Gayane Avagyan

Լռության ու մտքի ձայնը չհասկանալը աշխարհի ամենալավ պարգևն է …

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչ էինք անելու, եթե չլիներ արևը: Լավ, երևի նման տարօրինակ մտքեր միայն ես եմ ունենում: Մտածում եմ, մտածում ու հասկանում, որ եթե արևը չլիներ, մենք էլ չէինք լինի: Հլը ասեք` ԱՐԵՎ… Միանգամից տաքություն ու ջերմություն եք զգում: Զգում ու հասկանում, թե իրականում ինչքան թանկ է մեզ համար: Կարող եմ ժամերով նստել ու նման բաների մասին մտածել, հետո մտքերս իմի բերել ու ասել, որ ես կամաց-կամաց գժվում եմ: 

Ես սկսում եմ մտածել այն ժամանակ, երբ շրջապատիս մարդիկ սկսում են անկապ խոսել ու ես էլ հոգնում եմ լսելուց: Ոչ միշտ է հաճելի լսողի կարգավիճակը: Ու այդ ժամանակ մտքերը պարուրում են ինձ, ու ես սկսում եմ ճախրել իմ մտքերում: Բայց դե լավ է, որ մտքեր կարդալ չի ստացվում, ու ինձ միայն ես եմ լսում: Թե չէ վաղուց արդեն իմ հետ շփվողների թիվը կնվազեր, կամ էլ ով գիտե, կարող է նաև ավելանար:

Ասում եմ` կարող է արևն էլ իր համար ընտրած արևիկներ ունի` մարդիկ, ում իր շողերից է նվիրում: Հնարավոր է, թե չէ` էլ ինչպես պիտի նման արևավառ մարդիկ լինեին մեր շրջապատում:

Ասեք, որ ձեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնց նայելով ու ձայնը լսելով հասկանում ես, որ երկնքի արևից նրանք իրենց չափաբաժինն ունեն: Ու հենց նրանք են այն մարդիկ, ովքեր լույսով են լցնում մեր կյանքը:

Շնորհակալ լինենք արևին, որ իր շողերից նվիրել է մի քանիսին, ու բախտավոր են այն մարդիկ, ովքեր իրենց կողքը նման արևավառ մարդիկ ունեն: Երջանիկ են նրանք, ովքեր փոքրիկ արևիկներ ունեն:

Արև… Ապրես, մի քիչ էլ շողիցդ շաղ տուր, ուզողներ շատ կան…

sargis yenoqyan

Մի պատառիկ տատիկիս հետ զրույցից

-Տատ, ե՞րբ է եղել քո հարսանիքը:

-Իմ հարսանիքը տեղի է ունեցել 1950թ. հունվարի 24-ին: Ես հարևան գյուղում էի, իսկ ապագա ամուսինս` Լիճքում: Այդ օրը շատ անտանելի բուք բռնեց: Այդ ժամանակ տրանսպորտ չկար, կեսը ոտքով եկան, մյուսները` ձիով: Էն ժամանակ մեր մոտերքը փեսացուն հարսի հետևից գյուղից գյուղ չէր գնում: Հարսը պետք է գնար փեսի տուն, պիտի տանեին:

Ինձ նստեցրին սահնակի վրա և մի քանի մարդկանց հետ ինձ դաշտով բերեցին: Եկանք հասանք ճանապարհի կեսը, ու բուքն ուժեղացավ: Սահնակը շրջվեց, ու ես վրայից ընկա, մյուսներն էլ` հետս:

Շատ մրսեցի ու հետագայում հիվանդացա: Հետո ինձ բարձրացրին դրեցին սահնակը, ու մի կերպ եկա հասա Լիճք: Այստեղ ինձ դիմավորեց ամուսինս, ու լավ հարսանիք արեցինք:

Էսքանը:

sona abunts

Գաղտնալսում կատվի ձագ ուտողին

-Տե’ս` ինչ եմ ասում, գորիսեցիք «կլյաուզնիկ» են: Դու չէ, բայց մարդդ` հա, իրան էլ եմ ասել, էնպես որ, թաքցնելու բան չունեմ:
-Ո՞վ ա տենց բան ասել, չկա նման բան: Մարդ հպարտանում ա, երբ գորիսեցի ա լինում:
-Է~, տենց ա էլի, ամեն մեկին մի անուն են տալիս: Օրինակ մեր յանի (Ախալքալաքի) ժողովրդին ասում են «կատվի ձագ ուտողներ»:
-Ո՞նց թե:
-Հա, էդպես: Ուրեմն պատմում եմ, լսիր:
Դե էս առաջվա հարսները սուսիկ-փուսիկ են էղել, բան չեն խոսացել, մեծերին չեն պատասխանել: Մի օր էս սկեսրայրը էնքա~ն կխոսի հարսի վրեն, որ սա ջղայնությունից կբռնի կատվի ձագին մեջից երկու կես կանի: Զարմանքից, վախից քար են կտրում: Սկեսրայրը կնոջը կասի, թե`
-Բեր սրան տնից հանենք, սա որ կատվի ձագին սենց ա անում, մի օր էլ մեզ կճղի:
Ու տենց բռնին հարսին տնից հանին:
Հ.Գ. Մի նեղվեք մականուններից, առավել ևս, եթե արժանացել եք դրան:

Bella Araqelyan

Իմ լիճն ու ես

Իմ լիճը. ասում եմ իմը, որովհետև ամբողջ օրը լճի հետ եմ: Իմ սենյակի պատուհանից երևում է Սևանա լիճը՝ իր ամբողջ հմայքով: Ամեն օր՝ օրվա տարբեր ժամերի, լիճն իմ հետ է, ես՝ լճի:

Անձրևից հետո ծիածանը լճի վրա, երկնքի արտացոլանքը լճի մեջ, ալիքների ծփանքը, որը ես ամեն օր լսում եմ: Ամեն օր առավոտյան վազում եմ դեպի լիճը, լվացվում նրա զանգակ ջրով:

Իմ տոներն էլ են կապված լճի հետ: Վարդավառին լիճ ենք իջնում, լողում, ջրվում, ուրախանում: Բա Համբարձմանը, թաղի երեխեքով իջնում ենք ջուր գողանալու: Ջուր գողանալու խորհուրդն այն է, որ ջուր գողանալիս ընդհանրապես պիտի չխոսեն: Մի օր ջուր գողանալու գնացինք ես, եղբայրներս, մեծ եղբորս կինն ու որդին:

Մեծ եղբորս տղան` Անդրանիկը, շատ չարաճճի է: Պատկերացրեք մինչև լիճ գնալը ինչքան ենք համոզել, որ չխոսի: Եվ այսպես, գնում էինք լիճ, որոշեցինք, որ փողոցն անցնելուն պես պիտի էլ չխոսենք: Փողոցն անցանք ու թարսի պես, գյուղի նախրչիները դեմներս ելան ու բարևեցին, մենք լռեցինք: Ձկնորսները իջնում էին լիճ, բարևեցին, ծիծաղեցինք, բայց էլի չբարևեցինք: Քիչ անց հարսիկիս զանգեց իր մայրը, Աստված իմ, հարսիկս միացրեց հեռախոսը, բայց չխոսեց: Երբ նա զգաց, որ չի կարողանում հասկացնել, որ զբաղված է, անջատեց հեռախոսը:

Վերջապես ջուրը գողացանք, գնացինք տուն ու պատրաստվեցինք Համբարձման տոնին: Տեսեք, թե այդ տոնը նշելու համար ի~նչ փորձությունների միջով անցանք:

marat sirunyan

«Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա»

Հերթական հարցազրույցս վարում եմ հայ հասարակ, աշխատավոր գյուղացու հետ: Մի՞թե կա մի արվեստագետ, ով ռանչպարից լավ կիմանա ու կպատմի, դառը դատելու ու աշխատանքի համն զգալու արվեստի մասին: Մի՞թե կա մի երաժիշտ, ով հող ու հերկից երգ քամողի չափ հուզիչ երգ գիտի: Ի՞նչ հոգեբան կարող է համեմատվել սեփական հոգսն ու ցավը հողին պահ տվող հողագործի հետ: Ով էլ լինի, որքան էլ լինի, մեկ է՝ ռանչպարի արվեստն ուրիշ է, ռանչպարի երգն ուրիշ է, ռանչպարի հոգսն էլ՝ ուրիշ է…
Շնորհակալություն լեռնավանցի Սիրուշ Հովհաննիսյանին հարցազրույցի համար…

-Քանի որ ձեր գյուղի մասին տեղեկություններ պարունակող նյութեր արդեն ունեցել ենք, այդ պատճառով կնախընտրեի խոսել ավելի շատ ձեր կյանքի, գյուղացու բառ ու բանի, ռանչպարի կյանքի ու օրվա մասին օրինակով:

-Ծնվել եմ Լեռնավան գյուղում, հովվի ընտանիքում: Մոտ տաս-տասներկու տարի ծնողներս ժառանգ չեն ունեցել, հետո ես եմ ծնվել: Մի քանի անգամ այդ առիթով աչքալուս են արել, քեֆ են արել, դուռ-դրկիցով, հարազատներով ուրախացել են: Ինձնից հետո ծնվել են չորս երեխա՝ երկու քույր, երկու ախպեր: Շատ լավ ընտանիքում եմ մեծացել` սերով, հաշտ-համերաշխ, աշխատասեր, երգով լի:

Հերս նվագող էր, մերս համեն գործ երգով կեներ: Լավ գործվածքներ կեներ, բաներ կթխեր, հերս կնվագեր: Ոչխար ենք պահե, կով ենք պահե… Հերս աշխատանքային հերոս է էղե՝ մեդալակիր, մերս հուշ տարիքում է աշխատե՝ ֆաբրիկան: Հորս ենք օգնե, կոլխոզի անասուններուն՝ ոչխարներուն, կովերուն ենք պահե, օգնել ենք գյուղի գործերում: Մի խոսքով, լավ աշխատե՝ լավ աբրել ենք…

-Դուք ասացիք, որ հաշտ-համերաշխ ապրել եք, իսկ ինչ-որ վիճաբանություններ չե՞ն եղել երեխաների մեջ:

-Մեծ ախպերս, կոմպոտ կփակեինք, ինքը բանար, խմեր գը թաքուն ու գցեր գը ամբարի եդևը: Մենք էլ ինչ չարություն էնեինք, արդեն սորվել էինք, քծեինք գը Արսենի վրա, կսեինք` Արսենն է էրե…

-Դուք նաև նշեցիք, որ մանկության տարիներին օգնել եք Ձեր հորը, ընտանիքին, ինչ-որ աշխատանքներ եք կատարել: Կմանրամասնե՞ք, օրինակ՝ ի՞նչ աշխատանքներ եք կատարել, ինչո՞վ եք զբաղվել:

-Մանկության տարիներին հերս հովիվ է էղե կոլխոզին, ոչխար է պահե, մենք էլ իրան օգնել ենք, գառ ենք պահե: Գնացել ենք ցերեկը կիթի ժամանակ, «բեր» կկոչվի, էլի, ոչխարին քշես՝ կթվորները կթեն գը: Հերս նստած ոչխարներու գլուխները կպահեր, իրանք կթեին գը: Սուրուի մեջ կար մե երկու, իրեք հատ էծ, լրիվ թաղի էրեխեքով կհավաքվեինք, կերթայինք, հերս իրա քովի փոքր բաժակով կկթեր էդ իծու կաթը, մեզի կխմցուր: Սարերը կերթայինկք, խոտ կհավաքեինք, մասուր, սունկ: Գառ ու ոչխար պահելու ժամանակ էլ էլի խոտ կքաղեինք, կօգնեինք էլի, էդման… Ժամը երկուսին կամ չորսին կելնեի, ես տան մենծն էի, մորս հետ հաց կթխեինք, մինչև ժամի վեցը արդեն սաղիս սունկեքը կազմ ու պատրաստ, կերթայինք համենքս մեր գործին…

-Իսկ Ձեր ամենասիրած աշխատանքը ո՞րն է եղել:

-Անասուններ էլ եմ սիրե պահել, բայց ամենաշատը հողի գործ եմ սիրե ու մինչև հիմա…

-Ամենավառ հուշը ո՞րն է Ձեր կյանքի:

-Ես որ ուշ եմ ծնվե, այսինքն ծնողներս համարյա 12 տարի էրեխա չեն ունեցե, ամեն յոթը տարի Սուրբ Հովհաննեսին խոստացել են մատաղ անել, ու ամեն տարի աշունը, մեր գյուղի շոֆերներեն մեկի ավտոյով կհավաքվեինք, հարազատով, հարևանով, մե երկու հատ էլ խոչ, ուտելիք-խմելիքով կերթայինք Սբ. Հովհաննես: Էնդեղ մատաղ կենեինք, կուտեինք-խմեինք: Յոթը տարի գնացել ենք:

-Ե՞րբ եք ամուսնացել:

-1985 թ.-ի հունվարին: 19 տարեկան եմ էղե:

-Ամուսնությունից հետո ինչո՞վ եք զբաղվել, նորից նույն աշխատանքնե՞րը:

-Նախքան էդ՝ մինչ ամուսնությունը, ֆաբրիկան եմ աշխատե: Լավ կսորվեի, բայց ծնողներս չթողին էրթայի սորվելու: Ամուսնանալեն հետո էլ էլի ճակնդեղն (ճակնդեղի դաշտերում) եմ աշխատե, ֆաբրիկան, էրկու տեղն էլ աշխատել եմ միաժամանակ:

-Ձեր կյանքից, կամ Ձեր լսած հետաքրքիր պատմություններ կա՞ն, որ կարող եք հիմա պատմել:

-Էն ժամանակ ոչխարի սուրուները սարն են մնացել: Հերթով պահել են, հորս հերթի ժամանակ, որ արտեն տուն գալուց է էղե: Դե հառաճ գիշերով էլ են խոտ բերե սելերով, որ ըսենք, հասուն խոտհավաքը: Հերս գուկա, էդ Ժանգոց քար կսենք, մինչև էդտեղ: Մե պառավ կնիկ կմանդիբի իրան, հանուն կուդար, հիմի չեն հիշե… Էդման զրուցելով գուկան մինչև Կոնդի ձոր կոչված տեղը, Էդ կնիկը կկորի: Հերս էդտեղ կվախենա. կսե՝ ուրեմն սատանա էր, ոչ թե մարդ էր… Ու էդտեղ կվախենա, որ հեչ մե բանեմ վախ չէ ունեցե, հլը որ կսեի՝ շնեն չես վախենա, կսեր՝ գիլու հեդ կռիվ տվողը շնեն կվախենա՞… Էդման էդ կնիկը կանհետանա՝, Կոնդի ձորը՝ ջրի քովը…

-Ու էդպես էլ չի՞ բացահայտվել, թե ի՞նչ է տեղի ունեցել:

-Չէ: Էդման էլ չի բացահայդվե: Հերս վախեցել է: Էն ժամանակ, չիդեմ, սատանա գոյություն ունեցել է, տը չէ, բայց ժողովրդի մեջ միշտ էդման խոսք է էղե… Ու կսեին գեղացի կնգամ կերպարով է էղե… Ձորի միջեն էլ չէր կարա էդման էրթար, որ չտեսնիր, կողքի հեդ քելելուց կորել է…

-Դուք խոսքի մեջ նշեցիք, որ Ձր հայրը գայլերի հետ կռիվ է տվել: Ի՞նչ կռիվների մասին է խոսքը, նման դեպքեր են եղե՞լ:

-Նման շատ դեպքեր են եղել: Ես էլ եմ իրա հետ սարն էղե, բայց ես գել չեմ տեսե: Մե անգամ ինքը անձրևի ու կարկուտի տակ ոչխար պահելուց է էղե սարը, երկու հատ գել են հնկե ոչխարի մեջ, երկու գելով չեն կարացե մե ոչխարմ տանին հորս մոտից: Երկուսին էլ քշել է: Մեկին քարով զարգել է հեռու պառկած, կսե՝ կոնգստաց ու փախավ: Էն մեկնե մենակ մե ոչխարիմ դմակն է ծագե: Հերս էդման ցեխոտ հարնակոլոլ հիրգունն էկավ տուն: Ինքը մահակ ունիր, ծերին էլ հաստ բանմ էր, էդով էլ էր խփել գելին: Սիրեր գը երգ, երաժշտություն: Համեն ինճ ունիր՝ կլառնետ, շվի, դուդուկ, բլուլ… Նվագեր գը ձմեռները , փոքր ախպերս դհոլ կնվագեր, մենծը՝ ակարդեոն: Մե խոսքովմ՝ համ հովվական, համ երաժշտական ընդանիք էինք…

-Մի փոքր էլ դպրոցական տարիներից կպատմե՞ք: Ո՞ր առարկաներն եք շատ սիրել, ի՞նչ հիշարժան իրադարձություններ են տեղի ունեցել Ձեր կյանքի դպրոցական տարիներին:

-Դպրոցական տարիներից… Առաջին դասարանից մինչև երրորդ դասարան Ռիմա Հովսեփյանն է դաս տվել, շատ եմ սիրել իրան ու միշտ ուզեցել եմ նմանվիմ իրան: Առարկաներեն մենակ քիմիան չեմ սիրե, մնացած սաղ էլ սիրել եմ: Գիրք կարդալ շադ գսիրեմ՝ հայրենասիրական գրքեր:
«Տիգրան Մեծ»-ը (հեղինակ՝ Հայկ Խաչատրյան) շատ եմ սիրել…
Դասերից փախել ենք՝ շատ ենք փախել: Ուսուցիչը ընկել է ետևներիցս, կանչել է հետ, չենք գնացել… Սորվող եմ էղե, բայց շադ չարաճճի… Դպրոցի հետ կաբված համեն բան էլ թանկ է: Շատ կաբված դասընկերներ ենք էղել, լավ է անցել, ուրախ: Ես էլ ուրախ բնավորություն ունիմ, հմի է, որ պառվցել եմ,- ծիծաղում է…

-Սիրո՞ւմ եք արդյոք Ձեր գյուղը: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

-Շատ կսիրեմ մեր գյուղը, մեր բնությունը, մեր համեն ինչը: Կապված եմ, որովհետև բնության գրկում եմ համարյա մենծցե, համեն քար ու թուփը գյուղի գիտեմ, հաղբուրները… Շատ եմ սիրել էրթալ՝ քոլ (բանջար) հավաքելու, ծաղիկ հավաքելու, բնության հետ միշտ կապնված եմ էղե:

-Ասացիք, որ գյուղի տարբեր տեղերը լավ գիտեք, այդ դեպքում մի քանի հետաքրքիր տեղի մասին կասե՞ք:

-«Մաղարա» ունինք, ահագին շարքով քարեր են: «Հբարդ քար»ը կա, «Կախգլուխ քար» կա, էդ անվանումներով, հետո քարանձավներ է՝ «Թագավորի թախտ»ն է, էդորեն հետո` «Արջի բուն»-ն է: Էդոնց վերևը կընկնի «Փոսեր»-ը, էդոր մե կողմը «Ծաղկաձորն» է՝ շատ սիրուն ծաղիկներով, իսկական ծաղկաձոր է ՝ ծաղիկների ձոր: Մեկել կողմը մե՜նձ քարմ կա՝ « Դևաքար» (կամ ՝ Դևադաշ) կկոչվի: Էդման…
էս ցածը ժանգոց քարերն է: Էդտեղ մեղվի բուն էինք գտե՝ ախպորս հետ գառներուն պահելուց: Հորս կանչեցինք, ծուխ էրավ, որ մեղուները փախնին, էն էլ մեղուներն էլ վառան թապան,- ծիծաղում է,- կրակն ուժեղ էր էրե… Մե կտոր մեղր հանեցինք…
Քարերը կհանեինք մենձ ախպորս հեդ, օձերուն կսատկեցույնք… Անվախ եմ էղե, չեմ վախեցել ոչ մի բանից՝ իսկական չոբնի զավակ եմ էղել…: Տղա կար, որ չէր կարա թևս ծալեր (նկատի ունի բազկամարտում):

-Իսկ այդ բնավորությունը Ձեզ կյանքում օգնե՞լ է, թե՞ խանգարել:

-Ինչ-որ տեղ երևի օգնել է ՝ էդման բնավորություն ունենաս դի, որ լավ ընտանիքի մեր էղնիս, տուն-տեղ ղեկավարես: Ռիսկով դի էղնիս՝ քեռուս ըսած՝ կոտին (կազմակերպված) մարդ… Էդման էլ դի էղնիս, թեկուզ տղամարդ, թեկուզ կնիկ…

-Գիտենք, որ լեռնավանցիների մի մասը բասենցի են, մի մասը` մշեցի: Դուք բասենցիների՞ց եք, թե՞ մշեցիներից:

-Ես բասենցի եմ զտարյուն: Հերս էլ, մերս էլ բասենցի են:

-Գիտե՞ք, թե բասենցիներն ինչո՞ւ են գաղթել: Եղե՞ռնն է եղել պատճառը, թե՞ մեկ այլ բան:

-Ընձի կթվա, որ մեր գեղ նախքան եղեռնն արդեն էգողներ էղել են: Երևի էն ժամանակվանից էլ թուրքը կամաց-կամաց մաքրել է էլի Արևմտյան Հայաստանը: Բասենն էլ Սև ծովի ափերին մոտ է էղե, ու շուտ են գաղթե՝ եղեռնից հառաջ, կարծեմ…
Պապերուս չեմ տեսե, մե տատիս եմ տեսե՝ Ալթուն տատիս: Ես էլ մինչև խելքահաս էղա, ինքը մեռավ, գնած… Համարյա տատ ու պապ չեմ տեսե: Չեմ հասուցե էդման պատմություններն իմանամ… Էդ տատս մահացավ, էրկու պապիս աքսորել են, աքսորած տեղերն էլ մահացել են …

-Ինչպիսի՞ն է ձեր առօրյան հիմա:

-Հառավոտը ժամը 5-ին զարթնել, մինչև 10,11, 12՝ գիշերվա: Կով կթել, յեղ ու պանիր էնել, հավ ու ձագի հեդ, հողի: Համեն ինչն էլ կենեմ … Սիրեմ գը՝ հողի գործն էլ, անասունինն էլ… Տարբեր կենդանիներ եմ պահել՝ կով, խոզ, ճագար: Թռչուններ՝ բադ, սագ, ղազ , հնկահավ, հավ, աղավնի և այլն:

-Գյուղն ի՞նչ առանձնահատկություն, ավանդույթներ ունի:

-Նախկինում հարսանիքներին «ծաղկոց տուն» կսեին, որ հարսի քեռին որպես գլուխլվայի պես բան կենե, քեռու տունը ՝ ծաղկոցը կենեին: Կամ ուրբաթ հիրգուն կենեին կամ շաբաթ հառավոդ, մինչը հարսին տանելը… Հարսնիքի երրորդ օրը հարսին կհանեին դուրս` մոմերով պարեցնելու, բայց հմի լրիվ էդ ադաթները վերացել են…
Քյանդրբազ (լարախաղաց) գուկար գեղը հառաջ, կհավաքվեին… Երևի հառաջ ավելի ուրախ էր կյանքը, քան հիմի: Հիմի ամեն ինչ կա՝ ուրախություն չկա…
Համենքի տունը 5-6 էրեխա կար, ամենաքիչը 23 էրեխով տներն էին ՝ էդոնց բազմազավակ էլ չէին կոչե… Շատ էին էրեխեքը ՝ խաղային, հետաքրքիր բաներ կենեին… Հմի ի՞նչ… Լրիվ հեռախոսով է…

-Ո՞րն է կյանքում դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Ոչ մի դեպքում չդի կոտրվիս, կամքեն ուժեղ մարդ դի էղնիս: Չնայած ես շատ զգացմունքային մարդ եմ, շուտ հիասթափվող համեն ինչեն, բայց շուտ էլ վերականգնվող… Չդի կոտրվիս, պայքարես դի: Ու քու ուժերուդ վրա վստահ դի էղնիս:
Կյանք սիրում եմ… Դժվարությամբ ընտանիք կազմած, համեն հարցով տուր ու տանջանք տեսած, բայց սիրեմ գը կյանքը, իրեք էրեխիս, թոռներիս: Ուրախ եմ իրանցով, հպարտ եմ, որ մարդ եմ դաստիարակե էս ոչ ու փուչ աշխարհում…

-Դուք լինելով ռանչպար, աշխատավոր մարդ, համաձա՞յն եք հայտնի երգի խոսքերի հետ՝ «Աշխարհի շեն վըր գութնին է: Գութան չըլլեր` աշխարհն ի՞նչ էր…»:

-Համաձայն եմ, որովհետև գութանն է՝ վարե գը, ցանե գը: Գյուղացի լինելով գիդեմ հողի հեդ աշխատելը, հողի վրեն քրդինք թափելը, թե ինչղ կստեղծվի ամեն ինչը: Համաձայն եմ, որովհետև հողն է սնողը հաշխարհքին, մարդկությանը, ժողովրդին, քաղաքի ժողովրտին: Մեկ- մեկ լոպազ-լոպազ խոսողներ կան՝ գնա գյուղ` կով կթե: Էդ կով կթելը ստոր աշխադանք չէ: Գյուղացին, որ կով չկթե՝ քաղաքացին ի՞նչ դի ուդե… Էդման խոսող քաղաքացին թող էդիկ մդածե…

-Ի՞նչ, էսպես ասած՝ մեծական խրատ կտաք, Ձեզնից հետո եկող սերունդներին:

-Կրտսեր սերունդներուն կսեմ՝ լավն էղնին, բարի էղնին, աշխատասեր, իրանց ազգն ու հայրենիքը սիրող էղնին: Եթե անունները՝ հայ է, հայ մնան, հայի արժանապադվությունը պահեն: Մաքուր, իսկական հայ օջախ ու ընտանիք կազմեն, դաստաիրակեն: Մեր ազգը կարիք ունի շատ լավ մարդկանց, արժանավոր հայերու, որ դուսն են…

Հմի էստեղ, կմենձցունք, կսորվեցունք, դաստիարակենք, կերթան օտար հողերը գծաղկեցուն: Ընձի համար շադ ցավալի է էդիգ… Էդ մասին գմտածեմ, որ էդման սերունդ աճի, ոչ տը օտարամոլ սերունդ աճի՝ էրթա ձուլվի օտարին, կորի էրթա…

-Իսկ որտեղի՞ց է գալիս Ձեր այդքան հայրենասիրությունը:

-Չգիտեմ` որտեղից է գալիս… Ինչխոր տառերը ճանչեմ գը՝ գիրք կկարդամ: Երևի բնության հետ շատ եմ կաբնված՝ հող ու քարի հետ, սիրեմ գը իմ հայրենիքիս հող ու ջուրը, միշտ էդման բաներ եմ կարդցե, մեջս տպավորվել է: Իմ հողն ու ջուրը, իմ հայրենիքը ես շատ կսիրեմ…

Ani avetisyan

Դպրոցի ճամփան

Հիշում եմ, տարրական դասարանում դպրոցի ճանապարհի մասին բանաստեղծությունը, հատկապես՝ վերջին տողը.

…Դպրոցի ճամփան դժվար էր, երկար շատերի համար:

Ու, մոռանալով բանաստեղծության բոլոր վերլուծությունները, միշտ ինձ էի պատկերացնում այդ բանաստեղծության հերոս, որովհետև ինչքան էլ սիրում էի դպրոցը, մեկ է, դպրոցի ճամփան դժվար էր ինձ համար, շատ դժվար: Հիմա բացատրեմ, պատկերացրեք` 6-7 տարեկանում ամեն օր մեկ կիլոմետր ճանապարհ՝ գյուղի մի ծայրից մյուսը, 5-6 ժամ դաս անել, հետո նույն ճանապարհով հետ գալ: Դժվար չէ՞: Միշտ մտածել եմ, որ անկախ ինձանից, առողջ ապրելակերպ եմ վարել:

Հիշում եմ՝ մանկությանս երազանքն այդ ճանապարհը կրճատելն էր: Շուտով կավարտեմ դպրոցը, բայց այդ երազանքն այդպես էլ չիրականացավ: Չի էլ իրականանա: Ուզում էի, որ մեր դպրոցը լինի այ, այնտեղ՝ մեր պատուհանից այն կողմ՝ բլրի վրա:

Ասում են, թե աշունը ամենագեղեցիկ եղանակն է, երևի այդպես է, բայց, ախր, այդ գեղեցկությունն աչքիցս այնպես էր ընկնում, երբ սկսվում էին անձրևներն ու մինչև դպրոց հասնելը ցեխը ծնկներիցս անցնում էին:

Հիմա նորից ցեխ է, ու դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար…

angelina

Արդարությունը՝ հասարակական արժեք

Ինձ միշտ հետաքրքրել է՝  ի՞նչ է վերջապես այդ արդարությունը: Երկար-բարակ մտքում փիլիսոփայելուց և իմ մտքերի մեջ խճճվելուց հետո որոշեցի հարցազրույց անել իմ հասարակագիտության ուսուցչուհու՝ Արփիկ Քոչարյանի հետ, ում իսկապես համարում եմ արդար ու ազնիվ մարդ և հրաշալի ուսուցչուհի, որի հետ հաճախ զրուցում եմ ու տալիս ինձ հուզող շատ հարցեր:

-Ի՞նչ է արդարությունը:

-Արդարությունը դարեր ի վեր հետաքրքել է մարդկությանը: Դա համարվում է այնպիսի արժեք, որի քննարկման գործընթացը մինչ այսօր ընթանում է: Անհատը պետք է այնպիսի զարգացվածության մակարդակ ունենա, որ կարողանա լրջորեն մոտենալ, հասկանալ, ընդունել և կիրառել այդ արժեքը: Արդարությունը իրավ է, այսինքն՝ աջ զարգացում, ոչ թե ձախ: Ցանկացած քայլ անելիս կամ հարց քննելիս դու պետք է դրա աճը տեսնես: Ամեն դարաշրջանում դա քննարկվել է: Ինձ համար տիպական օրինակ է մեծ ու ամենաուժեղ մտածողներից մեկը՝ Սայաթ Նովան, որը ասել է հետևյալ  խոսքերը, որ մինչև այսօր հնչում է  որպես արժեք. «Արդար դատե. չէ վուր թագավոր իս դուն,Վաստանում տեր ու զորավար իս դուն…»:

Արդարության չափանիշը միևնույն համարել բոլոր մարդկանց մոտ հնարավոր չէ, քանի որ որքան մարդ կա, այնքան էլ կա մոտեցում այս արժեքի նկատմամբ: Այդ պատճառով հասարակագետները արդարության երեք տեսակ են ներկայացնում`բաշխման, ուղղման և ընթացակարգային:

Եթե ես գիտեմ, որ սոցիալապես անապահով խավեր կան, որ ունեն օգնության կարիք, ապա պետք է օգնեմ նրանց, ոչ թե ինձ համար հարազատ մարդու, որը անգամ չունի դրա կարիքը: Այսինքն՝ պետք է բաշխեմ հավասարապես, առանց որևէ վերապահումների, որը կխախտի իմ արդարության չափանիշը:

Մարդկությունը անսխալ լինել չի կարող, հասարակությունը՝  նույնպես, որովհետև մարդկանց տարբեր դաստիարակություն կա, տարբեր միջավայրերի զարգացում, և ամենքը յուրովի է իրեն դրսևորում հասարակության մեջ:

Եթե մենք ասում ենք` մի´ գողացիր, բայց տեսնում ենք, որ հենց մեր հասարակության մեջ էլ գողեր կան, նաև, որ ավելի վատ է, մարդասպաններ, nրանք շեղվում են օրենքից և կատարում այդ հանցավոր արարքը, որքանո՞վ ճիշտ կլինի նրանց չուղղելը: Այսինքն՝ ուղղման շնորհիվ նրանք իրենց կատարած հանցանքի համար պետք է պատասխանատվություն կրեն, որն էլ կարևոր է հետագա սերունդներին ճիշտ ուղու վրա դնելու համար: Իսկ ուղղելու համար կա ընթացակարգ, որը իրականացվում է արդարադատության մարմինների կողմից: Նրանք աշխարհի բոլոր երկրներում էլ գոյություն ունեն:

Արդարադատության մեջ մտնում է հիմնական դատական համակարգը, ինչը մեր երկրում եռաստիճան է:Սա ես ճիշտ եմ համարում, որովհետև, մենք ունենք մարզային դատարաններ, որոնք կոչվում են առաջին ատյանի դատարաններ, ունենք Վերաքննիչ դատարան, որը քննարկում է առաջին ատյանի դատարանի թույլ տված սխալները, ունենք Վճռաբեկ դատարան, որը զբաղվում  է վարչական և քրեական գործերով: Ես խոսում եմ փաստաթղթի վերաբերյալ,որը բեկանման ենթակա չէ, այսինքն՝ վճռաբեկը:

Երբեմն մենք շատ ենք լսում, որ Հայաստանում արդարությունը քայքայված է: Եկեք մենք տոկոսային հարաբերություն կազմենք: Քայքայողն էլ ենք մենք, կարգավորողն էլ ենք մենք: Եթե մենք լուրջ ենք մոտենում օրենսդրությանը, ուրեմն քայքայման գործընթացները քիչ են լինում: Եթե մարդիկ հեռու են օրենքից, չգիտեն այդ օրենքի չափանիշները և միշտ խախտում են, նրանք խախտում են նաև արդարության չափանիշները: Չէ՞ որ ուժն առանց արդարության ոչինչ է, արդարությունն առանց ուժի նույնպես ոչինչ է: Բերեմ վառ օրինակ՝ երթևեկության կանոնները: Եթե անընդհատ չհետևենք, դիտողություններ չանենք այդ կարգազանց վարորդներին, նրանց պատասխանատվության չենթարկենք (պատասխանատվության ամենամեծ չափանիշը 3 տարի վարորդական իրավունքից զրկումն է, սակայն նրանց ընդամենը տուգանքներ են տրվում), ապա ի՞նչ կլինի: Նրանց, եթե անընդհատ ներեն ու պատասխանատվության չենթարկեն, մեր երթևեկության կարգը և հասարակության անվտանգությունը խաթարված կլինի: Այսպիսով` արդարությունը արժեք է, որի իրականացման համար հարկավոր է զարգացվածության բարձր մակարդակ, որպեսզի ճիշտ ձևով մատուցենք սերունդներին այն փորձն ու պատկերացումները, որը մշակել ենք սերնդեսերունդ:

-Ձեր կարծիքով «ճշմարտություն» և «արդարություն» բառերը հիմնական բնորոշում ունե՞ն:

-Արդարությունը լուրջ արժեք է, իսկ ճշմարտությունը մեզնից յուրաքանչյուրի իրականությունն է, որը անձը պետք է կարողանա ճիշտ տարբերակել և ներկայացնել: Եթե ես այդ իրականությունը ճիշտ չներկայացնեմ, կեղծեմ, քծնեմ ու ոչնչացնեմ, այստեղ կխախտվի ճշմարտություն ըմբռնումը: Սակայն ինքան էլ փախչեմ իրականությունից, միևնույնն է, վաղ թե ուշ փաթաթվելու է ինձ: Եթե ասեմ, որ իմ երեխան լավ է սովորում, բայց արդյունքում ես գիտեմ, որ իմ երեխան բացարձակապես չի սովորում, այդ արարքով ես առաջին հերթին խաբում եմ ինձ, երկրորդ հերթին քայքայում եմ իմ երեխայի ապագան: Այստեղ խաթարվում է ճշմարտությունը, իսկ ինչքան այն չի պահպանվում, այնքան մեր հասարակությունը գնում է դեպի քայքայման: Այստեղից եզրակացություն, որ ճշմարտությունն ու արդարությունը որոշակի չափով իրար հետ կապակցված են, սակայն արդարությունը ավելի լայն հասկացություն է:

-Լիարժեք արդարություն գոյություն ունի՞:

-Լիարժեք արդարության մասին խոսելն ավելորդ է, որովհետև բոլոր երկրներն էլ այս հարցը քննարկում են ու կքննարկեն: Արդարությունը պահպանողն էլ ենք մենք, խախտողն էլ ենք մենք: Իմ կարծիքով հարյուր տոկոսանոց արդարության մասին խոսելն ավելորդ է. սա իմ անհատական մոտեցումն է: Կան բազմապիսի չափանիշներ: Ես`որպես հասարակագետ, չեմ հավատում լիարժեք արդարության գոյությանը, որովհետև տարբեր մարդիկ ու հասարակությունները տարբեր կերպ են սահմանում այն: Ուստի կարող են այդ սահմանումները չհամընկնել, ինչն էլ նշանակում է, որ իդեալական արդար վիճակ լինել չի կարող:

-Իսկ Հայաստանի մասին ի՞նչ կասեք:

-Հայ ժողովուրդը, եթե այսօր այս անելանելի վիճակում է, ապա դրա արմատները ինչ-որ չափով պատմական անցյալում պետք է փնտրել: Անընդհատ ունենալով տարբեր թշնամիներ և պայքար, միշտ մտածել ենք, որ մեր սեփական ոտքի տակից չկորցնենք մեր հողն ու պետականությունը: Այդ պատճառով մենք շատ հաճախ, մեր պատմական իրականությունից ելնելով, ձևավորել ենք մեր ազգային մենթալիտետը, մեր ազգային վարքագիծը: Երբեմն մենք անարդարացի ենք եղել, քծնել ենք, ենթարկվել ենք: Դա եղել է այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը կորցրել է իր ազգային ինքնությունը, իր պետություն ունենալու արդարացի իրավունքը: Երբ մենք թուրքին հպատակ ենք եղել, մտածել ենք մեր ընտանիքի, մեր ազգի մասին:

Ամեն երկիր ունի իր պատմությունը և ինքն է թելադրում  այդ: 1991 թվականին Հայաստանն անկախացավ ու դարձավ ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն: Հետևելով ժողովրդավարության սկզբունքներին, որ մենք պիտի լինենք իրավական պետություն, ժողովուրդը պետք է պահպանի, սովորի ու ընկալի, հարգի ու կիրառի հասարակության կողմից թելադրված արդարացի կանոնները, ես կասեի, որ մենք դեռ դրան չենք հասել:

Ես չեմ համոզում շատերին, չեմ ասում, որ մենք չենք հասնի և չենք դառնա իրոք ժողովրդավար երկիր, ինչպես աշխարհի շատ զարգացած երկրներ են, սակայն համենայն դեպս հույս ունեմ, որ մենք էլ մի օր կկայանանք որպես ժողովրդավարական երկիր, և կունենանք այն ամենը, որ կկարևորենք և կարժևորենք, ինչն էլ մեր ժողովրդին կտանի դեպի առաջ: Կա մի այսպիսի արտահայտություն. «Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին ժողովուրդն է»: Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Իշխանությունդ գրագետ է, խելացի է, ժողովրդավարության կարգ ու կանոնը ճիշտ է արժևորվում, մարդուն տալիս է հնարավորություն օրենքի առաջ հավասար լինելու, այդ դեպքում ժողովրդավարությունը կկայանա: Իսկ այսօր մենք ունենք օլիգարխիկ մոտեցումներ, այսինքն մենիշխանության հասկացություն: Իշխանավորը, ընտրվելով ժողովրդից, նրան «մարդու տեղ է դնում» միայն ընտրությունների ժամանակ, իսկ դրանից հետո անում այն, ինչ ցանկանում է: Որտեղ կա ժողովուրդ-իշխանություն անջրպետը`հեռացումը, այնտեղ լուրջ ժողովրդավարություն կայանալ չի կարող:

Ես միշտ լցված եմ հավատով ու հուսով, որ այս երկիրը կզարգանա, կկայանա: Պարզապես մենք դեռ ժամանակ ունենք, ուղի ունենք անցնելու և շուտով կհասնենք դրան, քանի որ մենք արդեն զարգացման մեջ ենք,պարզապես մեզ պետք է արժեքները ճիշտ գնահատել, չոտնահարել մեր օրենքները, որոնք կարևոր են մեր երկիրը զարգացնելու համար:

-Իսկ ըստ ձեզ, ինչպե՞ս կարելի է հասնել դրան:

-Առաջին հերթին, այն երկրում, որտեղ հարգանք կա օրենքի հանդեպ, որտեղ օրենքը չեն շրջանցում, չի գրվում ու մնում թղթի վրա, այսինքն կիրառվում է և հասանելի է ժողովրդին, հասնում են ժողովրդավարական մոդելին: Ժողովուրդը պետք է ունենա այնպիսի գիտակցական որակ, որ կարողանա արժևորել ու կարևորել օրենքը:

Օրենքների մայրը համարվում է Սահմանադրությունը: Նրա պահպանումը պետք է սկսվի վերևից: Եթե վերադասը ինքը հարգի այդ օրենքը, դա չափանիշ կդառնա նաև մյուսների համար:  Չէ՞ որ պետք չէ անջատել ժողովրդին ու իշխանությանը:

mane antonyan

Դեռ երկար եմ մտածելու

Մենակ մնալիս միշտ մտածում եմ. «Լավ, ասենք ավարտեցի դպրոցը, իսկ հետո ի՞նչ եմ պատրաստվում անել»։ Ու Ամեն անգամ էլ նույն փակուղին է…

Երբ փոքր էի, մտածում էի, որ կդառնամ հայտնի բժիշկ ու կբուժեմ մարդկանց, կառողջացնեմ, որ աշխարհում ոչ մի հիվանդ մարդ չլինի… Իհարկե, շատ լավ ու անմեղ երազանք էր, բայց մեծացա ու հասկացա. ինձ համար չի այդ մասնագիտությունը։

Միգուցե մաթեմատիկո՞ս,կամ էլ ծրագրավորման ուղղությա՞մբ գնամ, իսկ եթե հոգեբա՞ն։ Ու ամեն անգամ այս հարցի մասին մտածելով բարկանում եմ, որովհետև ոչ մեկի դերում ինձ չեմ կարողանում պատկերացնել։

Անընդհատ լսում եմ ծնողներիս հորդորները, որ լավ կրթություն է պետք լավ մարդ դառնալու համար, ու արդեն ուշ է, ավարտում եմ, բայց ցանկություններս ու գիտելիքներիս բազան իրար հետ անհամատեղելի են։ Թեկուզ և ուշ գտնեմ հարցի պատասխանը, բայց ամբողջ կյանքում չզղջամ որոշմանս համար։

Ամեն անգամ մտածում եմ այս հարցի շուրջ ու ամեն անգամ հույս եմ ունենում մեկընդմիշտ լուծել այս խնդիրը։ Բայց կարծես թե դեռ երկար եմ մտորելու…

mane minasyan -2

Նաև` նոր ընկերներ

Հունիս ամսից սկսեցի թղթակցել 17.am-ին: Ամեն օր, արդեն ինձնից էլ անկախ, պարտադիր նայում եմ օրվա նյութերը, և ուրախանում, երբ արդեն ծանոթ դեմքեր եմ տեսնում, որոնց մի մասի հետ ծանոթացել եմ ճամբարում, մյուսներին՝ դասընթացի ժամանակ:

Նայում եմ, կարդում նյութերը, անգամ մեկ-մեկ մտերիմներիս գրածները կարդում եմ իրենց իսկ ձայնով:

Մի օր էլ, ամեն օրվա պես բացում եմ 17.am-ի էջը ու տեսնում «Կարծրատիպեր կոտրողը» վերնագրով նյութ, որի հեղինակին սկսել եմ սիրել՝ չճանաչելով:

Կարդացի նյութը, ժպտացի ու անցա պարապմունքիս:

Այդ օրվանից մոտավորապես մեկ ամիս է անցել:

Պարապմունքից հոգնած, կիսաքնած, որոշում եմ նայել facebook-ի նորություններն ու քնել:

«Եղանակի 5 օրվա կանխատեսում», «Օրվա աստղագուշակ», «սելֆիներ» ու նմանատիպ այլ նյութերին հաջորդեց «Вы можете их знать» խորագիրը, և առաջինը «Կարինե Նահապետյան» («Կարծրատիպեր կոտրող»-ի հեղինակը):

Միանգամից ժպտում եմ, որովհետև իմ սիրելի թղթակիցներից մեկն էր:

Որոշում եմ ընկերության հայտ ուղարկել ու ծանոթանալ:

Ուղարկում եմ հայտը, ընկերանում ու սկսում խոսել:

Մենք իրար հեռակա ճանաչում էինք փաստորեն. պարզվեց, որ Կարինեն էլ հետևում է իմ նյութերին:

Մենք միանգամից մտերմացանք, ու հուսով եմ, այդ մտերմությունը երկար կտևի:

Շնորհակալություն 17.am, ես նոր ընկերներ սիրում եմ: