Մանե Մինասյանի բոլոր հրապարակումները

mane minasyan -2

Նաև` նոր ընկերներ

Հունիս ամսից սկսեցի թղթակցել 17.am-ին: Ամեն օր, արդեն ինձնից էլ անկախ, պարտադիր նայում եմ օրվա նյութերը, և ուրախանում, երբ արդեն ծանոթ դեմքեր եմ տեսնում, որոնց մի մասի հետ ծանոթացել եմ ճամբարում, մյուսներին՝ դասընթացի ժամանակ:

Նայում եմ, կարդում նյութերը, անգամ մեկ-մեկ մտերիմներիս գրածները կարդում եմ իրենց իսկ ձայնով:

Մի օր էլ, ամեն օրվա պես բացում եմ 17.am-ի էջը ու տեսնում «Կարծրատիպեր կոտրողը» վերնագրով նյութ, որի հեղինակին սկսել եմ սիրել՝ չճանաչելով:

Կարդացի նյութը, ժպտացի ու անցա պարապմունքիս:

Այդ օրվանից մոտավորապես մեկ ամիս է անցել:

Պարապմունքից հոգնած, կիսաքնած, որոշում եմ նայել facebook-ի նորություններն ու քնել:

«Եղանակի 5 օրվա կանխատեսում», «Օրվա աստղագուշակ», «սելֆիներ» ու նմանատիպ այլ նյութերին հաջորդեց «Вы можете их знать» խորագիրը, և առաջինը «Կարինե Նահապետյան» («Կարծրատիպեր կոտրող»-ի հեղինակը):

Միանգամից ժպտում եմ, որովհետև իմ սիրելի թղթակիցներից մեկն էր:

Որոշում եմ ընկերության հայտ ուղարկել ու ծանոթանալ:

Ուղարկում եմ հայտը, ընկերանում ու սկսում խոսել:

Մենք իրար հեռակա ճանաչում էինք փաստորեն. պարզվեց, որ Կարինեն էլ հետևում է իմ նյութերին:

Մենք միանգամից մտերմացանք, ու հուսով եմ, այդ մտերմությունը երկար կտևի:

Շնորհակալություն 17.am, ես նոր ընկերներ սիրում եմ:

Նախքան հանձնվելը հիշիր` ինչի համար էիր սկսել

Իմ զրուցակիցը 15-ամյա Արմեն Պետրոսյանն է, ով մանկուց զբաղվում է ըմբշամարտով, և գրանցել է արդեն իր առաջին հաջողությունները:

-Հաճախել ես ըմբշամարտի 8 տարեկանից: Քո ցանկությո՞ւնն է եղել, թե՞ ստիպողաբար ես գնացել:

-Մանկուց սիրել եմ այդ սպորտաձևը, քանի որ մեր ընտանիքում գրեթե բոլորը ըմբիշներ են՝ պապիկս, հայրիկս, հորեղբայրներս:

-Առաջին անգամ երբ մտար դահլիճ, որտեղ պետք է պարապեիր, կհիշե՞ս ինչ էիր զգում:

-Առաջին անգամ իհարկե մի տեսակ լարվածություն կար, բայց երբ արդեն գորգ մտա, զգացի, որ դա իմն է, և ես պետք է հասնեմ նրան, որ ծնողներս հպարտանան ինձանով:-Մի փոքր կպատմե՞ս պարապմունքների ընթացքի մասին:

-Սկզբում պարապում էի Վեդի քաղաքում՝ զուտ ֆիզիկական ուժի համար, հետո, երբ սերս ավելի խորացավ դեպի ըմբշամարտը, արդեն 12 տարեկանում սկսեցի մարզվել Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում: 13 տարեկանում դարձա Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի դպրոցի աշակերտ (դպրոցը գտնվում է Արտաշատ քաղաքում), որտեղ էլ իմ մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի շնորհիվ կարողացա հաջողություններ գրանցել:

-Քանի՞ տարեկանում ես առաջին անգամ լուրջ մրցման մասնակցել և որտե՞ղ:

-14 տարեկանում, Դաղստանի Խասավյուրթ քաղաքում միջազգային մրցումներ էին, որտեղ զբաղեցրի 2-րդ տեղը՝ 63 կգ քաշային կարգում:

-Ինչպե՞ս որոշվեց, որ հենց դու պետք է ներկայացնես Հայաստանը:

-Մրցումներից առաջ մրցաշար եղավ, որի հաղթողն էլ պետք է մասնակցեր այդ մրցաշարին: Ես հաղթեցի, և մարզիչս որոշեց, որ ես պետք է գնամ:

-Ի՞նչ տրամադրվածություն ունեիր մրցումներից առաջ:

 -Գորգ մտնելուց առաջ նպատակը մեկն է՝ ամեն գնով հաղթել: Տրամադրվել էի, որ պետք է հաղթեմ, սակայն վերջում չստացվեց:

-Ո՞ւմ հետ էիր մրցում:

-Ազգությամբ չեչեն էր մրցակիցս, ում հետ անցկացրեցի 4 գոտեմարտ, և պարտվեցի եզրափակչում:

-Ըմբշամարտը քեզ համար ընտրել ես որպես մասնագիտությո՞ւն, թե՞ որպես հոբի:

-Մասնագիտություն չէի ասի, ավելի ճիշտ, այն դարձել է իմ կյանքի մի մասը, ու հետագայում ինչ էլ ընտրեմ, բնականաբար սպորտը չեմ թողնի:

-Ի՞նչ նպատակներ ունես կապված հենց այդ սպորտաձևի հետ:

-Նպատակ ունեմ դառնալ ՀՀ չեմպիոն և Եվրոպայի առաջնության հաղթող:

-Իսկ ի՞նչ կարգախոսով ես առաջ շարժվում:

-Նախքան հանձնվելը հիշիր` ինչի համար էիր սկսել…

Աշխատում եմ չհանձնվել:

Mane Minasyan

Կորցրած տարիներ

Երբ փոքր էի ու կողքից մեկը մյուսին ասում էր, որ իզուր տարի է կորցրել, կամ նմանատիպ բաներ, անկեղծ ասած չէի հասկանում:

Բայց ինչպես շատերն են ասում, լավ է մի անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

15 տարեկանում, երբ ընդունվեցի լրագրության դպրոց, ինձ հետ ընդունվեցին նաև 12-14 տարեկաններ, ես ուշադրություն չդարձրի դրան:

Սակայն մի քանի ամիս սովորելուց հետո հասկացա, թե քանի տարի եմ կորցրել:

9-րդ և 10-րդ դասարաններում, երբ դպրոցից տուն էի գալիս, ու ձանձրանում միապաղաղ օրերից, իմ հասակակիցներն այդ ժամանակ Երևանում սովորում էին ապագա մասնագիտության կարևոր դասերը:

Կորցրած տարիներ… Եթե չկորցնեի դրանք, հիմա ինչքան շատ բան կիմանայի:

Կորցրած տարիներ… Եվ ինչո՞ւ պիտի հիմա ես իմ տարիներն անվանեմ կորցրած, որովհետև ապրում եմ մարզո՞ւմ, ու սա՞ է միայն պատասխանը: Որովհետև եթե ապրում եմ մարզում, պետք է սահմանափակվեմ միայն դպրոցո՞վ, ու ո՞վ է սահմանել այս խտրականությունը և ո՞վ պետք է տա իմ կորցրած տարիների լիարժեք պատասխանը:

Mane Minasyan

Հայաստան ասելիս

Փոքր տարիքում, երբ այս նույն ամսաթիվն էր մոտենում, վերցնում էի հանրագիտարաններն ու պատմության գրքերը, սկսում փորփրել անցյալն ու իր գաղտնիքները:

Այս տարի, քանի որ մի քիչ մեծացել եմ, ուզում եմ խոսել այն մարդկանց հետ, ովքեր տեսել են Հայաստանը ոչ անկախ տարիներին, տեսել ու ապրել են անկախ Հայաստանում, այն մարդկանց հետ, ովքեր կյանքի գնով են պահպանել այդ անկախությունն, ու այն մարդկանց, ովքեր ծնվել ու ապրում են անկախ Հայաստանում, ովքեր տերն են այս անկախ Հայաստանի:

Ուզում եմ հասկանալ այս 25 տարվա պատմությունը, ուզում եմ իրենց հպարտ աչքերը տեսնել Հայաստան ասելիս:

Ուզում եմ ու այդպես էլ անում եմ:
Վերցրեցի  թուղթն ու գրիչը, ու քայլերս ուղղեցի դեպի ուսուցչանոց: Ուսուցչանոցի աթոռներն ազատ էին, սակայն ես պետք է գտնեի դպրոցի քայլող հանրագիտարանին՝ պատմագետ Վերա Խաչատրյանին: Քայլերս ուղղվում են դեպի այն դասարան, որտեղ, ըստ դասացուցակի նա դաս է պարապում:
Դուռը կիսաբաց էր, միջանցքի լռության մեջ լսվում էր միայն նրա ձայնը. «Անկախությունը յուրաքանչյուր հայի համար դարերով  երազած օդ ու ջրի նման անհրաժեշտ մի իրողություն է»… Ըհը, թեման էլ համապատասխանում է:
Մտնում եմ ներս ու անմիջապես հարցնում.

-Իսկ ի՞նչ տվեց այդ անկախությունը:

-Անկախությունը մեզ տվեց անկախ հայրենիք, առաջին հերթին, որտեղ ես երազում էի ապրել ազատ, կենսամակարդակը բարձր հայրենիքում` հայրենի հողի վրա, բայց ինչպես մեր հայոց մեծերից մեկն է ասել. «Ես  այսօր համոզվեցի,  որ պետությունը պատկանում է իշխանությանը, իսկ երբ վտանգ է սպառնում այդ տարածքին, այն վեր է ածվում հայրենիքի և տրվում հասարակ ժողովրդին»:

-Իսկ ի՞նչ կորցրեցինք անկախացման ընթացքում:

-Այս ընթացքում հայ ժողովուրդը կորցրեց այն բավականին բարձր մակարդակի հասած սոցիալական ապահով վիճակն ու կենսամակարդակը: Ճիշտ է, նվաճումներ ունեցանք շատ բնագավառներում, բայց այն միջին բարձր սոցիալական վիճակը, որում գտնվում էին մեր ժողովրդի 90%-ից ավելին, այսօր չկա: Այսօր կա հասարակության բևեռացում` մի բուռ վերնախավ ու մեծամասնականների խիստ ցածր կենսամակարդակ, որը անհանդուրժելի է յուրաքանչյուր դեմոկրատական երկրում:

-Մի՞թե արժեր այս տառապանքի ուղին անցնել:

-Արժեր, գտնում եմ, որ արժեր, որովհետև ինչ-որ տեղ հույսի նշույլ ունեմ, որ կշտկվի, կուղղվի ամեն ինչ, որ պղտորված ջրերը դեռ կպարզեն,  որ ջրի հատակի ծանր քարերը դեռ կերևան:

Եվ կունենանք այն, ինչ-որ երազել են դարերով մեր ժողովրդի լավագույն զավակները, ինչի համար պայքարել են, ինչի համար ամենաթանկն են տվել` կյանքը: Կյանքն են տվել, եթե դա չլինի, ապրելն անիմաստ է դառնում:

 Արժեր, ոչ անկախ Հայաստանը տեսած այս կնոջ աչքերի փայլն իրոք արժեր տեսնել: Ու այդ պահին մտածում եմ, եթե նույն հարցին պատասխանի պատերազմի ժամանակ հորը կորցրած, պատերազմի մասնակցած մարդը, նրա աչքե՞րն  էլ այսպես կփայլեն:
Դուրս եմ գալիս դասարանից ու շտապում գտնել դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ պարոն Վարդանյանին:

-Պարոն Վարդանյան, արդյո՞ք սա Անկախ Հայաստան է:

-Վստահ եմ իմ ու ինձանից հետո եկող սերնդի վրա, որովհետև ճանաչելով նրանց, շփվելով նրանց հետ, հասկացել եմ, որ նրանք են կերտելու ու տանելու դեպի հզորացման մեր պետությունը: Մեր անկախությունը մենք պահպանելու ենք:

-Քառօրյա պատերազմի ժամանակ գտնվում էիք առաջնագծում, ի՞նչն էր Ձեզ այնտեղ հասցրել:

-Ապրիլյան դեպքերին մասնակցելն արդեն ինքնին ասում է, թե ես ինչու էի գնացել այնտեղ. հայրենիքը պաշտպանելու: Ես չէի գնացել զոհվելու, այլ պաշտպանելու հայրենիքս: Չնայած կարող եմ ասել, որ հայրս էլ է զոհվել հանուն հայրենիքի, իսկ ես նրա որդին եմ, ընդամենը:

Փայլեցին, նրա աչքերն էլ փայլեցին, իմն էլ երևի փայլեց, երբ լսեցի, որ մենք նույնպես արժանի զավակ ենք այս հզոր պետությանը: Հասակակիցներիս աչքերի փայլն էլ եմ ուզում տեսնել: Քայլում եմ դեպի դասարան:

Կանգնում եմ մեջտեղում ու հարցնում.

-Ի՞նչ եք զգում Հայաստան ասելիս:

-Հայաստան ասելիս հպարտություն եմ զգում,- Վահեն էր, նրա աչքերն էլ փայլեցին:

Ձանգում եմ մտերիմներիցս մեկին.

-Միլ, Հայաստան ասելիս ի՞նչ ես զգում:


-Մա՞ն, ինչի՞ ես միանգամից էդ հարցը տալիս: Սեր եմ զգում, պարզ չի՞:

Փայլեցին, ևս մի հայի աչքեր փայլեցին…

Իմն էլ է փայլում,  առավոտայն ինձ հուզող հարցի պատասխանն եմ գտել, հա, առավոտյան մտածում էի` արդյո՞ք սա Անկախ Հայաստանն է,  հիմա հաստատ կարող եմ ասել, որ, Այո, սա է հենց Անկախ Հայաստանը:

Շնորհավոր իմ ու քո, մեր Հայաստանի անկախացման 25 ամյակը:

Mane Minasyan

Ես այն եմ, ով ես կամ

Ֆուտբոլը համարվում է 20-21րդ դարերի ամենատարածված սպորտաձևը: Ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս կան ֆուտբոլի երկրպագուներ: Վերջերս հատկապես շատացել են աղջիկ- երկրպագուները: Նրանցից է նաև 16-ամյա Սուսաննա Գրիգորյանը, ով մանկուց երկրպագում է Մյունխենի «Բավարիային»:

-Սուսաննա, ֆուտբոլի նկատմամբ սերդ որտե՞ղից է գալիս:

-Ֆուտբոլի հանդեպ սերս գալիս է մանկուց, երբ հայրիկիս ու հորեղբորս հետ դիտում էի բոլոր ֆուտբոլային հանդիպումները: Իսկ երբ մի փոքր մեծացա և հասկացա ֆուտբոլի իրական հաճույքը, սկսեցի այն ավելի շատ սիրել՝ դարձնելով այն իմ ապրելակերպը:

-Երկրպագում ես «Բավարիային», ի՞նչ է քեզ համար այդ ակումբը:

-«Բավարիան» ինձ համար սոսկ ակումբ չէ, այն ավելին է, քան ուղղակի ակումբ:

-Սիրած ֆուտբոլիստ, կամ ֆուտբոլիստներ: Ի՞նչ կասես նրանց մասին:

-Անկեղծ ասած, չկա ֆուտբոլիստ, ում կառանձնացնեմ մյուսներից, յուրաքանչյուրն իր տեղն ունի: Բայց կա մեկը, ում շնորհիվ ես այսօր ապրում եմ ֆուտբոլով: Մեսութ Օզիլ: Ինձ համար կենդանի լեգենդ:

-Ունես աղջկան ոչ բնորոշ նախասիրություններ, արդյո՞ք խնդիրներ չեն առաջանում:

-Խնդիրներ միշտ էլ կան, բայց այդ խնդիրներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, ու այստեղ կասեմ «Բավարիայի» կարգախոսը. «Մենք այն ենք, ով մենք կանք»: Իսկ ես այն եմ, ով ես կամ:

Mane Minasyan

Ամենակարևոր մարդը

Տանը մտածում են, որ սառն ու անտարբեր եմ, բայց եթե անկեղծ, ես էդպիսին չեմ:

Երբ տեսնում եմ, որ շրջապատում աղջիկներն իրենց մայրիկներին դիմում են` մամ ջան, մամաս, արևս ու նմանատիպ բառերով, ինձ համար մի տեսակ անսովոր է, որովհետև ես բացի «մամ»-ից ուրիշ դիմելաձև չունեմ:

Ուզում եմ մի դեպք պատմել, որը վերջերս է տեղի ունեցել…  Ճամբարից երբ վերադարձա, մամային ուղղակի բարևեցի, անգամ չմոտեցա:  Ճիշտ եմ ասում, ես դա մտածված չեմ արել, դա իմ բնավորությունն է:

Բայց այսօր նյութս ուզում եմ նվիրել մամայիս, ու դրա միջոցով «սեր խոստովանել»:

Մամ ջան, իրականում ես քեզ շատ, բոլորից շատ եմ սիրում:

Ճիշտ է, քեզ ամեն օր, ավելի ճիշտ, ամեն ժամ նյարդայնացնում եմ, բայց ես քեզ այդպես եմ սիրում:

Գիտեմ, երբ կարդաս, ժպտալու ես, որովհետև երևի ամենակարևոր բաներն ասելու ժամանակը հենց հիմա է:

Մարդն ընդհանրապես երևի իր տեսակով եսասեր է, ու մենք՝ ամեն մեկս ինչ-որ մեկին, սիրում ենք ինչ-որ բանի համար. Օրինակ, ընկերներին՝ վստահության, ուսուցչուհուն՝ սովորեցնելու, մարդկանց՝ լավ հատկանիշների և այլն:

Իսկ մայրը իր երեխային սիրում է ոչ մի բանի համար, սիրում է ուղղակի, պարզապես որ նա կա:

Ամենակարևոր մարդը նա է, ում մենք մայր ենք անվանում:

Mane Minasyan

Դպրոցական վերջին ամառս

Ու ամեն տարի սեպտեմբերին, երբ դպրոց ենք գնում, ուսուցիչներն անպայման հարցնում են, թե  ինչպես անցավ ամառը, ինչ ենք արել և այլն:

Արդեն 12-րդ սեպտեմբերս է, թվով վերջինը` որպես աշակերտ:

Այս տարի որոշեցի այդ ավանդույթ դարձած հարցին պատասխանել մի փոքր շուտ:

Այս ամառ ես հասկացա, որ մի քիչ մեծացել եմ:
Հունիսս լրիվ «գիտական էր», ու լի ձեռքբերումներով: Հենց հունիսին էր, որ մասնակցեցի «Մանանայի» դասընթացին, ու դարձա թղթակից 17.am-ում: Հենց հունիսին կարդացի լիքը գրքեր, որովհետև զգում էի, որ հաջորդող 61 օրերին չեմ հասցնելու, ու այդպես էլ եղավ:

Հուլիսս սկսվեց ընտանեկան մթնոլորտում,  շարունակվեց «Հայաստանի պատանեկան նվաճումներում», ու ավարտվեց արդեն հարազատ դարձած «Հույսի Կամուրջում»:

Օգոստոս: Անկեղծ ասած օգոստոսին այսքան շուտ չէի սպասում, բայց, որ էկավ, իր հետ էլի լիքը բան բերեց: Օրինակ` շտեմարաններ հայոց լեզվից և գրականությունից: Իր հետ օգոստոսը բերեց նաև Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարը դեպի Դիլիջան: Մեդիա ճամբարում սովորեցի ավելի լավ գրել, ավելի ճիշտ բռնել ու օգտագործել ֆոտոապարատն ու իհարկե, սովորեցի ֆիլմ նկարել:

Օգոստոսն էլ եմ համարում ձեռքբերումների ամիս: Իսկ այս ամառս` ստացված: Ամռան ավարտին մնացել է հաշված օրեր, բայց այս տարին տարբերվում է մնացած 11-ից: Եթե անցյալ տարի հարցնեին, ուզում եմ բացվի դպրոցը, թե չէ, երևի կպատասխանեի՝ չէ, բայց հիմա ուզում եմ, որ շուտ գա սեպտեմբերը, որ վերջին անգամ զգամ սեպտեմբերի 1-ին որպես աշակերտ դպրոց գնալս:

Mane Minasyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Տասը հաջողակ թիվ է

Իմ զրուցակիցը 7 –ամյա Վալերն է, ով ապրում է Իջևանի Գետահովիտ գյուղում: Սովորում է Իջևանի դպրոցում:

Լուսանկարը՝ Վանուհի Հարությունյանի

Լուսանկարը՝ Վանուհի Հարությունյանի

-Դպրոցում ի՞նչ եք սովորում:

-Մաթեմատիկա, չնայած մաթեմատիկա ես գիտեմ:

-Որտեղի՞ց գիտես:

-Դե, գիտեմ էլի, մենակով եմ սովորել: Բանաստեղծություններ էլ գիտեմ, էն էլ`անգլերենովլ 3 տարեկանում եմ սովորել:

-Բա քեզ ո՞վ էր օգնում, դու տառերը չգիտեիր:

-Ո՞վ ա ասում, ես գիտեի, ուղղակի ձեռագրերով գրելը չգիտեմ, ռուսերեն էլ գիտեմ, բայց էլի գրելը չգիտեմ, բայց որ կարդում եմ, հասկանում եմ:

-Բա ո՞նց ես սովորել:

-Ռուսերենը տառերով կարդացել եմ, սովորել, քիչ բառ կա, որ կարող ա` թարգմանեմ:

-Ուրիշ ինչո՞վ ես զբաղվում բացի սովորելուց:

-Ես դե ֆուտբոլ եմ խաղում:

-Բա ի՞նչ ես երազում դառնալ:

-Ֆուտբոլիստ, պարզ չի՞:

-Ֆուտբոլիստ որ դառնաս, ի՞նչ ես անելու, Հայաստանո՞ւմ ես մնալու խաղաս, թե՞ գնալու ես Հայաստանից:

-Դե առաջինը Հայաստանոմ կխաղամ, «Ալաշկերտ-մալաշկերտ», «Փյունիկ», հետո կգնամ Գերմանիա կամ Անգլիա, չէ, չէ կամ էլ` Իտալիա:

-Ո՞ր ակումբում կուզենաս խաղալ:

-Ամենաշատը` «Մանչեստեր Յունայթեդ»:

-Ո՞ր համարով կուզենաս խաղալ, բա:

-Տասը:

-Որովհետև Մեսսի՞ն ա տա՞սը:

-Չէ, ուղղակի տասը հաջողակ թիվ ա: Ով տասն ա լինում, անպայման գոլ ա խփում:

Հ.Գ. 7 –ամյա Վալերը բավականին զարգացած է, ու ողջունելին այն է, որ նա ինքնուս է:

Mane Minasyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Ես այստեղ ծնվել եմ

Հարցազրույց Մարգահովիտ գյուղի բնակչուհու հետ

Բոսքյանդ, Համզաչիման, Մարգահովիտ. սա նույն գյուղն է, տարբեր ժամանակ տարբեր անուններով:

-Թուրքերի ժամանակ, որ եկել են, արդեն համարյա մտնելուց են եղել մեր գյուղը, խոտերը դեղնած են էլե, թուրքերը ասել են` Բոսքյանդ: Դրանից հետո Համզաչիման ա դրվել, ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ հիմունքներով ա դրվել: Այնուհետև  կառավարության որոշմամբ գյուղի անունը փոխվեց Մարգահովիտ,- պատմում է իմ զրուցակիցը` Մարգահովիտ գյուղի բնակչուհի, 62-ամյա Ալինա Բեկչյանը:

-Գյուղը քանի՞ բնակիչ ունի:

-4300 բնակիչ, որից  287-ը` ժամանակավոր, 3853-ը` հիմնական:

-Ի՞նչով են զբաղվում այստեղի բնակիչները:

-Անասնապահությամբ, հողագործությամբ` հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Մեկ էլ մեր երիտասարդությունը հիմնականում արտագնա աշխատանքի է գնում:

-Իսկ կյանքը գյուղում ակտի՞վ է, թե՞ պասիվ` հիմնականում տատիկ-պապիկներ:

-Դե, գյուղ ա, էլի, բայց մենք ակտիվ երիտասարդներ ունենք, ովքեր երիտասարդական կենտրոն են ստեղծել:

-Իսկ ի՞նչ են անում երիտասարդական կենտրոնում:

-Հավաքվում են, զրուցում են, ինչ-որ ծրագրերի են մասնակցում ու շահում:

-Ի՞նչ ծրագրեր:

-Շահեցին ինչ-որ մանկապարտեզի համար ծրագիր, գույք բերեցին, խաղալիքներ երեխաների համար, մի այլ ծրագրով` պարի խմբի համար շորեր, էն մյուսով էլ` թեքահարթակներ սարքեցին:

-Կա՞ն գյուղում այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մոտ ապագայում կստանան լուծումներ:

-Շատ ունենք խնդիրներ, հիմա մի նոր ծրագիր կա, որը ուզում ա գյուղում աղբարկղերի հարցը լուծի, մերն արդեն շարքից դուրս ա էկել: Կամուրջ ունենք, երևի կամրջի շինարարությունը սկսեն: ՄԱԿ-ի ծրագրերից ա կարծեմ, Երևանից էին եկել, անունը չեմ հիշում կոնկրետ:

-Կուզենայի՞ք գյուղից գնալ ու ապրել ուրիշ տեղ:

-Ե՞ս, ես չէ, ազիզ, ես գյուղը շատ կսիրեմ, բաներ կա ինձ քաշող, ես ուրիշ տեղ չեմ կարա ապրեմ, ես ստեղ ծնվել եմ, ստեղ մեծացել:

Տրտունջ

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

Լուսանկարը՝ Մանե Մինասյանի

«Խոխեքս`չորսը քաղաքումը, վեցն էլ դաչումը: Այ սե, ստիյինք ապրալ, մատաղ լիմ, ձեր ցավը, դարդը տանիմ: Եկալին, երկու խոխաս, ամեն մի խոխաս մին գյուղը կպահար, սպանալ են, փողը ձեռքերնը իք կալալ: Եկալ անք Սումգայթից Ղարաբաղի Մարտունու շրջան, ստայինք աբրում… Մտըծելաս հիվանդ մըռնում ըմ: Հո՞ւնց ապրիս,հո՞ւնց ապրիս: Աստուծ ձեզ պահե, մատաղ նիմ»,- արցունքն աչքերին, սակայն հպարտորեն հիշում է Մարուսյա տատը:

Ղարաբաղի Մարտունու շրջանից այժմ նրանք տեղափոխվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղ:

-Քանի՞  տարեկան ես, տատի ջան:

-80:

-Իսկ քանի՞ տարի է Ղարաբաղից տեղափոխվել եք այստեղ ապրելու:

-Հը՞ն:

-Քա՞նի տարի է այստեղ եք ապրում:

-28 տարի կլնի, 28  տարի ա: Հըմի եկալ ենք ստեղ ապրենք, լյավ ենք ապրալ, հարևանները` լյավ, ժողովուրդը` լյավ…

-Իսկ քանի՞ հոգով եք ապրում այստեղ:

-Հիմի հարսս ա, մին թոռս, էնա մինն էլ դյուս ա էգալ` աշխատելու… Տղաս, հարսս…

-Տատի ջան, բա ադրբեջանցիների հետ էնտեղ լա՞վ էիք ապրում, հա՞շտ էիք:

-Հը՞ն,-նորից կրկնում է տատը:

-Ասում եմ` էնտեղ, ադրբեջանցիների հետ լա՞վ էիք ապրում, տատի ջան, հարևանություն անու՞մ էիք:

-Ույ… Իրանք են էրալ, բոյիդ մատաղ, ջանիդ մատաղ, իրանքն էին ամեն ինչը բերալ, թողալ ստոլին քեցալ… Հայեր, ռուսներ… Լյավ ենք իլալ, փիս չենք իլալ… Հենց ընդեղի ապրուստն ա ինձ տանջում… Ընդղան ապրուստը…

-Կուզեի՞ք էլի հետ գնալ, տեսնել` ոնց ա էնտեղ:

-Չէ.. Չէ… Խարաբա մնա, չէ… Մատաղ լիմ, չէ… Թե ոսկի էլ տան, ես ետ չեմ քինա… Լյավ ա` սոված մնանք ստըղ, քան քինիք ընդըղ մեղր օտիք: Չէ, գնալ չեմ:

Հարցազրույցը վարեցին՝ Մանե Մինասյանն ու Աստղիկ Քեշիշյանը
Գրի առավ՝ Մանե Մինասյանը