Ուղեկիցները 1
Նռնենին
90-ականներն էր: Արցախյան առաջին պատերազմը նոր էր ավարտվել, զինադադար էր։ Լոռու մարզի սրտում ապրող մի երիտասարդ, 18 տարին գլորելով, զորակոչվեց բանակ։ Ծնողները շատ անհանգիստ էին. սահմանին պայթյունավտանգ իրավիճակ էր։ Զորակոչվեց Արցախ, ունեցավ դաժան օրեր, չվերջացող մայրամուտներ և կարմիր լուսաբացներ։ Խաղաղ ժամանակ րոպեն՝ ակնթարթ, իսկ խրամատում դար էր թվում։ Կյանքը կարծես կանգ էր առել։ Բանակում նա ընկերներ ձեռք բերեց, որոնցից շատերի հետ երկար տարիներ շարունակվեցին խոսակցությունները հին օրերի դժվարությունների, կորցրած ընկերների և բանակային կյանքի մասին։
Անցան տարիներ, նրանք հասակ առան, կազմեցին իրենց ընտանիքները։ Երիտասարդը երկու դուստր ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ։
Երեսուն տարի անց նորից լսվեց պատերազմի ձայնը, անհանգստությունն ու տագնապը պարուրել էին ժողովրդիս, խուճապ էր տիրել երկրումս։ Հորս բանակային ամենամոտ ընկերը պատերազմի կիզակետում էր։ Ապրում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղից կարողացավ իր ընտանիքին տեղափոխել ապահով վայր։ Նրանց հյուրընկալեցինք մեր տանը։ Մինչև հիմա աչքերիս առաջ մեր ջերմ գրկախառնություններն են. կարծես հազար տարի էր, ինչ միմյանց ճանաչում էինք, այնինչ դա առաջին հանդիպումն էր։ Հիշում եմ երեխաների վախեցած հայացքները, ծեր կնոջ օրհնանքն ու աղոթքը, տղամարդու թախծոտ աչքերը, հույսը հաղթանակի նկատմամբ։ Ասում էր. «Մեր շենը մի դրախտ ա, ամեն քար ու խոտ ուրան նշանակությունը օնե։ Գյումք, նոռնը հսածա իլալ արդեն, մչա էլ շատ ա իլալ, մեր բուստանումն էլ կա ծառեր, կռեվը պրծնե, ծեզ Արցախի նոռնան պիրլանըմ»։
Պատերազմն ավարտվեց, հույսը մարեց, վերջին մխիթարանքը կորավ, սարսափելի իրավիճակ տիրեց ամբողջ երկրում, նամանավանդ Արցախում։ Այն, ինչ կատարվեց այդ 44 օրվա ընթացքում, երազ էր թվում, կամ էլ սարսափ ժանրի ֆիլմ էր հիշեցնում։
Վերջերս նորից հյուրընկալեցինք արդեն հարազատ դարձած ընտանիքին։ Թանկ նվեր ունեինք՝ նռան տնկի, Արցախի նռան տնկի։ Տարանք տնկեցինք մեր այգու ամենատաքուկ անկյունում։ Եվ այդ օրվանից մեր նռնենին դարձավ իմ ամենասիրելի ծառը, որովհետև այն Արցախից էր, հարազատ ու սուրբ Արցախից, որի համար իր կյանքը զոհեց նաև իմ եղբայրը։
Աշունն իմ պատուհանից
Քաղաքն այսօր տխուր է: Լուսաբացի վրա կարմիրով իր հետքն է թողել նախորդ օրվա մայրամուտը:
Ես գիտեմ, որ աշխարհի վրա ոչինչ հաստատ չէ…
Բացում եմ պատուհանը. դրսում շշուկներ են աշնան գալու մասին:
Ասում են` եկել է, բայց ինչու՞ այսքան ուրիշ, ինչու՞ այսքան կիսատված…
Այս աշնան գլխին կարոտներ են կախված, այս աշունը ծանր է շնչում, ու արտաշնչի պահը կարծես չի գալիս:
Շուտով, երբ քամիները դադարեն, աշունը կներկի քաղաքն իր գույներով, և այս լռությունը, որի մեջ ճիչերը խլացել են համատարած, կձուլվի աշնանը:
Շուտով, երբ վերջապես կլռի այս աղմուկը, ուզում եմ դուրս պրծնել խոսքերից այս սին և խաղաղվել:
Արկերի ձայները խլացնում են միտքը, բայց ոչ երբեք սիրտը…
Այս աշունը քայլում է ինձ հետ` բերելով երեկը…
Կտավն անավարտ է. նկարիչը չի շարունակել.
շարունակելու համար հոգի է պետք,
իսկ հոգուն` ապրեցնող մի որևէ բան:
Փողոցում այսօր վառվեց վերջին լապտերի լույսը…
Անկյունի սրճարանը, խանութում կուտակված հերթը, ծաղկավաճառը, շարժասանդուղքը, այս խարխուլ պատերը…
Թվում է` ամեն բան նույնն է, բայց ոչինչ էլ նույնը չէ. ոչինչ այլևս առաջվանը չէ…
Քաղաքն այսօր տխուր է:
Լուսաբացի վրա կարմիրով իր հետքն է թողել նախօրդ օրվա մայրամուտը…
Եվ ոչինչ էլ նույնը չէ
Պատմությունը կրկնվեց. իսկ աշխարհը, աշխարհը լռեց կրկին, լռեց իրեն բնորոշ յուրահատուկ ձևով, արդյունքում` մնացին միայն մեզ ապրել պարտավորեցնող հազարավոր անավարտ ճակատագրեր։ Դժոխային այս իրականությունից ենթագիտակցորեն խույս տալով, մտքերիս փոթորկոտ ծովում լողում եմ դեպի պատրանքների մեջ անցկացրածս կյանքի այն հատվածը, որտեղ «խաղաղություն» բառը ցանկություններիս վերջին ցուցակում էր, կյանք, որտեղ հերոսները միայն կինոներում էին, այնինչ իրական կյանքում այնքան հերոսներով էինք շրջապատված, որոնց պատերազմը խլեց, տարավ անվերադարձ, ինչպես ոռնացող ուժգին փոթորիկը արմատախիլ կաներ նորաբողբոջ այն ծաղիկին, որը դեռ փթթելու այնքան ցանկություն ուներ։
Ասում են՝ իմացյալ մահը անմահություն է, բայց, գրողը տանի, մեզ այդքան անմահներ պետք չէին… Մեզ, այսքան ցավից խելագարված, արյունի ծարավ վիրժառուներ պետք չէին: Եվ ոչինչ էլ նույնը չէ, բակում անվերջ վազվզող Չալոն կարծես երբեք չհանձնվելու նպատակով անվերջ փնտրում է իր տիրոջը, իսկ կարոտով որդուն սպասող ժպտուն դեմքով այդ կնոջ զվարթ աչքերը այժմ երկար տառապելուց հետո ցավից թորշոմած և կնճռոտված նայում են երկնքին, գուցե երկնային արդարություն ակնկալելու սպասումով…
Սա վատագույններից վերջինն էր, որ կարող էր պատահել: Սա պատմության ապտակն էր կրկին ու կրկին անգամ, սա մի նոր պայքարի սկիզբն է, և սա չավարտաված պատերազմ է։
Դեսից դենից
«Աստված և Հայրենիք»
«Հայաստան» կինոթատրոնում կայացավ «Աստված և Հայրենիք» գրքի շնորհանդեսը։ Հեղինակը` մասնագիտությամբ բանասեր Լալա Ղանդիլյանը, սկսել է ստեղծագործել դեռ վաղ դպրոցական տարիքից։ Սա բանաստեղծուհու առաջին գիրքն է։ Ինչպես նշեց`ստեղծագործություններում միշտ գերակշռել է հայրենիքի թեման։
-Գրելն իմ տարերքն է, սակայն երբեք չեմ մտածել գիրք ունենալու մասին։
Թե ինչպե՞ս ծնվեց գիրք տպագրելու գաղափարը` Լալա Ղանդիլյանը պատասխանեց.
-44 օրյա պատերազմ կոչվող արհավիրքը անջնջելի հետք թողեց հոգումս, և հոգեկան տառապանքներս բանաստեղծություններ դարձան։ Տղայիս մոտ միտք առաջացավ` ստեղծել գիրք` բարեգործական նպատակով։ Այսպես էլ «ծնվեց» իմ «Աստված և հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուն։

Ինչպես հավելեց բանաստեղծուհին, գիրքը կյանքի է կոչվել ընտանիքի ջանքերով, իսկ տպագրելու հարցում բոլորն օգնել են մեծ նվիրումով ու անշահախնդրորեն, քանի որ բարեգործական նպատակ է հետապնդել։ Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կծառայի 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորների ապաքինմանը։ Ժողովածուում տեղ են գտել հեղինակի աղոթքները, հայրենիքը գովերգող ու պատերազմում ընկած զինվորների հիշատակը հավերժացնող բանաստեղծություններ։ Հարցին` արդյո՞ք նախատեսվում է հետագայում ունենալ նոր ժողովածուներ, գրքի հեղինակը պատասխանեց, որ մշտապես ստեղծագործում է և ժամանակը հասունանալուն պես կունենա նոր գրքեր։ Շնորհանդեսի ավարտին Լալա Ղանդիլյանը «Աստված և Հայրենիք» բանաստեղծությունների ժողովածուն նվիրեց 44 օրյա պատերազմում զոհված տղաների հարազատներին։ Մեզ հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքը տպագրվել է 500 օրինակով։ Առաջիկայում կարող են ձեռք բերել ինչպես իրենից, այնպես էլ «Բուկինիստ» գրախանութների ցանցից։
Ջերմ աշուն
ԴՈՒ
Այնքա՜ն իրական և այնքա՜ն անգո ես դու,
Այնքա՜ն հպատակ և այնքա՜ն տեր ես դու,
Դիմացս հազար աչքեր եմ տեսնում,
Բայց, ավաղ, միայն քոնն եմ նկատում…
Աչքերդ, կարծես, ինձնից գողացած մի երգ են երգում.
Ինչ-որ անծանոթ, բայց շատ հարազատ մեղեդու ձայներ,
Մի բուռ ակորդներ, անիմաստ շարված, իրար են հրում,
Ու խզված ձայնով երկուտառանի մի բառ են ասում՝ ԴՈՒ…
Այնքա՜ն հարազատ և այնքա՜ն օտար ես դու,
Այնքա՜ն լիարժեք և այնքա՜ն կիսատ ես դու,
Քո լրիվությամբ ինձ կիսատ թողիր, որ քո կիսատով ես լրիվանամ,
Բարձրաձայն լռեմ ու անունդ տամ ու ինքս ինձնից միշտ դժգոհ մնամ…
Այնքա՜ն կրկնվող և այնքա՜ն տարբեր ես դու,
Այնքա՜ն հասարակ և այնքա՜ն ճոխ ես դու…
Ու իրարամերժ քո այդ տեսակով ստիպում ես գրչիս քո կողմը թեքվել,
Բոլորին հաղթող քո այդ հայացքով ստիպում ես միայն քո մասին գրել…
Եվ ես իմ կյանքում առաջին անգամ պարտվեցի իմ հպարտությանը,
Պարտությունս մեկն էր՝ խամրած տողերիս գույն տվող այդ երկու տառը.
Այդ ԴՈՒ-ն…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելիս, այցելեք նաև «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն, Ռուբեն Սևակի անվան թանգարան և Մկրտարան:
Գանձատանը պահպանվում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցու, այնպես էլ համաքրիստոնեական նշանակության սրբություններ, սրբերի մասունքներ, տարբեր դարերի հայ կաթողիկոսների հանդերձանքներ, խաչվառներ, ծաղկած մագաղաթներ և այլ հոգևոր գանձեր։













































