Arshak

Գյուղամեջ

Ամեն անգամ երկար ու հոգնեցնող դպրոցական օրվանից հետո քայլում եմ մեր գյուղամիջով, որտեղ արդեն առավոտվանից նստած են գյուղի մեծերը՝ պապիկները: Նրանք միշտ հավաքվում են պապիկիս խանութի դիմաց, ուր ես միշտ այցելում եմ տան բանալին վերցնելու և ավելի շատ այդ պապիկների հետաքրքիր ու զվարճալի զրույցը լսելու համար: Նրանց քննարկման հիմնական թեման աշխարհում տեղի ունեցող անարդարություններն են: Նրանք միշտ արտահայտում են իրենց կարծիքները, և եթե հակադիր կարծիքներ են առաջանում, նրանք երկար ու ձանձրալի վիճում են, թե ո՞վ է ճիշտ, և ո՞ր քաղաքական գործիչն է լավը կամ վատը: Խոսակցության կեսից միշտ մոտենում է ծեր վարսավիր Աղինը և ասում.

-Ա՜, դե, հերիք ա լի զրից անիք, եկեք մազիրներուդ կտրիմ:

Եվ իհարկե, նրա աչքերն արդեն լավ չեն տեսնում, և նա առաջվա պես լավ չի հարդարում մազերը, բայց նրա հաճախորդները միշտ հավատարմությամբ այցելում են, ինչպես իրենք են ասում` «Աղնի մոտ»:

Ամեն անգամ, երբ մոտենում եմ պապիս խանութին, այդտեղ կանգնած պապիները ինձ առաջարկում են իրենց գրպանների խորը անկյուններում պահած կոնֆետները, ասելով.

-Բալա ջե՛ն, արի էս կամֆետներիցը համտիս արա:

Մտնելով պապիս խանութ՝ միշտ լսում եմ նույն խոսքերը.

-Բալա ջե՛ն, արի քոմակ արա, էս յաշիկնին տեղափոխ անինք:

Ես արագորեն արկղերը վերցնում եմ պապիս ձեռքից և դնում սեղանի տակ: Հետո պապս սկսում է ինչ-որ թղթեր լրացնել, որ ես երբեք չեմ հասկացել, թե ինչի համար են: Հանկարծ դրսից լսվում է պապիս ընկերոջ ձայնը.

-Միխայի՛լ, գալիս ե՞ս նարդի խաղանք:

Պապս նստեցնում է ինձ իր աթոռին, որպեսզի հետևեմ խանութի անց ու դարձին, իսկ ինքը գնում է նարդի խաղալու:

Aspram Parsadanyan

Երբ է գյուղը լքվում

Գարնանային լուսավոր օրերից մեկն էր: Ցուրտ ձմեռը սկսել էր զիջել իր տեղը արևաբույր գարնանը: Գարնան կախարդական վրձինն իր երփնավառ ներկապնակով սկսել էր գունավորել Բերդավան գյուղի բնությունը:

Օրն այնքան տաք ու հաճելի էր, որ որոշեցի  դուրս գալ տանից, նստել բակի նստարանին ու կարդալ: Չգիտեմ՝ շատ էի կարդացել, թե քիչ, երբ ինձ գրքից ու իմ մտքերից  կտրեց մի ծանոթ ձայն:  Դա ամենամոտ ընկերներիցս մեկի՝ Նարեկի ձայնն էր: Նա ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու ասաց.
-Գալիս ե՞ս մանուշակ քաղելու:
Ես մերժել չկարողացա: Տան  դարպասների մոտ մեզ սպասում էին մեր ընկերներից մի քանիսը ևս: Մեր խումբը առաջ էր գնում երգելով, աղմուկ-աղաղակով, բարձր ծիծաղելով: Մենք որոշեցինք  թիմի ավագ դնել Նարեկին:  Նա բոլորիցս մեծ էր և ավելի խելացի էր, քան մենք: Ճանապարհին մենք հիշում էինք  հին պատմություններ, ուրախ դեպքեր: Ճանապարհը մեզ կարճ թվաց:  Մենք հասանք մանուշակի  թմբերին, ի զարմանս մեզ՝ դրանց մեջ դեռ կային ձնծաղիկների հատիկներ: Երբ ծաղիկներից գեղեցիկ փնջերը պատրաստ էին, ընկերներիցս մեկը գոռաց.
-Հեյ՜, բերդի գլխի դրոշն ընկել է:
Մյուս ընկերս ցատկեց նստած տեղից ու խոժոռելով դեմքն ասաց.
-Վե’ր կացեք, գնում ենք դրոշը տեղը դնելու: Մեր դրոշը չպետք է գետնին մնա:
Մենք շատ էինք հոգնել, մի կերպ ալարելով ոտքի կանգնեցինք ու սկսեցինք առաջ շարժվել:
Մի քանի  մետր հազիվ էին քայլել (մեր և բերդի միջև եղած հեռավորությունը հարյուր մետր չկար), երբ մեր խմբի ավագն ասաց.
-Կուզե՞ք պատմեմ ձեզ մեր բերդի պատմությունը:
-Այո, իհարկե,- միաձայն ասացինք մենք:
-Մեր բերդը կոչվում է Ղալինջաքար,- սկսեց պատմել Նարեկը,- Այն կառուցվել է տասներեքերորդ դարում: Այդ ժամանակ մեր գյուղը եղել է հենց բերդի  մոտ և կոչվել է  Թխաձոր: Գյուղացիները կառուցել են բերդը, որպեսզի պաշտպանվեն թշնամուց: Բերդի կառուցման մասին կա այսպիսի մի ավանդազրույց: Ասում են՝ մարդիկ  երկար ժամանակ փորձում էին կառուցել Ղալինջաքարը, սակայն, երբ քարերի հարկերն ավելանում էին, պատն առանց որևէ պատճառի փլվում էր: Եվ մի անգամ, երբ շինարարները հոգնել էին այդ կախարդանքից, գյուղի իմաստուններից մեկն ասում է.
-Պատի մեջ, շաղախի հետ մի նորածնի բարուր դրեք, դրանից հետո պատն ամուր կմնա:
Ասում են, որ շինարարները հենց այդպես էլ անում են, իսկ նորածնի մայրը խելագարվում է:
-Օ՜յ , ի՜նչ դաժան է,- ասաց ընկերուհիս, երբ մեր ավագը վերջացրեց իր պատմությունը:
-Վերջ տուր, դա ընդամենը  պատմություն է, ով գիտի՝ ճիշտ է, թե սխալ,- ծիծաղելով ասաց մեր խմբի ամենափոքր անդամը:
-Բա հետո՞, ինչո՞ւ մեր գյուղը հիմա այստեղ չէ:
-Որովհետև  այստեղ ջուր չկար, և մարդիկ իջան ավելի ցածր վայր, որտեղ գետ կար (գետը կոչվում է Կողբ) : Բացի այդ, այս տարածքն ավելի մոտ է սահմանին:
-Նարեկ, իսկ ի՞նչ է նշանակում Ղալինջաքար,- հարցրեց ընկերուհիս:
-Դե՜,  եթե անկեղծ լինեմ, իրական բացատրությունը չգիտեմ, բայց, եթե բառը բաժանենք մասերի, կստացվի՝ ղալին, որը մեր բարբառով նշանակում է շատ, առատ, հորդ, և քար: Այսինքն՝ շատ ու ամուր քարեր ունեցող: Հա՜, մոռացա նշել, որ մեր գյուղը կոչվում է նաև Ղալաչա, որը թուրքերենից թարգմանած նշանակում է` պղտոր ջուր:
Շուտով հասանք բերդին: Տղաները բարձրացան  բերդի գլուխը՝ դրոշը դնելու: Տղաներն իջնում էին, երբ սկսեցին կրակել. երևի  թշնամիները նկատել էին նրանց: Մենք մի քանի  րոպե մնացինք պառկած մինչև կրակոցները  դադարեցին: Մենք շատ էինք  վախեցել: Ջուր խմելուց և վախներս թոթափելուց հետո նստեցինք կանաչ խոտին ու սկսեցինք զրուցել: Ընկերուհիս ասաց.
-Երանի՜ աշխարհում խաղաղություն լինի ու կրակոցներ չլսվեն:
-Մարդիկ սովոր չեն խաղաղ կյանքին: Մարդկության ծննդից ի վեր կռվում են: Ավելի լավ է` հնարավոր բաներ ուզիր, – քմծիծաղով ասաց Նարեկը:
-Օրինակ` ի՞նչ:
-Օրինակ՝ ես կուզենայի, որ մի բարեգործ գար ու փոխեր գյուղի կյանքը:
-Այսի՞նքն:
-Այսինքն երեխաների համար այգի սարքեր, մեծերի համար՝ խաղասրահ, դպրոցը վերանորոգեր, ու, վերջապես, գյուղում ապաստարան կառուցվեր:
-Բայց քո ասածներն էլ իրական չեն, – քթիս տակ ասացի ես:
-Իրոք որ, գյուղում շատ խնդիրներ կան:

Հետ էինք վերադառնում, երբ մեր «ղեկավարը» մեզ պատմեց ավերված ժամի ու մի քանի խաղաքարերի մասին:
-Նայեցե՛ք օրինակ՝ այս խաչքարից միայն մեզ մոտ կա. հազվադեպ հանդիպող հարստություն է: Լսել եմ, որ նման խաչքարեր եղել են միայն Արևմտյան Հայաստանում, որոնք բարբարոսները ավերել են:

Խաչքարերի մեջ կան նաև տապանաքարեր: Մենք գտանք մեր նախնիներից մի քանիսի գերեզմանները: Երբ վերջացրինք փնտրտուքը, նկատեցի, որ մեր ավագը տխուր նայում է մի խաչքարի:
-Տե՛ս, տապանաքարի վրա պապիս հոր անունն է: Տապանաքարերը վնասում են անասունները, իսկ մամուռը պատել է խաչքարերը: Մեր հարստությունները վերացման եզրին են:

Երկար ժամանակ է անցել այդ օրից, բայց ընկերոջս խոսքերը չեմ կարողանում մոռանալ: Մեր՝ Բերդավանցի երեխաներիս ներկան միապաղաղ է, որովհետև չկան ժամանցի կենտրոններ, մեր ապագան հարցականի տակ է, դեպի գյուղ բերող ճամփաներ չկան…

Բոլորս ուզում ենք մնալ քաղաքում, և դրա պատճառը ամենևին էլ հայրենասիրության պակասը չէ, այլ՝ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտումը: Այս խնդիրների լուծումը թվում է անիրականանալի: Այս հարցը հուզում է ոչ միայն ինձ, այլ ողջ գյուղին:

Ինչպես ժամանակին մեր պապերը Ղալինջա բերդի շրջակայքից իջան հովիտ, քանի որ ջուր չկար, այժմ էլ գյուղի երիտասարդությունն է լքում գյուղը, քանի որ դարձյալ ապրելու պայմաններ չկան…

«Դեպի թաքստոց»…

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ապաստարանը տխուր բառ է: Դե, թերևս նրանց համար, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է ապաստարանը, ե՞րբ է օգտագործվում և ինչի՞ համար: 

Ինչպես գիտեք, Կոթին ևս սահմանամերձ գյուղ է: Դեռևս վաղ ժամանակներից բազմիցս ենթարկվել է թշնամու հարձակումներին, ու դեռ հին ժամանակներում մեր պապերն էլ մտածել են այդ հարձակումներից  պաշտպանվելու մասին և կառուցել են բազմաթիվ ապաստարաններ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Ապաստարան կառուցվել էր նաև ոչ վաղ անցյալում մեր դպրոցում, դեռևս 1985-1986 թվականներին, որը մինչև օրս էլ գոյություն ունի: Մեր դպրոցում ամեն քայլափոխի  ցուցանակներ են փակցված. «Դեպի թաքստոց»: Կրակոցների ժամանակ մեր դպրոցն էլ է տուժել: Լուսամուտների ու պատերի վրա հետքեր կան, որոնք առաջացել են երեկոյան ժամերի կամ գիշերվա գնդակոծության հետևանքով: Բայց փառք Աստծո, որ երեկոյան ժամերին են եղել կրակոցները, և մենք առիթ չենք ունեցել, և հույս ունեմ, որ չենք էլ ունենա այն օգտագործելու իր բուն նպատակի՝ թշնամու գնդակոծության ժամանակ թաքնվելու համար:

Ուզում եմ, որ այն, ինչպես այժմ, այնպես էլ  հետագայում, ծառայի միայն ու միայն որպես թաքստոց երեխաների պահմտոցի խաղալու ժամանակ: Մենք` բարձր դասարանի տղաներով, վերջերս էլ աշխատանքներ ենք արել ապաստարանում: Բացել ենք օդատար ուղիները, մաքրել ապաստարանի աղբը: Այնուամենայնիվ , ուզում եմ խոսել խնդիրների մասին, որ գոյություն ունեն մեր դպրոցի ապաստարանում. խոնավություն, լույսի և անհրաժեշտ գույքի բացակայություն:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ուզում եմ բոլորին ասել,  որ երեխաները ցանկանում են խաղալ վերանորոգված ապաստարանում: Միայն խաղալ և ոչ թաքնվել գնդակոծությունից:

Sose zaqaryan

Աշխարհից տարբերվող Ույծը

Սամալյոթ, Ալֆրեդ, Կոպերնիկես, Յմադին, Իմավել, Դոլար, Պարիժ, Շտանգեն, Ազնիվ, Անատոլիկ… Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են այդ բառերը գրվում մեծատառով: Այո, այո, դուք ճիշտ գուշակեցիք: Սրանք հատուկ անուններ են, անուններ, որոնք ույծեցիներինն են: Ույծը փոքրիկ գյուղ է Սիսիանին շատ մոտիկ` փռված Որոտանի Այրի վտակի աջ ու ձախ կողմերում: Այս գյուղացիները չափազանց համեստ ու շիտակ մարդիկ են, հեռու այժմյան թոհուբոհից, գողական «ռազբորկաներից» ու խոսակցություններից: Ույծեցիներից շատերը բարձրագույն կրթություն ունեն և հանրապետությունում շատ հայտնի մարդիկ են:

Սիսիանի շրջանի բոլոր գյուղերում տարիներ շարունակ ույծեցիներ են դասավանդել, դասավանդել են ու իրենց հետքը թողել այդ դպրոցների տարեգրության մեջ: Ասում են` ույծեցիները ինչ կրթություն էլ ստանան, գիտության ինչ բարձրունքի էլ հասած լինեն, երբեք իրենց բարբառից չեն հեռանում:

Պատմում են, որ Ույծից մի հայտնի բժիշկ իր գիտնական տղային ուղարկում է Մոսկվա, որ տղան իր լեզուն փոխի ու դասախոսություններն էլ գրական հայերենով կարդա: Անցնում են տարիներ, հայրը գնում է որդուն այցելության, սեղմում է դռան զանգը և դուռը բացում է բժշկի ռուս կինը: Հայրը բացատրում է, որ ինքը Ռուբիկի հայրն է: Կինը մոտենում է բազմոցին քնած ամուսնուն.

-Ուռուբիկ, էլի վեր, պապեն էկեր ա:

Փաստորեն ոչ թե Ռուբիկն էր իր լեզուն փոխել, այլ հարսին էր մեծ ոգևորությամբ սովորեցրել ուզերեն:

Իսկ անունների մասին չի կարելի ծիծաղով չհիշել. Օրինակ, շտանգենը գործիք է: Երբ ծնվել է ույծեցու որդին, շտանգենը հոր ձեռքին է եղել, և որդու անունը Շտանգեն են դրել, իսկ Յմադինը մեքենայի անուն է, Ալֆրեդը, Վոլտերը, Կոպերնիկոսը` հայտնի մարդկանց ազգանուններ: Պարիժը Փարիզի ռուսերեն տարբերակն է: Մեկը զանգում է Պարիժի կնոջը, հեռախոսը Պարիժն է վերցնում:

-Ալո, Պարիժը լսում է…

-Խոյ զանգել եմ Ուզ, ընկել ա Պարիժ…

Պապիկիս անուն էլ Ազնիվ է, նա էլ իր անվան պատճառով շատ քաշքշուկների մեջ է ընկել: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ընդունվածների ցուցակները կարդալիս առաջին կուրսեցիները մտածել են, թե իրենց կուրսում երեք աղջիկ կա: Երբ եկել է սեպտեմբերի մեկը, բոլորը անհամբեր սպասել են իրենց կուրսի 3 աղջիկներին, բայց դասի են եկել երկուսը: Հետո ազգանունները կարդալիս իմացել են, որ Ազնիվը ոչ թե աղջիկ է, այլ տղա: Իսկ ռուսերենի դասախոսը ստուգողական գրավորը հետ է ուղարկել և ամբողջ կուրսի առաջ հայտարարել է, որ մարդը սովորում է իրավաբանականում, բայց արական և իգական սեռը չի տարբերում: Օրինակ, «Վարդանյան Ազնիվ Բագրատովիչ»: Պապիկս հասկացել է, թե ինչու իր աշխատանքը չի ընդունվել, կանգնել է լսարանում և ասել, որ Ազնիվը ինքն է:

Ահա և մեր Ույծը` աշխարհից տարբերվող իր մարդկանցով ու սովորություններով:

Մենք տուն ենք կառուցում

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Ամենուրեք լաց ու աղաղակ էր, հուսահատ դեմքեր, փնտրող աչքեր, փլատակ շենքեր։ Խեղդող ծխի ու փոշու մեջ մայրը երեխային էր փնտրում, երեխան՝ վախեցած, մորը, քույրը՝ եղբորը, եղբայրը՝ քրոջը։ Պատճառը 1988-ի ավերիչ երկրաշարժն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ մահացան, իսկ ովքեր էլ որ ողջ մնացին, վայրկյանների ընթացքում կորցրին այն ամենը, ինչ դիզել էին տասնյակ տարիների ընթացքում։ Այս  մարդկանց մեջ էին մտնում նաև հորս ու մորս ընտանիքները, որոնք ապրում էին Ստեփանավանում, և այս մասին իրենք են ինձ պատմել:

Հորս ընտանիքը,  տատիկիս եղբայրների ընտանիքները և քույրը երկրաշարժից հետո հացատանն են ապրել։ Հայրս պատմում է, որ իրենք նառերի (որտեղ որ հացն էն շարում) վրա  են քնել։ Մի անգամ էլ հերթական ցնցման ժամանակ բոլորը դուրս են փախել, իսկ այդ ժամանակ հայրս ու հորեղբայրս քնած են եղել։ Տատիկս էլ գնացել ա կողքները նստել ու լաց է եղել։ Բարեբախտաբար ոչ ոքի բան չէր պատահել։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

1990-ական թթ․-ին  եկել են այստեղ (այսինքն` հիմա, որտեղ մենք ապրում ենք) ու ժամանակավոր տնակներ գնել։ Այստեղ է սկսել ապրել նաև մորս ընտանիքը։ Ինչպես հասկացաք, մորս ու հորս ընտանիքները հարևաններ են եղել։ Ինը տարի հետո ես եմ ծնվել։ Մենք նույնպես սկսեցինք ապրել այդ տնակներում, բայց ազնիվ խոսք, երբեք էլ չեմ զգացել դրանց ժամանակավորը։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարվա ընթացքում մեր տուն ձեռք բերելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան  հորս, և նաև մեզ հետ էր պահում, ինչ-որ բան  թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե դա հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում։ Չգիտեմ։  Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամեն բանից վեր էր մեզ համար, և այն, որ մենք  հիմա մեր սեփական տունն ենք կառուցում մեր հարազատ հողի վրա, փաստ է։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Շաբաթներ առաջ տեղեկացանք, որ մի կազմակերպություն կա` «Ֆուլեր», որն աջակցում է կիսակառույց տներ ունեցող ընտանիքներին, դրանք ավարտին հասցնել։ Որոշեցինք դիմել։ Մի քանի օր հետո մորս Երևանից զանգահարեցին ու որոշ տվյալներ իմացան։ Իսկ վերջերս, երբ դասից տուն  եկա, մայրս ասաց, որ մեկ անգամ էլ են զանգահարել, բայց այս անգամ արդեն Վանաձորից և տեղեկացրել, որ պետք է այցելեն մեզ ու ուսումնասիրեն մեր կիսակառույցը։ Հերթական անգամ, երբ  դասից տուն եկա, մայրս ասաց, որ օգնելու են մեզ։ Ես երևի այդ պահին աշխարհի ամենաերջանիկն էի, բայց զգացմունքներս զսպելով ուղղակի ասացի․

-Իրո՞ք, ինչ լավ ա։

Բոլորն ուրախացել էին։ Այժմ հարազատներով, բարեկամներով, ընկերներով հավաքվել ու սկսել ենք շինարարական աշխատանքները։  Ես էլ մայրիկենց եմ օգնում ուտելիքի պատրաստման գործում։ Բոլորին շնորհակալություն աջակցելու համար։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ես էլի կգրեմ, թե ինչպես ենք կառուցում մեր տունը մեր հայրենի քաղաքում:

Զիկատարում բնությունը չսիրող մարդ չի կարող աշխատել

Մենք` «Մանանա» կենտրոնի սաներս «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպված ճամբարի ժամանակ հարցազրույց անց կացրինք «Զիկատար» ուսումնական կենտրոնի պատասխանատու Արտավազդ Եգանյանի հետ:

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

-Կպատմե՞ք այս կենտրոնի մասին:

-Դուք հիմա գտնվում եք «Զիկատար» ուսումնական կենտրոնում: Սա բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպություն է, ՊՈԱԿ` պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կոչվում է «Զիկատար» բնապահպանական կենտրոն, իսկ սա այդ կենտրոնի ուսումնական մասն է, որտեղ անտառագիտությանը նվիրված գիտական կոնֆերանսներ, թրեյնինգներ են կազմակերպվում, համապատասխան մասնագիտության ուսանողների հետ պրակտիկա ենք անց կացնում, միաժամանակ ծառայում է նաև որպես էկոտուրիզմի այցելուների կենտրոն: Եթե նայել եք, փակցված են քարտեզներ, որոնցում նշված են երթուղիներ տարածաշրջանում, բայց մենք նաև ունենք էկոտուրիզմի տեղական երթուղիներ, ինչպես օրինակ, անտառային, արհեստական լճակ ունենք: Զինատար լեռնագագաթը, որի անունով կոչվում է կենտրոնը, ինչո՞վ է յուրահատուկ. 1650 մետր բարձրություն ունի և մինչև գագաթը անտառածածկ է: Սովորաբար լեռնագագաթները մինչև գագաթ անտառածածկ չեն լինում, բայց սա եզակի գագաթ է, որ այդ բարձրության հետ մեկտեղ մինչև գագաթ անտառապատ է:

-Իսկ ի՞նչ է նշանակում «Զիկատար» բառը:

-Ըստ երևույթին, «զիգ կատար», քանի որ լեռնագագաթը ձգված է սուր անկյամբ: Որոշ մարդիկ էլ ասում են, որ նշանակում է «զի կատար»` ի կատարումն:

-Իսկ ի՞նչ գիտական ծրագրեր են իրականացվում այս կենտրոնում:

-Կենտրոնի կողմից իրականացվել է Հայաստանի անտառշինական աշխատանքներ: Անտառշինություն ի՞նչ է նշանակում. քարտեզագրում, անտառային կազմի, պաշարի, փայտանյութի գրանցում, սահմանների ճշտում: Անտառի հետ կապված բոլոր անտառշինական աշխատանքները տասը տարվա հեռանկարով են իրականացվում, ու մեր այս կազմակերպությունը հիմնականում այդ աշխատանքներով է զբաղված լինում: Նաև բնապահպանական նախագծեր ենք կազմել, որ մրցույթով շահել ու իրականացրել ենք:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

-Իսկ ե՞րբ է հիմնադրվել կենտրոնը:

-Կենտրոնը սկզբից կոչվել է անտառային գիտափորձարարական կենտրոն 2002 թվականից, իսկ 2011 թվից անվանափոխվել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն:

-Ասացիք` գիտափորձարարական: Մի փոքր ավելի կմանրամասնե՞ք ինչ գիտափորձեր են կատարվում:

-Այստեղ մենք ունենք փորձադաշտեր: Դրանք հատուկ տարածքներ են, որտեղ բոլոր ծառերը համարակալվում են, նրանց չափերը գրվում են, և դրանք համեմատվում են օրինակ, տասը տարի հետո, տեսնելու համար` զարգացման ինչ դինամիկա է ունեցել տվյալ հատվածը, կենսաբազմազանության հետ կապված հարցեր ենք լուծում, մի խոսքով, անտառի հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

-Այսինքն բոլոր ծառերը համարակալվո՞ւմ են:

-Փորձադաշտերը գրավում են որոշակի ֆիքսված տարածք, նայած ինչքան են, կարող են լինել 400 քառակուսի մետր, 1000 քառակուսի մետր: Դա կապված է, թե ինչ նպատակի է ծառայում այդ փորձադաշտը:

-Իսկ ի՞նչ սկզբունքով է ընտրվում այդ փորձադաշտը:

-Պատահական: Ոչ թե ընտրվում է լավագույնը կամ վատագույնը, այլ պարզապես մի հատված ընտրում ես, որ դինամիկան ուսումնասիրես:

-Իսկ անտառի կենդանական կազմը հարո՞ւստ է. Մեզ ասացին, որ արջեր էլ են հանդիպում:

Լուսանկարը՝ Նվեր Ավագյանի

Լուսանկարը՝ Նվեր Ավագյանի

-Արջեր էլ են հանդիպում: Մարտիկին էլ` մեր աշխատողին, արջ է հանդիպել: Հիմնականում հյուսիսարևելյան անտառներին է բնորոշ մեր ֆաունան` արջ, գայլ, եղնիկ, նապաստակ, սկյուռ, մի ժամանակ վայրի խոզեր շատ կային, հիմա` խոզագրիպից հետո հավանաբար այլևս չկան:

-Իսկ քանի՞ գիտաշխատող ունի այս կենտրոնը:

-Մեր կազմակերպությումում`«Զիկատարում», ինը գիտաշխատող ունենք:

-Իսկ դրսից գիտական խմբեր պարբերաբար այցելո՞ւմ են:

-Պարբերաբար չէ, անհրաժեշտության դեպքում: Օրինակ, եթե ինչ-որ ծրագիր ունենք, այդ ծրագրի շրջանակներում ուսուցում է անցկացվում:

-Տուրիստական նպատակների և՞ս ծառայում է կենտրոնը:

-Էկոտուրիզմի նպատակով, նաև այցելուների կենտրոն է մեր կազմակերպությունը: Մենք ունենք հեծանիվներ, ձկնորսական կարթեր, հեռադիտակ և տուրիստական այլ պարագաներ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

-Իսկ այցելուներ շա՞տ եք ունենում:

-Ոչ այնքան: Դուք էլ տեսաք, որ մեր ճանապարհը շատ անբարեկարգ վիճակում է, և մայրաքաղաքից շատ հեռու ենք: Բայց ով որ մեկ անգամ գալիս է, ուզում է անպայման երկրորդ անգամ էլ գա, որովհետև Հայաստանում ոչ մի տեղ նման բնություն չկա, բոլոր շրջանների հետ համեմատած` ամենալավը մեր անտառներն են պահպանվել: Պարզապես մայրաքաղաքից հեռու ենք, ու դժվար է այստեղ հասնելը:

-Մեզ ասացին, որ ճանապարհը մի քանի անգամ բարեկարգվել է, բայց մեծ բեռնատար մեքենաների երթևեկության պատճառով կրկին քանդվել է:

-Դա էլ մենք ենք մեր ուժերով վերանորոգում, բայց քանի որ սա անտառային ճանապարհ է, անտառում բարձր անցողունականության մեքենաներ են աշխատում, բնական է` ճանապարհը շուտ քանդվում է: Եթե միայն մարդատար մեքենաներ երթևեկեին, այսպես չէր փչանա: Իսկ անտառտնտեսությանը ձեռնտու չի, որ լավ ճանապարհ լինի. այդ դեպքում անտառահենները շատանում են:

-Ասացիք, որ սեմինարներ, թրեյնինգներ եք կազմակերպում: Դրանք միայն գիտական գործունեությամբ զբաղվողների համա՞ր են, թե՞ սովորական մարդկանց, հետաքրքրվողների, տուրիստների համար էլ եք կազմակերպում:

-Չէ դե, հո միայն գիտաշխատողները չե՞ն, այդ աշխատանքների համար նաև շարքային աշխատողներ են պետք, որ ինչ-որ տեղ պետք է նաև ծանոթ լինեն իրականացվող աշխատանքներին: Բայց ուսուցումը գիտնականներ են անց կացնում. նրանք որպես դասախոս են հանդես գալիս, և մասնագետների համար են, ոչ թե գիտնականների:

-Իսկ տուրիստների համար արշավներ կազմակերպվո՞ւմ են մասնագետի ուղեկցությամբ:

-Եթե մեզ դիմում են, այո, բայց մենք չենք ասում` եկեք ձեզ տանենք այսինչ տեղը, եթե ցանկություն լինում է, կազմակերպում ենք:

-Մենք մուտքի մոտ տեսանք հանքային ջրի աղբյուր և խմեցինք հանքային ջրից և նկատեցինք, որ բավական հեռվից է գալիս: 

-Այդ հանքային ջրի ակունքը երկու կիլոմետր հեռավորության վրա է: Մենք բերել-հասցրել ենք այստեղ, թույլ հանքայինությամբ ջուր է, մի լիտրում 0,762 գրամ հանքային նյութեր կան, բայց շատ առողջարար և շատ հաճելի է:

-Իսկ ակունքից մինչև այստեղ ճանապարհը որակի վրա չի՞ ազդում: 

-Իհարկե ազդում է: Ամռանը այնպես սառը չէ, ինչպես ակունքում, կամ գազը այնպիսին չէ, ինչպես ակունքում: Բնական է, որ երկու կիլոմետրի վրա որակական փոփոխություններ կրում է:

-Իսկ բացի յուրահատուկ տեսակներ ընդգրկելուն, էլ ի՞նչ առանձնահատկություն ունի այս անտառը:

-Սա անտառային օազիս է, կուսականին մոտ անտառներ են, իսկ դա Հայաստանում էլ ոչ մի տեղ չեք գտնի:

-Իսկ այս անտառներում թույլատրվո՞ւմ է որսորդություն:

-Խստիվ արգելվում է: Նույնիսկ մեր արգելոցում չէ, անտառտնտեսության տարածքում էլ է արգելված:

-Միայն գիտաուսումնակա՞ն նպատակի է ծառայում անտառը:

-Նաև շահագործվում է անտառտնտեսության կողմից նախատեսված կարգով: Անտառշինական պլանով նախատեսված է, որտեղ հասուն անտառ է, պիտի հատումներ կատարվեն, որպեսզի երիտասարդ անտառը զարգանա: Դա խախտում չի, կատարվում են նաև սանիտարական նպատակներով ծառահատումներ, կամ խիտ անտառում լուսավորության հատումներ են անում:

-Իսկ անտառատնկման աշխատանքներ կատարվո՞ւմ են: 

-Իհարկե, եթե ծրագիր ենք ունենում: Անցած տարի, օրինակ, Սևանի ավազանում ենք իրականացրել, անցած տարիներին համայնքի տարածքում, մեր տարածքում էլ` լճի ճանապարհին մայրի ծառեր ենք տնկել, փոքրիկ տնկարան ունենք:

-Իսկ ծառային բազան հիմնականում ի՞նչ տեսակներից է կազմված:

-Հիմնականում հյուսիսարևելյան անտառներին բնորոշ ծառեր են` կաղնի և հաճարենի: Հաճարենին չկա հարավային Հայաստանում, միայն հյուսիսային շրջաններում է, և շատ արժեքավոր տեսակ է: Բացի դրանցից ուղեկցող ծառատեսակներ են` բոխին, լորին, հացենին և այլն:

-Մենք ճանապարհին եկեղեցու ավերակներ տեսանք: Կպատմե՞ք դրա մասին:

-Դա վեցերորդ դարի եկեղեցու ավերակներ են, Տավարաեղցի է կոչվում: Եղցի եկեղեցի է նշանակում, տավարն էլ, դե անասունն ա: Նաև մեր տարածքում կա Մշկավանք, որ շատ հայտնի  պատմամշակութային հուշարձան է: Ուղեփակոցը որ տեսաք ճանապարհին, այդտեղից ձախ ճանապարհ է թեքվում, երեք կիլոմետր բարձրանում ա սարի գլուխը, այնտեղ անտառային բացատում մի հրաշալի եկեղեցի է, տասներկուերորդ դարի ու Հայաստանի լավագույն հուշարձաններից մեկն է:

-Իսկ այդ եկեղեցիներ այցելություններ լինո՞ւմ են:

-Քարտեզներում, եթե տեսել եք, մի երթուղին Մշկավանք է տանում: Շատ սիրուն, գեղատեսիլ վայր է: Ուրեմն ասեմ, որ Կողբը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Դեռևս Խորենացին իր պատմության մեջ գրել է, որ դա եղել է Կողբափոր գավառի կենտրոնը, 368 թիվ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

Լուսանկարը՝ Անդրանիկ Մանեսյանի

-Ասացիք, որ լիճ կա, ի՞նչ լիճ է:

-Արհեստական լճակ է: Մենք այնտեղ ձկներ ենք աճեցնում, ոչ թե արդյունաբերական նպատակով, այլ հաճույքի համար, որ տուրիստները նայում-հիանում են:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ինչքանո՞վ հեռանկարներ ունի էկոտուրիզմի զարգացման համար:

-Էկոտուրիզմը զարգացած երկրի մենաշնորհ է: Պետք է երկիրը զարգացած լինի, որ էկոտուրիզմը զարգանա: Մեզ նման երկրում դեռևս դա չի կարող զարգացած ճյուղ համարվել, թեև մենք այդ հնարավորությունները բոլորից շատ ունենք երևի: Հայաստանի լանդշաֆտը սկսվում է օվկիանոսի մակարդակից 400 մետրից մինչև 4 կիլոմետր բարձրությունների վրա, բնական բոլոր զոնաները կան, բայց դրա կազմակերպման համար այնքան բան է պետք, որ մենք դեռևս չենք կարող: Մեզ մոտ ոչ միայն էկոտուրիզմը, տուրիզմն էլ չի զարգանում: Ինչո՞ւ, որովհետև հյուրանոցները թանկ են, սպասարկման որակը ցածր է, ճանապարհային ցանցը բարվոք վիճակում չի: Իսկ էկոտուրիզմը տուրիզմի ավելի զարգացած տեսակն է:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Զիկատարը:

-Մեր ամենամեծ խնդիրը, դուք էլ տեսաք, ճանապարհն է: Մնացած խնդիրները մեր ուժերով, մեր աշխատողներով լուծում ենք: Օրինակ, շենքը տասը տարի է` կառուցվել է, ու սրա պահպանության, նորոգման գումար մեզ տվող չկա, ջրատարը խափանվում, խցանվում է, էլի մեր ուժերով նորոգում ենք:

Ես կուզեմ, որ դուք իրոք սիրահարվեք բնությանը: Եթե բնությունը սիրում եք, նշանակում է` մաքուր, ազնիվ մարդիկ եք: Զիկատարում բնությունը չսիրող մարդ չի կարող աշխատել: Այ, Մարտիկը` մեր հսկիչը, եթե բնությունը չսիրի, այս պայմաններին չի դիմանա, որովհետև հնարավոր է` օրվա մեջ չորս անգամ գնա էս թթու ջրի ակունքը հասնի ու հետ գա, որ խափանում չլինի:

***

Զրույց «Զիկատարի» հսկիչ պարոն Մարտիկի հետ 

-Պարոն Մարտիկ, Դուք ի՞նչ եք աշխատում այստեղ:

-Պահակ` հսկիչ:

-Կպատմե՞ք ինչպես հանդիպեցիք արջին:

-էդ առաջի տարին էր: Ես արջ տեհած չէի անտառըմ: Ապրանքը կորել էր, գնացի, որ անասունին քըթնում, արջը ըղաքիս դուս էկավ: Ասի` բարլուս ուստա: Խելոք գնաց, ես էլ էկա իմ գորձին:

-Չէի՞ք վախեցել:

-Չէ, բացարձակ: Ինձ ի՞նչ տեր անել: Նա ինձանից վախեց փախավ, ես նրանից ուժեղ էի:

-Իսկ քանի՞ տարի եք այստեղ աշխատում:

-էս տասներորդ տարին ա:

-Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք այստեղ աշխատել: 

-Դե պրարաբն էկավ, ասավ` էս շինարարությանը մասնակցել տիս: էկա մասնակցեցի, փողս պակաս տվին, բրախեցի, գնացի մեր տուն:

Էս էրկու ջուրն էլ ես եմ բերել: Հետո Եգանյանը էկավ ասավ` դու գալ տիս Զիկատար` պահակ: Ասի` չէ, չեմ ուզում, մի հիրեք-չորս անգամ եկան…

-Ներողություն,-միջամտում է պարոն Եգանյանը,- առաջին անգամ, որ գնացինք, չհամոզվեց: Դե, բնական ա, հաց սարքեց, մեզ պատիվ տվեց, ասավ` չեմ գալու: Ասի` վաղն էլ ենք գալու, տես, թե քեզ ձեռ ա տալիս նորից մեզ հաց տաս, մենք գնանք: Հաջորդ օրը վեշը հավաքեց, էկավ:

-Տասը տարի է այստե՞ղ եք ապրում, պարոն Մարտիկ:

-Հա, ըստեն ո՞ւր տիմ գնալ, մի կնիկ ա վիր եմ կալել, ըստի ապրըմ եմ էլի:

Զրույցը գրի առավ  Անահիտ Իսրայելյանը

gohar zaqaryan

Մեր հարստությունը

Արդեն գարուն է: Գիժ մարտը: Եղանակը  խաբուսիկ է. մեկ` արևոտ, մեկ` մշուշոտ: Գյուղում էլ չի տարածվում վառարանների ծուխը: Մարդիկ բացել են դռները և պատուհանները ձմեռվա խոնավությունը և մի տեսակ մենակությունը ցրելու համար: Արդեն փողոցները լիքն են մարդկանցով: Իսկ տատիկներն ու պապիկները սկսել են այգին մտնել, հողը մշակել: 

Արդեն քանի օր է` պապիկս ողջ ցերեկը տուն չի մտնում: Այգում խաղողի վազերն է էտում: Այնքան է տարվում գործով, որ շատ հաճախ մոռանում է ճաշելու մասին: Տատիկս էլ բարկանում է, գնում այգի և սկսում.

-Այ մարդ, դե բոլա էլ, սաղ օրը տանջվար, տնաշեն: Դու սոված չե՞ս, արի` մի կտոր հաց կեր:

-Է՛հ, էլի սկսիր, այ կնիկ, սոված չեմ, գործ եմ անում:

Ի դեպ, պապիկս աշխարհի ամենահամառ  մարդկանցից մեկն է, և նրան անհնար է համոզել: Տատիկս նրան լավ իմանալով, էլ չշարունակեց: Նա նաև շատ աշխատասեր է և գործին նվիրված: Ոչ մի համալսարան չի ավարտել, սակայն այնքան խելացի է և հնարամիտ, որ զարմացնում է բոլորին: Ինչքան որ ես եմ հիշում, մեր տուն ոչ մի վարպետ, ոչ մի էլեկտրիկ, ոչ մի արհեստավոր չի եղել, ամեն ինչ պապս է իր ձեռքերով պատրաստել և վերանորոգել:

Մենք ընտանիքում երեք երեխա ենք, օրական մի բան ենք կոտրում, քանդում: Տատիկս վերցնում է, տանում պապիս արհեստանոց և խնդրում, որ նորոգի, իսկ պապս միշտ նույն պատասխանն է տալիս.

-Վա՜յ, էս էրէխեքը սաղ քանդում են, ջարդում, ոչ մի բան էլ չեմ սարքի: Տար քցի, արդեն զահլաս տարաք,- բարկանում էր, նեղանում, սակայն երկու ժամ հետո բերում էր և ասում.

-Վերջին անգամ եմ սարքել,- և այսպես ամեն անգամ:

Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, քանի որ ունեմ հրաշալի տատիկ և պապիկ: Հպարտ եմ նրանցով:

Մեր գյուղի խորհրդարանը

 

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Վեցօրյա անընդմեջ ծանրաբեռնված դասերից հետո այսօր իմ ազատ օրն է: Առավոտյան արթնացա, նախաճաշեցի և որոշեցի դուրս գալ տանից, մի քիչ քայլել գյուղում, իմանալ գյուղի նորությունները: Իսկ գիտե՞ք որտեղից եմ իմանալու: Ասեմ: Խորհրդարանից: Հիմա կզարմանաք, կմտածեք` ի՞նչ է խորհրդարանը: 

Մեր գյուղում` Ջուջևանում, խորհրդարան են անվանում այն վայրը, որտեղ հավաքվում են գյուղի տատիկները և զրուցում: Վերլուծում են նորությունները՝ քննադատում կամ հավանություն տալիս:

-Օ՜, բա իմացա՞ր, Սերիկ, Պուտինը թազա կնիկ ա ուզել: Էնա էն մի կնկանիցը երկու երեխա ունեցավ:

Լսվում է պատասխանը:

-Լավ ա անում, էն մարդը ապրում ա:

-Էնա գարունքացել ա: Գեղումը շարժ կա:

-Էնա Հայկն արդեն փորում ա բախչեն:

-Ասում են` էս տարի տաք տի անել:

-Համա ապրիլին ասում էն անձրև տի գալ:

Նրանք խոսում են այսպես անվերջ, առանց հոգնելու: Մի ուրիշ բակում հավաքվել են տղամարդիկ և զրուցում են:

-Էս տարի լավ շոգեր արավ, բերքը լավը կըլի: Փետս էլ պրծելա: Բայց դե էնա շոգերն ընգավ, էլ չենք վառի: Բայց դե մին էլ տեսար ցրտեց:

Ու այդպես շարունակ…

Մի ուրիշ այգում մարդիկ աշխատում են:

Գնանք գյուղամեջ: Ահա այստեղ հավաքվել են գյուղի պապիկները: Ոմանք ուղղակի նստած են ու նայում են անցուդարձ անող մարդկանց կամ մեքենաներին: Ոմանք զրուցում են, ոմանք էլ նարդի են խաղում.

-Էսա տես քեզ ոնց եմ մարս անում:

-Տենանք, տենանք, բմբուլներդ քամուն եմ տալու:

Գյուղի մնացած մասերում մարդ չի երևում:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Գնանք աղբյուրի մոտ, որտեղ միշտ լինում են տարբեր մարդիկ՝ գյուղից կամ այլ բնակավայրերից, հաճախ նաև զբոսաշրջիկներ: Այսօր այստեղ ոչ ոք չկար: Մի քիչ ցուրտ է, բայց հաճելի է: Քայլում եմ` նայելով գեղեցիկ տեսարանին, որտեղ ճնճղուկները երգում են, ծառերը ծաղկել են, և գյուղը կարծես նոր շունչ է առել: Մարդիկ արդեն իրենց անասուններին տանում են արտ և ձայնում. «Հո-հո-հո-հո, կով արի»: Մարդիկ վերադարձել են իրենց գործերին: Սիրում եմ գարունը իր ամեն ինչով:

sara harutyunyan

Խոհեր հազար խնդիրների շուրջ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում եմ, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում  այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությունը: Ո՛չ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:

Իսկ մարդկանց  անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների, հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը:

Ի՛նձ, ձե՛զ, մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են: Նայում եմ շուրջս. ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Մի՞թե հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ  հայրը պետք է խեղդվի կարոտից օտար ու ամայի ճամփեքի վրա: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:

Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճիշտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջել եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ երբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա: Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ինչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:

Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Մենք ապրում ենք այն կյանքով, որը լավ է նախկինից: Բայց այս այն չէ, ինչ պետք  է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝  երկիրը  թողնելով  անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են: Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումները կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն` մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել: Ու ես սպասում եմ, սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած միգը:

zoya edigaryan

Դալլաքանոցը

Բաղանիս: Փոքրիկ գյուղ, որն ունի իր առօրյան: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է ապրել գյուղում, այն էլ՝ սահմանամերձ: Կուզեի պատմել մի փոքրիկ տնակի մասին, որն առաջին հայացքից խրճիթ է հիշեցնում: Տնակը աղքատիկ է, բայց լի է ջերմությամբ, այն պատկանում է մի բարի պապիկի: Նա վարսավիր է: Այնտեղ միշտ հավաքվում են գյուղի մեծերը, խաղում, զրուցում տարբեր թեմաներից: Նրանք ծերացել են, բայց  նրանց աչքերում դեռ երևում է ուրախ մանկության արտացոլանքը: Անկեղծ ասած՝ ինձ շատ հետաքրքիր է լսել նրանց պատմած զվարճալի պատմությունները: 

Այդ բարի պապիկին երբեմն Դալլաք են անվանում, իսկ իր տունը՝ Դալլաքանոց: Բոլորն էլ բավականին մեծ են, շատերն էլ՝ պապիս ընկերները: Միասին ասես մի ընտանիք լինեին: Հաճախ էին մեր տուն գալիս, հիշում անցած-գնացած օրերը: Պատմում էին, թե ինչպես էին բոլորով սիրահարվել նույն աղջկան, իսկ աղջիկը նրանցից ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Հիշում էին, թե ինչպես էին միասին գնում գողության, մտնում այգիները, ու երբ իրենց նկատում էին՝ արագ փախչում էին, իսկ ով չէր հասցնում՝ գերի էր ընկնում:

Այսպիսի բազմաթիվ պատմություններ էին հիշում, պատմում ու ծիծաղում: Բայց այդ ծիծաղի մեջ տխրություն կար, երևի կարոտել էին իրենց անհոգ կյանքը: Ափսոս, որ արդեն վաղուց առաջվա պես չէ, որ տնակը գրեթե դատարկվել է: Առաջվա պես էլ չեն հավաքվում, զրուցում: Շատերը շատ են ծերացել, մյուսները՝ զբաղված են: Բայց դե, մեկ-մեկ լինում է, որ կարոտած սրտով վերադառնում են իրենց ստեղծած ընտանիքը: Հավաքվում են, զրուցում, բայց մյուսների կարիքն էլ  է զգացվում… Նրանց հիշում ու ափսոսում են, որ այլևս իրենց հետ չեն ու իրենց պարզ երևակայությամբ մտածում ու մի քիչ էլ ուրախությամբ ասում.

-Հա դե, բան չկա, երևի իրենք էլ երկնքում իրենց համար նոր ընտանիք են կազմել, ու շուտով մենք էլ իրենց կմիանանք:

Կարոտում են, ու կարևորը երբեք չեն մոռանում իրենց ընտանիքի մյուս անդամներին՝ իրենց լավ ընկերներին: