tereza davtyan portret

Կարևոր զրույց

Կար մի ժամանակ, երբ ես ուզում էի դառնալ բժշկուհի: Բայց…

-Չէ՛, ոչ մի բժիշկ: Դու կարո՞ղ ես այդքան տարի սովորել, ու հետո, վարձի մասին տեղյա՞կ ես: Էդ ինչքան պիտի աշխատես, որ կորցրածդ ինը տարիներն ու գումարդ հետ բերես: Ուզո՞ւմ ես` գնա ինքնուրույն սովորի ու անվճար ընդունվի, ես որ համաձայն չեմ, -ասում էր հայրիկս:

Ես շատ էի նեղսրտում:

-Մի ժամանակ էլ, բալես, իմ պապան էր արգելում բժիշկ դառնալ,-պատմում է մայրիկս:

-Բա քեզ ինչի՞ համար էր արգելում, մամ:

-Ասում էր. «Ո՞նց կլինի աղջիկս գնա Երևան սովորի: Հետո էլ գյուղում ասեն. «Տեսա՞ր դրա աղջիկը գնաց սովորեց, ու ինչ իմանաս, ինչեր ա անում էնտեղմ բացի սովորելուց»:

-Մա, բայց դու մասնագիտությամբ հաշվապահ ես, չէ՞:

-Հա, բայց դա իմ սիրած մասնագիտությունը չի եղել: Սովորում էի Սևանում, ստիպված, որ գյուղից հեռու չլինեմ, մի մասնագիտություն ունենամ:

-Իսկ ի՞նչ կպամես աշխատելու տարիների մասին:

-Դե, աշխատելու տարիները իմ կյանքի լավագույն տարիներն էին: Ուրիշ էր ամեն ինչ, ես այդ տարիներին շատ երջանիկ էի:

-Մամ, բա ես հիմա ի՞նչ անեմ, ի՞ն չ մասնագիտություն ընտրեմ, որ պապան համաձայն լինի:

-Ես քեզ ծնողական խորհուրդ եմ տալիս. ինչ մասնագիտություն էլ որ ընտրես, պետք է ձգտես դառնալ պիտանի մարդ ու հետևես քո երազանքին:

Այս զրույցից անցավ որոշ ժամանակ: Ես որոշումս փոխեցի: Չեմ ուզում դառնալ բժիշկ, բայց նաև չեմ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: Բայց այս անգամ հարմար չգտա: Համոզված չեմ, որ այդքան տարի սովորելուց հետո աշխատանք կգտնեմ: Բայց հիմա գիտեմ մի բան. պետք է լինել ուժեղ, կառավարել ինքն իրեն, գնալ նպատակի հետևից, և վաղ թե ուշ կհասնենք հաջողության և ճանաչման, ինչ ոլորտ էլ որ ընտրենք:

anush hovhannisyan

Թե ինչպես հիվանդացա

Գիտե՞ք, արդեն մտածում եմ, որ աշնան գալը ու իմ հիվանդանալը չգրված օրենք է դարձել: Իմ նվնվալու սեզոնը սկսվեց հենց առաջին օրից: Սեպտեմբերի 1-ին հիվանդ էի ու երևի այսպիսի կարգախոս հորինեմ. «Ինչպես սկսեմ սեզոնը, այդպես էլ կավարտեմ»: Սա ինձ համար է ասված: Կիտրոնով թեյը դարձել է կյանքիս իմաստը: Աչքերս բացում եմ, արդեն ինձ է սպասում: Ու չասեմ, որ մի անգամ երազում էլ տեսա կիտրոնով թեյ: Այս մեկ ամսվա մեջ այնպես եմ հետը կապվել, որ դժվար կլինի մեր բաժանումը, չնայած եթե այս տեմպերով շարունակեմ, դժվար էլ բաժանվենք:

Պատմեմ թե ինչպես սկսվեցին իմ և հարբուխի «հարաբերությունները:

Սեպտեմբերի 21-ին, երբ դուրս էի եկել ֆոտոներ անելու, մնացի անձրևի տակ: Դե քանի որ շատ եմ սիրում անձրևի տակ զբոսնել, քայլերս չարագացան, բայց հասա տաղավարին, որտեղ պապիկները նստած նարդի էին խաղում: Դե քանի որ անձրև է, ինչո՞ւ չզրուցենք:

-Պապիկ ջան, ուզում եմ մի քիչ զրուցենք, այսօր անկախության օրն է:

-Ի՞նչ անկախություն, հը՞, ո՞ւր ա անկախություն: Հա, խոսամ, որ լավ նկարես, քցես տելեվզրի մեջ` խայտառակ լինե՞մ: Չեմ խոսա:

-Վայ, չէ, այ պապի ջան, ի՞նչ հեռուստացույց, ուղղակի զրուցենք, մինչև անձրևը կտրվի:

-Չէ, գնա ուրիշին գտի:
Բայց պապիկներից մեկը, ում աչքերի անասելի գեղեցկությունը չկարողացա անտեսել, սկսեց խոսել:

-Էհ, բալես, անկախությունը հիմա վերացել ա: Ո՞ւր ա: Դու զգո՞ւմ ես, որ անկախ ենք, չէ… Բա դա էր մեր էդքան տարվա երազանքը:

-Իյա… Էս չկարացա՞ր քեզ զսպես: Մի խոսա, այ տղա, գլխիդ կսարքեն,- միջամտեց խոսել չցանկացող ու, չգիտեմ ինչու, մարտական տրամադրված պապիկը:

Մտածեցի` ինչ անեմ, որ իմ մասին իրենց կարծիքը փոխեն և որոշեցի հյուրասիրել պապիկներին: Անձրևը դեռ չէր կտրվել, թրջվելով հասա մոտակա խանութը, բանան գնեցի և թրջվելով նույն ճանապարհով հետ եկա: Հյուրասիրեցի պապիկներին, կերան բանանը, բայց ապարդյուն: Ոչ մի բան էլ չփոխվեց, շարունակում էին լուռ իրենց նարդի խաղալ: Ես էլ որոշեցի պարզապես լուռ նստել մինչև անձրևը կտրվի:

Հաջորդ օրը` կիտրոնով թեյ, հարբուխ, մի տուփ անձեռոցիկ և իհարկե, նվնվոց…

nina arustamyan

Գորայք

Քարտեզի վրա հազիվ երևացոզ վայրը Սյունիքի մարզում իմ գյուղն է՝ Գորայքը: ՀՀ ամենացուրտ երկրորդ բնակավայրն է, որտեղ հենց գրանցվել է – 43°C: Գյուղիս պատմությունը շա՜տ-շա՜տ երկար է: Եթե սկսենք սկզբից, ապա իմ համագյուղացիները փոխել են իրենց բնակավայրը: Հաստատ լսած կլինեք Սպանդարյանի ջրամբարի մասին: Հենց այդ ջրի տակ են մեծացել իմ՝ պապիկները, տատիկները, հայրս: Նախկինում գյուղն այնտեղ էր, և կոչվում էր Բազարչայ: Գյուղը բաժանված է եղել երկու մասի: Մի մասում ապրում էին մոլոկաններ (ովքեր Ցարական Ռուսաստանից աքսորվել էին այստեղ, իբրև ցուրտ բնակատեղի), մի մասում` բազարչայցիները: Գյուղում եղել է երկու դպրոց` հայկական և ռուսական: Իմ հին Բազարչայի տներում ջուր չի եղել: 10-15 տարեկան աղջիկները իրենց ուսերին գցում էին մեծ փայտ:

Փայտի երկու ծայրից կախում էին ջրի համար նախատեսված դույլերը և գնում էին գյուղամեջ: Ինչքան հաճելի է՜: Տատիկս պատմում է, որ գյուղից մոտ 450մ հեռավորության վրա եղել է «գազով» ջուր, բայց այդ ջուրը յուրահատուկ է եղել՝ դուրս է եկել հողի խորքից: Պատմում է, որ շշերի մեջ լցնում էին այդ ջուրը, բայց չէին կարողանում հասցնել մինչև տուն՝ պայթում էր: Պստկերացնո՞ւմ եք: Հրաշք գյուղը հիմա անցել է ջրի տակ: Երբ տատիկիցս կամ հարազատներիցս հարցնում եմ գյուղի մասին, ակամա աչքերը արցունքով են պատվում: Իսկ այդ արցունքները կարոտի նշան է: Հա՜, իսկապես կարոտում են: Կարոտում են իրենց մանկությունը, պատանեկությունը: Կարոտում են իրենց տունը, քարը, լեռը, թուփը:

Տարիները անցնում են, դատարկվում է գյուղս, իսկ հին Բազարչայում բնակիչները շատ էին:

karen karapeytyan

Իմ առաջին հաղթանակը

Կյանքում չեմ կարողանա մոռանալ այն օրը, երբ առաջին անգամ մտա թեքվանդոյի ռինգ, դա 2009 թվականն էր, նոյեմբերի 7-ը: Դա իմ առաջին մրցումն էր: Երբ իմացա, որ մրցելու եմ 6 հոգու հետ՝ լարվածություն զգացի, մտածեցի, որ ես չեմ կարողանա հաղթել եւ հիասթափված նստեցի նստարանի վրա: Մրցումների սկսվելուն մնացել էր մի քանի րոպե, երբ կարդացին իմ անուն ազգանունը, որպեսզի պատրաստվեմ դուրս գալ ռինգ:

Այդ պահին ինձ հետ մի անբացատրելի բան կատարվեց: Կարծես լինեի մի թունելի մեջ, որից դուրս գալու համար պետք է շատ երկար վազել: Ինչ-որ մի ուժ ինձ ուղղորդում էր ռինգ՝ դեպի իմ ապագան: Ամբողջ մենամարտի ժամանակ ես շատ լարված էի, եւ երբ ավարտվեց 1-ին ռաունդը, մենք մոտեցանք մեր մարզիչներին: Մարզիչս ինձ ասաց, որ չլարվեմ եւ փորձեմ առաջ գնալ, եւ ես այդպես էլ արեցի: Մենամարտի վերջում, երբ մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց՝ ի նշան հաղթանակի, արդեն երեւում էր թունելից դուրս գալու այդ դժվար ճանապարհը: Երբ իմ վերջին մենամարտն էր, ես ինձ պարտավորված էի զգում, դրանից էր կախված, թե իմ մարզական կարիերան ինչ ընթացք կունենար: Եվ ես դուրս եկա ռինգ: Ճիշտ է, զարմանալի է, բայց ես նրան հաղթեցի 14:0 հաշվով, եւ 2-րդ ռաունդի կեսից մրցավարը կանգնեցրեց մենամարտը ու հաղթանակը տվեց ինձ: Մրցավարը իմ ձեռքը բարձրացրեց որպես հաղթողի, քիչ անց ես կանգնած էի պատվո հարթակի առաջին տեղում: Երբ հանձնեցին ինձ իմ մրցանակը եւ պատվոգիրը, հասկացա, որ ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում: Եվ եթե ունես նպատակ, պետք է ամեն ջանք գործադրես ու անես ամեն ինչ` քո նպատակին հասնելու համար:

meri hakobyan

Ազատության շունչը

Նորից… Նորից աշուն ու նորից արդեն սովորական դարձած մելանխոլիկ տրամադրություն: SOAD-ի «Lonely Day»-ը, մի բաժակ տաք թեյ, փափուկ անկողին, Տերյանիս տխրությունն էլ գիրկս: Էս ամենին էլ գումարենք աշնան կարմիր ու դեղին գույները: Հրաշք է, չէ՞: Պատուհանիցս դուրս աշունն է թագավորում, Տերյանս էլ իր բանաստեղծություններով նույն աշունը, բայց իր տարբերակով, ներարկում է երակներիս մեջ: Ու էդպես հասնում է մինչև ուղեղ:

Չեմ դիմանում աշնան հմայքին: Ուզում եմ թողնել ամեն ինչ ու վազել դուրս: Վերցնում եմ Տերյանիս գիրքը ու դուրս գալիս տանից: Իմ սիրած տեղն եմ գնում: Ծառեր, ամենուրեք տերևներ ու մի քանի նստարան:

Ընթերցանության համար ավելի լավ միջավայր չես գտնի: Ինչ լավ է, երեխաներ էլ չկան, ձայներ չեմ լսի ու կլինեմ լրիվ մենակ: Կարդում եմ գիրքը ու զգում, թե ոնց է թախիծը կամաց-կամաց մոտենում: էհ, թող գա, ինչ անեմ: Երկար ժամանակ նույն տեղում մնացի, հետո վեր կացա, որ տուն գնամ: Էնքա՜ն հաճելի քամի է բարձրանում: Մնում եմ նույն տեղում կանգնած, երկու ձեռքով պինդ բռնում եմ գիրքս ու փակում աչքերս: Արևի շողերը հաճելի կերպով ջերմացնում են: Ըհը, մեկ էլ անձրև էր պետք կատարելության համար: Դե, չուշացավ: Առաջին կաթիլը փափուկ իջավ դեմքիս ու սկսեց սահել: Այնքան հաճելի էր, որ ակամայից ծիծաղս եկավ:

Աշունը հասցրել էր խելագարության: Գույները, անձրևը, արևը, քամի՜ն… Ազատության շունչն էի զգում: Միշտ ցանկալի ու միշտ հեռու ազատության: Հերթով կաթիլներն իջնում էին վրաս: Չեմ ուզում գնալ, ուզում եմ վայելել ամեն մի րոպեն, ամեն մի կաթիլը: Քամին ալիքների պես մազերս հետ ու առաջ է տանում: Տերևները հերթով օդ են բարձրանում: Ես ինձ զգում եմ բնության մի մասնիկ: Այ, կուզեի ես էլ տերևի պես լինեի: Թեթև՜, ազա՜տ… Սկսում եմ վազել: Տերևի պես եմ հիմա: Թեթև ու ազատ: Ու թքած, որ հաջորդ օրը ջերմություն եմ ունենալու, կարևորը Այս օրն է: Այսօր հոգիս լցրի բերկրանքով, զգացի ազատության շունչը ու հենց դա էր ինձ պետք:

lilit harutyunyan lchshen

«Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի…»

Հարցազրույց Լճաշենի ամենահայտնի մեղվաբույծ 85-ամյա Ազնիվ տատիկի հետ

-Տա՜տ, տատի, ա՜յ տատի, լավ էլի, մի քիչ պատմի էլի քո մասին,- ամբողջ օրը Ազնիվ տատի հետևից ման գալով` կրկնում էի ես:

-Քա, բալա ջան, ի՞նչ պատմեմ, էն յան գնա, թող գործ անեմ:

-Տա՛տ, մի քիչ պատմի, թե ո՞նց ես ընտրել մեղվաբուծությունը:

-Լա՛վ, զայլես տարար, արի, նստի` պատմեմ:

-Ինչո՞ւ որոշեցիր դառնալ մեղվաբույծ:

-Պապաս մեղվաբույծ ա եղել ու շատ մեղուներ ա պահել, բայց հո էդքանը մենակ չի՞ արե, մերս էլ ա օգնե: Երկուսով պահե՜լ-պահե՜լ են, ու փոքր վախտից հետևելով՝ իմ մեջ սեր ա առաջացել էդ գործի հանդեպ:

-Իսկ ինչպե՞ս են մեղրը ստանում:

-Մեղրի ռամկեն դնում եմ ստու մեջը ու մսաղացի նման ֆռռցնում եմ: Մեղրը հոսում ու ծորալով լցվում ա ամանի մեջը,- ինչ-որ կլոր ու կապույտ տակառ ցույց տալով՝ պատմում է նա:

-Տատի, բա ինչպե՞ս պիտի տարբերենք իսկականը արհեստականից:

-Երբ կուլ տանք բնական մեղր, կոկորդը կսկսի թեթև ծակծկել, իսկ արհեստականը՝ կոկորդում ոչ մե խատ էլ բան չի առաջացնա: Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի, իսկ արհեստականը՝ շաքարի:

-Իսկ քանի՞ մեղվափեթակ ունես:

-էս պահին, բալա ջան, ես 20 մեղվափեթակ ունեմ ու էս տարի մեղուներս 200 կգ մեղր են տվե:

-Իսկ գնորդներ կա՞ն: Դա գումար վաստակելու միջո՞ց է

-Առնողները շատ են, որովհետև եթե մեղր արտադրողը լավ մարդ ա, մեղրի որակը չի կարող վատը լինել, բայց եթե վայիս մարդ ա՝ ամեն ճար կանի, որ առնողին խաբի: Գիդե՞ս մարդս շուտվանից մահացեր ա, ու իմ աբրուստը ես վաստակում եմ մեղվաբուծության միջոցով:

Պատմությունը կարելի էր լսել անվերջ, հարցեր տալը` նույնպես, բայց զգացի, թե ինչպես էին սկսում փակվել Ազնիվ տատի աչքերը: Երևի հոգնել ու ձանձրացել էր իր միայնակ կյանքից, ծանր աշխատանքներից ու իմ երկար-բարակ հարցերից: Լուռ փակեցի դուռը ու դուրս եկա, որպեսզի չխանգարեմ նրա մուշ-մուշ քունը…

mane antonyan

Սահմանը երկինքն է

Ես Մանեն եմ, երկրորդ անունս՝ Կոլիբրի։ Մի անգամ ինձ ասացին, որ սատանայից վեց օր շուտ եմ ծնվել (ասում եմ` իմ մասին պատկերացումը լրիվ լինելու նպատակով)։

Երբ ինձ հարցնում են, թե ո՞վ եմ ուզում լինել, երբ մեծանամ, ասում եմ, որ ուզում եմ նախ և առաջ լավ մարդ լինել, իսկ հետո արդեն «արվեստի մարդ»։ Սիրում եմ նկարել, մեկ-մեկ էլ գրքեր եմ գրում։ Դե էլ չասեմ, թե ինչքան շատ եմ սիրում գրքեր կարդալ։

Ես այն սակավաթիվ մարդկանցից եմ, ով հավատում է, որ երազանքները իրականանում եմ։ Իմ կարծիքով, նման չեմ մնացածին, ու առանձնապես ցանկություն էլ չկա նմանվելու։ Մնացածի նման չունեմ նպատակներ, որովհետև երբ ունենում ես կոնկրետ նպատակներ, նրանց կատարվելուց հետո առաջ չես շարժվում, իսկ ինձ համար սահման կարող է լինել միայն երկինքը։

Երբ փոքր էի, արածս ամեն չարության համար ստանում էի համապատասխան պատիժ։ Օրինակ՝ ասում էին. «Գնա՛ սենյակդ, պառկիր քնելու»… Առաջին հայացքից անմեղ այս խոսքերն իմ ականջներում լսվում էին որպես դժոխային դատավճիռ։

Այժմ, երբ մեծացել եմ, հաճախ եմ երազում սենյակումս միայնակ մնալու, ամբողջ օրը քնելու մասին, ու չկա մեկը, ով այդպես ինձ «կպատժի»։

Երկար եմ մտածել, թե ինչու մանկությանս վախերը դարձել են իմ ցանկությունները, և հասկացել եմ. ամեն մի պատիժ սահմանափակում է մեր ազատությունը, և այն միտքը, որ իրավունք չունենք, ասենք, սենյակից դուրս գալու, մեզ ճնշում է։ Այնինչ, հիմա ես հաճախ փակվում եմ սենյակումս՝ ցանկություն չունենալով ինչ-որ մեկին տեսնելու։ Բայց մեկ է՝ այժմ էլ տանել չեմ կարողանում, երբ խոչընդոտում են ազատությանս։

Ի վերջո, այս կյանքն ապրում ենք մեկ անգամ, և արժի այն ապրել ազատ։

Ani asryan

Ժանգոտ կողպեքների ժամանակներում

Տխրություն, հույս, որը կարծես մարում էր դարերի հետ: Գյուղ, շատերի կողմից մոռացված: Գյուղ, որը դարերի պատմություն ունի:

Կործանված վա՞յր, չէ, սա հաստատ տեղին չի լինի այս գյուղի համար: Մի ճրագ, որը պահում է այստեղի շունչը: Վառվող մոմերի ծուխ, որ պատուհանից դուրս գալուն պես առավոտ ծեգին թակում է գյուղացիների դուռը և նրանց կանչում եկեղեցի:

Այո՛, ճիշտ նկատեցիք, մեր միակ հույսը Սուրբ Ստեփանոսն է: Միայն եկեղեցու կառուցումը գյուղին զարթոնք պարգևեց: Արտագաղթը գյուղում հասել է գագաթնակետին: Տներ, որոնց դռների վրա ժանգոտ կողպեքներ են ամրացված:

Ա՜խ, այս կյանքը, որ ստիպում է մարդկանց հեռանալ իրենց ծննդավայրից: Իսկ գիտե՞ք ինչու իմ և մյուսների ընտանիքները մնացին: Հայրենասիրությո՞ւն, ոչ դա չէ պատճառը: Պատճառն այն է, ինչպես ասում է տատս. «Մենք կարալ չենք էսքան տիժարությամբ ստեղծած ապրուստը թողանք ու քինանք»: «Ապրուստ», որը վաստակել են 4 կմ ոտքով անցնելով, հող մշակելով և ստացված բերքը սպասվածից ցածր գնով վաճառելով:

Այս ամենի միջով 10 տարի անցնում եմ ես: 7 տարեկանից ոտքով, ավտոբուսով, կամ էլ «պատահականով» ծնողներիս հետ գնում եմ դաշտ՝ Ունքնուկալեր: Հետաքրքիր է, չէ՞, անվանումը: Սա ժառանգություն է և այն էլ արյան գնով վաստակած: Ըղուվերձ, նաև դաշտերին են անուններ դրել՝ Ունքնուկալեր, Ուշտափա, Բհառու քոլ, Անի տափ, Մարահունջ, Տերտերի արտ, Լղատափ, Փահուրվանց, Գյոլկապ, Մեյդաններ, Դուզեր, Քիրատաշտ, Իրիմիս, Ճաճնի ալի սըռ: Բայց պապերը գյուղի անունըԴարբաս են կնքել: Դարբասը Օրբելյանների բնօրանն է: Պատմություն, որը այժմյան սերունդը պահպանում և սերտում է:

Այս տարի հայրիկիս հետ դաշտից ոտքով քայլում էինք գյուղ տանող ճանապարհով: Տեսանք զբոսաշրջիկներով լի ավտոբուս, նրանք կանգնեցին ու հարցրեցին.

-Բարև Ձեզ, որ խնդրենք, կասե՞ք ինչքան է այստեղից Սահյանի տուն-թանգարան տանող ճանապարհի հեռավորությունը:

-Մոտ 9կմ, բայց մինչև Լոր հասնելը երկու գյուղ կա,- ասացի ես:

-Երկու գյու՞ղ, իսկ ո՞ր գյուղերն են:

-Դարբասը և Գետաթաղը:

-Ինչ հպարտությամբ ես ասում Դարբաս,- նկատեց նրանցից մեկը:

-Իսկապես հպարտություն է, իսկ կա՞ էնպիսի մեկը, ով իր ծննդավայրով չի հպարտանում:

Նրանք իմ այս խոսքից հետո ժպտացին և առաջարկեցին ինձ ու հայրիկիս հասցնել գյուղ: Ճանապարհին ես ներկայացրեցի մեր գյուղի պատմությունը, և դա հետաքրքիր էր նրանց: Հետո առաջարկեցի շրջել գյուղով և տեսնել տեսարժան վայրերը: Նրանք չմերժեցին, ավելին, շատ ուրախացան իմ առաջարկից:

Ես շատ եմ սիրում իմ գյուղը, նրա պատմությունը: Մեր գյուղ ոտք է դրել անգամ Նժդեհը Զանգեզուրի պաշտպանության ժամանակ:

seda mkhitaryan

Ազատությո՞ւն, թե՞…

Քսանմեկերորդ դար՝ ազատության, ինքնուրույնության ու պայքարի ժամանակաշրջան։

Ու՞ր է տանելու մեզ այս ազատամտությունը: Մենք տարբերո՞ւմ ենք արդյոք ազատությունը ամենաթողությունից… Գուցե կան մարդիկ ովքեր` այո, բայց մարդկանց մի ստվար խումբ շփոթում է այս հասկացություններն ու բարդացնում իր և իր շրջապատի կյանքը։ Սա ինձ վախեցնում է։

Այս թեման ինձ սկսեց անհանգստացնել վերջերս, երբ հասակակիցներիս ու ինձնից փոքր երեխաների շրջանում սկսեցի նկատել մի երևույթ։ Բոլորը միաբերան ասում են, թե իրենք ազատ են և կարող են անել այն, ինչ ուզում են։

Մեր դասարանի շատ աշակերտուհիներ սկսեցին վիճել այն ուսուցիչների հետ, ովքեր «կհամարձակվեին» ինչ-որ կերպ նկատողություն անել իրենց՝ իրենց հագուկապի, սանրվածքի, և որ ամենակարևորն է, սովորելու վերաբերյալ։ Դասընկերուհիս գանգատվեց, թե ինչպես կուզի, այնպես էլ կգա դպրոց: Կուզի` մազերը արձակած կգա, կուզի` հավաքած, և դա ոչ մեկի խնդիրն էլ չէ: «Իրենց համար կարևորը պիտի գիտելիքներս լինեն և ոչ թե իմ արտաքինը»։

Ինչ որ տեղ ընդունեցի, հասկացա, բայց արդյո՞ք սա միշտ ճիշտ է։ Չէ՞ որ դու եկել ես դպրոց, նստած ես աշակերտական նստարանին և ունես որոշակի պարտականություններ, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք: Ավելի ճիշտ, չենք ուզում հիշել, որովհետև դա մեզ ինչ որ չափով սահմանափակում է: Այլ հարց են մեր իրավունքները. մենք դրանք անգիր գիտենք: Չնայած, որոշներն իսկապես չգիտեն, պարզապես իրենց ցանկացածը ներկայացնում են որպես իրավունք ու սկսում պաշտպանել այն։

Հնարավոր է` գտնվեն այնպիսի «ազատամիտները», ովքեր կքարկոծեն ինձ գրածներիս համար, բայց ես շարժվել եմ հենց ձեր սկզբունքով՝ ամեն ոք ունի իր ուրույն մտածելակեպը։

Sose Zaqaryan

Կարոտել եմ

Շատերի կարծիքով ուսանողական տարիները կյանքի ամենալավ տարիներն են: Ինչ խոսք`այո: Ավելի լավ ու երջանիկ են անցնում հատկապես այն ուսանողների համար, ովքել եկել են մարզերից և իրենք են իրենց «գլխի տերը»: Այդպիսի ուսանող եմ նաև ես: Ապրում եմ ընտանիքիցս հեռու: Ամեն առավոտ միայնակ դասի եմ գնում, վերադառնում: Ամեն անգամ հասարակական տրանսպորտ նստելուց մտածում եմ. «Կարո՞ղ է` սխալ եմ նստել, կարո՞ղ է` հանկարծ կորչեմ»: Միշտ մտածում եմ` տեսնես այսօր մերոնք ի՞նչ արեցին, ի՞նչ եղավ մեր բակում, և այլն:

Կարոտում եմ ամեն ինչը. բոլորին, նույնիսկ մեր թաղի հավերին: Կարոտել եմ այն տատիկին, ով միակ մարդն էր, ում տեսնում էի դպրոցից տուն ճանապարհին: Կարոտում եմ Աիդա տատիկենց բակում դրված սուրճի սեղանը, որտեղ քննարկվում էր մեր գյուղի բոլոր նորությունները, որտեղ նշվում էին լավ իրադարձությունները: Կարոտում եմ մեր պատշգամբը, որտեղից երևում էր մեր ամբողջ գյուղը: Կարոտել եմ մեր սպիտակ ճագարներին, որոնց հետ զրուցում էի ամեն օր:

Կարոտել եմ դասընկերներիս, նրանց հյուրասիրած աշխարհի ամենահամով մրգերը, որոնք չգիտես որտեղից էին հայտնվում նրանց մոտ դպրոցում: Կարոտել եմ ուսուցիչներիս, մեր երկար դասամիջոցները, առաջին դասարանցիներին: Հա’, հա’, մեր դպրոցի տաղավար, քեզ էլ եմ կարոտել: Կարոտել եմ մեր գյուղի ավտոբուսը, տատիկներիս պատրաստած ուտելիքները:

Բարի լուրեր եմ լսում մեր գյուղից` Դարբասից: Ասում են` եկեղեցու վերևի բակը ամբողջովին ասֆալտապատել են: Ուրախ եմ, որ մեր գյուղում բարեփոխումներ են կատարվում, որ օր-օրի բարգավաճում է ծննդավայրս:

Բայց փաստը մնում է փաստ, որ ես մայրաքաղաքը սիրեցի: Այստեղ կարողանում եմ մասնակցել տարբեր միջոցառումների, առօրյաս ավելի բովանդակալից է անցնում: Մայրաքաղաքում արդեն շատ ընկերներ ունեմ և հին ընկերներիս ավելի հաճախ եմ տեսնում: Զգում եմ, որ ինչքան էլ նոր ընկերներ ձեռք բերեմ, ավելի ու ավելի եմ սիրում իմ հին ընկերներին` գյուղի պարզ ու ազնիվ երեխաներին:

Սփոփվում եմ նրանով, որ միայն ես չեմ այս կարգավիճակում: Մարզերից եկած բոլոր երիտասարդներն էլ ունեն իրենց սիրելի բակը, տատիկի պատրաստած ուտելիքները, դասընկերներին և հարազատ շատ մարդկանց: