունը Ասատուր էր: Մի քիչ զրուցելուց հետո հարցնում է Ժորիկին.

-Քաղցա՞ծ ես:
Բայց Ժորիկը չգիտեր, թե ինչ է նշանակում «քաղցած լինել», և ոչինչ չի խոսում: Ասատուրը հանում է հինգ ռուբլի, տալիս է տղային: Ժորիկը միանգամից վազում է խանութ՝ հաց գնելու: Գալիս պառկում է անասնագոմի խոտի մեջ, քնում: Առավոտը չի կարողանում արթնանալ, ձյուն է գալիս նրա վրա, և տղան հիվանդանում է: Տանում են մորաքրոջ մոտ: Լավանալուց հետո նորից գալիս է Կողբ:
Այդ օրը ֆիլմի ցուցադրությունից հետ վերադառնալիս գործարանի աշխատողներից Դարչոն տեսնում է, որ արհեստանոցից ծուխ է դուրս գալիս: Գնում է տեսնում, Ժորիկը պառկել է թեփի վրա, վառել վառարանը և քնել: Դարչոն բարկանում է նրա վրա, վերցնում դույլով ջուրը և հանգցնում կրակը: Ժորիկը մտածում է, որ այդտեղից էլ են դուրս անելու: Բայց Դարչոն բարի մարդ էր, տանում է իրենց տուն, և երեք օր նա մնում է այնտեղ: Հետո որոշում են տղային տալ իրենց հարևանուհուն, ով ծեր կին էր՝ Նազան տատը: Նա ոչ մի ժառանգ չի ունենում և ուրախությամբ ընդունում է տղային:
Մինչ բանակ գնալը Ժորիկը ոչ մի կապ չի ունենում քույրերի հետ: Գնում է բանակ, հետ գալիս, ամուսնանում Մարուսյայի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվում են Վրաստան: Վեցուկես տարի ապրում ու աշխատում են այնտեղ:
Վրաստանում ապրելու ժամանակ նրանք բնակվելիս են լինում թուրքի տանը, որը Քուռ գետից հեռու էր հինգից վեց մետր: Սովորական օրերից մեկն էր, երբ դրսում սկսեցին գոռալ, օգնություն կանչել: Մարուսը և Ժորիկը տնից դուրս են գալիս և տեսնում, որ իրենց երեխաներից մեկը և հարևան երեխաներից մեկը ընկել են Քուռ գետը: Նրանց երեխային հաջողվում է դուրս բերել գետից, իսկ թուրք երեխային՝ ոչ:
Այս դեպքից հետո գալիս են Հայաստան, տուն կառուցում, և մինչև հիմա էլ ապրում են այդ տանը:
Փետրվարի քսանհինգին կլրանա Ժորիկ պապի ութսունմեկ ամյակը:
Ցավոք, ճակատագիրը նման դաժան ճակատագրեր մեկ կամ երկու հոգու համար չի պատրաստել:

Գնացի ակ վառելու

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Դեռ հնուց, մեր գյուղում` Դսեղում, մի սովորություն կա, երբ Նոր տարվա գիշերը` թաղով գնում են «ակ վառելու»: Հայրիկիս ասում է, որ իրենց ժամանակ էլ է այդ սովորությունը եղել:
Բայց մինչև «ակ վառելու օրը» պետք է անվադողեր հավաքել, չէ° : Սեպտեմբերից սկսած, սկսում են ավտոմեքենաների հին ու մաշված անվադողեր հավաքել ամբողջ գյուղից, և ոչ միայն: Ինձ համար վառ օրինակ է փոքր եղբայրս, ով շատ է սիրում այդ սովորությունը, ու լինում են դեպքեր, երբ նույնիսկ մեզնից թաքուն է գնում հավաքելու: Այս գործընթացը տևում է մինչև դեկտեմբերի վերջին օրերը, ու պետք է գոնե 50 հատ հավաքված լինի:

Ակ վառելու տեղը կոչվում է Կվհանք: Տեղը շատ բարձր է, ու այնտեղից երևում է մեր ամբողջ գյուղը, ու եթե ամպամած օր չլինի, կարելի է տեսնել նաև տասը այլ գյուղեր: Միշտ գյուղի ուրիշ թաղեր նախանձով են նայել մեր ակ վառելու տեղին: Քանի որ տեղանքը բարձր է ու հեռու, անվադողերը պետք է ինչ-որ կերպ հասցնել տեղ: Դե’, այդ ժամանակ էլ օգնության են գալիս բեռնատար ավտոմեքենաները: Դեկտեմբերի 31-ին անվադողերը բարձում են մեքենան և ուղարկում Կվհանք` դատարկելու: Հետո բոլորը հավաքվում են իրենց վերցրած ուտելիքներով ու բարձրանում վերև:

Դե, անկեղծ ասած, ես չէի սիրում այս սովորությունը, բայց այս տարի եղբայրս շատ համոզեց, ու որոշեցի գնալ: Մինչ հասանք տեղ, շատ էինք հոգնել: Արդեն անվադողերն այնտեղ էին, մնում էր վառել: Դժվարը սկզբից վառելն էր, հետո շատ հեշտ էր վառվում: Քիչ հետո արդեն լսվում էր կրակի ճտճտոցը, իսկ մենք մի քիչ հեռու փայտով էինք կրակ վառել, որպեսզի մրոտ չլինենք, և’ տաք ‘մնանք, և’ խորոված անենք: Կրակը շատ գեղեցիկ էր ու հաճելի տաքություն էր հաղորդում: Նաև շատ գեղեցիկ էր գյուղը գիշերով, հատկապես, երբ նայում էինք կրակի միջով, ու տեսնում, թե ինչպես են հրավառություն անում, իսկ մենք դրանից բարձր էինք գտնվում:

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Լուսանկարը` Հովիկ Վանյանի

Մոտավորապես երկու ժամ մնացի ու որոշեցի իջնել, որովհետև արդեն տեսա, թե ինչ էր նշանակում «ակ վառել»: Մտնելով տուն, ծնողներիս պատմեցի, թե եղբայրս ինչ էր տեսնում դրա մեջ, և ինչու է ամեն տարի ամիսներ առաջ նախապատրաստվում այդ օրվան:

Փակված դռներ

Ասում են` հաջողությունը միշտ գտնվում է փակ դռների հետևում, կամ որ եթե ինչ-որ մի դուռ փակ է, կան բազում այլ բաց դռներ…

Մարդիկ ունեն մի շատ հետաքրքիր ու յուրօրինակ «կարողություն». անընդհատ ասում են ու իրենք իրենց ասածից հեռու գնում, հնարավորինս հեռանում են ու փակում դռները…

Մեր շրջապատում` իմ Գյումրիում, հարևան գյուղերում, այլ քաղաքներում, այնքա~ն փակ դռներ կան…

Տխուր է մտածել, որ այդքան մարդ ինչ-որ պատճառով փակել է ինչ-որ դուռ ու հուսահատ հեռացել է` այլ դռներ բացելու, ու այդպես մեր շրջապատում շատացել են փակ դռներ` փակ բառի ամենալայն իմաստով. փակ է դուռը, փակ է կողպեքը, ու խնամքով փակված է նաև դռան հետևում թողած պատմությունը…
Ամեն անգամ փողոցով քայլելիս մի պահ կանգնում եմ ու հաշվում փակ դռները. ավելի շատ են, քան  բացերը: Բայց… Հուսամ` բացվել են հազարավոր նորերը ու հույս ներշնչել…

Հ.Գ. Էնքա~ն եմ փակ դուռ նկարել, ընկերներից մեկը, տեսնելով հավաքածուս, մի անգամ ասաց.

-Դու~ռ, դու~ռ,
Սիրու~ն դուռ,
Այս դռանը հավնեցի,
Ապարատս հանեցի…

Դե Լեննական էլ սաղը հումոր կէնեն, ապ ջան…

Anush abrahamyan

Աշխարհի ծայրը գոյություն ունի

Գնացքը շարժվում էր Բելառուսից ու հարյուրավոր զինվորների պետք է հասցներ նրանց միակ ճակատագիր դարձած Հեռավոր Արևելք: Չոր նստարաններին վերարկուների մեջ կծկվելով՝ զինվորնորը աչքերով հրաժեշտ տվեցին մյուս ընկերներին. հավատո՞ւմ էին, արդյոք, որ մի օր կբռնեն վերադարձի ուղին, միգուցե ոչ բոլորը, բայց հայրս հավատում էր: Այն ժամանակ, երբ բոլորը սարսափում էին անորոշությունից ու մտածում ճանապարհին երկրորդ անգամ չհայտնվելուց, հայրս կարևոր խնդիր ուներ իր առջև՝ պետք էր վերադառնալ: Գնացքի անիվների ձայնը ճեղքում էր տայգայի երբեք չշնչած օդը ու արձագանքում գնացքի մյուս պատուհանից երևացող անծայրածիր անտառներում: Բնությունը, իր սպանդից հեկեկալով, փորձում էր ծածկել կնճռոտ ու վիրավոր երեսը, ձյան սպիտակ ու պաղ սավանով: Բնությունն իր մայրամուտն էր ապրում: Ապակիների կողքերից վայրագ քամին ներս էր խուժում ու դառնալով համեմատաբար «կիրթ», այնուամենայնիվ, նեղում զինվորներին: Գիշերն ավելի սարսափելի էր՝ ներսում մութ, շուրջբոլորը մթին անտառներ, գնացքի ծակող ձայնը, որին մի կերպ համակերպվում էր քունը: Այդպիսի 7 օրերի համակերպվեց նաև կյանքը: Վերջապես անիվների համառությունը սանձահարվեց, ու գնացքը կանգ առավ: Ոմանք զարմացած պատուհաններից դուրս էին նայում, ոմանք չէին կողմնորոշվել, թե ինչ պետք է անել: Հայրս ասում է. «Երբ ոտքս գետնին դրեցի, հասկացա, որ աշխարհի ծայրն իսկապես գոյություն ունի»: Օրերը դժվար էին անցնում՝ ցրտին ժամերով վազքը, նույն սակավ սննդամթերքը ու անվերջ առաջացող խնդիրներ: Օրերը դժվար էին անցնում, բայց անցնում էին: Վերջապես պետք էր հետ դառնալ: Այդ մասին հայրս իր նոթատետրում գրում է. «Այժմ մեզ մնում է միայն հրաժեշտ տալ միմյանց, հուսալով, որ կյանքի մի որևէ խաչմերուկում կհանդիպենք, ու մի վերջին հայացքով նայել հազիվ երևացող Սպիտակ թագավորությանը, այդտեղ գտնվող այն բանտին, որտեղ աշխատում էին նաև կույրերը: Կապում էին ճոպանը մի ծառից մյուսը, մի ձեռքով փայտ էին բերում, իսկ մյուսով բռնում ճոպանը…Հիմա վստահ եմ, որ ճանապարհը վախճան ունի, ես վերադառնում եմ դեպի՛կարոտի երկիր, դեպի՛ հայրենիք, դեպի՛ Հայաստան…»

Anna Andreasyan

Արարատյան դաշտի առավոտը

Շատերիս համար առավոտյան վաղ արթնանալը այնքան էլ հեշտ չէ: Եվ ես բացառություն չեմ: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ դպրոց գնալու, միակ երազանքս է շուտ տուն վերադառնալ ու քնել: Իհարկե, այդ երազանքը հազվադեպ է իրականանում:

Ամբողջ տունը արթնանում է, ես դեռ ասում եմ.

-Հինգ րոպե էլ քնեմ:

Այդ պահին երազում եմ արձակուրդների մասին, որ կարողանամ հանգիստ քնել: Իսկ արձակուրդների ժամանակ, երբ այդ հնարավորությունը ունեմ և լիարժեքորեն օգտագործում եմ, մի ուրիշ խնդիր է առաջ գալիս: Իհարկե, շատ հաճելի է քնել այնքան, ինչքան ուզում ես, բայց հետո ամբողջ օրը ուշքի չես գալիս: Հոգնած ես զգում, ու այնպիսի տպավորություն է, ասես շուտ արթնացել և շատ գործ ես արել: Ինչքան բան չես անում, այնքան շատ ես հոգնում: Պարապությունը ամենաշատն է հոգնեցնում:

Տատս մեր տանը շուտ արթնանալու ջատագովն է, և մեր տանը ամենաշուտը նա է արթնանում: Ինձ միշտ ասում է, որ առավոտյան շուտ արթնանալուց և թարմ ու մաքուր օդը շնչելուց լավ բան չկա:

Մի անգամ ամռանը, չգիտեմ ինչ հրաշքով, առավոտյան 6-ին էի արթնացել:

Ես որոշեցի զսպել նորից քնելու ցանկությունս և վեր կացա: Տանը բոլորը քնած էին: Լվացվեցի, որից հետո գիրքս վերցրի (այդ ժամանակ «Վարդանանք» էի կարդում) ու գնացի դուրս: Արևը դեռ չէր ծագել, բայց հասցրել էր կարմիրով ներկել ամպերը: Օդը այնքան թարմ էր ու զով, ոչ մի ձայն չկար, բացի թռչունների ծլվլոցից:

Գիրքը բացեցի ու կարդացի. «Հանդիսավոր բացվեց գարնանային առավոտը Արարատյան դաշտում»: Միայն գարնանայինի տեղը` ամառային, մնացածը համընկնում էր:

Այդ օրը վերջապես հասկացա, թե ինչքան հաճելի է վաղ արթնանալը: Եվ, թե ինչու է տատս միշտ այդ ժամին արթնանում:

Aspram Parsadanyan

Մի շրջան էլ ավարտվեց

Հաճախ է պատահում, երբ մեր կյանք են ներխուժում դեպքեր և դեմքեր, որոնց գալուստը ամենևին էլ պլանավորված ու գծագրված չէր:

Ներիր ինձ, ընթերցողս (եթե կաս), նախ քեզ երկար ժամանակ լքելուս, ապա պատմությանս երկարության համար:

Մարդիկ գրում են այն ժամանակ, երբ տխուր են, կամ, երբ չեն ունենում մեկին՝ նրա հետ կիսվելու համար: Այդ ժամանակ քեզ հավատարիմ բարեկամ, հլու հնազանդ ունկնդիր են դառնում թերթն ու գրիչը: Երևի տխուր եմ, որ գրում եմ:

Նստած եմ կիսախավար սենյակում, ծնկներիս մեր օրացույցը, որը ցավոք արդեն ավարտվել է: Նայում եմ դրա վրայի խզբզանքներին, ու ամեն օրվա դիմաց դրված նշանը սրտումս մի նոր թրթիռ է առաջացնում: Ժամանակն աննկատ է անցնում, երբ երջանիկ ես լինում:

Դպրոցական կյանքի ավարտն ազդարարեց հեռախոսիս զանգը: Մի՛ ծիծաղիր, հիմա կբացատրեմ: Զանգողը քույրս էր, ավելի ճիշտ, հրաքրոջս աղջիկը, ավելի ճիշտ, իմ մի մասնիկը: Այն մարդկանցից մեկը, ով իմ կյանք է մտել առանց ինձ հարցնելու, կամ էլ հարցրել է, բայց ոչ ես եմ հիշում, ոչ ինքը: Մեր տարիքային տարբերությունը չորս ամիս է, ու այնպես է ստացվում , որ միշտ միասին ենք: Մանկապարտեզ, դպրոց, ուսանողական կյանք: Նրա զանգն ինձ սթափեցրեց ու կրկին հիշեցրեց, որ պատրաստվեմ վաղվան: Մենք գնալու էինք Երևան, որտեղ պետք է սկսվեր մեր նոր կյանքը, դժվար, բայց լի հիշողության մեջ ամրացող արկածներով:

Առաջին անգամ ոտք դրի մեր նոր տուն: Ճեղքեցի ճամպրուկների պատնեշը և սկսեցի զննել մեր նոր անկյունը՝ գյուղի մեր տանից հետո փոքր թվաց: Հանգստացանք, ու երբ տեղավորեցինք մեր իրերը, այն ավելի մեծ երևաց:

Իրար հերթ չտալով անցան օրերը: Բոլոր օրերը տարբեր էին՝ լավ, վատ. նույնն էր միայն անսահման կարոտը:

Պատից կախված օրացույցի վրա, զինվորների նման, սկսեցինք ջնջել օրերը, բայց տարօրինակ ձևով: Ամեն օրվա դիմաց գրում էինք այդ օրը նկարագրող բառ կամ պատկեր:

Օրացույցը կատարելով իր պարտականությունը, ավարտվեց: Մենք էլ չնկատեցինք, թե ոնց ջնջեցինք վերջին օրը: Գյուղ գնալու ու բոլոր կարոտները փարատելու ժամանակն էր, և բացի դա, ամենաբարի Ամանորն էր: Զարմանալիորեն արձակուրդի մի շաբաթն անցավ բարեհաջող: Հա՜, մոռացա վերևում գրել, որ իմ և քրոջս հետ կարող են պատահել ամենահետաքրքիր արկածներ: Հա՜, լա՜վ, լա՜վ, մանր ու միջին անհաջողություններ (ավելի ճիշտ կլինի այսպես կոչել):

Մի քանի օր էր, ինչ «վայելում էի» արձակուդս, երբ զանգեց քույրս ու հայտնեց լուրը, չէ բոթը, գույժը: Այն էր՝ լքել մեր վարձակալած տունը ու գտնել նորը:

Կամա թե ակամա, մենք կապվում ենք մեր միջավայրին, որքան էլ այն լի լինի անհարմարություններով լի: Եվ որքան էլ դա կարճաժամկետ լինի, մեկ է, դժվար ենք բաժանվում ու երկար ենք հիշում: Առհասարակ, մարդիկ դժվար են բաժանվում իրենց անցյալից և դժվար են մոռանում դրա հետ կապված մանրամասները:

Նստած եմ մեր տան (թերևս արդեն ուրիշի) բազմոցին, ծնկներիս մեր օրացույցը: Հատիկ-հատիկ նայում եմ բոլոր օրերին ու դրանք նկարագրող պատկերներին: Զգում եմ, որ դեմքիս հիմար ժպիտ է առաջացել: Փակում եմ այն, ամուր պահում ձեռքումս ՝ հարստության նման, չվստահելով ոչ մի պայուսակի: Հայացքս ընկնում է ճամպրուկներիս վրա: Վերջին անգամ նայում եմ «մեր» (չէ՜, ուրիշի) դատարկված տանը: Աչքերիս առջևով մի վայրկյանում անցնում են բոլոր օրերը, դեմքիս՝ ժպիտ, իսկ աչքերումս արցունքի հետք թողնելով: Իրերս ոտքերիս խփելով դուրս եմ հանում տնից: Դռան հետևում թողնելով մեր փոքրիկ կյանքի ամենավառ հիշողությունները, մի վերջին անգամ փակում եմ այն, չէ որ դռան պատասխանատուն ես էի :

arman arshak

Սպասեք, գալու եմ հերթափոխի

Քիչ մնաց՝ մի քանի օր, մի քանի օր, ու իմ եղբորն էլ կտեսնեմ զինվորական համազգեստով, մի քանի օր, ու հպարտորեն կասեմ, որ եղբայրս իր պարտքն է տալիս հայրենիքին։

Ու ինչքան արագ են անցնում այդ մի քանի օրերը, ինչքան արագ են անցնում այն օրերը, որոնց ընթացքում վերադառնում եմ մանկություն, որտեղ ամեն ինչ խաղաղ էր ու անհոգ։ Ու ինչքան էլ թղթի տարբեր կողմեր լինենք ես ու եղբայրս, մեկ է, կարոտելու եմ անգամ դա, կարոտելու եմ իմ ու նրա ամեն անգամվա լեզվակռիվներն ու իմ կամակորությունները, երբ ինձ, որպես փոքր, ամեն հարցում զիջում էր։

Դե հա, երևի այս ամենը էլ չեմ տեսնի: Բանակից կվերադառնա հասուն տղամարդ, ում հետ լեզվակռիվ անել անգամ կամաչեմ, իսկ նրան դիմավորելուց կես տարի հետո ես կգնամ հայրենիքի սահմանը պաշտպանելու։

Կարծես երեկ լիներ, երբ խաղալիք զենքերով ու զինվորական իրերով էինք զինվոր-զինվոր խաղում, իսկ այսօր եկել է իրական զինվոր դառնալու պահը։

Վերջում բոլոր զինվորներին թիկունքից կասեմ, որ տղերք, համարձակ, թիկունքը պինդ է ու կանգնած ձեր կողքին։

Սպասեք, գալու եմ հերթափոխի․․․

Ani asryan

Ձմեռային զորակոչը

Ահա եկավ այդ օրը, երբ նորից զինվոր ենք ճանապարհում բանակ։ Ձմեռային զորակոչն սկսվել է։ Գնդերը կլրացվեն զինվորներով, ովքեր դեռ շատ բան ունեն սովորելու։ Կյանքի նոր էջ, որը թերթում են այսօրվա նորակոչիկները։ Նորից նույն կարոտն է խեղդում կոկորդս, որը զգացել էի անցած տարի։ Անցած տարի զինվորը եղբայրս էր՝ Ակսելը, իսկ հիմա ընկերս՝ Արտակը։ Արտակը և ընկեր է, և եղբայր, եղբոր պես ուշադիր և հոգատար։ Այն կարոտը, որը հիմա զգում եմ, դեռ 2 տարի կմնա ինձ հետ։ Մինչ եղբորս բանակ գնալը, պարապմունքից տուն էր ճանապարհում նա, իսկ նրա գնալուց հետո այդ ճանապարհը անցնում էի Արտակի հետ։ Մեկ տարի անընդմեջ ես և Արտակը անցանք եկեղեցի-տուն ճանապարհով՝ «ռաբիս» երաժշտության ներքո։ Ես այդ երգերը չէի սիրում, միայն նրան չնեղացնելու համար լուռ քայլում էի։

Այսօր ձմեռը ավելի սաստիկ է թվում։ Նոր ջերմ փաթիլները գնում են ծառայության։ Գնում են հայրենիք պաշտպանելու, ընտանիքի և սիրելիների թիկունքը լինելու։ Բայց երկու տարի հետո սաստիկ ձմեռը նորից կջերմանա, և այդ փաթիլները հետ կգան։ Այսօր քաղաքի բնակիչները հավաքվել էին մի կետում։ Ամուր բուռ դարձած ճանապարհում էին իրենց զավակներին։ Արցունքոտ աչքեր, թախիծ և միաժամանակ ժպիտ։ Մայրիկների աչքերը կարոտով էին նայում նրանց, բայց նաև սպասումով։ Մայրերի ձայնը իրենց սրտերում տանում են, տանում են, որ 2 տարի քաջի հոգով ծառայեն և նույն ժպիտով վերադառնան։ Ծառայությունը կարծես կյանքի իմաստ դարձած լինի։ Յուրաքանչյուր տղայի կյանքի էջում գրված է «ծառայել հանուն խաղաղության»։ Այսօր սահմանապահների թվում ավելանում է մյուս եղբայրս։ Երկու տարի, այնքան հիշողություն և կարոտ կա այս երկու տարվա մեջ ընդգրկված։

Զինվորների համար սպասում է դարձել վերադարձը, իսկ նրանց սպասողի համար՝ կարոտը։

Բարի ծառայություն բոլորին։

lilit khlghatyan portret

Շատախոս չեմ, բայց շատախոս եմ

Գրեթե երեք ամիս է, ինչ 17.am-ի թղթակից եմ ու մի օր չներկայացա ու չպատմեցի իմ մասին: Այսօր կփորձեմ:

Ես Լիլիթն եմ Լիճքից (հպարտ եմ, որ լիճքեցի եմ),16 տարեկան եմ: Նախ ասեմ, որ ֆուտբոլ չեմ սիրում և ոչ մի ֆուտբոլային ակումբի չեմ երկրպագում: Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, փորձում եմ ինձ հեռու պահել կռիվներից և անիմաստ վեճերից: Ավելի շատ նախընտրում եմ մասնակցել բանավեճերի և պաշտպանել իմ տեսակետը:

Շատախոս չեմ, բայց որ սկսեցի խոսել, ավելի լավ կլինի չասեմ` դե շատ-շատ, կխոսեմ:

Մեկ-մեկ, երբ սկսում եմ խոսել, ընկերներս ասում են. «Դե, հերիք է փիլիսոփայես»:

Դե չէի ասի, որ փիլիսոփա եմ, բայց դե անկեղծ և ճիշտ խոսքի կողմնակից եմ: Սիրում եմ անկեղծությունը և գնահատում եմ այդ արժեքը յուրաքանչյուր մարդու մոտ: Փորձում եմ լինել գոնե մինիմալ անկեղծ, ձգտելով մաքսիմալի…

Ֆիլմեր դիտում եմ, եթե իհարկե հեռուստացույցով մի լավ ֆիլմ ցույց տան: Ռոմանտիկայի սիրահար եմ, սիրով եմ կարդում ռոմանտիկ գրքեր, արկածային գրքեր նույնպես կարդում եմ: Սիրում եմ գաղտնիքներ և անսպասելի բացահայտվող արկածներ: Դա գուցե և չհամապատասխանեց իմ հանգիստ բնավորությանը, բայց դե…

Երաժշտություն լսում եմ, այստեղ էլ հատուկ երաժշտական խումբ չունեմ, ում կառանձնացնեմ: Լսում եմ այն, ինչ հավանում եմ և համապատասխանում է տրամադրությանս:

Ռոք երաժշտություն ընդհանրապես չեմ լսում, դե երևի` չի համապատասխանում իմ խառնվածքին:

Դեռ մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, բայց եկավ մի պահ, որ միտքս փոխեցի, ու այժմ կարծում եմ, որ կընտրեմ հենց լրագրողի մասնագիտությունը: Չեմ թաքցնի, որ դրան նպաստել է «Մանանա» թիմը:

Դե, առաջ Աստված… Ամեն դեպքում անում եմ ամեն ինչ՝ երազանքիս հասնելու համար:

Վայ, մոռացա ասել, մի բան կա` երկրպագում եմ, դա շոկոլադն է: Քաղցրավենիք շատ եմ սիրում: Դե, ինչ անեմ, ես էլ այդպիսին եմ: Տանել չեմ կարողանում թթու ճաշերը, որովհետև դրանք քաղցր չեն:

Դե, քաղցր բարևներ ձեզ, մի մասն էլ հետո կպատմեմ: