արամ հարությունյան

Շատ երկար մի տարի

Այս մեկ տարվա ընթացքում ես շատ եմ փոխվել: Սակայն ես չէի զգում դա, և դրա համար ես խնդրեցի, որ ինձ օգնեն, ասեն,  թե ինչով եմ լավացել և ինչով եմ վատացել: Ես այս մեկ տարվա ընթացքում սկսել եմ ավելի ուշադիր լինել, քան թե առաջ (բայց այդ չի նշանակում, որ շատ եմ ուշադիր դարձել): Ես ավելի եմ խելոքացել, սակայն միաժամանակ ես ծույլիկացել եմ: Եթե առաջ ես դասերս ավելի շատ էի անում, բայց սխալներով, ապա հիմա ես ավելի քիչ եմ անում քան թե պետք է: Ես ավելի եմ լավացրել իմ անգլերենը, բայց թուլացրել եմ իմ մաթեմը: Ես շատ-շատ բոյովացել եմ: Սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել տարբեր սպորտաձևերով (այ, օրինակ, մարտեր առանց կանոնների սպորտաձևով): Ես արդեն ավելի քիչ եմ անցկացնում ժամանակս համակարգչի առաջ, բայց դեռ տեղ կա ավելի քչացնելու համար:

Առաջվա Արամից շատ քիչ բան է մնացել: Հիմա ես պատրաստվում եմ շատ լավ սովորել, որ կարողանամ ապացուցել ինքս ինձ, որ ես կարող եմ հաղթահարել իմ վախերը և դժվարությունները:

Մանկության տարիներին ես շատ էի վախենում էակներից, որոնք գոյություն ունեին միայն իմ գլխում: Ես կարող էի տեսնել հրեշ մթության մեջ կամ էլ անհասկանալի դեմքերով երեխաներ: Հիմա ես այլևս չեմ վախենում այդ վախերից, սակայն մի քանիսը իմ գլխից չեն դուրս գալիս դեռ:

Ես մինչև հիմա կարող եմ քայլել մութ փողոցում ու տեսնել սև շորերով անհասկանալի էակի: Ես սկսել եմ ուշադրություն չդարձնել այդ էակների վրա: Հասկանում եմ, որ ինքս եմ հորինում: Բայց մեկ-մեկ ուշ գիշերը ես տեսնում եմ մթության մեջ շատ վախենալու էակներ, որոնք չեն ուզում հեռանալ այդ տեղից, նրանք քարացած կանգնած ինձ են նայում ու վերջիվերջո հեռանում են, կամ էլ ես ինքս եմ լույսը միացնում, որ համոզվեմ, որ իրենք գոյություն չունեն:

Արամ Հարությունյան
13 տարեկան

ելզա զոհրաբյան

Ձեզ համար աղբ է, իսկ մեզ համար կարևոր բան

Երբ լսում եմ, որ մայրիկս իմ սենյակից բարձր ինձ է կանչում, գիտեմ, որ կամ տեղափոխություն է անելու իմ  սենյակում  կամ  դարակներս է դասավորելու:

Այս անգամ երկուսն էլ ես նրան խնդրեցի, որ չանի, բայց նա ինձ չլսեց: Ճանաչելով մայրիկիս, գիտեի, որ նկարներիս և իրերիս կեսը աղբաման է նետելու: Ասացի` սիրածս իրերը թաքցնեմ: Հաջորդ օրը փնտրեցի-փնտրեցի բառատետրս, բայց չգտա: Չմտածեցի, որ մայրիկս աղբամանն է նետել: Երբ գնացի դպրոց, դասատուն  բարկացավ ինձ վրա, քանի որ բառատետրս մոռացել էի:

Եկա տուն, մայրիկիս ասացի, թե ուր է բառատետրս, նա պատասխանեց, որ ինքն է աղբամանը նետել: Եվ ես  ստիպված եղա բոլոր հոմանիշները, հականիշները, համանունները և դարձվածքները նորից գրել:

Էլզա Զոհրաբյան
11 տարեկան

արթուր համբարձումյան

Խնդրանք բոլոր ծնողներին

Սիրելի ծնողներներ, պատկերացրեք, թե ես այսօր երեխաների իրավունքների պաշտպանն եմ: Ես ուզում եմ ձեզ բոլոր երեխաների անունից դիմել.

Խնդրում եմ, մեր հանդեպ անտարբեր մի եղեք: Օրինակ` թույլ տվեք մեզ արտահայտելու մեր կարծիքը: Լինում է այնպես, որ ծնողները դժվար իրադրությունից փորձում են ելք գտնել, և երբ իրենց երեխան էլ է ուզում իր տարբերակը առաջարկել, չեն լսում:  Եվ երբ ելքը գտնում են, կամ լուծումը, պարզվում է` միայն իրենց մասին են մտածել, երեխայի շահերը հաշվի չեն առել:

Խնդրում եմ նաև` դուք էլ ուրախացեք ձեր երեխայի հետ: Այսպես եմ ասում, որովհետև ես այսօր` հունիսի 1-ին, երբ քայլում էի փողոցներով, տեսա շատ ծնողների, որոնց երեխաները վազվզում էին, ուրախանում, իսկ մայրիկները կամ տատիկները թթված դեմքերով գնում էին իրենց երեխաների հետևից, մտածելով, թե երբ պետք է այս օրը վերջանա, և իրենք գնան տուն:

Մեկ խնդրանք ևս` կատարեք ձեր երեխաների փոքրիկ ցանկությունները: Կան ծնողներ, որոնք ափսոսում են նույնիսկ 100 դրամ ծախսել իրենց երեխայի խնդրած պաղպաղակը կամ «ադիբուդին» գնելու համար, և անգամ տեսնելով, որ երեխան լաց է լինում, մեկ է, չեն փոխում իրենց որոշումը:

Եվ այսպես, նորից եմ խնդրում. ուշադիր եղեք ձեր երեխայի հանդեպ: Թույլ մի տվեք, որ նրանք նեղանան ձեզանից: Դուք հաճախ եք ձեր մանկության մասին պատմելիս հիշում, թե ինչ բարի հայրիկ կամ մայրիկ ունեիք, ոնց էին նրանք ձեզ զբոսանքի տանում, ձեր խնդրանքները կատարում: Այնպես արեք, որ վաղը  ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին մանկության մասին  պատմելիս, հիշեն ձեր արած բոլոր լավ բաները:

Հուսով եմ, չնեղացաք:

Սիրով բոլոր երեխաների անունից`

Արթուր Համբարձումյան
12 տարեկան

գեւորգ հովհաննիսյան

Երեխաները բոլոր ժամանակներում էլ նույնն են

Հարցազրույց պապիկիս՝ Մելս Հովհաննիսյանի հետ

-Պապիկ, ի՞նչ ես աշխատել, ե՞րբ և որտե՞ղ:

-Ավելի քան 10 տարի աշխատել եմ Աշտարակի շրջանային Ժողկրթբաժնում որպես մեթոդիստ՝ հայոց լեզվի և գրականության մասնագիտությամբ: Այնուհետև Կարբիի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն, միևնույն ժամանակ դասավանդել եմ Հայոց լեզու, Գրականություն, Հայ ժողովրդի պատմություն, Հասարակագիտություն:

-Ձեր ժամանակների դպրոցի և այսօրվա դպրոցի մեջ տարբերություն տեսնու՞մ ես, և եթե այո, ապա ինչպիսի՞: 

-Փոխվում են ժամանակները, փոխվում են հասարակական հարաբերությունները, բնականաբար, փոխվում են նաև աշակերտ-դպրոց, ծնող-դպրոց, հասարակություն-դպրոց հարաբերությունները: Մինչ 90-ական թվականները աշակերտների ինֆորմացիայի միակ աղբյուրը գիրքն էր, նվազագույն դեպքում` հեռուստացույցը և մամուլը, ուստի աշակերտը ավելի շատ կապված էր գրքի հետ, ուշադիր լսում էր ուսուցչին, աշխատում էր նրանից նոր բան իմանալ, սովորել: Այժմ բոլորովին այլ է. համակարգիչը փոխարինել է և գրքին, և ուսուցչին, և հեռուստացույցին:

-Իսկ քո կարծիքով, համակարգչից օգտվելը խանգարո՞ւմ է ինքնուրույն մտածելուն:

-Այո, իմ կարծիքով համակարգչից օգտվելը խանգարում է ինքնուրույն մտածելուն: Օրինակ՝ աշակերտը չի կարդում Վահան Տերյանի բանաստեղծությունները գրքով, այլ կարդում է համակարգչով: Դա ինձ թվում է նույն ազդեցությունը չի գործի մարդու հոգեկան աշխարհի վրա:

-Այսօրվա աշակերտների և այն ժամանակվա աշակերտների մեջ տարբերություն կա՞ արդյոք:

-Աշակերտները բոլոր ժամանակներում էլ մնում են նույնը՝  ժիր, չարաճճի, մի փոքր ծույլ, բայց միշտ ազնիվ, անկեղծ, ժպտերես երեխաներ: Հարկավոր է նրանց հետ վարվելու ձև իմանալ, հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատականությունը, հարգել նրանց որպես մարդ: Այդ դեպքում աշակերտը կսիրի ուսուցչին և կսովորի նրա առարկան հարգել:

Փոքրիկ գյուղի մասնատումը

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Առաջ, երբ մեր գյուղում մի փոքրիկ քամի էր լինում, լույսերը անջատվում էին, մեր թաղը հոսանքազրկվում էր: Հարևանները միշտ ասում էին.

-Աաա՜ա, էլի էս Դանդռաշենի լույսերը տարան…

Խնդրեցի ծնողներիս, որ բացատրեն, թե ինչո՞ւ են միշտ այդպես ասում: Մայրս պատմեց, որ փոքր ժամանակ մեր փոքրիկ գյուղը՝ Ագարակը, բաժանել են մասերի, և երբ վիճում էին երեխաներով, մեկը մեկին կծելու համար ասում էին.

-Այ գետաշենցի, դու էիր մնում պակաս…

-Թե չէ դու, դու, այ անշունչ մեռլաշենցի…

Ասում էր, որ վեց մասի էին բաժանել գյուղը: Գյուղի վերին մասում գտնվում էին գերեզմանները: Դրա համար այն անվանել են Մեռլաշեն: Գյուղի արևմտյան մասն ընկած է Ամբերդ գետի ափին, ուստի այն անվանել են Գետաշեն: Գյուղի կենտրոնական և հարավային մասում լավ դանդուռ է աճել, դրա համար անվանել են Դանդռաշեն: Հյուսիս-արևելքում քարի հանքեր կան: Երկրակեղևի սալային շերտերից հանել են կարմիր տուֆը: Այս հատվածն էլ անվանել են Սալաշեն: Գյուղի արևելքը համեմատաբար նոր կառուցվող թաղամաս է: Այն անվանել են Բանգլադեշ: Իսկ գյուղում կար մի թաղամաս, որ անձրևներից հետո միշտ ցեխի մեջ կորում էր, դա Ճմճմաշենն էր:

-Հաճույքով ապրում ենք, էլի…

gyulnara vardanyan

Մեր ընտանիքի ավագ Գյուլնարան

-Բարև, տատ: Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է առողջական վիճակդ:

-Բարև, բալես: Լավ եմ, էլի: Այդքան էլ գոհ չեմ լինի, էս ճնշումս ա մի քիչ նեղում:

-Ի՞նչ դժգոհություններ ունես, ինչի՞ց ես դժգոհում ընդհանրապես:

-Առողջական վիճակս որ լավ լինի, մնացածից գոհ եմ:

-Դե լավ, անցնենք բուն թեմային: Ես գիտեմ, որ դու Բամբակաշատ գյուղ հարս ես եկել, մինչև ամուսնանալդ ապրել ես Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: Ի՞նչ կասես այդ գյուղի մասին:

-Ինձ համար Գետաշենը նույն Բամբակաշատի նման էր, առաջ գրեթե տարբերություններ չկային:

-Դա ո՞ր թվականն էր:

-1962 թվականն էր, 18 տարեկան ջահել աղջիկ էի:

-Իսկ դպրոցում ինչպե՞ս էիր սովորում:

-Դպրոցում հարվածային էի, հիմնականում իմ սիրած առարկաներն էի սովորում:

-Իսկ ո՞ր առարկաներն էիր սիրում:

-Բոլորն էլ սիրում էի, էլ չասեմ` գրականության մասին: Ուսուցչիս տված անգիրները ամենալավը ես էի սովորում ու ասմունքում: Երանի էդ օրերը:

-Գիտեմ  նաև, որ մասնագիտություն չունես: Իսկ ի՞նչ էիր ուզում դառնալ:

-Էհ՜, բալա ջան: Երազանքս էր` մանկավարժ դառնալը, բայց չստացվեց…

-Ինչպիսի՞ն էին առաջվա դպրոցները, ի՞նչն է հիմա փոխվել:

-Հիմա դպրոցները ավելի լավ ուսում են տալիս երեխաներին, ու ամեն ինչը զարգացել է:

-Դե լավ, տատ ջան, ես գնամ: Շնորհակալ եմ, որ ինձ չմերժեցիր ու պատասխանեցիր հարցերիս: Քեզ առողջություն:

-Հաջող, Գյուլնարա ջան: Է ես եմ քեզնից շնորհակալ, որ լսեցիր ինձ, մեկ էլ իմ կողմից շնորհակալություն կաես «Մանանա» կենտրոնին, որ նման լավ բաներ ա կազմակերպում:

Գյուլնարա տատիկի հետ զրուցեց Գյուլնարա Վարդանյանը

Երջանիկ կատուն

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Հիշո՞ւմ եք, նյութերիցս մեկում ձեզ պատմել էի Մուրզիկի մասին: Մուրզիկը կորցրել էր իր ընկերուհուն և միայնակ էր մնացել: Երկար ժամանակ նա չէր երևում մեր բակում: Մենք էլ մտածում էինք, գուցե հեռացել է այստեղից, որ վիշտը մոռանա: Մի օր էլ նա անսպասելի հայտնվեց: Մի տեսակ աշխույժ էր, վազելով գալիս էր քսմսվում ոտքերիս, ինչպես սովորաբար կատուներն են անում: Հետաքրքիր էր, ի՞նչն էր նրա ուրախության պատճառը…

Մռայլ եղանակ էր, անձրևը դադարել էր, բայց արևի շողերի մի նշույլ անգամ չէր երևում: Եղանակի փոփոխությունները տեսնելու համար գնացի պատուհանի մոտ և  հանկարծ տեսա Մուրզիկին: Նա մենակ չէր, նրա հետ մի գեղեցիկ օրիորդ կատու կար: Շա~տ զարմացա, քանի որ Մուրզիկը չէր թողնում, որ ուրիշ կատուներ գան մեր բակ, նա իր միանձնյա իշխանությունն  էր հաստատել բակում: Բայց այս փոքրիկ ու գեղեցիկ օրիորդ փիսիկին ոչ միայն թողել էր մեր բակ, այլ նաև նրա հետ էր կիսում ուտելիքը: Ուր որ գնում էր օրիորդ փիսիկը, Մուրզիկը վազում էր նրա հետևից: Անգամ կռիվ է արել բակի կատուներից մեկի հետ: Մուրզիկը չէր կարող հանդուրժել, որ իր փիսիկին, ինչ որ ուրիշ կատու հետապնդեր, և հաշվեհարդար տեսավ նրա հետ: Կատվի բուրդը քամուն էր տվել, և եթե ես և եղբայրս չշեղեինք Մուրզիկի ուշադրությունը, խեղճ կատուն գուցե չկարողանար փախչել:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Այդ դեպքից հետո նա մեր թաղերում ընդհանրապես չերևաց: Իսկ Մուրզիկի սիրո ռոմանտիկ պատմությունը դեռ շարունակվում է: Մի անգամ տեսա նրան և ընկերուհուն պատի վրա կողք-կողքի նստած և կարողացա այդ ռոմանտիկ պահը հավերժացնել լուսանկարելով: Իհարկե, դժվար էր այնպես անել, որ նրանք չնկատեն դա: Դե ինչ, Մուրզիկն ու իր ընկերուհին էլ հայտնվեցին համացանցում իրենց գեղեցիկ սիրո պատմությամբ…

Ես շա~տ ուրախ եմ, որ Մուրզիկը նոր ընկերուհի է գտել, և կյանքը նրա համար դարձել է ավելի գունավոր: Թող նրանք միշտ միասին լինեն և անբաժան իրարից: Ինչպես ասում են` «Մի բարձի ծերանաք»:

Քանի դեռ աղավնիները ճախրում են

«Դո՜յ, դո՜յ, դոյ… Թռեք, աղավնիներ, ճախրեք բաց երկնքում, բայց չմոռանաք հետ գալ»:

Պապս ամեն առավոտ այսպես երկինք է ուղարկում իր աղավնիներին, ինքն էլ մտովի ամեն առավոտ դեպի երկինք ճախրում, դեպի ազատություն, ուր չկան ոչ մի կապանքներ, որտեղից աշխարհը դառնում է մի փոքրիկ փոշու հատիկ…

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Պապ, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր աղավնիներ պահել:
-Մեծ տղաս, նախքան Ռուսաստան գնալը, պահում էր այս թռչուններին: Գնալուց առաջ ուզում էր տալ ընկերներին, բայց թույլ չտվեցի: Որոշեցի պահել այնքան, մինչև վերադառնա: Հետո եկավ ու որոշեց էլ չպահել աղավնիներին, որովհետև հոգնել էր: Այդ ժամանակ էլ որոշեցի պահել ու խնամել այս թռչուններին: Սրանց թռիչքից ու թևերի գեղեցիկ բացվածքից գերող բան չկա աշխարհում: Մեր գյուղում շատ էին աղավնիները, դրանք ամեն տան բակում կային, ու դրանցով էր զարդարված գյուղը:

-Իսկ ո՞րն էր ձեր գյուղը, ո՞րտեղից ես արմատներով:
-Արմատներով սասունցի եմ, բայց ծնվել ու մեծացել եմ Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Սովորել եմ գյուղի դպրոցում: Երիտասարդ ժամանակ մեր ընկերներով սիրողական ծանրամարտով էինք զբաղվում: Ինքներս մեզ համար սահմաններ էինք դնում ու փորձում հասնել դրանց: Իսկ ուսումս շարունակել եմ Երևանում:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Աշնակից հասար Արմավիրի մարզ, գյուղ Շենիկ:
-Երբ ավարտեցի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեր գյուղում աշխատանք չկար, ու քանի որ Շենիկում նոր էր դպրոցը բացվել, ինձ նշանակեցին այստեղի դպրոցի ուսմասվար: Տատիկդ էլ էր բանասեր, ու եկանք այս գյուղ դպրոցում աշխատելու:

-Իսկ ինչպե՞ս հարմարվեցիք, որտե՞ղ էիք ապրում:
-Որ նոր էինք եկել, մայրդ ընդամենը մեկ տարեկան էր: Սկզբում մնում էինք դպրոցում, հետո արդեն շենք տվեցին, տեղափոխվեցինք, հետո ծնվեցին երկու քեռիներդ, ու էդպես…

-Ինչքա՞ն ժամանակ որպես ուսմասվար աշխատեցիր:
-Դե, ստույգ չեմ կարող հիշել, բայց մոտ 10 տարուց ավել աշխատեցի որպես ուսմասվար, նաև դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն: Իսկ 1989-ին ընտրվեցի տնօրեն:

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Գիտեմ, որ քո երեխաների ժամանակ էլ ես տնօրեն եղել ու հիմա թոռներիդ ժամանակ էլ: Դժվարություններ չկա՞ն արդյոք:
-Դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է կարողանաս դպրոցում լինել «ընկեր Հայրապետյան», իսկ տանը ընտանիքի հայր: Որքան հնարավոր է, երեխաներիս հետ եղել եմ որպես տնօրեն և տարբերություններ չեմ դրել, շատ անգամ նրանց հետ ավելի խիստ եմ եղել, քան մյուսների:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես դպրոցի հետ կապված:
-Մի անգամ Սոնայենց դասարանի երեխաները (Սոնան մայրս է) ինչ-որ չարություն էին արել: Բարկացա, ուղարկեցի բոլորին տուն, որ ծնող բերեն: Մեկ էլ տեսնեմ Սոնան եկավ, (դե ջղայնացած եմ) ասացի` ինչի՞ ես առանց ծնող էկել: Նայեց, նայեց ու լացելով ասաց.
-Ու՞մ բերեի: Մաման դպրոցն ա, դու էլ ինձ ասում ես` գնա ծնող բեր: Ո՞ւմ բերեի…

Ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց չեմ մոռանում:

-Պապ գիտեմ, որ վերջին տարին է, որ աշխատում ես դպրոցում, թոշակի ես գնալու: Ի՞նչ ես զգում:

Այս հարցից հետո պապս լռեց: Ինքս ինձ մեղադրում էի այս հարցի համար: Չէր խոսում, բայց աչքերի մեջ տարիների հետքը տեսա: Զգում էի, որ այդ «վերջին» բառով պապիս թույլ կողմին դիպա:

Ողջ տարիների կյանքը, թե՛ լավ, թե՛ վատ օրերը, եկան ու անցան աչքի առաջով: Ասես նորից հետ դարձավ այն օրերը, երբ նոր էր եկել այս դպրոց: Դուրս գնաց, առանց ինձ նայելու…

Բայց մի բան հստակ է. աղավնիները դեռ կան, ու քանի դեռ դրանք ճախրում են, պապս հավերժ երիտասարդ կմնա, որովհետև աղավնի պահելու համար տարիք գոյություն չունի, նրանց թռիչքին վերջ չկա, ու ոչնչի վերջ չկա…

անի հարությունյան /մայիսյան/

Վերջինը

Մայիսյան արևոտ օր է, տոնական տրամադրություն, շուրջս աղմուկ է, եռուզեռ: Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին ուսումնական տարվա ավարտը` ևս մեկ սերունդ ճանապարհելով դեպի նոր կյանք: Նայում եմ շրջանավարտներին, ու տարօրինակ զգացում է համակում սիրտս: Մեկ տարի անց արդեն ես կանգնած կլինեմ այդ բեմում, նոր կյանքի սահմանագծին: Ինչքա՜ն բան կա անելու այս մեկ տարվա ընթացքում, դպրոցական վերջին տարվա:

Արդեն արձակուրդ է, իմ դպրոցական վերջին ամառային արձակուրդը: Առանց քննությունների, անհոգ պատանեկության վերջին ամառը:

Ինչքան շատ են «վերջինները», իմ դպրոցական վերջին տարվա «վերջինները»… Վերջին սեպտեմբերի մեկ, վերջին «Ոսկե աշուն», վերջին «Նոր տարվա հանդես», վերջին զանգ… Հաճախ անգիտակցաբար եմ այդքան սպասում, տենչում, պատկերացնում «Վերջին զանգս»: Բայց երբ սկսում եմ մտածել իմ մանկության, ընկերների, անհոգ կյանքի մասին, ուզում եմ անվերջ երկարի իմ դպրոցական վերջին տարին:

Ասում են` մարդիկ այն ժամանակ են սկսում մտածել, երբ ծերանում են: Չեմ կարծում: Միշտ էլ մանկության օրերը հիշելիս ուզում ես վերադառնալ ու մնալ այդ աշխարհում: Սակայն այդպես չի լինում:

Ինչ արած, ամեն լավ բան մի օր ավարտվում է, բայց այդ ավարտը մի նորի սկիզբն է ազդարարում: Բոլորիս էլ կանչում ու ձգում է նոր կյանքը: Քայլում ենք ժամանակի հետ, քայլում են մեզ հետ տարիները: Մնում է միայն վերցնել ու մեզ հետ տանել կյանքի լավագույն պահերն ու հիշողությունները:

անի կարապետյան

Այդ չարաբաստիկ «թոշակային տարիքը»

Ա՜խ, այդ չարաբաստիկ «թոշակային տարիք» հասկացությունը։

Վերջին ժամանակներս մեր ընտանիքում ավելի հաճախ են այդ մտահոգությամբ ապրում։ Իսկ պատմությանս հերոսը տատիկս է։ Նա շուրջ 47 տարի աշխատում է մեր քաղաքային հիվանդանոցում՝ որպես բուժքույր։ Նա շատ բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող է, անչափ շատ է սիրում իր գործը և մեծ նվիրումով է աշխատում։ Ամեն աշխատանքային երեկո, երբ նա այցելում է մեզ, ես լսում եմ տատիկիս ու մորս զրույցները՝ օրվա անցուդարձի, հիվանդների առողջական վիճակի ու էլի շատ ու շատ մասնագիտական հարցերի մասին։ Նա արդեն թոշակային տարիքի է, և հնարավոր է, որ շատ շուտով այլևս չաշխատի։ Այս փաստի առնչությամբ մեծ տրտմություն կա տատիկիս ներաշխարհում։ Աշխատանքը նրա կյանքն է, նրա առօրյան, կենցաղի մի մասը։
Կուզենայի փարատել տատիկիս մտահոգությունները, բայց ինչպե՞ս, երբ խոսքերն ավելորդ են։

Կարծում եմ, որ որոշ մասնագիտությունների համար այդ թոշակային տարիքի սահմանագիծը պետք է անհրաժեշտաբար բարձրացնել, կամ թողնել, որ նրանք աշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի են։ Չէ որ այդ մասնագիտությունների մեջ կարևոր են մասնագիտական հմտությունը, աշխատանքային փորձառությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ են բժիշկները աշխատում տարիքային սահմանափակումով։

Հեռուստատեսությամբ լսեցի, որ որոշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, նույնպես քննարկվում է թոշակային տարիքի սահմանագծի բարձրացման հարցը։
Ես ու եղբայրս որոշել ենք դառնալ բժիշկ։ Մեր որոշումը անչափ տատիկիս սրտով է, միայն տխրում է, որ երբ մենք բուժական պրակտիկան անցնենք մեր հիվանդանոցում, նա հավանաբար այլևս այնտեղ աշխատելիս չի լինի։

Ես կցանկանայի, որ մեր երկրում թոշակի անցնող յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահովված զգար ու վաստակած հանգստի անցներ, առանց մտահոգվելու, թե ինչպես է աննշան թոշակով իր կեցությունն ապահովելու։

Տեսնես ե՞րբ է գալու այդ օրը․․․