inesa soghoyan

Իմ գյուղի՝ Սարուխանի պատմությունը

Ես իմ գյուղի պատմությունը իմացել եմ պապիս պատմած պատմություններից։ Այսօր նույնպես խնդրեցի, որ պատմի․

-Սարուխանի հիմնադիրները եկել են Արևմտյան Հայաստանի Զանգեզուր նահանգից։ Առաջինը Սողոն էր, նա մի քանի մարդկանց հետ եկել, հետազոտել է բնակավայրը և հավանել: 1830 թվականի գարնանը, 17 հոգով եկել և բնակություն են հաստատել այստեղ։ Սկսել են զբաղվել անասնպահությամբ և հողագործությամբ:
Մի օր Սողոն աղջիկներին ուղարկում է ջրի։ Աղջիկները ջուրը վերցնում և տեսում են, որ մեջը ձուկ կա, արագ տանում են տուն։ Սողոն տեսնում է, որ իշխան ձուկ է։ Շատ է ուրախանում և որոշում մինչև աշուն մնալ այդտեղ և հավաքել բերքն ու բարիքը։
Աշնանային մի երեկո Արևմտյան Հայաստանի Սրբահանից մի խումբ հայեր են գալիս և խնդրում, որ գիշերը մնան իրենց տանը, առավոտյան շարունակեն իրենց ճանապարհը։ Գիշերը խմբին հարգում պատվում են։ Առավոտյան տեսնում են ձյուն է եկել, ասում են․

-Էս ձանը դո՞ր էրթանք, թո մնա գարունը կբացվի, կէրթանք,- մնում, տեսում են ամեն ինչ կա, մտածում են, որ ավելի լավ տեղ չեն գտնի ու իրենք էլ են բնակություն հաստատում գյուղում։

Դալիկարդաշը բաժնվում է երկու մասի՝ Սրբահան և Զանգեզուր:
-Պա՛պ, բա ինչո՞ւ են անվանել Դալիկարդաշ:
-Այդ ժամանակ գյուղերն ու մարզերը ունեցել են թուրքական անուններ օրինակ՝
Դալիկարդաշ-Սարուխան
Բաշքանդ-Գեղարքունիք
Կուլալի-Կարմիրգյուղ
Քուզաջի-Լանջաղբյուր
Քարիմքանդ-Ծաղկաշեն։

-Բա ուրիշ ի՞նչ անուններ է ունեցել Սարուխանը:
-Դալիկարդաշ (նաև Դալիղարդաշ), Ակունք, ԽՍՀՄ-ի ժամանակ կոչվել է Սարուխան:
-Բա զանգեզուրցիները ու սրբահանցինները ինչո՞ւ են այդքան հաճախ կռվում:
-Մեր գյուղը շա՜ր կռվարար է, գյուղում չկա մեկը, որ կռիվ անել չսիրի։

Մի փոքր բարություն

Լուսանկարը՝ Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ժորա Պետրոսյանի

Երեկ մեր վարսավիրանոցի դիմացի ճանապարհին մի շան էին վրաերթի ենթարկել, որի հետևանքով հետևի ոտքերը ջարդվել էին։ Նրան անօգնական թողել էին ճանապարհի մեջտեղում ու գնացել։ Բոլորը անտարբեր էին անցնում  կողքով։ Երբ տեսա, ուղղակի չկարողացա աչք փակել նման երևույթի վրա։ Նրան բերեցի մեր վարսավիրանոցի կողքի կիսակառույց շինություն,  կերակրեցի ու ծածկեցի։ Ու անընդհատ  ինքս ինձ մտածում էի,  թե ինչպե՞ս կարող են թողնել այդ հավատարիմ կենդանուն անօգնական ու գնալ։ Չնայած ինչ եմ խոսում,  նույնիսկ մարդուն վրաերթի ենթարկելուց են  անօգնական թողնում ու «թռնում»…

Առավոտյան շտապեցի շան մոտ, որպեսզի կերակրեմ: Տեսարանն ավելի դաժան էր: Շունը ցավից անընդհատ կաղկանձել էր, ու զայրացած մարդիկ նրան ծեծել էին ու գցել առվի մեջ՝ կաղկանձելու պատճառով։ Երբ տեսանք խեղճ շանը առվի սառույցների մեջ,  տաք ջուր լցրեցինք սառույցի վրա,  հալեցրեցինք և տեղափոխեցինք դիմացի մայթ՝ ավելի արևոտ տեղ։ Մինչ ես շանը գրկած տաքացնում էի, տեսնողներն ասում էին,  թե բա՝ ինչ մի գրկել ես,  գցի մի կողմ, թող մնա։

Քիչ հետո շանը  մոտեցավ մեր Վարդենիսի լավագույն բժիշկներից մեկը, տեսնելով անօգնական շանը  դրեց իր սեփական ավտոմեքենան ու տեղափոխեց հիվանդանոց։ Այնտեղ արվել է ամեն ինչ, որ շունը ապաքինվի։ Փառք Աստծու,  հիմա շան վիճակը լավ է։

meri antonyan

Դու իմ ամենասիրածն ես

-Ես քեզ շատ եմ սիրում։ Ու, գիտե՞ս, դու ինքդ իմ բոլոր սիրած բաներն ես։

-Հա՞, էդ ո՞նց։

-Ահան, ես շատ եմ սիրում երկնքի աստղերը, դու ինձ համար աստղաշատ երկինք ես։ Սիրում եմ ամառվա հով գիշերները, դու դրանցից մեկն ես։ Դու հրավառություն ես։

-Հրավառություն է՞լ ես սիրում։

-Հա, շատ։ Դու փազլ էլ ես։

-Հա, էդ սիրում ես, գիտեմ… Էդպես որ լինի, դու էլ ֆուտբոլ ես։

-Թող ֆուտբոլ լինեմ… Դու իմ ամենասիրած օգոստոսյան արևոտ օրն ես։

-Իսկ ես նաև ձմեռվա վարդագույն ու փափուկ երեկոներն եմ սիրում, ուրեմն դու էլ դրանցից ես։

-Ես համաձայն եմ, ես էլ եմ շատ սիրում։ Կքայլենք իրար հետ էդ երեկոներին, չէ՞։

-Հա՜։ Դու էդ ձմեռների իմ սիրած կպչող ձյունն ես։

-Ես անչափ շատ եմ սիրում նվերներ։ Դու ինձ համար անսպասելի տրված ու սիրուն փաթեթավորված նվեր ես… Դու էն իմ սիրած մենակությունն ես։

-Քեզ համար մենակություն եմ, իսկ դու ինձ համար իմ սիրած ընտանեկան ջերմությունն ես։

-Դու աշխարհում ինձ դուր եկած ամենահամեստը, ամենահասարակն ես ու, ամենակարևորը՝ իմն ես։

-Իսկ դու իմ ամենանրբիկ ու ամենասիրուն աղջնակն ես, իմ տեսած ամենահրաշք էակը։ Դու իմ ամենասիրածն ես։

-Դուրս եկավ՝ դու էլ ինձ ես շատ սիրում, հա՞…

Sose Zaqaryan

Պատմություն առաջին աշխատավարձի մասին

-Բարև Ձեզ, կներեք Ձեզ անհանգստացնելու համար, չորսամյա Մարիամին ենք օգնում, երեխային վերականգնողական բուժում է հարկավոր, մայրն է խնդրել։

Այսպես էր սկսվում իմ աշխատանքը։ Ինչպես հասկացաք կամ կռահեցիք․ ես աշխատում էի մի բարեգործական խմբագրությունում, որը այդ ժամանակ օգնում էր չորսամյա Մարիամին։ Զանգահարում էինք մարդկանց և օգնություն խնդրում․ կային մարդիկ, ովքեր մինչև վերջ լսում էին և չէին անջատում։ Կային մարդիկ, ովքեր օգնում էին։ Մարդիկ էլ կային, ովքեր շատ հարց էին տալիս, մեզ համարում խաբեբա, վիրավորում։ Դե պատկերացրեք, տարբեր մտածելակերպի, սեռի, մասնագիտության մարդիկ։ Ինչպես ասում են՝ ինչքան մարդ, այնքան բնավորություն ու մտածելակերպ։

Իմ աշխատանքը ինձ դուր էր գալիս։ Կստեմ եթե ասեմ, որ այն ինձ դուր չէր գալիս,  մանավանդ, երբ աշխատում ես քո կուրսեցիների հետ։ Մի անգամ էլ մի մարդ երեխայի մորը մեծ գումար փոխանցեց, որից ես լավ զգացի, դե մեծ գումարը հարաբերական է։ Երբեմն ծիծաղելի դեպքեր էին պատահում։ Լինում էր դեպքեր, երբ համարները կրկնվում էին։ Մի անգամ այդպիսի դեպք ինձ հետ կատարվեց։ Զանգեցի մի կնոջ, ով հրաժարվեց օգնել։ Սխալմամբ նորից զանգահարեցի, և այդ կինը մինչ կսկսեր բարկանալ, ես չկորցրեցի ինձ և ասացի, որ սոցհարցում ենք կատարում քաղաքացիների զբաղվածության մասին։

Հա, մոռացա նշեմ, որ հիմա էլ չեմ աշխատում։ Պատճառն այն չէ, որ դասերս չէի հասցնում, ընդհակառակը, ավելի պարտաճանաչ էի սովորում։

Մի քանի օր առաջ ստացա իմ առաջին աշխատավարձը։ Ամբողջը վատնել եմ եղբորս նվեր գնելու վրա։ Կարծում եմ, որ տեղին եմ ծախսել, այդպես չէ՞, և քանի որ Ամանորի նախաշեմ էր, ես եղբորս համար տոնածառի խաղալիքներ գնեցի, ամբողջ տոնածառը իմ գնած խաղալիքներով զարդարեցի: Բոլորս ուրախ էինք, ես էլ ներքուստ հրճվում էի, որ կարողացել եմ ուրախացնել ընտանիքիս։ Այս խաղալիքները դարձան իմ ամենասիրելի իրերը, չէ որ դրանք իմ աշխատանքի արգասիքն էին, և առաջին կուրսեցուս առաջին նվերը մայրաքաղաքից։

Մայրս պատմեց, որ առաջին աշխատավարձը քառասուն ռուբլի է եղել, ստացել է ու նվիրական մասունքի նման պահել դարակում, մտածել է, որ այդ փողերը տարբերվում են ուրիշ փողերից, և ափսոսել է օգտագործել։

Հետո էլ ավելացրեց, որ իր աշխատավարձով որոշել էր իր Սուրիկ հորեղբորը նվեր գնել և այդպես էլ որոշումը չիրականացրեց։

Ես ուրախացա, որ իմ որոշումը կարողացել էի կատարել: Ես ու քույրս որոշել էինք մեր աշխատավարձերով եղբորս նվերներ գնել, և ես կատարեցի իմ խոստումը։

Հիմա, երբ  գրում եմ այս տողերը, տոնածառի  լույսերի տակ փայլփլում են եղբորս նվիրական խաղալիքները, իսկը իր փոքրիկ աչուկների նման։

mariam tonoyan

Օգտակար զրույց

-Ներս արի՛, ցուրտ է,- ասաց մայրս՝ դուրս գալով պատշգամբ:

-Մա՛մ, պատահաբար չգիտե՞ս, թե ինչ ախտորոշում են տալիս այն մարդուն, ով չի մրսում, չնայած պետք է մրսի:

-Սկսեցիր դատարկաբանե՞լ:

-Այ, օրինակ, երբ մենակ եմ կամ ինչ-որ բանի մասին եմ երկար մտածում, դրսում ես երբեք չեմ մրսում: Իմ ախտորոշմամբ, սա երևի անզգայացում է, ինչը որքան տհաճ, նույնքան էլ հաճելի է: Իսկ երբ դու իմ տարիքում էիր, քեզ հետ նման բան պատահե՞լ է:

-Ես քեզ պես երազկոտ ու ճարտարախոս չեմ եղել: Ոչ էլ՝ ժամերով, ձմեռվա կեսին բնության հրաշքիդ` մայրամուտին սպասել: Իսկ դու ցրտից ես անզգայացել: Ներս անցի՛ր,- ասաց մայրս, այժմ՝ խիստ ձայնով:

Ստիպված էի տեղի տալ:

-Գիտեմ, թե ինչու ես խիստ մեզ հետ: Դաստիարակման մեթոդ է, չէ՞,- չարաճճի ժպիտով շարունակեցի ես, երբ արդեն նստած էի տաք վառարանի կողքին ու վայելում էի նրանից դուրս թռչող հրե լեզվակների վառվռուն կարմիրները։

-Հը՞, մա՛մ, լռո՞ւմ ես:

-Իսկ ի՞նչ է, մարդուն մտածելու համար ժամանակ պետք չէ՞:

Լռեցի ու հոնքերս կիտած սկսեցի փորձել մտածել ինչ-որ բանի մասին:

-Երազանք ունենալը կարևո՞ր է,-քիչ անց սկսեցի ես:

-Երազանքը կարևոր է, երբ իրատեսական է, երբ պահանջում է աշխատասիրություն, այլ ոչ թե դատարկ անուրջներ: Եթե նստես ու երկար երազես, դրանից ոչինչ դուրս չի գա: Ավելի ճիշտ է՝ քայլեր մշակել երազանքին հասնելու համար: Ենթադրենք, ես ուզում եմ աշխատանք ունենալ որևէ ձեռնարկությունում: Եթե ես շարունակ երազեմ, արդյունքում ինձ միայն երազներ կմնան, իսկ եթե տեղեկություններ հավաքեմ ձեռնարկության մասին, փորձեմ հարմարվել աշխատանքային կանոններին, դիմեմ ձեռնարկատիրոջը աշխատանքի ընդունման համար՝ արդյունքն ակնհայտ կլինի:

-Ճիշտ է, գիտե՞ս, Էյնշտեյնը դպրոցում շատ վատ էր սովորում, բայց իր աշխատասիրության արդյունքում դարձավ հայտնի ֆիզիկոս:

-Նման մարդիկ շատ են: Աճպարար Թյորսթոնը, ով ոչ մի մոգական գիրք չէր ընթերցել, երկար տարիներ համարվում էր լավագույն աճպարարը: Աբրահամ Լինկոլնը, ով ուսում չէր ստացել, աշխատում էր նպարեղենի խանութում ու շատ աղքատ էր, մի օր 50 ցենտով գնված տակառի միջից գտնում է իրավաբանական գրքեր, դրանք ուսումնասիրելով, Սպիտակ տուն հասնում:

-Այդ դեպքում՝ դեռ հույս կա,- փայլող աչքերով հայտարարեցի ես:

-Գերմանիայում սովորելու մասի՞ն ես ակնարկում:

Գլխահակ սկսեցի մտածել: Փաստորեն երազանքիս հասնելու համար ոչ մի արգելք խոչընդոտ չի դառնա. ո՛չ ֆինանսական վիճակը, ո՛չ մարդիկ, ո՛չ կարծրատիպերը… Սակայն դեռ պետք է աշխատեմ վերացնել երազկոտությունս, իսկ հետո միայն մտածեմ այն բոլոր քայլերի մասին, որոնք հնարավոր կդարձնեն Գերմանիա հասնելու երազանքս:

Սպիտակի արագաչափերը

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարիետա Բաղդասարյանի

Ես ձեզ ուզում եմ պատմել մի բանի մասին, որը Սպիտակում մեծ քննարկման առարկա է  դարձել: Շա՜տ էի լսել ու նաև տեսել, բայց կիրակի օրը, երբ գնում էի «Մանանայի» կազմակերպած դասընթացին ու ճանապարհին մտածում, թե ինչ  հոդված կարելի է գրել, հանկարծ ուշադրությունս նորից գրավեց էլեկտրասյան վրայի արագաչափը, որն այնքան էլ արագաչափ չէ, ու որոշեցի գրել դրա մասին։

Արագաչափ չէ՞ր՝ կզարմանաք դուք։ Հա՛, իրոք, արագաչափ չէր։ Բացատրեմ։ Այն ժամանակ, երբ այդ ճանապարհն ասֆալտապատեցին, վարորդները սկսեցին ճեպընթացի պես վարել իրենց մեքենաները։ Բնականաբար դա դուր չեկավ այդ փողոցի վրա գտնվող շենքի բնակիչներին ու հենց նրանք էլ պատրաստեցին այս չարագաչափը։ Ամեն դեպքում, վարորդները իջեցրին արագությունը, ավելի հանգիստ են վարում մեքենաները:

Հետո էլ կասեն, թե հումորն ու հնարամտությունը միայն գյումրեցիներին է բնորոշ: Տեսա՞ք ինչ հնարամիտ են մեր սպիտակցիները։

Gayane Avagyan

Լրագրության, լրագրողի և էլի շատ կարևոր հարցերի մասին

Կարդացի Տաթև Աղազարյանի հոդվածը` գրագողության մասին: Այդ թեմայի մասին իր կարծիքն էր հայտնել նաև Արտյոմ Սաֆարյանը: Ասեմ, որ երկուսի նյութերից շատ բան սովորեցի: Գրեթե, ոչինչ ավելացնելու չունեմ գրագողության մասին, բայց ասեմ, որ այդ երևույթը դեռ վաղուց է եղել, ու քանի գնում է, այնքան համոզվում եմ Տաթևի կարծիքին` գրագողության մասին օրենքը լիարժեք չի աշխատում: Շատ լրագրողներ վերցնում են այլ կայքերից, հաղորդումներից տեղեկություն և դրանք տարածում, իբրև սեփականը, խախտելով հեղինակային իրավունքները: Ասեմ, որ մի բան էլ եմ նկատել` ինչ-որ նյութ գրելուց հետո պետք է նշվի աղբյուրը` այն վայրը, որտեղից իմացել են այդ տեղեկությունը: Նույնիսկ, եթե բանաստեղծություն ես մեջբերում նյութիդ մեջ, կարծում եմ, աղբյուրի նշումը պետք է լինի: Իհարկե, չկարծեք, թե միայն խոսքը լրագրության ոլորտի մասին է: Հեղինակային իրավունքները կարող են խախտել և՛  գրողները, և՛  ռեժիսորները, և՛  կոմպոզիտորները: Եվ, իհարկե, ինչպես ասում էր Արտյոմը` դա անարդար է:

Բայց չեմ ուզում հոդվածովս միայն գրագողություն երևույթը ներկայացնել: Քանի որ, կարծում եմ` դա շատ լավ իրենց նյութերում ներկայացրել են Տաթևն ու Արտյոմը: Չկրկնեմ նրանց խոսքերը, չէ որ, կարող է առանց իմ կամքի գրագողություն ստացվել, համաձայն եմ երկուսի տեսակետների հետ:

Հիմա ուզում եմ այլ բանի մասին խոսել` էլի մեզ հետաքրքրող մի թեմայի և սպասել, որ ձեր կարծիքն էլ կկարդամ սրա մասին:

Մի քանի տարի առաջ ես չէի մտածի, որ կնստեմ համակարգչի դիմաց` նյութեր կարդալու, հոդվածներ ուսումնասիրելու և ուշադիր սխալներ որոնելու նպատակով: Բայց, արդեն մի տարի է, ինչ ավելի ուշադիր եմ դարձել իմ շուրջը կատարվող իրադարձություններին նայելիս: Արդեն ամեն օր հետևում եմ Հայաստանում, ավելի քիչ՝ արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Ու մի պահ մտածում եմ` ինչպես ես կլուսաբանեի այս իրադարձությունը, ինչի մասին կգրեի, ինչի մասին կլռեի, ու արդյո՞ք այդ նյութը արժանի է լուսաբանման: Դրսում քայլելիս էլ տեսնելով բնությունը, լսելով մարդկանց խոսակցությունները լուսաբանման արժանի լիքը թեմաներ եմ գտնում: Ասեմ, որ սիրում եմ նույն թեմայի մասին նյութը կարդալ ու լսել տարբեր ԶԼՄ-ների լուսաբանմամբ: Այդպես եմ անում, որ հետո, երբ ուզեմ որևէ բանի մասին տեղեկություն ստանալ, հետևեմ այդ լրատվամիջոցին: Ու, այդ պատճառով էլ, հաճախ արժանանում եմ ծանոթ մարդկանց այս հարցին.

-Արդեն ո՞ րերորդ անգամն է նույն բանը լսում ես, չե՞ս հոգնում: Ախր, նույն բանը տարբեր բառերի տեղերը փոխելով ասում են, ու, երևի, մենակ դու ես, որ ուշադիր լսում ես:

Դե, հա, երևի քչերն են իմ նման: Բայց արի ու բոլորին բացատրիր, որ մեկ բառի լինելը կամ չլինելը` իրականում մեծ բան է փոխում: Դե, բոլորին չէ, որ ասում եմ, հաճախ սուս եմ մնում` հետո հաղորդումը նայելու հույսով: Ասում են՝ չէ՞, ինչու ես նայում, բայց ինչ-որ բան իմանալու ցանկությամբ զանգահարում են, գրում, հարցնում են, թե ինչ նորություն կա, հո աշխարհը չի՞ փլվում, ի՞նչ նորություն կա աշխարհից, ի՞նչ նոր որոշում են կայացրել, տոներին քանի՞ հանգստյան օր ունեն, որ օրերն են աշխատանքային, ի՞նչ նոր որոշումներ են կայացնում, վաղը ի՞նչ եղանակ է լինելու …

Ու ասում եմ, բայց հաջորդ անգամ, երբ ինձ տեսնում են լուր կարդալիս` նրանց խոսքերը նույնն է լինում:

Իրականում, ես նորություն կարդում եմ և՛  տեղեկացված լինելու համար, և՛  տեղեկությունը տարածելու համար: Բայց ոչ միշտ է, որ իմ կարդացած տեղեկությունից գոհ եմ լինում: Դե, ոչ թե իրադարձությունից, այլ իրադարձության մասին գրված լուրից: Ես չեմ կարդում այն նյութերը, որոնց վերնագիրը ցնցող է, որոնց վերևում գրած է` շտապ լուր, որում գրված է` դուք այսպիսի բան երբեք լսած ու տեսած չեք լինի: Ու, երբ կարդում ես նյութը` հասկանում ես, որ մեկ «ցնցող» բան կա` վերնագիրը: Իսկ, մի՞թե դա խաբեություն չէ: Մի քանի դիտում ավել հավաքելու համար լրագրողը արդյոք պե՞տք է նման քայլի դիմի: Իմ կարծիքով՝ ո՛  չ: Իհարկե, բարդ մասնագիտություն է, ու ոչ բոլորն են լրագրող կոչվելու արժանի: Մեկը ցնցող վերնագիր է դնում, մյուսը` ոչ հավաստի տեղեկություն տարածում, էն մյուսն էլ` խախտում է էթիկայի կանոնները, ու էլ չեմ ասում, որ, հաճախ էլ, նյութը գրված է լինում տառասխալներով և սխալ կետադրությամբ:

Հըմ, գրեցի այսքանը, որ ուշադիր լինեք նյութ կարդալուց, չխաբնվեք վերնագրին, կարդաք միայն հավաստի աղբյուրներից լուրեր ու, ինձ նման, եթե ուզում եք լրագրող դառնալ, իհարկե փորձեք նյութը կարդալ ուշադիր, հետևել իրադարձություններին և մտովի, իրադարձության միջոցով, որպեսզի կարողանաք ձեր սեփական նյութը շարադրել:

Իսկ դուք, ինչպե՞ ս եք տարբերում հավաստի և ոչ հավաստի տեղեկությունը, ի՞ նչ եք զգում նյութ կարդալիս կամ հաղորդում նայելիս: Ի՞ նչ սխալների եք հանդիպել և այլն: Ըստ ձեզ, իսկական լրագրողը ինչպիսի՞ ն պետք է լինի: Արդյո՞ ք կատարում են լրագրողները իրենց գործառույթները:

Հետաքրքիր կլինի բոլորիդ կարծիքները:

sona zaqaryan

Արմատներ

Երբ փոքր էի, սիրում էի նստել տատիկիս կողքին ու լսել նրա պատմությունները իր ու պապիկիս կյանքի, հարազատների ու մտերիմների մասին: Ճիշտ է, շատ բան չէի հասկանում, քանի որ երեխա էի, բայց միևնույն է, ինձ հետաքրքիր էր այդ ամենը: Հետաքրքրությունս կրկնապատկվեց այն ժամանակ, երբ ուսուցչուհիս հանձնարարել էր կազմել մեր ընտանիքի տոհմածառը: Իսկ տոհմածառ կազմելը իրոք շատ հետաքրքիր է: Տատիկս պատմում էր, թե ովքեր են եղել պապիս պապը, նրա որդիները, և ես շատ մեծ հետաքրքրությամբ կազմում էի տոհմածառը: Որոշ ժամանակ անցավ, ու ես հասկացա, որ միայն անուններն իմանալը շատ քիչ է, և պետք է նաև իմանաl նրանց կյանքի ու գործերի մասին: Սկսեցի հետաքրքրվել և արդյունքում հետաքրքիր բաներ իմացա:

Գյուղում մարդիկ պատկանում են տարբեր «ազգերի»: Մեր գյուղի հիմնական ազգերն են` Պապունց, Ապունց, Դավութանց, Կիրիքորանց, Շեթանց: Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ հատկանիշներն ու յուրահատկությունները: Մեր ազգը Պապունց ազգն է: Պապը ունեցել է հինգ տղա, որոնցից մեկը Զաքարան է եղել`պապիկիս պապը: Զաքարայից էլ առաջացել է Զաքարունց ճյուղը: Գյուղում այդպիսի մարդ չկա, ում հարցնես Պապունց ազգի և Զաքարյանների մասին, ու նրանք չիմանան:

Հայրիկիս ու տատիկիս հետ զրուցեցի, և նրանք ինձ պատմեցին Զաքարյանների մասին մի քանի բան:

Զաքարյանները Շամբ գյուղում մեծ հողատարածք են ունեցել: Այնտեղ բերք ու բարիք են ցանել: Մի մեծ խնձորենի է եղել այնտեղ, որը «շաղկալդի» են կոչել:

-Տատ, բայց ի՞նչ հետաքրքիր բան կա այդ ծառի մեջ:

-Բալաս, էդ ծառը մի տոննա խնձոր ա տվալ: Լյավ մեծ-մեծ կարմիր խնձորնի: Շատ են ըշխադալ, վեր լյավ բերք ստանան:

Զաքարայի տղաներից մեկը հորս պապիկն է եղել` Ներսեսը: Մի անգամ Ներսեսը երեկոյան որոշում է այգին ջրել: Մութ է լինում և ոչինչ չի երևում: Նրա կինը` Կայանը (անունը Գայանե է, ուղղակի բարբառով այսպես է հնչում), հրացանը վերցնում է և կրակում, կարծելով, որ գող է մտել այգի: Բայց բարեբախտաբար Նեսեսը չի վնասվում, փամփուշտը գլխի մոտով է անցնում: Ներսեսը չորս որդի է ունեցել` Սուրենը (պապս), Ռուբենը, Վանուշը և Ժորան

1941 թ. Ներսեսը որդու` Ռուբենի հետ մեկնել է ռազմաճակատ՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու:Ռուբենը զոհվել է ռազմաճակատում, իսկ Ներսեսը վիրավոր վերադարձել է և մեկ-երկու տարի անց մահացել:

Մնացել են Ներսեսի երեք որդիներն ու չորս քույրերը: Պապիկս գյուղում հայտնի մարդ է եղել, և նրան ճանաչել են որպես Շոֆեր Սուրեն:

-ԽՍՀՄ-ի տարիներին թորքերի նհետ շատ լյավ էինք, պապիդ ալ պիրըմ էր տոն, հաց տալիս: Ասըմ էր՝ սաղս ալ մարդ ենք, խե՞ թշնամություն անենք:

Պապիկիս ու նրա նախնիների թողած ժառանգությունը իրոք մեծ է: Երբ գյուղում ինձ հարցնում էին, թե ով եմ, ծնողներիս անունը տալով չէին ճանաչում, բայց երբ ասում էի, որ Զաքարյան Սուրենի թոռն եմ, միանգամից ճանաչում էին:

-Պապունց ազգի հարսները շատ խելոք, կրթված ու դաստիարակված են իլալ,-ասում է տատս:

Մեր հարևան Աղավնի տատը, ով նույնպես Պապունց ազգի հարս է, միշտ ասում է.

-Շտեղ մի լյավ ու ըշխադող աղջիկ ա իլալ, ընգալ ա Պապունց ազգի տղերքի ձեռը:

Միշտ այն համոզմանն եմ եղել ու հիմա էլ համոզված եմ, որ մարդ պետք է հպարտանա իր արմատներով: Եվ, այո’, ես իրոք հպարտ եմ, որ Դարբաս գյուղից եմ, և որ Պապունց ազգի ու Զաքարյանների ժառանգներից մեկն եմ: Մեր նախնիները մեզ հպարտանալու առիթ են տվել, մենք էլ պետք է այնպես անենք, որ մեր սերունդները հպարտանան մեզնով, ու Զաքարյանների անունը միշտ բարձր պահենք: