Ինչքան էլ հոգնած, ձանձրացած ու մռայլ տրամադրությամբ լինեմ՝ երազանքներիս մասին մտածելիս պայծառանում եմ, լցվում խանդավառությամբ ու ավելին անելու ցանկությամբ։ Երազանքներ ունենալը առաջ մղող ուժ է, ապրելու պատճառ, սակայն երազանքներն իրականացնելու համար պետք է գնալ դրանց հետևից, հավատալ, չընկճվել դժվարություններից ու միայն նայել առաջ։ Հանճարեղ մարդկանցից շատերը հենց երազանքի հետևից գնալով են դարձել այն, ինչ կան՝ այդպիսով օրինակ ծառայելով երազանքներին հավատացողներին։ Ուոլթ Դիսնեյը ասել է. «Եթե դու կարող ես երազել ինչ-որ բանի մասին, ապա կարող ես այն իրականություն դարձնել»։ Սրանք զուտ խոսքեր չեն, սրանք ապրելու ուժ են տալիս, ճախրելու թևեր, ու այդ թևերով ճախրում ես դեպի երբեմն այնքան հեռու թվացող երազանքդ։
Իմ երազանքները շատ են։ Դրանք բոլորն ապրում են իմ հոգու տիեզերքում ու այդ տիեզերքի առանձին գալակտիկաներ են կազմում։ Այդ տիեզերքի Արևը իմ հոգին ու սիրտը ջերմացնում է ու վայրկենական կարողանում է փոխել տրամադրությունս, իսկ երբեմն էլ էությունս։ Ինձ թվում է այդ հոգու Արևը կա յուրաքանչյուրիս մեջ, չէ ո՞ր երբ խոսում ենք երազանքներից, մի տեսակ ջերմանում ենք, անկախ մեզնից ժպտում ու աշխարհին նայում ուրիշ՝ ավելի բարի աչքերով։
Ես չեմ սիրում շատ խոսել երազանքներիս մասին,նրանք իմ ներսում են ապրում ու թվում է՝ բերանս բացեմ ու փորձեմ խոսել նրանց մասին, նրանք խատուտիկի թևերի պես կսավառնեն օդում, չէ՞ որ խատուտիկի թևերին փչելիս էլ մենք երազում ենք ինչ-որ բանի մասին։
Բոլորս էլ երազանքներ ունենք, բոլորս էլ երազում ու մեր հոգու խորքում հավատում ենք դրանց իրականացմանը։ Ես լիովին համաձայն եմ Ջոն Լենոնի հետ։ Նա ասում էր «You may say I’m a dreamer but I’m not the only one» (Դուք կարող եք ասել` ես երազող եմ, բայց ես միակը չեմ)։
Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:



































Աշնանային տաք ու պայծառ երեկո էր: Արևի շողիկները բաց պատուհանից լցվում էին սենյակս, խաղում մազերիս հետ, ձեռքիցս փախցնում գրիչը: Հեռու, հեռու գնացեք, այ չարաճճիներ, այսօր ես զբաղված եմ, չեմ կարող ձեզ հետ խաղալ: Մտածում եմ` պետք է անպայման գրել խաղաղության մասին: Լավ, լավ, մի րոպեով կմոտենամ պատուհանին, կնայեմ Մասիսի ճերմակ գագաթին, կհիանամ Հրազդանի կիրճի աշնանային գույներով: Վերջ, էլ ինձ չխանգարեք: Ես գրում եմ: