Լիլիթ Գրիգորյանի բոլոր հրապարակումները

Lilit Grigoryan

Կարծրացած «ճշմարտությունը»

Ուզում եմ բացահայտել ինձ համար վերջերս պարզ դարձած մի «ճշմարտություն», սուտ ճշմարտություն, թե՝ սովորողը չունի ապագա, աշխատանք չի կարող գտնել: Կարծրատիպ է սա դարձել, ու սրանից ես շատ եմ բորբոքվում: Ինքս էլ դպրոցում լավ եմ սովորում, ընդհանրապես շատ եմ սովորում, ու մեծ-մեծ հույսեր ունեմ պայծառ ապագա ունենալու հետ կապված: Բայց մի կողմից էլ, որ էսպիսի բաներ չե՞ն ասում… Դե արի, ու նույն նախանձախնդրությամբ շարունակիր:

Չէ՛, ինչքան էլ արհամարհես այդ կարծիքները, չի ստացվում լիովին արհամարհել: Խոսում են փաստերով, ասում. «Ես դպրոցն ավարտեցի մեդալով, համալսարանը կարմիր դիպլոմով, չունեմ հիմա գործ: Ո՞ւմ է պետք սովորելը, կյանքդ վայելի՛»: Սպանում են քեզ այս խոսքով, սպանում այն, ինչ ծրագրել ես, ջարդում են վարդագույն ակնոցներդ, ջարդում ու փշրում այն, ինչի համար շարունակում ես ապրել:

Ի՞նչ, մտածող մարդ չմնա՞ այս աշխարհում: Բոլորը փողի ոտքերը սրբե՞ն: Ու ցավոք, էսպես են խոսում մեզանից մեծերը, ովքեր պիտի քաջալերեին մեզ: Վերջապես մեզանից շատերը դառնալու են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, շատերն էլ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ: Դե, իհարկե, մենք երևի պիտի փողի հետևից վազենք ու սովորենք կողոպտել, խաբել… Իսկ այդ նույն մարդիկ այդ ժամանակ կասեն, թե մենք «կաշառակեր էլիտար մասսան» ենք, մենք փչացնում ենք հասարակությունը, խաբում ժողովրդին: Դե բա էլ ի՞նչ սովորենք հնից:
Անընդհատ մտահոգությունների մեջ եմ, բայց արդեն որոշել եմ, որ այդպիսի կարծիքներն ինձ համար երբեք չհանձնվելու, ավելի առաջ շարժվելու դասեր եմ դարձնելու: Մի տեսակ՝ հրման կետ: Սա խորհուրդ կտամ բոլորին:

Ու մի բան ևս. եթե մենք ունենք գիտելիքներ, խելացի ենք, սեր ունենք սովորելու նկատմամբ, մենք ենք դառնալու այս երկրի լավագույն շինարարները, մենք ենք մեր երկրին պայծառ ապագա խոստանալու փոխարեն պայծառ դարձնելու մեր երկիրը, մենք ենք երկրի ուժը: Թող սխալ չհնչի, բայց մենք նաև հարուստ ենք լինելու, չմտածե՛ք: Մենք և՛ ունենք հոգևոր հարստություն, և՛ կունենանք նյութականը՝ բարեկեցիկ կյանքի համար: Այդքան մի՛ մտահոգվեք և նման մարդկանց մի լսեք: Գիտելիքը միշտ էլ ուժ է:

Lilit Grigoryan

Խառը ժամանակներ են

Ապրիլը վերջացավ: Շատերը սկսել են պատրաստվել տարեվերջյան քննություններին, ոմանք այդ մասին չեն էլ մտածում ու մեզանից երջանիկ կյանքով են ապրում, ոմանք էլ չգիտեն, թե որտեղից կարելի է սկսել և ուր գնալ:Մեզանից շատերը պատրաստվում են միասնական քննություններին և սթրեսային վիճակում են: Ընդհանրապես այդ միասնական քննությունները ոնց որ մի նոր կյանք մտնելու համար քննություններ լինեն: Էնպես ծանր են տանում մարդիկ, չգիտեմ, կարող է, ես էլ ծանր տանեմ: Մի տեսակ չեմ սիրում էդպիսի լարված վիճակներ, որ անգամ ժամանակ չունես դուրս գալու, մի փոքր քայլելու, կյանքի մի ապրիլ էլ վայելելու, ու արդեն մայիսն է…

Շատերս էլ պատրաստվում ենք փոխադրական քննություններին, արդեն ունենք տոմսերը, բայց դեռ չենք ուզում գոնե ծանոթանալ դրանց:
Խառը ժամանակներ են… Ոմանք էլ չգիտեն, թե որից սկսեն: Նրանցից մեկն էլ ես եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում, ունեմ բանավոր քննություններ չորս առարկայից, մասնակցում եմ մի շարք մրցույթների ու չեմ հասկանում, թե որ գործը կարելի է առաջ քաշել, որը դարձնել երկրորդական, ու էսպիսի շատ հարցեր, որոնց պատասխանը ընկերուհիս է տալիս, Մարիամը, ով ինձ պես մի բազմազբաղ աղջիկ է:

Մեր ամենօրյա խոսակցության թեման սովորելն ու ամեն ինչ հասցնելն է: Երբ նեղվում եմ այսքան լարվածությունից, նրան ֆեյսբուքով գրում եմ՝ Մար… Ու նա արդեն գիտի փորացավս: Զանգահարում է, հույս տալիս, քաջալերում: Անընդհատ որոշում ենք իրար հետ պարապել, էսպես կամ էնպես դասակարգել դասերը, հեշտը դժվարից տարբերել ու… Ահ, ոչ մի հետաքրքիր բան, բայց դե, միևնույն է, մենք հասցնում ենք, ու հույս ունենք, որ այս ամենը շուտ կավարտվի, հանգիստ շունչ կքաշենք:
Բայց մի խորհուրդ բոլորին, ովքեր մեզ նման զբաղված են, քննությունների են պատրաստվում: Լավ քնեք, լավ սնվեք, ու որ ամենակարևորն է, լավ երաժշտություն լսեք: Հիշեք հայտնի խոսքը. Սա էլ կանցնի:

Lilit Grigoryan

Հաջորդ տարի ես կլինեմ

Ինչպես միշտ ծանրաբեռնված  շաբաթ օր էր:  Խորացել էր  շտեմարանի, բառարանների մեջ,ու չէի նկատում, որ շուրջս կյանք գոյություն ունի, որ մի քիչ կարելի է վայելել: Մեկ էլ մտածեցի, թե արդյո՞ք հնարավորություն կունենամ 17.am-ի  մրցանակաբաշխությանը մասնակցելու, դե ես նոր թղթակից եմ, շատ բան դեռ պետք է անեմ: Արդեն  իսկ համարում եմ ինձ 17-ի անդամ, սկսած մեր  դասընթացի  առաջին օրվանից, երբ սիրահարվեցի թիմի յուրաքանչյուր անդամին: Նրանք սեր են  տածում, լիքը սեր, անչափ ու անսահման սեր, որ  դարձրել եմ իմը:

Էդպես մտածում էի, մեկ էլ  հեռախոսիս զանգ եկավ  (սովորություն  ունեմ  զանգի հետ վեր թռչել): Լուսինեն էր: Ես էլ  եմ հրավիրված մրցանակաբաշխությանը: Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախացա: Կարդում եմ բոլորի նյութերը, դեմքերով գիտեմ, և  էս ամեն ինչից հետո պատկերացնո՞ւմ եք, որ նրանց, ում հետ միայն ֆեյսբուքով եմ շփվել, վերջապես կտեսնեմ: Վերջապես 200 հոգանոց ընտանիքս  եմ տեսնելու: Ու  սրանից մեծ ուրախություն չկա: 17-ի  երեխեքը  ինձ  թվում են  մշտական  ընկերներ, ամենալավ  ընկերներ, ամեն ինչ. օդ, ջուր:

Ինձ համար անմոռաց օր էր, ես տեսա, ծանոթացա, բոլորի հետ ուրախացա իրենց հաղթանակներով և լսեցի բարեմաղթանքներ, որ հաջորդ տարի ես եմ լինեմ հաղթողների մեջ:

Ամեն ինչ կանեմ:

Lilit Grigoryan

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք

Հարցազրույց Դիլիջանի միջազգային դպրոցի շրջանավարտ Մարիամ Գրիգորյանի հետ: 

Ընկերուհիս՝ Մարիամը, այս տարի ավարտում է Դիլիջանի միջազգային դպրոցը: Որոշեցի խոսել նրա հետ դպրոցական տարիների մասին: Եվ զրույցս, կարծես, վերածվեց հարցազրույցի:
Նախ կարճ ասեմ, թե ինչ է Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC): «UWC Դիլիջան» քոլեջը 2014 թվականին բացված երկու նոր քոլեջներից մեկն է, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծը: «UWC Դիլիջան» քոլեջը հետխորհրդային երկրների տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և ներկայումս հյուրընկալել է 63 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից ժամանած աշակերտների: UWC-ում, ինչպես և մյուս քոլեջներում, ուսուցումը տարվում է անգլերենով և աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված Միջազգային բակալավրիատի դիպլոմ (IB Diploma) ուսումնական ծրագրով:

-Մարիամ, երկու ամսից դու ավարտում ես դպրոցը: Կասե՞ս, թե քեզ համար ինչ է UWC-ն: Քեզ ի՞նչ տվեց այն։

-UWC-ն կյանքիս ամենալավ բաներից մեկն է, մի անկրկնելի փորձություն: Բառերով բացատրելն անհնար է:

-Ինչպե՞ս որոշեցիր դիմել այդ դպրոց:

-Բոլորի մոտ կարծիք կա, թե այս դպրոցը հարուստների համար է: Մեր ավագ դպրոցից ինձանից մեկ տարով մեծ մի աղջիկ, որն այդքան էլ հարուստ խավից չէր, ընդունվեց: Հետաքրքրվեցի նրանից, իմացա, որ դպրոցը տրամադրում է նաև կրթաթոշակներ: Էդպես դիմեցի և ընդունվեցի:

-Քեզ համար դժվար չէ՞ր երկու տարի ապրել առանց ծնողների:

-Ես սովոր եմ մենակությանը: Ծնողներս գործի բերումով տանը շատ չէին լինում: Շատ ծրագրերով անգամ մեկ ամիս տանից հեռու եմ եղել: Դժվար չէր հարմարվելը: Ես էլ ամիսը մեկ անգամ գնում էի տուն: Այսինքն՝ կարելի է ասել՝ ծնողներս ավելի շատ էին զգում այդ կարոտը, քան ես։

-Որքանո՞վ փոխարինեց UWC-ի ընտանիքը քո սեփական ընտանիքին:

-Ճիշտ ասացիր, UWC-ի ընտանիքը: Մենք մի ընտանիք ենք: Իրականում այն չի կարող իմ ընտանիքին փոխարինել, ամեն մեկն իր տեղում է: Բայց էստեղ հասկացա, թե ինչ է իրական ընկերությունը, ձեռք բերեցի լավ ընկերներ:

-Կներկայացնե՞ս UWC-ում մեկ օրդ:

-Առավոտյան 07:30 արթնանում եմ, նախաճաշում, 8:15 սկսվում են մեր դասերը, ավարտվում՝ 15:15, դե էդ ընթացքում լանչ ունենք։ Հետո՝ զանազան խմբակներ: Էստեղ սովորեցի կիթառ ու դաշնամուր նվագել, թենիս խաղալ: Խմբակներից հետո ընթրում ենք, դաս անում ու քնում: Ընդհանուր առմամբ՝ օրս լեցուն է լինում, կյանքն այստեղ եռուն է։

-Ես գիտեմ, որ էդտեղ սովորում են տարբեր երկրներից եկած աշակերտներ, նաև թուրքեր: Լինո՞ւմ էին կոնֆլիկտներ ձեր մեջ:

-Հաա… Մարդկային հատկանիշները մեկ-մեկ կոնֆլիկտի տեղիք էին տալիս, բայց էստեղ հաշվի չեն առնում ազգը, մտածելակերպը, խտրականություն չկա: Դե, կոնֆլիկտներ էլ էնքան քիչ են լինում։

-Կպատմե՞ս դպրոցի խոհանոցի մասին:

-Մեր խոհանոցի կերակուրները շատ համեղ են: Դու ինքդ էլ եղել ես էստեղ, գիտես համը: Մենք ամեն շաբաթ գոնե մեկ օր ինչ-որ երկրի խոհանոցի մի ուտեստ էինք համտեսում: Շատ տպավորվել են մեքսիկական ու իտալական խոհանոցները։

-Մարիամ, էս երկու տարիդ մեկ բառով ո՞նց կբնութագրես:

-Օյ, դժվար բան ասացիր: Երևի՝ «արկած»:

-Ամենատպավորիչ օրը ո՞րն էր այս երկու տարիների ընթացքում:

-Մեր վերջին օրը: Մի քանի օր առաջ որոշեցինք բարձերով կռվել: Մեր կրտսեր ուսանողներին մի լավ ջրեցինք, լավ ուրախացանք: Հավես օր էր, կարոտով եմ հիշելու ամեն օրս:

-Ի՞նչ կմաղթես դիմորդներին ու ի՞նչ խորհուրդ կտաս:

-Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Այստեղ շինծու բաները չեն անցնում: Պոզիտի՛վ եղեք, ժպտացե՛ք, եղե՛ք պարզ ու անմիջական: Դիմելուց առաջ էլ ամբողջապես ծանոթացե՛ք Դիլիջանի դպրոցին ու անգլերենի վրա մեծ ուշադրություն դարձրեք: Բոլոր դիմորդներին հաջողություն եմ մաղթում:

Lilit Grigoryan

Նեղանալու բան է

Մոտենում են ընտրությունները, մոտենում է ապրիլի երկուսը: Մոտենում է այն օրը, որ պիտի Հայաստանի բնակչության կեսից ավելին գոնե հինգ րոպեով դուրս գա տանից, շնչի գարնան զովությունը: Բայց ոչ ոք չի մտածում, որ դա կարելի է անել անգամ հիմա, այս րոպեին, կարելի է դուրս գալ տանից, տեսնել, որ բողոքից, հիասթափությունից, քննադատությունից առավել հաճելի բաներ կան աշխարհում: 

Արդեն ապրիլն է, գարնան կեսը: Սա այն ժամանակն է, երբ բնությունը մի տեսակ նոր սկիզբ է մտնում, կարելի է ասել՝ գարունը բնության Ամանորն է: Բայց ոչ ոք չի շնորհավորում բնությանը: Ոչ ոք չի նկատում, որ երկինքը փոխել է իր զգեստը, ավելի բաց կապույտն է հագել, արևը կարծես թե փոխել է իր հզորության շարժիչը, ավելի ուժեղ շարժիչ է գնել: Չեն նկատում, որ թռչունները վերջապես հետ են եկել իրենց արտասահմանյան շրջագայությունից: Բոլորը գեթ մի բանի մասին են մտածում. ընտրություններ, կաշառք, պատգամավոր, քարոզարշավ:

Իմ կարծիքով երիտասարդ հայությունը չի էլ հասկանում քարոզարշավի էությունը: Վերջերս Արաբո Իսպիրյանն էր եկել Հրազդան: Իմ տարիքի երեխաները վազելով գնացին Արաբոյի հետ նկարվելու, բայց չէ՞ որ դա քարոզարշավ էր: Անհասկանալի բան է աշխարհը:
Էս վերջերս հաճախ եմ անցնում մի շենքի բակով, որտեղ տեղակայված է քննադատությունների ու բողոքների շտեմարանը: Տարիքն առած մարդիկ են հավաքվում, ամեն մեկն իր կուսակցությունն է առաջ քաշում, կռվում են, գոռում, բողոքում, վերջում էլ զայրացած դեմքերով տուն են գնում: Ու կարևորն այն է, որ գնում են տուն ու բողոքում, որ Գագիկ Սուրենյանը մի օր չեղավ, որ լավ բան ասի: Բայց ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ գարունն է մեզանից նեղացել: Անգամ ծանոթիս հետ խոսելիս հարցրի, թե արդյոք գիտի՞, որ գարուն է հիմա: Տնաշենը չգիտեր էլ, որ ձմեռ չէ հիմա, գարուն է, գարուն: Ասում էր, թե շատ բան ունի մտածելու, գարո՞ւնն էլ ինչու պիտի ավելանա…
Գարունը մեղք չունի, չէ՞, որ հենց իր ժամանակ են կատարվում այդ ընտրությունները:
Խոսում եմ ընկերներիս հետ, ամեն մեկն իր կռիվն է տալիս կառավարության հետ, ինձ էլ են խորհուրդ տալիս խոսել, ասել, չլռել, բայց դե ես էլ իմ գարունն եմ ապրում, մեկ էլ յոթ-ութ ամիս հետո այն կգա: Ես վայելում եմ, ես չեմ անտեսում, ես ժպտում եմ, անգամ եթե դրսում մառախուղ լինի, ձյուն գա, անձրև գա: Իսկ նրանք միանգամից խոժոռում են իրենց հայացքները: Նրանք մտածում են, թե ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, դրա համար էլ լռում եմ: Իրականում ես իրավագետ եմ դառնալու, ու այդ դեպքում ես շատ ժամանակ կունենամ քաղաքական գործերի մեջ խառնվելու համար: Բայց չեմ ունենա այլևս մանկություն:
Մենք ենք մեր կյանքը գունավորում, մեզ է պատկանում մեր կյանքի վրձինը, կառավարության ձեռքին չէ դա: Մեզանից լավ ոչ մեկն էլ չի կարողանա փոխել աշխարհը:
Դե, ուրեմն, եկեք մեկ-մեկ ազատվենք խառը մտքերից, դուրս գանք, շրջենք, մաքուր օդ շնչենք, ու կտեսնենք, որ աշխարհը հիանալի մի բան է:

Գարունն էլ լաց լինել գիտի: Նա մեզանից իսկապես նեղացել է:

Lilit Grigoryan

Անընդհատ խաչմերուկներում

Մենք միշտ հայտնվում ենք անընդհատ խաչմերուկներում: Այդ խաչմերուկները  մեկ գրամ անգամ չեն ուզում ընդհատվել…

Մենք՝ ես ու նա: Նա մի աղջիկ է, ում հետ, սկսած  յոթ տարեկանից, կապեցի իմ աշխարհը, երազանքները,  իմ պարզ կյանքը: Մենք ուղիղ  յոթ տարի ապրեցինք իրար հետ, իրարով: Պատմեմ՝  իմացեք:
Մենք սովորում էինք նույն դասարանում, ասեմ ավելին՝  դեմ դիմաց էինք նստում: Սովորում էինք հավասարը հավասարի պես: Ապրում էինք նույն հետաքրքրությունների շրջանում: Երբ նա էր իրեն վատ զգում, ես էլ էի ինձ վատ զգում, գնում էինք մեր տուն, ձվածեղ պատրաստում, թեյ խմում: Երբ ես էի ինձ վատ զգում, նա էլ էր սկսում  վատ զգալ, ու այդ դեպքում  գնում էինք իրենց տուն, բրդուճներ պատրաստում, ուտում, սելֆի անում… Մեկ-մեկ էլ մեզ օգնում էր  խանութում վաճառվող բուլկին, որը մենք կիսում էինք հավասար:
Մենք երազում  էինք ուսանողական  գեղեցիկ տարիներ, ընդհանուր բնակարան, գնումներ, սիրուն  կյանք: Չեմ ասում, թե մինչ անցած ամառ ինչեր ենք արել իրար հետ, ինչերի միջով ենք անցել, ոնց ենք հասել մեր ուզածին, ոնց ենք  անընդհատ փնտրտուքների  պատճառով  թափառել մեր մարդաշատ փողոցներում: Ո՞նց   ենք առանց իրար ապրում հիմա:
Հիմա նա բնագետ է,  ես էլ լեզվաբան եմ: Մեզ տարանջատեց մեր ապագա մասնագիտությունը, տարանջատեցին շատերը, հայտնվեցինք խաչմերուկներում՝ սկսած իններորդ դասարանն ավարտելու օրից: Սկսած չարաբաստիկ հունիսից: Իրական ընկերությունը դարձավ չգիտեմ, թե ինչ:
Հիմա մի քանի խնդիրներ են ծագել մեր մեջ, չենք էլ նայում իրար դեմքի, չնայած  գիտեմ,  որ իրար զգում ենք: Ես ինչքան  ժպտում եմ,  ցույց եմ տալիս, որ ամեն բան լավ է, բայց այդպես չէ: Երկուսս էլ  իրար նկատմամբ  վատ բաներ ենք անում առանց հասկանալու: Բայց երևի ամենալավ  ընկերության մեջ  կա  զիջում, ներողամտություն, սեր… Սրանք  թույլ կտա՞ն այդքան շուտ հանձնվել: Ախր…
Ուզում եմ  հին օրերս հետ բերել, նորից ամեն օր,  ամեն  ժամի զանգահարել նրան, խոսել, ամեն վայրկյան լինել նրա հետ: Շատ եմ ուզում: Կթվա,  թե կեղծավորություն եմ անում,  բայց  ամենաշատը նրան եմ  սիրում իմ ընկերներից: Շատ եմ սիրում, շատ:  Մեր միամիտ քայլերը խառնեցին ամեն ինչ: Կստացվի՞ նորից ամեն բան սկսել:

Ես  շատ եմ սիրում քեզ, Սերինե: Չեմ ուզում հեռանալ մի մարդուց, ում հետ անցկացրել եմ իմ ապրած տարիների կեսը: Ի՞նչ ես կարծում, գուցե լինենք ներողամիտ, զիջող, փորձենք հասկանալ իրար:

Հավատում եմ, եթե դու կարդում ես այս տողերը, շուտով ամեն բան լավ կլինի…

Lilit Grigoryan

Մի քիչ մանկություն ու մի քիչ էլ ամառ

Մայրս է պատմում, ես էլ ինձնից գոհ-գոհ լսում եմ: Պատմում է ու հետն էլ ավելացնում, որ մանկուց էլ ճարպիկ և ուշիմ երեխա եմ եղել: Պատմում է, ու ես էլ, իբրև թե հիշելով, իր խոսքին ինչ-որ բաներ եմ ավելացնում: Պատմում է, իսկ ես հուշերի գիրկն եմ ընկնում:

Մորաքրոջս ամառանոցում էինք: Ասում էր, թե ամռան մի շոգ օր էր: Սիրում եմ այդ ամառանոցը, չնայած որ արդեն վաճառել են: Սիրում եմ այն օրերը, որ եղել եմ ամառանոցի գրկում, եղել եմ մորաքրոջս ամուսնու ու զարմիկիս հետ: Խաղացել ենք, վազվզել, խնձոր, կեռաս, ելակ հավաքել, հեքիաթներ կարդացել, ու որ ամենակարևորն է՝ ձմերուկ կերել: Մենք սովորություն ունեինք ամեն շաբաթ ձմերուկ ուտելու, բայց՝ սառը ձմերուկ, ու կարևորը՝ քաղցր:

Մեկ տարեկան էի, գրեթե ոչ մի բառ չէի արտասանում, երևի չէի էլ հասկանում, թե ինչ են խոսում: Ինչպես միշտ, մեզ հետ տարել էինք մի ձմերուկ, բայց այդ օրը ձմերուկն այնքան էլ հեշտ չկտրվեց: Մորաքրոջս ամուսինը բոլորի առաջ պայման էր դրել. կտրել ձմերուկը այն ժամանակ, երբ ես կասեմ «էկալ, էկալ»: Հենց իր խոսքի երկրորդ վայրկյանին ես, ծծակի (սոսկա) շնորհիվ, թե ձմերուկի անունը լսելով, բարձրաձայնել եմ՝ «էկալ, էկալ»-ը:

Մերոնք ասում են, որ ես եղել եմ իրենց ուրախության պատճառը, զվարճացրել եմ իմ խոսքերով, արարքներով: Ձմերուկի հանդեպ սերս էլ երևի Սամվել «ձյաձյան»՝ մորաքրոջս ամուսինն է սերմանել իմ մեջ:

Հիմա այնպես կուզենայի լինել ամառանոցում, նստել խոտերի մեջ, ձմերուկ ուտել ու նույն պատմությունը հենց այնտեղ լսել:

Lilit Grigoryan

Կյանքը թվացյալ մարուքների մեջ է

Դիլիջանի միջազգային դպրոցում էինք: Ճամբար էր կազմակերպվել, որի մասնակիցներից մեկն էլ ես էի: Առաջին անգամ, երբ մտանք դպրոց, ինձ շատ խորթ զգացի: Մեզ ասացին, որ նախաճաշի ժամն է, պիտի քոլեջի ուսանողների հետ նախաճաշենք իրենց կաֆետերիայում: Դե ես էլ՝ հրազդանցիս, կաֆետերիան պատկերացնում էի որպես բուլկու, պոնչիկի ու էդպիսի բաների «բուֆետ»: Սկզբից աչքի տակով նայեցի շուրջս, զննեցի, հասա կաֆետերիայի կենտրոնին ու թուքս կուլ տվեցի: Էդպիսի բան կյանքումս չէի տեսել: Ընկերներս սկսեցին իրենց նախաճաշը, իսկ ես սառած հավի պես տեղումս քարացել էի: Բանն այն էր, որ ես կաֆետերիայից օգտվել չգիտեի: Ու խեղճացած մնացի, գնացի սենյակս, լաց եղա մի քիչ: Ախր, չգիտեի, որ պիտի ինքս ինձ սպասարկեմ, ճաշատեսակները ինքս լցնեմ ափսեի մեջ:

Շուտով ընկերներս ինձ սովորեցրին օգտվել ամենից: Անցան օրեր, վերադարձա Հրազդան, մտա իմ դպրոց, աչքերս էլի լցվեցին: Մտածեցի իմ դպրոցի ու Դիլիջանի դպրոցի տարբերությունների մասին: Ինչո՞ւ ես այնտեղ պետք է տարբերվեի բոլորից նրանով, որ չեմ սովորում Երևանում, մի որևէ վճարովի դպրոցում: Ամեն օր վիճում եմ ինքս ինձ հետ, թե ինչու եմ ապրում մարզում և հետ մնում նորություններից: Ամենից շատ սա է ինձ հուզում, որ չունենք այդ տարրական, բայց արդեն «միջազգային» պայմանները:

Մտածում եմ դիմել մեր տնօրենին, քաղաքապետին, բայց ի՞նչ օգուտ: Մարդիկ ասում են, որ ճգնաժամի մեջ են, գնամ իրենցից ի՞նչ պահանջեմ:
Երբեմն պահանջում եմ ինձ տանել ուրիշ դպրոց, բայց մեկ էլ մտածում եմ՝ արդեն շատ բան եմ ուզում: Լռում եմ, ունեցածովս բավարարվում:

Lilit Grigoryan

Սինուսոիդի ամենաբարձր կետում

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Սինուս, կոսինուսների պատճառով  կյանքից  հոգնած, ծանր-ծանր պայուսակներով դասերից աղջիկներով հետ էինք վերադառնում տուն…. Արևոտ օր էր, բայց էդ արևն էլ մի տեսակ չէր ուզում մեզ նայել, ախր, շատ  տհաճ դեմքերով էինք, ոնց որ թաղումից վերադառնայինք:

Մեկ էլ նայում եմ աջ ու ձախ, մարդ չկա, ու ամենահետաքրքիրը այն էր, որ հետս աղջիկներ էին, բայց  ինչ-որ պապիկի ձայն եմ լսում: Շրջվեցի, ինչ տեսնեմ. մի ծեր խանութպան՝ ոլորած բեղերով, իրենից  գոհ-գոհ խոսում է աղջիկների հետ: Որոշեցի ավելի մոտենալ, լավ չէր լսվում:
-Մեր ազգի հպարտությունն  եք դուք, նազանի, հրաշք, իսկական տան ու օջախի աղջիկներ: Ախր, ես ձեզ շատ եմ սիրում ու հարգում,- լսվում է այդ ծերուկի  ձայնը բեղերի տակից, լավ էլ բարձր բասով:
Ուղեղս անջատեցի, հետո միացրի: Ախր, էս պապիկն ով է, է՞: Մեր հավեսը ու ինքը …
Նայեցի աղջիկներին: Լավ էլ ուրախ – զվարթ, ոնց որ իրենք չէին երկրաչափության  դժոխքի կրակներում այրվում  մի քանի րոպե առաջ:
Մեկ էլ պապիկը  խոժոռ հայացքով  նայեց ինձ, հետո էնպես ժպտաց, որ անկարելի էր հոգնած դեմքդ հարյուր ութսուն աստիճանով  չշրջել:
-Ախր, շատ լավն եք ,է… Մեր նազանքով, սիրուն, աննման հայուհիներ: Անցնում-գնում եք, ես սենց ուրախանում եմ, էլի, ախր, շատ սիրուն եք, է…
Վայ, սենց  բան չկար, ո՞վ կարող է մեզ ժպիտ պարգևել էն ժամանակ, երբ մենք  սթրեսի տիրակալներ ենք: էս պապիկի մոտ միշտ ստացվում է, միշտ: Ասածս ինչ է. էս  անկապ կյանքում մեկ էլ էնպիսի մարդիկ են հայտնվում, չգիտես՝   ասես շնորհակալությո՞ւն , թե՞: Թե ի՞նչ: Պիտի ասես՝ շնորհակալություն, որ քեզ տարերային  աշխարհից քաշում-հանում են իրենց պարզ ու անմիջական խոսքով:

Ու էսպես  հենց  երկրաչափության բեռի տակ ճկռում եմ, բեռս թեթևացնողներից  մեկն էլ այդ ծերուկն է դառնում, նրա խոսքը հրաշքներ  է գործում: