tereza davtyan portret

Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցին

Հարցազրույց Ծաղկունք գյուղի հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի հետ:

-Տեր Նշան, ինչպե՞ս որոշեցիք դառնալ քահանա:

-1997թ.-ից մասնակցում էի Սուրբ Պատարագի Հռիփսիմե եկեղեցում, սկզբնական շրջանում պարզապես դա ցանկություն էր, որը կամաց-կամաց վերածվեց ճեմարան ընդունվելու ցանկության:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք ճեմարանում սովորելու տարիներից:

-Ճեմարանի ամեն օրը հետաքրքիր դեպքով է անցել: Բայց մի շատ հետաքրքիր դեպք կա (ծիծաղելով): Մի անգամ ճեմարանի երգչախմբով գնացինք Սբ. Գեղարդավանք` Պատարագը ձայնագրելու, և մեզ հետ հսկայական ուտելու պաշար էինք տարել: Ստացվեց այնպես, որ ստուդիայի աշխատակիցները ուշացան, մեր սովին զուգահեռ: Բացեցինք ավտոբուսի դռները և սկսեցինք ուտելիքը բաժանել: Ու գիտե՞ս ինչ եղավ, մարդիկ՝ անցորդները և զբոսաշրջիկները, մոտենում էին և հարցնում, թե ինչ արժե այս կամ այն ուտելիքը, և գումարի դիմաց առաջարկում վերցնել:

Լուսանկարը` Թերեզա Դավթյանի

Լուսանկարը` Թերեզա Դավթյանի

-Դուք ամուսնացա՞ծ եք, կպատմե՞ք, թե ինչպես գտաք Ձեր կնոջը:

-Սովորում էի երրորդ լսարանում, երբ վերսկսեցի մտերմությունը դասընկերուհուս հետ, ով ի վերջո դաձավ իմ կինը:

-Հոգևորականների ո՞ր դասին չի կարելի ամուսնանալ:

- Մեր եկեղեցում չեն ամուսնանում միայն կուսակրոնություն ընդունած հոգևորականները: Դրանք են ՝ աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարք և կաթողիկոս:

-Ինչպե՞ս եք համատեղում գործն ու ընտանիքը:

- Աստծու կամքով, երկուսն էլ սիրով և նվիրվածությամբ:

-Իսկ Ձեր ընտանիքը նո՞ւյնպես գյուղում է ապրում:

-Բնակվում եմ և՛ Սևան քաղաքում, որովհետև ծառայում եմ Սևանի տարածաշրջանում, և՛ նաև գյուղում:

-Ինչպե՞ս հարմարվեցիք գյուղական կյանքին: 

- Սովորականի պես, հոգևոր ծառայության բերումով:

-Իսկ եկեղեցին ե՞րբ է կառուցվել, ո՞ւմ կողմից:

-Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանագետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից 2006թ. հոկտեմբերի 7-ին օծվել է Սբ. Սարգիս եկեղեցին: Բարեգործն է Աղաջանյան ընտանիքը՝ ծնունդով Ծաղկունք համայնքից:

-Այժմ ի՞նչ միջոցներով է գործում:

-Համայնքապետարանի և բարերարի անձնական միջոցներով:

-Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք մեր գյուղի մասին, ինչպե՞ս հարմարվեցիք:

-Գյուղը իր ավանդույթներով և պատմություններով, սոցիալ-տնտեսական վիճակով չի տարբերվում հանրապետության մյուս գյուղական համայնքներից, և ես որպես հոգևորական պետք է ընդունեի ինձ բաժին հասած հոգևոր ծառայության վայրը:

Գյուղին հարմարվեցի գրեթե առաջին պահից սկսած: Դե ուրիշ ճար չունեի (ծիծաղելով), որովհետև տարածաշրջանի միակ գործող եկեղեցին՝ Սբ. Սարգիսը, գտնվում էր Ծաղկունք գյուղում:

-Մինչ ձեր գալը, ինչպիսի՞ն էր ժողովրդի հոգևոր վիճակը:

-Շատ ու շատ եկեղեցական և հոգևոր արարողություններից ոչ քաջատեղյակ: Հիմա փառք Աստծո, իմացությունն ու գիտակցությունը լավ հողի վրա է:

-Նոր սերունդը մեծերի համեմատ ավելի՞ աստվածավախ է, թե՞ ընդհակառակը:

-Այս հարցում տարբերություն չկա, աստվածավախությունը կա մարդկանց մեջ:

Hasmik Miqayelyan

Աշնանային արձակուրդներ

Այսօր մեզ հայտարարեցին, որ մեկ շաբաթ տանն ենք: Մեր դպրոցում տոն է, աշակերտները ուրախ են, քանի որ մեկ շաբաթ չեն գնալու դասի: Ես նույնպես շատ ուրախ եմ:

Բայց ոչ մի արձակուրդ առանց հանձնարարությունների չի անցնում: Ինչպես ընդունված է, արձակուրդներին տալիս են ավելի շատ դաս, քան երբ գնում ենք դասի:

Բարեբախտաբար, մեր դպրոցում այդ կանոնը չի գործում, մեր ուսուցիչներն ամենալավն են:

Երեկ խոսում էի հորեղբորս աղջկա հետ, նա ասաց, որ իրենց այնքան դաս են տվել, որ ամբողջ օրը գրքերի մեջ է: Եվ դա ինձ ասում էր չորրորդ դասարանի աշակերտուհին:

Երբ իմ հանրահաշվի ուսուցչուհուն հարցնում ենք, թե ինչ է տալիս արձակուրդներին տանը անելու, նա ասում է, որ արձակուրդները տրված են հանգստանալու համար, իսկ եթե ուզում ենք առաջադրանքներ անել, դա մեր կամքն է:

Անցած տարի աշնանային արձակուրտներին ես և քույրս դուրս էիք գալիս այգի զբոսնելու: Բայց այս տարի չենք կարող զբոսնել այգում, քանի-որ այստեղ ձյուն է եկել, և դրսում շատ ցուրտ է:

Անցած տարիներին մեր գյուղում աշնանային արձակուրդները ընկալվում էին որպես կարտոֆիլի բերքը հավաքելու համար նախատեսված մեկ շաբաթ: Այս տարի այն ուղղակի աշնանային արձակուրդ է: Ամբողջ բերքը հավաքվել է, և անելու ոչինչ չկա:

Չգիտեմ ինչպես են մտածում մյուսները, բայց ինձ համար աշնանային արձակուրդները ուղղակի հանգստյան օրեր են: Եվ ես իմ հանգստյան օրերի մեծ մասը կանցկացնեմ իմ դաշնամուր նվագելով:

Այսօրվանից արձակուրդներ են` այս խոսքերից բոլորի սիրտը լցվում է ուրախությամբ:

Aspram Parsadanyan

Նյութս կլայքե՞ք

Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ամեն ինչ մեքենայացված է: Նախորդ դարերում մարդկային կապը ապահովում էին աղավնինները, որոնք նամակներն էին փոխանցում հասցեատիրոջը, և բանբերները, որոնք լուրերը մի քաղաքից մյուսն էին տանում: Դրանց փոխարինելու եկան խելացի սարքավորումները՝ հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը, որոնք միաժամանակ և՛ խանգարում, և՛ օգնում են մարդկանց: Կարելի է ասել, թե ներկայումս մարդ էակը անկարող է ապրել առանց այդ սարքավորումների և իհարկե, դրանք գործի գցող ինտերնետի:

Արթնանում եմ հեռախոսիս զարթուցիչի ձայնից: Ի տարբերություն մեր նախահայրերի՝ ես իմ զարթուցիչի տհաճ ձայնից կարող եմ ազատվել ընդամենը մի կոճակի սեղմումով. վստահ եմ, որ աքաղաղի դեպքում դա բավականին դժվար կլիներ:
Օրս սկսում եմ հաղորդագրություններս ստուգելով: Նախ WhatsApp, ապա Gmail: Չեմ տառապում այն փաստից, որ գրանցված չեմ սոցցանցերում, բայց ընկերներիս հետ շփվելու, և նոր ընկերներ ձեռք բերելու համար օգնության է հասնում մայրիկիս ֆեյսբուքյան էջը: Չնայած ես այնտեղ էլ շատ անելիք չեմ ունենում. միայն ստուգում եմ ինձ ուղղված հաղորդագրությունները, մտնում եմ Ժուռնալիստիկա խումբ և հետևում կուրսընկերներիս հրապարակումներին:
Հերթական անգամ ներխուժեցի ֆեյսբուք:
-Օ՜յ, ունեի չորս նամակ. զարմանալի էր, միշտ ավելի քիչ հաղորդագրություններ են լինում: Ուրախությունս կարճ տևեց. երեքի մեջ խնդրում էին մեծացնել նկարը և լայքել: Ճիշտն ասած, չեմ սիրում այն մարդկանց, ովքեր, կոպիտ ասած, լայք են «մուրում» կամ ապրում են լայքերով:
Մինչ զայրացած ջնջում էի այդ նամակները, ինձ զանգահարեց ընկերուհիս: Խոսակցությունը հետևյալն էր.
-Բարի լույս:
-Բարև, ի՞նչ կա, առավոտ շուտ ինչի՞ ես զանգել:
-Մի բան եմ ուզում ասել, բայց չնեղանաս:
-Ասա, չեմ նեղանա (իրականում ես այդքան էլ նեղացկոտ չեմ):
-Կլինի՞ իմ ու քո էն նկարը ջնջեմ ֆբ-ից:
-Ի՞նչ նկար:
-Դե էն, որ անտառում նկարվել էինք:
-Ինչի՞ ես ջնջում, շատ էլ լավ նկար ա:
-Ա՜խր, քիչ լայք ունի, է՜:
-Այ քեզ բա՜ն: Դու լայքի՞ համար ես նկարվում:
-Բա դու ինչի՞ համար ես նկարվում:
-Լավ հիշողությունների: Կարճ ասած, ինչ ուզում ես` արա:
-Նեղանո՞ւմ ես:
-Չէ, ուղղակի զզվում եմ, որ լայքի համար կռիվ ես անում:
Ես անջատեցի հեռախոսը և սկսեցի նորություններ կարդալ: Բոլորն ունեին նմանատիպ բնույթ ու վերնագրեր. «Լայք, եթե սիրում ես քո մայրիկին», «Իրական շոկ՝ ի՞նչ գտավ տղան իր մահճակալի տակից»:
-Երևի կորած գուլպան,- քթիս տակ ասացի ես: Չեմ սիրում նաև նմանատիպ «լրագրողական հմտությունները»:
Նորից նամակ. «Լսի, նոր նկար եմ գցել, լայքի՛ ու մեկնաբանի, էլի»:
-Աստված իմ՜, բոլորը ձայնները մեկ են արել: Դուրս գամ վիրտուալ կյանքից, քանի դեռ չեմ գժվել:
Անկեղծ ասած, առհասարակ խուսափում եմ առցանց շփումից: Ավելի հաճելի է նայել մարդու աչքերին ու նոր խոսել, այլ ոչ ստեղներին:

Մարդի՛կ, երբեք մի մոռացե՛ք մարդկային պարզունակ շփման մասին: Ընկերություն մի սկսեք friend տալով և մի խզեք այն «սև ցուցակ» գցելով: Ի վերջո, մի ապրեք հանուն լայքերի:

Հ.Գ. Մոռացա ասեմ, որ խնդրեմ` մի հատ նյութս կլայքե՞ք:

Ani Ghulinyan

Ֆուտբոլը իր ողջ հմայքով

Երբևէ ականատես եղե՞լ եք ֆուտբոլասերների կռիվներին: Ովքեր չեն տեսել, խորհուրդ եմ տալիս ամեն կերպ խուսափել:

Նախ ասեմ, որ ըստ իս և շատերի, ֆուտբոլասերները` ֆաները, բաժանվում են երեք խմբի: Առաջինը նրանք են, որոնց համար լրիվ մեկ է ֆուտբոլը, ուղղակի հիմա «մոդա» է ֆուտբոլ նայել, նավանավանդ, եթե դու աղջիկ ես, դա քեզ համար մեծ «պլյուս» է: Այսպիսիք սովորաբար միայն շատ կարևոր խաղերն են նայում, որ հաջորդ օրը գնան դասի կամ գործի, ու պարծենան, որ կարողացել են հաղթահարել այդքան սպասված քունը, նստել մինչև գիշերվա երկուսը, ֆուտբոլ են նայել:

Երկրորդ խմբի անդամները մի քանի անգամ ավելի վատն են առաջիններից, նրանց անվանում են «գլորներ»: Սրանք այն մարդիկ են, ովքեր կոչված են հակառակորդ թիմի խաղացողներին ու երկրպագուներին ամեն անհնար ու հնարավոր ձևերով վիրավորելու: Նրանք սովորաբար ավելի շատ ատում են իրենց հակառակորդ թիմին, քան սիրում իրենց ակումբին կամ հավաքականին: Բոլոր թիմերի երկրպագուների մեջ էլ այսպիսիք կան. թե մադրիդիստների, թե կուլեների, թե մանկունյացիների…
Եվ վերջապես երրորդ`իմ ամենասիրելի խումբը: Սրանք այն ֆաներն են, որոնք երկրպագում են իրենց թիմին առանց ինչ որ բան մեկին ապացուցելու ձգտման, ուրախանում նրանց հաղթանակներով, անկեղծորեն տխրում պարտություններից:

Մի խումբ էլ կա, նրանք, ովքեր ուղղակի ֆուտբոլ չեն սիրում:
Ֆուտբոլը այսքան գեղեցիկ սպորտ չէր լինի, եթե չունենար երկրպագուների բանակ: Երկրպագուները կարող են թիմին հասցնել հաղթանակի և այնպես անել, որ նա պարտվի, նրանց աջակցությունը շատ կարևոր է:
Ֆուտբոլ չեն խաղում 22 հոգով, խաղի մեջ են նաև նրանք, ովքեր սրտի թրթիռով են սպասում հաղթական գոլին, որոնց սրտի աշխատանքը սկսում է արագանալ, երբ մրցակիցը գնդակով հայտնվում է իրենց տուգանային հրապարակում, նրանք գտնվում են տրիբունաներում ու հեռուստացույցի դիմաց:

Հաճախ, երբ հարցնում են Բարսայի խաղը ոնց ավարտվեց, ասում եմ` հաղթեցինք կամ պարտվեցինք, ծիծաղում են, ասելով` դու չհաղթեցիր, իրենք հաղթեցին, բայց ամեն երկրպագու իրեն թիմի լիարժեք անդամ է զգում: Թիմը ուժեղ է իր երկրպագուներով:
Ֆուտբոլը տհաճ կողմեր էլ ունի` երկրպագուների միջև բախումները: Զինագործները վիրավորում են ազնվականներին, մանկունյանցիները` քաղաքայիններին, կապտանռնագույնները` սերուցքայիններին, և հակառակը (իհարկե, ոչ բոլորը): Ամեն բան ավելի է սրվում կլասիկոներից (Ռեալ Մադրիդ-Բարսելոնա խաղերը) կամ դերբիներից (երբ որևէ քաղաքի երկու թիմեր խաղում են իրար հետ, օրինակ` Մանչսթեր Սիթի-Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի –Արսենալ) առաջ: Մինչ խաղադաշտում ֆուտբոլիստներն ու մարզիչները իրար ձեռք են սեղմում, երկրպագուները «իրար միս են ուտում»:
Անկախ ամեն ինչից, իր դրական ու բացասական կողմերով հանդերձ ֆուտբոլը ինձ ու շատերի համար մնում է ամենագեղեցիկ ու հույզերով լի սպորտը: Այն իր մեջ ամփոփում է ողջ կյանքը`հիասթափություն, հարգանք, սեր, հիացմունք…
Հ.Գ. Շատերը գուցե իմ նյութից ոչինչ չհասկանան, բայց լավ ֆուտբոլասերները կկիսեն իմ կարծիքը:

araqsya azizyan

Գնահատենք ամեն վայրկյան

Դպրոցական ընկերները հավերժ չեն մնա մեր կյանքում: Ուսուցչուհին միշտ չէ, որ մեզ կնստեցնի առաջին նստարանին, իսկ ծնողները գոնե մեկ անգամ կնստեցնեն տնային կալանքի, մեծ վեճերից հետո:

Մենք երբեք չեն կարող կատարել տնային հանձնարարությունները, մեկ շաբաթ առաջ, թեկուզ այն շատ ցանկանանք:

Մենք կգրենք շարադրություն մի գրքի մասին, որը չենք կարդացել, բայց կյանքում կգտնենք մի գիրք, որը կկլանի մեզ։

Մենք միշտ կերազենք աշնան մասին, իսկ աշունը կգա ու արագ կանցնի, տանելով հազարավոր երազանքներ:

Մենք կօգնենք մեկին ոտքի կանգնել, մեծ սխալից հետո: Մենք ինքներս կանենք սխալներ, իսկ հետո կզղջանք սխալի համար, ու կանենք ամեն քայլ` սխալն ուղղելու համար:

Մեր կյանքում կլինի մեկը, ով կքննադատի մեր երաժշտական ճաշակը, իսկ կգա մեկը, ով մեզ հետ հավասար կլսի մեր սիրած երգերը:

Մենք հաստատ լաց կլինենք մեր հարազատին, թանկ մարդուն կորցնելուց: Մեր կյանքում կլինեն մարդիկ, դեմքեր, հայացքներ, կլինեն իրադարձություններ, որոնք կմոռացվեն: Մենք մեզ միայնակ կզգանք, բայց ոչ մեկ անգամ: Մեզ կխաբեն: Կծիծաղեն մեզ վրա, կբղավեն, կդավաճանեն: Մենք կհեռանանք տնից, ցանկանալով մնալ միայնակ, կթափառենք փողոցներով:

Մենք կերազենք հեռանալ մեր երկրից, հեռանալուց հետո կսկսենք կարոտել մեր երկիրը:

Մենք մեկ անգամ չէ, որ կսիրահարվենք, կձանձրանանք, մինչև հասկանանք` որն է իրական սերը:

Մենք ամեն տեղ փորձելու ենք փնտրել մեզ: Բայց մենք երիտասարդ ենք, պետք է գնահատենք ամեն վայրկյանն ու րոպեն, ուրախ լինենք ամեն երջանկության ու տխրության համար, այլ ոչ թէ կատարած սխալից հետո առաջ գնալու փոխարեն հետ գնանք: Գտնենք կյանքի ճիշտ ապրելու բանաձևը։ Անենք ամեն խենթություն` ապրած օրերն ավելի ուրախ դարձնելու համար։

Սիրենք, սիրվենք ու լինենք հարգված։ Ու ամենակարևորը` եկեք ժպտանք։

elada

Հրետանավորների օրը

Հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես հրետանավորի օր: Այդ օրվա կապակցությամբ բոլոր զորամասերում կազմակերպվում են միջոցառումներ՝ այդ թվում նաև Լուսակերտի զորամասում, որտեղից հրավեր էր ստացել մեր Արզականի դպրոցը: Եվ մեր ՆԶՊ-ի ուսուցչի՝ ընկեր Հարությունյանի գլխավորությամբ փոքրաթիվ աշակերտներով գնացինք զորամաս:

Երբ մտանք զորամաս, չորս կողմը զինվորներ էին, ովքեր մաքրություն էին անում իրենց զորամասի տարածքում: Հետո մեզ ուղեկցեցին դեպի շարահրապարակ, որտեղ արդեն շարված զինվորները զորահանդեսին էին սպասում: Մենք առավել անհամբերությամբ էինք ցանկանում տեսնել իրենց զորահանդեսը:

Հետո լսվեց ամբիոնից ՀՀ Զինված ՈՒժերի գեներալ- մայոր՝ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը զինվորներին և սպաներին, որից հետո զինվորների ձայնարկությունը՝ ուռ՜ա… ուռ՜ ա… ուռ՜ա…

Այնուհետև ցուցադրական ելույթ ունեցան հրետանավորները՝ իրենց հմտությունները ցուցադրելով մեզ, մի քանի պայթյուններ հնչեցնելով, ոչ իսկական, հետո փոքր ինչ դադար…

Իրենց ուժերը ցույց տվեցին մեր հատուկ ջոկատայինները: Նրանց դեմքերը ներկված էին, և ոչ-ոքի դեմքը չէի կարող հետագայում հիշել, սակայն դա չէ էականը այլ, որ իրենց ելույթը ուղղակի ապշեցրեց մեզ: Նրանք մի ձեռքով կոտրում էին քարեր, որոնց վրա կրակ էր բոցավառվում…

-Տեսնես` շա՞տ էին պարապել կամ իրենց ձեռքը չէ՞ր ցավում քարերին հարվածելիս…,- աղջկական անմիտ հարցեր:

Եվ այսպես իրենց ելույթի վերջում հատուկ ջոկատայինները հավաքվեցին իրար վրա, բարձրացրեցին մեր եռագույնը, և հնչեցին բարձր ծափեր, որը միգուցե ոգևորում էր իրենց:

Մենք՝ դպրոցականներս, ցրտի պատճառով ցանկանում էինք գնալ տուն և անգամ ասում էինք՝ վերջ, մենք արդեն հիվանդ ենք լինելու և հաջորդ օրը դասի չենք գնալու: Բայց մի րոպե…

Մենք ընդամենը 2 ժամ ենք կանգնել շարահրապարակում և մեր ուզածի պես շարժվում էինք, սակայն դա մեզ բավարար չէր: Մենք տաք թեյի մասին էինք երազում և արդեն մեր նվնվոցը գցել էինք …

Է…՜ Մենք բողոքելու իրավունք չունենք, բա զինվորներն ի՞նչ ասեն… Արդեն 3-4 ժամ կլիներ, շարվել էին շարահրապարակում և քայլերթի ժամանակ միայն շարժվեցին, իսկ մեզնից ոմանք անգամ հաջորդ օրն էինք տզտզում, չգիտակցելով, որ ախր, զինվորները ամեն օր են այդ ցրտին ծառայում:

sofya tadevosyan

Սև ծիածան

Իսկ ինչո՞վ ես զբաղվում դու գիշերը ժամը 4-ին, եթե քնած չես: Վերջերս ես սկսել եմ քիչ քնել: Հնարավոր է՝ դա կապված է եղանակի հետ, կամ էլ՝ զգացմունքների: Ավելի շուտ այդ եղանակն է ազդում զգացմունքներիս վրա: Երբ 12 տարեկան էի, ինձ պատմել են մի առակ, որն ընդմիշտ հետք է թողել իմ սրտի վրա: Միայն մեծանալով ես հասկացա, որ այն ճիշտ էր: Հենց հիմա՝ այս տարիքում եմ ես իսկապես հասկանում, որ դարձել եմ սև ծիածան: Ասում են՝ յուրաքանչյուր մարդ ծնվում է ծիածանի բոլոր գույներով: Փոքր հասակում մենք շողում ենք, ուրախանում և դառնում ավել պայծառ: Երբ մեծանում ենք, մեր ծիածանի գույների վրա սկսում են ազդել մարդիկ, որոնք մեզ շրջապատում են: Մարդկանց հետ կամ քեզ լավ ես զգում և սկսում ես շողալ ավելի պայծառ, կամ էլ նրանք կոտրում են քեզ, և դու սկսում ես հանգչել, մինչև, արդյունքում, դառնում ես մոխիր: Մոխիր, որից այլևս փյունիկ չի վերածնվի: Բայց… Միշտ կա այդ «բայցը»: Չէ՞ որ այդ «բայցի» շնորհիվ ենք մենք փորձում փոխել մեր կյանքը: Եվ հիմա, այսքան տարի հետո, ես հասկացա, որ ես սև ծիածան եմ: Եվ ինչքան էլ որ ծեծված հնչի՝ ես դժվար թե փոխվեմ: Ես սիրում եմ նրանց, ովքեր իմ կողքին են, չնայած այն բոլոր վատ արարքներին, որ գործել եմ իմ կյանքում: Իմ կողքին են միշտ այն մարդիկ, ովքեր փորձում են փոխել ինձ, դարձնել նորմալ: Բայց… Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: 18 տարվա ընթացքում իմ եսը սկսել է ինձ տանջել, դրա պատճառով ես շատերին եմ կորցրել, այնուամենայնիվ: Հիմա բոլորը փորձում են փոխել ինձ: Ես մարել եմ այն իրադարձություններից, որոնք ազդել են իմ վրա: 

Բայց սև ծիածան լինելը հետաքրքիր է, կախված նրանից, թե որ կողմից կնայես: Մենք՝ սև ծիածաններս, աշխատում ենք ապահովել բոլոր նրանց անվտանգությունը, ում սիրում ենք: Մենք պատրաստ ենք ինքներս տանջվել, միայն թե նրանց համար լավ լինի: Մենք միշտ կարող ենք թաքցնել ցավը, որը կրծում է մեզ ներսից, թաքցնել դա ժպիտի տակ: Ես պատրաստ եմ շարունակել լինել սև ծիածան: Եվ չեմ պատրաստվում փոխվել: Վերջին խոսքերը, որ տատիկս ինձ ասաց մահվանից առաջ.

-Թոռնիկս, ես գիտեմ, որ դու թաքցնելու ես ամբողջ ցավը քո մեջ, մինչև այն կսկսի քեզ կրծել ներսից: Դադարիր լինել սև ծիածան և վանել ուրիշ մարդկանց: Չէ՞ որ դու կարող ես կորցնել իսկապես լավ մարդկանց, որոնք քեզ դարձրել են այդքան պայծառ:

Խմբագրության կողմից. Իսկապես դադարիր, կյանքը բազմագույն է, իսկ դու երիտասարդ, մանավանդ, պատրաստ ես հանուն մերձավորների ամեն ինչ անել: Դե ուրեմն, հանուն մերձավորների` փոխվիր:

rita minasyan

Կարոտ

Հայրս աշխատում էր ոստիկանական համակարգում: Մայորի կոչում ուներ, արդեն 17 տարի կլինի, ինչ աշխատում  էր, բայց մի չնչին պատճառով դուրս եկավ աշխատանքից: Համարյա թե մեկ տարի չէր աշխատում: Ու վերջում, ինչպես հայ գործազուրկ տղամարդկանց մեծամասնությունը, բռնեց Ռուսաստանի ուղին՝ հույս ունենալով, որ էնտեղ ավելի լավ աշխատանք կգտնի: Մեր, ինչպես նաև հայրիկիս համար, շատ դժվար էր բաժանումը, թեկուզ մի քանի ամսով: Ամեն օր խոսում ենք skype-ով, բայց միևնույն է, չենք կարողանում  կարոտներս լիարժեք առնել, ընդհակառակը՝ կարոտն ավելի է մեծանում:

Մայրս չի թողնում հաճախ փոքր եղբորս նկարներն ուղարկեմ ՝ ասում է կարոտից կնեղվի ու կարող է` հաջորդ օրն էլ հետ գա տուն: Չնայած էդպես ավելի լավ կլինի  թե՛ մեր, թե՛ իր համար:

Ես շատ կուզեի, որ հայրս աշխատանք գտներ  իր հայրենի հողի վրա, այլ ոչ թե թողներ ընտանիքն ու բռներ օտարության ուղին: Հուսով եմ, որ էդպես էլ կլինի:

artyom avetisyan portret

Զարզանդ պապի արկածները

Երբ տուն վերադարձա, պապս հավաքում էր այգու ծառերի չորացած ճյուղերը:

-Մաքրվել է այգին, որ չորացած ճյուղերը հավաքել ես:

-Կարո՞ղ ես ինձ օգնել;

-Լսի’ր պապի, ուզում եմ ասես, թե ինչո՞ւ են քեզ ասում «Զարզանդ»:

-Դե, որովհետև շատ ավելի պահանջկոտ ու խիստ եմ եղել, քան հիմա: Հիմա դուք ինձ չեք լսում: Չգիտեմ` դա՞րն է փոխվել, թե՞ դուք եք ավելի չարաճճի դարձել:

-Պա՛պ, որ դու այդքան պահանջկոտ ես եղել, տատը ո՞նց է հավանել քեզ:

-Դե, եսիմ, հավանել է, էլի: Խստության հետ մեկտեղ, եղել եմ նաև կատակասեր: Հիշում եմ, որ ընկերոջս՝ Աշոտին, աղջիկ չէին տալիս իր տգեղ լինելու պաճառով: Իսկ նա աղջիկ էր հավանել և ուզում էր ամուսնանալ նրա հետ: Աշոտը ինձ առաջարկեց ներկայանալ իր փոխարեն: Երբ ընկերոջս ծնողները գնացին խնամախոսության, ինձ տարան իրենց հետ: Մինչ ծնողները զրուցում էին, ես աղջկան փախցրեցի և տարա ընկերոջս տուն:

«Ահա ընկերս, սա էլ քո հարսնացուն,  տես ինչ բացատրություն պետք է տաս նրան»: Ես տուն վերադարձա, մայրս զարմացել էր իմ պահվածքի վրա:

-Բա դու ինչպե՞ս ամուսնացար: 

-Ես տատիդ հավանել էի դեռ դպրոցում: Նա բարետես արտաքինով աղջիկ էր, սովորում էր գերազանց: Տատիկդ էլ ինձ էր հավանել, բայց չէր խոստովանում:

-Իսկ ինչպե՞ս իմացար, որ քեզ հավանել է:

-Երբ կանանց տոն էր լինում, նվեր անելիս տատդ չէր մերժում: Իսկ երբ սեր խոստովանեցի, չմերժեց. և մենք թաքուն ամուսնացանք;

-Թաքո՞ւն, ո՞նց, այ պապի, ոչ մեկ չիմացա՞վ:

-Էդ մեկն էլ չեմ ասի, դա իմ ու տատիդ գաղտնիքն է: Դու ինձ խոսեցնում ես, որ չաշխատե՞ս:

-Չէ՛ պապի, ինձ ուղղակի հետաքրքիր է քո անցած ճանապարհը:

-Էհ, իմ անցած ճանապարհը շատ դժվար է եղել: Այսօրվա նման ամեն ինչ այդքան հեշտ չի եղել: Մի կտոր հաց ստեղծելը շատ դժվար էր: Այդ պատճառով սկսեցի զբաղվել ձկնորսությամբ և խոհարարությամբ: Ես և կրտսեր եղբայրս ուռկան սարքեցինք և բոլորից թաքուն գնացինք ձուկ բռնելու: Վերցրեցինք նավակը և մտանք ծով (Սևանա լիճ): Սկսեցինք ձուկ բռնել: Ինչքան շատ էինք բռնում, այնքան ավելի ոգևորված գնում էինք խորքերը: Մի անգամ հենց գնացինք ծով, եղանակը վատացավ: Սկսեց ուժեղ քամի, և ծովն ալեկոծվեց: Մեր անզգուշության պատճառով եղբայրս ջուրն ընկավ: Ես մի կերպ փրկեցի նրան:

-Շա՞տ էիք վախեցել:

-Վախեցել էինք, բայց ոչ այնքան շատ, որ ես նորից չգնայի ծով: Ես արդեն մենակ էի գնում ծով և ավելի շատ ձկներ բռնում:

-Իսկ ի՞նչ էիր անում այդքան շատ ձկները:

-Վաճառում էի, չորացնում էի: Մի անգամ չափից ավելի շատ էի բռնել, և ոստիկանները տեսան:

-Բա քեզ ի՞նչ արեցին, պա՛պի:

-Ձերբակալեցին: Ինձ պատժամիջոց նշանակեցին. մեկ տարի տնային կալանք:

-Բա այդ ժամանակ ի՞նչ էիր աշխատում:

-Սկսեցի խոհարարությամբ զբաղվել:

-Ինչ դժվար է եղել քո կյանքը, պա՛պ:

-Հիշելը նույնպես դժվար է: Մի բաժակ ջուր բեր, շատ խոսեցի, կոկորդս չորացավ:

-Ա՛ռ պապի, ծովից եմ բերել, բայց մեջը ձուկ չկա:

-Դուռա՛կ, արդեն ձեռք ե՞ս առնում:

-Չէ պա՛պի, ուղղակի կատակեցի:

-Գնանք տուն, արդեն ցուրտ է, ճյուղերն էլ վերցրու, որ վառարանը վառենք:

Զարզանդ պապի ասածն ինձ համար օրենք է…

anush

«Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց»

Հարցազրույց հորս` Հայկ Աբրահամյանի հետ:

-Հայրիկ, որտե՞ղ ես ծնվել:

-Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, ջուլհակի ընտանիքում, հայրս նաև հողացործ էր: Ընտանիքում չորրորդ երեխան էի, սպասված երեխա էի, չնայած մայրս աղջիկ էր ուզում: Աղջկա անունը պետք է Հայկուհի դնեին, բայց որ տղա ծնվեցի, դրեցին Հայկ:

-Քո մանկությունից որևէ հետաքրքիր դեպք կարո՞ղ ես հիշել:

-Աղջիկս, թեև երբեմն կիսակուշտ էինք պառկում քնելու, հատկապես ձմռանը` կիսասառած վառարանի կողքին, միևնույնն է, կյանքը ջերմ էր:

Տատիկիս եմ հիշում, շատ անվախ կին էր, ու աչքի էր ընկնում աշխատասիրությամբ: Մի անգամ, հինգ կամ վեց տարեկանում, ինձ իր հետ տարավ հողամաս, որ ինքը կարտոֆիլը ջրի, իսկ ես մնամ իր կողքին: Հանկարծ նկատեցի, որ տատս վերցրեց բահն ու վազեց: Վեր թռա տեղիցս, որ տեսնեմ, թե ինչ է պատահել: Գայլ էր, փախչում էր, իսկ տատիկս հետևից բահով վազում էր: Տասը րոպե հետո վերադարձավ և բողոքեց, որ գայլին չի կարողացել բռնել:

-Ինչպիսի՞ն էիր դու դպրոցական տարիքում:

-Աշխույժ երեխա էի, լավ էի սովորում, հատկապես` ֆիզիկան: Նկարում էի, երբեմն փոքրիկ զարդեր քանդակում: Մի անաստված ուսուցիչ ունեինք, հենց մտնում էր դասարան, իր խռպոտ ձայնով գոռում էր` չշնչել: Մի օր իր հերթական «չշնչել»-ը գոռալուց հետո մոտեցավ ընկերոջս, ասաց.

-Այ տղա, շնչո՞ւմ ես:

Այս խեղճն էլ վախից, թե` չէ:

-Շան լակոտ, դու հիմի չե՞ս շնչում:

Այդ խիստ ու տարօրինակ ուսուցիչը ինձ շատ էր սիրում, դե, ես էլ երբեմն օգտվում էի դրանից:

-Իսկ որտե՞ղ ես ծառայել: 

-Ծառայել եմ հեռավոր Խաբարովսկում: Աշխարհի այդ ծայրում հազվադեպ էի նամակ ստանում ծնողներիցս:

-Իսկ որևէ արհեստի տիրապետո՞ւմ էիր մինչև բանակ գնալը: 

-Այո, հորեղբայրս սովորեցրել էր ինձ ուռկան գործել, սակայն մյուս եղբայրս` Արմենը, ավելի լավ էր գործում և արագ, նա հիանալի ձկնորս է:

-Քո ծառայությունը դեռ չէր ավարտվել, երբ մահացավ քո հայրը: Դրա մասին ե՞րբ իմացար:

-Ավարտեցի ծառայությունս ու ուղևորվեցի Հայաստան: Սիրտս կարոտ էր հողին, բացի այդ ուզում էի գրկել ծնողներիս ու եղբայրներիս, ովքեր միշտ ինձ հասած նամակների տակ նկարում էին: Ինձ դիմավորեցին հորեղբայրս ու քեռիս: Հայրս չկար: Հարցրի, չպատասխանեցին: Գյուղ հասնելուն պես ասացին, որ հայրս կաթվածից մահացել է, և ես հասկացա, որ առանց հորս դժվար կլինի բարակ ճյուղերով հաղթել քամուն:

-Պապ, իսկ ինչպե՞ս գոյատևեցիք «քաղցի» տարիներին:

-Դժվար էր: Ձմռանը անտառապահից թաքուն փայտ էինք բերում անտառից, ժամերով կանգնում էինք հացի հերթի ու «հո» անելով սպասում, թե այդ հազարավոր մարդկանցից հետո երբ կհասնի մեր հերթը: Իսկ հիմա արդեն տեսնում ես, ծառը արմատներ է ձգել:

-Հայրիկ, ի՞նչ կմաղթես մեզ` նոր սերնդին:

-Միշտ հավատացեք, որ ձմռանը կհաջորդի գարունը, գիշերվան` ցերեկը: Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց, որ ոչ մեկը չմնա ստվերում: Եվ վերջապես, որքան կարող եք` ամուր գրկեք ձեր ծնողներին:

-Հայրիկ, դու արտասվում ես:

Պատասխան չկա: