gohar zaqaryan

Մեր հարստությունը

Արդեն գարուն է: Գիժ մարտը: Եղանակը  խաբուսիկ է. մեկ` արևոտ, մեկ` մշուշոտ: Գյուղում էլ չի տարածվում վառարանների ծուխը: Մարդիկ բացել են դռները և պատուհանները ձմեռվա խոնավությունը և մի տեսակ մենակությունը ցրելու համար: Արդեն փողոցները լիքն են մարդկանցով: Իսկ տատիկներն ու պապիկները սկսել են այգին մտնել, հողը մշակել: 

Արդեն քանի օր է` պապիկս ողջ ցերեկը տուն չի մտնում: Այգում խաղողի վազերն է էտում: Այնքան է տարվում գործով, որ շատ հաճախ մոռանում է ճաշելու մասին: Տատիկս էլ բարկանում է, գնում այգի և սկսում.

-Այ մարդ, դե բոլա էլ, սաղ օրը տանջվար, տնաշեն: Դու սոված չե՞ս, արի` մի կտոր հաց կեր:

-Է՛հ, էլի սկսիր, այ կնիկ, սոված չեմ, գործ եմ անում:

Ի դեպ, պապիկս աշխարհի ամենահամառ  մարդկանցից մեկն է, և նրան անհնար է համոզել: Տատիկս նրան լավ իմանալով, էլ չշարունակեց: Նա նաև շատ աշխատասեր է և գործին նվիրված: Ոչ մի համալսարան չի ավարտել, սակայն այնքան խելացի է և հնարամիտ, որ զարմացնում է բոլորին: Ինչքան որ ես եմ հիշում, մեր տուն ոչ մի վարպետ, ոչ մի էլեկտրիկ, ոչ մի արհեստավոր չի եղել, ամեն ինչ պապս է իր ձեռքերով պատրաստել և վերանորոգել:

Մենք ընտանիքում երեք երեխա ենք, օրական մի բան ենք կոտրում, քանդում: Տատիկս վերցնում է, տանում պապիս արհեստանոց և խնդրում, որ նորոգի, իսկ պապս միշտ նույն պատասխանն է տալիս.

-Վա՜յ, էս էրէխեքը սաղ քանդում են, ջարդում, ոչ մի բան էլ չեմ սարքի: Տար քցի, արդեն զահլաս տարաք,- բարկանում էր, նեղանում, սակայն երկու ժամ հետո բերում էր և ասում.

-Վերջին անգամ եմ սարքել,- և այսպես ամեն անգամ:

Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, քանի որ ունեմ հրաշալի տատիկ և պապիկ: Հպարտ եմ նրանցով:

Մեր գյուղի խորհրդարանը

 

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Վեցօրյա անընդմեջ ծանրաբեռնված դասերից հետո այսօր իմ ազատ օրն է: Առավոտյան արթնացա, նախաճաշեցի և որոշեցի դուրս գալ տանից, մի քիչ քայլել գյուղում, իմանալ գյուղի նորությունները: Իսկ գիտե՞ք որտեղից եմ իմանալու: Ասեմ: Խորհրդարանից: Հիմա կզարմանաք, կմտածեք` ի՞նչ է խորհրդարանը: 

Մեր գյուղում` Ջուջևանում, խորհրդարան են անվանում այն վայրը, որտեղ հավաքվում են գյուղի տատիկները և զրուցում: Վերլուծում են նորությունները՝ քննադատում կամ հավանություն տալիս:

-Օ՜, բա իմացա՞ր, Սերիկ, Պուտինը թազա կնիկ ա ուզել: Էնա էն մի կնկանիցը երկու երեխա ունեցավ:

Լսվում է պատասխանը:

-Լավ ա անում, էն մարդը ապրում ա:

-Էնա գարունքացել ա: Գեղումը շարժ կա:

-Էնա Հայկն արդեն փորում ա բախչեն:

-Ասում են` էս տարի տաք տի անել:

-Համա ապրիլին ասում էն անձրև տի գալ:

Նրանք խոսում են այսպես անվերջ, առանց հոգնելու: Մի ուրիշ բակում հավաքվել են տղամարդիկ և զրուցում են:

-Էս տարի լավ շոգեր արավ, բերքը լավը կըլի: Փետս էլ պրծելա: Բայց դե էնա շոգերն ընգավ, էլ չենք վառի: Բայց դե մին էլ տեսար ցրտեց:

Ու այդպես շարունակ…

Մի ուրիշ այգում մարդիկ աշխատում են:

Գնանք գյուղամեջ: Ահա այստեղ հավաքվել են գյուղի պապիկները: Ոմանք ուղղակի նստած են ու նայում են անցուդարձ անող մարդկանց կամ մեքենաներին: Ոմանք զրուցում են, ոմանք էլ նարդի են խաղում.

-Էսա տես քեզ ոնց եմ մարս անում:

-Տենանք, տենանք, բմբուլներդ քամուն եմ տալու:

Գյուղի մնացած մասերում մարդ չի երևում:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Գնանք աղբյուրի մոտ, որտեղ միշտ լինում են տարբեր մարդիկ՝ գյուղից կամ այլ բնակավայրերից, հաճախ նաև զբոսաշրջիկներ: Այսօր այստեղ ոչ ոք չկար: Մի քիչ ցուրտ է, բայց հաճելի է: Քայլում եմ` նայելով գեղեցիկ տեսարանին, որտեղ ճնճղուկները երգում են, ծառերը ծաղկել են, և գյուղը կարծես նոր շունչ է առել: Մարդիկ արդեն իրենց անասուններին տանում են արտ և ձայնում. «Հո-հո-հո-հո, կով արի»: Մարդիկ վերադարձել են իրենց գործերին: Սիրում եմ գարունը իր ամեն ինչով:

sara harutyunyan

Խոհեր հազար խնդիրների շուրջ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ձեզ հուզում, և արդյո՞ք գտել եք պատասխանը: Իսկ ես ահա մտածում եմ, մտածում եմ, թե ինչն է ինձ ստիպում խորհել, ինչն է ինձ տանջում  այս կյանքում առավել շատ: Միգուցե անորոշությունը: Ո՛չ, անորոշությունը պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի պահ պատկերացրեք, որ ձեզ հայտնի է ամեն ինչ, ինչ պետք է կատարվեր հաջորդ ակնթարթին: Ի՞նչ կլիներ: Պարզապես կյանքը կկորցներ իր հետաքրքրությունը, իր համն ու բույրը:

Իսկ մարդկանց  անտարբերությո՞ւնը: Սա նույնպես ստիպում է մտածել, մտածել մարդկանց սառնասրտության ու անտարբերության մասին: Բայց արդյո՞ք սա իմ ձեռքերում է, արդյո՞ք ես կարող եմ փոխել, այնպես անել, որ մարդիկ բացի իրենց հոգսերից սկսեն մտածել նաև դիմացինի զգացմունքների, հույզերի մասին, անտարբեր չլինեն նրանց տխրությանը:

Ի՛նձ, ձե՛զ, մե՛զ բոլորիս պետք է հուզի այն ամենը, ինչ կախված է մեզանից, մեր ձեռքերում է, և մենք կարող ենք այն փոխել դեպի լավը: Ինչո՞ւ զուր ժամանակ վատնել այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք մարդկանց վերահսկողությունից դուրս են: Նայում եմ շուրջս. ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում, և արդյո՞ք այսպես պետք է լիներ: Ես պարզապես գտնում եմ ինձ հուզող խնդիրը: Մի՞թե հայի ընտանիքը, որն օրինակ կարող է լինել բոլորին, այսօր պետք է կազմված լիներ մորից ու զավակներից: Իսկ ո՞ւր է հայրը, որը պետք է գլուխ կանգներ իր հայրական գորովանքով ու խստությամբ: Ինչո՞ւ է մանուկը իր մանկությունն անցկացնում առանց հոր: Անցկացնում է առանց հոր, որովհետև մեր երկրում աշխատանք չկա: Ինչո՞ւ  հայրը պետք է խեղդվի կարոտից օտար ու ամայի ճամփեքի վրա: Ո՞ւր ենք գնում մենք: Ո՞ւր ենք շարժվում, և ո՞րն է լինելու մեր երկրի վերջնակետը:

Ասում են, եթե ուզում ենք փոխել ինչ-որ բան, ապա պետք է սկսենք հենց մեզնից: Միգուցե սա ճիշտ է, միգուցե հայի ինքնագիտակցությունից ջնջել եսասիրությունը, մոլուցքը դեպի իշխանություն: Բոլորը ցանկանում են առաջնորդել: Իսկ երբ ենք հասկանալու, որ միասնականությունը մեզ կօգնի, կստիպի աշխարհին ուշադրություն դարձնել մեզ վրա: Անընդհատ հիշում ենք մեր պատմությունը, հարուստ մշակույթը, «Ծովից ծով Հայաստանը»: Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա, ինչ ունենք ներկայում, որով ապագա սերունդները կարող են հպարտանալ:

Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, հարաբերական է երջանկությունը, փառքը, իշխանությունը: Այս կյանքը հեքիաթային է թվում նախկինի նկատմամբ: Մենք ապրում ենք այն կյանքով, որը լավ է նախկինից: Բայց այս այն չէ, ինչ պետք  է լիներ: Բոլորը մեկնում են, հեռանում՝  երկիրը  թողնելով  անտերունչ, թողնելով բախտի քմահաճույքին: Վաղ թե ուշ, եթե այսպես շարունակվի, կսկսեք իշխել ամայության մեջ, իշխել ավերակների վրա: Երիտասարդ ուժերը հեռանում են: Հեռանում են՝ իրենց նպատակների իրականացումները կապելով այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ մեզ չեն տալիս հնարավորություն` մեր երազանքներին, նպատակներին հասնել մեր երկրում: Տվե՛ք հայ երիտասարդին հնարավորություն, և նա կբացի գիտության այն բոլոր դռները, որոնք մինչ այդ փակ են եղել: Ու ես սպասում եմ, սպասում եմ այն ժամանակին, որը պետք է գա և իր լույսով ցրի Հայաստանի ապագան պարուրած միգը:

zoya edigaryan

Դալլաքանոցը

Բաղանիս: Փոքրիկ գյուղ, որն ունի իր առօրյան: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է ապրել գյուղում, այն էլ՝ սահմանամերձ: Կուզեի պատմել մի փոքրիկ տնակի մասին, որն առաջին հայացքից խրճիթ է հիշեցնում: Տնակը աղքատիկ է, բայց լի է ջերմությամբ, այն պատկանում է մի բարի պապիկի: Նա վարսավիր է: Այնտեղ միշտ հավաքվում են գյուղի մեծերը, խաղում, զրուցում տարբեր թեմաներից: Նրանք ծերացել են, բայց  նրանց աչքերում դեռ երևում է ուրախ մանկության արտացոլանքը: Անկեղծ ասած՝ ինձ շատ հետաքրքիր է լսել նրանց պատմած զվարճալի պատմությունները: 

Այդ բարի պապիկին երբեմն Դալլաք են անվանում, իսկ իր տունը՝ Դալլաքանոց: Բոլորն էլ բավականին մեծ են, շատերն էլ՝ պապիս ընկերները: Միասին ասես մի ընտանիք լինեին: Հաճախ էին մեր տուն գալիս, հիշում անցած-գնացած օրերը: Պատմում էին, թե ինչպես էին բոլորով սիրահարվել նույն աղջկան, իսկ աղջիկը նրանցից ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Հիշում էին, թե ինչպես էին միասին գնում գողության, մտնում այգիները, ու երբ իրենց նկատում էին՝ արագ փախչում էին, իսկ ով չէր հասցնում՝ գերի էր ընկնում:

Այսպիսի բազմաթիվ պատմություններ էին հիշում, պատմում ու ծիծաղում: Բայց այդ ծիծաղի մեջ տխրություն կար, երևի կարոտել էին իրենց անհոգ կյանքը: Ափսոս, որ արդեն վաղուց առաջվա պես չէ, որ տնակը գրեթե դատարկվել է: Առաջվա պես էլ չեն հավաքվում, զրուցում: Շատերը շատ են ծերացել, մյուսները՝ զբաղված են: Բայց դե, մեկ-մեկ լինում է, որ կարոտած սրտով վերադառնում են իրենց ստեղծած ընտանիքը: Հավաքվում են, զրուցում, բայց մյուսների կարիքն էլ  է զգացվում… Նրանց հիշում ու ափսոսում են, որ այլևս իրենց հետ չեն ու իրենց պարզ երևակայությամբ մտածում ու մի քիչ էլ ուրախությամբ ասում.

-Հա դե, բան չկա, երևի իրենք էլ երկնքում իրենց համար նոր ընտանիք են կազմել, ու շուտով մենք էլ իրենց կմիանանք:

Կարոտում են, ու կարևորը երբեք չեն մոռանում իրենց ընտանիքի մյուս անդամներին՝ իրենց լավ ընկերներին:

Եթե …

Ես ուղղակի վեր թռա իմ մահճակալից: Ինչո՞ւ վեր թռա: Հեսա բացատրեմ:
Այ օրինակ, պատկերացրեք Արքիմեդին: Նա հունական արևի կիզիչ ճառագայթների տակ լոգանք է ընդունում իր լողավազանում: Նա համոզված է, որ այս ջրի մեջ մի գաղտնիք կա թաքնված: Բայց քանի որ նրա վարպետը պատահաբար մոռացել էր նորոգել այն անցքը, որից ջուրը աննկատ դուրս էր հոսում, նա այդպես էլ չկարողացավ բացահայտել հենց իր՝ Արքիմեդի ուժը: Եկեք պատկերացնենք: Եթե լողավազանը ծակ լիներ …
Լավ, էսպես ասեմ:
Նյուտոնը նստած իր այգու ծառերից մեկի տակ մտածում էր իր բանաձևերի մասին: Ի դեպ, ես նկատի ունեի հենց այն ծառը, որի խնձորն ընկավ նրա գլխին: Խնձորի պոչը արդեն համարյա պոկվել էր: Բայց հանկարծ … Հանկարծ Նյուտոնի ոտքը քոր եկավ, ու նա կռացավ, որ ոտքը քորի, և խնձորը հանճարի գլխին ընկնելու փոխարեն ընկավ խոտերի վրա: Իսկ Նյուտոնն ուղղում է իր մեջքը, և նայելով իր ձեռքի թղթերին, իրեն արդեն հազարերորդ անգամ հարցնում, թե ինչու են բոլոր իրերը և մարդիկ «կպած» երկրի երեսին, չկռահելով անգամ, որ իր բոլոր հարցերի պատասխանը հենց նոր ընկավ իր մեջքի հետևում: Լավ, է՜: Լավ չեմ հասկացնում իմ միտքը: Մի օրինակ էլ, ու վերջ:
1890-ականների վերջն է: Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին գտնվող Բրաունաու-Ամ-Ինն փոքրիկ քաղաքի փողոցներից մեկում, մի տղա ընկած է  թիթեռնիկի հետևից: Հիմա կասեք` ես ի՞նչ ա խոսում, ի՞նչ Ամ-Ինն, ի՞նչ թիթեռ: Բանն այն է, որ այդ փոքրիկ տղան Ադոլֆ Հիտլերն է (քաղաքը իր ծննդավայրն է, իսկ մնացածը` իմ հիվանդ երևակայությունը):
Նա թիթեռնիկի հետևից ընկնելով դուրս է գալիս փողոցի երթևեկելի մաս ու ընկնում է մեքենայի տակ: Ու քանի որ իմ ֆանտազիայի դաժանությունը Հիտլերի գործունեության դաժանությանը էնքան էլ չի զիջում, եկեք պատկերացնենք, որ փոքրիկ Ադոլֆիկը երբեք չդարձավ ֆաշիստ-բռնապետ…
Եթե… Բայց եթե… Եթե հանկարծ…
Պատահականությունը շատ կարևոր ա: Եվ մենք չենք հարգում պատահականությունը: Ինձ համար չկա ճակատագիր, ու ես չեմ կարծում, որ մեր կյանքը մեր ձեռքերում է: Իմ կարծիքով, կյանքը պատահականությունների շղթա է:
Պատահականությունը շատ բան է որոշում: Այ, օրինակ, նույն հաջողությամբ, ինչ-որ մի իր կամ քարի կտոր, թեկուզ ավազ կարող էր այդ լողավազանի անցքի մեջ խցկվել ու պահել ջրի ծավալը: Խնձորն ընկնելու պահին կարող էր Նյուտոնի ընդամենը վիզը քոր գալ, և խնձորը հայտնագործության հետ կընկներ հենց նրա գլխին: Կամ Ադոլֆի թիթեռնիկը ճանապարհին հակառակ ուղղությամբ կարող էր թռնել:
Ու նորից. Արքիմեդը կարող էր ուղղակի արեգակից արևահարված քնել, ու երբեք չէր ասի «Էվրիկա»: Այն նույն փրկարար քամին կարող էր քշել-տանել Նյուտոնի բանաձևերը, որոնք գրված էին թղթի վրա: Իսկ Ադոլֆի թիթեռնիկը միգուցե ընդհանրապես թունավոր լիներ:
Աբսուրդների շա՞րք: Ոչ: Սրանք երեք հասարակ օրինակներ են, թե ինչպես կփոխեր պատմությունն իր ընթացքը պատահականությունների պատճառով:

Հա, ամենասկզբից ես գրեցի, որ վեր թռա մահճակալիցս ու խոստացա ասել, թե ինչու: Skrillex-ի պատահական երգերից մեկի գլխացավ առաջացնող «մեղեդիներից» մեկի ներքո, իմ գլխում պատահական մտքեր առաջացան, ու պատահաբար նոթատետրս ու գրիչս մոտս էին…

Մտքի թղթե ինքնաթիռները

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:

Սկսեմ բացատրել:
Հանկարծ մի դեպք է պատահում  կամ մի փաստ, մի միտք շատ է տանջում, ստիպված հանձնում եմ թղթին, ու ստացվում է, որ գրում եմ: Դե, նաև մի քիչ գեղարվեստական համ ու հոտ եմ հաղորդում  թղթին, ու ստացվում է: Ու սա է հիմնական շարժառիթը: Չունեմ ոգեշնչում, շատ հաճախ՝ նույնիսկ շարժառիթ, դրա համար չի ստացվում մտքերս հավաքել: Եղել է պահ, երբ մեքենայով  երկար ճանապարհ եմ գնացել, հանկարծ անձրևել է, ականջակալներով երաժշտություն եմ լսել, ու նկատել եմ, թե ինչպես դանդաղորեն ապակիների վրա սկսել են անձրևի կաթիլներ կուտակվել: Կուտակված կաթիլներից շատերը, որոնք ավելի վերևում են գտնվել, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով  իջել են ապակու վրայից ու անհետացել: Մտածել եմ գրել այդ թեմայով. «Ու չկա էլ կաթիլը…»  վերնագրով: Բայց մինչև հասել եմ տուն, մտքերս ցրվել են հազարավոր ուղղություններով, ու չեմ գրել:
Մի անգամ էլ գազօջախն էի վառում, վերցրեցի լուցկու տուփը, բացեցի և տեսա, որ ընդամենը մեկ հատիկ է մնացել, մտածեցի, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ այդ մի հատիկով չկարողանամ միանգամից վառել. պետք է գնամ նոր տուփ բերեմ ու վառեմ, իսկ այն մի հատիկի «կյանքի առաքելությունը»  պարզապես  կտապալվեր: Վառեցի այդ մի հատիկով գազօջախը և ուզում էի գրել «Երբ վառվում է լուցկու վերջին հատիկը…» վերնագրով, բայց մինչև ավարտեցի գործս, մոռացա իմ այդ մտադրության մասին:
Մի անգամ ել ուզեցի գրել իմ պատրաստած առաջին թխվածքի մասին: Գնացի գնեցի ամեն պարագա, սկսեցի պատրաստել: Բացել էի բաղադրատոմսերի գիրքը, ընտրել էի մի եռաշերտ  թխվածք ու արդեն մի շերտը պատրաստել էի, իսկ երկրորդ շերտի պատրաստման ժամանակ լույսերը անջատվեցին, և վառարանը անջատվեց: 2 ժամ շարունակ լույս չկար, իսկ ես վհատվեցի, դեն նետեցի չստացված շերտերը և իմ այդ մեկ շերտը զարդարեցի եռաշերտ թխվածքի համար նախատեսած  պարագաներով: Ստացվածից այնքան էլ գոհ չէի, բայց հարազատներս շատ քաջալերեցին ինձ, որ համեղ է ստացվել, ու ես ինձ առավել երջանիկ զգացի, այդ պահին ցանկություն ունեի գրել. «Երբ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ  ամեն ինչ ստացվում է…», բայց դուրս եկա բակ խաղալու:  Իմ մտքերը ամպերի պես բարձրացան ինձանից:
Սա մի քանի չստացված պատմություններ, որոնք եթե ստացվեին, հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվեր, քան հիմա: Եթե հանկարծ քայլեմ փողոցով, այգում, կամ մի ուրիշ այլ վայրում (օրինակ, շքերթի ժամանակ շարքում կամ որևէ այլ կարևոր արարողության  ժամանակ) իմ ուշադրությունը գրավի մի հետաքրքիր նյութ, որին  լրագրողի աչքով կնայեմ, պետք է հենց այդ պահին, չգիտեմ որտեղից, միանգամից գտնեմ թուղթ և գրիչ, հարմար տեղավորվեմ ու սկսեմ գրել: Թե չէ` էլի կդառնան մտքերս թղթե ինքնաթիռներ ու կհեռանան ինձնից: Գուցե գնան մեկ ուրիշի մոտ, ով չի ալարի, գրի կառնի դրանք ու կդիտվի որպես յուրօրինակ մտածող:
Առակիս վերջում գրեմ եզրակացությունս. ձեր ինքնաթիռները պահեք ձեր օդանավակայաններում, պարզապես  գրեք այն, ինչը հարմար եք գտնում: Եթե իմ ծանոթներին կամ բարեկամներին հարցնեք, ես միշտ պայուսակով եմ, ու ոչ-ոք չգիտի պատճառը, թե ինչու: Կարծում եմ արդեն կռահեցիք:

seryoja arakelyan

Սեպտեմբերի մեկի, չկայացած ծննդյան օրվա ու էլի շատ բաների մասին

Ես Սերյոժան եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Սեպտեմբերի 1-ին սովորականի նման գնացինք դպրոց: Երեխաները ստացան իրենց գովասանագրերը, և սկսեցինք դասերը: Բոլորիս տրամադրությունը բարձր էր: Մենք շատ ուրախ էինք, որ երկարատև արձակուրդից հետո հանդիպել էինք: Դասերը վերջացնելուց հետո երեխաները իրենց ծնողների հետ ճամփա ընկան դեպի տուն: Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ: Սակայն կատարվեց անսպասելին: Ադրբեջանական դիրքերից սկսվեց գնդակոծվել Բաղանիսը: Մեծից փոքր խուճապի էին մատնվել և այդ լարված իրավիճակին փնտրում էին մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլիներ պատսպարվել` թեկուզ անապահով վայրում: Գնդակները մի քանի վայրկյանի ընթացքում հասան գյուղ: Աղմկոտ ձայներով հարվածեցին տան կտուրներին, դպրոցի պատերին, ապակիներին և գազատար խողովակներին:

Կրակոցները մի կողմ, դա արդեն սովորական է դարձել յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում ապրող մարդու համար: Այդ օրը ինձ համար շատ կարևոր օր էր: Այդ օրը ես տոնելու էի իմ ծննդյան տարեդարձը, ամենաշատ սպասված օրերից մեկը իմ կյաքում: Կրակոցները դադարելուց հետո ես գնացի տուն և իմացա, որ ոչ մի ծնունդ էլ չի լինելու: Կրակոցների պատճառով հարազատներս հրաժարվեցին ներկա գտնվել ծննդյանս տարեդարձին: Ապահովության համար ծննդյանս տարեդարձը հետաձգվեց: Տխրել էի, բայց հասկանում էի հարազատներիս, որոնք պիտի գային այլ վայրերից Բաղանիս:

Ես հաճախում եմ նկարչական դասընթացների: Ազատ ժամանակս հատկացնում եմ  նկարելուն: Սակայն նկարելու համար անհրաժեշտ է գնալ Նոյեմբերյան քաղաք: Նկարչությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, բայց նկարչական նյութեր գնելը մեծ դժվարություն է առաջացնում` մեկը այն, որ մեր գյուղում չկան անհրաժեշտ պարագներ: Եվ ոչ միայն դա: Գյուղի խանութներում կա հագուստի, գրենական պիտույքների և մի շարք մթերքների պակաս:

Ես դեռ շատ եմ գրելու, դեռ կհասցնենք ավելի մոտիկից իրար ճանաչել:

seryoja baboyan

Տեսնել այն, ինչ ուրիշները չեն նկատում

Վաղուց եմ տարված նկարչությամբ. մատիտ, թուղթ, և հիմա էլ նկարում եմ, բայց դե ինքս ինձ համար, երբ պատահի և որտեղ պատահի։ Նկարել եմ մանկուց, սակայն տարիների ընթացքում ես սկսեցի ավելի քիչ նկարել, փոխարենը իմ մեջ սեր առաջացավ դեպի լուսանկարչությունը, և ես մտածեցի․ «Ինչո՞ւ չզբաղվել լուսանկարչությամբ։ Սկսեցի ուսումնասիրել լուսանկարչությունը և լիովին խորասուզվեցի դրա մեջ։ Սակայն համար առաջին խնդիրը ֆոտոխցիկի բացակայությունն էր։ Ինչ արած, ուրիշ ելք չկար, սկսեցի նկարել հեռախոսով։ Ծիծաղելի է հնչում, բայց դե ի՞նչ արած։ Նկարում էի այն ամենը, ինչի մեջ ես տեսնում էի այն, ինչը ուրիշները չէին տեսնում։

Բայց ես չէի կարող բավարարվել դրանով: Սկսեցի YouTube կայքի միջոցով նայել վիդեո խորհուրդներ և վարպետաց դասեր, կամ ինչպես ասում են` «մաստեր կլասներ»։ Հիմա ֆոտոխցիկի և լուսանկարչության մասին գիտեմ համարյա ամեն ինչ։

Երբեմն այդ թեմայով խոսելիս օգտագործում եմ լուսանկարչական այնպիսի տերմիններ, որ ինձ շրջապատող մարդկանց մեջ կարծիք է ձևավորվել, թե ես ունեմ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ և այդ պատճառով գիտեմ այդ տերմինները։

Ես չէի էլ պատկերացնի, որ իմ բախտը այդ հարցում կբերի։ Օրերից մի օր ես հանդիպեցի «Մանանա» թիմի հետ և դարձա պատանի թղթակից։

Մեկ-երկու ամիս անց ինձ զանգահարեցին «Մանանա» թիմից և ասացին, որ գալու են մեր մարզ` մեզ հետ ավելի խորացված աշխատելու համար։ Ուրախությանս սահման չկար, երբ լսեցի այդ խոսքերը, և մանավանդ, երբ իմացա, որ լուսանկարչությունն էլ է մտնում դրա մեջ։ Այդ երեք օրերը դասվեցին իմ կյանքի լավագույն օրերի ցանկում։

Այդ ամենը ինձ ավելի ոգևորվեցին, և ես որոշեցի լիովին ուսումնասիրել լուսանկարչությունը։

Սովորում եմ, սովորում, բայց զգում եմ, որ ինչ որ բան պակասում է։ Դե, իհարկե, դա ֆոտոխցիկն է։ Ես արդեն ունեմ իմ ընտրած երազանքներիս ֆոտոխցիկը։ Բոլորը ասում են` հույսը վերջինն է մեռնում, իսկ ես ինձ հույս եմ տալիս։

Դեռ չեմ որոշել ապագա մասնագիտությունս, մեր երկրում էլ վստահ չեմ, կարո՞ղ եմ ապրել դրանով, թե ոչ։ Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, լուսանկարչությունը կա ու կա։ Իսկ ես սպասում եմ, թե երբ եմ իմ ձեռքերի մեջ պահելու սեփական ֆոտոխցիկս։

Հ․Գ․ Ի դեպ, իմ սիրած լուսանկարիչը դա Սթիվ ՄաքՔարին է։ Իսկ այն ֆոտոխցիկը, որին ես այդքան ձգտում եմ` Nikon D5100-ն է։

mane m sargsyan

Առայժմ պարապում ենք

Անցյալ, ներկա, ապագա: Ընտրություն և մասնագիտություն: Աշխատանքի պահանջարկ և ցանկություն աշխատելու: Հարցեր, որոնք մեզ` ավարտականներիս տանջում են ամենից շատ: Հարցեր, որոնց պատասխանները մենք փորձում ենք գտնել մեր ծնողների խորհուրդների, ընկերների կարծիքների և երկրում տվյալ մասնագիտության պահանջարկի մեջ: Եվ վերջում «դասավորելով» ցանկությունները, երազանքները, անցնում ենք պարապելու «հաճելի» գործընթացին: Ընտրում ենք առարկան և անցնում գործի:

Մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ միգուցե կենսաբանություն, քիմիա, կամ թեկուզ` մաթեմատիկա, օտար լեզու… Այնքան բարդ է…Վերջապես որոշում ես: Եվ արդեն երկու-երեք տարի է, պարապում ես: Իսկ եթե վերջում աշխատանք չգտնե՞ս: Ստիպված կամ պետք է ուրիշ մասնագիտությամբ աշխատես, կամ էլ լքես երկիրդ: Սակայն չէ, դա լուծում չէ…

Հերթական քննարկումն է մաթեմատիկայի (երկրաչափության, հանրահաշվի) ժամանակ: Դաս, որը շատ հաճախ վեր է ածվում դասղեկի ժամի:

-Պետք է գրենք, թե ով ինչ միասնական քննություն պետք է տա,- ասաց դասղեկս, որպես կանոն բարևից հետո:

-Ես գրե՞մ,- հարցրեց մեր դասարանի ամենահումորով և կենսուրախ աղջիկներից մեկը…

Նա վերցրեց գրիչը և իմ օգնությամբ սկսեց գրել ըստ մատյանի հերթականության, թե ով որտեղ է ուզում ընդունվել, ինչ քննություն պետք է տա:

Այնքան տարբեր ընտրություններ ունեինք: Մեկը ուզում է Խամփերյան, մյուսը` բժշկականի ռազմականը, կամ բուժֆակը ունենք, նաև` ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա տարբերակը… Առայժմ պարապում ենք, շատ քիչ մնաց: Չենք մտածում դրանից այն կողմ, ընդունվել` սա առաջնայինն է, իսկ թե հետո ինչ կլինի, կմտածենք ընդունվելուց հետո: Մեզ հաջողություն և ոսկեգույն հորիզոններ…

sona saribekyan

Պապս ու տատս

Գնացել էի հարևան գյուղ՝ Ոսկեպար, որտեղ ապրում են Վարդուհի տատիկս ու Լևոն պապս: Հաճախ եմ գնում նրանց տեսակցության, ու ամեն անգամ մեծ դժվարությամբ եմ հեռանում նրանցից: Տատս ու պապս ասացին, որ շուտով գնալու են սար:

Գյուղում ավանդույթ կա, որ բոլոր այն ընտանիքները՝  հիմնականում ծերերը, ովքեր ունեն շատ անասուն, ամեն տարի գարնանը գնում են սար՝ անասուններին պահելու, քանի որ այնտեղ խոտը շատ առատ է, և անասունների կաթնատվությունը, յուղատվությունը բարձրանում է: Եվ ինչպես բոլորը, իմ տատն ու պապը ևս բացառություն չեն կազմում ու ամեն տարի գնում են սար:

Ամառային արձակուրդներն սկսելուն պես առաջին հերթին որոշեցի այցելել նրանց: Սակայն սարը շատ հեռու է մեզնից, ու մեքենաներ հաճախ չեն գնում:

Ամեն օր քնում-արթնանում  էի այն հույսով, որ հաջորդ առավոտ մեքենա կլինի, կգնամ նրանց այցելության:

Մի արևոտ օր, հազիվ աչքերս բացելով, լսեցի ծանոթ ձայն: Քեռուս ձայնն էր, ու ակամա լսելով նրա ձայնը վազեցի դուրս:

-Բարլուս , գալի՞ս ես սարը:
-Հա, բա ոնց չեմ գալի, սպասի, առանց ինձ չգնաս,- ասացի ու վազելով մտա տուն՝ անհրաժեշտ իրեր վերցնելու:

Մի քանի րոպե անց ճանապարհ ընկանք:

Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ չորս-հինգ ժամ, որն ասես չէր վերջանում: Եվ հանկարծ երևաց Պոպոզ ղաշը: Պոպոզ ղաշը ուրթի ամենաբարձր սարն է, որի գագաթին կա մի խաչքար, որը պապիկիս եղբայրը՝ Աշոտ պապիկն է հեռուներից բերել և հաստատել այդտեղ՝ Պոպոզ ղաշում: Խաչքարի մոտ կա մի տաղավար, ուր ամեն Վարդավառի տոնի հավաքվում ենք, զրուցում, հաց ուտում , ուրախանում, ծիծաղում… Հետո սարի աջ փեշին երևաց մեր «կոկոլը»  (կոկոլը փոքրիկ խրճիթն է): Կոկոլի առաջ երևաց  տատս՝ սպիտակ մազերի երկար հյուսով: Տատս սրտատրոփ սպասում էր ինձ ու քեռուս: Հասնելով կոկոլին՝ իջանք, ու մեծ կարոտով վազեցի տատիս գիրկը:

-Տատի՜…
-Ջանի՜…
-Բա ո՞ւր ա պապը,- միանգամից հարցրի ես:
-Պապը գնաց կովերը բերի ջուրը, հիմի կգա,- ու տատս սկսեց ձայն տալ պապիս:
-Լևա՜ն, Լևա՜ն, արա Լևա՜ն: Եկել են, երեխեքս եկել են:

Ու մի քանի րոպե անց երևաց պապս՝ արագ-արագ քայլերով մոտենում էր մեզ:

-Պապի՜, պապի՜, պապի՜…,- տեսնելով նրան ակամա գոռացի ես:
-Հե՜յ, հե՜յ, հե՜յ… Գալիս եմ, գալի՜…

Մինչ պապս կհասներ, ես ու տատս մի լավ սեղան գցեցինք, և պապիս հասնելուն պես նստեցինք հաց ուտելու, ու ինչպես միշտ, պապս արեց նույն արտահայտությունը:

-Այ կնիկ՝ Վարդուշ, անգույն, թունդ կոֆես բե՛ր:
-Սպասի էլի, այ մարդ, երեխեքս նոր են եկել, մին կարոտս առնեմ, հետո կոֆետ կտամ (հիմա կմտածեք, թե հաց ուտելու ժամանակ ինչ սուրճ, որովհետև սուրճը հիմնականում խմում են հաց ուտելուց հետո: Պապիս «կոֆե» բառի տակ թաքնված էր օղի բառը):

Ու այսպես ծիծաղով ավարտեցինք մեր ընթրիքը: Արդեն մութն ընկել էր, տատս ու պապս գնացին անասնագոմ՝ իրենց ամենօրյա գործերը անելու: Արդեն բոլոր գործերը ավարտել էինք, տատս վառեց լամպը, որը միանգամից լուսավորեց փոքրիկ տնակը:  Նստեցինք սեղանի շուրջ, ու տատս սկսեց ինձ ու քեռուս հարցեր տալ:

-Բա ին՞չ  կա, է, գյուղերում, լա պատմեք. ո՞վ գնաց, ո՞վ եկավ, ո՞վ մնաց, ո՞վ ամուսնացավ, ո՞վ մեռավ,- էսպես մի շարք հարցերի շարան:

Մինչ պատմում էինք տատին գյուղի անցուդարձից,  լսեցինք բարձր խռմփոցի ձայն: Պապս հոգնած քնել էր: Տատս մարեց լամպի լույսը, մենք էլ քնեցինք:

Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մի տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ ղաշը, որտեղ շա՜տ-շա՜տ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին: