laura manukyan

Հոգատար ընկերներս

Երբ ես 6-րդ դասարանում էի, միջոցառում էինք կազմակերպել, և հերթական փորձի օրն էր: Երգելու էինք «Երազ իմ երկիր հայրենի» երգը: Այդ օրը երգը կատարելու էինք համակարգչային սենյակում, որտեղ շոգ էր կամ ես էի տաք հագնված: Բանն այն էր, որ ես ինձ շատ վատ էի զգում, բայց չէի ցանկանում տեղեկացնել ուսուցչին: Դեռ ինձ զսպում էի և փորձում լավ ձևանալ: Բայց եկավ պահը, որ այլևս հնարավոր չեղավ դիմադրել, և ես կորցրեցի գիտակցությունս: Եթե չլինեին կողքիս կանգնած դասընկերներս, ապա ես մեծ թափով կընկնեի հատակին: Ես «արթնացա» այն ժամանակ, երբ ինձ վրա ջուր էին ցանում: Ընկերներս էլ խուճապահար գնում էին այս ու այն կողմ: Երբ ուշքի եկա, ոչինչ չէի հիշում: Չէի հիշում անգամ, թե ինչո՞ւ էի դպրոցում: Բայց կամաց-կամաց սթափվեցի ու սկսեցի հիշել կատարվածը: Հետո մի քանի ուսուցիչ եկան, սկսեցին հարց ու փորձ անել: Հարցնում էին, թե հաց կերե՞լ եմ,  թե՞ ոչ: Իսկ ես, ինչպես միշտ՝ գլխով բացասական շարժում էի անում: Բոլորն ասում էին, որ հաց չուտելու պատճառով եմ կորցրել գիտակցությունս: Ինչևէ: Հետո բոլորով միասին գնացինք տուն: Դասընկերներս նույնիսկ չթողեցին բռնել պայուսակս, իրենք բերեցին: Հետո խանութից գնեցին քաղցրավենիք և տվեցին ինձ, բայց ես չվերցրեցի: Նրանք գտան լուծումը. տեղավորեցին պայուսակիս մեջ: Ճանապարհին հանդիպեցինք հայրիկիս, ով իմանալուն պես՝ եկել էր իմ հետևից: Դասընկերներիս նման պահվածքը երևի հոգատարության դրսևորում էր: Ես ամեն օր մտածում եմ այդ մասին և ամեն անգամ մտքումս շնորհակալություն հայտնում նրանց:

Ani avetisyan

Նամակ Զինվորին

Բարև զինվոր: Գիտեմ, որ նամակս սկսելու ամենասխալ ձևը սա է, բայց ուրիշ տարբերակ ուղղակի չգտա: Թեև գիտեմ, որ նամակս քեզ չի հասնելու, դու այն չես կարդալու ու չես պատասխանելու, բայց կգրեմ հավատալով,  որ ինչ-որ տեղ երկնքում դու կզգաս, որ այն հենց քեզ է ուղղված:

Եթե գրելու լինեի մի քանի ամիս առաջ, նամակս գուցե անուն ունենար, հասցեատեր, բայց այսօր այն քեզ է ուղղված իմ ծանոթ ու անծանոթ, այսօր, վաղը և հավերժ զինվոր մնացող եղբայր:

Գրում եմ քեզ իմ անունից, բայց և գիտեմ, որ տողերս աղոթքի պես դուրս են եկել մի ողջ ժողովրդի շուրթերից, այնպես, ինչպես մորդ՝ քեզ ուղղված ամեն խոսքն էր մեր անունից, ինչպես «նրա» ամեն «սպասում եմ քեզ»-ը մեր շուրթերից աղոթք էր առ Աստված:

Ամանոր է, Ամանոր, որի ամենանվիրական մաղթանքը այն  անհասանելի խաղաղությունն է, վերջապես նրան հասնելու, կարոտած թևերով փարվելու  բաղձանքը: Նրանից քո կարոտն առնելու բաղձանքը:

Իսկ ես Ամանորի շնորհավորանքներ շռայլելու համար չէ, որ գրում եմ քեզ, և ոչ էլ շնորհակալության՝ մեզ ևս մեկ Նոր տարի նվիրելու համար: Երեք միլիոն մարդ մեկի պես քեզ պաթոսաշատ խոսքերով շնորհակալություն է հայտնում, խոնարհվում քո առաջ,  բայց ես դա չէ, որ քեզ ասել եմ ուզում:

Կներես մեզ, զինվոր:

Կներես ամեն ասված ու չասված բառի, ամեն բաց թողած պահի համար:

Կներես չհասկանալու, չհասկացվելու համար:

Կներես մի գիշեր քեզ համար չաղոթելու, քեզ  երազում չտեսնելու համար:

Կներես չգնահատելու, համեմատելու համար: Չհասկանալու համար, որ համեմատելու կարիք չի էլ եղել: Այն, ինչ կար քո մեջ, եռապատիկ անգամ ուժեղ էր ժառանգածից, իսկ մենք չէինք նկատում:

Կներես, որ բավական ուժեղ չեղանք՝ քեզ սպասելու: Որ քաջություն չունեցանք ասելու  սրտում տաք-տաք պահածը: Որ մոռացանք չմոռանալ…

Կներես դեռ տաք արյունդ քեզնից խլելու համար, բաբախող սիրտդ ցավեցնելու համար:

Կներես խոստանալու ու մոռանալու համար: Չխոստանալու համար…

Գիտեմ, զինվոր,  գիտեմ, որ արդեն ներել ես: Հերոսի հոգին չներել չի կարող: Բայց մի վերջին անգամ շշնջա երկնքից,  ասա, որ կներես քո պահած հայրենիքը քեզնից լավ չպահելու համար:

Կներե՞ս…

Մի հետաձգեք

Ինչ լավ է, որ հայերն ունեն Նոր Տարին նշելու սովորությունը: Ցավոք, շատերը չեն նույնացնում Ամանորը Սուրբ Ծննդյան հետ, բայց կարևորն այն է, որ նշում են:

Մարդիկ շատ հույսեր են կապում գալիք տարվա հետ, ամփոփում են նախորդ տարին, հիշում իրենց հաջողությունները, սխալերը կամ պարզապես լավ օրերը և փորձում են հաջորդ տարվա հունվարի մեկից փոխվել դեպի լավը, նոր նպատակներ են դնում իրենց առաջ, սկսում են ավելի շատ շփվել հարազատների հետ: Այս ամենը շատ լավ է:

Մեր թաղամասում կան անապահով և բազմազավակ ընտանիքներ: Մի քնաի օր առաջ նկատեցի, որ այդ ընտանիքներից մեկը տանածառ է դրել և պատրաստվում է Ամանորին: Շատ ուրախացա: Ամանորի շնորհիվ նրանք նույնպես կսկսեն ապրել նոր հույսերով ու երազանքներով:

Մի պահ պատկերացրեք հայերը չունենային Ամանորը նշելու սովորությունը: Ինչ անհետաքրքիր կլիներ, չէ՞, ամեն ինչ:

Բայց միայն Ամանորը կամ Ծննդյան օրերը չեն, որ պետք է ստիպեն նոր հույսերով ու նպատակներով ապրել:

Շատ եմ լսել, երբ մարդիկ ասում են, թե օրինակ` հենց Նոր Տարին գա, սկսելու են առողջ ապրելակերպ վարել և նման շատ ու շատ բաներ: Ես էլ տարիներ առաջ մի օր որոշեցի, որ հունվարի մեկից սկսելու եմ մայրիկիս օգնել տան հետ կապված գործերում: Բայց մայրիկս ինձ ոչ մի կերպ չկարողացավ համոզել, որ մի քանի օր շուտ սկսեմ օգնել իրեն: Մի քանի օր ձանձրացա տանը անգործությունից և հունվարի մեկից սկսեցի օգնել մայրիկիս: Սա սխալ է: Եթե ցանկանում եք փոխվել կամ միջոցներ ձեռնարկել Ձեր նպատակներին հասնելու համար, ապա մի հետաձգեք կամ մի նշանակեք հատուկ օր դրանք ի կատար ածելու համար, այլ դա արեք հենց հիմա, հենց այս վայրկյանին:

serine harutyunyan

Ավարտվեց հեքիաթս

Էլի Նոր տարի, էլի տոնածառ, փուչիկներ, նվերներ, երգ, պար, ուրախություն ու լիքը հիշողություններ… Բայց մի վայրկյան, Ձմեռ պապիկին նամակ գրելու մասին մոռացա ասել… Չնայած, ես արդեն վաղուց Ձմեռ պապիկին նամակ չեմ գրում. երևի արդեն մեծ եմ դրա համար:

Հիշում եմ, ոնց էի փոքր ժամանակ հավատում Ձմեռ պապիկին…. Հիշում եմ, ոնց էի խնդրում, որ եթե հանկարծ տասներկուսից շուտ քնեմ, հենց Ձմեռ պապիկը գա, անպայման արթնացնեն ինձ:

Ամեն տարի հունվարի մեկին մեր տանը կռիվ էր. արթնանում էի, վազելով մոտենում տոնածառին, նվերս գտնում, ուրախանում, բայց հետո հանկարծ հիշում, որ ես խնդրել էի արթնացնել ինձ: Ինքս ինձ վրա էլ էի բարկանում, որ էլի Ձմեռ պապիկին բաց թողի ձեռքիցս, ու նրան տեսնելու համար ստիպված եմ մի տարի էլ սպասել… Ո՜նց էի բարկանում, ո՜նց էի կռվում ինքս ինձ հետ, ծնողներիս հետ… Ասում էի, լավ էդքան դժվա՞ր էր ինձ էլ արթնացնեիք, ես էլ տեսնեի Ձմեռ պապին, գոնե նվերներիս համար շնորհակալություն հայտնեի: Նեղանում էի, բոլորից դժգոհ նստում տոնածառի կողքին: Անգամ Ձմեռ պապիկից էի նեղանում, որ համարձակվել է առանց ինձ հետ հանդիպելու հետ գնալ… Բա ո՞նց կլիներ, Ձմեռ պապիկը արհամարհեց ինձ… Չեմ էլ հիշում, քանի տարի եմ հավատացել Ձմեռ պապիկին, քանի անգամ նամակ գրել, կռվել ու նեղացել: Հիշում եմ, երբ արդեն հույսս կտրել էի, որ որևէ մեկն ինձ կարթնացնի Ձմեռ պապիկին տեսնելու համար, նստում էի դռան առաջ ու ոչ մի տեղ չէի գնում: Ասում էի, դե, հիմա էլ հո էդ Ձմեռ պապը գլխիս վրայով չի՞ անցնելու, որ հասնի տոնածառին, ոնց էլ չլինի` կարթնանամ: Է՜, ինչ լավ օրեր էին, ինչ անմեղ ցանկություններ: Կուզեի էլի փոքր լինել, էլի հավատալ Ձմեռ պապիկին, էլի նամակ գրել նրան, ու գրածս նամակի մոտ ժամերով պահակ կանգնել, որ նամակս վերցնելու պահին Ձմեռ պապիկին տեսնեմ: Կուզեի էլի հավատալ, որ Ձմեռ պապիկը նամակը վերցնելիս անտեսանելի է դառնում, որ Նոր տարուց շաբաթներ առաջ լուռ անցնում է պատուհանների կողքով, որ չարություն անող երեխաների համար նվերներ չբերի…
Հետո… Մեծացա, ու պարզվեց այն, ինչ պարզվեց… Բացահայտվեց այդ քաղցր սուտն, ու կարծես շատ բան անգույն ու միօրինակ դարձավ… Արդեն էլ նամակ չէի գրում, ասում էի` ինքս ինձ խաբե՞մ, թե՞ ձեզ, կասեմ ինչ եմ ուզում, դուք էլ կառնեք, էլի, էլ ի՞նչ նամակ…
Մի քիչ էլ մեծացա, ու հասկացա, որ ես մի Ձմեռ պապիկ ունեմ, որ ոչ ոք չի կարող ունենալ… Հասկացա, որ իմ Ձմեռ պապիկը աշխարհի ամենաբարի ու ամենալավ Ձմեռ պապիկն է, որ ինքը իմ Ձմեռ պապիկն է ու էլ ոչ մեկինը… Իմ Ձմեռ պապիկը ամեն տարի, տասներկուսից մի քանի րոպե անց մի փոքրիկ պարկ ձեռքին մեր տուն էր գալիս: Ամեն տարի, առանց բացառության: Իմ Ձմեռ պապիկն անտեսանելի չէր ու ոչ էլ երբևէ առանց ինձ տեսնելու հետ էր գնում: Դուռը թակում էր, վազում էի բացում: Ինչքա՜ն էի ուրախանում, կարծես աշխարհն իմը լիներ… Գրկում էի Ձմեռ պապիկիս, համբուրում, հետո ուրախ-ուրախ վերցնում պարկը, հանում մրգերը, կոնֆետները: Հետո էլի Ձմեռ պապիկիս գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում: Այդ հեքիաթն էլ ավարտվեց, ավարտվեց 2 տարի առաջ: Ձմեռ պապիկս գնաց, գնաց` ինձ մենակ թողնելով… Հիմա էլ նոր տարուն ինձ հյուր չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում ու ինձ կոնֆետներ ու մրգեր չի բերում: Ավարտվեց հեքիաթս, այդ մի լույսս էլ մարեց, մարեց, երբ մարեց Ձմեռ պապիկիս աչքերի լույսը… Հորեղբայրս, իմ Ձմեռ պապիկը, ում ես անսահման շատ եմ սիրում, էլ ինձ հյուր չի գալիս… Երևի երբեք էլ չհամակերպվեմ այն փաստի հետ, որ իմ Ձմեռ պապիկն էլ մեր տան դուռը չի թակի, որ ես էլ երբեք նրա բերած մանդարինները չեմ մաքրի ու իրեն հյուրասիրի, որ նրա բերած կոնֆետների փոխարեն ուրիշները չեմ լցնի պարկի մեջ ու տամ իրեն…

Հեքիաթս ավարտվեց, Ձմեռ պապիկս էլ չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում, էլ ինձ մրգեր ու կոնֆետներ չի բերում… Ավարտվեց հեքիաթս…

Ani asryan

Նամակ զինվորիս

Շատ հաճախ ընկերներս զարմանում են, որ սահմանից վատ լուր լսելիս ասում եմ.

-Մենակ թե զինվորս չլինի:

Մտածում են` խոսքը ծառայող ընկերոջ մասին է: Այո՛, խոսքը ամենահավատարիմ և անդավաճան ընկերոջս մասին է: Լինում է ժամանակ, որ լուռ նստում եմ մայրիկի մոտ և լսում նրա հեռախոսազրույցը սահմանապահի հետ.

-Բալաս, բարև, ո՞նց ես, ինչի՞ կարիք ունես: Տղես, հո կրակոցներ չկա՞ն ձեր մոտ:

-Մա՛մ, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, մի անհանգստացի, լավ եմ, մա՛մ:

Ապերս, պատրաստվում ենք Նոր տարին նշելու, բայց առանց քե՞զ: Առաջին Նոր տարին է, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, որ զրնգուն ծիծաղդ չենք լսելու և կատակներիցդ չեմ նեղանալու: Առաջին տարին է, որ ընկերներիդ հետ ոտքերով չես ներխուժի տուն ասելով. «Սեղան դրեք»: Ակսելս, գիտե՞ս, ես հոգնում էի քո ասած գործերը կատարելուց, բայց կատարում էի: Խոստանում եմ, ապեր, որ գաս` ասածներդ առանց հոգնելու կկատարեմ: Հիշում եմ, որ ամեն տարի ես զարդարում էի սեղանը, իսկ դու անընդհատ գալիս ու խանգարում էիր: Ամբողջ տնով վազվզում էինք, հետո վերադառնում մեր կիսատ թողած գործերին:

Անցած տարի գիշերը ժամը 1-ին դուրս եկանք տնից` ձնագնդի խաղալու և վերադարձանք ժամը 4-ին: Դժվար է պատկերացնել, որ Ամանորին զենքը ձեռքիդ կանգնած կլինես սահմանին: Մամային ասել եմ, որ չլացի: Մենք պետք է ուրախ լինենք, տխրելու պատճառ չունենք, չէ որ դու այդտեղ ես, որ մենք մեզ ապահով և պաշտպանված զգանք: Վաղը քո Ձմեռ պապն էլ կժամանի, ուղղակի ոչ մարդու տեսքով: Մաման մեծ անակնկալ է պատրաստել, սպասիր, այն վաղը կհասնի:

Հպարտ եմ, որ քեզ պես եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ ամեն ինչից և ամենքից գոհ ես: Նրանք, ովքեր պաշտպանում են քո թիկունքը, ակամայից դարձել են հարազատ: Լավ մնա, սահմանապահ ջան, չմոռանաս ձեռնոցներդ դնես: Թող բոլորի աղոթքները ձեզ առաջնորդեն: Հիշիր, որ սիրելիներդ քեզ են սպասում սրտատրոփ: Եղբայրս, շնորհավոր քո և բոլոր տղաների Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Երկու տարի առաջ ինձ ուղեկցում էիր դպրոց: Սպասում եմ, արի՛, արդեն ժամանակն է եկել համալսարան ուղեկցելու: Սպասում եմ… Սպասում եմ…

Ահա և մեր տիկնիկայինը

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Ողջույն: Դուք Հրազդանի ոչ այնքան հայտնի Երևանյան 11 փողոցում եք: Այս փողոցի վրա է գտնվում Կոտայքի մարզային գրադարանի շենքը: Այստեղ՝ մի հարկի տակ, ապրում են տիկնիկային թատրոնն ու գրադարանը: Կուլիսների հետևում գրադարանավարներն են: Նրանք զրուցում են իրենց տիկնիկի հետ, զարդարում նրան, հարդարում մազերը: Քիչ հետո կսկսվի ներկայացումը:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

-Երեխաների համար բովանդակալից ժամանց կազմակերպելու և գրքի հանդեպ հետաքրքրություն շարժելու նպատակով որոշեցինք տիկնիկային թատրոն հիմնել գրադարանում: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆինանսավորման շնորհիվ իրականություն դարձավ մեր այս նախաձեռնությունը՝ բավականին յուրօրինակ, նույնիսկ անսպասելի գրադարանի համար,-պատմում է գրադարանի տնօրենը:

Սկսվում է ներկայացումը, առաջին տիկնիկի հայտնվելու հետ երեխաների դեմքին հիացմունք ու ժպիտ է առաջանում, ու չնայած որ ես պատանի լրագրողի դատող հայացքով եմ հետևում այս ամենին, նույնպես անկախ ինձնից ժպտում եմ: Բեմադրվում է բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը» պիեսը: Հեքիաթային երաժշտությունն ու գույները կախարդում են…

Ներկայացումն ավարտվում է… Ժպիտներ, ժպիտներ… Ահա և օրվա հերոսները (գրադարանավարները, ովքեր այս րոպեների ընթացքում դերասաններ էին): Նրանք խոստովանում են, որ հուզմունքին չափ չկար, ուղղակի բեմադրությունից առաջ ընդունած սրտի հաբերին հաջողվեց ծածկել այն:

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

-Ներկայացումն արդեն հասցրել են դիտել ոչ միայն Հրազդանից, այլև մարզի տարբեր համայնքներից հյուր եկած փոքրիկները: Առաջիկայում ծրագրել ենք անդրադառնալ նաև հայ գրողների ստեղծագործություններին,- ասում է գրադարանի տնօրենը:

Կոտայքցիներ, կապույտ թռչունը ձեզ է սպասում…

Ani Ghulinyan

Կյանքը հիասքանչ է

Պատերազմների մասին երբեք չենք կարող պատկերացում կազմել դրանց մասին ֆիլմեր դիտելով, կամ պատմություններ լսելով: Թերևս միայն կարդալով, որովհետև կարդալիս ամեն մարդ յուրովի է իր մտքում պատկերացնում այն գուցե ավելի լավ, քան կարող է պատկերացնել որևէ ռեժիսոր: Մինչև վերջերս մտածում էի, որ Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող լավագույն գիրքը «Աննա Ֆրանկի օրագիրն»է, որովհետև այն հիմնված է իրական փաստերի վրա, ու չունի հեղինակ, հեղինակը հենց ինքը` տասներկուամյա Աննա Ֆրանկն է: Շատ լավ գիրք է, անպայման ազատ ժամանակ ընթերցեք: Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, այլ նույն պատերազմի մասին պատմող մեկ այլ, Ռեմարկի` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքի: Այն պատմություն է պատերազմի վերաբերյալ, բայց եթե խորը մտածենք, դրա հետ այդքան էլ կապ չունի: Պատմություն է մի մարդու մասին, որին Աստված սիրում էր, բախտն էլ երես չէր թեքում: Բայց երբ գեթ մեկ վայրկյանով ճակատգիրը նրան հանձնեց կյանքոմ լուրջ որոշում կայացնելու իրավունքը, նա սխալվեց ու … Լավ, էլ չբացեմ փակագծերը, գուցե մեկը որոշի կարդալ: Գրքի առաջին էջերը կարդալուց հետո հօդս կցնդեն պատերազմի մասին ձեր բոլոր իմացած բաները: Ըստ իմ ընկալման, պատերազմը բթացնում է մարդու բոլոր զգացմունքները` իրավունք չտալով նրան ոչ կարգին տխրել, ոչ էլ լիարժեք երջանիկ լինել, այն մարդկանց պահում է մի անորոշ վիճակում` կյանքի ու մահվան արանքում: Բայց մեր հերոսը կարողանում էր պատերազմի թոհուբոհի մեջ կախվել երջանկության փոքրիկ, հազիվ երևացող թելից ու մի երկու շաբաթում հասցնում է սիրել, սիրվել, ամուսնանալ: Ախր, շատ բան կա գրելու ֆյուրերի, սիրո, հրեաների, ռազմաճակատի մասին, բայց վախենամ, հետագայում գիրքը կարդացողները ինձ չներեն այդպիսի բացահայտումներ անելու համար:
Մեզ եղած-չեղածը երկու շաբաթվա արձակուրդ են տվել (Գրեբերին էլ էին նույնքան տվել): Դե ասենք, մի երեք օր Նոր տարվա նախապատրաստական աշխատանքներին, չորս օր էլ հյուրեր կգան-կգնան, վերջում ահագին ժամանակ է մնում: Կարելի է Ամանորից հետո, չորացած թխվածքները ու փչացող աղցանները ուտելուն զուգահեռ այս գիրքը կարդալ: Հաստատ կհասցնեք, դեռ առաջին էջը չթերթած, վերջին կհասնեք:

Հ.Գ. Համացանցից կամ ծանոթների, մեկ-մեկ հետաքրքիր մեջբերումներ եք լսում ու չեք էլ մտածում, որ այն հենց այս գրքից է: Օրինակ` «Խիղճը սովորաբար տանջում է նրանց, ովքեր անմեղ են», «Ատելությունը անզգույշ է դարձնում մարդուն», «Զգուշությունն ավելի լավ է, քան ուշացած զղջումը», և այլն:

Բարև, 17-ից 2017-ին

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մենք` Հայաստանի տարբեր մարզերում ապրող հարյուրավոր թղթակիցներս և 17.am-ի անձնակազմը, շնորհավորում ենք մեր բոլոր ընթերցողների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք խաղախ, լուսավոր, հետաքրքիր ու հավես տարի: Բարև, 17-ից 2017-ին:

Ani Harutyunyan

Ու սեր բեր…

Բարև, Ձմե՛ռ պապ։ Կրկին ես եմ՝ Անին։ Արդեն մի քանի տարի է՝ քեզ չեմ գրել։ Մեր մեջ ասած` բոլորը մտածում են, թե արդեն չեմ հավատում քեզ։ Բայց ես միշտ էլ թաքուն հույսեր եմ կապել քեզ հետ, ու հիմա կրկին գործս հասել է քեզ։

Ուզում եմ ինձ նվեր բերես բոլոր այն խոսքերը, որոնք ինձ համար էին, բայց այդպես էլ չասվեցին։

Մի քիչ բեր քաջությունից այն զինվորի, ով մինչև վերջ չհանձնվեց։ Ու այդ քաջ տղայի՝ հերոս ծնող մոր համբերությունից բեր։

Մնացողի կամքի ուժից բեր։ Հեռացողի աչքերի կարոտից բեր, որ զգամ ու մնամ։

Դյումայի արկածներից, մի քիչ Տերյանի ռոմանտիզմից ու Սարյանի վառ գույներից բեր։ Ինիեստայի բարությունից ու Չավիի հրաշագործ տաղանդից էլ բեր։ Աբիդալի կամքի ուժից նույնպես չմոռանաս…

Ու սեր բեր… Ձմե՛ռ պապ, սեր բեր ու տար աշխարհի բոլոր ազգերին, որ խաղաղություն իջնի մեր երկրի վրա…

Նոր տարի, նոր էջ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ո~ւխ, վերջացնում ենք:

-Արի գնանք տուն, կիսամյակները արդեն փակել են:

-Երեխե~ք, միջոցառում է լինելու:

Այսպիսի արտահայտություններ լսեցի, երբ ուրբաթ օրը մտա դպրոց: Բոլորը շատ ուրախ էին ու խառնված: Երեխաները ամանորյա փայլեր, շղթաներ, խաղալիքներ ձեռքներին այս ու այն կողմ էին վազվզում: Դե իհարկե, պատրաստվում էին ամանորյա միջոցառման: Ամեն տարի մինչև արձակուրդների սկսվելը դպրոցում ամանորյա միջոցառում է կազմակերպվում: Բայց մինչև ամանորյա միջոցառումը կատարվում է տոնածառ դնելու արարողությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն է տիրում դպրոցի միջանցքում, երբ երեխաները տեսնում են զարդարված եղևնին: Նրանք շրջան են կազմում տոնածառի շուրջը և սկսում երգել.

-Ալո՜, Ձմեռ Պապի՜կ, քեզ սպասում ենք անհամբե՜ր…

Շա՜տ եմ ոգևորվում, երբ տեսնում եմ նրանց՝ տոնածառի մոտ երգելիս: Ես էլ եմ ուզում գնալ միանալ նրանց. երգել ու սպասել Ձմեռ պապին: Նրանք այնքան լավ տրամադրություն են հաղորդում մեծերին, որ մի պահ մեծերն էլ են մանկանում և սկսում հավատալ ամանորյա հրաշքներին:

Ուրբաթ օրն էր և ամեն տարվա նման՝ մեր հեքիաթային ամանորյա միջոցառումն էր: Բոլորը երգում էին ու պարում.

-Նոր տարի, Նոր տարի, քեզ սպասում ենք շուտ արի…

Թեև ուրախ տրամադրություն ունեի, բայց ինձ կրկին այցելել էին իմ մտքերը: Սովորաբար հաճախ են դրանք այցելում ինձ: Հիշեցի, որ ես արդեն մեծ եմ, մյուս տարի կավարտեմ դպրոցը ու ամեն տարվա պես չեմ կարող իմ հին ու հարազատ դպրոցի հետ նշել Ամանորը: Զգացի, որ ամեն տարին ավարտվելու հետ սկսում եմ ավելի շատ գնահատել ու արժևորել դպրոցս, ընկերներիս, գյուղս: Ու անգամ դեռ այստեղ լինելով՝ կարոտել:

Միջոցառման օրը նայում էի բոլոր ուսուցիչներին, նրանց ժպտացող դեմքերին: Նրանց դեմքերին երևում էր տարիների հոգնատանջ աշխատանքը, որը սքողված էր ժպիտով: Իսկ այդ ժպիտը նրանց պարգևում էին հենց իրենց աշակերտները: Ինչքա՜ն մեծ հպարտությամբ էր տնօրենը խոսում աշակերտների մասին: Դա իրոք մեծ երջանկություն է: Երջանկություն է այն, որ ուսուցիչները իրենց կատարած աշխատանքնի արդյունքը տեսնում են ու մտածում, որ իզուր չէ այն ամբողջ եռանդը, որը ներդնում են իրենց նվիրական գործում: Մեծ երջանկություն է, երբ աշակերտները հասկանում են, որ արդարացրել են թե՛ իրենց ծնողների, և թե՛ ուսուցիչների սպասելիքները: Ինչքա՜ն եմ կարոտելու ուսուցիչներիս հայացքները՝ բարի, խիստ, ուրախ և տխուր:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամանորի գալուստը մեզ հուշում է, որ մի տարով էլ մեծացանք ու սկսում ենք մտածել այս տարիների մեր արածների ու չարածների մասին: Սկսում ենք հասկանալ կյանքը և գիտակցել բոլոր այն դժվարությունները, որոնք շուտով շրջապատելու են մեզ:

Նոր տարին իր հետ կյանքի մի նոր էջ է բերում, մաքուր էջ, որի վրա պետք է գրենք գեղեցիկ ձեռագրով ու առանց ջնջումների:

Նոր տարվա գալու հետ ոչ միայն մենք ենք մեծանում, այլև մեր հայրենիքը և նրա պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորս հավատում ենք և աղոթում հայրենիքի համար, աղոթում, որ այս էջը գրվի պայծառ ու գունավոր տառերով: