Եթե …

Ես ուղղակի վեր թռա իմ մահճակալից: Ինչո՞ւ վեր թռա: Հեսա բացատրեմ:
Այ օրինակ, պատկերացրեք Արքիմեդին: Նա հունական արևի կիզիչ ճառագայթների տակ լոգանք է ընդունում իր լողավազանում: Նա համոզված է, որ այս ջրի մեջ մի գաղտնիք կա թաքնված: Բայց քանի որ նրա վարպետը պատահաբար մոռացել էր նորոգել այն անցքը, որից ջուրը աննկատ դուրս էր հոսում, նա այդպես էլ չկարողացավ բացահայտել հենց իր՝ Արքիմեդի ուժը: Եկեք պատկերացնենք: Եթե լողավազանը ծակ լիներ …
Լավ, էսպես ասեմ:
Նյուտոնը նստած իր այգու ծառերից մեկի տակ մտածում էր իր բանաձևերի մասին: Ի դեպ, ես նկատի ունեի հենց այն ծառը, որի խնձորն ընկավ նրա գլխին: Խնձորի պոչը արդեն համարյա պոկվել էր: Բայց հանկարծ … Հանկարծ Նյուտոնի ոտքը քոր եկավ, ու նա կռացավ, որ ոտքը քորի, և խնձորը հանճարի գլխին ընկնելու փոխարեն ընկավ խոտերի վրա: Իսկ Նյուտոնն ուղղում է իր մեջքը, և նայելով իր ձեռքի թղթերին, իրեն արդեն հազարերորդ անգամ հարցնում, թե ինչու են բոլոր իրերը և մարդիկ «կպած» երկրի երեսին, չկռահելով անգամ, որ իր բոլոր հարցերի պատասխանը հենց նոր ընկավ իր մեջքի հետևում: Լավ, է՜: Լավ չեմ հասկացնում իմ միտքը: Մի օրինակ էլ, ու վերջ:
1890-ականների վերջն է: Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին գտնվող Բրաունաու-Ամ-Ինն փոքրիկ քաղաքի փողոցներից մեկում, մի տղա ընկած է  թիթեռնիկի հետևից: Հիմա կասեք` ես ի՞նչ ա խոսում, ի՞նչ Ամ-Ինն, ի՞նչ թիթեռ: Բանն այն է, որ այդ փոքրիկ տղան Ադոլֆ Հիտլերն է (քաղաքը իր ծննդավայրն է, իսկ մնացածը` իմ հիվանդ երևակայությունը):
Նա թիթեռնիկի հետևից ընկնելով դուրս է գալիս փողոցի երթևեկելի մաս ու ընկնում է մեքենայի տակ: Ու քանի որ իմ ֆանտազիայի դաժանությունը Հիտլերի գործունեության դաժանությանը էնքան էլ չի զիջում, եկեք պատկերացնենք, որ փոքրիկ Ադոլֆիկը երբեք չդարձավ ֆաշիստ-բռնապետ…
Եթե… Բայց եթե… Եթե հանկարծ…
Պատահականությունը շատ կարևոր ա: Եվ մենք չենք հարգում պատահականությունը: Ինձ համար չկա ճակատագիր, ու ես չեմ կարծում, որ մեր կյանքը մեր ձեռքերում է: Իմ կարծիքով, կյանքը պատահականությունների շղթա է:
Պատահականությունը շատ բան է որոշում: Այ, օրինակ, նույն հաջողությամբ, ինչ-որ մի իր կամ քարի կտոր, թեկուզ ավազ կարող էր այդ լողավազանի անցքի մեջ խցկվել ու պահել ջրի ծավալը: Խնձորն ընկնելու պահին կարող էր Նյուտոնի ընդամենը վիզը քոր գալ, և խնձորը հայտնագործության հետ կընկներ հենց նրա գլխին: Կամ Ադոլֆի թիթեռնիկը ճանապարհին հակառակ ուղղությամբ կարող էր թռնել:
Ու նորից. Արքիմեդը կարող էր ուղղակի արեգակից արևահարված քնել, ու երբեք չէր ասի «Էվրիկա»: Այն նույն փրկարար քամին կարող էր քշել-տանել Նյուտոնի բանաձևերը, որոնք գրված էին թղթի վրա: Իսկ Ադոլֆի թիթեռնիկը միգուցե ընդհանրապես թունավոր լիներ:
Աբսուրդների շա՞րք: Ոչ: Սրանք երեք հասարակ օրինակներ են, թե ինչպես կփոխեր պատմությունն իր ընթացքը պատահականությունների պատճառով:

Հա, ամենասկզբից ես գրեցի, որ վեր թռա մահճակալիցս ու խոստացա ասել, թե ինչու: Skrillex-ի պատահական երգերից մեկի գլխացավ առաջացնող «մեղեդիներից» մեկի ներքո, իմ գլխում պատահական մտքեր առաջացան, ու պատահաբար նոթատետրս ու գրիչս մոտս էին…

Մտքի թղթե ինքնաթիռները

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:

Սկսեմ բացատրել:
Հանկարծ մի դեպք է պատահում  կամ մի փաստ, մի միտք շատ է տանջում, ստիպված հանձնում եմ թղթին, ու ստացվում է, որ գրում եմ: Դե, նաև մի քիչ գեղարվեստական համ ու հոտ եմ հաղորդում  թղթին, ու ստացվում է: Ու սա է հիմնական շարժառիթը: Չունեմ ոգեշնչում, շատ հաճախ՝ նույնիսկ շարժառիթ, դրա համար չի ստացվում մտքերս հավաքել: Եղել է պահ, երբ մեքենայով  երկար ճանապարհ եմ գնացել, հանկարծ անձրևել է, ականջակալներով երաժշտություն եմ լսել, ու նկատել եմ, թե ինչպես դանդաղորեն ապակիների վրա սկսել են անձրևի կաթիլներ կուտակվել: Կուտակված կաթիլներից շատերը, որոնք ավելի վերևում են գտնվել, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով  իջել են ապակու վրայից ու անհետացել: Մտածել եմ գրել այդ թեմայով. «Ու չկա էլ կաթիլը…»  վերնագրով: Բայց մինչև հասել եմ տուն, մտքերս ցրվել են հազարավոր ուղղություններով, ու չեմ գրել:
Մի անգամ էլ գազօջախն էի վառում, վերցրեցի լուցկու տուփը, բացեցի և տեսա, որ ընդամենը մեկ հատիկ է մնացել, մտածեցի, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ այդ մի հատիկով չկարողանամ միանգամից վառել. պետք է գնամ նոր տուփ բերեմ ու վառեմ, իսկ այն մի հատիկի «կյանքի առաքելությունը»  պարզապես  կտապալվեր: Վառեցի այդ մի հատիկով գազօջախը և ուզում էի գրել «Երբ վառվում է լուցկու վերջին հատիկը…» վերնագրով, բայց մինչև ավարտեցի գործս, մոռացա իմ այդ մտադրության մասին:
Մի անգամ ել ուզեցի գրել իմ պատրաստած առաջին թխվածքի մասին: Գնացի գնեցի ամեն պարագա, սկսեցի պատրաստել: Բացել էի բաղադրատոմսերի գիրքը, ընտրել էի մի եռաշերտ  թխվածք ու արդեն մի շերտը պատրաստել էի, իսկ երկրորդ շերտի պատրաստման ժամանակ լույսերը անջատվեցին, և վառարանը անջատվեց: 2 ժամ շարունակ լույս չկար, իսկ ես վհատվեցի, դեն նետեցի չստացված շերտերը և իմ այդ մեկ շերտը զարդարեցի եռաշերտ թխվածքի համար նախատեսած  պարագաներով: Ստացվածից այնքան էլ գոհ չէի, բայց հարազատներս շատ քաջալերեցին ինձ, որ համեղ է ստացվել, ու ես ինձ առավել երջանիկ զգացի, այդ պահին ցանկություն ունեի գրել. «Երբ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ  ամեն ինչ ստացվում է…», բայց դուրս եկա բակ խաղալու:  Իմ մտքերը ամպերի պես բարձրացան ինձանից:
Սա մի քանի չստացված պատմություններ, որոնք եթե ստացվեին, հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվեր, քան հիմա: Եթե հանկարծ քայլեմ փողոցով, այգում, կամ մի ուրիշ այլ վայրում (օրինակ, շքերթի ժամանակ շարքում կամ որևէ այլ կարևոր արարողության  ժամանակ) իմ ուշադրությունը գրավի մի հետաքրքիր նյութ, որին  լրագրողի աչքով կնայեմ, պետք է հենց այդ պահին, չգիտեմ որտեղից, միանգամից գտնեմ թուղթ և գրիչ, հարմար տեղավորվեմ ու սկսեմ գրել: Թե չէ` էլի կդառնան մտքերս թղթե ինքնաթիռներ ու կհեռանան ինձնից: Գուցե գնան մեկ ուրիշի մոտ, ով չի ալարի, գրի կառնի դրանք ու կդիտվի որպես յուրօրինակ մտածող:
Առակիս վերջում գրեմ եզրակացությունս. ձեր ինքնաթիռները պահեք ձեր օդանավակայաններում, պարզապես  գրեք այն, ինչը հարմար եք գտնում: Եթե իմ ծանոթներին կամ բարեկամներին հարցնեք, ես միշտ պայուսակով եմ, ու ոչ-ոք չգիտի պատճառը, թե ինչու: Կարծում եմ արդեն կռահեցիք:

seryoja arakelyan

Սեպտեմբերի մեկի, չկայացած ծննդյան օրվա ու էլի շատ բաների մասին

Ես Սերյոժան եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Սեպտեմբերի 1-ին սովորականի նման գնացինք դպրոց: Երեխաները ստացան իրենց գովասանագրերը, և սկսեցինք դասերը: Բոլորիս տրամադրությունը բարձր էր: Մենք շատ ուրախ էինք, որ երկարատև արձակուրդից հետո հանդիպել էինք: Դասերը վերջացնելուց հետո երեխաները իրենց ծնողների հետ ճամփա ընկան դեպի տուն: Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ: Սակայն կատարվեց անսպասելին: Ադրբեջանական դիրքերից սկսվեց գնդակոծվել Բաղանիսը: Մեծից փոքր խուճապի էին մատնվել և այդ լարված իրավիճակին փնտրում էին մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլիներ պատսպարվել` թեկուզ անապահով վայրում: Գնդակները մի քանի վայրկյանի ընթացքում հասան գյուղ: Աղմկոտ ձայներով հարվածեցին տան կտուրներին, դպրոցի պատերին, ապակիներին և գազատար խողովակներին:

Կրակոցները մի կողմ, դա արդեն սովորական է դարձել յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում ապրող մարդու համար: Այդ օրը ինձ համար շատ կարևոր օր էր: Այդ օրը ես տոնելու էի իմ ծննդյան տարեդարձը, ամենաշատ սպասված օրերից մեկը իմ կյաքում: Կրակոցները դադարելուց հետո ես գնացի տուն և իմացա, որ ոչ մի ծնունդ էլ չի լինելու: Կրակոցների պատճառով հարազատներս հրաժարվեցին ներկա գտնվել ծննդյանս տարեդարձին: Ապահովության համար ծննդյանս տարեդարձը հետաձգվեց: Տխրել էի, բայց հասկանում էի հարազատներիս, որոնք պիտի գային այլ վայրերից Բաղանիս:

Ես հաճախում եմ նկարչական դասընթացների: Ազատ ժամանակս հատկացնում եմ  նկարելուն: Սակայն նկարելու համար անհրաժեշտ է գնալ Նոյեմբերյան քաղաք: Նկարչությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, բայց նկարչական նյութեր գնելը մեծ դժվարություն է առաջացնում` մեկը այն, որ մեր գյուղում չկան անհրաժեշտ պարագներ: Եվ ոչ միայն դա: Գյուղի խանութներում կա հագուստի, գրենական պիտույքների և մի շարք մթերքների պակաս:

Ես դեռ շատ եմ գրելու, դեռ կհասցնենք ավելի մոտիկից իրար ճանաչել:

seryoja baboyan

Տեսնել այն, ինչ ուրիշները չեն նկատում

Վաղուց եմ տարված նկարչությամբ. մատիտ, թուղթ, և հիմա էլ նկարում եմ, բայց դե ինքս ինձ համար, երբ պատահի և որտեղ պատահի։ Նկարել եմ մանկուց, սակայն տարիների ընթացքում ես սկսեցի ավելի քիչ նկարել, փոխարենը իմ մեջ սեր առաջացավ դեպի լուսանկարչությունը, և ես մտածեցի․ «Ինչո՞ւ չզբաղվել լուսանկարչությամբ։ Սկսեցի ուսումնասիրել լուսանկարչությունը և լիովին խորասուզվեցի դրա մեջ։ Սակայն համար առաջին խնդիրը ֆոտոխցիկի բացակայությունն էր։ Ինչ արած, ուրիշ ելք չկար, սկսեցի նկարել հեռախոսով։ Ծիծաղելի է հնչում, բայց դե ի՞նչ արած։ Նկարում էի այն ամենը, ինչի մեջ ես տեսնում էի այն, ինչը ուրիշները չէին տեսնում։

Բայց ես չէի կարող բավարարվել դրանով: Սկսեցի YouTube կայքի միջոցով նայել վիդեո խորհուրդներ և վարպետաց դասեր, կամ ինչպես ասում են` «մաստեր կլասներ»։ Հիմա ֆոտոխցիկի և լուսանկարչության մասին գիտեմ համարյա ամեն ինչ։

Երբեմն այդ թեմայով խոսելիս օգտագործում եմ լուսանկարչական այնպիսի տերմիններ, որ ինձ շրջապատող մարդկանց մեջ կարծիք է ձևավորվել, թե ես ունեմ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ և այդ պատճառով գիտեմ այդ տերմինները։

Ես չէի էլ պատկերացնի, որ իմ բախտը այդ հարցում կբերի։ Օրերից մի օր ես հանդիպեցի «Մանանա» թիմի հետ և դարձա պատանի թղթակից։

Մեկ-երկու ամիս անց ինձ զանգահարեցին «Մանանա» թիմից և ասացին, որ գալու են մեր մարզ` մեզ հետ ավելի խորացված աշխատելու համար։ Ուրախությանս սահման չկար, երբ լսեցի այդ խոսքերը, և մանավանդ, երբ իմացա, որ լուսանկարչությունն էլ է մտնում դրա մեջ։ Այդ երեք օրերը դասվեցին իմ կյանքի լավագույն օրերի ցանկում։

Այդ ամենը ինձ ավելի ոգևորվեցին, և ես որոշեցի լիովին ուսումնասիրել լուսանկարչությունը։

Սովորում եմ, սովորում, բայց զգում եմ, որ ինչ որ բան պակասում է։ Դե, իհարկե, դա ֆոտոխցիկն է։ Ես արդեն ունեմ իմ ընտրած երազանքներիս ֆոտոխցիկը։ Բոլորը ասում են` հույսը վերջինն է մեռնում, իսկ ես ինձ հույս եմ տալիս։

Դեռ չեմ որոշել ապագա մասնագիտությունս, մեր երկրում էլ վստահ չեմ, կարո՞ղ եմ ապրել դրանով, թե ոչ։ Ամեն դեպքում, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, լուսանկարչությունը կա ու կա։ Իսկ ես սպասում եմ, թե երբ եմ իմ ձեռքերի մեջ պահելու սեփական ֆոտոխցիկս։

Հ․Գ․ Ի դեպ, իմ սիրած լուսանկարիչը դա Սթիվ ՄաքՔարին է։ Իսկ այն ֆոտոխցիկը, որին ես այդքան ձգտում եմ` Nikon D5100-ն է։

mane m sargsyan

Առայժմ պարապում ենք

Անցյալ, ներկա, ապագա: Ընտրություն և մասնագիտություն: Աշխատանքի պահանջարկ և ցանկություն աշխատելու: Հարցեր, որոնք մեզ` ավարտականներիս տանջում են ամենից շատ: Հարցեր, որոնց պատասխանները մենք փորձում ենք գտնել մեր ծնողների խորհուրդների, ընկերների կարծիքների և երկրում տվյալ մասնագիտության պահանջարկի մեջ: Եվ վերջում «դասավորելով» ցանկությունները, երազանքները, անցնում ենք պարապելու «հաճելի» գործընթացին: Ընտրում ենք առարկան և անցնում գործի:

Մաթեմատիկա, ֆիզիկա, իսկ միգուցե կենսաբանություն, քիմիա, կամ թեկուզ` մաթեմատիկա, օտար լեզու… Այնքան բարդ է…Վերջապես որոշում ես: Եվ արդեն երկու-երեք տարի է, պարապում ես: Իսկ եթե վերջում աշխատանք չգտնե՞ս: Ստիպված կամ պետք է ուրիշ մասնագիտությամբ աշխատես, կամ էլ լքես երկիրդ: Սակայն չէ, դա լուծում չէ…

Հերթական քննարկումն է մաթեմատիկայի (երկրաչափության, հանրահաշվի) ժամանակ: Դաս, որը շատ հաճախ վեր է ածվում դասղեկի ժամի:

-Պետք է գրենք, թե ով ինչ միասնական քննություն պետք է տա,- ասաց դասղեկս, որպես կանոն բարևից հետո:

-Ես գրե՞մ,- հարցրեց մեր դասարանի ամենահումորով և կենսուրախ աղջիկներից մեկը…

Նա վերցրեց գրիչը և իմ օգնությամբ սկսեց գրել ըստ մատյանի հերթականության, թե ով որտեղ է ուզում ընդունվել, ինչ քննություն պետք է տա:

Այնքան տարբեր ընտրություններ ունեինք: Մեկը ուզում է Խամփերյան, մյուսը` բժշկականի ռազմականը, կամ բուժֆակը ունենք, նաև` ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկա տարբերակը… Առայժմ պարապում ենք, շատ քիչ մնաց: Չենք մտածում դրանից այն կողմ, ընդունվել` սա առաջնայինն է, իսկ թե հետո ինչ կլինի, կմտածենք ընդունվելուց հետո: Մեզ հաջողություն և ոսկեգույն հորիզոններ…

sona saribekyan

Պապս ու տատս

Գնացել էի հարևան գյուղ՝ Ոսկեպար, որտեղ ապրում են Վարդուհի տատիկս ու Լևոն պապս: Հաճախ եմ գնում նրանց տեսակցության, ու ամեն անգամ մեծ դժվարությամբ եմ հեռանում նրանցից: Տատս ու պապս ասացին, որ շուտով գնալու են սար:

Գյուղում ավանդույթ կա, որ բոլոր այն ընտանիքները՝  հիմնականում ծերերը, ովքեր ունեն շատ անասուն, ամեն տարի գարնանը գնում են սար՝ անասուններին պահելու, քանի որ այնտեղ խոտը շատ առատ է, և անասունների կաթնատվությունը, յուղատվությունը բարձրանում է: Եվ ինչպես բոլորը, իմ տատն ու պապը ևս բացառություն չեն կազմում ու ամեն տարի գնում են սար:

Ամառային արձակուրդներն սկսելուն պես առաջին հերթին որոշեցի այցելել նրանց: Սակայն սարը շատ հեռու է մեզնից, ու մեքենաներ հաճախ չեն գնում:

Ամեն օր քնում-արթնանում  էի այն հույսով, որ հաջորդ առավոտ մեքենա կլինի, կգնամ նրանց այցելության:

Մի արևոտ օր, հազիվ աչքերս բացելով, լսեցի ծանոթ ձայն: Քեռուս ձայնն էր, ու ակամա լսելով նրա ձայնը վազեցի դուրս:

-Բարլուս , գալի՞ս ես սարը:
-Հա, բա ոնց չեմ գալի, սպասի, առանց ինձ չգնաս,- ասացի ու վազելով մտա տուն՝ անհրաժեշտ իրեր վերցնելու:

Մի քանի րոպե անց ճանապարհ ընկանք:

Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ չորս-հինգ ժամ, որն ասես չէր վերջանում: Եվ հանկարծ երևաց Պոպոզ ղաշը: Պոպոզ ղաշը ուրթի ամենաբարձր սարն է, որի գագաթին կա մի խաչքար, որը պապիկիս եղբայրը՝ Աշոտ պապիկն է հեռուներից բերել և հաստատել այդտեղ՝ Պոպոզ ղաշում: Խաչքարի մոտ կա մի տաղավար, ուր ամեն Վարդավառի տոնի հավաքվում ենք, զրուցում, հաց ուտում , ուրախանում, ծիծաղում… Հետո սարի աջ փեշին երևաց մեր «կոկոլը»  (կոկոլը փոքրիկ խրճիթն է): Կոկոլի առաջ երևաց  տատս՝ սպիտակ մազերի երկար հյուսով: Տատս սրտատրոփ սպասում էր ինձ ու քեռուս: Հասնելով կոկոլին՝ իջանք, ու մեծ կարոտով վազեցի տատիս գիրկը:

-Տատի՜…
-Ջանի՜…
-Բա ո՞ւր ա պապը,- միանգամից հարցրի ես:
-Պապը գնաց կովերը բերի ջուրը, հիմի կգա,- ու տատս սկսեց ձայն տալ պապիս:
-Լևա՜ն, Լևա՜ն, արա Լևա՜ն: Եկել են, երեխեքս եկել են:

Ու մի քանի րոպե անց երևաց պապս՝ արագ-արագ քայլերով մոտենում էր մեզ:

-Պապի՜, պապի՜, պապի՜…,- տեսնելով նրան ակամա գոռացի ես:
-Հե՜յ, հե՜յ, հե՜յ… Գալիս եմ, գալի՜…

Մինչ պապս կհասներ, ես ու տատս մի լավ սեղան գցեցինք, և պապիս հասնելուն պես նստեցինք հաց ուտելու, ու ինչպես միշտ, պապս արեց նույն արտահայտությունը:

-Այ կնիկ՝ Վարդուշ, անգույն, թունդ կոֆես բե՛ր:
-Սպասի էլի, այ մարդ, երեխեքս նոր են եկել, մին կարոտս առնեմ, հետո կոֆետ կտամ (հիմա կմտածեք, թե հաց ուտելու ժամանակ ինչ սուրճ, որովհետև սուրճը հիմնականում խմում են հաց ուտելուց հետո: Պապիս «կոֆե» բառի տակ թաքնված էր օղի բառը):

Ու այսպես ծիծաղով ավարտեցինք մեր ընթրիքը: Արդեն մութն ընկել էր, տատս ու պապս գնացին անասնագոմ՝ իրենց ամենօրյա գործերը անելու: Արդեն բոլոր գործերը ավարտել էինք, տատս վառեց լամպը, որը միանգամից լուսավորեց փոքրիկ տնակը:  Նստեցինք սեղանի շուրջ, ու տատս սկսեց ինձ ու քեռուս հարցեր տալ:

-Բա ին՞չ  կա, է, գյուղերում, լա պատմեք. ո՞վ գնաց, ո՞վ եկավ, ո՞վ մնաց, ո՞վ ամուսնացավ, ո՞վ մեռավ,- էսպես մի շարք հարցերի շարան:

Մինչ պատմում էինք տատին գյուղի անցուդարձից,  լսեցինք բարձր խռմփոցի ձայն: Պապս հոգնած քնել էր: Տատս մարեց լամպի լույսը, մենք էլ քնեցինք:

Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մի տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ ղաշը, որտեղ շա՜տ-շա՜տ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին:

Որ գընըմ են, ոնց որ ինձանից մի բան պոկեն-տանին

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Անահիտ Իսրայելյանի

Գարուն է, ու մենք` «Մանանա» կենտրոնի պատանի թղթակիցներս, եկել ենք Կողբ` լուսանկարներ  անելու: Կողբի փողոցներից մեկում տեսանք կոշկակար Սերգեյ Յարալյանի արհեստանոցը և մոտեցանք: 

-Ես, ոնց որ տենըմ եք, կոշկակարությամբ եմ զբաղվըմ: Ես էլ մի վախտ ձեր պես լրագրող էի, հետո սովետից եդը էս գործը սկսեցի:  Դե, հըմի էլ մեր երկրըմը դեռ լավատեսական բան չկա, էրեխեք ջեն, իսկ պուճուր գյուղում ավելի վատ ա, ծայրամասային գյուղերում՝ ավելի սարսափելի:  Հույսով ենք ապրըմ, էլի, որ լավ կըլի, որովհետև ոչ մի բանը հավերժ չի ըլըմ. ո՛չ լավը, ո՛չ վատը: Միշտ էլ էտ էրկուսը իրար հաջորդող են ըլըմ: Ուղղակի հուսանք, որ հաջորդ լավը շուտ կգա, որ գոնե մենք չէ, մեր ըրեխեքը, մեր թոռները ավելի լավ պայմաններըմը ապրին:

-Իսկ ի՞նչ է պետք դրա համար անել, ձեր կարծիքով:

-Սիրել իրանց երկիրը: Փախչըմ են, գընըմ են: Ես իմ էս երկիրը սիրըմ եմ, էրեխեք ջան, իսկապես սիրըմ եմ էս ամեն քարը, թուփը: Պրոստը մարդիկ ուզում են լավ ապրին, գընըմ են: Գործ չկա, գընըմ են: Բայց հավատացեք, մի մասի համար կգտնվեր աշխատանք:  Պրոստը մարդիկ տենըմ են իրանց մասնագիտությունով գործ չկա, գիդեն աշխարհը վերջացել ա: Կարան ինչ-որ մի բան քըթնեն: Ասըմ չեմ լրիվ, բայց մի մասը կարար իրա հըմար աշխատանք քըթնու, ապրի:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ լրագրողի աշխատանքը կարողացաք կոշկակարությամբ փոխել:

-Ինձ մոտ՝ մեր ընտանիքըմ, ուղուփով, բազմակողմանի զարգացած մարդիկ են: Նեհենց որ մի կոնկրետ մասնագիտություն չեմ ընտրել, որ էս պրծավ՝ աշխարհը քանդվեց: Շատ արագ կողմնորոշվել եմ՝  ինչ կարելի ա անել տվյալ իրավիճակըմ, որ քու օրվա հացը վաստակես, քու ընտանիքը խանութից նիսյա չանե:

Լուսանկարը՝ Նելլի Գոգինյանի

Լուսանկարը՝ Նելլի Գոգինյանի

-Իսկ ձեր մասնագիտությամբ ավարտելուց հետո զբաղվե՞լ եք:

-Չէ: Ես ոչ թե ավարտել եմ, ես, ավելի շուտ գիդենալով լուսանկարչությունը, անմիջապես մտել եմ աշխատանքի, էդ ուղղությամբ չեմ սովորել: Հիշըմ եմ, մեր մոտ մինն էլ կար, աշխատեր, հետո ընթացքըմ ավարտեց: Ես ժամանակ չունեցա, որովհետև սովետը քանդվեց:

-Իսկ որտե՞ղ եք աշխատել:

-Շրջանային «Ծիածան» թերթըմ երկար տարիներ աշխատել եմ:

-Ձեր երեխաները շարունակո՞ւմ են ձեր աշխատանքը:

-Իմ էրեխեքից մեկը Նոյեմբերյան ա, մեկը՝ Էրեվան: Էրկուսն էլ բազմազավակ մայրիկներ են, էրկուսն էլ դպրոցը գերազանց են ավարտել: Չորս-չորս ըրեխեք ունին, տղես էլ էրկու, տասնմեկերորդ թոռնիկին էլ սպասըմ ենք:

-Իսկ կոշկակարությամբ աշխատանք կա՞:

-Գիդե՞ք ոնց ա, եթե գործը սիրըմ ես, անըմ ես որակով, հաստատ գործ կունենաս: Քու մերն էլ ա ինձ հըմար միշտ գործ բերըմ: Եթե չսիրես, մի օր, էրկու օր, հետո կհանգչի էդ կրակը: Էն որ ասըմ են` հավն ա շուտ էլել, թե ձուն, հըմի ես մըտածըմ եմ` սիրըմ եմ, դրա հըմար եմ կարըմ, թե՞ կարըմ եմ, դրա հըմար եմ սիրըմ: Դժվար ժամանակնի են, բայց փառք Աստծո, միշտ գործ կա: Հարուստ չենք, բայց մեր տան սեղանին մի կտոր հացը անպակաս ա:

Իսկ աշխատանքից հետո պատրաստըմ ենք նոր ներկայացում: Կողբի կուլտուրայի տանը նոր բեմադրություն ենք անըմ:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

-Դո՞ւք եք բեմադրում:

-Չէ, ռեժիսոր ունենք, ես ընդամենը դերակատար եմ:

-Ի՞նչ բեմադրություն:

-«Որդու վերադարձը»: Շուշիի պատերազմի հետ կապված պատմություն ա, ռեժիսորի մտահղացումն ա: Փոքր բեմադրություն ա, մի գործողությամբ:

-Իսկ ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին:

-Գիդե՞ք, ինչքան էլ գնան, ռուսը օտար ա, չի կարա բարի աչքով մտիկ անե, հնարավոր չի: Ուզում եմ գնամ դպրոց, լիքը ըրեխեք ըլին: Որ գընըմ են, ոնց որ ինձանից մի բան պոկեն-տանին: Ես կուզենամ, որ շատ ըրեխեք ըլին մեր պետության մեջ, մեր ազգի մեջ:

Չորսիկուռը այլ ժողովուրդնի են, որ նրանց հըմար մեր ներկայությունը, մեղմ ասած, ցանկալի չի: Պետք ա ապրենք, գոյատևենք, էս մի պուճուր ժողովուրդն ենք մնացել:

Զրույցը գրի առավ Անահիտ Իսրայելյանը

Նոր տրամադրություն

 

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Ուխ, արդեն գարուն է: Իմ գյուղ Ներքին Կարմիրաղբյուրում եռուզեռ է: Էսկողմ-էնկողմ քայլող մարդիկ բահը, փոցխը ձեռքներին գնում են այգիները մաքրելու, որպեսզի հետո վարեն-ցանեն: Այնքան հետաքրքիր է գյուղը, ոնց որ վերակենդանացած լինի:

«Բայց էն ժամանակվա եռուզեռը չկա»,- պատմում է հայրիկս: Նաև ավելացնում, որ սովետի ժամանակ գյուղում ոչ մի կտոր հող անմշակ չէր մնում, բոլորը մշակում էին: Ու իրենք՝ դպրոցի բարձր դասարանի երեխաները, գնում էին դպրոցի հողը մշակելու: Էն ժամանակ դպրոցը հողեր ուներ, աշակերտներն էին մշակում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Բայց հիմա, հիմա գյուղում անմշակ հողերն ավելի շատ են, քան էն հողերը, որ մենք ենք մշակում: Չէ, ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ընդհակառակը: Մեր հողերի մեծ մասը թշնամու կրակի տակ է, ու գյուղացիները չեն կարող դրանք մշակել: Բազմիցս եղել են դեպքեր, որ գյուղացիներն իրենց այգիներում վիրավորվել են թշնամու գնդակից:

Բայց վերադառնամ ավելի ուրախ թեմաների: Մի քանի օր առաջ տեսա հայրիկս բահը, փոցխը ու էլի ուրիշ  գործիքներ հանել պատրաստել էր, որ արդեն մենք էլ սկսենք գարնանային աշխատանքները: Այնպես որ, մենք էլ ենք գարնանային տրամադրության մեջ:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Քայլում եմ գյուղի փողոցներով. շխկոց, թխկոց, բահերի դրոփյուն, հեռվում աշխատող տրակտորներ, դրանց միախառնվող համահունչ երաժշտությունը տարածվել էր ամբողջ գյուղով` ստեղծելով հաճելի տրամադրություն: Կարծես` ոչ հեռվում գտնվող թշնամուն ուզում ենք հասկացնել տանք, որ մենք  այստեղ ենք, մնալու ենք ապրելու, արարելու, ու իրենք թող մտքներովն անգամ չանցկացնեն ոտք դնել մեր հողին:

Ինձ մեկ-մեկ թվում է, թե այս եղանակին մարդկանց հոգիները թևեր են առնում՝ պարում, երգում, ու իսկապես գարունը նոր տրամադրություն է բերում:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի