Ruzanna esayan

«Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել»

Իմ զրուցակիցն է մայրս` Լիաննա Բալյանը: Նա և հայրս` Գուրգեն Եսայանը, փախստականներ են, ովքեր գաղթել են Կիրովաբադ քաղաքից, որն այժմ անվանում են Գանձակ (Գյանջա):

-Մամ, ինձ միշտ ասել են, որ քո կյանքը բաժանված է մի քանի մասի. կբացատրե՞ս:

-Հա, կասեմ: Երբ 1988 թ.-ին ադրբեջանցիները հարձակվեցին Կիրովաբադի վրա` մեզ այնտեղից տեղափոխեցին: Մենք բնակություն հաստատեցինք Աբովյան քաղաքում, և երեք տարի այնտեղ բնակվելուց հետո ես ամուսնացա և եկա ապրելու Նոր Հաճնում:

-Վա~յ, իսկ այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր, երբ տեղափոխեցին քեզ: 

-14 տարեկան էի, յոթերորդ դասարանում էի սովորում:

-Մամ, բա դուք ո՞նց հասկացաք, որ կռիվը սկսվում է:

-1988 թվականի փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդեր էին սկսել: Լուրեր էին պտտվում, որ վաղ թե ուշ մեզ են հասնելու: Մեր դասարանում մի ադրբեջանցի աղջիկ կար, անունը` Մինա: Նա մի օր եկավ և ասաց, որ ադրբեջանցիները այդ օրը հարձակվելու են հայերի վրա: Մենք ուշադրություն չդարձրինք, ասացինք` խոսում է, էլի: Այնինչ նա ճիշտ էր ասում: Տուն վերադառնալիս փողոցներում աղմուկ էր, և բոլորը տուն էին վազում: Մայրս ասաց, որ արդեն հարձակվել են, ու պիտի արագ թաքնվեմ:

-Է~, մամ, փշաքաղվեցի, բայց մի քիչ էլ պատմի, հա՞:

-Դե, բալես, լսի: Մեծ աղմուկով մտնում էին փողոցներ, ինչ կար-չկար, ջարդում: Դրսում մարդ տեսնելիս այնքան էին ծեծում, մինչև մահանա, իսկ ովքեր չէին մահանում, մենք տանում էինք ոչ թե հիվանդանոց, այլ եկեղեցի, որովհետև հիվանդանոցը թուրքի թաղամասում էր: Երբ ամենը ջարդելով դուրս եկան հայկական թաղամասից, հայերը միախմբվեցին և ամիսներ շարունակ կռիվ տվեցին: Հիշում եմ, մի անգամ, գիշերվա երեքը կլիներ, արթնացա, և կողքիս ոչ ոք չկար, անգամ եղբայրս, ով 21 տարեկան  էր: Հագնվեցի ու միանգամից թռա դուրս և տեսա, թե ինչպես ծնողներս, եղբայրս և հարևանները մեծ կրակ էին վառել ու չորսբոլորը նստել:

-Մամ, վախեցա, բա որ տեսար կողքիդ մարդ չկա, չվախեցա՞ր: 

-Համ վախեցա, համ ցավ զգացի: Ճիշտ է, այնտեղ քիչ էր այն, ինչ հայկական էր, բայց դա իմ ծննդավայրն էր, որտեղ անցել էին իմ կյանքի 14 տարիները: Եվ դժվար էր այդ ամենը ուղղակի թողնել և հեռանալ:

-Բա դուք ո՞նց դուրս եկաք Կիրովաբադից: 

-Արդեն մի քանի ամիս էր, ինչ կռիվը սկսվել էր: Դեկտեմբերի 3-ին, լավ հիշում եմ, օգնության հասան ռուս զինվորները ու երեխաներին ուղղաթիռով տեղափոխեցին Հայաստան:

-Հա՞, բա ձեզ ո՞նց դիմավորեցին:

-Շատ լավ: Ով բարեկամ չուներ Հայաստանում, իրենց ուրիշն էր պահում, իսկ ով ուներ, գնում էր բարեկամի տուն: Ու հենց այստեղ մենք նոր կյանք մտանք, հատուկ փախստականների համար դասարաններ բացվեցին: Հիշում եմ այն երջանիկ պահը, երբ առաջին անգամ գրեցի «Ա» տառը: Ու բոլորս շատ ուրախ էինք, որ կարողանում էինք գրի առնել այն, ինչ խոսում էինք: Դե, այնտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն էինք սովորում, բայց խոսում էինք հայերեն:

-Մամ, որ հնարավորություն ունենաս գնալ քո ծննդավայր, առաջին հերթին ի՞նչ կանես: 

-Կգնամ մեր փողոց, կտեսնեմ, արդյոք կա՞ մեր տունը, դպրոցը, եկեղեցին: Կհիշեմ մանկությունս, ընկերներիս, մեր խաղերը, մի խոսքով այն, ինչ կատարվել է այն տարիներին:

-Իսկ հնարավորություն ունենալու դեպքում մի քանի տարի կմնա՞ս:

-Չէ, չեմ կարող: Ամեն անգամ այդ փողոցներով անցնելիս կհիշեմ կռիվը, ու ինձ անընդհատ կթվա, որ այն, ուր որ է, նորից կսկսվի: Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել: Չեմ կարող այնտեղ հանգիստ շնչել, կվերադառնամ իմ տուն ու հենց այստեղ էլ կապրեմ:

«Ցախկտրոցի»

Երկար ժամանակ չէի կողմնորոշվում,  թե ինչ թեմայով կարելի է գրել, մայրիկիս խորհրդով որոշեցի լուսանկարներ անել և պատմել լուսանկարներիս մասին:

-Է՜հ, Գևո՛րգ ջան, հել ասա` թող ցախ բերեն -թափեն,- ներս մտավ տատիկս և բարկանալով ասաց հայրիկիս:
-Շուտ ա, մա՛մ, շու՜տ ա,- պ ատասխանեց նա:

Բայց երկու օր անց բերեցին մեր ձմռան փայտը և սկսեցին կտրել:

Երևի ձեզ կհետաքրքրի, թե այս ամռան շոգին ի՞նչ ձմռան վառելափայտ: Իրականում ինձ միշտ հետաքրքրել է` ինչո՞ւ ամռանը:

-Տա՜տ, բա ինչի՞ ենք ամառն առնում:

-Սենց շատ հարմար ա, բալես, եթե ձմեռն առնենք, շատ թանկ կլինի, համ էլ ձմեռն էնքան առնող կլինի, որ մեզ հերթ չի հասնի:

Ես շատ եմ սիրում «ցախկտրոցին»: Բոլորը հավաքվում են, օգնում են իրար պատմում, ծիծաղում: Ամեն ինչ շատ ջերմ է: Գնացող-եկողը մաղթում է «առողջ օգտագործում»:
Երեկոյան արդեն գալիս են հարևանները, նստում են սեղանի շուրջ, խոսում են, հաց են ուտում և հանգստանում են օրվա ծանր աշխատանքից հետո:

artyom safaryan

Ֆուտբոլային կրքեր

Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ, շուտով կլրանա 18 տարեկանս, սակայն մարդիկ, նայելով մազածածկույթիս, փորձում են գուշակել, թե քանի երեխա է ինձ «պապա» ասում և անկեղծորեն զարմանում են` լսելով իրական տարիքս: Երբ դեռ հաճախում էի կարատեի, մրցումների ժամանակ հաճախ վիճում էի մրցավարների և այլ մասնակիցների հետ տարիքիս հարցով: Հաճախ ասում էին.

-Գոնե թրաշվի, այ տղա, ոնց որ մոջահեդ լինես,- ինչին հնչում էր պատասխան.

-Թրաշը մարդկանց մեջ սարսափ է ներշնչում:

Ես ունեմ ընդամենը մի մոլուցք, որն, ի տարբերություն իմ հասակակից ստեղծագործ պատանիների, ոչ թե գիրքն է, կամ կինոն, կամ էլ, առավել ևս, փիլիսոփայությունը, այլ մի պարզ խաղ, որտեղ 22 միլիոնատեր վազում են 1 գնդակի հետևից և ուզում են այն ուղղել ուղղանկյուն դարպասների մեջ: Ճիշտ գուշակեցիք, դա ֆուտբոլն է. խաղ, որն ինձ ուղեկցում է ամենուրեք. և տանը, և դրսում, և նույնիսկ պարապմունքների ժամանակ, երբ ուսուցիչս աղաչում էր, որ ես սովորեմ «թոփիկը», իսկ ես մերժում էի, պատճառաբանելով, որ երեկոյան խաղում է Բարսելոնան, Բավարիան կամ էլ Արսենալը:

Մեր հարևանները հաճախ ասում են, որ խաղերը չեն նայում, քանի որ հաշիվը կարող են գուշակել մեր գոռոցներից: Սիրում եմ վերլուծել ֆուտբոլը և հաճախ գրում եմ ուղղակի ինձ համար, իսկ ամեն պարապմունքի գնալս ուղեկցվում էր մտքում չեմպիոնների լիգայի վերլուծությամբ: Ես ունեմ երազանք, որ նույնպես կապված է ֆուտբոլի հետ: Ես երազում եմ գեթ մեկ անգամ հայտնվել Einfield  մարզադաշտում և պարուրվել այդ ֆուտբոլային դարբնոցի ոգով և մեկնաբանել այնտեղ որևէ հանդիպում: Այսպիսին եմ ես, և եթե հետաքրքրեցի, կարող եք դիմել: Սիրով, Արտյոմ Սաֆարյան:

ani avetisyan portret

Եվ փոխվել եմ, և չեմ փոխվել

Մարդու կյանքը հիշողությունների մի ողջ շղթա է, անցնում են օրերը, և ներկան դառնում է անցյալ՝ թողնելով միայն հուշեր…

…Թերթում եմ լուսանկարներիս ալբոմն ու հիշում մանկությունս: Որքա՜ն ջերմություն ու սեր կա այդ լուսանկարներում, որքա՜ն սեր կար այդ օրերում…

Հիշում եմ, գրեթե տասը տարի առաջ, երբ ընդամենը հինգ-վեց  տարեկան էի, աշխարհն ինձ համար այնքան գունավոր ու պարզ էր, այնքան անկեղծ… Հիշում եմ՝ ինչպես էի երազում քրոջս ու եղբայրներիս պես դպրոց գնալ, բարձր գնահատականներ ստանալ: Այսօրվա պես հիշում եմ առաջին սեպտեմբերս ՝ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը: Նստել էի դպրոցական նստարանին ու մտածում, որ նոր կյանք է սկսվել ինձ համար… Եվ իրոք դա մի նոր կյանք էր՝ նոր գույներով ու պատկերներով: Տասը  տարի առաջ բացվեց իմ առջև գրքերի կախարդական աշխարհը, որն այսօր էլ իմ անբաժան ուղեկիցն է: Տասը տարի առաջ փոխվեց իմ կյանքը: Մի կողմ դրեցի սիրելի խաղալիքներս ու ձեռքս գրիչ վերցրեցի:

Արդեն տասը տարի է անցել: Տասը տարի… Այն այնքան երկար է  թվում, այնինչ ընդամենն ակնթարթ էր, որն անցավ՝ դառնալով հիշողություն: Անցած տասը տարիների  մասին  այսօր պատմում են   միայն հուշերս, լուսանկարներս և  այդ տարիներին ստացած և մինչ այսօր մնացած գիտելիքներս ու տպավորություններս:

…Երբեմն հետ եմ նայում ու փորձում համեմատել ինձ՝ տասը տարի առաջ և այսօր: Փոխվել է թե՛ արտաքինս և թե՛ ներաշխարհս: Այն ժամանակ անհոգ ու անփորձ երեխա էի և միակ զբաղմունքս էլ խաղալն էր, իսկ այսօր  արդեն քիչ թե շատ ճանաչում եմ աշխարհն ու մարդկանց, տարբերում լավն ու վատը, այսօր ես ունեմ հստակ նպատակներ և ձգտում՝ դրանց հասնելու… Այդ օրերից տասը տարի անց՝ այսօր, ես արդեն սովորում եմ ավագ դպրոցում՝ նոր հույզերով ու երազներով լցված: Տասը տարի անց ես բոլորովին այլ կերպ եմ տեսնում ու պատկերացնում աշխարհը:

Դպրոցական կյանքիս առաջին գարնանից տասը տարի անց աշխարհն այնքան էլ չի փոխվել ինձ համար: Նորից նույն գարուններն ու նույն աշուններն են, նույն երկինքն ու աստղերը: Ամեն ինչ գրեթե այնպիսին է, ինչ տասը տարի առաջ էր, միայն մարդիկ են փոխվել, այդ նրանք են սկսել  այլ կերպ տեսնել աշխարհը… Ես էլ բացառություն չեմ:

Հիշում եմ, թե տասը տարի առաջ որքան  էի սիրում  նստել բակում ու հաշվել աստղերը, երազում էի մի օր վերջապես հաշվել բոլորը, երազում էի տեսնել, թե ինչպես են վայր ընկնում աստղերը, և թե ինչ է լինում դրանից հետո: Այս բոլորն անցյալում  էր, այսօր արդեն գիտեմ, որ հաշվել աստղերն անզոր եմ, որ աստղերը չեն ընկնում… Բայց  երազանքներս այնքան էլ չեն փոխվել, ուղղակի այժմ ես ցանկանում եմ ոչ թե հաշվել աստղերը, այլ տեսնել դրանք, այնտեղ՝տիեզերքում…

Հետ եմ նայում ու հասկանում, որ տասը տարի առաջ և անց՝ և՛ փոխվել եմ, և՛ չեմ փոխվել…

Պապայի «անվախ» աղջիկ

Ես մի մարդ եմ, ով տանել չի կարողանում ոչ մի  տեսակ կենդանի: Չգիտեմ ինչ, բայց հաստատ ինչ-որ բան ինձ վանում է կենդանիներից, միգուցե դա վա՞խն է, չէ, բայց ես այդքան էլ վախկոտ չեմ, ոնց մտածում է հայրս: Ես իմ  ինքնավստահ բնավորության համաձայն ու ինչ-որ տեղ հայրիկիս ապացուցելու համար, որ վախկոտ չեմ, վերցրի  իմ անբաժան ընկեր  ֆոտոապարատը  և սկսեցի նկարել կենդանիներ: Աստվա՜ծ իմ, ես ինձ իմ ձեռքով կրակը գցեցի, թե ինչու, պատմությունս լսելով կհասկանաք:
Նախ սկսեմ նրանից, թե ինչու հայրս սկսեց ինձ վախկոտ համարել: Այսօր առավոտյան, երբ  աչքերս բացեցի, անկողնուս վրա մի  ոզնի էր  նստած և ուշադիր ինձ էր նայում: Վախից այնպես բղավեցի, որ մեր տանը  կից ապրող հարևանի փոքրիկը քնից արթնացավ ու սկսեց լաց լինել: Հայրս լսեց բղավոցս և իր կատակից  բավարարված` բարձր ծիծաղելով ներս մտավ ու սկսեց ինձ «վախկոտ», «թույլիկ» կոչել: Ես  շարունակ փորձում էի համոզել, որ վախկոտ չեմ, բայց  դե ինչ արած, ինձ  այնպես էի պահում, որ  հայրիկիս թվար  համակերպվել  եմ  վախկոտ լինելու մտքին: Մի պահ  փորձեք  հասկանալ`  ներսումս  ինչ  էր կատարվում. իմ գլխում իրարանցում  էր սկսել,  ու ես  շարունակ ելք էի  փնտրում մականուններից ազատվելու համար: Այդ պահին  հիշեցի «Մանանա» կենտրոնի մասին ու մտածեցի օրս  լցնել արկածներով` հետաքրքիր նյութ ստանալու համար:
Հայրս նստած թերթ էր կարդում, երբ ես,  մտքումս  ձևակերպելով  հարցս, մոտեցա նրան:
-Պապ, քեզնից կարո՞ղ եմ մի  բան խնդրել:
-Գումար չունեմ, գնա այստեղից:
-Է՜,  պապ, ի՞նչ գումար, այս  անգամ խնդրանքս տարբերվում է մնացած  բոլոր անգամներից:
-Ամեն անգամ նույն  երգն ես երգում, բայց ի՞նչ ասեմ, խնդրիր:
-Պապ, դեռ մտածում ես վախկոտ ու թույլի՞կ եմ:
-Վայ, մոռացել էի, իմ վախկոտ ու թույլիկ աղջիկ, խնդրիր ինչ-որ կուզես:
-Պապ, ես  ուզում  եմ  կենդանիներ  նկարել, ու վատ չի լինի, որ  ինձ  հետ  գաս:
-Նկարե՞ս, բայց  դու  չե՞ս  վախենում:
-Ե՞ս, վախենա՞մ, չի կարող այդպիսի բան  լինել, ես ուժեղ աղջիկ եմ:
-Դե ուրեմն,  գնացինք:
Ես  սկսեցի ամենաանվնաս կենդանիներից: Պապիկիցս թաքուն  ես ու հայրս մտանք մեր հին ախոռ, որտեղ պապիկս պահում է  իր աղավնիներին: Մի քանի գեղեցիկ նկար ստանալուց հետո նկարեցի բադիկին, հետո բոլոր այն կենդանիներին, որոնց հանդիպեցի ճանապարհիս: Ամեն ինչ  հարթ էր ընթանում, ես նույնիսկ  սկսեցի  սիրել կենդանիներին:
Արդեն մութն ընկել էր, և ես ու  հայրս որոշեցինք  տուն  գնալ: Ես հարցրի  հայրիկիս.
-Ի՞նչ կասես, պա՛պ, հիմա էլ եմ վախկո՞տ:
-Բա ի՞նչ ես, է, դե եթե այդքան անվախ ես, արի  գնանք առավոտյան վախդ չափած ոզնուն նկարի:

Ես  համաձայնվեցի` չմտածելով` ինչ կրակի մեջ եմ ընկնում: Նկարելու  ժամանակ ոզնին հանգիստ նստած էր, և ես  որոշեցի մի քանի նկար մոտիկից նկարել: Նկարելու ժամանակ  ոզնին դուրս թռավ ու իր ճանկերը խրեց  թևս, ճիշտ է շատ ցավեց, բայց  կարևորը  նկարեցի  ոզնուն դուրս գալու ժամանակ: Դա էլ հերիք չէր, նկուղից  դուրս գալու  ժամանակ  տրորեցի  շան  պոչը, մի կերպ պրծա, մինչև  տուն  շան պատճառով բղավելով վազել եմ: Երբ հայրս հասավ տուն, ասաց.
-Պապայի անվախ աղջիկ, արի  գրկեմ, թույլի՛կս:
-Է՜,պա՜:
Անունս  էլ մնաց  «թույլիկ», բայց  ես  համոզվեցի, որ ատում եմ  բոլոր կենդանիներին:

anjel torosyan

Էնտեղ Հայաստան չէր, էստեղ է Հայաստանը

Հարցազրույց տատիկիս՝ Եղիսաբեթ Բարսեղյանի հետ։

-Ես գիտեմ, որ դու ծնվել ես Իրանում։Մի քիչ պատմիր Իրանից։

-Ես ծնվել եմ Իրանում, Սպահան նահանգի Փերիա գավառի Հազարջրիբ գլուղում։Ընտանիքս կազմված էր 10 անդամից ՝ մայրս, հայրս, հորեղբայրս իր ընտանիքով,  ես ու երկու եղբայրներս։

-Արմատներով որտեղի՞ց ես։

-Արմատներով հենց Հազարջրիբից եմ։

-Մի քիչ պատմիր եղբայրներիցտ։

-Եղբայրներիցս մեկը Ամերիկա է։ Ունի 3 տղա և 1 աղջիկ։Աղջիկը Էջմիածնում է ապրում, իսկ տղաները իր մոտ են։Մյուս եղբայրս էլ Վանաձորում է ապրել։

-Ինչպիսի՞ կրթություն ես ստացել և ի՞նչ մասնագիտություն ունես։

-Կրթություն չեմ ստացել մասնագիտություն էլ չունեմ։ Էն ժամանակ ո՞վ գրել կարդալ գիտեր, որ ես իմանայի։

-Ինչպե՞ս և ե՞րբ ես ամուսնացել պապիկի հետ։

-Երեք ամիս նշանը դրած է եղել, հետո Պետրոսը աշնանը եկել է ամուսնացել ենք։1950 թվականին ենք ամուսնացել։

-Պապիկից առաջ ուրիշ ինչ-որ մեկին հավանել ե՞ս։

-Ոչ, Դաջան ո՞վ կար որ հավանեի։Խոյգանից երու հոգի եկան, ասեցի լավը չեք հետ գնացեք։

-Քանի՞ երեխա ես ունեցել։

-7 երեխա ՝ 2 աղջիկ, 5 տղա։

-Բոլոր երեխաներտ էլ Իրանու՞մ են ծնվել։

-Այո։

-Ինչու՞ եկաք Հայաստան և քանի տարեկան էիր այդ ժամանակ։

-Եկանք Հայաստան,  որ լավ ապրենք, էնտեղ Հայաստան չէր, էստեղ է Հայաստանը։ Երեսուն տարեկան էի , երբ եկանք Հայաստան։

-Ինչու՞ որոշեցիք հենց Աշտարակում ապրել։

-Տեգրս եկավ, սկեսրայրս եկավ, ես էլ եկա։

-Որտե՞ղ էր ավելի լավ Իրանու՞մ, թե՞ Հայաստանում։

-Հայաստանում։Իրան ի՞նչ կար էն ժամանակ որ, հիմիկվա նման կռիվ որ էլի։

-Եղբայրներտ ԱՄՆ-ում են։ Ինչու՞ դու նույնպես չմեկնեցիր ԱՄՆ մշտական բնակության և ինչու ՞ հիմա չես մեկնում։

-Գնայի ենտեղ ի՞նչ անեի։ Եկել եմ եստեղ լիացել եմ որ գնայի ենտեղ։ Աշնանը ուզում եմ գնալ երեխաներիս մոտ հետ գամ, բայց մնալու մտադրություն չունեմ։

sona zaqaryan

Երևանյան ամառները

-Շա՜տ շոգ ա:

-Հա, շա՜տ-շա՜տ, բայց կարևորը, որ տատիկի մոտ կլինենք:

Ամեն անգամ Երևան գնալիս այս նույն խոսակցությունն է ծավալվում իմ և եղբորս միջև: Գուշակեցի՞ք, թե ինչու ենք ամեն ամառ գնում Երևան: Դե, իհարկե, մեր սիրելի տատիկի մոտ: Մայրիկիս մայրիկը, որի անունը Ասյա է, մեզ շա՜տ է սիրում: Ճիշտ է, նա չորս թոռնիկ ունի, բայց յուրաքանչյուրի հանդեպ էլ առանձնահատուկ սեր և մեծ հոգատարություն է ցուցաբերում: Երբ մոտենում ենք դռանը և զանգը տալիս, գիտենք, որ մեր սիրելի տատիկը ուր որ է կբացի և կասի մեր շա՜տ սիրելի ու ավանդական դարձած նախադասությունը.

–Մատաղ լինեմ ձեզ…

Երբ մտնում ենք տուն, ամեն ինչ այնքա՜ն հարազատ է, չէ՞ որ մանկության ուրախ հուշերի մեծ մասը այդ տան ու իմ բարի տատիկի հետ է կապված: Ահա հյուրասենյակում դրված է հին, բայց հիշողություններով  լի մայրիկիս դաշնամուրը, որն  անհամբեր սպասում է, թե երբ պետք է իրեն նվագեն: Ահա իմ մանկության լուսանկարներից մեկը, որտեղից կարծես ժպտում եմ ինքս ինձ: Ահա պատշգամբից երևացող Արա լեռը,  որը հպարտ կանգնել է և վսեմ հայացքը ուղղել մեզ վրա: Ահա և պատշգամբի պատին խնամքով նկարված նկարները, որոնք մեր մանկությունից են մնացել:Եվ վերջապես, ահա և տատս, ով նայում է ինձ՝ իր գեղեցիկ և կանաչ աչքերով, որոնք ամենևին էլ իրենց փայլը չեն կորցրել տարիների ընթացքում, և ժպտում է՝ լցնելով իմ սիրտը անսահման բարությամբ: Տատս, ով իր կյանքում շա՜տ դժվարություններ է տեսել և կարողացել է հաղթահարել դրանք, ամենևին էլ չի ընկճվել և շարունակել է կյանքին նայել իր բարի ու գեղեցիկ կանաչ աչքերով և ապացուցել, որ բարությունը հաղթում է ամեն ինչին: Ես միշտ հիացել ու հպարտացել եմ նրանով` նրա անկոտրում կամքով, նրա բարությամբ ու գեղեցկությամբ: Նա լցրել է իմ Երևանյան ամառները իր քնքշությամբ ու հոգատարությամբ:

Տատիկիս պատրաստած համեղ ճաշատեսակների մասին բոլորը գիտեն, իսկ նրա պատրաստած տոլման՝ մատներդ էլ հետը կուտես, էլ չեմ խոսում բուտերբրոդների մասին: Անգամ թոռնիկներով որոշել էինք, որ տատիկի հետ պետք է բուտերբրոդներ պատրաստենք ու վաճառենք, այն էլ շատ թանկ գնով: Երբ տատիկը հարցնում էր, թե ինչո՞ւ ենք ուզում այդքան թանկ վաճառել, մենք պատասխանում էինք.

–Որովհետև տատիկի կախարդական ձեռքերով են պատրաստվել:
Տատիկն էլ մեղմաբար ժպտում էր ու գրկում բոլորիս:

Հիմա տատիկն էլ է մեծացել, մենք էլ: Հիմնականում չի ստացվում, որ բոլոր թոռներով տատիկի հետ լինենք: Դե, ինչ կարող ենք անել, ցավոք մանկությունն էլ է ավարտվում: Այնքա՜ն կուզեի, որ այն հավերժ լիներ…
Երևանյան ամառները իմ կյանքի ամենալուսավոր ու ամենասիրելի պահերն են եղել: Գուցե ամեն ինչ վերանա, և ոչինչ հավերժ չլինի, բայց հիշողությունները հավերժ մնում են մեր սրտերում: Իսկ երևանյան ամառները հավերժ կմնան իմ սրտում, որպես մանկության ամենաթանկ հուշեր…

arpine khachatryan-2

Ինչն ինչից է սկսում

Շատերս ունենք ընկերներ, ծանոթներ, որոնց ընտանիքը «կիսատ» Է: Իսկ ինչո՞ւ հեռու գնալ: Հայկական ընտանիքների 90 տոկոսը այդ վիճակում է, և մեր հարազատներից շատերն էլ այստեղ չեն: Դա շատ ցավալի է:

Մտածե՞լ եք արդյոք, ի՞նչը կարող է պատճառ դառնալ այդ մարդկանց արտագաղթին: Հիասթափությո՞ւնը, թե՞ անտարբերությունը: Կարծում եմ՝  երկուսն էլ պատճառ են դառնում այդ ցավալի փաստին:

Օրինակ՝ կառավարության անդամներին չի հետաքրքրում Հայաստանի գյուղերում ընտանիքներին աշխատատեղերով ապահովելու հարցը: Նրանց չի հետաքրքրում, թե արդյո՞ք կարողանում են ապրել այդ մարդիկ:

Փաստն այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են, չեն ստանում այնքան գումար, որով կկարողանան պահել ընտանիքին, հոգալ կարիքները, ինչու չէ, մի քիչ էլ մարդավայել ապրել: Եվ մարդիկ, հենց այդ անտարբերության զոհը դառնալով, մեկնում են արտագնա աշխատանքի, հույս ունենալով, որ կկարողանան հոգալ կենցաղային խնդիրները:

Շատերս երևի մեր հոգու խորքում ունենք մի նպատակ, մի մասնագիտություն, որը հասանելի չէ մեր ընտանիքի ֆինանսական միջոցներին: Մենք չենք ընդունվում այն կրթական հաստատությունը, որտեղ միշտ  ցանկացել ենք սովորել, այլ ընդունվում ենք մի տեղ, որը ապագայում մեզ ինչ-որ չափով կֆինանսավորի: Բայց արդյո՞ք դա ճիշտ է, ինչու՞ պարզապես  հուսախաբ լինել, և չփորձել փոխել ինչ-որ բան: Ինչևէ: Հիասթափության պատճառով շատերը պարզապես չեն վայելում ո՛չ իրենց ուսումնական կյանքը, ո՛չ էլ հետագայում սիրով և հաճույքով լաշխատեն: Ցավալին այն է, որ եթե այսպես շարունակվի, վաղն իրենք էլ հրաժեշտ կտան իրենց երազանքին և կբռնեն արտագաղթի ճամփան: Սթափվել է պետք և ինչ-որ բան փոխել:

mane m sargsyan

Նորի հինը

Վախենում եմ… Չեմ քնել գիշերը… Անհանգիստ եմ… Տարօրինակ է, հանգիստ եմ… Լացս գալիս է… Լավ է լինելու…

Իմ լսողական ընկալիչը արդեն սովորել էր համարյա ամեն պահի այս նախադասությունները լսելուն:

Սովորական դարձած այս բառերի խումբը, որը անհանգիստ իմաստ էր արտահայտում, շատերի համար անսովոր էր:

-Ինչքան են անհանգիստ: Հլա տեսեք` ոնց են նիհարել:

-Նիհարե՞լ,- մտածում էի ես,- ի՞նչ եմ արել, որ նիհարեմ: Հա, ճիշտ է, պարապում եմ, բայց հա հետո ի՞նչ: Չնայած երևի ամենածանր գործը հենց այդ պարապելն է, եթե իրոք պարապում ես, ոչ թե զբաղվում մտավոր մարզանքով, իբր ֆիզիկականն ավարտել ես:

-Քիմիան և կենսաբանությունը ուղեծրից դուրս առարկաներ են: Չփորձեք համեմատվել մյուս պարապողների հետ: Քիմիան իր մեջ ներառում է և ֆիզիկա, և մաթեմատիկա, և հայոց լեզու, և կենսաբանություն,- ասում էր մեր ուսուցչուհին:

Առաջին քննությանը կարող ենք ասել ցտեսություն: Վերցնել նրա հետ կապված բոլոր հիշողությունները և պահել մեծ կիսագնդերի մի անկյունում, իսկ նյութականը` նկուղի խուլ անկյունում, կամ էլ օգտագործել որպես թուղթ` այրելու համար:

Բացումն արված էր: Կարծում եք հաջորդին արդեն վախ, անհանգստություն չկա՞ր: Գիտեք, եթե այսպես մտածեք, շատ կսխալվեք, քանզի անհանգստությունը եռապատկվել, քառապատկվել էր, և առանց դեղահաբի այդ վիճակից հեշտորեն չէինք կարող դուրս գալ:

-Արդեն փորձ ունեք, ավելի հեշտ կլինի:

Իսկ ոչի՞նչ, որ պատասխանատվությունը ավելի է մեծանում և բարձր ստանալու գաղափարը սկսում է զբոսնել մտքում: «Պատվի հարց է»,- այսպես են ասում մեծերը:  Մենք պատվով հաղթահարեցինք: Եվ հիմա էլ պատվով վայելում ենք մեզ հասանելիք արձակուրդը: Հաջողություն բոլոր նրանց, ովքեր ընդունվեցին այս տարի:

«Կռվում» հաղթեցինք, մնում է «պատերազմը»:

Կանաչ ճանապարհ…