Մերի Մուրադյանի բոլոր հրապարակումները

meri muradyan

Արկածներով լի պապիկը

Խոսքը մեր հարևան Աշոտ պապի մասին է: Նա բավականին հետաքրքիր մարդ է: Սիրում է ուրախացնել իր շրջապատի մարդկանց:

Մի անգամ  Աշոտ պապը տեսնում է, որ ձմռան համար փայտ չի մնացել, որոշում է գնալ իրենց այգու չոր ծառերից մի քանիսը կտրել: Վերցնում է սղոցը և գնում: 10  րոպե չանցած  տնեցիները ուժեղ դմփոց են լսում: Դուրս են գալիս, տեսնում` Աշոտ պապը բարձրացել է ծառին, նստել այն ճյուղի վրա, որը պետք է կտրվեր և սկսել սղոցել այն: Ծառի ճյուղի հետ միասին գետնին է ընկել նաև ինքը:

Նոր տարուն մնացել էր 2 օր, երբ բոլորը ամանորյա եռուզեռի մեջ էին, Աշոտ պապը որոշում է, որ ինքը պետք է կտրատի միսը: Բայց նա շփոթում է աղը և շաքարավազը, 10 կիլոգրամ մսի վրա աղի փոխարեն լցնում է շաքարավազ և հենց այդպես հյուրասիրում է իր հյուրերին:

Հաջորդ օրը Սուսան տատը տոլմա է փաթաթում: Վաղ առավոտյան արթնանում է, որպեսզի գնա կաթսան դնի գազի վրա: Աշոտ պապը ասում է.

-Դու քնի` ես գազը կվառեմ:

Ու առանց ջրի դնում է գազի վրա: Մինչև ժամը 9-ը տոլմայից ոչինչ չէր մնացել:

Մի օր էլ առավոտյան ժամը 6-ին Աշոտ պապը արթնանում է, տանում է կովերին արածացնելու և ինքը վերադառնալուն պես արթնացնում տան անդամներին և ասում.

-Գտեք ժամացույցս, գործից ուշանում եմ:

Տան անդամները խառնվում են իրար, սկսում են փնտրել ժամացույցը: Երբ գալիս է ժամը 8:45 րոպե, Աշոտ պապը ասում է.

-Վայ, գտա, ձեռքիս կապած է՝ գնացեք քնելու:

Իսկ այս մի  պատմությունը կատարվել է վերջերս:

Պապիկը գնում էր իրենց տան նկուղ: Նրա կինը` Սուսան տատը, ասում է նրան, որ ձեռք չտա քարերին: Բայց պապի հետաքրքրությունն այնքան շատ է լինում, որ ձեռքի փայտով զգուշորեն քարը քաշում է իրեն, և այդ ժամանակ քարը ընկնում ու ջարդում է 10 լիտր օղու տարան:

Աշոտ պապը մինչև հիմա էլ չի դադարում  ուրախացնել մեզ:

Meri Muradyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Անսպասելի դասեր

Մարգահովիտ տանելու ճանապարհին տեսա, որ սարերի վրայի խոտը ամբողջությամբ հնձել և հավաքել են: Նման բան առաջին անգամ էր, որ տեսնում էի: Գյուղ գնալու ճանապարհին մոլոկանները բանջարեղեն էին վաճառում:  Հենց առաջին պատահած մոլոկանի մոտ կանգնեցինք: Ուրախ-զվարթ մոտեցանք տատիկին` նրանից հարցազրույց վերցնելու համար, բայց նա կտրականապես հրաժարվեց թե՛ նկարվելուց, թե՛ հարցազրույց տալուց: Նա վաճառում էր թթու, գազար, լոբի: Հենց իր  հետևում նկատեցինք մի ընտանիք, որ արտում խոտ էր հավաքում: Նրանք նույնպես մոլոկաններ էին՝ տատիկն էր, պապիկը և նրանց երկու թոռնիկները: Սկզբից մոտեցանք նրանց և սկսեցինք բացատրել թե մենք ովքեր ենք և ինչ ենք ուզում: Տատիկը նույնիսկ հրաժարվեց խոսել մեզ հետ, ներկայանալ: Միայն կարողացա հարցնել, թե` արդյոք սիրո՞ւմ է իր աշխատանքը: Եվ ի զարմանս ինձ, ստացա պատասխան.
-Այո՛, սիրում եմ:
Դրանից հետո նայեց մեզ և ասաց, որ մենք խանգարում ենք իրեն, և արդյոք մեզ դուր կգա՞ր, որ մեր աշխատանքը անելու ժամանակ ինչ-որ մեկը գար և խանգարեր մեզ, կամ  կթողնեի՞նք արդյոք, որ անծանոթ մարդիկ մեզ նկարեին:
Պապիկը  բարի մարդ էր և ավելի հետաքրքիր: Նրա դեմքին նայելով կարող էիր հաստատ ասել, որ նա հայ չի, և շատ ջանասիրությամբ էր անում իր աշխատանքը:  Նրանք ունեին երկու թոռներ ՝ Սաշան և Ալյոշան: Սաշան ապրում էր Ռոստովում , ուղղակի մի քանի օրով եկել էր հյուր:
Երբ արդեն հետ էինք գնում, պապիկը  ասաց.
-Կարելի՞ է ձեզ մի բան հարցնել: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մենք ինչի՞  համար ենք այստեղ, ինչի՞  համար ենք մեր երկիրը թողել ու եկել այստեղ: Մեզ վռնդել են մեր երկրից, մեր հարազատ հողից : Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հողը:
Եվ այստեղ մեր դերերը  փոխվեցին: Հիմա մեզ են հարցեր տալիս:
-Այո, սիրում ենք,- ասացինք մենք»
- Ես շատ եմ ցավում, որ դուք թողնում ու հեռանում եք ձեր երկրից :
Ու մենք կարկամեցինք, հետո առանց բան ասելու հեռացանք:
Նա հակառակ իր կամքի, հեռացել էր իր երկրից, իսկ մեր հայ ժողովուրդը իր կամքով թողնում և հեռանում է այն հողից, որում ծնվել և մեծացել է:

meri muradyan

Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն…

-1949 թվի գարունքը խաբար էկավ, թե մեր հորը քսանհինգ տարով աքսորել են Սիբիր:

Խոսքը վերաբերում է իմ տատիկի հորը, որը 1949 թվականին աքսորվել է Սիբիր: Նրանց ընտանիքը ապրել է բավականին վատ պայմաններում: Սննդի, հագուստի պակասից բացի ապրել են գետնատանը: Իրենց մանկությունը անց են կացրել առանց հոր: Միայն ժամանակ առ ժամանակ նամակ էին ստանում նրանից:

-1956 թվի աշունքն էր, լավ հիշըմ եմ էդ օրը. լիս չկար, խավար էր, մենք էլ պուճուր ըրեխեք էինք` ես չորրորդ դասարան էի, ախպերս` հինգերորդ, քիրս էլ` յոթերորդ: Ամեքս մեզ հըմար նստած դաս սվորեինք մոմի լսի տակին, մերս էլ թախտի վրա նստած կար ու կրկատան աներ, ինձ էլ դաս սվորցներ: Դասերներուս պրծանք, հետո մեր մերը տեհավ քուններուս տանում ա, ասավ` գնացե՛ք, քնեցեք, բայց ասինք` չէ, մի քիչ էլ նստինք: Մեր տատն էլ գնացել էր մեր հրևանի տուն, մեր տան կրիշն փուլ էր էկել, գնացել էր ասե, որ էն մի օրը գան մեր տան կրիշեն սարքեն: Էդ ըրանքըմը դռան ձեն եկավ: Դուռը մի երկու հետ թխկացրին: Մենք էլ վախել էինք, մեր մերն էլ վախեց, որ գնա դուռը բաց անե: Մի իրեք-չորս հետ որ թխկացրին, իմ մերն ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա լա դուռը  բաց արա» (Վաչիկը տատիկիս եղբայրն էր): Մեր մերն էլ էր վախել, բայց համա ցույց չտեր, որ մենք գլխի չլինք, որ ինքն էլ ա վախըմ: Վաչիկը կամաց դուռը բաց արավ, հետո ետ-ետ գնաց. դե  ճնանչեց ոչ ով ա: Ինքը հինգ  տարեկան ա ելել, որ իմ հորը բռնել տարել էին: Եդ ա եդ կանգնեց, մին էլ տեհանք մեր հերը տուն մտավ, բայց մինս էլ ա ճնանչել չէինք, որ մեր հերն ա, մին էլ իմ հերն ասավ. «Վա՛յ, Վաչի՛կ ջեն, պապե՛ն ա, պապե՛ն»: Որ ասավ պապեն ա, սաղս էլ վազեցինք, վզովն ընգանք: Մերս ասավ. «Վաչի՛կ ջեն, գնա Հայկ պապիկանց տուն, տատին ասա թող գա»:  Տատս, էդ լուրն իմանալուն պես, մի երեսուն մետրը իրեք-չորս քայլըմ տեղ հասավ: Էդ քշեր քնեցինք ոչ: Մեր ծանոթներին խաբար արինք, էկան, մի լավ  քեֆ արինք:

Եվ այսպես, այդ օրը դարձել էր տոն: Մի օր, որ ամբողջությամբ փոխեց նրանց կյանքը: Այդ յոթ տարիների ընթացքում նրանք ապրել էին առանց հոր:

Քանի-քանի ընտանիքներ այդպես էլ չարժանացան այս երջանիկ օրվան…

meri muradyan

Պատերազմի տարիներին

Շատ էի սիրում, երբ նստում էի ու լսում, թե ինչպես են ընտանիքիս անդամները պատսպարվել պատերազմի տարիներին: Մենք Տավուշի մարզից ենք, Կողբ գյուղից:

Իրիկունները տատս իր կողքն էր հավաքում թոռներին և սկսում:

- Մութն էր, ուտելու մի բան էլ ա կար ոչ: Էս թաղումը մենակ մենք գեդնահարգ ունեինք: Կրակոցնին սկսվեցին: Մին էլ էն տեհա, որ հըրևաննին վազելով մեր դուռն են գալի: Գնացինք պադվալ: Էդ վախտ մեր հըրևանի մարդը հիվանդ էր, բայց դե նրան տանը թողելու չէր: Էտա էդ մարդին էլ բերինք: Մի քանի օր մնացին մեր պադվալըմը, բայց համա էտ անդերների ձենը կտրվեր ոչ: Ով ինչ ուտելու բան ուներ` բերել էր: Մին էլ գրադը էրկու տուն վերև վեր ընգավ: Պատուհանների շուշեքը չիմ ջարդվեցին, մնացել էինք շվարած:

Էսպես ամեն անգամ նման պատմություններ էի լսում տատիցս: Ու հենց էս տարիներն էին, երբ իմ հայրը կանգնած սահմանին, ծառայում էր հանուն հայրենիքի:

meri muradyan

Խեչիքարի առեղծվածները

Ամեն  անգամ ծիծաղելով եմ հիշում այս պատմությունը, որը կատարվել է իմ, քրոջս՝ Լիլիթի և մորաքրոջս երեխանների հետ ՝ Տիգրանի և Օֆելյայի:

Գնացինք մեր գյուղի՝ Կողբի մոտիկ սարերից մեկը, որը տեղացիները կոչում են Խեչիքար: Մենք մեզ հնագետներ պատկերացրինք և գնացինք «պեղումներ » անելու: «Պեղումները» ապարդյուն չեղան, ուղղակի մի քիչ շատ էինք հեռացել  մերոնցից:
Շատ էինք գնացել ու արդեն հոգնել էինք, բայց չէինք ուզում հետ կանգնել մեր որոշումից: Անդադար քայլում էինք, բայց արդեն ուժասպառ էինք եղել: Քույրս և Օֆելյան որոշեցին նստել, բայց ես և Տիգրանը համառորեն շարունակում էինք: Շատ էինք գնացել թե քիչ, չեմ հիշում,  հանկարծ ինչ-որ բան նկատեցինք և երկուսս էլ ուախությունից կանգնել իրար էինք նայում: Մենք հասել էինք նրան, ինչը փնտրում էինք՝ խաչքար, կողքին` գերեզմաններ: Բավականին հետաքրքիր էին գրված խաչքարի վրայի տառերը, և նրա շուրջ մի քանի մեծ ու փոքր քարեր կային, որոնք կարծես փորված լինեին, և այնքան համաչափ  էր այդ ամենը արված, որ  ուղղակի կարող էիր անվերջ  նայել:
Մենք այնքան էինք տարվել խաչքարով, որ չէինք նկատել, թե ինչպես էր կամաց-կամաց մթնել և, որ մեր ծնողները սկսել էին անհանգստանալ մեզ համար: Վերջապես գլուխներս բարձր վերադարձանք: Պատմեցինք մեր գլխով անցածը:
Կողբը Հայաստանի հնագույն գյուղերից մեկն է, և նրա շրջակայքի անտառներում դեռ բազում հիշատակություններ կան մեր անցյալի մասին, որոնք սպասում են մեր բացահայտմանը:

meri muradyan

Յոթանասուն տարվա ընկերություն

Սրանից  70 տարի առաջ պապիկս` Արմոն, ու իր հասակակիցները պայուսակն ուսերին գնացին առաջին դասարան: Նրանք էին` Արմոն, Սուրիկը, Գոհարը, Սենիկը, Աշխենը, Ռուբենը, Դոնարը, Վալոդը:  Տասը տարի հետո նրանք ավարտեցին դպրոցը, բայց մինչև հիմա այնպես են ընկերություն անում, ինչպես 70 տարի առաջ:

Մին էլ, ըհը, զանգ էկավ:
-Ալո… Տատի, արի, քի կանչում  են հեռախոսի կուշտը:
Տատս առանց վայրկյան կորցնելու հասավ հեռախոսին.
-Ալո: Բարև, Գուհար ջեն:
Խոսողը պապիս դասընկերուհին էր` Գոհարը:
-Վերգուշ ջեն, ըրեխեքը չիմ բարի են, Վալոդը Ֆրանսիայիցն էլ էկել ա: Մեր ավարտելու վաթսուն տարվա առթիվ վաքվում ենք Ղուլնանց  ախպըրըմը:
-Թոշակին ենք ճամփա պըհըմ, որ ձեռներս կոպեկ ըլի: Վերգուշ ջեն, գիտես չէ՞, հարսներանցն էլ պիտի տանիլ (դե, տատս էլ էդ դասարանի հարս էր):

Ու էդպես ամեն տարի: Բայց ցավոք, ամեն անգամ «վաքվելուց» նրանցից մեկը պակասում է…