Երևի բոլորը, ոդքեր սովորում են 9-րդ կամ ավելի բարձր դասարաններում, կհասկանան ինձ։ Եվ այսպես՝ դասեր, քննություններ, պարապմունքներ, օլիմպիադաներ և այլն։ Տիպիկ 9-րդ դասարանցու առօրյա։ Երբեմն ուղղակի ուզում եմ թողնել այս ամենն ու ինչքան հնարավոր է` հեռու փախչեմ։ Բայց դե, դա ընդամենը անհասանելի ցանկություն է։ Պետք է մնալ, ու ինչպես Լենինն է ասում՝ սովորել, սովորել, սովորել։ Թե ասա` այ Ձերդ գերազանցություն, չէր լինի՞ ասեիք, օրինակ, հանգստանալ, հանգստանալ, հանգստանալ…
Դե լավ, ինչևէ։ Վերադառնանք մեր, ոչ այդքան հաճելի, իրականություն։
Եվ այսպես, արթնանում եմ, գնում եմ դա․․․ Մի րոպե, այսօր ռուսերենի օլիմպիադայի մարզային փուլն է։ Պլանների փոփոխում՝ գնում եմ Եղեգնաձոր։ Եղեգնաձորում մի ժամ, եթե ոչ ավել, սպասում եմ ըստ օրենքի, արդեն վաղուց սկսած օլիմպիադայի սկզբին։ Եվ ահա, սկսում ենք։ Կատարվեց հաշվարկ, ըստ որի պետք է տպվեին ճիշտ քանակի հարցաթերթիկներ, և այդ պահին, երբ ամեն ինչ պատրաստ էր, ներս է մտնում ուշացած մեկը։ Ինչ արած, նորից հաշվարկ են կատարում, ու էլի, մեկը եկավ։ Եվ այսպես մի 20 հոգի ուշացած ներս մտան։ Հարցերը բերեցին, գրեցինք, դուրս եկանք։
Դե իհարկե, ամեն ինչ լավ գնալ չէր կարող։ Ավտոբուսից ուշացել եմ։ Դե, ես այդքան էլ տխուր չեմ, քանի որ այս ավտոբուսով պիտի ուղիղ դպրոց գնայի, իսկ հիմա արդեն չեմ հասցնի, կգնամ տուն։
Հասա տուն։ Կարծես ամեն ինչ լավ է։ Դաս ու պարապմունք չունեմ։ Հանգիստ ապրում եմ, երբ․․․
-Նարեկ, վեցի գրքից խնդիր գրի,- վեցի գիրքը, դա սովետական ժամանակների 6-րդ դասարանի դասագիրքն է։
-Ահա,- այս «հոգնած» պատասխանից հետո վերցնում եմ գիրքը, կարդում եմ, բան չեմ հասկանում ու դնում եմ տեղը։ Դե, ես հո մեղավո՞ր չեմ, որ չեմ հասկանում։
Այսպես անցնում է համեմատաբար ավելի թեթև օրս։ Բայց դե այդ թեթևությունը երկար չի տևի, առջևում դեռ կան դասեր, գրավորներ, պարապմունքներ, քննություն․․․
Էհ, լավ է։ Էլի կանչեցին «վեցի գրքից» խնդիր գրելու:



Ընկերասեր, խաղաղասեր, բարի, սևաչյա այս կատուն, որին դուք տեսնում եք Մումսիկն է՝ մորաքրոջս կատուն: Այս տարի կլրանա երրորդ տարին, ինչ նա ապրում է մորաքրոջս տանը: Մումսիկը շատ է սիրում, երբ խաղում ենք ի ր հետ և ուշադրություն ենք դարձնում իրեն, իսկ եթե ո՛չ, նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ուշադրության կենտրոնում ինքն է: Սակայն Մումսիկը ամենաշատը սիրում է մորաքրոջս տղային: Նրա անկողնում է պառկում, ուտում է հաց միայն նրա ձեռքից, նույնիսկ ֆուտբոլ նայում է իր հետ:
Հավանաբար բոլորդ դիտել եք Փիթեր Հյուիթի «Գարֆիլդ» ֆիլմը: Մումսիկին մենք նմանեցնում ենք Գարֆիլդին, այդ պատճառով նրան նաև այսպես ենք կոչում: Լավ, անցնեմ բուն թեմային, ինչի մասին ուզում եմ պատմել:



