-Ինչի՞դ է պետք գերմաներենը:
-Հո դու ֆաշիստ չե՞ս, որ գերմաներեն ես սովորում:
-Անգլերեն սովորի, գերմաներենը պետք չի գա:
-Զարմանում եմ՝ ո՞նց ես էդ կոշտ ու կոպիտ լեզուն սիրում:
-Գերմաներենի թարգմանիչ Քյավառում ո՞նց ես աշխատելու…
…Արդեն 6 տարուց ավելի է, ինչ զայրանում եմ նման արտահայտություններ լսելիս, երբ ծանոթներս խոսում են իմ՝ գերմաներեն սովորելու մասին: Գիտեմ, որ ինչքան էլ հակառակը պնդեմ կամ բացատրեմ գերմաներենի առավելությունները, միևնույն է, նրանք իրենց կարծիքին են մնալու՝ ինձ գերմաներենի անհույս սիրահար համարելով: Գերմաներենը նման է հայերենին՝ հարուստ է բառապաշարով, հպարտ՝ հնչողությամբ, բարդ՝ քերականությամբ, զարմանահրաշ՝ իր հանելուկային էությամբ: Ինչպես ասել է Ռիչարդ Պորսոնը՝ կյանքը չափազանց կարճ է գերմաներեն սովորելու համար: Ոչ մի անգամ չեմ երկմտել մասնագիտության ընտրության հարցում, որովհետև միշտ ցանկացել եմ ունենալ այնպիսի մասնագիտություն, որին երբեք հարյուր տոկոսով չեմ տիրապետի, միշտ կատարելագործվելու և առաջընթաց գրանցելու հնարավորություն կունենամ: 12-րդ դասարանի շեմին արդեն որոշված է՝ գերմաներենի թարգմանչուհի և վերջակետ:
Ինչո՞ւ սովորել գերմաներեն: Գերմաներենը ամենաբարդ քերականություն ունեցող եվրոպական լեզուների թվին է պատկանում, որը մայրենի լեզու է 105 միլիոնից ավելի մարդկանց համար, իսկ ևս 8 միլիոն մարդ տիրապետում է գերմաներենին՝ որպես օտար լեզու: Գերմաներենի գաղտնիքներն ու առավելությունները շատ են: Այս լեզվի յուրահատկություններից մեկը այն է, որ գերմաներենում կան բայեր, որոնք խոնարհելիս կիսվում են և դրվում նախադասության ամենավերջում: Պետք է լսել նախադասությունն ամբողջությամբ, որպեսզի հասկանաս, թե ինչի մասին է խոսքը: Այսպիսով՝ գերմաներենը սովորեցնում է հարգել դիմացինին, չընդհատել, երբ զրուցակիցդ դեռ չի ավարտել իր միտքը:
Գերմաներենը հայտնի է իր երկարաշունչ բառերով և բառակազմական անկանխատեսելի լուծումերով: Ընդհանուր առմամբ այն շատ երկար բառեր ունի: Ինչպես ժամանակին ենթադրել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը՝ դա նրա համար է, որ զրույցի ընթացքում մարդը մտորելու համար մի քիչ ժամանակ շահի: Գերմաներեն ամենաերկար բառը կազմված է 63 տառից, որը կառուցվել է մի քանի բառերի միացումով: Այն օրենքի անվանում է. Rindfleischetikettierungsüberwachungsaufgabenübertragungsgesetz (Տավարի մսի մակնշման վերահսկողության պարտականությունների փոխանցման մասին)։ Մի փորձեք արտասանել այն, քանի որ դժվար թե երբևէ ձեզ պետք գա:
Սա դեռ չնչին փաստեր են գերմաներենի հսկայական ունեցվածքից: Էլի՞ զարմացնեմ ձեզ իմ տարօրինակ գերմաներենով, ուրեմն շարունակեք կարդալ:
Ohrwurm- բառացի թարգմանվում է «ականջմտուկ» (միջատ), բայց այն ունի նաև այլ գործածություն: Այսպես են ասում այն երգին, երաժշտությանը, որը ինչ-որ տեղ լսել եք ու չեք կարողանում մոռանալ, երգում եք ամբողջ օրվա ընթացքում՝ անկախ ձեր կամքից:
Գերմաներեն չիմացողները հաստատ լսած կլինեն «շվայն» (խոզ) բառի մասին, որովհետև այս բառն իրականում ավելին է գերմանացիների համար, քան պարզապես խոզ: Խոզի հետ կապված օրինակները շատ են, ահա դրանցից մեկը. հաջողակ, երջանիկ մարդկանց մատնանշելու համար գերմանացիները նման արտահայտություն ունեն «Du hast Schwein!», որը նշանակում է «Դու խոզ ունես»: Նման հետաքրքիր ակնարկ-արտահայտություններից մեկն էլ «Das ist nicht dein Bier!»-ն է (սա քո գարեջուրը չէ), որը գարեջրասեր գերմանացիներն օգտագործում են, երբ ուզում են դիմացինին հասկացնել, որ դա իր գործը չի:
Drachenfutter- այս բառը բառացի թարգմանվում է «վիշապի կեր»։ Այսպես գերմանացիներն անվանում են այն նվերը, որը մեղավոր ամուսինը տալիս է կնոջը՝ նրա սիրտը շահելու, հաշտվելու համար։
Waldeinsamkeit (անտառային մենություն)- մելանխոլիկ, ռոմանտիկ տրամադրությամբ անտառում մենակ մնալու ցանկություն։
Sandkastenfreund- Բառացի նշանակում է ավազի ընկեր։ Ընկեր, ում հետ ավազներով ես խաղացել, դղյակներ պատրաստել։ Այսպես ասում են մանկության ընկերոջը։
Fremdschämen (ամոթ օտարից)- Եթե երբևէ ամաչել եք ձեզ անծանոթ մարդուց, նրա ներկայությունից, ապա այս բառով կարող եք նկարագրել այդ զգացողությունը։
Handschuh (ձեռքի կոշիկ) – տրամաբանական է։ Ոտքերին՝ կոշիկներ, ձեռքերին՝ ձեռքի կոշիկներ՝ ձեռնոցներ։
Glühbirne- Ո՞վ կերևակայեր, որ բառացի «լուսավորող տանձ» թարգմանվող այս բառը նշանակում է էլեկտրական լամպ։
Gesichtbremse (Արգելակում դեմքով) – Այս բառով գերմանացիները նկարագրում են նրանց, որոնց համարում են տգեղ՝ ասես դեմքով են արգելակել և այդպիսին են դարձել:
Geisterfahrer (Ուրվական-վարորդ) – Տրամաբանե՞նք: Ուրվական-վարորդները սխալ երթուղով վարող մարդիկ են, ովքեր հաճախ վթարների պատճառ են դառնում՝ երթևեկության կանոնները չպահպանելով:
Kabelsalat (Մետաղալարերի աղցան)- Աղցա՞ն: Այո, աղցանի նման խառնված, խճճված մետաղալարերի կույտ: Ա՜յ թե երևակայել գիտեն գերմանացիները:
Schildkröte- Կրիան գերմաներենում բավականին ռազմատենչ է հնչում: Բառացիորեն՝ դոդոշ վահանով:
Tote Hose (Մեռած շալվարներ)- Որքան էլ տարօրինակ հնչի, սա նշանակում է ձանձրույթ, մի իրավիճակ, երբ ոչ մի հետաքրքիր ու նոր բան տեղի չի ունենում:
Zahnfleisch (Ատամի միս)- Արդեն գուշակեցի՞ք, որ խոսքը լնդերի մասին է:
Scheinwerfer – «Լույս նետիչներ», ահա թե ինչ պարտականություն են կատարում լապտերները գերմաներենում:
Drahtesel-Գերմանացիները հաճախ հեծանիվին այսպես են անվանում՝ «մետաղալարերից պատրաստված էշ»։
Warteschlange (Սպասող օձ)- Գերմաներենում հերթը նմանեցնում են սպասող օձի:
Glühwürmchen (Լուսարձակող ճիճուներ)- Այո, խոսքը լուսատտիկների մասին է:
Bausünde- Այս բառը նշանակում է «շինարարական մեղք»։ Գերմանացիները հաճախ այն օգտագործում են նկարագրելու համար տգեղ շինարարական լուծումներ ստացած շենքերը, որոնք չեն սազում շրջապատի մնացած շենքերի հետ:
Feierabend- Բառացի նշանակում է «տոնական երեկո»։ Կարելի է կարծել, որ սա խնջույքների երեկոներին է վերաբերում, երբ երեկոյան հավաքվում են ինչ-որ տեղ, նշում են առիթը, բայց… Ոչ: Սա նույնիսկ շաբաթ-կիրակի օրերի հանգիստ երեկոներին չի վերաբերում: Պարզվում է՝ ամենօրյա աշխատանքային օրվա ավարտը Գերմանիայում որպես տոն են ընդունում: Ինչո՞ւ ոչ, ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո տանը հանգստանալը կարելի է նաև տոն համարել:
Treppenwitz (Աստիճանային կատակ)- Այս տերմինը ժամանակին նշանակում էր դժվարությամբ ինչ-որ խելացի մտքի հանգել: Այժմ այն ունի ավելի շատ ծաղրական գործածություն՝ մարդու ծիծաղելի, անմիտ պահվածքը նկարագրելու համար:
Fingerspitzengefühl (մատների ծայրերի զգացողություն)- Այո, կարող եք զարմանալ, որովհետև այս բառը թարգմանվում է ոչ թե «շոշափելիք», այլ՝ «հոտառություն»:
Kuddelmuddel- Նույնիսկ բառի արտասանությունն է հուշում, որ այն նշանակում է «քաոս»:
Zungenbrecher (Լեզուկոտրուկ)- Դիպուկ բառ են հնարել շուտասելուկի համար:
Kummerspeck – Kummer` վիշտ + speck՝ բեկոն = ավելորդ քաշ՝ սթրեսի պատճառով առաջացած:
Fernweh-Գերմաներենն ունի նման հետաքրքիր բառ, որը նշանակում է «հեռավորության կարոտ»: Երբ օտար, հեռու երկրներ գնալու ցանկությունն այնքան մեծ է լինում, երբ կարոտում ես նախկինում ապրած այդ հեռավորությունը: Մի խոսքով՝ զբոսաշրջության ծարավ: Շատ եմ ափսոսում, որ գերմաներենում չեմ հանդիպել «սիրած լեզվով խոսելու ծարավ» իմաստ ունեցող բառի: Ափսոսում եմ, որովհետև երբեմն ինքս էլ գերմաներեն նոր բառեր սովորելիս զգում եմ այդ ծարավը իմ փոքրիկ, հայախոս քաղաքում, ուր գերմաներենով հետաքրքրվողների քանակն այնքա՜ն քիչ է:
Միտքը, ինչպես և արվեստը, այսբերգի է նման։ Այս երկուսի տիտանական աշխատանքի մեծ մասն աննկատ է, միայն արդյունքն է մեր աչքերին ու գիտակցությանը հասանելի։ Մինչ գլուխգործոցը կյանքի կկոչվի, արվեստագետի ուղեղում միտքն աներևակայելի արագությամբ որոշումներ է կայացնում, հաշվարկում, կշռադատում ու հղկում է յուրաքանչյուր մանրուք։



Այս ամռան իմ լավագույն ձեռքբերումներից մեկը Seaside Startup Summit 2019-ին մասնակցելն էր։ Նախկինում շատ էի լսել այդ վրանային բիզնես ֆորումի մասին, բայց երբեք չէի պատկերացնի, որ Ստարտափ ակումբի շնորհիվ հնարավորություն կունենամ ինքս էլ այդ մեծ հեքիաթի մի մասը դառնալ, ապրումակցել բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են ու կիսվում են աննկարագրելի ոգևորությամբ, գիտելիքներով, հետաքրքիր, արկածային հիշողություններով։ Իմ հաջորդ տողերում ես կպատմեմ այդ 7 երջանիկ օրերի մասին, որ ապրել են Հայաստանի տարբեր մարզերից ու աշխարհի 45 և ավելի երկրներից ժամանած ավելի քան 1000 ստարտափերները։








